07.04.2025
Իմ կարծիքով ծրագիրը կգործի լիարժեք այն դեպքում,երբ ավելի շատ ուշադրություն դարձվի գործնականին,տեսականի մասով,իհարկե, ուսման տևողության կրճատումը տեղին է,եթե բովանդակային նյութը հնարավոր է անցնել նախատեսված ժամանակում։
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
Ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի ուսումնական հաստատության միջին մասնագիտական կրթական ծրագրերի տևողությունը սահմանելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման
«Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է՝ «Մասնագետի որակավորման աստիճան ստանալու համար հիմնական կրթական ծրագրի ուսուցման տևողությունը մեկ տարի տասն ամսից մինչև հինգ տարի է, բացառությամբ ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի ուսումնական հաստատության համապատասխան ծրագրերի, որոնց տևողությունը սահմանվում է Կառավարության որոշմամբ»:
Ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի ուսումնական հաստատության միջին մասնագիտական կրթական ծրագրերի համար օրենքը սահմանել է ուսումնառության ընդհանուր ժամկետներից տարբերվող ժամկետներ սահմանելու հնարավորություն։
Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունում ընթացող բարեփոխումների շրջանակում Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության միասնական ուսումնական հաստատությունում ներդրվել է շարունակական կրթության մոդելը, որի հիմնական գաղափարը կայանում է նրանում, որ միջին մասնագիտական կրթություն ստանալու համար անձը պետք է ունենա արհեստավորի կրթություն, իսկ արհեստավորի կրթությունն իր հերթին հանդիսանալու է բազային կրթություն՝ որպես ոստիկանությունում կամ փրկարար ծառայությունում ծառայության անցնելու անհրաժեշտ նախադրյալ:
Ելնելով վերոգրյալից՝ այլևս անհրաժեշտություն չի լինելու իրականացնելու ընդհանուր տևողությամբ միջին մասնագիտական կրթություն, քանի որ մի շարք բազային գիտելիքներ, կարողություններ և հմտություններ արդեն իսկ ձևավորվելու են արհեստավորի կրթական ծրագրի իրականացման արդյունքներով: Բացի այդ, ավելի կարճ տևողությամբ միջին մասնագիտական կրթության ժամկետ սահմանելը թույլ կտա առավել օպերատիվ կերպով համալրել ոստիկանության և փրկարար ծառայության համապատասխան պաշտոնները:
Նախագծով առաջարկվում է ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի ուսումնական հաստատության միջին մասնագիտական կրթական ծրագրերի համար սահմանել ուսումնառության ընդհանուր նվազագույն ժամկետից (մեկ տարի տասն ամիս) ավելի կարճ նվազագույն ժամկետ՝ մեկ տարի վեց ամիսը:
Այսինքն, առաջարկվող նախագծի ընդունման դեպքում ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի ուսումնական հաստատության միջին մասնագիտական կրթական ծրագրերի ուսումնառության հնարավոր նվազագույն ժամկետ կարող է լինել մեկ տարի վեց ամիսը, իսկ առավելագույն ժամկետ՝ հինգ տարին:
Ինչ վերաբերում է կոնկրետ մասնագիտությունների և որակավորումների համար ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի ուսումնական հաստատության միջին մասնագիտական կրթական ծրագրերի ուսումնառության ժամկետներին, ապա դրանք պետք է սահմանվեն ոչ թե ՀՀ կառավարության որոշմամբ, այլ կրթական ծրագրերի բաղադրիչներով: Դա ուղղակիորեն բխում է «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 7-րդ մասից, որը սահմանում է՝ «Մասնագիտական կրթության ուսումնառության ժամկետները սահմանվում են համապատասխան մակարդակի որակավորման կրթական ծրագրի բաղադրիչով՝ հիմք ընդունելով ուսանողի մինչև այդ ստացած կրթությունը կամ կրեդիտների քանակը, տվյալ որակավորման ուսուցման առանձնահատկությունը և կրթության կազմակերպման մեթոդաբանական ձևը»։
Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2024 թվականի նոյեմբերի 15-ի «Ոստիկանության բարեփոխումների իրականացման ռազմավարությունը և դրանից բխող 2024-2026 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» թիվ 1803-Լ որոշմամբ հաստատված 2-րդ հավելվածի 3-րդ՝ «Կրթական միջավայրի բարելավում, ոստիկանության կադրային պատրաստում, մասնագիտական զարգացում» ուղղության 3-րդ՝ «Ոստիկանության համակարգ մուտք գործելու և շարունակական կրթության ապահովման համար ինստիտուցիոնալ նախադրյալների ձևավորում» գործողությունից։
4․ Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները․
Նախագծի ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից:
Սույն որոշման նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռնի սահմանել ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի ուսումնական հաստատության միջին մասնագիտական կրթական ծրագրերի ավելի կարճ տևողություն և ապահովել ոստիկանության և փրկարար ծառայության համապատասխան պաշտոնները առավել օպերատիվ կերպով համալրելու հնարավորությունը:
ՀՀ ներքին գործերի նախարարություն
Քննարկվել է
25.03.2025 - 09.04.2025
Տեսակ
Որոշում
Ոլորտ
Կրթություն և գիտություն
Գերատեսչություն
Ներքին գործերի նախարարություն
Դիտումներ` 1785
Տպել07.04.2025
Իմ կարծիքով ծրագիրը կգործի լիարժեք այն դեպքում,երբ ավելի շատ ուշադրություն դարձվի գործնականին,տեսականի մասով,իհարկե, ուսման տևողության կրճատումը տեղին է,եթե բովանդակային նյութը հնարավոր է անցնել նախատեսված ժամանակում։
06.04.2025
Հայաստանի Հանրապետության կառավարության սույն որոշումը, որը սահմանում է ՆԳ բնագավառի միջին մասնագիտական կրթական ծրագրերի տևողությունը (1.5-ից 5 տարի), պետք է գնահատել մի քանի կարևոր տեսանկյուններից. Տևողության շրջանակի (1.5-5 տարի) սահմանումը հնարավորություն է տալիս հարմարեցնել ուսուցման ծրագրերը՝ կախված մասնագիտացումից, պահանջարկից կամ պրակտիկ կարիքներից։ Որոշումը հիմնավորված է «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքով, ինչը ապահովում է իրավական հիմնավորում։ Պետք է հստակեցվեն ծրագրերի տարբերակների չափորոշիչները (օրինակ՝ որ 1.5 տարվա ծրագիրը ինչպիսին պետք է լինի 5 տարվա կտրվածքով)։ Կրճատված ծրագրերի դեպքում անհրաժեշտ է ապահովել, որ ուսուցման որակը չտուժի։ Եթե 1.5 տարին բավարար չէ որոշ մասնագիտությունների համար, կարող է առաջանալ կրթության և գործնական պահանջների միջև բաց։ Առանց հստակ ուղեցույցների, ուսումնական հաստատությունները կարող են դժվարություններ ունենալ ծրագրերը ձևավորելիս։ Եթե որոշումը կիրառվի հաշվի առնելով մասնագիտական և սոցիալական պահանջները, այն կարող է բարելավել ՆԳ համակարգի կադրերի պատրաստվածությունը։
06.04.2025
Կարծումեմ` տեսական մասին զուգահեռ նշված ժամանակահատվածում գործնական պարապմունքներին պետք է ուշադրություն սևեռել։ Գիտելիքից, դրա կիրառությունից զատ ուսանողը պետք է հոգեպես պատրաստվի իր` բոլոր մյուս աշխատանքներից տարբերվող առաքելությանը։ Կարծում եմ` պետք է ներդնել որևէ գործիք` ստուգելու, թե ծրագրի ավարտին ուսանողը որքանով է հավասակշիռ, կարողանում է արդյոք արագ արձագանքել , լարված իրավիճակում ինչպես է դրսևորվում։ Շնորհակալություն։