«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՊԱՀՈՎՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ««ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԻԾ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՊԱՀՈՎՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ««ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- ԱՌԿԱ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԵՎ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԸ
Օպցիոնի պայմանագրի էությունը կայանում է նրանում, որ մի կողմը` օպցիոնը տնօրինողը` ստանում է իրավունք (բայց ոչ պարտավորություն) մյուս կողմից պայմանագրի կնքման պահին որոշված գնով ապագայում որևէ պահի ձեռք բերել գույք:
Օպցիոնի պայմանագիրը կարող է ծառայել տարբեր նպատակների: ՀՀ գործարար շրջանակների, բանկային համակարգի ներկայացուցիչների, start-up էկոհամակարգի ներկայացուցիչների, օտարերկրյա ներդրողների, իրավաբանական, աուդիտորական և հաշվապահական ընկերությունների հետ քննարկումները վկայում են այն մասին, որ ՀՀ իրավական համակարգում օպցիոնների կարգավորումների ներդրումն անհրաժեշտ է հետևյալ խնդիրների լուծման համար.
- Արտահանողների համար արտարժութային ռիսկերի զսպման ուղղված բանկերի կողմից առաջարկվող գործիքների շրջանակի ընդլայմանը: ՀՀ ԿԲ և արտահանողների միջև տեղի ունեցած քննարկումների շրջանակներում կարևորվել է բանկերի կողմից տրամադրվող ածանցյալ ֆինանսական գործիքների` այդ թվում օպցիոնների միջոցով արտարժութային ռիսկերի կառավարումը: Օպցիոնի իրավական կարգավորումների ստեղծումը կնպասի նման շուկայի զարգացմանը:
- Ներդրումների ներգրավումը ՀՀ բիզնեսներում: Բաժնետոմսի/բաժնեմասի ձեռք բերման օպցիոնը հանդիսանում է հարմար գործիք ներդրողների համար, որոն ցանկանում է պայմանագրով ապահովել որոշակի դեպերում կամ ժամկետներում բաժնետեր դառնալու հնարավորությունը` նախապես ֆիքսված գնով:
- Աշխատողներին մոտիվացոին մեխանիզմների կիրառման նպատակով գործատուի արժեթղթերի ձեռք բերման օպցիոնների տրամադրման, հատկապես start-up և ՏՏ ոլորտի կազմակերպություններում: Նման մեխանիզմը նպաստում է բարձրարժեք կադրերի ներգրավմանը և նրանց համար մոտիվացիայի ստեղծմանը, ինչը նաև լայնորեն տարածված է միջազգային փորձում:
- Արժեթղթերի շուկայի զարգացումը: Հանդիսանալով բորսայական առևտրում ճանաչել գործիք, օպցիոնը կարևոր դեր ունի և դրա իրավական կարգավորումը կնպաստի օպցիոնների առևտրի զարգացմանը:
Մատնանշված խնդիրները քարտեզագրվել են և դրանց լուծումը կարևորվել է մասնավոր հատվածի ներկայացուցիչների կողմից` ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի նախագահությամբ 12.04.2023 թ. կայացած ՓՄՁ զարգացման խորհրդի նիստում։
Օպցիոնի պայմանագիրն համաշխարհային պրակտիկայում տարածված պայմանագիր է և լայնորեն կիրառվում է բազմաթիվ երկրներում (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ռուսաստան, Ղազախստան, Մոլդովա և այլն): Դրա առարկա է հանդիսանում է բազմազան գույք, այդ թվում արտարժույթ, արժեթղթեր, ապրանքներ և այլ գույք:
Օպցիոնի պայմանագիրը միջազգային պրակտիկայում կիրառվում է տարբեր համատեքստերում` այդ թվում.
- Ստարտափ ընկերությունների կողմից` որակյալ աշխատուժ ներգրավելու և աշխատողների աշխատանքի արտադրողականությունը խրախուսելու նպատակով: Այս տեսանկյունից` աշխատողների բաժնետիրացման ծրագրերի շրջանակներում,
- Ընկերությունների կողմից ներդրումների ներգրավման նպատակով` այդ թվում որոշակի ֆինանսական ցուցանիշների հասնելու դեպքում արժեթղթեր ձեռք բերելու կամ օտարելու իրավունքի ապահովման միջոցով,
- Ապրանքներ և ծառայություն արտահանող կամ ներմուծող տնտեսավարողների կողմից` արտարժույթի փոխարժեքի տատանման ռիսկերը կառավարելու նպատակով,
- Կարգավորվող շուկաներում` արտարժույթի, արժեթղթերի, ապրանքների օպցիոնների միջոցով:
«Արժեթղթերի շուկայի մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն օպցիոնները դասվում են ածանցյալ ֆինանսական գործիքների շարքին:
Այնուամենայնիվ ՀՀ օրենսդրական մակարդակում բացակայում են օպցիոնի պայմանագրի հասկացությունը, դրա բովանդակությանը և կատարմանը վերաբերվող կարգավորումները, ինչը բարդություններ է առաջացնում տնտեսավարողների համար նման տեսակի պայմանագրերի կնքման հարցում:
Մասնավորապես, «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքը նախատեսում է որոշ դեպքերում ընկերության կողմից իր բաժնետոմսերի օտարման օպցիոնի պայմանագրերի կնքման հնարավորությունը, սակայն բացակայում է դրա գործուն մեխանիզմը: Մինչդեռ նման պայմանագրերը կարող են արդյունավետորեն օգտագործվել թե՛ աշխատողների բաժնետիրացման և թե՛ նոր ներդրումների ներգրավման համար:
Բացի այդ, սահմանված չեն նաև սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կանոնադրական կապիտալում բաժնեմասի գնման/վաճառքի օպցիոնի պայմանագրի հիման վրա իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանում գրանցման կատարման ընթացակարգը:
Ընդ որում, օպցիոնի պայմանագիրն էականորեն տարբերվում է նախնական պայմանագրից: Այսպես` ի տարբերություն նախնական պայմանագրի չի պահանջում առանձին հիմնական պայմանագրի կնքում, այլ ինքնին հանդիսանում է հիմնական պայմանագիր: Բացի այդ նախնական պայմանագիրը պարտավորեցնում է երկու կողմերին էլ կնքել հիմնական պայմանագիր, մինչդեռ օպցիոնի դեպքում նման պարտավորություն ունի պայմանագրի միայն մեկ կողմը (օպցիոնի վաճառողը), մինչդեռ ի տարբերություն նախնական պայմանագրի օպցիոնի դեպքում դրա գնորդը պարտավոր չէ, այլ միայն հայեցողական իրավունք ունի ձեռք բերել/հանձնել գույքը:
- ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
Ելնելով վերոգրյալից` նախագծերի փաթեթի նպատակն է ստեղծել իրավական պայմաններ օպցիոնի պայմանագրերի կնքման և կատարման համար:
3․ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ
Նախագծով առաջարկվում է լրացումներ կատարել ՀՀ քաղաքացիական օրենսգրքում, «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում և մի շարք օրենքներում՝ դրանցում սահմանելով օպցիոնի պայմանագրի հասկացությունը և դրա կիրառման հիմնական պայմանները` հիմք ընդունելով աշխարհում և Հայաստանի Հանրապետությունում արդեն իսկ ձևավորված գործարար պրակտիկան:
Մասնավորապես առաջարկվում է սահմանել, որ օպցիոնի պայմանագրով մի կողմը (օպցիոնի գնորդը) ձեռք է բերում իրավունք մյուս կողմից (օպցիոնի վաճառողից) պահանջել կատարել օպցիոնի պայմանագրով նախատեսված գործողությունները (այդ թվում՝ սեփականության կամ այլ գույքային իրավունքով փոխանցել կամ ընդունել գույք, այդ թվում գույքային իրավունքներ) (իրացնել օպցիոնը) դրանով սահմանված ժամկետում (օպցիոնի գործողության ժամկետում) և գնով (օպցիոնի կատարման գինը), իսկ օպցիոնի վաճառողը պարտավորվում է կատարել այդ պահանջը:
Օպցիոնը կարող է լինել գնման օպցիոն (call option), որի դեպքում օպցիոնի գնորդը ձեռք է բերում իրավունք պահանջել սեփականության կամ այլ գույքային իրավունքով իրեն փոխանցել գույք` այդ թվում գույքային իրավունքներ, և վաճառքի օպցիոն (put option), որի դեպքում օպցիոնի գնորդը ձեռք է բերում իրավունք օպցիոնի վաճառողից պահանջել սեփականության կամ այլ գույքային իրավունքով ընդունել գույք` այդ թվում գույքային իրավունքներ:
Առաջարկվում է նաև սահմանել, որ օպցիոնի պայմանագիրը կնքվում է գրավոր: Եթե օպցիոնի գնորդը օպցիոնի գործողության ժամկետում պայմանագրի առարկա հանդիսացող պահանջը չի ներկայացնում (օպցիոնը չի իրացնում), ապա օպցիոնի պայմանագիրը համարվում է դադարած` օրենքի ուժով։ Օպցիոնի պայմանագրով կարող է նախատեսվել, որ դրանով սահմանված պահանջը համարվում է ներկայացված՝ այդ պայմանագրով սահմանված պայմանների վրա հասնելու դեպքում, եթե պայմանագրով նաև սահմանված են նման պայմանների վրա հասնելը և կողմի ծանուցված լինելու օրը որոշելու չափանիշները կամ ընթացակարգը:
Առաջարկվում է նաև սահմանել, որ օպցիոնի պայմանագրով սահմանված իրավունքի տրամադրման (օպցիոնի պայմանագրով նախատեսված գործողությունները կատարելու պահանջի իրավունքի) դիմաց օպցիոնի գնորդը օպցիոնի վաճառողին պայմանագրով սահմանված ժամկետում վճարում է պայմանագրով նախատեսված պարգևավճարը (premium)` դրամական միջոցների կամ այլ գույքի տեսքով, բացառությամբ օրենքով կամ պայմանագրով սահմանված դեպքերի:
Օպցիոնի պայմանագրով պետք է սահմանված լինի պայմանագրի առարկա հանդիսացող պահանջը ներկայացնելու դեպքում օպցիոնի կատարման գինը և դրա տրամադրման կարգը:
Առաջարկվում է նաև լրացումներ կատարել «Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին» և «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքներում` սահմանելով անհրաժեշտ կառուցակարգեր օպցիոնի պայմանագրից ծագող իրավունքների և սահմանափակումների գրանցման համար:
- ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Ակնկալվում է, որ նախագծի ընդունմամբ կստեղծվեն ներդրումներ ներգրավելու, արժեթղթերի շուկայում ներդրումներ կատարելու, արտարժույթի փոխարժեքի, ապրանքների գների տատանումները կառավարելու համար լրացուցիչ գործիքներ: Այդ գործիքի իրավական կարգավորումը կնպաստի ներդրումների և ներդրողների ներգրավմանը, օպցիոնի պայմանագրի կողմերի միջև ծագող հարաբերությունների հստակ կարգավորմանը, իրավահարաբերությունների կայունությանն ու կանխատեսելիությանը:
Նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն սպասվում:
5․ ԿԱՊԸ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԵՏ
Նախագծի ընդունումը ապահովում է «Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման 2020-2024 թվականների ռազմավարությունը և դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոստոսի 27–ի №1443-Լ որոշման Հավելված №2–ի 1.4.2 կետի (Անհրաժեշտության դեպքում մշակել ներդրումային ֆոնդերի և բիզնես-հրեշտակների կայացմանը նպաստող օրենսդրական բարեփոխումների փաթեթ) դրույթների կատարումը։
6․ ՆԱԽԱԳԻԾԸ ՄՇԱԿՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ
Նախագիծը մշակվել է և ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի Հայաստանի Ներդրումային Խորհրդի կողմից:
Նախագիծը քննարկվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի նախագահությամբ 07.04.2023 կայացած ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստում:
Նախագիծը քննարկվել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի մոտ 12.04.2023 թվականին կայացած ՓՄՁ զարգացման խորհրդի նիստում: Նիստի արդյունքներով հանձնարարվել է ապահովել աշխատանքների ընթացքը և փաթեթի հետագա շրջանառությունը` վերջնական տարբերակը Կառավարության քննարկմանը ներկայացնելու նպատակով։
-
Քննարկվել է
08.01.2025 - 23.01.2025
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Էկոնոմիկա, Ֆինանսական
-
Գերատեսչություն
Էկոնոմիկայի նախարարություն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 2598
Տպել