«Տնամերձ հողամասերում այգեհիմնման և ոռոգման արդիական համակարգերի ներդրման փորձնական երկրորդ ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՏՆԱՄԵՐՁ ՀՈՂԱՄԱՍԵՐՈՒՄ ԱՅԳԵՀԻՄՆՄԱՆ ԵՎ ՈՌՈԳՄԱՆ ԱՐԴԻԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
Անհրաժեշտությունը։ «Տնամերձ հողամասերում այգեհիմնման և ոռոգման արդիական համակարգերի ներդրման փորձնական երկրորդ ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ ծրագիր) ընդունումը պայմանավորված է՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի Ծաղկավան, Կիրանց, Բերքաբեր և Խաշթառակ բնակավայրերի տնամերձ հողամասերում բարձր բերքատվությամբ, հավաստագրված կամ բուսասանիտարական անձնագիր ունեցող տնկիներով այգեհիմնման, ոռոգման ջրի խնայողաբար և արդյունավետ օգտագործման, հողօգտագործողների եկամուտների աճի ապահովման, ինչպես նաև ՀՀ վարչապետի մոտ 2025 թվականի հունվարի 14-ին կայացած գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարության շրջանակներում 2024 թվականին իրականացված աշխատանքների վերաբերյալ հաշվետվության մասին խորհրդակցության N Վ/05-2025 արձանագրության 2-րդ կետի առաջին մասի «ե» պարբերության (անհրաժեշտ աշխատանքներ կիրականացվեն տնամերձ հողամասերում այգեհիմնման և ոռոգման արդիական համակարգերի ներդրման ծրագրի զարգացման ուղղությամբ Իջևան խոշորացված համայնքը դարձնելով 1 ամբողջական կլաստեր) հանձարարականի կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ։
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները։
Տնամերձ հողամասերում այգեհիմնման և ոռոգման արդիական համակարգերի ներդրման փորձնական ծրագրի շրջանակում կնքվել է 87 պայմանագիր շուրջ 5,84 հա տարածքում այգեհիմնման և ոռոգման արդիական համակարգերի ներդրման համար, որից Բերքաբեր՝ շուրջ 3,48 հա, Խաշթառակ՝ շուրջ 2,36 հա։ 2024 թվականին Կառավարության կողմից տրամադրվել է 128,9 մլն դրամի, իսկ համայնքի կողմից՝ շուրջ 5,0 մլն դրամի աջակցություն։ Ծրագրի արդյունքների ուսումնասիրության և Իջևան համայնքը մեկ ամբողջական կլաստեր դարձնելու տրամաբանությամբ Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչները Տավուշի մարզպետարանի և Իջևան համայնքի ներկայացուցիչների հետ այցելել են Բերքաբեր, Խաշթառակ, Կիրանց և Ծաղկավան բնակավայրեր։ Տնտեսավարողների հետ տեղի ունեցած հանդիպումների ընթացքում քննարկվել են ծրագրի արդյունքները և հետագա զարգացման հնարավորությունները։
Հանդիպման արդյունքներից պարզ է դարձել, որ ծրագիրը մեծ հետաքրքրություն է առաջացրել տնտեսավարողների շրջանում, և եթե նախկինում նախարարության կողմից խորհրդատվական ու բացատրական աշխատանքներ էին իրականացվում ծրագրում շահառուներ ներգրավվելու նպատակով, ապա ներկայումս տնտեսավարողներն իրենք են դիմում ծրագիրը շարունակելու համար։
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը։ Գյուղատնտեսության ոլորտում իրականացվող քաղաքականությունն ուղղված է գյուղատնտեսության ինտենսիվացմանը, արտադրողականության բարձրացմանը, հողային ռեսուրսների նպատակային և ջրային ռեսուրսների խնայողաբար ու արդյունավետ օգտագործմանը, պարենային անվտանգության ապահովման մակարդակի բարձրացմանը, անասնաբուծության և բուսաբուծության զարգացմանը, արդիական տեխնոլոգիաների ներդրմանը, արտադրված արտադրանքի իրացմանն ու արտահանման խթանմանը, գյուղատնտեսական ամբողջ արժեշղթայում ընդգրկված սուբյեկտների եկամուտների ավելացմանը։
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ: Կառավարության 2021-2026թթ. ծրագրով նախատեսված է նպաստել գյուղացիական տնտեսությունների եկամուտների ավելացմանը, իսկ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարության «բարելավել պարենային անվտանգությունը և սնուցումը» առաջնահերթությունում կարևորվում է պարենամթերքի տեղական արտադրության ծավալների ավելացումը։
Կարգավորման նպատակը և բնույթը։
Նախագծի նպատակն է ընտրված բնակավայրերի տնամերձ հողամասերում այգեհիմնման և ոռոգման արդիական համակարգերի ներդրման արդյունքում խթանել տնամերձ հողամասերում բարձր բերքատվությամբ, հավաստագրված կամ բուսասանիտարական անձնագիր ունեցող տնկիներով այգիների հիմնումն ու ջրային ռեսուրսների արդյունավետ ու խնայողաբար օգտագործումը՝ Իջևան համայնքը մեկ ամբողջական կլաստեր դարձնելու տրամաբանությամբ։
Որոշմամբ սահմանվում է, որ ծրագրի իրականացման գծով բյուջետային միջոցառման պատասխանատու մարմին՝ բյուջետային գլխավոր կարգադրիչ է համարվում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը, իսկ բյուջետային միջոցառման իրականացումը վերապահվում է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնքին՝ որպես բյուջետային ստորադաս կարգադրիչ:
Ծրագիրը կիրականացվի 2025-2027 թվականներին՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի Ծաղկավան, Կիրանց, Բերքաբեր և Խաշթառակ բնակավայրերի տնամերձ հողամասերում։ Ծրագրի շահառուներ կհանդիսանան՝ առնվազն 100 քառ. մետրից մինչև 1000 քառ. մետր մեկ ամբողջական, ծառերից և այլ գույքից ազատ կամ ազատման ենթակա տնամերձ հողամաս ունեցող տնտեսավարողները։ Միաժամանակ, Տնամերձ հողամասերում այգեհիմնման և ոռոգման արդիական համակարգերի ներդրման փորձնական ծրագրի շահառու հանդիսացած Խաշթառակ և Բերքաբեր բնակավայրերի տնտեսավարողները նույն հողամասի համար կարող են մասնակցել ծրագրին (բացառությամբ այգեհիմնված տարածքի)՝ նույն պտղատեսակով (Տնամերձ հողամասերում այգեհիմնման և ոռոգման արդիական համակարգերի ներդրման փորձնական ծրագրի շրջանակում այգեհիմնում կատարված պտղատեսակով) այգեհիմնում կատարելու պայմանով, բացառությամբ այգեհիմնված տարածքի։
Շահառուի հետ կնքվող պայմանագրում կամրագրվի, որ այգեհիմնման աշխատանքների ավարտից հետո 5 տարի անընդմեջ տնամերձ հողամասի այգեհիմնված տարածքը կօգտագործվի որպես այգի, իսկ այգեհիմնված տարածքը (տնամերձ հողամասը) օտարելու համար շահառուն պետք է մինչև օտարումը համայնքին վերադարձնի ծրագրի շրջանակում իր տնամերձ հողամասում այգեհիմնման և ոռոգման արդիական համակարգերի ներդրման և գնահատման համար կատարված ծախսերի չափով գումար, կիրառելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2010 թվականի նոյեմբերի 9-ի թիվ 283-Ն որոշումը, որից հետո համայնքի կողմից կթույլատրվի այգեհիմնված տարածքի օտարումը։ Համայնքի ղեկավարի կողմից հավաքագրված տվյալների ու մարզպետարանի առաջարկությունների հիման վրա համայնքը կկազմակերպի գնման գործընթաց՝ յուրաքանչյուր շահառուի տնամերձ հողամասի հողի ագրոքիմիական բաղադրության լաբորատոր փորձաքննության իրականացման, յուրաքանչյուր բնակավայրի յուրաքանչյուր շահառուի տնամերձ հողամասում այգեհիմնում իրականացնելու համար ծրագրով նշված աշխատանքների գնահատման, նախահաշվի կազմման, գնահատման աշխատանքների արդյունքների ամփոփման և յուրաքանչյուր բնակավայրի համար ամփոփ նախահաշվի կազմման նպատակով։ Ընտրված գնահատողի հետ կնքված պայմանագրի ֆինանսավորումը ամբողջությամբ կիրականացվի պետական բյուջեից։
Տնամերձ հողամասերում այգեհիմնում և ոռոգման արդիական համակարգերի ներդրումն իրականացնելու նպատակով համայնքի ղեկավարը հայտարարում է մրցութային գործընթաց՝ գնումների մասին օրենսդրությամբ սահմանված կարգով։ Ընդ որում, համայնքի հետ պայմանագիր կնքած գնահատողը չի կարող մասնակցել կապալառուի գնման մրցութային գործընթացին և ծրագրի շրջանակում հանդես գալ նաև որպես կապալառու։
Կապալառուի ընտրության համար պարտադիր պայման է համարվում կապալառուի գնային առաջարկի չգերազանցումը նախահաշվային արժեքի չափին։
Մրցութային եղանակով ընտրված կապալառուն պետք է իրականացնի՝
- յուրաքանչյուր շահառուի տնամերձ հողամասում իրականացվելիք աշխատանքների ֆինանսական գնահատում.
- կախված յուրաքանչյուր շահառուի տնամերձ հողամասի հողի ագրոքիմիական բաղադրության լաբորատոր փորձաքննության արդյունքներից՝ հողաբարելավում.
- հողամասի տեղաձևում.
- հողատարածքի ազատում հին ծառերից ու կոճղերից (այգեհիմնման ենթակա տարածքը ազատ չլինելու պայմաններում).
- տնկման փոսերի հորատում.
- հավաստագրված տնկիների (բացառությամբ տեղական արտադրության տնկիների, որոնք պետք է ունենան բուսասանիտարական անձնագիր) մատակարարում, հողախառնուրդի (հագեցած օրգանական և հանքային պարարտանյութերով) և տնկայութի նախապատրաստում.
- յուրաքանչյուր շահառուի տնամերձ հողամասում ոռոգման կաթիլային համակարգի ներդրում (ներառյալ մոնտաժը), ընդ որում՝ ոռոգման համակարգը կարող է ներդրվել առանձին ոռոգման բաքեր տեղադրելու կամ գլխամասային հանգույցի և ջրավազանի կամ այլ միջոցներով, միաժամանակ ոռոգման համակարգը պետք է ունենա 2 ֆիլտրացիոն համակարգ (ոռոգման բաքերի տեղադրման դեպքում, մեկը մինչև բաքը, մյուսը՝ բաքից հետո) և յուրաքանչյուր տնկու համար պետք է տեղադրվի 2 կաթոցիկ (տնկու աջ և ձախ կողմերում).
- յուրաքանչյուր շահառուի տնամերձ հողամասում մեկ պտղատեսակով այգետնկում և լարասյունային համակարգի (ըստ անհրաժեշտության՝ կախված պտղատեսակից և պատվաստակալից) ներդրում.
- այգեգործության և ոռոգման կաթիլային համակարգերի շահագործման վերաբերյալ անվճար խորհրդատվության տրամադրում՝ այգեհիմնումից հետո առնվազն երկու տարի․
- տեխնիկական բնութագրով սահմանված աշխատանքների իրականացման ընթացքում ի հայտ եկած թերությունների վերացում։
Ծրագրի ավարտական մոնիթորինգի իրականացումը կվերապահվի համայնքին, որում պարտադիր կներգրավվեն մարզպետարանի ներկայացուցիչներ։ Համայնքի ղեկավարն այգեհիմնումից հետո 5 տարի անընդմեջ տարեկան պարբերականությամբ կիրականացնի մոնիթորինգ, իսկ մարզպետի աշխատակազմը «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության ներկայացուցչի ներգրավմամբ կիրականացնի մոնիթորինգ՝ ծրագրի ավարտից հետո առաջին և հինգերորդ տարվա ընթացքում մեկ անգամ, ինչպես նաև՝ ըստ անհրաժեշտության։
Կապալառուի կատարած աշխատանքների ֆինանսավորումը կիրականացվի հետևյալ համամասնությամբ՝ Էկոնոմիկայի նախարարություն՝ 95 տոկոս, համայնք կամ շահառու՝ 5 տոկոս։
Ծրագրի իրականացման համար պետական բյուջեի ծախսը կկազմի գնահատողի կողմից իրականացված աշխատանքների ամբողջական ֆինանսավորման գումարի և կապալառուի կողմից իրականացված աշխատանքների ընդհանուր ֆինանսավորման գումարի 95 տոկոսը, որը հնարավոր կլինի հաշվարկել «Գնումների մասին» օրենքով սահմանված կարգով պայմանագրերի կնքման արդյունքում։ Նախատեսվում է, որ 2025 թվականի համար պետական բյուջեից կֆինանսավորվի գնահատողի կողմից կատարված աշխատանքների համար (ծախսը գնահատվում է շուրջ 50 մլն դրամ)՝ պետական բյուջեում վերաբաշխում կատարելու միջոցով, իսկ 2026 թվականին՝ կապալառուի կողմից կատարված աշխատանքների 95 տոկոսի համար, որի ծախսը գնահատվում է շուրջ 350 մլն դրամ։
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք։
Նախագիծը մշակվել է Էկոնոմիկայի նախարարության կողմից:
Ակնկալվող արդյունքը։ Ծրագրի իրականացումից ակնկալվում է 4 բնակավայրերի տնամերձ հողամասերում հավասագրված կամ բուսասանիտարական անձնագիր ունեցող տնկանյութով և ոռոգման կաթլիային համակարգերով ապահովված այգետնկման իրականացում, ջրային ռեսուրսների արդյունավետ և խնայողաբար օգտագործում։
Ծրագրի շրջանակում 1000 քառ․ մետր տնամերձ հողամասի հաշվով գնահատման և այգեհիմնման ծախսը գնահատվում է շուրջ 2.0-2.2 մլն դրամ (հաշվի առնելով ծրագրի շրջանակում գրանցված արդյունքները), ընդ որում՝ արժեքը միջինացված է և կախված տնկիների տեսակից (տեղական կամ ներմուծված), սորտից, հողաբարելավման աստիճանից, լարասյունային համակարգի ներդրման անհրաժեշտությունից, ոռոգման համակարգի ներդրման եղանակից արժեքը կարող է փոփոխվել։
Շահառուները 1000 քառ․ մետր տնամերձ հողամասի հաշվով այգեհիմնումից հետո լիարժեք բերքատվության անցնելուց դեպքում կստանան տարեկան շուրջ 3,0 տ համախառն բերք՝ շուրջ 2,0 մլն դրամ հասույթով։ Նախագծի իրականացումից ակնկալվող վերջնական արդյունքները հնարավոր կլինի գնահատել ծրագրի ավարտից հետո։
-
Քննարկվել է
17.04.2025 - 04.05.2025
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա
-
Գերատեսչություն
Էկոնոմիկայի նախարարություն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 2140
Տպել