Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ

ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ նաև՝ Նախագիծ) ընդունումը պայմանավորված է ակնհայտ անարդար դատավճիռ, վճիռ կամ դատական այլ ակտ կայացնելու համար պատասխանատվություն նախատեսող՝ 482-րդ հոդվածով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքի կատարման դեպքում հնարավոր ծանրացնող հանգամանքների նախատեսման և դրանք օրենսդրական ամրագրման հրամայականով:

 

 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիր.

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունումը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026թթ. ծրագրի 5.5-րդ կետից։

 

 

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

ՀՀ քրեական օրենսգրքի 482-րդ հոդվածը պատասխանատվություն է նախատեսում շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով՝ դատավորի կողմից ակնհայտ անարդար դատավճիռ, վճիռ կամ դատական այլ ակտ կայացնելու համար: Քննարկվող հոդվածը ներառված է քրեական օրենսգրքի՝ արդարադատության շահերի դեմ ուղղված հանցագործությունները գլխում, իսկ արդարադատությունը ՀՀ դատական ​​համակարգի կարևորագույն գործառույթն է: Նշվածի համատեքստում հարկ է նկատել, որ արդարադատության՝ որպես դատական համակարգի կարևորագույն գործառույթի պաշտպանության և անխափան իրականացման հրամայականով պայմանավորված, ինչպես նաև միջազգային չափանիշների համաձայն՝ դատավորներին տրվում է անձեռնմխելիություն իրենց աշխատանքային պարտականությունները բարեխղճորեն և պատշաճորեն կատարելու համար։ Այլ կերպ՝ դատական ​​համակարգի անկախությունը դատավորի շահերից ելնելով տրված արտոնություն չէ, այլ՝ հիմնարար սկզբունք է և ցանկացած ժողովրդավարական պետության էական տարր, օրենքի գերակայության նախապայման, որն առաջին հերթին ուղղված է արդար դատավարության իրականացմանը, ինչպես նաև  մարդու իրավունքների պաշտպանությանը:

Այնուամենայնիվ, հարկ է ընդգծել, որ դատավորներին անկախությամբ և անձեռնմխելիությամբ օժտելն ամենևին չի նշանակում, որ վերջիններս ազատված են պատասխանատվություն կրելուց: Ավելին, ժողովրդավարական հասարակությունում դատավորը չի կարող բացարձակ անձեռնմխելիություն ունենալ: Այլ է հարցը, որ դատավորների՝ արդարադատություն և որպես դատարան` օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս, քրեական պատասխանատվության ենթարկելու շեմը պետք է բավականին բարձր է լինի։ Նշվածի համատեքստում կարծում ենք, որ միանգամայն իրավաչափորեն և արդարացիորեն պետք է առավել բարձր լինի նաև դատավորի կողմից այս կամ այն շահագրգռվածությունից կամ շահից դրդված՝ ակնհայտ անարդար դատավճիռ, վճիռ կամ դատական այլ ակտ կայացնելու դեպքերում որոշակի ծանր հետևանքների առաջացման պատշաճ գնահատականը և իրավական ամրագրումը:

Քննարկվող արարքի առանձնահատուկ վտանգը կայանում է նրանում, որ այն կատարվում է այնպիսի անձանց կողմից, ովքեր իրենք կոչված են արդարադատություն իրականացնելու։ Ավելին՝ դատավորի կողմից ակնհայտ անարդար դատավճիռ, վճիռ կամ դատական այլ ակտ կայացնելու դեպքում չեն բացառվում այնպիսի իրավիճակները, երբ դրա արդյունքում անձը դատապարտվի ազատազրկման կամ նման դատական ակտի կայացմամբ պայմանավորված այս կամ այն անմեղ անձը ինքնասպանություն գործի կամ լուրջ (այդ թվում՝ հոգեկան) հիվանդություններ ձեռք բերի կամ առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս կրի և այլն:

Ուստի, կարծում ենք, որ նման դեպքերում դատավորի պատասխանատվության աստիճանը պետք է իրավաչափորեն առավել բարձր լինի և ստանա համաչափ իրավական գնահատական:

Որպես նշվածի հիմնավորում, հարկ ենք համարում նշել նաև, որ մի շարք երկրների փորձի ուսումնասիրությունը ևս ցույց է տալիս, որ դատավորի կողմից ակնհայտ անարդար դատավճիռ, վճիռ կամ դատական այլ ակտ կայացնելու համար պատասխանատվություն նախատեսող հոդվածում կարգավորված են նաև այն դեպքերը, երբ նշված գործողությունների արդյունքում առաջանում են ծանր հետևանքներ:

Այսպես, Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի 305-րդ հոդվածը, որը պատասխանատվություն է նախատեսում գիտակցաբար անարդար դատավճիռ, որոշում կամ այլ դատական ​​ակտ կայացնելու համար, սահմանում է նաև պատասխանատվություն նույն արարքի համար՝ կապված ազատազրկման ապօրինի դատական ​​պատիժ նշանակելու կամ այլ ծանր հետևանքներ առաջացնելու հետ[1]:

Մոլդովայի Հանրապետության քրեական օրենսգրքի 307-րդ հոդվածը, որը պատասխանատվություն է նախատեսում օրենքին հակասող պատիժ, որոշում, վճիռ կամ վճիռ կայացնելու համար, սահմանում է նաև պատասխանատվություն նույն արարքի համար՝ կապված ծանր հետևանքներ առաջացնելու հետ[2]:

Ուկրաինայի քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածը, որը պատասխանատվություն է նախատեսում դատավորի (դատավորների) կողմից գիտակցաբար անարդարացի դատավճիռ, որոշում, վճիռ կամ հրամանագիր կայացնելու համար, սահմանում է նաև պատասխանատվություն նույն արարքի համար՝ կապված ծանր հետևանքների առաջացման կամ եսասիրական դրդապատճառների կամ այլ անձնական շահերի հետ[3]:

Հատկանշական է նաև, որ 2003 թվականի օգոստոսի 1-ի քրեական օրենսգրքի (ուժը կորցրած է ճանաչվել 2022 թվականի հուլիսի 1-ին)՝ ակնհայտ անարդար դատավճիռ, վճիռ կամ դատական այլ ակտ կայացնելը վերտառությունը կրող 352-րդ հոդվածը պատասխանատվություն է նախատեսել նաև այն դեպքերի համար, երբ դատավորի կողմից շահադիտական կամ անձնական այլ դրդումներով ակնհայտ անարդար դատավճիռ, վճիռ կամ դատական այլ ակտ կայացնելը առաջացրել է ծանր հետևանքներ: Ուստի, ներկայումս անհասկանալի է, թե ինչու է նման կարգավորումը բաց թողնվել գործող քրեական օրենսգրքի կարգավորման շրջանակներից:

Միևնույն ժամանակ հարկ է նկատել, որ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածը, որով պատասխանատվություն է նախատեսվում պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու կամ լիազորություններն անցնելու համար, որպես ծանրացնող հանգամանք է նախատեսել նաև նույն արարքի կատարումը, որ առաջացրել է այլ ծանր հետևանքներ: Իսկ ակնհայտ անարդար դատավճիռ, վճիռ կամ դատական այլ ակտ կայացնելու հոդվածը, համարվելով հատուկ նորմ, նման ծանրացնող հանգամանքի առկայություն չի նախատեսել: Ստացվում է, որ ընդհանուր նորմում նախատեսվում է քննարկվող ծանրացնող հանգամանքը, սակայն հատուկ նորմն առավել մեղմ է և միայն արարքի հասարակ տեսակն է նախատեսել: Այլ կերպ, երբ դատավորն իր իշխանական լիազորությունները ի վնաս պետական շահերի է օգտագործում, այսինքն՝ ակնհայտ անարդար դատավճիռ, վճիռ կամ դատական այլ ակտ է կայացնում և դրա արդյունքում անզգուշությամբ ծանր հետևանքներ են առաջանում պետք է պատասխանատվության ենթարկվի 482-րդ հոդվածի 1-ին մասով՝ արարքի հասարակ տեսակի համար, իսկ մնացած պաշտոնատար անձինք նույն արարքը կատարելու դեպքում պատասխանատվության են ենթարկվելու 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով՝ ծանրացնող հանգամանքներով կատարված արարքի համար: Հարկ է նկատել նաև, որ պատժի առումով ևս էական տարբերություն է առկա, մասնավորապես՝ 482-րդ հոդվածի 1-ին մասով որպես պատիժ է նախատեսված ի թիվս այլնի նաև ազատազրկում մեկից չորս տարի ժամկետով, իսկ 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի համար՝ ազատազրկում չորսից ութ տարի ժամկետով:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ մեր կողմից մշակվել է ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու նախագիծ, որով առաջարկվում է ակնհայտ անարդար դատավճիռ, վճիռ կամ դատական այլ ակտ կայացնելու համար պատասխանատվություն նախատեսող 482-րդ հոդվածը լրացնել նոր բովանդակությամբ 2-րդ մասով:

 

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը.

Նախագծի փաթեթի ընդունմամբ առաջարկվում է ՀՀ քրեական օրենսգրքի՝ ակնհայտ անարդար դատավճիռ, վճիռ կամ դատական այլ ակտ կայացնելը վերտառությունը կրող 482-րդ հոդվածում ավելացնել երկրորդ մաս: Մասնավորապես՝ պատասխանատվություն նախատեսել նաև նույն արարքի համար, որն անզգուշությամբ հանգեցրել է հանցագործությունից տուժած անձի ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի կամ ազատությունից զրկման կամ առաջացրել է առողջությանը ծանր վնասի պատճառում կամ առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս կամ այլ ծանր հետևանք:

 

 

  1. Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է հնարավորինս ամբողջական կարգավորումներ տալ ակնհայտ անարդար դատավճիռ, վճիռ կամ դատական այլ ակտ կայացնելու համար պատասխանատվություն նախատեսող՝ 482-րդ հոդվածով և նախատեսել այն հնարավոր առավել ծանր դեպքերը, որոնք կարող են առաջանալ վերը նշված գործողությունների արդյունքում՝ սահմանելով նաև համաչափ քրեական պատասխանատվություն:

 

  1. Նախագծի ընդունման կապակցությամբ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

  1. Նախագծի մշակման ընթացքում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի կողմից:

 

 

 

 

[1] Տե՛ս https://www.consultant.ru/document/cons_doc_LAW_10699/b9ab9819ab2d12f2938889cc08a5baa909989122/#:~:text=%D0%92%D1%8B%D0%BD%D0%B5%D1%81%D0%B5%D0%BD%D0%B8%D0%B5%20%D0%B7%D0%B0%D0%B2%D0%B5%D0%B4%D0%BE%D0%BC%D0%BE%20%D0%BD%D0%B5%D0%BF%D1%80%D0%B0%D0%B2%D0%BE%D1%81%D1%83%D0%B4%D0%BD%D1%8B%D1%85%20%D0%BF%D1%80%D0%B8%D0%B3%D0%BE%D0%B2%D0%BE%D1%80%D0%B0%2C%20%D1%80%D0%B5%D1%88%D0%B5%D0%BD%D0%B8%D1%8F%20%D0%B8%D0%BB%D0%B8%20%D0%B8%D0%BD%D0%BE%D0%B3%D0%BE%20%D1%81%D1%83%D0%B4%D0%B5%D0%B1%D0%BD%D0%BE%D0%B3%D0%BE%20%D0%B0%D0%BA%D1%82%D0%B0,-1.&text=%D0%BD%D0%B0%D0%BA%D0%B0%D0%B7%D1%8B%D0%B2%D0%B0%D0%B5%D1%82%D1%81%D1%8F%20%D1%88%D1%82%D1%80%D0%B0%D1%84%D0%BE%D0%BC%20%D0%B2%20%D1%80%D0%B0%D0%B7%D0%BC%D0%B5%D1%80%D0%B5%20%D0%B4%D0%BE,%D0%BD%D0%B0%20%D1%81%D1%80%D0%BE%D0%BA%20%D0%B4%D0%BE%20%D1%87%D0%B5%D1%82%D1%8B%D1%80%D0%B5%D1%85%20%D0%BB%D0%B5%D1%82.

[2] Տե՛ս https://sherloc.unodc.org/cld/uploads/res/document/criminal-code-of-the-republic-of-moldova_html/Republic_of_Moldova_Criminal_Code.pdf

[3] Տե՛ս https://consultgroup.com.ua/zakonodavstvo-ukrainy/kodeksy/kku/kku-stattya-375/#:~:text=%D0%A1%D1%82%D0%B0%D1%82%D1%8C%D1%8F%20375.-,%D0%9F%D0%BE%D1%81%D1%82%D0%B0%D0%BD%D0%BE%D0%B2%D0%BB%D0%B5%D0%BD%D0%B8%D0%B5%20%D1%81%D1%83%D0%B4%D1%8C%D0%B5%D0%B9%20(%D1%81%D1%83%D0%B4%D1%8C%D1%8F%D0%BC%D0%B8)%20%D0%B7%D0%B0%D0%B2%D0%B5%D0%B4%D0%BE%D0%BC%D0%BE%20%D0%BD%D0%B5%D0%BF%D1%80%D0%B0%D0%B2%D0%BE%D1%81%D1%83%D0%B4%D0%BD%D0%BE%D0%B3%D0%BE,%D0%BF%D1%80%D0%B8%D0%B3%D0%BE%D0%B2%D0%BE%D1%80%D0%B0%2C%20%D1%80%D0%B5%D1%88%D0%B5%D0%BD%D0%B8%D1%8F%2C%20%D0%BE%D0%BF%D1%80%D0%B5%D0%B4%D0%B5%D0%BB%D0%B5%D0%BD%D0%B8%D1%8F%20%D0%B8%D0%BB%D0%B8%20%D0%BF%D0%BE%D1%81%D1%82%D0%B0%D0%BD%D0%BE%D0%B2%D0%BB%D0%B5%D0%BD%D0%B8%D1%8F&text=%D0%BD%D0%B0%D0%BA%D0%B0%D0%B7%D1%8B%D0%B2%D0%B0%D0%B5%D1%82%D1%81%D1%8F%20%D0%BE%D0%B3%D1%80%D0%B0%D0%BD%D0%B8%D1%87%D0%B5%D0%BD%D0%B8%D0%B5%D0%BC%20%D1%81%D0%B2%D0%BE%D0%B1%D0%BE%D0%B4%D1%8B%20%D0%BD%D0%B0%20%D1%81%D1%80%D0%BE%D0%BA,%D0%BE%D1%82%20%D0%B4%D0%B2%D1%83%D1%85%20%D0%B4%D0%BE%20%D0%BF%D1%8F%D1%82%D0%B8%20%D0%BB%D0%B5%D1%82.

  • Քննարկվել է

    15.04.2025 - 01.05.2025

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն, Քրեական օրենսդրություն

  • Գերատեսչություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2086

Տպել

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: