Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 11-Ի N431-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 11-Ի N431-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

        Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մայիսի 27-ի նիստի N23 արձանագրային որոշման Հայաստանում Անապատացման դեմ պայքարի 2015-2020 թվականների գործողությունների ազգային ծրագրի 1.2-րդ կետով սահմանված՝ բնապահպանության նախարարությանը հանձնարարվել էր մշակել ՀՀ hողային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը՝ ցամաքային ծածկույթի դասակարգման համակարգի վերաբերյալ անհրաժեշտ դրույթներ ներդնելու նպատակով:

2018 թվականի հունիսի 13-ին ընդունվել է «Հայաստանի Հանրապետության hողային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՕ-360-Ն օրենքը, ինչի համաձայն օրենսգիրքը լրացվել է նոր՝ 6.1-րդ հոդվածով: Հոդվածի շրջանակներում տրվել է ցամաքային ծածկույթի դասակարգումը, ինչպես նաև դասակարգման կարգը հաստատելու իրավասություն է տրվել Կառավարությանը, ինչի արդյունքում շրջակա միջավայրի նախարարության կողմից մշակվել և սահմանված կարգով Կառավարության քննարկմանն է ներկայացվել «Հայաստանի Հանրապետության ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգման կարգը հաստատելու մասին Կառավարության որոշման նախագիծը: Նախագիծը հաստատվել է Կառավարության  2019 թվականի ապրիլի 11-ի N431-Ն որոշմամբ:

           Համաձայն ՄԱԿ-ի «Անապատացման դեմ պայքարի» կոնվենցիայի կողմերի կոնֆերանսի 22/COP.11 որոշման՝ «ցամաքային տարածքի ծածկույթի փոփոխման միտումը» առաջընթացի ցուցանիշ է: Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2019 թվականի ապրիլի 11-ի N431-Ն որոշմամբ հաստատեց Հայաստանի Հանրապետության ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգման կարգը (այսուհետ՝ կարգ), որի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունն ամեն տարի ամփոփված և վերլուծված տվյալների հիման վրա ընդունում է «Հայաստանի Հանրապետության ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգման մասին» որոշում (հիմք՝ Կառավարության 2021 թվականի մայիսի 6-ի «Հայաստանի Հանրապետությունում հողերի դեգրադացիայի չեզոքացման ծրագիրը հաստատելու մասին N725-Լ որոշում)։

          Կարգի համաձայն շրջակա միջավայրի նախարարությունն ամփոփում և վերլուծում է մարզպետների և Երևանի քաղաքապետի ներկայացրած ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգումը` հողերի ընթացիկ հաշվառման արդյունքում կազմված հողային ֆոնդի առկայության և բաշխման վերաբերյալ հաշվետվության (հողային հաշվեկշռի) յուրաքանչյուր տարվա տվյալների հիման վրա, կազմում է «Հայաստանի Հանրապետության ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգման մասին» Կառավարության որոշման նախագիծը (այսուհետ՝ դասակարգման մասին Կառավարության որոշման նախագիծ) և ներկայացնում Կառավարության հաստատմանը։

          Դասակարգման մասին Կառավարության որոշման նախագծի մշակումը կապված է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մայիսի 27-ի նիստի Հայաստանի Հանրապետությունում անապատացման դեմ պայքարի ռազմավարությանը և գործողությունների ազգային ծրագրին հավանություն տալու մասին N23 արձանագրային որոշման հետ, ինչպես նաև Կառավարության 2021-2026թթ. ծրագրի հետ (շրջակա միջավայրի կառավարման առաջնահերթ ուղղությունների 4.10 մասի 10-րդ պարբերություն` հողերի աղտոտման և դեգրադացման կանխարգելմանն ու նվազմանն ուղղված քաղաքականության մշակումը և իրականացումը):

      Նախարարությունը 2024 թվականի հողային հաշվեկշռի նախագծային տվյալների հիման վրա ամփոփել և վերլուծել է մարզպետների և Երևանի քաղաքապետի ներկայացրած ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգումը, կազմել է Հայաստանի Հանրապետության ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգումը (2024 թվականի հուլիսի 1-ի դրությամբ) և հողերի կառավարման լիազորված պետական մարմինների հետ համաձայնեցնելուց հետո, սահմանված կարգով ներկայացրել է Կառավարության հաստատմանը։

          2025 թվականի փետրվարի 24-ին կայացած Տարածքային զարգացման և շրջակա միջավայրի նախարարական կոմիտեի նիստի NԿԱ/59 արձանագրության 2-րդ կետով նախագծի վերաբերյալ տրվել է բացասական դիրքորոշում՝ առաջարկելով շրջակա միջավայրի նախարարությանը կադաստրի կոմիտեի հետ քննարկել և ներկայացնել Կառավարության 2019 թվականի ապրիլի 11-ի N431-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու վերաբերյալ իրավական ակտի նախագիծ, ինչով կնախատեսվի ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգման մասին տեղեկատվությունն ազգային գեոպորտալին փոխկապակցելու կարգավորում, ազգային գեոպորտալի լավարկման նպատակով։

         Առկա որոշմամբ սահմանված տվյալները զուտ թվային արժեքներ են, դրանք տարածական տվյալներ չեն, ինչպես նաև չունեն Երկրի մակերևույթի վրա կամ տարածության մեջ որոշակի տեղադիրքին վերաբերող աշխարհագրական տվյալներ՝ կոորդինատներ։ Ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգման վերաբերյալ առկա տեղեկատվությունը, զուտ թվային արժեք լինելով հանդերձ, անհնար է փոխակերպել տարածական տվյալի և փոխկապակցել ազգային գեոպորտալին։

         Կադաստրի կոմիտեն քննարկումների արդյունքում ներկայացրել է դիրքորոշում այն մասին, որ հարկավոր է միջոցներ ձեռնարկել ցամաքային տարածքի ծածկույթի քարտեզագրական շերտերի կազմման և ազգային գեոպորտալին ինտեգրման համար՝ համաձայն հաստատված ՀՍՏ451-2024 «Ցամաքային տարածքի ծածկույթի» ազգային ստանդարտի։

           Հաշվի առնելով վերոնշյալը, անհրաժեշտություն է առաջացել սահմանել իրավակարգավորում ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգման վերաբերյալ տարածական տեղեկատվություն ստեղծելու և ազգային գեոպորտալին փոխկապակցելու վերաբերյալ։

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

Առաջարկվում է 2019 թվականի ապրիլի 11-ի N431-Ն որոշման մեջ կատարել լրացումներ՝ ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգման վերաբերյալ տարածական տեղեկատվություն ստեղծելու և ազգային գեոպորտալին փոխկապակցելու մասով կարգավորման համար։

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտներն և անձինք.

Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից:

4. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ստեղծել իրավական հիմքեր՝ ցամաքային ծածկույթի վերաբերյալ տարածական տվյալներ ստեղծելու, դրանք օգտագործելու հողերի արդյունավետ կառավարման, հողերի պահպանության, հողօգտագործման նպատակային ծրագրերի իրականացման համար:

5 Նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման կամ փոփոխությունների կատարման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման կամ փոփոխությունների կատարման անհրաժեշտություն չկա:

6. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

Նախագծի ընդունմամբ պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություն չի նախատեսվում։

7.Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

«Կառավարության 2019 թվականի ապրիլի 11-ի N431-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի մշակումը բխում է Կառավարության 2021-2026թթ. ծրագրից (շրջակա միջավայրի կառավարման առաջնահերթ ուղղությունների 4.10 մասի 10-րդ պարբերություն` հողերի աղտոտման և դեգրադացման կանխարգելմանն ու նվազմանն ուղղված քաղաքականության մշակումը և իրականացումը):

 

  • Քննարկվել է

    02.05.2025 - 17.05.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Բնապահպանություն, Կադաստր

  • Գերատեսչություն

    Շրջակա միջավայրի նախարարություն

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1884

Տպել

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: