«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի N 355-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարություն որոշման նախագիծ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 26-Ի N 355-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
1. Անհրաժեշտությունը
Սույն նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) լրամշակումը պայմանավորված է Ծրագրի իրականացման արդյունավետության վերաբերյալ իրականացված ուսումնասիրության արդյունքներով վերհանված խնդիրների կարգավորման և դրանից բխող Ծրագրի շարունակականության վերանայման իրավական ընթացակարգի ներդրման անհրաժեշտությամբ։
2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Ծրագիրը, որն սկսել է գործել 2022 թվականի օգոստոս ամսից, նպատակ է ունեցել արտաքին աշխատաշուկաներից բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավմամբ նպաստել կազմակերպությունների արտադրողականության աճին։ Ծրագրի շրջանակում փոխհատուցվում են տնտեսավարողների կողմից ներգրավված ԲՈՈՒՄ-երին հաշվարկված աշխատավարձերը և դրան հավասարեցված այլ վճարումները՝ համաձայն գործող սանդղակի։
Ծրագրի մեկնարկից մինչև 2024 թվականի ավարտը Ծրագրին մասնակցել են թվով 44 կազմակերպություն՝ շուրջ 510 բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավմամբ, իսկ 2025 թվականի հունվարից մինչ օրս Ծրագրին մասնակցելու համար հայտ է ներկայացվել ընդամենը երկու նոր կազմակերպության կողմից՝ ընդհանուր երկու մասնագետների ներգրավման նպատակով։ Միաժամանակ նվազել է նաև արդեն իսկ շահառու հանդիսացող կազմակերպություննրի և ներգրաված մասնագետների թվաքանակը, այն կազմելով համապատասխանաբար՝ 38 և 370։ Նշվածը ցույց է տալիս, որ դիտարկվում է Ծրագրի շրջանակում դիմելիության և ըստ այդմ վերջինիս պահանջարկի անկում։
Բացի այդ, հարկ է նշել, որ Ծրագրից օգտվող տնտեսավարողների մեծամասնությունը՝ 66,7%-ը կամ 26 կազմակերպություն գործունեություն է իրականացնում J (Ջեյ) «Տեղեկատվություն և կապ» ոլորտում («Ծրագրային ապահովման մշակում» գործունեություն), իսկ այլ ոլորտներին բաժին ընկնող աջակցությունը չնչին է։
Այս համատեքստում անհրաժեշտ է հաշվի առնել, որ ՏՏ ոլորտում աջակցող բազմաթիվ այլ ծրագրեր իրականացվում են նաև Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից։
Վերոգրյալը ցույց է տալիս, որ առկա իրավիճակը չի բխում Ծրագրի ներդրման նախնական տրամաբանությունից, այն է՝ ՀՀ տնտեսության առաջնահերթ ոլորտներում մեծ թվով նոր բարձր որակավուրում ունեցող մասնագետների ներգրավումը, և նպատակ ուներ ոլորտային համապարփակ աջակցության տիրույթի ապահովման միջոցով նպաստել այդ ոլորտներում կազմակերպությունների զարգացմանը և մրցունակության բարձրացմանը։
3. Կարգավորման նպատակը և բնույթը
Նախագծով առաջարկվում է Բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավման նպատակային ծրագրի շրջանակներում հայտերի ընդունման համար նախատեսված ժամկետը փոփոխել՝ այն սահմանելով 2025 թվականի հուլիսի 15-ը։ Միաժամանակ նախագծով առաջարկվում է ներդնել նոր կարգավորումներ՝ ուղղված փոխհատուցումների գործընթացի և ժամկետների հստակեցմանը, ինչը թույլ կտա առավել արդյունավետ իրականացնել Ծրագրի շրջանակներում ստանձնած պարտավորությունների կատարումը։
4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից։
5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ:
Որոշման նախագիծը մշակվել է՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի №1902-Լ որոշման հավելված №1-ով սահմանված 2.2 կետը՝ «Աշխատաշուկայում բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավում տեղական ընկերություններում»։
Նախագիծն արձագանքում է նաև Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050 փաստաթղթում ամրագրված նպատակներին՝ գիտության, նորարարության, մարդկային ներուժի և տեխնոլոգիական զարգացման ոլորտներում միջազգային համագործակցության ընդլայնման և հմուտ մասնագետների ներգրավման միջոցով գիտելիքահեն տնտեսության կառուցման համատեքստում։
6. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է բարձրացնել Ծրագրի իրականացման համար նախատեսված ֆինանսական միջոցների կառավարման արդյունավետությունը։
7. Բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացումը կամ նվազեցումը
Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում չի նախատեսվում:
-
Քննարկվել է
23.04.2025 - 08.05.2025
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Էկոնոմիկա
-
Գերատեսչություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 1419
Տպել