«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի սեպտեմբերի 8-ի N 1398-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8-Ի N 1398-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
Հայաստանի Հանրապետության քրեական նոր օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) ընդունմամբ և դրանով ամրագրված դրույթները կյանքի կոչելու նպատակով ընդունվել է «Հանցագործությամբ տուժողներին պատճառված վնասի փոխհատուցման սկզբունքները, առաջնահերթությունները, փոխհատուցման կարգը և չափը սահմանելու մասին» կառավարության որոշումը (այսուհետ՝ Որոշում): Այն բխում է Օրենսգրքի 59-րդ հոդվածի կարգավորումներից, որի համաձայն՝ «6.Տուգանքի կիրառմամբ պետական բյուջեում գոյացած միջոցների հաշվին յուրաքանչյուր տարի պետությունը կարող է իրականացնել հանցագործությամբ տուժողներին պատճառված վնասի փոխհատուցմանն ուղղված սոցիալական ծրագրեր: Հանցագործությամբ տուժողներին պատճառված վնասի փոխհատուցման սկզբունքները, առաջնահերթությունները, փոխհատուցման կարգը և չափը սահմանում է Կառավարությունը:»։ Նույնաբովանդակ կարգավորում պարունակում է նաև Օրենսգրքի 128-րդ հոդվածի 5-րդ մասը:
Չնայած առկա իրավական կարգավորմանը Որոշմամբ ամրագրված դրույթների կատարման կապակցությամբ գործնականում առաջացել են որոշակի խոչընդոտներ՝ պայմանավորված այն հանգամանքով, որ Որոշմամբ սահմանված հավելվածով հստակեցված չէ այն լիազոր մարմինը, որին պետք է դիմեն տուժողները փոխհատուցում ստանալու նպատակով:
Վերոգրյալի հիման վրա անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել Որոշման հավելվածի 15-րդ կետում՝ հստակեցնելով Որոշման կատարաման համար պատասխանատու լիազոր մարմինը:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը.
Նախագծով առաջարկվում է որպես «Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի սեպտեմբերի 8-ի N 1398-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախատեսված լիազոր մարմին նախատեսել հանրային ֆինանսների կառավարման բնագավառում Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող պետական կառավարման համակարգի մարմնին:
3.Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից:
4. Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի ՀՀ քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածի 6-րդ մասի և 128-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջների կատարումը:
5. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.
Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը որոշվելու է Հայաստանի Հանրապետության կառավարության հաշվետու ժամանակահատվածում տուժողներին հանցագործությամբ պատճառված վնասի փոխատուցման վերաբերյալ սոցիալական ծրագիրը հաստատելու մասին որոշմամբ:
6. Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի նախագծերը կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին.
Նախագծի ընդունմամբ ոլորտային ենթաօրենսդրական ակտերում փոփոխություն կատարելու անհրաժեշտություն չի առաջանալու:
7. Ռազմավարական փաստաթղթերի հետ նախագծի կապի մասին.
Նախագծի ընդունումը բխում է Կառավարության 2022 թվականի հուլիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 10-ի N 1441-Լ որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1133-Լ որոշման պահանջներից, մասնավորապես՝ ՀՀ քրեական և քրեական դատավարության նոր օրենսգրքերի ուժի մեջ մտնելուց հետո մոնիթորինգ իրականացնելու և օրենսգրքերի դրույթների կիրառման կապակցությամբ գործնականում ծագող խնդիրները վեր հանելու պահանջներից:
-
Քննարկվել է
11.06.2025 - 27.06.2025
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Արդարադատություն, Ֆինանսական, Քրեական օրենսդրություն
-
Գերատեսչություն
Արդարադատության նախարարություն
Դիտումներ` 1300
Տպել