Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«Օտարերկրացիների մասին օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

   

     1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

     Հաճախ ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցակազմերի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթներով օտարերկրացու նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուց և նրա նկատմամբ խափանման միջոց կիրառելուց հետո կամ օտարերկրացի մեղադրյալին ձերբակալելիս վարույթն իրականացնող մարմինը միաժամանակ վերցնում է օտարերկրյա պետության կողմից տրված մեղադրյալի անձնագիրը և վերադարձնում միայն քրեական հետապնդումը դադարեցնելուց հետո: Բացի այդ, ազատազրկման դատապարտված օտարերկրացու անձնագիրը պահվում է պատիժը կատարող մարմնում և օտարերկրացուն վերադարձվում է պատիժը կրելուց անմիջապես հետո: Նշված գործողությունների կատարման համար որպես հիմք վկայակոչվում է «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասը, որը սահմանում է ՀՀ քաղաքացի հանդիսացող մեղադրյալի և/կամ դատապարտյալի անձնագիրը վերցնելու հետ կապված իրավահարաբերությունները:

   Սույն նախագծով առաջարկվում է վերացնել վերը նշված բացը, մասնավորապես՝ «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքը լրացնել նոր հոդվածով, որը կկարգավորի իրավասու մարմինների կողմից օտարերկրացի մեղադրյալի, ինչպես նաև ազատությունից զրկելու հետ կապված պատժի դատապարտված օտարերկրացու անձնագիր վերցնելու իրավահարաբերությունները:

 

      2. Առաջարկվող կարգավորման բնույթը.

       Նախագծով առաջարկվում է «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 21.1-ին հոդվածով՝

      «Հոդված 21.1. Անձնագիրը վերցնելը

     1.Օտարերկրացի մեղադրյալի անձնագիրը ժամանակավորապես վերցնում է վարույթն իրականացնող մարմինը: Այն պահվում է վարույթն իրականացնող մարմնի մոտ և վերադարձվում է հարուցված քրեական հետապնդումը դադարեցվելուց անմիջապես հետո: Ազատությունից զրկելու հետ կապված պատժի դատապարտված օտարերկրացու անձնագիրը պահվում է պատիժը կատարող մարմնում և օտարերկրացուն վերադարձվում է պատիժը կրելուց անմիջապես հետո:»:

     

      3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

       Նախագիծը մշակվել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից:

 

      4. Ակնկալվող արդյունքը.

      Նախագծի ընդունմամբ ակնկալվում է կարգավորել իրավասու մարմինների կողմից օտարերկրացի մեղադրյալից և ազատությունից զրկելու հետ կապված պատժի դատապարտված օտարերկրացուց անձնագիր վերցնելու և վերադարձնելու գործողությունները:

 

   5. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

         Նախագծի ընդունմամբ ՀՀ պետական բյուջեի եկամուտների և ծախսերի փոփոխություններ չեն նախատեսվում։

 

      6. Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի նախագծերը կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին.

       Նախագծի ընդունմամբ անհրաժեշտություն չի առաջանալու կատարելու փոփոխություն ոլորտային ենթաօրենսդրական ակտերում:

 

     7. Ռազմավարական փաստաթղթերի հետ նախագծի կապի մասին.

     Նախագծի ընդունումը բխում է Կառավարության 2022 թվականի հուլիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 10-ի N 1441-Լ որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1133-Լ որոշման պահանջներից, մասնավորապես՝ ՀՀ քրեական և քրեական դատավարության նոր օրենսգրքերի ուժի մեջ մտնելուց հետո մոնիթորինգ իրականացնելու և օրենսգրքերի դրույթների կիրառման կապակցությամբ գործնականում ծագող խնդիրները վեր հանելու պահանջներից:

  • Քննարկվել է

    05.06.2025 - 21.06.2025

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն, Անվտանգություն, Քրեակատարողական, Քրեական օրենսդրություն

  • Գերատեսչություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1464

Տպել

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: