ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի N 867 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի ԹԻՎ 867 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Ներկայումս Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հունիսի 29-ի թիվ 867 որշման N 13 հավելվածի 101-րդ կետի ««N 13 հավելվածի պարզաբանում» բաժնում առկա է հետևյալ սահմանմամբ պարբերություն «•Հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողը, յուրաքանչյուր առանձին բաժանմունքում, պետք է կազմակերպի միջին և կրտսեր բուժաշխատողների շուրջօրյա հերթապահություն՝ հիվանդանոցում ապահովելով նվազագույնը մեկ հերթապահ ավագ բուժաշխատող (բժշկական պաշտոնը սահմանվում է` 1 պաշտոն - 80 մահճակալի հաշվով):»: Այս սահմանումը տարածվում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքի վրա: Սակայն ոլորտի ընդլայնված ուսումասիրության արդյունքում պարզ դարձավ, որ այս մասով առկա է մարզերում և Երևան քաղաքում հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների համար խիստ որոշակի և հստակ առանձնացված կարգավորումներ մտցնելու անհրաժեշտություն:
Այսպես.
Հաշվի առնելով բժշկական օգնության և սպասարկման նույն տեսակի շրջանակում տրամադրվող ծառայությունների պահանջարկի ծավալների տարբերությունները մարզերում և Երևան քաղաքում, այս համատեքստում` հերթապահություն իրականացնող բուժանձնակազմի քանակական և որակական տվյալների ուղիղ կապը և ազդեցությունը բժշկական օգնության և սպասարկման որակի վրա, նկատի ունենալով` մատուցվող ծառայությունների ոչ միայն քանակական այլ նաև ըստ բարդության աստիճանի «բաշխվածությունը» մարզերում և Երևան քաղաքում` նպատակահարմար է գտնվել վերանայել հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնության և սպասարկման իրականացման շրջանակում բուժաշխատողների հերթապահության կազմակերպման մասով պահանջները և սահմանել առանձնացված պահանջներ մարզերում և Երևան քաղաքում:
Լաբորատոր-գործիքային հետազոտությունների (որպես բժշկական օգնություն և սպասարկում) որակի ցուցանիշներից է դրանց աշխարհագրական և ֆիզիկական հասանելիությունը: Այսպես, հիվանդանոցները, որնոք հագեցած են լաբորատոր-գործիքային հետազոտությունների իրականացման համար համապատասխան սարքավորումներով, ունեն անհրաժեշտ նյութատեխնիկական բազա և մասնագիտական որակավորում ունեցող բուժաշխատողներ, չեն կարողանում նշված ծառայությունները մատուցել տվյալ հիվանդանոցում չհոսպիտալացված պացիենտներին: Դրա պատճառը համապատասխան կարգավորման բացակայությունն է:
Այս պահին Առողջապահության նախարարության կողմից փուլ առ փուլ ուսումնասիրվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի թիվ 867 որոշմամբ բժշկական օգնության և սպասարկման մի շարք տեսակների համար սահմանված տեխնիկական և կադրային պահանջները: Ուսումնասիրության նպատակն է վեր հանել այն խնդիրները, որոնք խոչընդոտում են լիցենզավորման գործընթացին, հանել արդեն իսկ ոչ արդիական պահանջները և ներառել նորագույն և արդյունավետ սարքավորումներ, ինչպես նաև վերանայել կադրային պահանջները` ներկայիս կրթական ծրագրերին համապատասխան:
Ի կատարումն ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման հավելվածի «Առողջապահության նախարարություն» բաժնի միջոցառումների 21.1 կետի պահանջների, ՀՀ առողջապահության նախարարի 2022 թվականի ապրիլի 20-ի թիվ No 1614–Լ հրամանով հաստատվել է Առողջապահական ծառայությունների որակի բարելավման ռազմավարությունը և առողջապահական ծառայությունների որակի բարելավման ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագիրը (այսուհետ՝ Ռազմավարություն)։
Ռազմավարությունը նախատեսում է, որ որակյալ առողջապահության բնագավառի ձևավորումը, ինչպես նաև բժշկական օգնության և սպասարկման անվտանգ միջավայրի ստեղծումը հանդիսանում է ՀՀ առողջապհության նախարարության ռազմավարական առաջնահերթություններից մեկը։
Միջազգային փորձի ուսումնասիրություն վկայում է, որ որակյալ առողջապահության բնագավառը, բարձրորակ բժշկական օգնության և սպասարկման ապահովումը, ինչպես նաև պացիենտների անվտանգության բարձր մակարդակի երաշխավորումը հանդիսանում են առողջապահական համընդհանուր ծածկույթի (Universal health coverage) և մասնավորապես՝ համապարփակ առողջապահության ապահովագրության ներդրման կարևորագույն բաղադրիչներից մեկը։ Ապացուցված է, որ անորակ բժշկական ծառայությունները, բացի անմիջական վտանգ ներկայացնելուց մարդու կյանքին և առողջությանը, անարդյունավետ են և հանդիսանում են ֆինանսական կորուստների էական աղբյուր։
Միևնույն ժամանակ, դիտարկումները վկայում են, որ ՀՀ տարածքում գործունեություն ծավալող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների ներկայի կարողությունները բավարար չեն բժշկական օգնության և սպասարկման որակի բարելավման ուղղությամբ համալիր միջոցառումներ իրականացնելու համար։ Վերոնշյալ երևույթի պատճառներից է, որակի կառավարման և բարելավման համար պատասխանատու աշխատողի բացակայությունը, որն իր ամենօրյա պարտականությունների կատարման շրջանակներում պատասխանատու կլինի այդ աշխատանքների կազմակերպման, իրականացման և հսկողության սահմանման համար։
2. Առաջարկվող կագավորումների բնույթը
Հիմք ընդունելով սույն հիմնավորման 1-ին կետով նկարագրված ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը, առաջարկվում է`
1) սահմանել մարզերում բուժանձնակազմի հերթապահության ձևի կարգավորում, որը հիմնված է «մահճակալային ֆոնդ» հաշվարկի վրա.
2) սահմանել Երևան քաղաքում բուժանձնակազմի հերթապահության ձևի կարգավորում, որը հիմնված է «բժշկական օգնության տեսակ» հաշվարկի վրա.
3) սահմանել բուժանձնակազմի հերթապահության կազմակերպման ապահովման կարգավորումը.
4) սահմանել լաբորատոր-գործիքային հետազոտությունների իրականացմանը վերաբերելի կարգավորում:
Նախագծի ընդունմամաբ ակնկալվում է, բուժանձնակազմի հերթապահության առանձնացված կարգավորումների ներդրման և լաբորատո-գործիքային հետազոտությունների աշխարհագրական և ֆիզիկական հասանելիության բարձրացման միջոցով նպաստել բժշկական օգնություն և սպասարկման որակի բարձրացմանը:
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի թիվ 867 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» կառավարության որոշման նախագծով առաջարկվում է վերանայել և արդիականացնել բժշկական օգնության և սպասարկման մի շարք տեսակների համար անհրաժեշտ սարքավորումների և գործիքների, ինչպես նաև` կադրային պահանջները: Այս Նախագծով վերանայվում և արդիականացվում են բժշկական հիմնական սարքավորումների` ըստ սարքի շահագործման ինտենսիվության շահագործման թույլատրելի ժամկետները:
Վերանայման համար ուսումնասիրվել է Ֆրանսիայում սահմանված Ճառագայթային ախտորոշիչ (ներկայացված են համակարգչային և մագնիսա-ռեզոնանսային սարքերի տվյալները) սարքերի համար ակտիվության շեմերը, դրանց շահագործման համար սահմանված առավելագույն ժամկետները, կատարված հետազոտությունների համար ֆինանսական հատուցման գնագոյացման մեխանիզմները, սարքերը վերականգնելու դեպքերը, արդյունավետությունը:
Այսպես.
Ճառագայթային ախտորոշման հետազոտությունների ֆինանսական փոխհատուցման գնագոյացում:
Ճառագայթային ախտորոշման նույն սարքերով իրականացվող տեսածրումների ֆինանսական փոխհատուցման գնագոյացումը հաշվարկվում է հաշվի առնելով հետևյալ ցուցանիշները`
- ակտիվության շեմը (մեկ օրացույցային տարվա ընթացքում իրականացվող տեսածրումների քանակ), սահմանված են ակտիվության երկու շեմ համակարգչային տոմոգրաֆիկ սարքերի համար, դրանք են` մինչև 7.500, 7.500-13.000, 13.000-ից ավելի:
- սարքի տարիքը,
- սարքի տեխնոլոգիական մակարդակը
- սարքի օգտագործման աշխարհագրական դիրքը:
Հաշվի է առնվում նաև սարքի տեսակը:
Առկա է նաև ակտիվության շեմի նվազեցման հաշվարկ, որը կիրառվում է մեկ հետազոտության ընթացքում սարքը երկու և ավել անգամ օգտագործելու համար, հիմնականում այսպես լինում է ուռուցքաբանական հիվանդություններ ունեցող պացիենտներ հետազոտման դեպքում:
Այսպես` սահմանված ակտիվության քանակական շեմը չգերազանցող հետազոտությունները հատուցվում են ամբողջությամբ, իսկ սահմանված շեմերը քանակապես գերազանցելու դեպքում` հատուցվում է համամասնորեն պակաս գումար:
Ախտորոշիչ սարքերով կոնտրաստային հետազոտությունների իրականացում:
Կոնտրաստ նյութը տրամադրում է հետազոտություն իրականացնող կազմակերպությունը, որի արդյունքում դրա ձեռքբերումը դառնում է ավելի ծախսարդյունավետ, քանի որ ձեռք է բերվում և՛ մեծ քանակությամբ (մեծածախ վաճառք/գնում), և՛ մեծ սրվակներով:
Ճառագայթային ախտորոշիչ սարքերի թարմացում (փոխարինում` հինը նորով):
Սարքերը թույլատրվում է օգտագործել ըստ համապատասխան ժամկետի, որից հետո դրանք փոխարինվում են նորերով, ինչը թույլ է տալիս կատարված հետազոտությունների համար հատուցման միջոցով ստանալ հետազոտության իրականցման համար սահմանված առավելագույն գումարը, առանց դրանից մաշվածությամբ պայմանավորված գործակցով արժեքի նվազեցումը: Հաշվարկը կատարվում է օրացույցային տարով:
Այսպես, օրինակ, մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիկ սարքերի օգտագործման տասներեք տարին լրանալուն պես, այն կարող է նորից շահագործվել միայն արտադրողի կողմից գործարանային պայմաններում ամբողջական վերականգնում (refurbished) անցնելուց հետո միայն:
Չնայած այն հանգամանքին, որ մագնիսի օգտագործման ժամկետը արտադրողի կողմից սահմանված է հիմնականում քսան տարի (սակայն մնացած բաղադրիչ մասերը` էլեկտրոնիկան, ծրագրային ապահովումը և այլ բաղադրիչները, ունեն շահագործման ավելի կարճ ժամկետներ), բնագավառի լիազոր մարմինը կարող է սահմանել շահագործման առավելագույն տևողության ավելի պակաս ժամկետ, ինչպես նաև թույլատրել սարքի վերականգնումը` մագնիսի պահպանմամբ, եթե սարքը շահագործվել է ուղեկցող փաստաթղթերով սահմանված կարգով, պահպանվել են սարքի աշխատանքային և ջերմային ճիշտ պայմանները:
Սարքերի խնամքի և սպասարկման պայմանագրերի առկայությունը պարտադիր է, որում պետք է նաև ներառված լինի սարքի շահագործման ընթացքում թարմացված ծրագրային ապահովումների ներդրումը, քանի որ դրանք թանկարժեք ծառայություններ են:
Այսպիսով, փոփոխությունը նպատակ ունի վերացնել առկա բացը՝ նպաստելով բժշկական օգնության և սպասարկման որակի բարելավմանը, ինչպես ներկազմակերպական, այնպես էլ ինստիտուցիոնալ մակարդակում՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների համար որակի պատասխանատու աշխատող ունենալը սահմանելով որպես պարտադիր պահանջ։ Ընդորում, հաշվի առնելով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների հզորությունը, մասնավորապես՝ մահճակալային ֆոնդը, աշխատողների թիվը, տեղակայումը, սահմանվում է որակի պատասխանատու աշխատողների թվի տարբերակված մոտեցում։
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության կողմից:
4. Ակնկալվող արդյունքը
Առողջապահության նախարարության կողմից շարունակական կերպով վերանայվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի թիվ 867 որոշմամբ սահմանված բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզավորման համար սահմանված պահանջները և ազատվել հնացած և ոչ կիրառելի գործիքներից և սարքավորումներից:
Որոշման ընդունման արդյունքում, էապես կբարելավվի բժշկական օգնության և սպասարկման որակը, պացիենտների անվտանգությունը, կկանոնակարգվի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների շրջանում որակի կառավարման համակարգը, որն էլ իր հերթին կնպաստի ինստիտուցիոնալ մակարդակում ընդհանուր առողջապահության բնագավառի որակի բարելավմանը։
5. Նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման բացակայության մասին
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի թիվ 867 որոշուման մեջ փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի առաջացնում:
6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Նախագծերի ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման և Առողջապահության նախարարի 2022 թվականի ապրիլի 20-ի «Առողջապահական ծառայությունների որակի բարելավման ռազմավարությունը և դրանից բխող միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» թիվ 1614 – Լ հրամանի դրույթներով, մասնավորապես` ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման հավելվածի «Առողջապահության նախարարություն» բաժնի միջոցառումների 21.1-ին կետով նախատեսված է ««Առողջապահական ծառայությունների որակի բարելավման ռազմավարությունը և դրանից բխող միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» Առողջապահության նախարարի հրամանի ընդունում» միջոցառումը (կարգավիճակը` կատարված): Խոսքը Առողջապահության նախարարի 2022 թվականի ապրիլի 20-ի «Առողջապահական ծառայությունների որակի բարելավման ռազմավարությունը և դրանից բխող միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» թիվ 1614 – Լ հրամանի մասին է: Նշված հրամանի 2-րդ հավելվածի 5-րդ «5. Կազմակերպությունների կարողություններ» վերտառությամբ բաժնի 1-ին ենթակետով սահմանված է «Վերհանել բժշկական կազմակերպությունների լիցենզավորման համակարգի թերությունները և կազմել բժշկական օգնության և սպասարկման համար անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջների և պայմանների վերանայման ժամանակացույց` առողջապահական ոլորտի առաջնահերթություններից ելնելով» միջոցառումը (կարգավիճակը` կատարված), 2-րդ ենթակետով սահմանված է «2) Բժշկական կազմակերպությունների լիցենզավորման համակարգի կատարելագործում, այն է` բժշկական օգնության և սպասարկման համար անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական որակավորման բոլոր պահանջների և պայմանների վերանայում» միջոցառումը (կարգավիճակը` կատարված):
Նախագծի ընդունումը բխում է Ռազմավարության միջոցառումների ծրագրի 5-րդ կետի 2-րդ ենթակետի «բ» պարբերությունից, որը նախատեսում է «որակի պատասխանատուների/բաժինների ստեղծման համար անհրաժեշտ պահանջների և պայմանների (որակի պատասխանատուի/բաժնի առկայություն, աշխատակիցների առկայություն, քանակ և որակավորում, թեժ գծի հեռախոսահամարի առկայություն) սահմանում։»
-
Քննարկվել է
14.04.2025 - 29.04.2025
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Առողջապահություն
-
Գերատեսչություն
Առողջապահության նախարարություն
Դիտումներ` 1847
Տպել