«Մաքսային կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծեր
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Մաքսային կարգավորման մասին» 2022 թվականի սեպտեմբերի 14-ի ՀՕ-353-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 39-րդ հոդվածի՝
- 3-րդ մասում «միագումար մաքսային վճարի ձևով վճարվող մաքսատուրքի և հարկերի» բառերից հետո լրացնել «, էլեկտրոնային առևտրի ապրանքների համար վճարվող մաքսատուրքի և հարկերի» բառերը.
- 8-րդ մասից հետո լրացնել նոր՝ 8.1-ին մաս հետևյալ բովանդակությամբ․
«8․1. Հայաստանի Հանրապետության պետական սահմանով էլեկտրոնային առևտրի ապրանքների տեղափոխման համար գանձվող մաքսատուրքը, օրենքով սահմանված դեպքերում՝ հարկերը վճարվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե՝ համապատասխան գանձապետական հաշիվներին:»։
Հոդված 2. Օրենքի 59-րդ հոդվածի 1-ին մասում «փոխհատուցման տուրքեր» բառերից հետո լրացնել «, էլեկտրոնային առևտրի ապրանքների համար մաքսատուրք, հարկեր» բառերը։
Հոդված 3. Օրենքի 77-րդ հոդվածի՝
- 1-ին մասում «37-43-րդ գլուխներին» բառերը փոխարինել «37-43.1-ին գլուխներին» բառերով.
- 2-րդ մասում «մաքսային ներկայացուցիչը» բառերից հետո լրացնել «, եթե այլ բան սահմանված չէ Միության մաքսային օրենսգրքով» բառերը։
Հոդված 4. Օրենքի 78-րդ հոդվածի՝
- 1-ին մասի 4-րդ կետում «։» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով և 1-ին մասը լրացնել նոր՝ 5-րդ կետով հետևյալ բովանդակությամբ՝
«5) էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագիր։».
- 4-րդ մասում «և տրանսպորտային միջոցի հայտարարագրում» բառերը փոխարինել «, տրանսպորտային միջոցի հայտարարագրում և էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագրում» բառերով։
Հոդված 5. Օրենքի 79-րդ հոդվածի 1-ին մասում «ապրանքների հայտարարագրի» բառերից հետո լրացնել «և էլեկտրոնային առևտրի ապրանքների» բառերը։
Հոդված 6. Օրենքի 82-րդ հոդվածի 15-րդ մասից հետո լրացնել նոր՝ 15․1-ին մաս հետևյալ բովանդակությամբ․
«15․1․ Թղթային եղանակով հայտարարագրման դեպքում հայտարարատուն էլեկտրոնային առևտրի հայտարարագիր և մաքսային հայտարարագիր ներկայացնող անձի լիազորությունը հաստատող փաստաթղթի հետ մեկտեղ մաքսային մարմիններին կարող է ներկայացնել նաև էլեկտրոնային առևտրի հայտարարագրի լրացման համար հիմք հանդիսացող փաստաթղթերը:»։
Հոդված 7. Օրենքի 90-րդ հոդվածի 3-րդ մասում «ապրանքների հայտարարագիրը» բառերը փոխարինել «մաքսային հայտարարագիրը» բառերով։
Հոդված 8. Օրենքի 92-րդ հոդվածի 4-րդ մասում «կամ մաքսային ներկայացուցչին» բառերը փոխարինել «, մաքսային ներկայացուցչին կամ էլեկտրոնային առևտրի օպերատորին» բառերով։
Հոդված 9. Օրենքի 108-րդ հոդվածի 1-ին մասում «սույն գլխով» բառերը փոխարինել «սույն օրենքով» բառերով։
Հոդված 10. Օրենքը 38-րդ գլխից հետո լրացնել նոր՝ 38․1-ին գլխով հետևյալ բովանդակությամբ՝
«
ԳԼՈՒԽ 38․1
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԻ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ՝ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԵՎ ԿԱՐԳԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 186․1․ Էլեկտրոնային առևտրի ապրանքների՝ մաքսային սահմանով տեղափոխման պայմանների և կարգի ընդհանուր դրույթները և էլեկտրոնային առևտրի ապրանքների նկատմամբ իրականացվող մաքսային գործառնությունները
- Էլեկտրոնային առևտրի ապրանքները մաքսային սահմանով տեղափոխվում են Միության մաքսային օրենսգրքի 43․1-ին գլխով և սույն գլխով սահմանված առանձնահատկություններին համապատասխան։
- Միության մաքսային օրենսգրքի 309․1-ին հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ էլեկտրոնային առևտրի ապրանքների՝ դրանց բացթողումից հետո առևտրային գործունեության մեջ օգտագործելու դեպքում, էլեկտրոնային առևտրի հարթակներից ապրանքների ձեռքբերման գործարքի կողմ հանդիսացող և այդպիսի առևտրային գործունեություն իրականացնող ֆիզիկական անձինք կրում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 407-րդ հոդվածով նախատեսված պատասխանատվություն։
- Էլեկտրոնային առևտրի ապրանքների նկատմամբ Միության մաքսային օրենսգրքով նախատեսված՝ հայտարարատուի կողմից իրականացվող մաքսային գործառնություններն իրականացնում են Միության մաքսային օրենսգրքի 309․2-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված անձինք։
Հոդված 186․2․ Էլեկտրոնային առևտրի ապրանքների ժամանակավոր պահպանության առանձնահատկությունները
- Էլեկտրոնային առևտրի ապրանքների ժամանակավոր պահպանությունն իրականացվում է Միության մաքսային օրենսգրքի 16-րդ, 43.1-ին գլուխներով և սույն հոդվածով սահմանված առանձնահատկություններին համապատասխան։
- Միության մաքսային օրենսգրքի 309․3-րդ հոդվածի 5-րդ կետի 1-ին պարբերությամբ նշված՝ Միության մաքսային տարածքից արտահանվող էլեկտրոնային առևտրի ապրանքների՝ առանց «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով փոխադրման դեպքերն ու կարգը սահմանում է Կառավարությունը։
Հոդված 186․3․ Էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագրումը և մաքսային մարմինների կողմից բացթողումը
- Էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագրման ժամանակ որպես հայտարարատու հանդես գալու իրավասություն ունեցող անձինք սահմանված են Միության մաքսային օրենսգրքի 309․4-րդ հոդվածով։
- Էլեկտրոնային առևտրի ապրանքների բացթողումն իրականացվում է Միության մաքսային օրենսգրքի 309․5-րդ հոդվածով սահմանված պայմանների պահպանման դեպքում։
Հոդված 186․4․ Ֆիզիկական անձանց իրացման համար նախատեսված էլեկտրոնային առևտրի ապրանքների նկատմամբ «Մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգի կիրառման առանձնահատկությունները
- Ֆիզիկական անձանց իրացման համար նախատեսված էլեկտրոնային առևտրի ապրանքների նկատմամբ «Մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգը կիրառվում է Միության մաքսային օրենսգրքի 23-րդ գլխին, 309․6-րդ հոդվածին և սույն օրենքին համապատասխան։
- Միության մաքսային օրենսգրքի 309․6-րդ հոդվածի 4-րդ կետի 4-րդ ենթակետին և 15-րդ կետի 4-րդ ենթակետին համապատասխան՝ ֆիզիկական անձանց իրացման համար նախատեսված էլեկտրոնային առևտրի ապրանքների՝ վթարի կամ անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով ոչնչացման և (կամ) անվերադարձ կորստի հանգամանքների, կամ փոխադրման և (կամ) պահպանության բնականոն պայմաններում բնական կորստի արդյունքում այդպիսի ապրանքների անվերադարձ կորստի հանգամանքի՝ մաքսային մարմինների կողմից հաստատման կարգը սահմանում է Կառավարությունը։
- Մինչև Միության մաքսային օրենսգրքի 309․6-րդ հոդվածի 4-րդ կետի 1-ին ենթակետին համապատասխան «Մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգի ավարտը, «Մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված էլեկտրոնային առևտրի ապրանքների՝ ֆիզիկական անձանց առաքման նպատակով էլեկտրոնային առևտրի օպերատորի տարածքներից կամ շինություններից դրանց դուրսբերումն իրականացվում է էլեկտրոնային առևտրի օպերատորի կողմից մաքսային մարմնին տրամադրվող ծանուցմամբ։
- Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված ծանուցումը մաքսային մարմնին է տրամադրվում նախքան էլեկտրոնային առևտրի օպերատորի տարածքներից կամ շինություններից դրանց դուրսբերումը՝ էլեկտրոնային եղանակով, որը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները՝
- էլեկտրոնային առևտրի օպերատորի անվանումը, էլեկտրոնային առևտրի օպերատորների ռեեստրում գրանցման համարը․
- էլեկտրոնային առևտրի ապրանքների ստացող հանդիսացող ֆիզիկական անձի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի վերաբերյալ տվյալները․
- էլեկտրոնային առևտրի ապրանքների՝ ֆիզիկական անձանց կողմից ձեռքբերման գործարքը հաստատող փաստաթղթի վերաբերյալ տեղեկությունները․
- էլեկտրոնային առևտրի ապրանքների նկարագրերը, ԱՏԳ ԱԱ ծածկագրերը 10 նիշի մակարդակով։
- Մաքսային մարմնի կողմից սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված ծանուցման գրանցումից հետո էլեկտրոնային առևտրի ապրանքները կարող են դուրս բերվել էլեկտրոնային առևտրի օպերատորի տարածքներից կամ շինություններից։
- Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված ծանուցման ձևը սահմանում է Կոմիտեն։
- Միության մաքսային օրենսգրքի 309․6-րդ հոդվածի 11-րդ կետի 1-ին պարբերությամբ նախատեսված՝ էլեկտրոնային առևտրի ապրանքների վաճառքից հետո դրանց՝ ֆիզիկական անձանց կողմից վերադարձման դեպքում, այդպիսի ապրանքների հետ վերադարձի նպատակներով դրանց նույնականացման կարգը Հանձնաժողովի կողմից չկարգավորված մասով կարող է սահմանել Կառավարությունը։
- Էլեկտրոնային առևտրի օպերատորը սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված վերադարձի դեպքում ապահովում է էլեկտրոնային առևտրի ապրանքների տեղակայումը էլեկտրոնային առևտրի օպերատորի տարածքներում կամ շինություններում Միության մաքսային օրենսգրքի 309․6-րդ հոդվածի 11-րդ կետի 2-րդ պարբերությամբ սահմանված ժամկետում։
- Էլեկտրոնային առևտրի օպերատորը սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված վերադարձի դեպքում, Միության մաքսային օրենսգրքի 309․6-րդ հոդվածի 11-րդ կետի 3-րդ պարբերությամբ նախատեսված ծանուցումը մաքսային մարմնին է տրամադրում՝ սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված ծանուցման մեջ էլեկտրոնային եղանակով նշելով էլեկտրոնային առևտրի ապրանքների հետ վերադարձը հաստատող փաստաթղթերի վերաբերյալ տեղեկությունները։
Հոդված 186․5․ Ֆիզիկական անձանց իրացման համար նախատեսված էլեկտրոնային առևտրի ապրանքների և ֆիզիկական անձանց կողմից ձեռքբերվող՝ էլեկտրոնային առևտրի ապրանքների համար մաքսային վճարների գծով պարտավորությունները
- Ֆիզիկական անձանց իրացման համար նախատեսված՝ «Մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգն ավարտելու նպատակով «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպվող՝ էլեկտրոնային առևտրի ապրանքների նկատմամբ ներմուծման մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վճարման պարտավորությունների ծագման, դադարեցման, հաշվարկման և վճարման ժամկետների հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Միության մաքսային օրենսգրքի 309․7-րդ հոդվածով։
- Միության մաքսային օրենսգրքի 309․7-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետին և 309․9-րդ հոդվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետին համապատասխան՝ էլեկտրոնային առևտրի ապրանքների՝ վթարի կամ անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով ոչնչացման և (կամ) անվերադարձ կորստի հանգամանքների, կամ փոխադրման և (կամ) պահպանության բնականոն պայմաններում բնական կորստի արդյունքում այդպիսի ապրանքների անվերադարձ կորստի հանգամանքի՝ մաքսային մարմինների կողմից հաստատման կարգը սահմանում է Կառավարությունը։
- Ֆիզիկական անձանց կողմից ձեռքբերվող՝ էլեկտրոնային առևտրի ապրանքների համար մաքսային վճարները վճարվում են, մաքսային վճարների վճարման պարտավորությունները ծագում և դադարում են Միության մաքսային օրենսգրքի 309․8-րդ և 309․9-րդ հոդվածներին և սույն օրենքին համապատասխան։
- Միության մաքսային օրենսգրքով սահմանված ժամկետներում վճարողի կողմից էլեկտրոնային առևտրի ապրանքների համար մաքսային վճարների պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում մաքսային մարմինը մաքսային վճարների վճարման վերջնաժամկետի օրվան հաջորդող աշխատանքային օրը մաքսային վճարների վճարման անհրաժեշտության վերաբերյալ ծանուցում է ուղարկում վճարողին և նրա հետ համապարտ պարտավորություն կրող անձանց՝ Միության մաքսային օրենսգրքին և սույն օրենքին համապատասխան:
- Մաքսային մարմինների կողմից սույն հոդվածի 4-րդ մասին համապատասխան՝ ուղարկվող ծանուցման ձևը պարունակում է տեղեկատվություն հայտարարատուի, հայտարարագրված ապրանքների, վճարման ենթակա մաքսային վճարների չափի, մաքսային վճարների՝ սահմանված ժամկետում չվճարելու համար վճարման ենթակա տույժերի, չվճարված կամ թերի վճարված մաքսային վճարների վճարման ժամկետի վերաբերյալ և այլ անհրաժեշտ տեղեկատվություն:
- Մաքսային մարմինների կողմից սույն հոդվածի 4-րդ մասին համապատասխան՝ ուղարկվող ծանուցման ձևը, դրա լրացման և ուղարկման, ինչպես նաև փոփոխելու և չեղարկելու կարգը սահմանում է Կոմիտեն:
- Կառավարությունը, Միության մաքսային օրենսգրքի 309․8-րդ հոդվածի 21-րդ կետին համապատասխան, կարող է սահմանել Միության մաքսային օրենսգրքի 309․8-րդ հոդվածով սահմանված դեպքերից բացի այլ դեպքեր, երբ սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված ծանուցումը չի ուղարկվում մաքսային մարմինների կողմից:
- Էլեկտրոնային առևտրի ապրանքների համար մաքսային վճարների վճարման պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում մաքսային մարմինը կիրառում է դրանց բռնագանձմանն ուղղված միջոցներ՝ սույն օրենքին և Միության մաքսային օրենսգրքին համապատասխան: Մաքսային մարմինների կողմից մաքսատուրքերի, հարկերի բռնագանձում տարածելու միջոցները չեն կիրառվում Կառավարության սահմանած դեպքերում:
- Միության մաքսային օրենսգրքի 309․8-րդ հոդվածի 24-րդ կետին համապատասխան՝ էլեկտրոնային առևտրի ապրանքների համար մաքսային վճարների վճարման գծով չմարված պարտավորությունների գանձումն իրականացվում է մաքսային մարմնի կողմից օրենքով սահմանված կարգով:
- Միության մաքսային օրենսգրքի 309․8-րդ հոդվածի 26-րդ կետին համապատասխան՝ էլեկտրոնային առևտրի ապրանքների ներմուծման համար մաքսային վճարների, ինչպես նաև տույժերի գումարների, որոնց բռնագանձումը մաքսային մարմինների կողմից անհնար է, անհուսալի ճանաչման և դուրսգրման կարգը, հիմքերը, ինչպես նաև բռնագանձման ժամկետները սահմանվում են Կառավարության կողմից:
Հոդված 186․6․ Ֆիզիկական անձանց կողմից ձեռքբերվող՝ էլեկտրոնային առևտրի ապրանքների արժեքը
- Ֆիզիկական անձանց կողմից ձեռքբերվող՝ ներմուծվող, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանվող՝ էլեկտրոնային առևտրի ապրանքների արժեքը որոշվում է Միության մաքսային օրենսգրքի 309․10-րդ հոդվածին համապատասխան։
- Միության մաքսային օրենսգրքի 309․10-րդ հոդվածի 7-րդ կետին համապատասխան, Կառավարությունը կարող է սահմանել ֆիզիկական անձանց կողմից ձեռքբերվող՝ էլեկտրոնային առևտրի ապրանքների արժեքի՝ մաքսային մարմինների կողմից որոշման ժամանակ նույնանման ապրանքների գնի վերաբերյալ տեղեկատվության օգտագործման առանձնահատկություններ։»։
Հոդված 11. Օրենքի 249-րդ հոդվածում՝
- 1-ին մասում «Միության մաքսային օրենսգրքի 54-61-րդ գլուխներով» բառերը փոխարինել «Միության մաքսային օրենսգրքի 54-60․1-ին գլուխներով» բառերով․
- 3-րդ մասում «և անմաքս առևտրի խանութների տիրապետողների» բառերը փոխարինել «, անմաքս առևտրի խանութների տիրապետողների, էլեկտրոնային առևտրի օպերատորների» բառերով, իսկ «կամ անմաքս առևտրի խանութի առևտրի սրահ» բառերը փոխարինել «, անմաքս առևտրի խանութի առևտրի սրահ կամ էլեկտրոնային առևտրի օպերատորների տարածքներ կամ շինություններ» բառերով․
- 4-րդ մասում «և անմաքս առևտրի խանութների» բառերը փոխարինել «, անմաքս առևտրի խանութների և էլեկտրոնային առևտրի օպերատորների տարածքների կամ շինությունների» բառերով․
- 12-րդ մասում «կամ անմաքս առևտրի խանութ» բառերը փոխարինել «անմաքս առևտրի խանութ կամ էլեկտրոնային առևտրի օպերատորի տարածքներ կամ շինություններ» բառերով․
- 19-րդ մասում «, անմաքս առևտրի խանութների տիրապետողների» բառերը փոխարինել «անմաքս առևտրի խանութների տիրապետողների, էլեկտրոնային առևտրի օպերատորների» բառերով։
Հոդված 12. Օրենքի 251-րդ հոդվածում՝
- 1-ին մասում «և անմաքս առևտրի խանութների տիրապետողների» բառերը փոխարինել «, անմաքս առևտրի խանութների տիրապետողների և էլեկտրոնային առևտրի օպերատորների» բառերով․
- 3-րդ մասում «և մաքսային փոխադրողների» բառերը փոխարինել «, մաքսային փոխադրողների և էլեկտրոնային առևտրի օպերատորների» բառերով․
- 4-րդ և 5-րդ մասերում «և անմաքս առևտրի խանութների տիրապետողների» բառերը փոխարինել «, անմաքս առևտրի խանութների տիրապետողների և էլեկտրոնային առևտրի օպերատորների» բառերով։
Հոդված 13. Օրենքի 252-րդ հոդվածում՝
- 1-ին մասում «և 428-րդ հոդվածներով» բառերը փոխարինել «, 428-րդ և 429․3-րդ հոդվածներով» բառերով, իսկ «և 427-րդ հոդվածների երկրորդ և հինգերորդ պարբերություններում» բառերը փոխարինել «, 427-րդ հոդվածների երկրորդ և հինգերորդ պարբերություններով և 429․2-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետով և 2-րդ ենթակետով» բառերով․
- 4-րդ մասում «և ազատ պահեստի տիրապետողները» բառերը փոխարինել «, ազատ պահեստի տիրապետողները և էլեկտրոնային առևտրի օպերատորները» բառերով։
Հոդված 14. Օրենքի 253-րդ հոդվածի 3-րդ մասում «և անմաքս առևտրի խանութների տիրապետողների» բառերը փոխարինել «, անմաքս առևտրի խանութների տիրապետողների և էլեկտրոնային առևտրի օպերատորների» բառերով։
Հոդված 15. Օրենքի 254-րդ հոդվածի 1-ին մասում «անմաքս առևտրի խանութի տիրապետողը» բառերից հետո լրացնել «, էլեկտրոնային առևտրի օպերատորը» բառերը։
Հոդված 16. Օրենքի 256-րդ հոդվածի 2-րդ մասում «կնքված պայմանագրերով» բառերից հետո լրացնել «, որը պետք է բավարար լինի անձանց պատճառվող հնարավոր վնասները ծածկելու համար» բառերը։
Հոդված 17. Օրենքի 271-րդ հոդվածի 3-րդ մասում և 275-րդ հոդվածի 3-րդ մասում «կնքված պայմանագրով» բառերից հետո լրացնել «, որը պետք է բավարար լինի անձանց պատճառվող հնարավոր վնասները ծածկելու համար» բառերը։
Հոդված 18. Օրենքը 56-րդ գլխից հետո լրացնել նոր՝ 56․1-ին գլխով հետևյալ բովանդակությամբ՝
«
ԳԼՈՒԽ 56․1
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԻ ՕՊԵՐԱՏՈՐԸ
Հոդված 287․1․ Էլեկտրոնային առևտրի օպերատորը
- Էլեկտրոնային առևտրի օպերատորը Միության մաքսային օրենսգրքի 429․1-ին հոդվածով նախատեսված իրավաբանական անձն է։
- Միության մաքսային օրենսգրքի 429․1-ին հոդվածի 2-րդ կետին համապատասխան Կառավարությունը կարող է սահմանել էլեկտրոնային առևտրի օպերատորի՝ մաքսային գործառնություններ իրականացնող աշխատակիցների մասնագիտական որակավորման պահանջներ, ինչպես նաև այդպիսի պահանջներին համապատասխանության ստուգման կարգը։
Հոդված 287․2․ Էլեկտրոնային առևտրի օպերատորների ռեեստրում ընդգրկման պայմանները և այդպիսի ռեեստրում ընդգրկման մասին վկայականը
- Իրավաբանական անձին էլեկտրոնային առևտրի օպերատորների ռեեստրում ընդգրկելու պայմանները սահմանված են Միության մաքսային օրենսգրքի 429․2-րդ հոդվածով։
- Միության մաքսային օրենսգրքի 429․2-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետով նախատեսված՝ էլեկտրոնային առևտրի օպերատորների շինություններին, տարածքներին (տարածքների մասերին) և (կամ) բաց հրապարակներին (բաց հրապարակների մասերին) ներկայացվող պահանջները սահմանում է Կառավարությունը։
- Միության մաքսային օրենսգրքի 429․2-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով նախատեսված՝ էլեկտրոնային առևտրի օպերատորների և Կոմիտեի միջև տեղեկատվական փոխգործակցության կարգը սահմանում է Կառավարությունը։
- Միության մաքսային օրենսգրքի 429․2-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետին համապատասխան, էլեկտրոնային առևտրի օպերատորների պատասխանատվության ռիսկի ապահովագրական գումարը որոշվում է էլեկտրոնային առևտրի օպերատորի և ապահովագրական կազմակերպության միջև կնքված պայմանագրով, որը պետք է բավարար լինի անձանց պատճառվող հնարավոր վնասները ծածկելու համար:
- Իրավաբանական անձին էլեկտրոնային առևտրի օպերատորների ռեեստրում ընդգրկելու պայման է հանդիսանում այդպիսի իրավաբանական անձի անձնակազմում առնվազն երկու մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման վկայական ունեցող անձանց առկայությունը։
- Էլեկտրոնային առևտրի օպերատորների ռեեստրում ընդգրկման մասին վկայականում նշվում են՝
- էլեկտրոնային առևտրի օպերատորի անվանումը, գտնվելու վայրը, հարկ վճարողի հաշվառման համարը․
- էլեկտրոնային առևտրի օպերատորի շինությունների, տարածքների կամ բաց հրապարակների գտնվելու վայրը.
- վկայականը տրամադրող մաքսային մարմնի անվանումը.
- վկայականի տրամադրման ամսաթիվը և դրա համարը։
Հոդված 287․3․ Էլեկտրոնային առևտրի օպերատորների ռեեստրում ընդգրկելու մասին դիմումը
- Էլեկտրոնային առևտրի օպերատորների ռեեստրում ընդգրկելու մասին դիմումի մեջ նշվում են՝
- էլեկտրոնային առևտրի օպերատորի անվանումը, տեղեկատվություն իրավաբանական և գործունեության իրականացման հասցեների մասին.
- էլեկտրոնային առևտրի օպերատորի տիրապետման տակ գտնվող շինությունների, տարածքների կամ բաց հրապարակների՝ զբաղեցրած ընդհանուր և փակ տարածքների չափերի, դրանց գտնվելու վայրի, ինչպես նաև Կառավարության կողմից սահմանված պահանջների պահպանվածության վերաբերյալ տեղեկություններ.
- Միության մաքսային օրենսգրքի 429․2-րդ հոդվածով և սույն օրենքով սահմանված՝ էլեկտրոնային առևտրի օպերատորի ռեեստրում իրավաբանական անձին ընդգրկելու պայմանների պահպանվածության վերաբերյալ տեղեկություններ․
- էլեկտրոնային առևտրի օպերատորների պատասխանատվության ռիսկի ապահովագրության մասին պայմանագրի (պայմանագրերի) վերաբերյալ տեղեկություններ:
- Էլեկտրոնային առևտրի օպերատորների ռեեստրում ընդգրկման համար ներկայացվող դիմումին կցվում են սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված տեղեկությունները հաստատող փաստաթղթերը:
Հոդված 287․4․ Էլեկտրոնային առևտրի օպերատորների ռեեստրից էլեկտրոնային առևտրի օպերատորին հանելու հիմքերը
- Էլեկտրոնային առևտրի օպերատորների ռեեստրից էլեկտրոնային առևտրի օպերատորին հանելու հիմքերը սահմանված են Միության մաքսային օրենսգրքի 429․3-րդ հոդվածով:
- Միության մաքսային օրենսգրքի 429․3-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետով սահմանված հիմքով էլեկտրոնային առևտրի օպերատորը չի հանվում էլեկտրոնային առևտրի օպերատորների ռեեստրից այն դեպքերում, երբ վերակազմավորումը տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 64-րդ հոդվածի 1-ին կամ 5-րդ կետով սահմանված եղանակով և չի հանգեցրել ստեղծված իրավաբանական անձի՝ որպես էլեկտրոնային առևտրի օպերատոր գրանցվելու համար սահմանված պայմանների պահպանվածության բացակայությանը:
- Միության մաքսային օրենսգրքի 429․3-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան, Կառավարությունը կարող է սահմանել իրավաբանական անձին էլեկտրոնային առևտրի օպերատորների ռեեստրից հանելու լրացուցիչ հիմքեր:
Հոդված 287․5․ Էլեկտրոնային առևտրի օպերատորների իրավունքները և պարտականությունները
- Էլեկտրոնային առևտրի օպերատորների իրավունքները սահմանվում են Միության մաքսային օրենսգրքի 429․4-րդ հոդվածով։
- Էլեկտրոնային առևտրի օպերատորների պարտականությունները սահմանվում են Միության մաքսային օրենսգրքի 429․5-րդ հոդվածով։
- Միության մաքսային օրենսգրքի 429․5-րդ հոդվածի 1-ին կետի 7-րդ և 8-րդ ենթակետերին համապատասխան էլեկտրոնային առևտրի օպերատորը ապահովում է էլեկտրոնային առևտրի ապրանքների առանձնացված հաշվառումը, որի վերաբերյալ հաշվետվությունը ներկայացնում է Կոմիտե։
- Կառավարությունը սահմանում է սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված հաշվետվության ձևը, ներկայացման կարգն ու պարբերականությունը։»։
Հոդված 19. Օրենքի 316-րդ հոդվածի 5-րդ մասում «կամ մաքսային ներկայացուցիչը» բառերը փոխարինել «, մաքսային ներկայացուցիչը կամ էլեկտրոնային առևտրի օպերատորը» բառերով։
Հոդված 20. Օրենքի 319-րդ հոդվածի 1-ին մասում «Միության մաքսային օրենսգրքի 429-րդ հոդվածով» բառերից հետո լրացնել «, էլեկտրոնային առևտրի օպերատորների կողմից Միության մաքսային օրենսգրքի 429․5-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով» բառերը։
Հոդված 21. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Հոդված 22. Սույն օրենքով նախատեսված իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 6 ամսվա ընթացքում։
-
Քննարկվել է
30.05.2025 - 14.06.2025
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Պետական եկամուտներ
-
Գերատեսչություն
Պետական եկամուտների կոմիտե
Դիտումներ` 1474
Տպել