ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՎՏԱՆԳԱՎՈՐ ԲԵՌՆԵՐ ՓՈԽԱԴՐՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎԸ ԵՎ ՏՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Ընթացիկ իրավիճակը, առկա խնդիրները, իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
«Վտանգավոր բեռներ փոխադրող տրանսպորտային միջոցի հաստատման վկայականի ձևը և տրման կարգը հաստատելու մասին» որոշման նախագծի ընդունումը բխում է «Վտանգավոր բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների մասին» եվրոպական համաձայնագիրը (ԱԴՌ) (այսուհետ՝ ԱԴՌ Համաձայնագիր) Հայաստանի Հանրապետությունը վավերացրեց 2022 թվականի հունվարի 20-ին, որի պահանջների ապահովման համար անհրաժեշտ է ձևավորել օրենսդրական դաշտ։
2023 թվականի հոկտեմբերի 3-ին ընդունվեց «Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ և չվնասազերծված տարաներ փոխադրելու մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության ՀՕ-297-Ն օրենքը, որի կիրարկումն ապահովելու նպատակով ՀՀ վարչապետի 14․02․2024թ․ N 137-Ա որոշմամբ ընդունվեց միջոցառումների ցանկը։
Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռների փոխադրումների գործընթացը լիարժեք կանոնակարգելու նպատակով անհրաժեշտ է ձևավորել օրեենսդրական դաշտ, որը կապահովի ԱԴՌ Համաձայնագրի և «Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ և չվնասազերծված տարաներ փոխադրելու մասին» օրենքի պահանջների կատարումը։
- Կարգավորման նպատակը և բնույթը.
Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռների փոխադրումների ոլորտի կարգավորման նպատակով մշակվել է «Վտանգավոր բեռներ փոխադրող տրանսպորտային միջոցի հաստատման վկայականի ձևը և տրման կարգը հաստատելու մասին» որոշման նախագիծը։
Նախագծով նախատեսվում է հաստատել․
1․ԱԴՌ համաձայնագրով նախատեսված վտանգավոր բեռներ փոխադրող տրանսպորտային միջոցի հաստատման վկայականի ձևը, որը համաձայնագրի անդամ պետություններում ընդունված համապատասխան չափորոշիչներ ունեցող փաստաթուղթ է․
2․ վտանգավոր բեռներ փոխադրող տրանսպորտային միջոցի հաստատման վկայականի տրման կարգը, որը ներառում է անհրաժեշտ փաստաթղթերի պահանջները և տրամադրման գործընթացը։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից:
- Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության, պետական և տեղական ինքնակառավարման մարմնինների բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.
Նախագծի ընդունմամբ նախատեսվում է պետական բյուջեի ծախս վկայականի տպագրման համար, որի համար ներկայացվել է 2025 թվականի բյուջետային հայտ։ Ինչպես նաև ակնկալվում պետական բյուջեի եկամուտների աճ, քանի որ <<Պետական տուրքի մասին>> օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 45-րդ կետով սահմանված է պետական տուրք:
- Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի նախագծերի ընդունման կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին.
Նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և/կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չկա:
6․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 18․11․2021թ․ N 1902-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 38․1-ին կետից և «Վտանգավոր բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների մասին» եվրոպական համաձայնագրից, ՀՀ վարչապետի 14․02․2024թ․ N 137-Ա որոշմամբ հաստատված հավելվածի 3-րդ կետից։