Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԽՈՐՀՐԴԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԵՎ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՈՒՄ 

----- ---------------- 2018 թվականի N - Ն 

ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԽՈՐՀՐԴԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԵՎ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ

ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

     Ղեկավարվելով «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ օրենք) 14-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերով և հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2017 փետրվարի 27-ի N 181-Ա որոշման հավելվածով հաստատված ցանկի 6-րդ կետը՝  Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Ստեղծել ընտանիքում բռնության կանխարգելման խորհուրդ:
  2. Հաստատել ընտանիքում բռնության կանխարգելման խորհրդի ձևավորման կարգը և գործառույթները` համաձայն հավելվածի:
  3. Ընտանիքում բռնության կանխարգելման և ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը (այսուհետ՝ լիազոր մարմին):
  4. Լիազոր մարմնի ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամuյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել «Ընտանիքում բռնության կանխարգելման խորհրդի անհատական կազմը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագիծ:
  5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հավելված

ՀՀ կառավարության 2018 թվականի

------------- --- ի N --Ն որոշման 

 

ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ 

  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ 
  1. Սույն կարգով կարգավորվում են ընտանիքում բռնության կանխարգելման խորհրդի (այսուհետ` խորհուրդ) ձևավորման, խորհրդի խնդիրների և գործառույթների իրականացմանն ուղղված հարաբերությունները:
  2. Խորհուրդն ընտանիքում բռնության կանխարգելման և ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության ոլորտում հասարակական հիմունքներով գործող խորհրդակցական մարմին է:
  3. Խորհուրդն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հան­րապետության օրենսդրությամբ և  սույն կարգով:
  4. Խորհուրդն իր գործունեությամբ հաշվետու է Հայաստանի Հանրապետության համապատասխան ոլորտը համակարգող փոխվարչապետին և մինչև յուրաքանչյուր տարվան հաջորդող մարտի 30-ը նրան է ներկայացնում տեղեկատվություն իր կողմից կատարված աշխատանքների մասին: 
  1. ԽՈՐՀՐԴԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ 
  1. Խորհուրդը ստեղծվում է լիազոր մարմնի ղեկավարին կից: Խորհրդի առաջին նիստը հրավիրում է լիազոր մարմնի ղեկավարը:
  2. Խորհրդի անհատական կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:
  3. Խորհուրդը կազմված է 25 անդամից, ովքեր խորհրդի աշխատանքներին մասնակցում են հասարակական հիմունքներով:
  4. Խորհրդի նախագահը  (այսուհետ` խորհրդի նախագահ)  ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի ոլորտը համակարգող                           լիազոր մարմնի ղեկավարի տեղակալն է:
  5. Խորհրդի կազմում ընդգրկվում են՝ մեկական ներկայացուցիչ՝ լիազոր մարմնից, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունից, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունից, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարությունից, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունից, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունից, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեից, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունից, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, ութ ներկայացուցիչ՝ ընտանիքում բռնության կանխարգելման  և  ընտանիքում բռնության  ենթարկված անձանց պաշտպանության ոլորտում գործունեություն իրականացնող  հասարակական կազմակերպություններից (այսուհետ՝  կազմակերպություններ), օրենքով սահմանված հատուկ կառույցներից՝ լիազոր մարմնի ղեկավարի ներկայացմամբ:
  6. Կազմակերպությունների ներկայացուցիչները խորհրդի կազմում ընդգրվում են լիազոր մարմնի ընտրությամբ՝ երեք տարի ժամկետով:
  7. Կազմակերպության ներկայացուցչի  լիազորությունը դադարելու դեպքում նրա փոխարեն նոր ներկայացուցիչ է ընտրվում  սույն կարգով  սահմանված  ձևով:
  8. Կազմակերպությունների ներկայացուցիչների ընտրության գործընթացն իրականացնում է լիազոր մարմնի կողմից հաստատված՝ առնվազն երեք անձից բաղկացած գնահատման հանձնա­ժո­ղովը (այսուհետ՝ հանձնաժողով), որը ստեղծվում է մինչև սույն կարգի 15-րդ կետով սահմանված հայտարարության հրապարակումը:
  9. Կազմակերպությունների ներկայացուցիչների ընտրության գործընթացին կարող են մասնակցել Հա­յաս­տանի Հանրապետությունում պետական գրանցում ունեցող, ընտանիքում բռնության կանխարգելման և ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության ոլորտում առնվազն հինգ տարվա գործունեության փորձ ունեցող կազմակերպությունները, որոնց ներկայացուցիչները պետք է բավարարեն հետևյալ չափանիշներին՝
  • պետք է լինեն Հայաստանի Հանրապետությանքաղաքացի.
  • ունենան բարձրագույն կրթություն.
  • ընտանիքում բռնության կանխարգելման և ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության գործունեության ոլորտում ունենան առնվազն հինգ տարվա, իսկ տվյալ կազմակերպությունում առնվազն երեք տարվա գործունեության փորձ:
  1. Կազմակերպությունների ներկայացուցիչների ընտրության գործընթացի կազմակերպման աշխա­տանք­ներն իրականացնում է լիազոր մարմնի աշխատակազմի համապատասխան ստո­րա­բաժանումը (այսուհետ՝ ստորաբաժանում):
  2. Ստորաբաժանումը կազմակերպությունների ներկայացուցիչների ընտրության գործընթացը սկսելուց տասն աշխատանքային օր առաջ      հրապարակում է հայտարարություն: Հայտարարությունը հրապարակվում է առնվազն 1000 տպաքանակ օրինակ ունեցող մամուլում, ինչպես նաև լիազոր մարմնի պաշտոնական կայքէջում և http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում:
  3. Հայտարարության մեջ պետք է ներառված լինեն հետևյալ տվյալները`

1) հայտերը ներկայացնելու վայրը, հասցեն, հեռախոսահամարը, էլեկտրոնային  փոստի հասցեն և հայտերն ընդունող ստորաբաժանման պատասխանատու անձի հեռա­խոսա­համարը և էլեկտրոնային փոստի հասցեն.

2) հայտերի` առձեռն հանձնելու դեպքում, ընդունման օրերը և ժամերը.

3) կազմակերպությունների ներկայացուցիչներին ներկայացվող պահանջները և  կից փաստաթղթերի ցանկը.

4) հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը:

  1. Ընտրությանը մասնակցելու համար կազմակերպությունը լիազոր մարմնի աշխա­տակազմ է ներկայացնում հայտ, որը պետք է համապատասխանի հայտարարությամբ ներկայացված պահանջներին:
  2. Հայտում պետք է ներառված լինի կազմակերպության առաջադրած ներկայացուցչի ընտրության գործընթացին մասնակցելու վերաբերյալ լիազոր մարմնին հասցեագրած կազմակերպության գրու­թյունը` հետևյալ տվյալներով ու տեղեկատվությամբ՝
  • կազմակերպության անվանումը, հասցեն.
  • կազմակերպության կողմից առաջադրված թեկնածուի(ների)՝ ինքնակենսագրությունը.

3) կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, կապի միջոցները (հեռախոսահամար, ֆաքս, էլեկտրոնային փոստ):

  1. Հայտին կից ներկայացվում են՝
  • կազմակերպության պետական գրանցման վկայականի պատճենը (գրանցման համարը).
  • կազմակերպության կանոնադրության պատճենը.
  • կազմակերպության կողմից իրականացվող ընտանիքում բռնության կանխարգելման և ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության ոլորտին առնչվող գործունեության մասին ամփոփ տեղեկա­տվու­թյուն՝ վերջին հինգ տարիների ընթացքում իրականացված և ընթացիկ ծրագրերի վերաբերյալ:
  • սույն կարգի 13-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով նախատեսված չափանիշները հավաստող փաստաթղթերը.
  1. Ներկայացված հայտերը պետք է վավերացված լինեն կազմակերպության գործա­դիր մարմնի ղեկավարի ստորագրությամբ և կնիքով (կնիքի առկայության դեպքում):
  2. Հայտարարությունը տեղադրելուց հետո՝ մինչև սույն կարգի 16-րդ կետի                   4-րդ ենթա­կետում նշված ժամկետի ավարտը կազմակերպություններն իրենց հայտերը` սոսնձված, ստորագրված և (կամ) կնքված (կնիքի առկայության դեպքում) ծրարով,  ներկայացնում են ստորաբաժանում առձեռն հանձնելու միջոցով կամ ուղարկում են հայտարա­րության մեջ նշված էլեկտրոնային փոստի հասցեին՝ էլեկտրոնային թվային ստորա­գրությամբ հաստատված կամ ստորագրված և սկանավորված:
  3. Կազմակերպությունների ներկայացուցիչների ընտրությունը կատարվում է հայտը ներկայացնելու համար սահմանված ժամկետի ավարտից հետո տասն աշխատանքային օրվա ընթացքում:
  4. Հանձնաժողովի կողմից նշանակված օրը հանձնաժողովի նախագահը  հրա­վիրում է նիստ, բացում է ծրարները և հանձնաժողովի անդամների հետ  քննարկում ներ­կայացված հայտերը:
  5. Հանձնաժողովը գնահատում է ներկայացված այն հայտերը, որոնք համապատասխանում են սույն կարգով սահ­մանված պահանջներին, որից հետո ընդունում է համապատասխան որոշում՝ հայտը բավարարելու կամ այն մերժելու մասին: Արդյունքների մասին կազմակերպությանը տեղեկացվում է էլեկտրոնային փոստի միջոցով՝ երեք  աշխատան­քային օրվա ըն­թաց­քում:
  6. Բավարարված հայտերի  թիվը ութից ավելի լինելու դեպքում նախապատվություն  է  տրվում  հայտատուի  ներկայացուցչի  աշխատանքային  փորձին և կրթությանը:
  7. Փաստաթղթերը թերի լինելու կամ անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին չհամա­պա­տասխանելու դեպքում հայտ ներկայացնողը դրա մասին ծանուցվում է մեկ աշխա­տանքային օրվա ընթացքում (հեռախոսով, էլեկտրոնային փոստով կամ գրավոր), և նրան տրամադրվում է երկու աշխատանքային օր՝ թերությունները շտկելու համար:
  8. Սահմանված ժամկետում թերությունները չշտկելու դեպքում կազ­մակերպության ներկայացրած հայտին ընթացք չի տրվում:
  9. Հանձնաժողովի կողմից ընտրված թեկանածուն ներառվում է Խորհրդի անհատական կազմում: 

III. ԽՈՐՀՐԴԻ ՆՊԱՏԱԿԸ,  ԽՆԴԻՐՆԵՐԸ  ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ 

  1. Խորհրդի գործունեության նպատակը՝ ընտանիքում բռնության կանխարգելման բնագավառում պետական ռազմավարության, դրանից բխող ծրագրերի, օրենսդրական բարեփոխումների, ընտանիքում բռնության ենթարկված անձանց աջակցության, պաշտպանության, ընտանիքում  համերաշխության վերականգնման մեխանիզմների, հանրության իրազեկման միջոցառումների և այլ հարցերի վերաբերյալ առաջարկությունների ներկայացումն է:
  2. Խորհրդի խնդիրներն են՝ ընտանիքում բռնության կանխարգելումը, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանությունը և ընտանիքում համերաշխության վերականգնումը, ինչպես նաև դրանց ուղղված աշխատանքների համակարգումը:
  3. Խորհուրդն իրականացնում է հետևյալ գործառույթները`

1) սերտորեն համագործակցում է քաղաքացիական հասարակության ինստիտուտների հետ` հետևելով օրենքով սահմանված դրույթների ապահովմանը.

2) քննարկում և մշակում է ընտանիքում բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի բնագավառում պետական միասնական քաղաքականության վերաբերյալ առաջարկներ, համակարգում է նշված բնագավառում ռազմավարական և մարտավարական ծրագրերի իրականացումը.

3) քննարկում է ընտանեկան բռնության կանխարգելմանն առնչվող առանձին հարցերը, հրատապ խնդիրները և մշակում դրանց լուծմանն ուղղված համապատասխան առաջարկություններ.

4) ապահովում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, միջազգային կազմակերպությունների, իրավաբանական և ֆիզիկական անձանց միջև համագործակցությունը` ընտանիքում բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի   բնագավառում.

5)  իրականացնում է ընտանիքում բռնության վերաբերյալ ուսումնասիրություններ, ընտանիքում բռնության վերաբերյալ հանրությանը իրազեկելու միջոցառումներ, ուսումնասիրում է տեղական և միջազգային կազմակերպությունների կողմից կատարված հետազոտությունների արդյունքները և դրանց հիման վրա մշակում առաջարկություններ.

6) մշակում է ընտանիքում բռնության ենթարկվածների և  ընտանիքում բռնություն գործադրած անձի սոցիալական վերականգնման ուղղված ծրագրեր.

7)  քննարկում  և գնահատում է հանրապետական գործադիր մարմինների կողմից ընտանիքում բռնության կանխարգելմանը և դրա դեմ պայքարին ուղղված պետական ծրագրերի մասին ամփոփ հաշվետվությունները,  անհրաժեշտության դեպքում առաջարկում է ներկայացնել թեմատիկ զեկույցներ առանձին խնդիրների վերաբերյալ.

8) առաջարկություններ է ներկայացնում ընտանիքում բռնության ենթարկվածների՝ ժամանակավոր աջակցության hաշվեհամարի տնօրինման և  ֆինանսական աջակցության տրամադրման վերաբերյալ.

9) իրականացնում է ընտանիքում բռնության դեմ պայքարի բնագավառում օրենքով նախատեսված այլ գործառույթներ:

  1. Խորհուրդը գործում է օրինականության, իրավահավասարության, անաչառության, հրապարակայնության, թափանցիկության և մատչելիության սկզբունքների հիման վրա: 
  1. ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ 
  1. Խորհրդի աշխատանքները կազմակերպվում են նիստերի միջոցով, որոնք գումարվում են առնվազն յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ: Խորհրդի նախագահի կամ  Խորհրդի անդամների 1/3-ի նախաձեռնությամբ հրատապ լուծում պահանջող հարցերի քննարկման նպատակով կարող են հրավիրվել արտահերթ նիստեր:
  2. Խորհրդի նիստերը վարում է խորհրդի նախագահը: Վերջինիս բացակայության դեպքում խորհրդի նիստերը վարում է նրա կողմից լիազորված խորհրդի անդամներից մեկը:
  3. Խորհրդի նիստերն արձանագրվում են:
  4.  Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է խորհրդի կազմի առնվազն 2/3-ը:
  5. Խորհուրդն իր կողմից քննարկվող հարցերի վերաբերյալ ընդունում է որոշումներ, որոնք կարող են լինել առաջարկությունների, եզրակացությունների, ուղերձների ձևով և կրում են խորհրդատվական բնույթ:
  6.  Խորհրդի որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում խորհրդի նախագահի ձայնը վճռորոշ է:
  7. Խորհրդի նիստերին կարող են հրավիրվել միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, պետական մարմինների՝ խորհրդի օրակարգում ընդգրկված հարցերին առնչվող մասնագետներ, ինչպես նաև  այլ կազմակերպությունների,  Հայաստանյայց Առաքելական եկեղեցու և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ:
  8. Խորհրդի նիստի օրակարգը կազմվում և համապատասխան փաստաթղթերով տրամադրվում է խորհրդի անդամներին՝ խորհրդի նիստից առնվազն երեք աշխատանքային օր առաջ:
  9. Խորհուրդը ձևավորում է ընտանիքում բռնության ենթարկված անձանց ֆինանսական աջակցության տրամադրման հարցերով զբաղվող յոթ անդամից  բաղկացած բազմամասնագիտական խումբ, որի առնվազն չորս անդամը պետք է հանդիսանան կազակերպության ներկայացուցիչ:
  10. Բազմամասնագիտական խումբը քննարկում է ընտանիքում բռնության ենթարկված անձանց ֆինանսական աջակցության տրամադրման առաջարկները և խորհրդի նախագահին է ներկայացնում  եզրակացություն դրա տրամադրման վերաբերյալ:  
  11. Խորհուրդն իր աշխատանքներն առավել արդյուանվետ իրականացնելու նպատակով կարող է ձևավորել աշխատանքային խմբեր, որոնց կազմում կարող են ընդգրկվել խորհրդի անդամ չհանդիսացող այլ մարմինների և կազմակերպությունների ներկայացուցիչներ:
  12. Աշխատանքային խմբերը կատարում են խորհրդի որոշումները, ինչպես նաև ներկայացնում առաջարկություններ խորհրդի առջև դրված խնդիրների լուծման, խորհրդի նիստերի միջև ընկած ժամանակահատվածում ծագած խնդրահարույց և հրատապ լուծում պահանջող հարցերի վերաբերյալ: Աշխատանքային խմբի ղեկավարը մասնակցում է խորհրդի նիստերին խորհրդատվական ձայնի իրավունքով:
  13. Խորհրդի նախագահը`

1) ղեկավարում և կազմակերպում է խորհրդի աշխատանքը.

2) հրավիրում և վարում է խորհրդի նիստերը.

3) ապահովում է խորհրդի բնականոն գործունեությունը.

4) ստորագրում է խորհրդի արձանագրությունը.

5) ներկայացնում է խորհուրդն այլ մարմինների և կազմակերպությունների հետ փոխհարաբերություններում:

  1. Խորհրդի անդամները`

1) իրավունք ունեն՝

ա. ներկայացնելու հարցեր՝ համապատասխան փատաթղթերով, խորհրդի օրակարգում ընդգրկելու նպատակով,

բ. ներկայացնելու առաջարկություններ խորհրդի գործունեության, ինչպես նաև նիստի օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ,

գ. խորհրդի որոշումների վերաբերյալ ներկայացնելու հատուկ կարծիք,

դ. ծանոթանալու խորհրդի նիստերի արձանագրություններին.

2) պարտավոր են՝

ա. մասնակցել խորհրդի աշխատանքներին,

բ. կատարել խորհրդի որոշումները և խորհրդի նախագահի հանձնարարականները:

  1. Խորհրդի քարտուղարությունն իրականացնում է ստորաբաժանումը, որը`
  • նախապատրաստում է՝ խորհրդի  նիստի օրակարգը, օրակարգին վերաբերող համապատասխան նյութերն ու կազմակերպում նյութերի տրամադրումը խորհրդի անդամներին.
  • խորհրդի նիստերին հրավիրում է խորհրդի անդամներին և հրավիրված անձանց, արձանագրում է խորհրդի նիստերը.
  • ապահովում է խորհրդի նիստի որոշումների նախագծերի կազմումը.
  • կազմակերպում է խորհրդի նիստի որոշումների տրամադրումը խորհրդի անդամներին.
  • հետևում է խորհրդի նիստի որոշումների կատարմանը և խորհրդի նիստում զեկուցում դրանց կատարման ընթացքի մասին.

2) խորհրդի նիստերի միջև ընկած ժամանակահատվածում  ընդունում և խորհրդի նախագահին է հանձնում խորհրդի անդամների և աշխատանքային խմբերի առաջարկությունները, վարում է խորհրդի աշխատանքների հետ կապված գործավարությունը: 

  1. ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ 
  1. Խորհրդի գործունեությունը դադարում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    06.03.2018 - 21.03.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1075

Տպել

Առաջարկներ`

Կանանց աջակցման կենտրոն

12.03.2018

Առաջարկում ենք, որ հանձնաժողովի կազմի մեջ ընդգրկվելու մասին ծանուցումը ուղարկվի էլ. հասցեով: Խորհրդի նիստերի արձանագրությունները նույնպես առաջարկում ենք ուղարկել նիստի մասնակիցներին էլ. փոստի միջոցով: Կանանց աջակցման կենտրոն ՀԿ

Տեսնել ավելին