«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1920-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
«___» ___ 2025 թվականի N – Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1920-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1.Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերի, համակցված տարածական պլանավորման փաստաթղթերիև բնակավայրերի տարածքների գոտևորման նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 2-ի N 609-Ն, 2010 թվականի մարտի 4-ի N 208-Ն ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի N 408 որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1920-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերի, համակցված տարածական պլանավորման փաստաթղթերիև բնակավայրերի տարածքների գոտևորման նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման, փոփոխման, հողամասերի նպատակային նշանակության փոփոխության թվային հարթակում տրամադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին».
2) որոշման նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը, «Քաղաքաշինության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 8-րդ կետերը, 3-րդ հոդվածի 33-րդ մասը և 17-րդ հոդվածը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածները և 37-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.».
3) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանադակությամբ նոր՝ 3-րդ ենթակետով. «3) թվային հարթակում hողամասերի նպատակային նշանակության փոփոխության տրամադրման կարգը՝ համաձայն N 3 հավելվածի:».
4) որոշման N 1 հավելվածի (այսուհետ՝ Հավելված) 8-րդ կետում «որոշմամբ ստեղծված Քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական» բառերը փոխարինել «2024 թվականի նոյեմբերի 1-ի N 978-Լ որոշմամբ ստեղծված Քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի քաղաքաշինական պետական համալիր փորձաքննություն իրականացնող» բառերով.
5) Հավելվածի 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «10. Հաստատված գլխավոր հատակագիծ կամ Համակցված փաստաթուղթ ունեցող համայնքներում անշարժ գույքի միավոր հանդիսացող հողամասի (այսուհետ՝ Առանձին հողամաս) նպատակային նշանակության կամ քաղաքաշինական գոտևորման (կառուցապատման) չափորոշիչների փոփոխության վերաբերյալ առաջարկությունն Իրավասու մարմնի կողմից ներկայացվում է Լիազոր մարմին, ընդ որում, Համակցված փաստաթղթի դեպքում համապատասխան համայնքի ղեկավարն այն ներկայացնում է մարզպետին, ով այն ստանալու օրվանից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում իր դրական եզրակացության հետ միասին ներկայացնում է Լիազոր մարմին կամ պատճառաբանված որոշմամբ՝ հղում կատարելով համապատասխան իրավական ակտի կոնկրետ դրույթներին, մերժում է դրական եզրակացության տալը։».
6) Հավելվածի 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «11․ Լիազոր մարմինը Կարգի 10-րդ կետում նշված առաջարկություններն ուսումնասիրում է և ներկայացված առաջարկությունների փաստաթղթային կազմը լիարժեք չլինելու դեպքում 5 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է առաջարկությունները ներկայացրած մարզպետին կամ Իրավասու մարմնին համապատասխան փաստաթղթերի բացակայության մասին, իսկ լրակազմ փաթեթի դեպքում ներկայացնում է Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովին (այսուհետ՝ Միջգերատեսչական հանձնաժողով)՝ կարծիքի:».
7) Հավելվածի 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «12․ Պետական կառավարման մարմինները և հասարակական կազմակերպությունները Կարգի 10-րդ կետում նշված առաջարկություններն ստանալուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում (Առանձին հողամասի կամ քաղաքաշինական գոտևորման (կառուցապատման) չափորոշիչների դեպքում՝ 7 աշխատանքային օրվա ընթացքում) էլեկտրոնային կապի միջոցների կիրառմամբ կամ գրավոր փաստաթղթերի փոխանցմամբ, իսկ 2027 թվականի մարտի 1–ից հետո բացառապես թվային հարթակի միջոցով, իրենց կարծիքները ներկայացնում են Լիազոր մարմին: Բացասական կարծիքները կամ կարծիք հայտնելու լրացուցիչ ժամկետի պահանջները պետք է լինեն հիմնավորված։ Նշված ժամկետում շահագրգիռ մարմինների կողմից առարկություն չներկայացվելու դեպքում տվյալ մարմնի կարծիքը համարվում է դրական:»
8) Հավելվածի 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«13․ Քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերը, նախագծման առաջադրանքները, առանձին հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունները կամ քաղաքաշինական գոտևորման (կառուցապատման) չափորոշիչնեը համապատասխան մարմինների կողմից կարող են հաստատվել միայն Հանձնաժողովի և Միջգերատեսչական հանձնաժողովի (Հանձնաժողովը և Միջգերատեսչական հանձնաժողովը միասին հիշատակման դեպքում այսուհետ՝ Հանձնաժողովներ) դրական եզրակացությունների առկայության դեպքում: Հանձնաժողովների եզրակացությունները ստորագրվում են Հանձնաժողովների նախագահի և քարտուղարի կողմից։»
9) Հավելվածի 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«14․ Հանձնաժողովների դրական եզրակացությունը տրվում է, եթե համաձայնեցման ներկայացված փաստաթղթերի վերաբերյալ Հանձնաժողովների անդամների կարծիքները դրական են:
Քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի, նախագծման առաջադրանքների վերաբերյալ կարծիքները Լիազոր մարմին են ներկայացվում դրանք ստանալուց հետո` 15 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ առանձին հողամասերի նպատակային նշանակության կամ քաղաքաշինական գոտևորման (կառուցապատման) չափորոշիչների փոփոխությունների վերաբերյալ կարծիքները՝ 7 աշխատանքային օրվա ընթացքում։ Կարծիքները ներկայացվում են էլեկտրոնային կապի միջոցների կիրառմամբ կամ գրավոր փաստաթղթերի փոխանցմամբ: Նշված ժամկետում Հանձնաժողովի՝ Քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի, նախագծման առաջադրանքների դեպքում և Միջգերատեսչական հանձնաժողովի՝ առանձին հողամասերի նպատակային նշանակության կամ քաղաքաշինական գոտևորման (կառուցապատման) չափորոշիչների փոփոխությունների դեպքում, անդամների կողմից առարկություն չներկայացվելու դեպքում՝ տվյալ մարմնի կարծիքը համարվում է դրական:».
10) Հավելվածի 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«15․ Այն դեպքում, երբ Հանձնաժողովների անդամներից ստացվել են՝ յուրաքանչյուրից իրեն առնչվող մասով, համապատասխան իրավական ակտերի կոնկրետ դրույթներին հղումներ պարունակող բացասական կարծիքներ (դիտողություններ և առաջարկություններ), կամ քաղաքաշինական խնդիրներին առնչվող մասով Լիազոր մարմինն ունի դիտողություններ և առարկություններ Լիազոր մարմինը նախագիծը 3 աշխատանքային օրվա ընթացքում վերադարձնում է լրամշակման, կցելով ներկայացված դիտողությունների և առաջարկությունների ամփոփ տեղեկանքը: Լիազոր մարմինն Իրավասու մարմնի կողմից ներկայացված լրամշակված փաթեթը 3 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է Հանձնաժողովների բացասական կարծիք ներկայացրած անդամ(ներ)ին (մարմիններ)՝ կարծիքի: Հանձնաժողովների անդամների կողմից կարծիքը (կարծիքները)՝ Լիազոր մարմին են ներկայացվում այն ստանալուց հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացում:».
11) Հավելվածի 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«16. Լրամշակված փաստաթղթերի վերաբերյալ կրկին բացասական կարծիք (կարծիքներ) ստանալու դեպքում, Լիազոր մարմինը՝ բացասական կարծիքը (առարկությունը) Կարգի 15-րդ կետի պահանջներին համապատասխան հիմնավորված լինելու դեպքում, 3 աշխատանքային օրվա ընթացքում վերադարձնում է Իրավասու մարմնին՝ կցելով մերժման հիմքերը կամ, անհրաժեշտ հիմնավորման բացակայության դեպքում՝ հարցը ներկայացնում է Հանձնաժողովի՝ Քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի, նախագծման առաջադրանքների դեպքում կամ Միջգերատեսչական հանձնաժողովի՝ առանձին հողամասերի նպատակային նշանակության կամ քաղաքաշինական գոտևորման (կառուցապատման) չափորոշիչների փոփոխությունների դեպքում, առաջիկա նիստի քննարկմանը: Լրամշակված փաստաթղթերի վերաբերյալ հանձնաժողովների անդամ(ներ)ի կողմից 5 աշխատանքային օրվա ընթացքում կարծիք չներկայացնելու դեպքում այն համարվում է դրական:».
12) Հավելվածի 22-րդ կետում «Առանձին հողամասերի» բառից հետո լրացնել «կամ քաղաքաշինական գոտևորման (կառուցապատման) չափորոշիչների» բառերը.
13) Հավելվածի 24-րդ կետի․
«ա․ 1-ին ենթակետի «ա» պարբերությունում, 6-րդ և 7-րդ ենթակետերում համապատասխանաբար «Առանձին հողամասերի նպատակային նշանակությունների» և «Առանձին հողամասերի նպատակային նշանակության» բառերից հետո լրացնել «կամ քաղաքաշինական գոտևորման (կառուցապատման) չափորոշիչների» բառերը․
բ․ 8-րդ ենթակետում «հղում» բառից առաջ լրացնել «սույն Կարգի 15-րդ կետի պահանջներին համապատասխան՝» բառերը.»․
14) Հավելվածի 45-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«45․ Կարգի 56-րդ կետի պահանջներին համապատասխան ներկայացված Առանձին հողամասի նպատակային նշանակության կամ քաղաքաշինական գոտևորման (կառուցապատման) չափորոշիչների փոփոխման փաթեթը լրակազմ չլինելու դեպքում Լիազոր մարմինը՝ ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է շահագրգիռ մարմինների համաձայնեցմանը կամ առարկություններ ունենալու դեպքում վերադարձնում է Իրավասու մարմնին՝ նշելով բացակայող փաստաթուղթը։».
15) Հավելվածի 46-րդ, 48-րդ կետերում, 49-րդ կետի 3-րդ ենթակետում և 53-րդ կետում «Առանձին հողամասի նպատակային նշանակության» բառերից հետո լրացնել «կամ քաղաքաշինական գոտևորման (կառուցապատման) չափորոշիչների» բառերը.
16) Հավելվածի 47-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«47. Հանձնաժողովների անդամ(ներ)ը տարածական պլանավորման փաստաթղթի նախագծի վերաբերյալ առաջարկություններն ու դիտողությունները 15 աշխատանքային օրվա, իսկ առանձին հողամասի նպատակային նշանակության կամ քաղաքաշինական գոտևորման (կառուցապատման) չափորոշիչների փոփոխման վերաբերյալ առաջարկություններն ու դիտողությունները`
1) այն դեպքում, երբ 56-րդ կետի 4-րդ ենթակետով նշված տեղեկանքը ներկայացվում է փաթեթի կազմում, համապատասխան շահագրգիռ մարմինը լրացուցիչ փաթեթը չի ուղարկում մատակարար կազմակերպություններին համաձայնեցման։ Այդ դեպքում առաջարկություններն ու դիտողությունները 7 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում են Լիազոր մարմին.
2) այն դեպքում, երբ 56-րդ կետի 4-րդ ենթակետով նշված տեղեկանքը չի ներկայացվում փաթեթի կազմում, համապատասխան շահագրգիռ մարմնի կողմից փաթեթն ուղարկվում է մատակարար կազմակերպություններին՝ համաձայնեցման։ Այդ դեպքում առաջարկություններն ու դիտողությունները 15 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում են Լիազոր մարմին։».
17) Հավելվածը լրացնել 47.1-ին կետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«47.1. Կարգի 47-րդ կետում նշված ժամկետներում Հանձնաժողովների անդամ(ներ)ի կողմից կարծիք չներկայացնելու դեպքում համարվում է, որ շահագրգիռ մարմինը քննարկվող փաստաթղթերի վերաբերյալ առարկություններ չունի:».
18) Հավելվածի 48-րդ կետում «ներկայացվեն» բառից հետո լրացնել «յուրաքանչյուրն իրեն առնչվող մասով, լինեն» բառերը.
19) Հավելվածի 49-րդ կետը «Առանձին հողամասի» բառերից հետո լրացնել «կամ քաղաքաշինական գոտևորման (կառուցապատման) չափորոշիչների փոփոխման» բառերով․
20) Հավելվածի 49-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«1) բոլոր շահագրգիռ մարմիններից դրական կարծիքներ ստանալու դեպքում, եթե Լիազոր մարմինը քաղաքաշինական խնդիրներին առնչվող մասով դիտողություններ և առարկություններ չունի, ապա կազմում է Հանձնաժողովի դրական եզրակացությունը և 3 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում Իրավասու մարմին և Հանձնաժողովի անդամներին.
2) շահագրգիռ մարմիններից հիմնավորված դիտողություններ և առաջարկություններ ստանալու և (կամ) քաղաքաշինական խնդիրներին առնչվող մասով դիտողություններ և առարկություններ ունենալու դեպքում, տարածական պլանավորման փաստաթղթի նախագիծը կամ Առանձին հողամասի նպատակային նշանակության կամ քաղաքաշինական գոտևորման (կառուցապատման) չափորոշիչների փոփոխման փաթեթը վերադարձվում է Իրավասու մարմնին՝ լրամշակման:»․
21) Հավելվածի 49-րդ կետը լրացնել 4-րդ ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«4) շահագրգիռ մարմինների կողմից ներկայացվող կարծիքները (դիտողությունները և առաջարկությունները) պետք է կազմվեն իրենց լիազորությունների շրջանակում, իրենց առնչվող մասով՝ Կարգի աղյուսակի դրույթներին համապատասխան։».
22) Հավելվածը 49-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ աղյուսակով.
«Աղյուսակ
|
ՀՀ |
Շահագրգիռ մարմինների անվանումը |
Ներկայացվող կարծիքների (դիտողությունների/առաջարկությունների) շրջանակը |
|
1 |
2 |
3 |
|
1 |
Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտե |
Քաղաքաշինական նորմերի դրույթների խախտում։ Հաստատված քաղաքաշինական փաստաթղթերի դրույթների հետ անհամապատասխանություն։ Քաղաքաշինական օրենսդրությանը հակասություն։ Քաղաքաշինական ժառանգությանն անհամապատասխանություն։ Վրիպակներ, խմբագրական բնույթի լրամշակումներ։ |
|
2 |
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն |
Բնակավայրերի առողջապահական, սանիտարահիգիենիկ և համաճարակային խնդիրներին առնչվող անճշտություններ, առաջարկներ։ Վրիպակներ, խմբագրական բնույթի լրամշակումներ։ |
|
3 |
Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարություն |
Կոնկրետ տվյալ քաղաքաշինական գործունեությունից հնարավոր ազդեցության ենթակա տարածքների շրջակա միջավայրի բաղադրիչների վրա ազդեցությանն առնչվող անճշտություններ, առաջարկներ։ Ազդեցության մեղմմանն ու կանխարգելմանը միտված միջոցառումներին առնչվող անճշտություններ, առաջարկներ։ Վրիպակներ, խմբագրական բնույթի լրամշակումներ։ |
|
4 |
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն |
Կոնկրետ տվյալ քաղաքաշինական գործունեության առնչությունը երկրի տնտեսական զարգացման, զբոսաշրջային ու ներդրումային գրավչությանն առնչվող անճշտություններ, առաջարկներ։ Գյուղատնտեսական շրջանառությունից բարձրարժեք հողերի անհիմն բացառման դրույթներին առնչվող առաջարկներ։ Վրիպակներ, խմբագրական բնույթի լրամշակումներ։ |
|
5 |
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ներառված և նորահայտ հուշարձանների տեղադիրքերը, պահպանական գոտիները, պահպանման միջոցառումներին առնչվող դիտողություններ, առաջարկներ։
Վրիպակներ, խմբագրական բնույթի լրամշակումներ։ |
|
6 |
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն |
«Վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքով սահմանված դրույթներին ու սահմանումներին առնչվող անճշտություններ։ Հաղորդակցուղիներին (ճանապարհային ցանց, երկաթուղագծեր, ինժեներական ենթակառուցվածքներ (բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի, բարձր և միջին ճնշման գազատարերի, մայրուղային ջրատարերի), օդանավակայաններ) առնչվող դրույթներին առնչվող անճշտություններ, առաջարկներ։ Աղբավայրերին առնչվող անճշտություններ, առաջարկներ։ Գրականության ցանկում հղում կատարած նորմերի նորացմանն առնչվող առաջարկներ։ Վրիպակներ, խմբագրական բնույթի լրամշակումներ։ |
|
7 |
Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն |
Հանրապետությունում էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ մատուցող ընկերությունների դիրքորոշումները: Վրիպակներ, խմբագրական բնույթի լրամշակումներ։ |
|
8 |
Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարություն |
Կոնկրետ տվյալ քաղաքաշինական գործունեության կամ մատչելիության գոտու տարածքում վտանգավոր բնական երևույթների, ինժեներաերկրաբանական իրավիճակին առնչվող անճշտություններ, առաջարկներ։ Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների վերաբերյալ (ծրագրային փաստաթղթերի դեպքում) Վրիպակներ, խմբագրական բնույթի լրամշակումներ։ |
|
9 |
Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտե |
Կոնկրետ տվյալ քաղաքաշինական գործունեության շրջանակում փոփոխվող հողամասերի մակերեսների, կոորդինատների (համադրումների) առնչվող անճշտություններ, առաջարկներ։ Վրիպակներ, խմբագրական բնույթի լրամշակումներ։ |
|
10 |
Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին |
Հակահրդեհային նորմերի դրույթների պահանջներին անհամապատասխանություն։ Համապատասխանությունը գործող նորմատիվային փաստաթղթերի պահանջներին։
Վրիպակներ, խմբագրական բնույթի լրամշակումներ։ |
|
11 |
Համապատասխան մարզպետ |
Մազի զարգացման ծրագրերին անհամապատասխանություն։ Մարզային ներդումային ծրագրերի շրջանակում համադրություններ։ Վրիպակներ, խմբագրական բնույթի լրամշակումներ։ |
|
12 |
Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ) |
Վրիպակներ, խմբագրական բնույթի լրամշակումներ։ |
|
13 |
Համապատասխան համայնքի ղեկավար (համաձայնությամբ) |
Վրիպակներ, խմբագրական բնույթի լրամշակումներ։ |
|
14 |
«Հայաստանի շինարարների միություն» հասարակական կազմակերպություն (համաձայնությամբ) |
Վրիպակներ, խմբագրական բնույթի լրամշակումներ։ |
|
15 |
«Հայաստանի ճարտարապետների պալատ» ինքնակարգավորվող կազմակերպություն (համաձայնությամբ) |
Քաղաքաշինական միջավայրի խաթարմանն առնչվող դիտողություններ, առաջարկներ։ Ճարտարապետական կերպարային անհամապատասխանություններին առնչվող առարկություններ։
Վրիպակներ, խմբագրական բնույթի լրամշակումներ։ |
».
23) Հավելվածի 50-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«50. Կրկին ներկայացված փաթեթի վերաբերյալ Հանձնաժողովների անդամ(ներ)ից բացասական կարծիք ստանալու դեպքում նախագիծը կամ Առանձին հողամասի նպատակային նշանակության կամ քաղաքաշինական գոտևորման (կառուցապատման) չափորոշիչների փոփոխության առաջարկությունը մերժվում է, կամ, եթե բացասական կարծիքը ներկայացվել է առանց իրավական ակտերի կոնկրետ դրույթներին հղումներ պարունակող հիմնավորման կամ ոչ իրեն առնչվող մասով, ապա լիազոր մարմնի կողմից հարցը ներկայացվում է Հանձնաժողովի՝ Քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի, նախագծման առաջադրանքների դեպքում կամ Միջգերատեսչական հանձնաժողովի՝ Առանձին հողամասերի նպատակային նշանակության կամ քաղաքաշինական գոտևորման (կառուցապատման) չափորոշիչների փոփոխությունների դեպքում, առաջիկա նիստի քննարկմանը, իսկ Հանձնաժողովների նիստում ընդհանուր կարծիք չձևավորվելու դեպքում՝ Լիազոր մարմնի կողմից հարցը ներկայացվում է Վարչապետի աշխատակազմ` Կոմիտեի առաջիկա նիստում զեկուցելու համար:».
24) Հավելվածի 51-րդ կետում «հիմնավորումը» բառից հետո լրացնել «՝ իրեն առնչվող մասով և հղում կատարելով իրավական ակտի կոնկրետ դրույթի վրա» բառերը.
25) Հավելվածի 56-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«56. Առանձին հողամասի նպատակային նշանակության կամ քաղաքաշինական գոտևորման (կառուցապատման) չափորոշիչների փոփոխության մասով գլխավոր հատակագծում փոփոխություն կատարելու նպատակով համայնքի ղեկավարի կողմից համապատասխան մարզպետի միջոցով Լիազոր մարմնին ներկայացվող փաթեթում ներառվում են.
1) համայնքի ղեկավարին քաղաքացու կամ իրավաբանական անձի դիմումը՝ սույն Կարգի Ձև N 5-ին համապատասխան (նպատակային նշանակության փոփոխության դեպքում) և Ձև N 5.2-ին համապատասխան (քաղաքաշինական գոտևորման (կառուցապատման) չափորոշիչների) (համասեփականության, օգտագործման կամ կառուցապատման իրավունքի մի քանի սուբյեկտների դեպքում` վերջիններիս ստորագրությամբ).
2) տվյալ հողամասի և հողամասի սահմաններից 1000 մետր շառավիղով տեղանքի օրթոլուսանկարը (կոորդինատային կապակցմամբ), որի վրա պետք է նշված լինեն հողամասի տեղադիրքը (հատակագիծը), հարևան հողօգտագործումները և մոտեցնող ճանապարհները (առկայության դեպքում), դրանց տարածքում գոյություն ունեցող և նախատեսվող շենքերը և շինությունները, դրանց բնույթը, շենքերի, շինությունների միջև, հողամասի սահմաններից հեռավորությունները, հողամասից 70 մ շառավղով միջպետական, հանրապետական, տեղական նշանակության ճանապարհները, ինժեներական ենթակառուցվածքի գծային և կետային օբյեկտները, հիմնական գոյություն ունեցող ճանապարհից դեպի հողամաս տրանսպորտային միջոցների մուտքի և ելքի կազմակերպման սխեման՝ երկրորդային գոյություն ունեցող մոտեցումից, սեփականության իրավունքով պատկանող հողամասի սահմաններում նախատեսվող մոտեցումից, համայնքապատկան հողամասի սահմաններում դրանց նախատեսման դեպքում՝ համայնքի կողմից համաձայնությունը հավաստող դրոշմակնքված ուրվագծի ներկայացմամբ.
3) այն տարածքներում, որտեղ առկա է օրթոլուսանկարում իրականացնելու սահմանափակում, ներկայացվում են հողամասի առկա վիճակը փաստող լուսանկարները, որոնցում արտացոլված կլինեն հարակից հողամասերը և ճանապարհները (առկայության դեպքում) և իրավիճակային հատակագիծը՝ 1:500 կամ 1:1000 մասշտաբով, որը կպարունակի սույն մասով նախատեսված տեղեկատվությունները.
4) Կարգի 47-րդ կետի 1-ին ենթակետում նշված տեղեկանքը՝ տրամադրված մատակարար կազմակերպությունների կողմից (խողովակաշարեր, ստորգետնյա գազապահեստարաններ, մինչև 1000 Վ լարման էլեկտրական ցանցերի էլեկտրահաղորդման օդային գծեր, 1000 Վ-ից բարձր լարման էլեկտրական ցանցեր, մալուխային գծեր, ինչպես նաև I և II դասերի գազատարներ, կապի ենթակառուցվածքներ)` ինժեներական ենթակառուցվածքի օբյեկտների վերաբերյալ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված անվտանգության գոտիներով համաձայնեցված տնօրինող և շահագործող կազմակերպությունների հետ, իսկ քաղաքացու կամ իրավաբանական անձի դիմումը համայնքի ղեկավարին առցանց ներկայացնելու դեպքում զուգահեռ ներկայացվում է նաև մատակարար կազմակերպությունների համաձայնեցմանը.
5) համայնքի ղեկավարի տեղեկանք-հիմնավորումը, որում նշվում են տեղեկություններ համայնքի համար նախատեսվող օբյեկտի կարևորության և առաջարկվող փոփոխության անհրաժեշտության վերաբերյալ, սանիտարապաշտպանիչ գոտիներ ունեցող (առկայության դեպքում) օբյեկտների վերաբերյալ (այդ թվում` համայնքի վարչական սահմանից դուրս)՝ 1000 մետր շառավղով՝ կախված տվյալ օբյեկտի սանիտարապաշտպանիչ գոտու նորմատիվային չափից, պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի դեպքում՝ տեղեկանք Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածին առնչություն ունենալու և հողամասին առնչվող այլ սահմանափակումների վերաբերյալ։».
26) Հավելվածի 57-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«57. Կարգի 24-րդ կետի 4-րդ ենթակետում նշված հողամասերի գործառնական նշանակության փոփոխություն կատարելու նպատակով համայնքի ղեկավարը մարզպետին ներկայացնում է առաջարկություն: Առաջարկությանը դրական եզրակացություն տալու դեպքում՝ ստանալուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում մարզպետն այն ներկայացնում է Լիազոր մարմին, իսկ բացասական եզրակացության դեպքում վերադարձնում է համայնքի ղեկավարին՝ հիմնավորելով կարծիքը և հղում կատարելով իրավական ակտի կոնկրետ դրույթին:».
27) Հավելվածը լրացնել 57. 1-ին և 57.2-րդ կետերով՝ հետևյալ բովանդակությամբ.
«57.1. Սույն կարգի 56-րդ և 57-րդ կետերով ներկայացված առաջարկությունների վերաբերյալ բացասական կարծիքը պետք է առնչվի տվյալ կարծիքը ներկայացնող շահագրգիռ մարմնի գործառույթներին, լինի հստակ և չափելի, նշվի անճշտություն պարունակող և ճշտման ենթակա հատվածը, դրա նկատմամբ դիտողության(առաջարկության) բնույթը, պարունակի իրավական ակտի կոնկրետ դրույթ(ներ)ին հղում, պարունակի սույն կարգի պահանջներից դուրս լրացուցիչ պահանջներ և չեն կարող պարունակել հետևյալ արտահայտությունները՝ «նպատակահարմար չի», «խմբագրել N-րդ գլուխը», «առկա են անճշտություններ N-րդ էջում», «դիտողությունները լիովին հաշվի չեն առնվել», «առկա են անհամապատասխանություններ աղյուսակներում»։
57.2. Միջգերատեսչական հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ ներկայացնում է դիտողություններ և առաջարկություններ միայն մեկ անգամ։ Բնօրինակ՝ փոփոխություններ չկրած շրջանառված փաստաթղթում ուշադրությունից դուրս մնացած կամ տվյալ մարմնի տարբեր մասնագետների տարբեր մոտեցումների արդյունքում ծագած դիտողություններն ու առաջարկությունները յուրաքանչյուր հաջորդ շրջանառության ընթացքում չեն ներկայացվում։ Մեկից ավելի անգամ դիտողություն կամ առաջարկություն կարող է ներկայացվել հետևյալ բացառիկ դեպքերում.
1) եթե նախկինում ներկայացված էական (ոչ խմբագրական բնույթի) դիտողությունները կամ առաջարկությունները չեն ընդունվել կամ ուղղվել՝ առանց պատշաճ հիմնավորման։
2) Միջգերատեսչական հանձնաժողովի այլ անդամներից որևէ մեկի կողմից ներկայացված դիտողության կամ առաջարկության հիման վրա կատարված ուղղումները հանգեցրել են տվյալ մարմնի կողմից հստակ իրավական ակտի վրա հղում պարունակող նոր դիտողության կամ առաջարկի։».
28) Հավելվածի 58-րդ կետը կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«58. Համայնքի ղեկավարի կողմից մարզպետին հողամասի գործառնական նշանակության փոփոխության համաձայնեցման ներկայացվող փաթեթում ներառվում է.
1) քաղաքաշինական գործունեության իրականացում չնախատեսող դեպքերում՝ սույն Կարգի Ձև N 4-ին համապատասխան (ընդհանուր սեփականության կամ օգտագործման իրավունքի մի քանի սուբյեկտների դեպքում` վերջիններիս ստորագրությամբ) դիմումը և տվյալ հողամասի և հողամասի սահմաններից 1000 մետր շառավիղով տեղանքի օրթոլուսանկարը (կոորդինատային կապակցմամբ), որի վրա պետք է նշված լինեն հողամասի տեղադիրքը։ Այն տարածքներում, որտեղ առկա է օրթոլուսանկարում իրականացնելու սահմանափակում, ներկայացվում են հողամասի առկա վիճակը փաստող լուսանկարները.
2) քաղաքաշինական գործունեության իրականացում նախատեսող դեպքերում՝ սույն Կարգի Ձև N 5.1-ին համապատասխան (ընդհանուր սեփականության, օգտագործման կամ կառուցապատման իրավունքի մի քանի սուբյեկտների դեպքում` վերջիններիս ստորագրությամբ) դիմումը և 56-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով նախատեսված փաստաթղթերը»։
29) Հավելվածի 59-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«59. Առանձին հողամասի նպատակային նշանակության կամ քաղաքաշինական գոտևորման (կառուցապատման) չափորոշիչների և 24-րդ կետի 4-րդ ենթակետում նշված հողերի գործառնական նշանակության փոփոխության մասով համակցված փաստաթղթում փոփոխություն կատարելու նպատակով համայնքի ղեկավարը մարզպետին ներկայացնում է առաջարկություն՝ կցելով Կարգի 58-րդ կետում նշված փաստաթղթերը: Մարզպետն իր դրական եզրակացությամբ առաջարկությունը 5 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է Լիազոր մարմին, իսկ բացասական եզրակացության դեպքում, իրավական ակտի կոնկրետ դրույթին հղմամբ հիմնավորելով կարծիքը, 5 աշխատանքային օրվա ընթացքում վերադարձնում է համայնքի ղեկավարին:».
30) Հավելվածի Ձև N 5-ի վերնագիրը «նպատակային» բառից հետո լրացնել «, գործառնական» բառով.
31) Հավելվածը լրացնել N 5.1 և N 5.2 ձևերով՝ հետևյալ բովանդակությամբ.
« Ձև N 5.1
______________________________________________________ (համայնքի անվանումը)
____________________________________(համայնքի ղեկավարի անունը, ազգանունը)
_____________________________________ (դիմողի անունը, ազգանունը (անվանումը)
__________________________________________ (բնակության վայրը (գտնվելու վայրը)
Դ Ի Մ ՈՒ Մ
ՀՈՂԱՄԱՍԻ (ՀՈՂԱՄԱՍԵՐԻ) ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՄԱՆ (ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՈՂ ԴԵՊՔԵՐ) ՄԱՍԻՆ
Խնդրում եմ փոփոխել __________________________________________________________________
հասցեում գտնվող հողամասի նպատակային նշանակությունը (հողամասի ծածկագիրը՝ _____________)
1) հողամասի մակերեսը՝ _______________, փոփոխվող հողամասի մակերեսը՝ __________________
2) գլխավոր հատակագծով նախատեսված նպատակային և գործառնական նշանակությունները՝
_________________________________________________________________________
3) առաջարկվող գործառնական նշանակությունը՝
_________________________________________________________________________
4) հողամասի գործառնական նշանակությունը փոփոխելու նպատակը (նախատեսվող օբյեկտի բնույթը, ծավալը, հզորությունը)՝
_________________________________________________________________________
5) բիզնեսի նպատակով նախատեսվող օբյեկտների մասին տեղեկատվություն (կատարվելիք ներդրումների չափի և ստեղծվելիք աշխատատեղերի վերաբերյալ)՝
_________________________________________________________________________
6) հողամասի սեփականության (օգտագործման (վարձակալության), իրավունքի վկայականի պատճենը՝
_____________________________________________թերթ.
7) ինքնակամ շինություններ (առկայության դեպքում)՝ __________________________________
|
Դիմող |
_______________________ (ստորագրությունը) |
______________________________________ (անունը, ազգանունը) |
_______ ________________ 20 թ.
Ձև N 5.2
______________________________________________________ (համայնքի անվանումը)
_____________________________________(համայնքի ղեկավարի անունը, ազգանունը)
______________________________________ (դիմողի անունը, ազգանունը (անվանումը)
__________________________________________ (բնակության վայրը (գտնվելու վայրը)
Դ Ի Մ ՈՒ Մ
ՀԱՍՏԱՏՎԱԾ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾ ԿԱՄ ՀԱՄԱԿՑՎԱԾ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ ՈՒՆԵՑՈՂ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ՀՈՂԱՄԱՍԻ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՏԵՎՈՐՄԱՆ (ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ) ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Խնդրում եմ փոփոխել __________________________________________________________________
հասցեում գտնվող հողամասի կառուցապատման չափորոշիչները (հողամասի ծածկագիրը՝ _____________)
1) հողամասի մակերեսը՝ _______________, փոփոխվող հողամասի մակերեսը՝ __________________
2) գլխավոր հատակագծով նախատեսված կառուցապատման չափորոշիչները (հապավումը)՝
_____________________________________________________________________________
3) առաջարկվող կառուցապատման չափորոշիչները (հապավումը)՝
_____________________________________________________________________________
4) կառուցապատման չափորոշիչները փոփոխելու նպատակը (նախատեսվող օբյեկտի բնույթը, ծավալը, հզորությունը)՝
_____________________________________________________________________________
5) բիզնեսի նպատակով նախատեսվող օբյեկտների մասին տեղեկատվություն (կատարվելիք ներդրումների չափի և ստեղծվելիք աշխատատեղերի վերաբերյալ)՝
_____________________________________________________________________________
6) հողամասի սեփականության (օգտագործման (վարձակալության), իրավունքի վկայականի պատճենը՝
_____________________________________________թերթ.
|
Դիմող |
_______________________ (ստորագրությունը) |
______________________________________ (անունը, ազգանունը) |
_______ ________________ 20 թ. ».
32) որոշման N 2 Հավելվածի 14-րդ կետում «ՀՀ վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված՝ Քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության վարչապետի 2024 թվականի նոյեմբերի 1-ի N 978-Լ որոշմամբ ստեղծված՝ Քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի պետական համալիր փորձաքննություն իրականացնող հանձնաժողովի» բառերով.
33) որոշումը լրացնել նոր՝ N 3 հավելվածով` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
3. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահին՝ մինչև 2027 թվականի մարտի 1-ը ապահովել էլեկտրոնային հարթակում սույն որոշման հավելվածից բխող անհրաժեշտ տեխնիկական փոփոխությունների կատարումը։
-
Քննարկվել է
16.05.2025 - 31.05.2025
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Քաղաքաշինություն
-
Գերատեսչություն
Քաղաքաշինության կոմիտե
Դիտումներ` 1643
Տպել