Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 9-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետի համաձայն՝ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում ՀՀ կառավարությունը սահմանում է վարորդական վկայական ստանալու քննություններ ընդունելու և վարորդական վկայական տալու կարգը, տրանսպորտային միջոցներ վարելու վարորդական վկայական ստանալու համար պարտադիր ներկայացման ենթակա փաստաթղթերի ցանկը, ինչպես նաև ազգային և միջազգային վարորդական վկայականների ձևերն ու նկարագրերը, իսկ նույն մասի «ժէ» կետի համաձայն՝ սահմանում է վարորդական իրավունքի վկայական ունեցող, ինչպես նաև վարորդի թեկնածու համարվող անձանց բժշկական հավատարմագրման դեպքերը (այդ թվում՝ պարտադիր), պարբերականությունը, իրականացման կարգը, տրանսպորտային միջոց շահագործելու բժշկական հակացուցումների, բժշկական ցուցումների և բժշկական սահմանափակումների ցանկերը, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարներից տուժածներին բժշկական օգնություն ցույց տալու կարգը։

Համապատասխանաբար այդ կարգերն են՝ ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 26‑ի թիվ 385-Ն և թիվ 383-Ն որոշումները (որոշումներն ուժի մեջ են մտել 01.01.2021 թվականին)։

Օրենքի 28-րդ հոդվածի 1.8-րդ մասի համաձայն՝ տրանսպորտային միջոց վարելուն խոչընդոտող առողջական խնդիրներ ունեցող, թմրաբանական բժշկական օգնության և սպասարկման ենթակա, ինչպես նաև հոգեբուժական կազմակերպություններում հաշվառված անձանց անձնական տվյալները մշակվում են էլեկտրոնային եղանակով և վարորդական վկայական ստանալու (վարորդական վկայականը փոխանակելու կամ կորած վարորդական վկայականի կրկնօրինակն ստանալու) մասին դիմում ներկայացվելու պահին էլեկտրոնային հարցման դեպքում առողջապահության բնագավառի լիազոր մարմնի միասնական էլեկտրոնային շտեմարանի միջոցով հասանելի են դառնում ներքին գործերի լիազոր մարմնին և ոստիկանությանը:

Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ անձի վարելու իրավունքը դադարում է, եթե առկա է նրա՝ հոգեկան, թմրամիջոցների և (կամ) հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի օգտագործմամբ պայմանավորված hիվանդության վերաբերյալ և (կամ) առողջական վիճակը օրենսդրությամբ սահմանված պայմաններին չհամապատասխանելու մասին իրավասու մարմնի եզրակացություն։

Վերը վկայակոչած Օրենքի 28-րդ հոդվածի 1.8-րդ կետի և 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համադրումն ակնհայտ է դարձնում, որ առաջինի դեպքում խոսքը գնում է բացառապես այն վիճակի մասին, երբ անձի թմրաբանական բժշկական օգնության և սպասարկման ենթակա, ինչպես նաև հոգեբուժական կազմակերպություններում հաշվառված լինելու մասին տվյալները ՆԳՆ-ին հասանելի են դարձվում միայն և միայն վարորդական վկայական ստանալու (վարորդական վկայականը փոխանակելու կամ կորած վարորդական վկայականի կրկնօրինակն ստանալու) մասին դիմում ներկայացվելու պահին էլեկտրոնային եղանակով, և այն բոլորովին չի վերաբերում Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նկարագրված դեպքին, այսինքն, օրենսդիրը չի նախատեսել այն եղանակը, որի միջոցով ՀՀ ՆԳՆ-ն տեղեկանում է անձի թմրաբանական կամ հոգեկան առողջության վիճակով պայամանավորված տրանսպորտայի միջոց վարելու խոչընդոտի մասին, ավելին, ստանում այդ հանգամանքի մասին իրավասու մարմնի եզրակացությունը։

Մինչև ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 26-ի թիվ 383-Ն որոշման ուժի մեջ մտնելը (01.01.2021 թվականը) գործող ՀՀ կառավարության 2012 թվականի թիվ 1327-Ն ոոշման 2-րդ կետի համաձայն՝ յուրաքանչյուր ամսվա 1-ին և 16-ին թմրաբանական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական հաստատությունները ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությանն էլեկտրոնային կրիչների միջոցով կամ էլեկտրոնային փոստով տրամադրում են տեղեկատվություն նշված բժշկական հաստատություններում հաշվառված անձանց մասին:

Նշված կարգավորման արդյունքում թեև բաց էր մնում անձի հոգեկան վիճակի մասին տեղեկատվության տրամադրման հիմքը, սակայն լուծվում էր անձի թմրբանական հաշվառման մասին տեղկատվության հարցը և հնարավոր էր լինում այդ հիմքով Օրենքի 29-րդ հոդվածի միջոցով իրավունքի ուժով դադարեցնել անձի վարելու իրավունքը։

Ներկայիս իրավակարգավորումները որևէ ընթացակարգ չեն նախատեսում առողջապահական մարմնից անձի թմարբանական և հոգեբանական հիվանդության առկայության մասին հաշվառման վերաբերյալ տեղեկատվության ստացման հետ կապված, ինչի արդյունքում ներքին գործերի նախարարությունը զրկվում է այդ հիմքով անձի վարելու իրավունքը դադարեցնելու հնարավորությունից, քանի որ անձի թմրաբանական և հոգեբանական հիվանդության առկայության մասին տեղեկատվությունը բավարար չէ և պետք է ներկայացվի նաև համապատասխան առողջական վիճակի առկայությւան մասին իրավասու մարմնի եզրակացությունը, ինչը հիմնականում չի ներկայացվում ՀՀ ՆԳՆ-ին անձի թմարբանական և հոգեբանական հիվանդության առկայության մասին տեղեկատվություն տվողի կողմից (որպես կանոն նախաքննության մարմնինների, զինկոմիսարիատների, ՊՎԾ-ի և այլն):

Խնդրի մեկ այլ կողմն է նաև այն, որ Օրենքի 29-րդ հոդվածը ենթադրում է դրանում նշված հիմքերի առակայության դեպքում անձի վարելու իրավունքի դադարեցումը իրավունքի ուժով, այսինքն առանց վարչական վարույթ իրականացնելու և վարելու իրավունքը դադարեցնելու մասին վարչական ակտ ընդունելու։

Այսպես, Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը ենթադրում է դրանում նշված հետևանքի վրա հասնելը, նույն հոդվածով սահմանված պահանջի առկայության դեպքում՝ բացառելով վարելու իրավունքը դադարեցնելու համար վարչական վարույթի իրկանացումը։

Վերը բերված հիմնավորման մասին համանման տեսակետ է հայտնել նաև ՀՀ Սահմանադրական դատարանն իր 2012 թվականի թիվ ՍԴՈ-1056 և ՀՀ Վճռաբեկ դատարանն իր 2017 թվականի թիվ  ՎԴ3/0196/05/16 որոշումներով։

Ավելին, եթե ՆԳՆ լիազոր մարմինը (ՀՔԾՄԹԼ վարչությունը) որևէ անձի թմարբանական և հոգեբանական հիվանդության հետ կապված  եզրակացության առկայության մասին հարցը պարզելու համար ձեռնարկի որևէ միջոց, օրինակ, կատարի հարցում առողջապահական որևէ մարմնի, դա կլին ոչ իրավաչափ և ենթակա մերժման, քանի որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ հայցվող վարչական մարմինն իրավունք չունի տրամադրելու փոխօգնությունը, եթե հայցվող վարչական մարմնի համար ակնհայտ է փոխօգնության կարգով ձեռնարկվելիք միջոցների ոչ իրավաչափ լինելը։

Սույն դեպքում անձի առողջական վիճակի մասին տեղեկատվությունը «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետի համաձայն՝ հանդիսանում է բժշկական գաղտնիք, իսկ նույն օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ առանց պացենտի համաձայնության ենթակա չէ տրամադրման ՀՀ ՆԳՆ լիազոր ստորաբաժանմանը։

Վերոգրյալի համատեքստում կարծում եմ, որ առկա է իրավական բացը, որի լուծման համար անհրաժեշտություն է առաջացել Օրենքով նախատեսել կարգավորում, որը հնարավորություն կտա բացառել տրանսպորտային միջոց վարելու հակացուցում ունեցող առողջական վիճակով տրանսպորտային միջոցներ վարելու այն դեպքերը, երբ անձի մոտ այդ առողջական վիճակն ի հայտ է եկել վարելու իրավունքը ստանալուց հետո։

 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագիծը կապված չէ ռազմավարական ծրագրերի հետ:

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը և դրանց ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտության մասին

Օրենքի նախագծով առաջարկվում է նախ հստակեցնել «եզրակացություն» հասկացությունը և նախատեսել անձի տրանսպորտային միջոց վարելու հակացուցում ունեցող առողջական վիճակով տրանսպորտային միջոց վարելու իրավունքի դադարեցման ինքնաշխատ իրականացման իրավական հիմքերը։ 

Նախագծի ընդունման արդյունքում այլ նորմատիվ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ նախատեսելու անհրաժեշտությունը չի առաջանա։

 

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Նախագծի ընդունմամբ պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազում չի ակնկալվում՝ այն հաշվառմամբ, որ գործընթացի թվային համակցումն իրականացվելու է ՀՀ ՆԳՆ և ԱՆ համապատասխան ստորբաժանումների համագործակցության, իսկ հետագա ծրագրային ապահովումը՝ ՀՀ ՆԳՆ տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում պատասխանատու ստորաբաժանման միջոցով։

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

Նախագիծը մշակվել է ՀՀ ՆԳՆ կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է վերացնել իրավական բացը, իսկ անձի վարելու իրավունք ձեռք բերելուց հետո վերջինիս մոտ տրանսպորտային միջոց վարելու հակացուցում համարվող առողջական վիճակ առաջանալու դեպքում այն դադարեցնելու միջոցով նպաստել երթևեկության անվտանգության մակարդակի բարձրացմանը։

 

 

 

ՀՀ ներքին գործերի նախարարություն

  • Քննարկվել է

    23.04.2025 - 08.05.2025

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Ճանապարհային երթևեկության անվտանգություն

  • Գերատեսչություն

    Ներքին գործերի նախարարություն

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1892

Տպել

Առաջարկներ`

Սոնա Սարգսյան

08.05.2025

Բացատրություն՝ ըստ հոդվածների Հոդված 1 – 2.1 մաս Ներկայացվում է «եզրակացության» նոր իրավական սահմանումը՝ ընդգրկելով ոչ միայն դասական բժշկական եզրակացությունները, այլև մատյաններում կամ այլ փաստաթղթերում եղած գրառումները: Սա ենթադրում է, որ վարորդի առողջական վիճակի գնահատումը կարող է հիմք հանդիսանալ վարորդական իրավունքի դադարեցման համար, նույնիսկ եթե պաշտոնական եզրակացություն չկա, բայց կան գրառումներ։ Խնդրահարույց կողմեր: Այս ձևակերպումը կարող է հանգեցնել չափից ավելի ընդլայնված մեկնաբանությունների՝ որևէ գրառում դիտելով որպես իրավական հիմք։ Կարող է առաջացնել անձնական տվյալների ոչ պատշաճ օգտագործման կամ իրավազոր մարմինների միջև իրավասությունների անցումային խնդիրներ։ Հոդված 1 – 2.2 մաս Բացատրվում է ավտոմատ փոխգործակցության մեխանիզմը՝ էլեկտրոնային առողջապահության և ՆԳՆ էլեկտրոնային ռեգիստրների միջև։ Հաստատվում է, որ վարորդական իրավունքը կարող է ինքնաշխատ դադարել, եթե առողջապահական համակարգից ստացվում է համապատասխան տեղեկություն։ Նկարային կողմեր: Բարելավում է արձագանքման արագությունը վտանգավոր վարորդների պարագայում։ Թեթևացնում է վարչական բեռը՝ ավտոմատացման միջոցով։ Բաց կետեր: Իրավական երաշխիքների բացակայություն՝ չկա հստակ մեխանիզմ, թե ինչպես կարող է անձը բողոքարկել այս որոշումը կամ վերականգնել իրավունքը։ Տեխնիկական վստահելիության հարց՝ համակարգերի սինքրոնիզացիայի կամ սխալ տվյալների մուտքագրման դեպքում կարող են առաջանալ հիմնավորված խախտումներ։ Անձնական տվյալների պաշտպանության ռիսկ՝ առողջության տվյալները կարող են դիտվել որպես «զգայուն տվյալներ», և դրանց փոխանցումը ավտոմատ կերպով կարող է հակասել Գլխավոր տվյալների պաշտպանության դրույթներին (օրինակ՝ ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդված)։ --- Հոդված 2 Նշում է, որ օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի դեկտեմբերի 1-ից։ Սա տրամադրում է ժամանակ՝ տեխնիկական և իրավական մեխանիզմների ներդրման համար։ --- Համադրություն գործող օրենքի հետ Գործող օրենքը չի նախատեսում այսպիսի փոխկապակցվածություն էլեկտրոնային առողջապահության համակարգի և ՆԳՆ ռեգիստրի միջև։ Այս նախագծով առաջին անգամ ներդրվում է նման ավտոմատ որոշման մեխանիզմ՝ առանց դատարանի կամ իրավասու վարչական մարմնի ուղիղ մասնակցության։ --- Հնարավոր սահմանադրական հակասություններ 1. Սահմանադրության 31-րդ հոդված (Անձնական կյանքի անձեռնմխելիությունը) – առողջական տվյալները անձնական կյանքի մաս են, և դրանց փոխանցումը պետք է ունենա հստակ իրավական հիմք ու պաշտպանություն։ 2. Սահմանադրության 61-րդ հոդված (Վարչական ակտերի բողոքարկում) – նախագծում չի նշվում բողոքարկման որևէ ընթացակարգ, ինչը կարող է խախտել արդար դատաքննության իրավունքը։ 3. Սահմանադրության 78-րդ հոդված (Մեղավորության կանխավարկած) – վարորդի իրավունքը դադարեցվում է առանց հաստատված բուժական եզրակացության, ինչը կարող է դիտվել որպես անուղղակի «մեղադրանք»՝ առանց պաշտպանի իրավունքների։

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: