25.10.2024
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը բազմիցս անրադարձել է Հայաստանում հոգեկան առողջության ոլորտին առնչվող օրենսդրության վերանայման անհրաժեշտության և այն միջազգային չափնիշներին համապատասխանեցնելու հարցին՝ մատնանշելով, որ անձին անգործունակ ճանաչելու դրույթը հակասում է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիային ։ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համաձայն՝ անձը կարող է ճանաչվել անգործունակ ՝ զրկվելով իր հիմնարար իրավունքների իրացման հնարավորությունից, մինչդեռ Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի 12-րդ հոդվածը սահմանում է հաշմանդամություն ունեցող անձանց՝ մյուսների հետ հավասար հիմունքներով գործունակության իրավունքը՝ կյանքի բոլոր ոլորտներում: Հոգեկան առողջության ոլորտը կարգավորող ՀՀ օրենսդրությունը պետք է համահունչ լինի մարդու իրավունքների հիմնարար սկզբունքներին, նպաստի անձի արժանապատվության նկատմամբ հարգանքը բարձրացնելուն և հոգեկան առողջության հիմքով առկա խտրական սահմանափակումները վերացնելուն։ ՀՀ Սահմանադրական դատարանն՝ 2015 թվականին ընդունած իր ՍԴՈ-1197 որոշմամբ, անդրադառնալով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում կիրառվող «գործունակություն», «անգործունակություն» և «սահմանափակ գործունակություն» հասկացություններին, հղում է կատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Շտուկատուրովն ընդդեմ Ռուսաստանի գործով կայացված վճռին։ Մասնավորապես, նշված վճռով սահմանվել է, որ «անձին անգործունակ ճանաչելը հանդիսանում է վերջինիս անձնական կյանքը հարգելու իրավունքին միջամտություն: Շտուկատուրովի մոտ բժիշկների կողմից արձանագրվել էին որոշակի հոգեկան հիվանդություններ, սակայն, ըստ դատարանի, վերջինիս անգործունակ ճանաչելն անհամաչափ էր հետապնդվող իրավաչափ նպատակին: Դատարանի կողմից արձանագրվել էր նաև Ռուսաստանի Դաշնության օրենսդրությամբ գործունակության և անգործունակության միջև միջանկյալ, այլընտրանքային (բացառությամբ` ոգելից խմիչքների կամ թմրամիջոցների չարաշահման հակում ունեցողների) տարբերակի բացակայությունը` հաշվի առնելով այն տրամաբանությունը, որ ոչ բոլոր հոգեկան հիվանդություններն (խմբ․հեղինակի կողմից) են հանգեցնում անձի ամբողջական անգործունակությանը» ։ Վերը նշված դիրքորոշումները հաշվի առնելով՝ առաջարկում ենք նախագծի աշխատակազմին ներկայացվող պահանջների ցանկից հանել «ով դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչված է անգործունակ, կամ սահմանափակ գործունակ» կետը։