Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 665-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 665-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Ներկայացվող նախագծի ընդունումը նպատակ ունի բարելավել  օդային երթևեկության կառավարման կարգավարների (այսուհետ՝ ՕԵԿ կարգավար) սոցիալական պաշտպանվածությունը՝ հաշվի առնելով նրանց աշխատանքի առանձնահատկությունները և պատասխանատվության բարձր մակարդակը։

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը

  1. «Պետական կենսաթոշակների մասին օրենքով այսուհետ՝ Օրենք սահմանված է աշխատանքային կենսաթոշակ հաշվարկելու կարգը բանաձևը: Բանաձևում կիրառվող՝ աշխատանքային ստաժի 1 տարվա արժեքը առաջին 10 տարվա համար 950 դրամ է, տասը տարին գերազանցող յուրաքանչյուր տարվա համար 500 դրամ:

Ծայրահեղ աղքատության գծից ցածր կենսաթոշակները բացառելու նպատակով 2019 թվակականին սահմանվեց «նվազագույն կենսաթոշակ եզրույթը՝ հաշվարկված աշխատանքային կենսաթոշակի չափը չի կարող պակաս լինել Կառավարության սահմանած նվազագույն կենսաթոշակի չափից՝ քիչ ստաժով մինչև 11-12 տարի աշխատողների կենսաթոշակներն անկախ ստաժից ավելացվում են: Կենսաթոշակի չափը կախված չէ ո՛չ ստաժի տևողությունից, ո՛չ ստացած աշխատավարձի չափից: Միաժամանակ նվազում է հիմնական կենսաթոշակի, որպես կենսաթոշակի նվազագույն չափի, դերը: Ստացվում է` քիչ ստաժերի համար կենսաթոշակի նվազագույն չափը նվազագույն կենսաթոշակն է 36000 դրամ, իսկ շատ ստաժերի համար՝ հիմնական կենսաթոշակը 24000 դրամ:

Ներկայիս կենսաթոշակային կարգավորումները, ինչպես նախանշված է, նպատակ ունեն լուծել սոցիալական խնդիրները՝ սահմանելով կենսաթոշակի նվազագույն շեմ:

Այնուամենայնիվ, այս մոտեցումը հաշվի չի առնում որոշ մասնագիտությունների յուրահատուկ բնույթը, ինչպիսին է ավիացիոն կարգավարների դեպքում, որտեղ ռիսկերն ի սկզբանե ավելի բարձր են: Կարգավարների կենսաթոշակը պետք է արտացոլի նրանց էական դերը ավիացիոն արդյունաբերության մեջ (ինպես օդաչուների, այնպես էլ ավիացիոն ինժեներների)՝ ընդունելով նրանց պարտականությունների բարդությունը, պահանջվող ընդարձակ անդադար վերապատրաստումը/ատեստավորումը և պատասխանատվության բարձր մակարդակը:

 Օդային երթևեկության կառավարման կարգավարները (դիսպետչերները) առանցքային դեր են խաղում ավիացիոն անվտանգության ապահովման գործում:  Նրանց պարտականությունները ներառում են թռիչքների պլանավորում, օդային երթևեկության հսկողության հետ համակարգում և արտակարգ իրավիճակների արձագանքում: Կարգավարների աշխատանքը պահանջում է բարձր մասնագիտական պատրաստվածություն, սթրեսակայունություն և արագ որոշումներ կայացնելու ունակություն:  Հաշվի առնելով նրանց պատասխանատվության բարձր աստիճանը, ինչպես նաև ֆիզիկական և մտավոր ծանրաբեռնվածությունը, կարևոր է ըստ արժանվույն գնահատել նրանց աշխատանքը՝ տրամադրելով համապատասխան կենսաթոշակային ապահովություն։

Կարգավարները, ի տարբերություն շատ այլ մասնագիտությունների, անմիջականորեն ներգրավված են թռիչքների անվտանգության և գործառնական արդյունավետության ապահովման մեջ: Նրանց որոշումները կարող են կյանք փրկող նշանակություն ունենալ, և նրանց փորձագիտությունը զգալիորեն նպաստում է ավիացիոն ոլորտի տնտեսական բարեկեցությանը: Հետևաբար, տարբերակված կենսաթոշակային համակարգը, որը կարգավարներին առաջարկում է  համապատասախան արժեք, կլինի ոչ միայն նրանց անփոխարինելի դերի ճանաչում, այլև խթան՝ այս կենսական ոլորտում որակյալ մասնագետների պահպանման համար:

Օրենքը սահմանում է, որ երկարամյա ծառայության կենսաթոշակ է նշանակվում այն կարգավարներին, ովքեր հասել են 50 տարեկան հասակի և ունեն առնվազն 25 տարվա աշխատանքային ստաժ, որից 15 տարին՝ անմիջապես օդային երթևեկության կառավարման բնագավառում։ Սակայն այս դրույթը բավարար չէ՝ հաշվի առնելով այս մասնագիտության առանձնահատկությունները և դրա հետ կապված մարտահրավերները։ Ինչպես նաև կարգավարների կենսաթոշակային ապահովման անհամաչափությունն ակնհայտ է՝ պայմանավորված օդաչուների և ինժեներների զգալիորեն ավելի բարենպաստ կենսաթոշակային պայմաններով: Հաշվի առնելով, որ օդային երթևեկության անվտանգությունն ու շարունակականությունը կախված են այս մասնագետների փոխադարձ և անբաժանելի համագործակցությունից, նման տարբերակված մոտեցումը խաթարում է ոչ միայն սոցիալական արդարությունը, այլև համակարգային կայունությունը: Այն առաջացնում է խտրական վերաբերմունք նույն ոլորտում գործունեություն իրականացնող և համեմատելի պատասխանատվություն կրող մասնագետների միջև՝ նվազեցնելով կարգավարի մասնագիտության գրավչությունն ու խոչընդոտելով բարձրակարգ մասնագետների պահպանմանը ոլորտում:

Անդրադառնալով ներկայիս կարգավորմանը ունենք հետևյալ պատկերը․

Կենսաթոշակի աշխատանքային մասը աշխատանքային ստաժի տարիների, աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքի և կենսաթոշակառուի անձնական գործակցի արտադրյալն է:

Մինչև 10 տարվա (ներառյալ) աշխատանքային ստաժի առկայության դեպքում աշխատանքային կենսաթոշակը հաշվարկվում է Կ = Հ + (Ս X Ա) X Գ բանաձևով, իսկ 10 տարուց ավելի աշխատանքային ստաժի առկայության դեպքում՝ Կ = Հ + (10 X Ա + (Ս-10) X Ա1) X Գ բանաձևով, որտեղ`

Կ-ն կենսաթոշակի ամսական գումարն է,

Հ-ն` հիմնական կենսաթոշակի չափը,

Ս-ն` աշխատանքային ստաժի տարիները,

Ա-ն` մինչև 10 տարվա (ներառյալ) աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը,

Ա1-ը՝ 10 տարին գերազանցող աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը,

Գ-ն` կենսաթոշակառուի անձնական գործակիցը:

  1. Կենսաթոշակառուի անձնական գործակիցը սահմանվում է`

1) մինչև 10 տարվա (ներառյալ) աշխատանքային ստաժի մեկ տարվա համար` 0,1.

2) 11-ից մինչև 40 տարվա (ներառյալ) աշխատանքային ստաժի մեկ տարվա համար` 0,01.

3) 40 տարուց ավելի աշխատանքային ստաժի մեկ տարվա համար` 0,02:

Կենսաթոշակառուի անձնական գործակիցը հաշվարկվում է`

ա) մինչև 10 տարվա (ներառյալ) ստաժի առկայության դեպքում` Գ=0,1 X Ս բանաձևով.

բ) 11-ից մինչև 40 տարվա (ներառյալ) աշխատանքային ստաժի առկայության դեպքում` Գ=1+0,01 X (Ս-10) բանաձևով.

գ) 40 տարուց ավելի աշխատանքային ստաժի առկայության դեպքում` Գ=1.3+0,02 X (Ս-40) բանաձևով:

Կենսաթոշակառուի անձնական գործակիցը չի կարող գերազանցել 2-ը:

Օրինակ՝ 40 տարվա աշխատանքային ստաժի դեպքում աշխատանքային կենսաթոշակը կկազմի`

24000 + ((10×950դրամ+(40-10) x 500դրամ) x 1,3 (գործակից)) = 55,850 դրամ:

Օդային երթևեկության կարգավարները ամեն օր պատասխանատու են հազարավոր մարդկանց կյանքերի համար։ Նրանք աշխատում են այնպիսի պայմաններում, որտեղ սթրեսը ոչ թե պարզապես աշխատանքային գործոն է, այլ մշտական ուղեկից։ Նրանք պետք է միաժամանակ մշակեն բազմաթիվ տվյալներ, կայացնեն արագ որոշումներ և պահպանեն բացարձակ կենտրոնացվածություն։

Հատկանշական է նաև այն, որ ի տարբերություն շատ այլ մասնագիտությունների, օդային երթևեկության կարգավարների գիտելիքները և հմտությունները խիստ մասնագիտացված են և գործնականում դժվար կիրառելի այլ ոլորտներում։ Բացի այդ, տվյալ մասնագիտության ձեռքբերումը պահանջում է երկարաժամկետ ու բարդ պատրաստություն, ինչի մասին փաստում են «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ի երկարամյա տարիների փորձը։

Ավիացիոն ոլորտում ՕԵԿ կարգավարի արժանապատիվ կենսաթոշակային ապահովումը կարող է նշանակալի ազդեցություն ունենալ այս մասնագիտության կայուն սերնդափոխությանը՝ խթանելով նոր մասնագետների ներգրավումն ու ապահովելով մասնագիտության շարունակական զարգացումը։

Նախևառաջ, արժանապատիվ կենսաթոշակը կարող է ծառայել որպես խթան երիտասարդ մասնագետների համար, որոնք փնտրում են կայուն և արժանապատիվ վարձատրվող աշխատանք:

Օդային երթևեկության կառավարման կարգավար դառնալը պահանջում է երկարատև ուսուցում (ինպես նաև շարունակական ընթացիկ վերապատաստումների և որակավորման բարձրացումներ), բարձր պատասխանատվություն և սթրեսակայունություն, ուստի ֆինանսական կայունության հստակ հեռանկարը կարող է գրավել տաղանդավոր ու նպատակասլաց անհատների:

1.2 Միջազգային փորձ

Միջազգային փորձը ցույց է տալիս, որ զարգացած երկրների մեծ մասում օդային երթևեկության կարգավարներն ունեն արտոնյալ կենսաթոշակի իրավունք։ Մասնավորապես, EUROCONTROL-ը՝ Եվրոպական Օդային Նավիգացիայի Անվտանգության Կազմակերպությունը, սահմանել է քաղաքականություն, ըստ որի առաջարկում է 57 տարեկանը լրացած կարգավարներին դադարեցնել ակտիվ աշխատանքը։ EUROCONTROL-ի կենսաթոշակային սխեման կառուցվածքային հաշվարկման մեթոդի հիման վրա ապահովում է կարգավարների սոցիալական պաշտպանությունը՝ ներառելով ինչպես ստանդարտ կենսաթոշակային պարամետրեր, այնպես էլ մասնագիտական դերի համար նախատեսված լրացուցիչ արտոնություններ։ Բանաձևը ներառում է հիմնական կենսաթոշակ, հատուկ նպաստներ, կյանքի ծախսերի ճշգրտումներ և հարկային փոխհատուցումներ, ինչը կարգավարներին հնարավորություն է տալիս ստանալ կենսաթոշակ, որը կարող է կազմել նրանց վերջին պաշտոնը զբաղեցրած հիմնական աշխատավարձի մինչև 70%-ը։

Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի   5-ի N 665-Ն որոշման  հավելված 5-ը սահմանում է  քաղաքացիական ավիացիայի աշխատողներին երկարամյա ծառայության աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող պաշտոնների ցանկ, որտեղ թվարկվում է  օդային երթևեկության կառավարման ծառայության կարգավարի (դիսպետչերի) վկայական ունեցող աշխատողներ դասերը։ Սակայն առաջնորդվելով Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (այսուհետ` ԻԿԱՕ) դոկ 9379-AN/916-ի հավելված 1-ով, օդային երթևեկության կառավարման կարգավարի վկայականը չի պարունակում պաշտոնների առանձնացում կամ համապատասխան դասեր, իսկ տվյալ ցանկը սահմանելով կարգավարների առանձնացված պաշտոններ առաջացնում է անհամապատասխանություներ ընդունված միջազգային ստանդարտներին և սահմանափակում է կարգավարների կենսաթոշակից օգտվելու իրավունքը։

Հաշվի առնելով ՕԵԿ կարգավարների բարձր սթրեսային միջավայրը, ֆունկցիոնալ պահանջները, միջազգային նախադեպերը ու EUROCONTROL-ի քաղաքականությունը՝ առաջարկվում է ապահովել նրանց արժանապատիվ կենսաթոշակ և վաղ թոշակի անցնելու հնարավորություն։ Դա ոչ միայն արդարացի փոխհատուցում է նրանց ծառայության համար, այլև ապահովում է օդային երթևեկության անվտանգության և արդյունավետության պահպանումը։

  1. Առաջարկվող լուծումը

«Հայաստանի Հանրապետության Կառավարության  2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման» մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագծի օրենքի նախագծով առաջարկվում է՝

Օդային երթևեկության կառավարման կարգավարի (դիսպետչերի) աշխատանքային ստաժը հաշվարկելիս աշխատած ժամանակահատվածի աշխատանքային ստաժը հաշվառել 2 գործակցով:

Նախագծով առաջարկվում է նաև սահմանել հետադարձ ուժ՝ բոլոր շահառուների համար հավասար պայմաններ ապահովելու նպատակով։

Անհարկի սահմանափակումներից խուսափելու նպատակով ՕԵԿ կարգավարի պաշտոնների  ցանկը սահմանող հավելվածից հանել ՕԵԿ կարգավարի դասերն ու պաշտոնները սահմանող կետերը։ 

  1. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

              Նախագծի ընդունվելու դեպքում կվերանայվեն օդային երթևեկության կառավարման կարգավարների կենսաթոշակային ապահովության առանձին հիմնարար դրույթները, ինչպես նաև կլուծվեն իրավակիրառ պրակտիկայում ծագած խնդիրներ:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագիծը բխում է Կառավարության 2021-2026թթ. ծրագրի 4.6-րդ կետից՝ կենսաթոշակառուներին և նպաստառուներին մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, ինչպես նաև կենսաթոշակների և նպաստների նշանակման, վճարման գործընթացները լավարկելու նպատակով կատարելագործվելու է օրենսդրությունը, ընդլայնվելու է առցանց մատուցվող ծառայությունների շրջանակը՝ ի հաշիվ տեղեկատվական համակարգեր ներառող տվյալների ստացման որակական և քանակական բարելավման:

Նախագծի ընդունմամբ կառավարության ծրագրի 4.6-րդ կետով կենսաթոշակային ապահովության ոլորտում նախատեսված թիրախների Կառավարությունը քայլեր է ձեռնարկելու մինչև 2026 թվականը նվազագույն կենսաթոշակի և կենսաթոշակի միջին չափերը հավասարեցնել համապատասխանաբար պարենային և սպառողական զամբյուղների արժեքներին հասանելիությունը կապահովվի սոցիալական արդարության առումով ավելի ընդունելի ցուցանիշների միջոցով:

  1. Տեղեկանք պետական բյուջեի եկամուտների և ծախսերի վերաբերյալ

Նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտները չեն ավելանա կամ նվազի, իսկ ծախսերը կավելանան ըստ կից ներկայացված տեղեկանքի։

 

  • Քննարկվել է

    05.05.2025 - 21.05.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման

  • Գերատեսչություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2241

Տպել

Առաջարկներ`

Հայկուհի Դանիելյան

09.05.2025

Ողջույն։ Խիստ պատասխանատու աշխատանք, որն ըստ արժանվույն է գնահատվում բոլոր երկրներում, եթե այժմյան աշխատավարձը կարելի համարել բարձր, կենսաթոշակի հարցում թերացումը մեծ է։ Մեր դիսպետչերների աշխատանքը իր բարդությամբ շատ հարցերում գերազանցում է եվրոպական որոշ երկրների աշխատանքին, բայց իրենց թոշակները աշխատավարձերին համարժեք են, իսկ դուք դեռ մտածում եք 2 գործակից բարձրացնել, թե ոչ։ Որակ պահանջել ինչպես առաջատար երկրներում , բայց չապահովել արժանավայել վարձատրություն , հարիր չէ

Լևոն Ղարիբյան

08.05.2025

Ավիակարգավարների (կամ՝ օդային երթևեկության կարգավորողների) աշխատանքը օդային տրանսպորտի համակարգի հիմնասյուներից մեկն է։ Նրանց մասնագիտական գործունեությունը հաճախ կատարվում է ծայրահեղ լարված և պատասխանատու պայմաններում՝ ուղղակիորեն ազդելով թռիչքների և ուղևորների կյանքի անվտանգության վրա։ Հաշվի առնելով հետևյալ հանգամանքները՝ • ծառայության բարձր ռիսկայնությունը, • առողջության վրա երկարաժամկետ բեռնվածությունը (հոգեկան և ֆիզիկական), • մասնագիտության համար անհրաժեշտ երկարատև ուսուցումն ու մշտական վերապատրաստումները, • սահմանափակ աշխատանքային տարիքը (շատ երկրներում կարգավարները թոշակի են անցնում ավելի վաղ), հիմնավորված է ավիակարգավարների համար թոշակների վերանայման և բարձրացման անհրաժեշտությունը։

Կարինե Աբրահամյան

08.05.2025

Ավիակարգավարի աշխատանքը բարդ է, սթրեսային և հերթափոխային, ինչի հետևանքով ավիակարգավարները առողջական խնդիրների են հանդիպում դեռ վաղ տարիքից, նման մարդիկ պետք է ստանան պետական աջակցություն, զգան ապահով` իրենց երկրին ծառայելով։

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: