Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. 1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

          Նախագծի մշակումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2017 թվականի նոյեմբերի 30-ի N 50 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած անտառային ոլորտի բարեփոխումների հայեցակարգի 17-րդ կետի պահանջներից, այն է՝ Անտառային պետական կոմիտեի կառավարման ներքո ձևավորել անտառների պատշաճ պահպանությանը նպատակաուղղված պարեկապահակային գործառույթներ իրականացնող անտառային պետական ծառայություն:

Համաձայն Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 26-րդ հոդվածի՝ անտառային օրենսդրության կիրառման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է անտառային պետական ծառայությունը, բացի դրանից սահմանվում են ծառայության պաշտոնատար անձանց իրավունքներն ու պարտականությունները, իսկ նույն Օրենսգրքի 27-րդ հոդվածը սահմանում է անտառային ծառայության պաշտոնատար անձանց  սոցիալական և այլ երաշխիքները, մասնավորապես՝ պարտադիր պետական ապահովագրույթյուն, ծառայողական պարտականությունները կատարելիս հաշմանդամության, զոհվելու դեպքում ընտանիքի անդամներին ՀՀ օրենսդրությամբ սահմանված վճարով ապահովում և այլն:

          Միևնույն ժամանակ, Օրենսգրքի 26-րդ հոդվածի 5-րդ մասը սահմանում է, որ անտառային պետական ծառայության գործունեության կարգը սահմանվում է օրենքով:

          Հարկ է ընդգծել, որ առ այսօր օրենսդիրը չի ընդունել վերը նշված ծառայության գործունեության կարգը սահմանող օրենք, ավելին՝ պետական կառավարման լիազոր մարմնի համակարգում այդ ծառայությունը չի ստեղծվել, չնայած օրենսդրորեն այն սահմանվել է իր համապատասխան գործառույթներով, բացի այդ  ծառայությունը կարգավորող իրավական նորմերն էլ բարեփոխման անհրաժեշտություն ունեն, քանի որ հակասում են ՀՀ օրենսդրության համապատախան ոլորտները կարգավորող իրավական ակտերին: Մասնավորապես, սահմանված է հրազենի կիրառման իրավունք, սակայն սահմանված չէ դրա կիրառման կարգը, պայմանները և սահմանները,  կամ ծառայության անցնելու կարգը, պայմանները, ծառայությունից ազատվելու կարգը և այլն:

 

  1. Առաջարկվող կարգավորումների բնույթը

«Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով՝

  • տարանջատվել է անտառների պահպանության և պաշտպանության գործառույթները, Անտառային ծառայությանը վերապահելով բացառապես անտառների պահպանության գործառույթը, քանի որ վերջինիս հիմնական գործառույթը պետք է լինի անտառների և անտառային հողերի պահպանությունը՝ հրդեհների, ինքնակամ զավթումների, ապօրինի հատումների, արածեցումների, աղտոտման, աղբոտման և օրենսդրությամբ արգելված անտառային կենսաբազմազանությանը վնաս պատճառող այլ գործողությունների դեմ ուղղված համալիր միջոցառումների իրականացումը, իսկ պաշտպանության գործառույթը նոր ստեղծված Անտառային պետական կոմիտեի գործառույթն է.
  • տարաջատել անտառային օրենսդրության կիրառման նկատմամբ պետական վերահսկողության և հսկողության լիազորությունները, մասնավորապես՝ Օրենսգրքի գործող կարգավորմամբ անտառային օրենսդրության կիրառման նկատմամբ պետական վերահսկողությունը անտառային ծառայության գործառույթն է ինչը հակասում է ՀՀ օրենսդրության կարգավորումներին, ուստի այս նախագծով անտառային ծառայությանը վերապահվել է բացառապես անտառների պահպանության կանոնների պահպանման նկատմամբ հսկողությունը.
  • Օրենսգրքի գործող կարգավորմամբ անտառային ծառայության պաշտոնատար անձինք օրենսդրությամբ իրեն վերապահված իրավասության սահմաններում կարող են կազմել վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ, քննել վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր և նշանակել վարչական տույժեր: Քանի որ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն է ըստ գործող կարգավորումների հանդիսանում բնապահպանական, այդ թվում՝ անտառների, ոլորտում վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննող և վարչական տույժեր նշանակող իրավասու մարմինը, ապա օրենքի նախագծով անտառային ծառայության ծառայողին իրավունք է վերապահվել միայն վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ կազմելու և մասնակցելու վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննությանը, ինչպես նաև անտառային օրենսդրության խախտումների համար համապատասխան լիազոր մարմնին միջնորդության ներկայացումը անձանց վարչական կամ քրեական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ.
  • ամրագրվել են անտառային ծառայության ծառայողների ծառայության պայմանները, կարգը, խրախուսման և կարգապահական պատասխանատվության ենթարկելու, ծառայողների ռոտացիայի և ծառայության իրականացման հետ կապված այլ հարցեր, անհրաժեշտության դեպքում օրենսդրության կրկնություններից խուսափելու համար սահմավել է, որ օրենսգրքով նախատեսված դեպքերում անտառային ծառայության հետ կապված հարաբերությունների նկատմամբ տարածվում են «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներն այնքանով, որքանով դրանք իրենց էությամբ կիրառելի են անտառային ծառայության նկատմամբ: Ընդ որում՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված հատուկ ծառայություններից հիմք է ընդունվել հենց փրկարար ծառայությունը կարգավորող իրավական ակտերը, քանի որ իրենց հիմնական իրավասությունների շրջանակով ծառայությունները ունեն գործունեության նմանություններ: Այդ իմաստով նաև վարձատրության հետ կապված հիմք է ընդունվել հենց փրկարար ծառայողների գործակիցները.
  • ամրագրվել են ֆիզիկական ուժի, զենքի և հատուկ միջոցների կիրառման կարգը, պայմանները և սահմանները, ինչպես նաև հատուկ միջոցների տեսակները:

          Միաժամանակ հարկ է նշել, որ Անտառային պետական  ծառայության ստեղծման գործընթացը ապահովվելու և ծառայողների վարձատրությունը տրամադրվելու է  ՀՀ պետական բյուջեով «Հայանտառ» պետական ոչ ատևտրային կազմակերպությանը հատկացված  միջոցների և դրա հաստիքների հաշվին:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

             Նախագիծը մշակվել է  <<Հողերի և անտառի կայուն կառավարման ներդրումը հյուսիս-արևելյան Հայաստանի լեռնային լանդշաֆտներում>> ծրագրի աջակցությամբ:

 

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում կհստակեցվի անտառային ծառայության կարգավիճակը, ինչպես նաև անտառների պահպանության և պաշտպանության գործառույթները, անտառային օրենսդրության կիրառման նկատմամբ պետական վերահսկողության և հսկողության լիազորությունները:

 

 

 

 

 

 

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ անհրաժեշտություն կառաջանա այլ նորմատիվ իրավական ակտերում կատարելու փոփոխություններ և լրացումներ:

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  • Քննարկվել է

    16.03.2018 - 31.03.2018

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Բնապահպանություն

  • Նախարարություն

    Շրջակա միջավայրի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8858

Տպել