«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի օգոստոսի 24-ի N1418-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
1 - Կողմ
-
13 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
______ _____________ 2025 թվականի N _____-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ
24-Ի N1418-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի օգոստոսի 24-ի «Հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման ենթակա ապրանքների շրջանառության նկատմամբ մոնիտորինգի տեղեկատվական համակարգի ներդրման առանձնահատկությունները հաստատելու մասին» N1418-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման վերնագրում «ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» բառից հետո լրացնել
«, ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ» բառերը,
2) որոշման 1-ին կետում «առանձնահատկությունները» բառից հետո լրացնել
«, դրոշմավորման կանոնները» բառերը,
3) որոշման 1-ին կետով հաստատված հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հավելված
ՀՀ կառավարության 2025 թվականի
____________ __-ի N ____-Ն որոշման
«Հավելված
ՀՀ կառավարության 2023 թվականի
օգոստոսի 24-ի N 1418-Ն որոշման
ՀՍԿԻՉ (ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ) ՆՇԱՆՆԵՐՈՎ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են հսկիչ (նույնականացման) նշաններով (նույնականացման միջոցներով) (այսուհետ՝ նույնականացման միջոց) դրոշմավորման ենթակա ապրանքների շրջանառության նկատմամբ մոնիտորինգի տեղեկատվական համակարգի (այսուհետ՝ համակարգ) ներդրման առանձնահատկությունների, դրոշմավորման կանոնների հետ կապված հարաբերությունները։
II. ՀԱՄԱԿԱՐԳԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
2. Համակարգը՝ Հայաստանի Հանրապետությունում արտադրվող, Հայաստանի Հանրապետություն Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ ԵԱՏՄ) անդամ չհամարվող պետություններից` «Բացթողում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով և ԵԱՏՄ անդամ պետություններից ներմուծվող՝ նույնականացման միջոցներով դրոշմավորման միջոցով հետագծելիության ենթակա ապրանքների վերաբերյալ տեղեկություններ ձևավորող կենտրոնացված տեղեկատվական ռեսուրս է:
3. Համակարգի ֆունկցիոնալությունն ապահովվում է հետևյալ գործառույթների միջոցով՝
1) նույնականացման միջոցներով պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների յուրաքանչյուր միավորի նույնականացման ապահովումը՝ ապրանքներին դրոշմավորման ծածկագրեր շնորհելու միջոցով.
2) դրոշմավորման ենթակա ապրանքների կարգավիճակների և դրանց շրջանառության բոլոր փուլերի գրանցման հնարավորության ապահովում՝ արտադրությունից կամ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծումից մինչև մանրածախ վաճառք՝ հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառմամբ կամ մինչև այլ կերպ ապրանքը շրջանառությունից հանելը.
3) հաշվետվությունների և վերլուծական տեղեկատվության ձևավորման հնարավորության ապահովում.
4) նույնականացման միջոցների արժանահավատության ստուգում.
5) նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա ապրանքների ռեեստրի ձևավորում և վարում.
6) դրոշմավորման ծածկագրերի թողարկում.
7) կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի գրանցում համակարգում.
8) ապրանքների հետագծելիության նպատակով տվյալների հավաքագրում և պահպանում.
9) դրոշմավորված ապրանքների հետագծելիության գործառույթների ապահովում։
III. ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐՆ ՈՒ ՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԸ
4. Համակարգի մասնակիցներն են՝
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մարտի 10-ի N 312-Լ որոշմանը համապատասխան՝ ԵԱՏՄ շրջանակներում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատորը (այսուհետ՝ ազգային օպերատոր).
2) համակարգի նկատմամբ ֆունկցիոնալ պահանջներ ձևավորող լիազոր մարմինը` ի դեմս Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի.
3) ապրանքների շրջանառության մասնակիցները, որոնք ազգային օպերատորին և (կամ) լիազոր մարմնին ներկայացնում են տեղեկություններ՝ նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա ապրանքների և դրանց դրոշմավորման ծածկագրերի կարգավիճակների վերաբերյալ․
4) պետական կառավարման այն մարմինը, որն ունի մոնիտորինգի տեղեկատվական համակարգում պարունակվող տեղեկատվության հասանելիության իրավունք՝ համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության։
5. Համակարգի օգտագործողները ֆիզիկական անձինք են, որոնք հանդիսանում են համակարգի մասնակիցների ներկայացուցիչ։
IV. ԱԶԳԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
6. Ազգային օպերատորն օժտված է հետևյալ լիազորություններով և պարտականություններով՝
1) համակարգի մշակում, ներդրում, շահագործում և սպասարկում.
2) համակարգի պլանային և չնախատեսված թարմացումների ապահովում.
3) իր գործառույթներն ապահովելու նպատակով պայմանագրերի և գործարքների կնքում, այդ թվում՝ ապրանքների շրջանառության մասնակիցների հետ.
4) ապրանքների դրոշմավորման և հետագծելիության նպատակով տվյալների հավաքագրում և պահպանում.
5) դրոշմավորման ծածկագրերի տրամադրման և հետագծելիության ծառայությունների մատուցման համար վճարների գանձում.
6) դրոշմավորված ապրանքների հետագծելիության գործառույթի ապահովում.
7) տեղեկությունների և հաշվետվությունների տրամադրում լիազոր մարմնին.
8) տվյալների անվտանգության ապահովում.
9) Հայաստանի Հանրապետության նորմատիվ իրավական ակտերով նախատեսված այլ գործառույթներ:
V. ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ, ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՆՁՆՈՒՄԸ
7. Համակարգի ստեղծումը, զարգացումը, շահագործման հանձնումը և շահագործումը իրականացվում է ազգային օպերատորի կողմից՝ լիազոր մարմնի հետ համաձայնեցնելով:
8. Համակարգի ստեղծումը, զարգացումը և շահագործումն իրականացվում են հետևյալ սկզբունքների հիման վրա՝
1) համակարգի միջոցով ստացված և փոխանցված տեղեկատվության ամբողջականության, հուսալիության, անվտանգության ապահովում.
2) համակարգի կազմակերպչական և մեթոդական ապահովման միասնություն.
3) համակարգի միասնական գրանցամատյանների և գրացուցակների օգտագործում.
4) համակարգին կանոնակարգված հասանելիության ապահովում.
5) համակարգի անխափան աշխատանքի ապահովում։
9. Համակարգի տեխնիկական միջոցները, սերվերները, ծրագրային ապահովման սկզբնական կոդը, տվյալների կրիչները պետք է տեղակայվեն Հայաստանի Հանրապետության տարածքում:
VI. ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ
10. Սույն բաժնում կիրառվող հասկացություններն են՝
1) «դրոշմավորման ծածկագիր»՝ ազգային օպերատորի կողմից գեներացված կամ ազգային օպերատորի համակարգում գրանցված (փոխճանաչելիության դեպքում) նիշերի եզակի հաջորդականություն, որը բաղկացած է նույնականացման ծածկագրից և ստուգման ծածկագրից,
2) «նույնականացման միջոց»՝ ուղղակիորեն ապրանքի, ապրանքի սպառողական փաթեթավորման, ապրանքի խմբային փաթեթավորման, ապրանքի հավաքածուի, ապրանքի պիտակի վրա կիրառման համար նախատեսված մեքենայաընթեռնելի ձևով ներկայացված դրոշմավորման ծածկագիր՝ Դատա մատրիքս (DataMatrix) երկչափ ծածկագրի ձևաչափով,
3) «ապրանքի դրոշմավորում»՝ նույնականացման միջոցի կիրառում ուղղակիորեն ապրանքի, ապրանքի սպառողական փաթեթավորման, ապրանքի պիտակի, խմբային փաթեթավորման, ապրանքի հավաքածուի վրա՝ համաձայն սույն որոշմամբ հաստատված կանոնների,
4) «դրոշմավորված ապրանք»՝ ապրանք, որի վրա ուղղակիորեն կամ որի սպառողական փաթեթավորման վրա զետեղված է նույնականացման միջոցը կամ նույնականացման միջոց պարունակող նյութական կրիչը, և որի վերաբերյալ հավաստի տեղեկությունները (այդ թվում՝ նույնականացման միջոցի և (կամ) նույնականացման միջոց պարունակող նյութական կրիչի վերաբերյալ տեղեկությունները) գտնվում է համակարգում.
5) «ապրանքը շրջանառության մեջ դնելը»՝ շրջանառության մասնակցի կողմից դրոշմավորված ապրանքը շրջանառության մեջ դնելու մասին տեղեկության ներկայացում hամակարգ, որը հասանելի է դարձնում այն օտարման և (կամ) օգտագործման համար,
6) «ապրանքը շրջանառությունից հանել»՝ դրոշմավորված ապրանքի օտարում իրավաբանական կամ ֆիզիկական անձանց, ապրանքի առգրավում (բռնագրավում), ապրանքի հօգուտ պետության տիրազուրկ ճանաչում կամ ժառանգության իրավունքով պետությանն անցում, ոչնչացում, անդառնալի կորուստ, հետկանչ, օգտագործում սեփական կարիքների համար, պիտանիության ժամկետում չօտարված ապրանքի դուրս գրում, Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս նախկինում շրջանառության մեջ գտնվող ապրանքի օտարում, ինչպես նաև ապրանքի հետագա շրջանառության դադարեցում առաջացնող այլ դեպքեր,
7) «սպառողական փաթեթավորում»՝ ապրանքի միավորի անբաժանելի մաս կազմող փաթեթավորում, որն ապրանքի հետ միասին իրացվում է սպառողին,
8) «խմբային փաթեթավորում»՝ փաթեթավորում, որն ագրեգացման արդյունքում միավորում է դրոշմավորված ապրանքները, ենթակա է նույնականացման միջոցներով դրոշմավորման ու կարող է սպառողին իրացվել ամբողջությամբ կամ կազմացրվել՝ իր մեջ ներառված ապրանքներն առանձին օտարելու նպատակով՝ Համակարգին այդ մասին տեղեկությունների տրամադրմամբ,
9) «ապրանքի հավաքածու»՝ ապրանքի շրջանառության մասնակցի կողմից ձևավորվող ապրանքների ամբողջություն, ներառյալ՝ դրոշմավորված ապրանքը, միավորված ընդհանուր սպառողական փաթեթավորմամբ, որն ունի նույնականացման ընդհանուր միջոց (ապրանքների հավաքածուի նույնականացման միջոց)։ Ապրանքի հավաքածուն ենթակա է օտարման նաև դրա կազմալուծման հնարավորությամբ՝ հավաքածուում ներառված դրոշմավորման ենթակա ապրանքների պարտադիր դրոշմավորմամբ,
10) «ագրեգացում»՝ խմբային փաթեթավորման մեջ դրոշմավորված ապրանքների համալրման ժամանակ խմբային փաթեթավորման վրա կիրառված նույնականացման միջոցի կազմի մեջ մտնող նույնականացման ծածկագրի կամ դրոշմավորման ծածկագրի հետ դրոշմավորված ապրանքների նույնականացման ծածկագրերի կամ դրոշմավորման ծածկագրերի փոխկապակցման ապահովումը՝ առանց ստեղծվող փաթեթավորումը բացելու անհրաժեշտության դրոշմավորված ապրանքների վերաբերյալ տեղեկությունների ստանալն ապահովելու նպատակով,
11) «ապրանքների շրջանառության մասնակիցներ»՝ կազմակերպություններ և անհատ ձեռնարկատերեր, որոնք իրականացնում են նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա ապրանքների արտադրություն և (կամ) շրջանառություն:
11. Ապրանքների դրոշմավորումն իրականացվում է ապրանքների, ապրանքների փաթեթավորման կամ այլ նյութական կրիչի վրա Դատա մատրիքս (DataMatrix) երկչափ մատրիցային կոդերի ձևավորման և կիրառման միջոցով։
12. Ազգային օպերատորն ապրանքների դրոշմավորման պարտավորություն կրողներին տրամադրում է դրոշմավորման ծածկագրեր՝ դրոշմավորման ծածկագրեր ստանալու հայտերի հիման վրա։
13. Դրոշմավորման ծածկագրերի ստացման հայտը պետք է պարունակի ապրանքի և դրոշմավորման ծածկագրերի քանակի մասին տեղեկություններ։
14. Դրոշմավորման ծածկագրեր ստանալու նպատակով ապրանքների դրոշմավորման պարտավորություն կրողները ազգային օպերատորի հետ կնքում են դրոշմավորման ծածկագրերի տրամադրման ծառայությունների մատուցման պայմանագիր։
VII. ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ
15. Նույնականացման միջոցը կիրառվում է սպառողական, խմբային կամ հավաքածուի փաթեթավորման, պիտակի կամ կպչուն պիտակի վրա այնպիսի մեթոդով, որը թույլ չի տալիս նույնականացման միջոցն առանձնացնել փաթեթից: Նույնականացման միջոցը չի կարող կիրառվել սպառողական փաթեթավորման այնպիսի մասերի վրա, որոնք առանց ապրանքը կամ ապրանքի սպառողական տեսքը վնասելու կարող են տարանջատվել: Նույնականացման միջոցը կիրառվում է փաթեթավորման առավել տեսանելի հատվածի վրա։
16․ Նույնականացման միջոցով դրոշմավորման ենթակա ապրանքի վրա պետք է կիրառվի չվնասված, ամբողջական նույնականացման միջոց։
17․ Նույնականացման միջոցի վրա չպետք է կատարվեն նշագրումներ (կնիքներով, դրոշմակնիքներով կամ այլ կերպ կատարված նշագրումներ) կամ նույնականացման միջոցը կամ դրա մի մասը ծածկվեն անթափանց թաղանթով։
18. Նույնականացման միջոցի նույն ծածկագիրը չի կարող կիրառվել մեկից ավելի անգամ կամ նույնականացման միջոցի ծածկագիրը ենթարկվել փոփոխության:
19․ Ապրանքների շրջանառության մասնակիցները նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա ապրանքների դրոշմավորման ծածկագրերի կարգավիճակների վերաբերյալ փոփոխությունները կատարում են համակարգում։
VIII. ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ԾԱԾԿԱԳՐԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՆԵՐԸ
20․ Նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ընթացքում դրոշմավորման ենթակա ապրանքների դրոշմավորման ծածկագրերը կարող են ունենալ հետևյալ կարգավիճակներից որևէ մեկը․
1) «Թողարկված»՝ դրոշմավորման ծածկագրեր ստանալու նպատակով ներկայացված հայտի հաստատումից հետո համակարգում ապրանքների շրջանառության մասնակցին հայտում նշված ապրանքների համար հասանելի դարձած դրոշմավորման ծածկագրեր,
2) «Մակնշված»՝ ապրանքների շրջանառության մասնակցի կողմից համակարգից ներբեռնված դրոշմավորման ծածկագրեր,
3) «Շրջանառության մեջ դրված»՝ օտարման ենթակա դրոշմավորված ապրանքների դրոշմավորման ծածկագրեր,
4) «Շրջանառությունից հանված, վաճառված»՝ Հայաստանի Հանրապետության տարածքում օտարված դրոշմավորված ապրանքների դրոշմավորման ծածկագրեր,
5) «Շրջանառության մեջ դրված՝ վերադարձված»՝ օտարված՝ դրոշմավորված վերադարձված ապրանքների դրոշմավորման ծածկագրեր,
6) «Շրջանառությունից հանված՝ շահագործումից հանված»՝ բացառությամբ դրոշմավորված ապրանքի օտարման դեպքի, ներառվում են այն բոլոր դեպքերը, երբ ապրանքները արտահանվում են Հայաստանի Հանրապետությունից կամ հանվում են շրջանառությունից:
21․ Խմբային փաթեթավորման ծածկագիրը կարող է ունենալ «Ապաագրեգացված» կարգավիճակ՝ եթե խմբային փաթեթավորումը ենթարկվում է փոփոխության։
22․ Պատասխանատվություն կիրառելու առումով՝
1) դրոշմավորման կանոնի խախտում է դիտվում՝
ա. սույն հավելվածի 15-րդ և 19-րդ կետերում նշված կանոնների խախտումը,
բ. ապրանքի դրոշմավորման ծածկագրի սկանավորման դեպքում արտացոլվող տեղեկատվության անհամապատասխանությունը փաստացի սկանավորվող ապրանքի տեղեկատվությանը,
գ. օտարման ենթակա ապրանքի դեպքում դրոշմավորման ծածկագրի՝ «Շրջանառության մեջ դրված» և «Շրջանառության մեջ դրված՝ վերադարձված» կարգավիճակներից տարբերվող կարգավիճակներ ունենալը,
2) դրոշմավորման ենթակա ապրանքների օտարումը դիտվում է չդրոշմավորված ապրանքների օտարում՝
ա․ սույն հավելվածի 16-18-րդ կետերում նշված կանոների խախտումների դեպքում,
բ․ ազգային օպերատորի կողմից չտրամադրված կամ ազգային օպերատորի համակարգում չգտնված նույնականացման միջոցով դրոշմավորված ապրանքի օտարման դեպքում։
IX. ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՊԱՐՈՒՆԱԿՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
23. Համակարգում պարունակվում է հետևյալ տեղեկատվությունը՝
1) ապրանքների շրջանառության մասնակիցների, լիազոր մարմնի և օգտատերերի մասին ընդհանուր տեղեկություններ.
2) դրոշմավորման ենթակա ապրանքների մասին տեղեկություններ.
3) դրոշմավորման ծածկագրերի մասին տեղեկություններ.
4) ապրանքների շրջանառության մասնակիցների կողմից ապրանքների նույնականացման միջոցների կիրառման մասին տեղեկություններ.
5) շրջանառության մեջ դնելու մասին, ապրանքների շրջանառության և ապրանքները շրջանառությունից հանելու մասին տեղեկություններ:
X. ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՏՆՕՐԻՆՈՂԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՊԱՐՈՒՆԱԿՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
24. Համակարգում պարունակվող տեղեկատվության տնօրինողի իրավասություններն իրականացնում է լիազոր մարմինը։
25. Համակարգում պարունակվող տեղեկատվությունը ենթակա է պաշտպանության՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
-
Քննարկվել է
11.02.2025 - 26.02.2025
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Պետական եկամուտներ
-
Նախարարություն
Պետական եկամուտների կոմիտե
Դիտումներ` 1020
Տպել