«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Համաձայն Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 58-րդ կետի՝ (այսուհետ՝ Օրենսգիրք) մինչև 2026 թվականի հունվարի 1-ը ավելացված արժեքի հարկից ազատվում են ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8702 40 000, 8703 80 000 և 8711 60 ծածկագրերին դասվող տրանսպորտային միջոցների ներմուծումը և (կամ) օտարումը:
Վերոնշյալ իրավական կարգավորման արդյունքում՝ հանրապետությունում ստեղծվել է առավել բարենպաստ միջավայր նշյալ էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների ներկրումը խթանելու համար:
Հարկ է նշել նաև, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի 2023 թվականի նոյեմբերի 24-ի N 134 որոշմամբ Հայաստանի Հանրապետությանը 2025 թվականի համար հատկացվել է սակագնային արտոնություն՝ առանց մաքսատուրքի վճարման էլեկտրական շարժիչով աշխատող M1 և M1G (մարդատար) տրանսպորտային միջոցների (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ծածկագրին դասվող) ներմուծման համար՝ 8.0 հազ. հատ չափաքանակով։
Հարկ է նշել, որ 2024 թվականի հոկտեմբերի 10-ին կայացած ՀՀ կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետի կողմից հնչեցվել է առաջարկ՝ կապված 2025 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածք սակագնային քվոտայի շրջանակներում ներմուծվող էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների արտադրման տարեթվի սահմանման հետ, մասնավորապես՝ առաջարկվել է սակագնային քվոտայի կիրառումը տարածել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ծածկագրերին դասվող՝ 2022 թվականի դեկտեմբերի 31-ից հետո թողարկված էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների նկատմամբ։
Սակագնային արտոնության կիրառման շրջանակներում ՀՀ ներմուծվող էլեկտրոմոբիլների ներմուծման ընթացակարգը սահմանող իրավական ակտում սահմանափակման մասով իրավաչափ կարգավորում սահմանելու նպատակով՝ անհրաժեշտություն կառաջանա լրացում կատարել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի 2023 թվականի նոյեմբերի 24-ի N134 որոշման մեջ՝ նախատեսելով դրույթ, որին համապատասխան ազգային օրենսդրությամբ հնարավոր կլինի կիրառել սահմանափակումներ՝ ԵԱՏՄ սահմանված ընթացակարգերին համապատասխան։
Մինչդեռ 2025 թվականի համար Հայաստանի Հանրապետությանը հատկացված 8.0 հազ. հատ չափաքանակով էլեկտրոմոբիլների առանց մաքսատուրքի ներմուծման արտոնությունը տարածվում է 2025 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա, ինչպես նաև կիրառվում է 2024 թվականի ընթացքում ներմուծված և 2025 թվականի ընթացքում ձևակերպվող ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ծածկագրին դասվող տրանսպորտային միջոցների նկատմամբ։
Հաշվի առնելով վերոգրյալը՝ առավել նպատակահարմար է փոփոխություն իրականացնել ԱԱՀ մասով արտոնություն սահմանող ազգային օրենսդրական իրավական ակտում՝ համաձայն որի ավելացված արժեքի հարկից կազատվի ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ծածկագրերին դասվող այն էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների ներմուծումը և (կամ) օտարումը, որոնք թողարկվել են 2022 թվականի դեկտեմբերի 31-ից հետո։
- Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծով առաջարկվում է Հայաuտանի Հանրապետության հարկային օրենսգրքի (ՀO-165) 64-րդ հոդվածով սահմանված ավելացված արժեքի հարկի արտոնությունը տարածել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ծածկագրերին դասվող՝ 2022 թվականի դեկտեմբերի 31-ից հետո թողարկված էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների նկատմամբ։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները
Նախագիծը մշակվել է Էկոնոմիկայի նախարարության կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ նպաստավոր պայմաններ կստեղծվեն երկրում էլեկտրական շարժիչով նոր տրանսպորտային միջոցների ձեռքբերումն ու շահագործումը խթանելու, արդեն իսկ արձանագրված դրական արդյունքների շարունակականության ապահովման, մթնոլորտային օդի աղտոտվածության նվազեցման համար:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Հայաստանի Հանրապետության վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N1363-Ն որոշմամբ հաստատված կառավարության ծրագրի 4.10-րդ կետով, որպես շրջակա միջավայրի կառավարման առաջնահերթ ուղղություններ ամրագրված են մթնոլորտային օդի պահպանության քաղաքականության մշակումը` ուղղված արտանետումների նվազեցմանն ու սահմանափակմանը, ինչպես նաև կանաչ տնտեսության և կայուն զարգացման երկարաժամկետ նպատակի խթանմանն ուղղված քաղաքականության մշակումն ու իրականացումը:
Նախագծի ընդունումն ուղղակիորեն բխում է Կառավարության կողմից 2021թ. ապրիլի 22-ին ընդունված «Փարիզյան համաձայնագրի ներքո Հայաստանի Հանրապետության 2021-2030 թվականների Ազգային մակարդակով սահմանված գործողությունները հաստատելու մասին» որոշմամբ ամրագրված՝ մինչև 2030թ. ջերմոցային գազերի արտանետումները 1990թ. արտանետումների մակարդակի համեմատ 40 տոկոսով նվազեցնելու մասին ՀՀ պարտավորության իրականացման ապահովման անհրաժեշտությունից, հաշվի առնելով, որ շարժական աղբյուրներից մթնոլորտային օդի աղտոտումը ունի կարևոր դերակատարում՝ մասնավորապես արտանետվող ջերմոցային գազերի հանրագումարում:
6․ Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության վերաբերյալ
Նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման անհրաժեշտություն առկա չէ:
7․ Պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների վերաբերյալ
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
-
Քննարկվել է
03.02.2025 - 18.02.2025
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Բնապահպանություն, Էկոնոմիկա
-
Գերատեսչություն
Էկոնոմիկայի նախարարություն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 3168
Տպել