Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾՆԵՐԻ ԱՊԱՍՏԱՐԱՆԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՊԱՍՏԱՐԱՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1078-Ն ԵՎ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1069-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Ստելլա Չանդիրյան 23.04.2018 11:57:43 18.01.2018 թվականին Հայաստանի Հանրապետության կողմից ստորագրված «Կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության կանխարգելման եւ դրա դեմ պայքարի մասին» 11.05.2011 թվականի Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի 23-րդ հոդվածով սահմանվում է մասնակից պետությունների՝ ապաստարանների ստեղծման եւ դրանց տրամադրման պարտավորությունը։ Կոնվենցիայի բացատրական զեկույցով (https://rm.coe.int/16800d383a) հստակ սահմանվում է, որ ապաստարանների նպատակն է անհապաղ ապահովել տուժածների, հատկապես կանանց եւ երեխաների համար անվտանգ բնակեցման ապահովումը, երբ նրանց համար ապահով չէ այլեւս շարունակել բնակվել իրենց տանը։ Միեւնույն ժամանակ նշված զեկույցով սահմանվում է, որ ժամանակավոր կամ ընդհանուր ապաստարանները, ինչպիսին են անօթեւանների ապաստարանները, բավարար չեն եւ չեն ապահովվում անհրաժեշտ աջակցություն ընտանեկան բռնության զոհերին: Նման իրավիճակում հայտնված անձինք բախվում են բազմաթիվ խնդիրների հետ, որոնք կապված են իրենց առողջության, անվտանգության, ֆինանսական վիճակի եւ իրենց երեխաների բարեկեցության հետ: Նման ապաստարաններն ապահովում են կանանց եւ իրենց երեխաներին աջակցության տրամադրում՝ հնարավորություն ընձեռելով նրանց հաղթահարել իրենց տրավմատիկ փորձառությունները, թողնել բռնության հարաբերությունները, վերականգնել իրենց ինքնագնահատականն ու հիմք ստեղծել իրենց անկախ կյանքի ընտրության համար: Հաշվի առնելով վերոգրյալն ու հարցի կապակցությամբ առկա միջազգային լավագույն փորձը՝ Եվրոպայի խորհրդի կողմից մշակվել են ընտանեկան բռնության զոհերի ապաստարանների վերաբերյալ նվազագույն չափանիշներ (այսուհետ՝ Նվազագույն չափանիշներ - https://rm.coe.int/1680096e49), որոնք նպատակահարմար է կիրառել համապատասխան իրավական ակտեր մշակելիս։ Հիմք ընդունելով Նվազագույն չափանիշների դրույթները՝ առաջարկում ենք Նախագծում կատարել հետեւյալ փոփոխությունները. Չի ընդունվել: Ներկայացված առաջարկը հստակ չի ձևակերպված:
2 Ստելլա Չանդիրյան 23.04.2018 11:57:43 Նվազագույն չափանիշներով սահմանվում է, որ ապաստարաններում ծառայություններ տրամադրող անձնակազմը պետք է կազմված լինի իգական սեռի աշխատակիցներից։ Նման չափանիշն, ի թիվս այլ միջազգային փաստաթղթերի, բխում է նաեւ «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածով ամրագրված ֆիզիկական եւ անձնական կյանքի հարգանքի սկզբունքից։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջարկում ենք Նախագծով կարգավորել նաեւ այդ հարցը։ Չի ընդունվել: Ներկայացված առաջարկի ընդունումը նպատակահարմար չէ:
3 Ստելլա Չանդիրյան 23.04.2018 11:57:43 Նախագծի Հավելված № 2-ով սահմանվել է ընտանիքում բռնության ենթարկվածների համար նախատեսված ապաստարանների ֆինանսավորման պայմանագրի օրինակելի ձեւը, որի 7.1 կետից հետեւում է, որ պայմանագիրը կնքվելու է որոշակի ժամանակահատվածով։ Միեւնույն ժամանակ, սակայն, Նախագծով կարգավորված չէ այն հարցը, թե ինչ է տեղի ունենալու այն պարագայում, երբ կնքված պայմանագրով սահմանված ժամկետն ավարտվի, բայց ապաստարանում գտնվող անձինք դեռեւս կարիք ունենան գտնվելու ապաստարանում։ Ասվածի կապակցությամբ հարկ է նշել, որ Նվազագույն չափանիշներով նախատեսվում է, որ ապաստարանների ծառայությունները պետք է հասանելի լինեն շահառուների համար այնքան ժամանակ, որքան վերջիններս դրա անհրաժեշտությունն ունեն։ Ելնելով վերոգրյալից եւ հաշվի առնելով ապաստարաններում գտնվող շահառուների պաշտպանության եւ ապահովության կարեւորությունը՝ առաջարկում ենք Նախագծով սահմանել, որ Պատվիրատուն ողջամիտ ժամկետում համապատասխան քայլեր պետք է ձեռնարկի ապահովելու շահառուների տեղափոխումն այլ ապաստարաններ՝ մինչ Պատվիրատուի եւ Կատարողի միջեւ կնքված պայմանագրի ժամկետի լրանալը։ Չի ընդունվել: Ներկայացված առաջարկի ընդունումը նպատակահարմար չէ:
4 Ստելլա Չանդիրյան 23.04.2018 11:57:43 Նախագծով կանոնակարգված չէ նաեւ, թե ինչ կարգով եւ ինչ ժամկետներում են իրականացվելու ապաստարան ընդունվող շահառուների կաիրքների գնահատումը։ Հարկ է նկատել, որ Նվազագույն չափանիշներով սահմանվում է, որ կարիքների գնահատումը պետք է իրականացվի գրավոր եւ ավարտվի շահառուի ընդունելության 3-ից 7 օրվա ընթացքում: Այն իր մեջ պետք է ներառի. • շահառուի առողջապահական/բժշկական կարիքների վերաբերյալ տեղեկություն, • երեխաների վերաբերյալ տեղեկություն, • բնակարանային հարցերի (առկայության, պայմանների) վերաբերյալ տեղեկություն, • շահառուի կարգավիճակի առնչությամբ առկա իրավական տարբերակների եւ հնարավոր լուծումների վերաբերյալ տեղեկություն, • շահառուին տրամադրվող ֆինանսական աջակցության հնարավորությունների եւ առկա տարբերակների վերաբերյալ տեղեկություն, • շահառուի կրթության, զբաղվածության, հնարավոր վերապատրաստումների վերաբերյալ տեղեկություն։ Ապաստարան ընդունվող շահառուների իրավունքների պաշտպանության եւ վերջիններիս արդյունավետ աջակցության տրամադրման համար՝ առաջարկում ենք Նախագծով կարգավորել նաեւ նրանց կարիքերի գնահատման ընթացակարգը։ Չի ընդունվել: Ներկայացված առաջարկը նախագծի կարգավորման շրջանակից դուրս է:
5 Ստելլա Չանդիրյան 23.04.2018 11:57:43 Նախագծի Հավելված № 1-ով սահմանվում է, որ ընտանիքում բռնության ենթարկվածների ապաստարանն ընտանիքում բռնության ենթարկվածներին, անհրաժեշտության դեպքում իրենց խնամքի տակ եղող անձանց (այսուհետ՝ շահառուներ) տրամադրում է համապատասխան ծառայություններ։ Նշված ձեւակերպմամբ, սակայն, պարզ չէ, թե ինչպես է գնահատվելու անհրաժեշտության գործակիցը։ Ավելին, հարցի կապակցությամբ միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ բռնության ենթարկված անձանց հետ միասին ապաստարաններում են գտնվում նաեւ նրանց երեխաները, ուստի առաջարկում ենք վերաձեւակերպել նշված դրույթն ու սահմանել․ «Ընտանիքում բռնության ենթարկվածների ապաստարանն ընտանիքում բռնության ենթարկվածներին, նրանց երեխաներին եւ անհրաժեշտության դեպքում իրենց խնամքի տակ եղող անձանց (այսուհետ՝ շահառուներ) անհրաժեշտ ծառայություններ տրամադրելու համար պետք է համալրված լինի ստորեւ ներկայացված համապատասխան որակավորում ունեցող մասնագետներով։»։ Չի ընդունվել: Ներկայացված առաջարկը, մասնավորապես «երեխաների դեպքում» կարգավորված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1069-Ն որոշմամբ հաստատված N 3 հավելվածով:
6 Ստելլա Չանդիրյան 23.04.2018 11:57:43 Նախագծի 4-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն՝ առաջարկվում է ՀՀ կառավարության 10.09.2015 թվականի «Սոցիալական ծառայություններ տրամադրելու գործունեության հավաստագրման դեպքերը եւ կարգը հաստատելու մասին» № 1078-Ն որոշման Հավելվածի 15-րդ կետում սահմանել, որ որպես ժամանակավոր օթեւան կացարանով եւ ապաստարանով ապահովելու գործունեությունը հավաստագրելու համար դիմած կազմակերպությունները, բացառապես երեխաների համար նախատեսված կացարան ունենալու դեպքում, սույն կարգի 13-րդ կետում նշված պայմաններից բացի, տվյալ կացարանում պետք է ապահովեն նաեւ երեխայի խնամքի եւ դաստիարակության համար անհրաժեշտ նվազագույն չափորոշիչները: Հարկ է ընդգծել, որ Նվազագույն չափանիշներով սահմանվում է, որ ապաստարանները պետք է նպաստեն երեխաների կրթության իրավունքի պահպանմանը։ Որպես այդպիսին՝ նշված հաստատությունները կարող են համաձայնություն ձեռք բերել տեղի դպրոցների հետ՝ ապահովելու «Երեխայի իրավունքների մասին մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայով երաշխավորված կրության իրավունքի իրականացումը։ Ելնելով վերոգրյալից՝ առաջարկում ենք Նախագծով կարգավորումներ նախատեսել ապահովելու ապաստարաններում հայտնված երեխաների՝ ՀՀ Սահմանադրությամբ եւ «Երեխայի իրավունքների մասին մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայով երաշխավորված կրթության իրավունքի իրացման համար։ Չի ընդունվել: Ներկայացված առաջարկները կարգավորված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1069-Ն որոշմամբ հաստատված N 3 հավելվածով:
7 Ստելլա Չանդիրյան 23.04.2018 11:57:43 Նախագծով կարգավորումներ նախատեսված չեն նաեւ ապաստարաների անձնակազմի կարողությունների զարգացման վերաբերյալ։ Անհրաժեշտ է նշել, որ ապաստարաների անձնակազմի, ինչպես նաեւ ապաստարանում աշխատող կամավորների կարողությունների զարգացումը նույնպես ներառված է Նվազագույն չափանիշներում, համաձայն որի՝ պետք է անցկացվեն ապաստարանի աշխատակիցների կարողությունների զարգացմանն ուղղված վերապատրաստումներ, որոնք պետք է տեւեն նվազագույնը 30 ժամ եւ ներառեն հետեւյալ ոլորտները. • Կանանց նկատմամբ բռնության գենդերային վերլուծություն, • Հաղորդակցման եւ միջամտության մեթոդներ, • Գաղտնիության/կոնֆիդենցիալության պահպանություն, • Երեխաների պաշտպանություն, • Թարգմանության եւ հաշմանդամության ծառայությունների մատչելիություն, • Սեռական բռնության ազդեցություններն ու նշանակությունը, ներառյալ դրանց արդյունքում առաջացած տրավմաները, • Խտրականության արգելք, • Ռիսկերի գնահատում, • Շահառուների կարողությունների զարգացում։ Ելնելով վերոգրյալից՝ առաջարկում ենք Նախագծով կարգավորել նաեւ ապաստարանի անձնակազմի կարողությունների զարգացման կապակցությամբ կազմակերպվող վերապատրաստումները՝ հիմք ընդունելով Նվազագույն չափանիշներով սահմանված դրույթները։ Չի ընդունվել: Ներկայացված առաջարկը նախագծի կարգավորման շրջանակից դուրս է:
8 Ստելլա Չանդիրյան 23.04.2018 11:57:43 Նախագծի Հավելված № -ի 1-ին կետում «Թեժ գիծ» ծառայության օպերատորի գործառույթների բաժնում նշվում է, որ այն իրականացնում է շահառուների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում եւ նրանց բացահայտում «թեժ գիծ» ծառայության միջոցով։ Նշված ձեւակերպումից, սակայն, հասկանալի չէ, թե ու՞մ եւ ինչու՞ պետք է շահառուների վերաբերյալ տեղեկատվության տրամադրի այդ ծառայությունը։ Ենթադրվում է, որ ծառայության նպատակն է այդ ծառայության միջոցով բացահայատել հնարավոր շահառուներին, ուստի, հաշվի առնելով վերոգրյալն, առաջարկում ենք վերաշարադրել այս ձեւակերպումը։ Ընդունվել է և լրամշակվել:
9 Ստելլա Չանդիրյան 23.04.2018 11:57:43 Նախագծի Հավելված № 1-ի 1-ին եւ 2-րդ կետերով նախատեսվում է, որ ապաստարանների աշխատակիցներն ու պաշտոնատար անձինք չպետք է բացահայտեն ապաստարանում գտնվող շահառուների վերաբերյալ որեւէ տեղեկատվություն, սակայն Նախագծով սահմանված չէ, թե ինչ պատասխանատվության են ենթարկվելու տվյալ անձինք համապատասխան տեղեկատվության հրապարակման պարագայում։ Միաժամանակ Նախագծում չկա նաեւ հղում որեւէ այլ իրավական ակտի, որով կարգավորվում են տվյալ հարաբերությունները։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջարկում ենք Նախագծում կատարել համապատասխան փոփոխություններ։ Չի ընդունվել: Այդ հարաբերությունները կարգավորվում են «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածով:
10 Ստելլա Չանդիրյան 23.04.2018 11:57:43 Նախագծում բացակայում են կարգավորումներ հաշմանդամություն ունեցող շահառուների համար ապաստարանների հարմարեցվածության վերաբերյալ։ Առաջարկում ենք կատարել համապատասխան փոփոխություններ եւ ամրագրել, որ ապաստարանները պետք է ապահովեն հաշմանդամություն ունեցող շահառուների համար մատչելիությունն ու հարմարեցվածությունը։ Ընդունվել է, կատարվել է համապատասխան փոփոխություն:
11 Ստելլա Չանդիրյան 23.04.2018 11:57:43 Առաջարկում ենք Նախագծի Հավելված № 2-ի 6.1 կետում «լուծարել պայմանգիրը» արտահայտությունը փոխարինել «լուծել պայմանագիրը» արտահայտությամբ։ Ընդունվել է, կատարվել է համապատասխան փոփոխություն: