25.03.2025
ԿԱՐԾԻՔ «Հայաստանի Հանրապետության նախարարությունների հասարակական խորհրդի աշխատակարգը և ձևավորման կարգը հաստատելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագծի (Նախագիծ) վերաբերյալ Սույն թվականի մարտի 10-ին ՀՀ վարչապետի աշխատակազմը հանրային քննարկման է դրել «Հայաստանի Հանրապետության նախարարությունների հասարակական խորհրդի աշխատակարգը և ձևավորման կարգը հաստատելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագիծը : Արձանագրելով նախագծով սահմանված մի շարք առաջընթաց կարգավորումները, որոնք ուղղված են բաց և ներառական որոշումներ կայացնելուն նպաստող հարթակի ստեղծմանը, հեղինակների ուշադրությունն ենք հրավիրում որոշ էական խնդիրների վրա, որոնք ենթակա են հասցեագրման Նախագծի լրամշակման շրջանակում: 1․ Նախագծի Հավելված 2-ի «Խորհրդի անդամներին եվ հայտերին ներկայացվող պահանջները» բաժնում սահմանված են բավականին խիստ չափանիշներ՝ թեկնածուների փորձի և ծրագրային գործունեության վերաբերյալ (օր․՝ առնվազն 3 տարվա փորձ և 2 իրականացված ծրագիր ոլորտում, այդ թվում՝ իրականացրել են փորձագիտական աշխատանքներ, մասնակցել են նախարարության կողմից ձևավորված աշխատանքային խմբերի, հանձնաժողովների աշխատանքներին, ոլորտին առնչվող հարցերով համագործակցել են միջազգային կազմակերպությունների հետ և այլն), ինչը կարող է բացառել փոքր կամ նոր ձևավորված ՔՀԿ-ների մասնակցությունը, հատկապես՝ մարզերում։ Չնայած նախագծում ներառված է համայնքային ՔՀԿ-ների ներգրավման 25%-անոց պահանջ, մուտքի շեմերը մնում են բարձր, ինչը կարող է խաթարել ներառականությունն ու բազմազանությունը։ Նշված պահանջները արհեստականորեն խոչընդոտ են ստեղծում ոլորտային ՔՀԿ-ների համար, որոնք իրենց գործունեությունն իրականացնում են կոնկրետ ոլորտում՝ ելնելով իրենց կանոնադրական նպատակներից և խնդիրներից, սակայն դեռևս չունեն նշված ոլորտում գործունեության երեք տարվա փորձառություն կամ իրականացված ծրագրեր։ Բացի այդ, դիմումների և փաստաթղթերի փաթեթները չափազանց ծանրաբեռնված են՝ պահանջելով շատ տեղեկություններ, այդ թվում՝ փաստաթղթերի, ծրագրային հիմնավորումների և այլն, ինչը կարող է դիտարկվել որպես տեխնիկական և վարչարարական բեռ շատ ՔՀԿ-ների և անհատների համար։ Առաջարկ․ Նվազեցնել ՔՀԿ-ների անդամակցության պահանջները՝ ապահովելու բազմազանություն, տարածքային ներկայացվածություն և զերծ մնալ քաղաքական կողմնակալությունից։ Օրինակ, նվազեցնել պահանջվող տարիների քանակը և/կամ փոխարինել ծրագրերի քանակի պահանջը մասնակցության կամ ոլորտում փորձառության այլ ձևերով։ Դիմումների ներկայացման ձևերը դարձնել պարզեցված և հնարավորություն ստեղծել դիմումը ուղարկելու թվային հարթակների միջոցով։ Խթաններ ստեղծել անկախ, մարզային և ոլորտային բազմազանության ապահովման համար՝ ընտրության սկզբունքներում ներառելով հավասարակշռված ներկայացվածության չափանիշ։