ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1666-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1666-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1․ Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը․
Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 28-ի N 1666-Ն որոշման 6-րդ հավելվածի 1-ին կետի համաձայն՝ առանձին մարմիններում օպերատիվ-հետախուզական գործունեություն, հետաքննություն, նախաքննություն, ինչպես նաև հարկային, մաքսային մարմիններում կամ դատախազությունում օրենքով վերապահված հսկողական գործառույթներ իրականացնող որոշակի շրջանակի անձանց կողմից իրենց աշխատանքային պարտականությունների կատարման նպատակով այլընտրանքային եղանակով իրականացվող տրանսպորտային ծախսերի համար կարող է տրամադրվել փոխհատուցում։ Ներկայումս Ներքին գործերի նախարարությունում որոշակի շրջանակի անձանց կողմից իրենց աշխատանքային պարտականությունների կատարման նպատակով նույնպես տրամադրվում է այլընտրանքային փոխհատուցում։ Ներքին գործերի նախարարությունում ընթացող բարեփոխումների արդյունքում՝ աշխատանքային պարտականությունների կատարման նպատակով այլընտրանքային եղանակով իրականացվող տրանսպորտային ծախսերի տրվող փոխհատուցումը ներկայումս դարձել է աննպատակահարմար և անհրաժեշտություն է առաջացել՝ նշված կառավարության որոշման մեջ սահմանել բացառություն Ներքին գործերի նախարարության համար։
- Կարգավորման նպատակը և բնույթը․
Որոշման նախագծի ընդունմամբ Ներքին գործերի նախարարության համար այլևս չի գործի այլընտրանքային եղանակով իրականացվող տրանսպորտային ծախսերի համար տրամադրվող փոխհատուցումը, որի հաշվին ակնկալվում է, որ ՀՀ պետական բյուջեում կլինի տնտեսում, ինչը հնարավորություն կտա՝ Ներքին գործերի նախարարության համար ձեռք բերելու նոր տրանսպորտային միջոցներ։ Նոր տրանսպորտային միջոցների ձեռքբերմամբ կապահովվի Ներքին գործերի նախարարության համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցների կողմից ծառայողական պարտականությունների պատշաճ և ժամանակին կատարումը, աշխատանքների առավել օպերատիվ կազմակերպումը, հասարակությանը որակյալ հանրային ծառայությունների մատուցումը, միաժամանակ մի քանի աշխատակիցների՝ տրանսպորտային փոխադրումները տարբեր ուղղություններով ապահովելու հնարավորությունը, ինչպես նաև՝ տնտեսված գումարը կարող է օգտագործվել ծառայությունների արդիականացմանը և վերազինմանը։
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ․
Նախագծի ընդունումը ուղղված է Կառավարության 2021-2026թթ. ծրագրի «6.10. Պետական ծախսերը» բաժնում ներկայացված հանրային միջոցների արդյունավետ ծախսման, ծախսային քաղաքականության արդյունավետության բարձրացմանը։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք․
ՀՀ ներքին գործերի նախարարություն։
- Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 28-ի թիվ 1666-ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը կնպաստի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի տարեկան ծախսերի նվազեցմանը, մասնավորապես․ 557․793․000 ՀՀ դրամ՝ բենզինային վառելիքով աշխատող և 294․390․750 ՀՀ դրամ՝ էլեկտրական շարժիչով աշխատող ավտոմեքենաների լիցքավորման դեպքում։
6․ Ակնկալվող արդյունքը․
Իրավական ակտի ընդունմամբ Ներքին գործերի նախարարության համար այլևս չի գործի այլընտրանքային եղանակով իրականացվող տրանսպորտային ծախսերի համար տրամադրվող փոխհատուցումը, որի հաշվին ակնկալվում է, որ ՀՀ պետական բյուջեում կլինի տնտեսում, որը հնարավորություն կտա Ներքին գործերի նախարարության համար ձեռք բերելու նոր տրանսպորտային միջոցներ։
ՀՀ ներքին գործերի նախարարություն
-
Քննարկվել է
03.06.2025 - 19.06.2025
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Տրանսպորտ
-
Գերատեսչություն
Ներքին գործերի նախարարություն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 1402
Տպել