ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն
կատարելու մասին» և «Ռազմական ոստիկանության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունման
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է քաղաքացիների կողմից վարժական հավաքներից խուսափելու դրսևորման ձևերն օրենսդրորեն սահմանելու, արարքի նկարագրությունը հստակեցնելու և մի շարք հանգամանքների զուգորդմամբ արարքը կատարված լինելու համար պատասխանատվության խստացման, ինչպես նաև ռազմական ոստիկանության խնդիրները և լիազորությունները հստակեցնելու անհրաժեշտությամբ:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
ՀՀ քրեական օրենսգրքի 462-րդ հոդվածով սահմանվել է վարժական հավաքից խուսափելու համար քաղաքացու պատասխանատվությունը, որի համաձայն՝ անցկացվող վարժական հավաքից խուսափելը` այդ վարժական հավաքից ազատվելու` օրենսդրությամբ սահմանված հիմքերի բացակայության դեպքում` պատժվում է տուգանքով` առավելագույնը քսանապատիկի չափով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով: Գործող ձևակերպման մեջ օգտագործվում է «վարժական հավաքից խուսափելը` այդ վարժական հավաքից ազատվելու` օրենսդրությամբ սահմանված հիմքերի բացակայության դեպքում» հասկացությունը, սակայն վարժական հավաքների կազմակերպման և անցկացման հարաբերությունները սահմանող «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 59-րդ հոդվածը չի նախատեսում վարժական հավաքից ազատման իրավունք, այլ սահմանում է վարժական հավաքների կանչվելու ենթակա չլինելու հիմքերը, միաժամանակ, նշված հիմքերը սահմանված են բացառապես նշված հոդվածում, որոնք ներառում են նաև «Պաշտպանության մասին» օրենքի 29-րդ հոդվածում նախատեսված՝ զորահավաքային զորակոչին կանչվելու ոչ ենթակա պայմանները: Այսինքն՝ վարժական հավաքների կանչվելու ենթակա չլինելու հիմքերը սահմանված են բացառապես օրենքով:
Բացի այդ, վարժական հավաքների կանչվող քաղաքացիների կողմից տարբեր ձևաչափերով իր հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատ ներկայանալու պարտականության խախտման կամ օրենքով սահմանված առողջական վիճակի հետազոտում և բժշկական փորձաքննություն չանցնելու կամ որևէ այլ եղանակով վարժական հավաքին ներգրավվելուց հրաժարվելու դեպքերի օրենսդրորեն չամրագրված լինելու պատճառով շատ դեպքերում հնարավոր չի լինում ամբողջական որակում տալ քաղաքացու կողմից վարժական հավաքին չներգրավվելու հանգամանքին, որը հանգեցնում է քրեական վարույթների չհարուցմանը և, նմանատիպ առիթներով պայմանավորված, ներառյալ՝ քաղաքացիների և նրանց օրինական ներկայացուցիչների կողմից ձևական պատճառաբանությունների օգտագործմամբ, վարժական հավաքներին որոշակի թվով քաղաքացիների չներգրավման: Այդ կապակցությամբ, անհրաժեշտություն է առաջացել հստակեցնել քաղաքացիների կողմից վարժական հավաքներից խուսափելու դրսևորման ձևերը: Միաժամանակ, պրակտիկայում արդեն իսկ առկա են դեպքեր, երբ քաղաքացիները վարժական հավաքներից խուսափել են իրեն մարմնական վնասվածք պատճառելու կամ հիվանդության սիմուլյացիայի կամ փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով, ինչը մինչև 2022թ. հուլիսի 1-ը գործող ՀՕ-528-Ն ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 2-րդ մասով հանգեցնում էր ավելի խիստ պատասխանատվության, որը սակայն առկա չէ գործող ՀՀ քրեական օրենսգրքի 462-րդ հոդվածում: Այդ նպատակով, համապատասխան վարքագիծը կանխելու նպատակով, ներկայումս անհրաժեշտություն է առաջացել խստացնել նման միջոցներով վարժական հավաքներից խուսափելու համար պատասխանատվությունը:
«Ռազմական ոստիկանության մասին» ՀՀ օրենքն (այսուհետ՝ օրենք) ընդունվել է 2006թ. դեկտեմբերի 21-ին: Անցած 17 տարիների ընթացքում դրսևորվեցին ինչպես օրենքի կենսունակությունն ու հասարակական անհրաժեշտությունը, այնպես էլ ի հայտ եկան մի շարք բացթողումներ, որոնց վերացումը կբարձրացնի օրենքի կիրառելիությունը և ռազմական ոստիկանության ծառայողների կողմից կատարվող աշխատանքների արդյունավետությունը:
Գործող օրենքով ռազմական ոստիկանության խնդիրներից է զինծառայողների կողմից նախապատրաստվող կամ կատարվող հանցագործությունների նախականխումը, կանխումը և խափանումը: Նշված ձևակերպումից պարզ է դառնում, որ հանցագործությունների փաստերի հայտնաբերումը և բացահայտումը ռազմական ոստիկանության խնդիրների մեջ չի մտնում: Մինչդեռ.
Հայտնաբերումը վերաբերում է նախապատրաստվող և արդեն իսկ կատարված հմտորեն թաքնված, քողարկված և իրավապահ մարմիններին հայտնի չդարձած հանրորեն վտանգավոր արարքներին կամ իրավախախտումներին, որոնք ունեն բարձր լատենտայնություն և տարբեր պատճառներով դուրս են մնում քրեական վիճակագրությունից:
Բացահայտումը դա օպերատիվ ծառայողի գործունեությունն է, ուղղված օպերատիվ հետախուզական ուժերի և միջոցների օգնությամբ փաստական տվյալների ձեռքբերմանը, ինչը հնարավորություն է տալիս բացահայտել հանցագործություն կատարած անձին: Տվյալ դեպքում օպերատիվ-հետախուզական միջոցառումն էական նշանակություն ունի ոչ ակնհայտ պայմաններում կատարված հանցագործությունների բացահայտման համար, երբ հանցագործության հետքերը քողարկված կամ թաքցված են և առաջնային տեղեկությունը չի պարունակում տեղեկատվություն այն կատարած կամ կատարող անձանց մասին:
Միաժամանակ գործող օրենքի 11-րդ հոդվածում նշված է, որ իրավապահների հետ համագործակցության շրջանակներում ռազմական ոստիկանությունն աջակցում է օպերատիվ-հետախուզական միջոցառումների և դատավարական գործողությունների անցկացմանը, զինծառայողների նկատմամբ կատարվող հանցագործությունների և այլ իրավախախտումների կանխման, նախականխման, խափանման, հայտնաբերման ու բացահայտման աշխատանքների իրականացմանը, ինչպես նաև իրավապահներին տեղեկացնում է ռազմական ոստիկանության կողմից բացահայտված պետության, հասարակության կամ քաղաքացիների անվտանգությանը սպառնացող վտանգի մասին:
Այստեղից կարելի է հետևություն անել, որ մի դեպքում գործող օրենքով ռազմական ոստիկանության վրա չի դրվում հանցագործությունների և այլ իրավախախտումների փաստերի հայտնաբերման և բացահայտման լիազորությունը, իսկ մյուս դեպքում դրվում է պարտականություն իրավապահ մարմինների հետ համագործակցության շրջանակներում աջակցելու վերջիններին՝ հանցագործությունների և այլ իրավախախտումների հայտնաբերման ու բացահայտման աշխատանքներին:
Օրենքի 8-րդ հոդվածի համաձայն, ռազմական ոստիկանությունը իրավունք ունի անցկացնելու օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, իսկ քրեական վարույթի շրջանակներում՝ օրենքին համապատասխան ապահովում է զինված ուժերում հետաքննության իրականացումը, օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում: Սրանից ելնելով կարելի է արձանագրել, որ ռազմական ոստիկանությունն իրավունք չունի իրավապահ մարմինների հետ համագործակցության շրջանակներում իրականացնել օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, քանի որ հանցագործությունների և այլ իրավախախտումների հայտնաբերման ու բացահայտման աշխատանքները ռազմական ոստիկանության լիազորությունների մեջ չեն մտնում: Ուստի անհրաժեշտություն է առաջացել օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում կատարել փոփոխություն:
Վերը նշված խնդիրների լիարժեք կատարումն ապահովելու նպատակով անհրաժեշտություն է առաջանում օրենքի 8-րդ հոդվածում ևս կատարել փոփոխություններ:
Անհրաժեշտություն է առաջացել նաև ռազմական ոստիկանությանը ներգրավել օրենքով զինապարտ քաղաքացիների համար սահմանված՝ զինվորական հաշվառման, պարտադիր և զորահավաքային զորակոչերի, պահեստազորային պատրաստության շրջանակներում կազմակերպվող վարժական հավաքներին և զինվորական վարժանքներին (հրամանատարաշտաբային կամ շտաբային, զինվորական մարզումներին) և զորավարժություններին (զորախաղերին) ներգրավման գործընթացում ծանուցագրերի հանձնման, ինչպես նաև այդ միջոցառումներից խուսափողների որոնման և հայտնաբերման աշխատանքներին՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ կատարված օրենսդրական փոփոխությունների շրջանակներում Ներքին գործերի նախարարության խնդիրները փոփոխվել են:
- Կարգավորման նպատակը և բնույթը
Օրենքի նախագծի համաձայն սահմանվում են քաղաքացիների կողմից վարժական հավաքներից խուսափելու դրսևորման ձևերը, հստակեցվում է կատարվող հանցավոր արարքի նկարագրությունը, խստացվում է մի շարք ոչ իրավաչափ հանգամանքների զուգորդմամբ վարժական հավաքներից խուսափելու համար պատասխանատվությունը, ինչպես նաև հստակեցվում է ռազմական ոստիկանության լիազորությունների շրջանակը:
- Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Օրենքի նախագծի ընդունումը 2025 թվականի և հետագա տարիների պետական բյուջեների եկամուտներում ու ծախսերում փոփոխությունների չի հանգեցնում:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Որոշման նախագիծը կապված է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի «1.3 Պաշտպանության ոլորտ. Զինված ուժերի բարեփոխումներ» բաժնի 5-րդ կետի հետ, ի դեմս՝ Կառավարությունը շարունակելու է զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի մեխանիզմների կատարելագործումը, ինչպես նաև «5. Իրավունք և արդարադատություն» բաժնի 5.4-րդ կետի հետ, ի դեմս` առավել ինտենսիվ կշարունակվեն իրականացվել հանցավորության դեմ պայքարում ոստիկանության ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանն ուղղված աշխատանքները, որը հնարավորություն կընձեռի ապահովելու հանցագործության դեպքերի բացահայտման առավել բարելավված ցուցանիշներ, ինչպես նաև կբարձրացնի հանցավորության կանխարգելման աշխատանքների արդյունավետության մակարդակը:
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: