Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ
18.01.2025
Դիտարկում 2 Հաջորդ էական պայմանը, ըստ որի սույն Նախագիծն ընդունման ենթակա չէ, վերաբերում է ՀՀ պաշտպանության ոլորտում կատարվող փոփոխությունների ուղղությամբ պետության միասնական մոտեցումների բացակայությանը: Մասնավորապես, սույն Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ զինծառայողների սոցիալական իրավունքների հետ կապված հարցերը, սոցիալական վիճակի բարելավումը և սոցիալական երաշխիքների ընդլայնումը ՀՀ կառավարության գործունեության համար առաջնահերթություն են: Այդ առաջնահերթությունները սահմանելու նախադրյալներն ու բովանդակությունը բացահայտված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թթ. ծրագրի 1.3 կետում (այսուհետ՝ Կառավարության ծրագիր), ըստ որի՝ Կառավարությունը մեծացնելու է զինծառայողների նյութական և սոցիալական ապահովման երաշխիքները, կատարելագործելու է զինծառայության գրավչության և զինծառայողի հեղինակության բարձրացման մեխանիզմները։ Զինծառայողների աշխատավարձերի և այլ վճարների բարձրացումը, բնակարանային ապահովման ուղղությամբ Կառավարության ծրագրերը, պատերազմի հետևանքներն իրենց վրա կրող զինծառայողների սոցիալական և առողջապահական ծրագրերը նոր թափ են ստանալու: ՀՀ կառավարության համար այսպիսի նպատակների սահմանումը բխում է 44-օրյա պատերազմից քաղած դասերի և նոյեմբերի 9-ից հետո ձևավորված անվտանգային միջավայրի վերլուծությունից: Այլ խոսքով, պետությունը խիստ մտահոգված է Զինված ուժերում զինծառայողների թվաքանակի, վերջիններիս շարունակական նվազման միտումների և դրանից բխող հետևանքների սպառնալիքով: Ուստի, պետությունը՝ ի դեմս ՀՀ Պաշտպանության նախարարության կողմից իրականացվող ծրագրերի, զինվորական ծառայության շահադրդման նյութական և բարոյահոգեբանական տարբեր մեխանիզմներ է կիրառում ՀՀ Զինված ուժերում անհրաժեշտ քանակություն ապահովելու համար: Դրա վառ ապացույցն է Զինված ուժերում կանանց ներգրավման, ռազմական ԲՈՒՀ-եր ընդունվել ցանկացողներին անհատույց բնակարաններ հատկացնելու, նրանց ուսման ընթացքում բարձր կրթաթոշակներ սահմանելու, զորացրված զինծառայողներին Զինված ուժեր վերադարձնելու և մի շարք այլ ծրագրերի կյանքի կոչումը: Այսպիսով, պետությունը գիտակցում է ներկայումս իր անվտանգությունն ապահովող մասնագետների սակավությունը և ջանում է ոչ միայն կանխել Զինված ուժերից պայմանագրային զինծառայողների հոսունությունը, այլ նաև առկա բացը լրացնել տարբեր շահադրդող միջոցնելով նոր անձանց՝ այդ թվում կանանց, ներգրավելու միջոցով: Սակայն, սույն Նախագիծը ուղիղ հակառակ ազդեցությունն է ունենալու զիվորական ծառայության գրավչության վրա, և արհեստականորեն խոչընդոտներ ստեղծելու ճանապարհով՝ ստիպելու է անձանց հրաժարվել պայմանագրային զինվորական ծառայությունից: Զարմանալի է, որ սույն Նախագիծը հեղինակած նախարարությունները չեն գիտակեցել, որ ցանկացած ոլորտում ՀՀ Կառավարությունը չի կարող մի քայլով իրականացնել դրական փոփոխություններ, իսկ մեկ այլ քայլով արժեզրկել իր գործադրած ջանքերը: ՀՀ Արդարատաության, Ֆինանսների և Պաշտպանության նախարարությունները պետական իշխանության միևնույն ճյուղի տարբեր գերատեսչություններ են, և պարտավոր են օրենսդրական փոփոխություններ նախաձեռնելիս հաշվի առնեն միմյանց խնդիրներն ու առաջնորդվել ոչ միայն Կառավարության ծրագրով հաստատված ռազմավարական նպատակներով, այլ նաև՝ մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի սկզբունքով և պահպանել դրանք իրենց գործունեության բոլոր ուղղություններում և ոլորտներում։