ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը (նպատակը)
«Բյուջետային ծրագրերի գնահատման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) առաջարկվում է իրավական հիմքեր ձևավորել բյուջետային ծրագրերի գնահատման կառուցակարգերի ներդրման համար: Նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է ՀՀ կառավարության 2019 թվականի նոյեմբերի 28-ի N 1716-Լ որոշմամբ սահմանված՝ Պետական ֆինանսների կառավարման համակարգի 2019-2023 թվականների բարեփոխումների ռազմավարության և Պետական ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների 2019-2023 թվականներին իրականացվելիք գործողությունների ծրագրի, ինչպես նաև ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշմամբ հաստատված՝ ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի պահանջներից: Այդ նպատակով 2024 թվականի մայիսի 2-ին Ազգային Ժողովում առաջին ընթերցմամբ ընդունվել է «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը:
- 2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Նախագծի ընդունման հիմքերը բխում են դեռևս Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 13-ի նիստի N 38 արձանագրային որոշման հավելվածի 54-րդ կետից, համաձայն որի բյուջետային համակարգում ծրագրային բյուջետավորման սկզբունքների ներմուծմամբ հիմնական ուշադրությունը կենտրոնացվում է բյուջետային ծրագրերի և դրանց արդյունքների վրա` առաջ բերելով այդ ծրագրերի գնահատման կանոնավոր գործընթացի ներդրման անհրաժեշտություն: Սակայն նշված կանոնավոր գործընթացները դեռևս ներդրված չեն, ինչը սահմանափակում է բյուջետային ծրագրերի ազդեցությունը և արդյունքները գնահատելու ՀՀ կառավարության հնարավորությունը:
ՀՀ կառավարության 2019 թվականի նոյեմբերի 28-ի N 1716-Լ որոշմամբ սահմանվել են «Պետական ֆինանսների կառավարման համակարգի 2019-2023 թվականների բարեփոխումների ռազմավարությունը» և «Պետական ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների 2019-2023 թվականներին իրականացվելիք գործողությունների ծրագիրը», որի «Ծրագրային բյուջետավորում և ռազմավարական պլանավորում» բաղադրիչով նախատեսվել էր ներդնել բյուջետային ծրագրերի գնահատման կանոնավոր գործընթաց և մշակել բյուջետային ծրագրերի գնահատման ուղեցույցներ: Իսկ ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշմամբ հաստատված՝ ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի «2. Բյուջետային ծրագրերի գնահատման գործընթացի ներդրում» նպատակով սահմանվել է «2.5. Գնահատման համակարգի ներդրում» միջոցառումը:
Այդ նպատակով մշակվել և ՀՀ վարչապետի 2022 թվականի ապրիլի 28-ի N 446-Ա որոշմամբ հաստատվել է «Պետական բյուջետային ծրագրերի գնահատման համակարգի ներդրման հայեցակարգը», որում տրվում է գնահատման համակարգի և գնահատման գործընթացների ընդհանուր նկարագիրը, սահմանվում են համակարգի ինստիտուցիոնալ կառուցվածքը, կառավարման մոդելը և դերակատարությունների բաշխումը և այլն: Մշակվել է նաև բյուջետային ծրագրերի գնահատման մեթոդական ուղեցույցը:
Թեև առկա է հաստատված հայեցակարգ, սակայն օրենսդրական մակարդակով բյուջետային ծրագրերի գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ է սահմանել լիազորությունների կարգ, ըստ որի կառավարությունը իրավասու կլինի իրականացնել բյուջետային ծրագրերի գնահատման գործառույթները: Դրան է միտված 2024 թվականի մայիսի 2-ին Ազգային Ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, որի 3-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն Կառավարությունը սահմանում է պետական բյուջետային ծրագրերի գնահատման իրականացման կարգը: Նախագծով սահմանվում են գնահատման գործընթացի մասնակիցները, մասնավորապես ՀՀ ֆինանսների նախարարության կառուցվածքում առաջարկվում է ստեղծել Գնահատման ստորաբաժանում:
- Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Նախագծի ընդունմամբ տվյալ բնագավառում ներկայումս իրականացվող քաղաքականության փոփոխություն չի նախատեսվում:
- Կարգավորման նպատակը և բնույթը
Ծրագրերի արդյունավետության և արդյունքայնության բարձրացման նպատակով նախատեսվում է ներդնել բյուջետային ծրագրերի գնահատման կանոնավոր գործընթաց, որի բացակայությունը սահմանափակում է բյուջետային ծրագրերի արդյունքները և ազդեցությունը գնահատելու, բյուջետային ծրագրերը վերանայելու և բարելավելու Կառավարության հնարավորությունները:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2019 թվականի նոյեմբերի 28-ի N 1716-Լ որոշմամբ սահմանված` Պետական ֆինանսների կառավարման համակարգի 2019-2023 թվականների բարեփոխումների ռազմավարության և Պետական ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների 2019-2023 թվականներին իրականացվելիք գործողությունների ծրագրի «Ծրագրային բյուջետավորում և ռազմավարական պլանավորում» բաղադրիչից և ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի «2. Բյուջետային ծրագրերի գնահատման գործընթացի ներդրում» նպատակի «2.5. Գնահատման համակարգի ներդրում» միջոցառումից:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Նախագծով առաջարկվում է իրավական հիմքեր ձևավորել բյուջետային ծրագրերի գնահատման կառուցակարգերի, ինչպես նաև բյուջետային ծրագրերի ազդեցության և արդյունավետության պարբերական և կանոնավոր գնահատման գործընթացի ներդրման համար, որը կնպաստի բյուջետային ծրագրերի արդյունավետության բարձրացմանը:
- Իրավական ակտի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը
Նախագծի ընդունման կապակցությամբ նախատեսվում է ոլորտը կարգավորող այլ իրավական ակտերի (ուղեցույց, մեթոդական ձեռնարկ) ընդունում:
- Նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումների կամ նվազեցումների մասին
Նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում: