Հիշել նախագիծը

"Կրիպտոակտիվների մասին" ՀՀ օրենքի նախագիծ և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծեր

                                                                           

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

 

        

Բ Ա Ժ Ի Ն  1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Գ Լ ՈՒ Խ  1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Սույն օրենքի հիմնական նպատակներն են Հայաստանի Հանրապետության կրիպտոակտիվների շուկայում հաճախորդների ու կրիպտոակտիվներ ձեռքբերողների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը, կրիպտոակտիվների շուկայի արդար և թափանցիկ գործունեության ապահովումը և կրիպտոակտիվների շուկայում համակարգային ռիսկերի նվազեցումը:

 

Հոդված 1․             Օրենքի կարգավորման առարկան

  1. Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության կրիպտոակտիվների շուկայում գործունեության իրականացման կապակցությամբ ծագող հարաբերությունները և սահմանում է՝
  • կրիպտոակտիվների հրապարակային առաջարկի և առուվաճառքի կարգը.
  • կրիպտոակտիվներով ծառայությունների և գործունեության (այսուհետ՝ նաև կրիպտոակտիվներով ծառայություն) տեսակները, ինչպես նաև դրանց համապատասխանաբար մատուցման և իրականացման կարգը.
  • կրիպտոակտիվների շուկայի կարգավորման և վերահսկողության բնագավառում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետ՝ Կենտրոնական բանկ) իրավասությունները և պարտականությունները.
  • սույն օրենքի, դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերի և այլ իրավական ակտերի պահանջների խախտման համար պատասխանատվությունը:
  1. Հայաստանի Հանրապետության կրիպտոակտիվների շուկան ներառում է Հայաստանի Հանրապետության տարածքում կրիպտոակտիվներ թողարկող և առաջարկող անձանց, սույն օրենքով լիցենզավորման ենթակա ծառայություններ մատուցող անձանց և Հայաստանի Հանրապետության տարածքում առաջարկվող կամ սույն օրենքով լիցենզավորման ենթակա ծառայություններ մատուցող անձանց միջոցով կրիպտոակտիվներ ձեռքբերող անձանց:
  2. Սույն օրենքով սահմանված դրույթները չեն տարածվում «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքի իմաստով արժեթղթի կամ ածանցյալ ֆինանսական գործիքի սահմանմանը համապատասխանող կրիպտոակտիվների վրա, որոնց հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքով:
  3. Սույն օրենքով սահմանված դրույթները չեն տարածվում «Ներդրումային ֆոնդերի մասին» օրենքի իմաստով ֆոնդի փայի (բաժնետոմսի) սահմանմանը համապատասխանող կրիպտոակտիվների վրա, որոնց հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Ներդրումային ֆոնդերի մասին» օրենքով:
  4. Սույն օրենքով սահմանված դրույթները չեն տարածվում «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքի իմաստով բանկային ավանդի (բանկային ավանդի պայմանագրի) սահմանմանը համապատասխանող կրիպտոակտիվների վրա, որոնց հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքով:
  5. Սույն օրենքով սահմանված դրույթները չեն տարածվում «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» օրենքի իմաստով ապահովագրության պայմանագրի (վկայագրի) սահմանմանը համապատասխանող կրիպտոակտիվների վրա, որոնց հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» օրենքով:
  6. Սույն օրենքով սահմանված դրույթները չեն տարածվում.
  • Հայաստանի Հանրապետության, Կենտրոնական բանկի, Հայաստանի Հանրապետության համայնքների վրա.
  • Արժույթի միջազգային հիմնադրամի, Եվրոպական կենտրոնական բանկի, Եվրոպական ներդրումային բանկի, այլ միջազգային կազմակերպությունների, որոնց անդամակցում է Հայաստանի Հանրապետությունը, ինչպես նաև Կենտրոնական բանկի կողմից սահմանած ցանկում ընդգրկված այլ միջազգային կազմակերպությունների վրա:
  1. Սույն օրենքով սահմանված դրույթները չեն տարածվում այն կրիպտոակտիվների վրա, որոնք.
  • էությամբ եզակի են (յուրաքանչյուրն ունի առանձնահատուկ հատկանիշներ) և փոխարինելի չեն, կամ
  • տեխնիկապես հնարավոր չէ կամ օրենքով կամ թողարկման պայմաններով արգելվում է փոխանցել այլ անձի,
  • թողարկվել են կենտրոնական բանկերի կամ նմանատիպ այլ իրավասու մարմինների կողմից:
  1. Կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցումը չի կարգավորվում սույն օրենքով սահմանված դրույթներով, եթե.
  • մատուցվում է միայն միևնույն խմբին պատկանող իրավաբանական անձանց, կամ
  • իրականացվում է լուծարային հանձնաժողովի (անվճարունակության դեպքում՝ ժամանակավոր ադմինիստրացիայի) կողմից իրականացվող գործունեության շրջանակներում:
  1. Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով կարող է սահմանել սույն հոդվածի 8-րդ մասով սահմանված կրիպտոակտիվների և 9-րդ մասով սահմանված ծառայությունների մատուցման չափանիշների առավել մանրամասն նկարագրություն, որոնց բավարարելու դեպքում տվյալ կրիպտոակտիվները և ծառայությունները չեն կարգավորվի սույն օրենքով սահմանված դրույթներով:
  2. Կրիպտոակտիվների հրապարակային առուվաճառքի գործարքները կարող են իրականացվել միայն սույն օրենքի 2-րդ բաժնով սահմանված կարգով կամ կրիպտոակտիվների ծառայություններ մատուցելու իրավունք ունեցող անձանց միջոցով (հետ)։

 

Հոդված 2․            Կրիպտոակտիվների շուկան կարգավորող իրավական ակտերը

Կրիպտոակտիվների շուկայում հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով, սույն օրենքի հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով և այլ օրենքներով ու նորմատիվ իրավական ակտերով, եթե սույն օրենքով այլ կարգավորում նախատեսված չէ:

 

Հոդված 3․            Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

  1. Սույն օրենքում օգտագործվող հասկացություններն ունեն հետևյալ իմաստը.
  • ապակենտրոնացված գրանցամատյան՝ էլեկտրոնային գրանցամատյան, որտեղ գրանցվում են կրիպտոակտիվներով գործարքները և դրանց մասին տվյալները, և որը սինխրոնիզացվում է և պահպանվելուն զուգընթաց հասանելի է ապակենտրոնացված գրանցամատյանի տեխնոլոգիայի (այսուհետ նաև՝ ԱԳՏ) ցանցի ներսում՝ կիրառելով փոխհամաձայնության մեխանիզմ.
  • ապակենտրոնացված գրանցամատյանի տեխնոլոգիա (ԱԳՏ)՝ տեխնոլոգիա, որը հնարավորություն է տալիս գործարկել և օգտագործել ապակենտրոնացված գրանցամատյան.
  • փոխհամաձայնության մեխանիզմ՝ կանոններ և գործընթացներ, որոնց հիման վրա ձեռք է բերվում համաձայնություն ԱԳՏ ցանցի կողմից ապակենտրոնացված գրանցամատյանում գործարքների վավերացման և գրանցման պայմանների վերաբերյալ.
  • ԱԳՏ ցանց՝ սարքավորումներ կամ գործընթացներ, որոնցից յուրաքանչյուրի միջոցով ամբողջությամբ կամ մասնակի պահպանվում են ապակենտրոնացված գրանցամատյանում գրանցված բոլոր գործարքները և դրանց մասին տվյալները.
  • կրիպտոակտիվ՝ ծածկագրման (կրիպտոգրաֆիայի) վրա հիմնված գույքէ, որն ունի արժեք կամ հավաստում է իրավունք, և որը կարող է փոխանցվել և պահպանվել բացառապես էլեկտրոնային եղանակով` ԱԳՏ-ի միջոցով.
  • ակտիվին կցված թոքեն՝ կրիպտոակտիվի տեսակ, որի արժեքը կայուն պահելու նպատակով այն կցվում է արժութային արժեքի (բացառությամբ՝ վճարային արժեթղթերի) կամ դրանց խմբին կամ Կենտրոնական բանկի նորամտիվ իրավական ակտով սահմանված այլ ակտիվներին.
  • արժութային արժեք՝ ըստ «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» օրենքում կիրառվող նշանակության.
  • Էլեկտրոնային փողի թոքեն՝ Էլեկտրոնային փող համարվող ակտիվին կցված թոքենի տեսակ, որի արժեքը կայուն պահելու նպատակով այն կցվում է Հայաստանի Հանրապետության դրամին.
  • սպառողական թոքեն՝ կրիպտոակտիվի տեսակ, որն ապահովում է բացառապես թողարկողի որևէ ապրանքը կամ ծառայությունը ձեռքբերելու կամ օգտվելու իրավունքը․
  • թողարկող՝ անձ, որը թողարկում (թողարկել) է կրիպտոակտիվ.
  • թողարկել՝ անձի գործողությունների ամբողջություն՝ ուղղված կրիպտոակտիվների ստեղծմանը.
  • հրապարակային առաջարկ՝ անձանց ուղղված ցանկացած ձևի հաղորդակցություն, որը կրիպտոակտիվ վաճառելու առաջարկ կամ կրիպտոակտիվ գնելու առաջարկ անելու հրավեր է պարունակում.
  • կրիպտոակտիվներ ձեռքբերող՝ կրիպտոակտիվի սեփականատերը, կամ այն անձը, որը նախատեսում է ձեռք բերել կրիպտոակտիվ.
  • կրիպտոակտիվի վաճառք (առուվաճառք)՝ կրիպտոակտիվի առուվաճառք կամ այլ կրիպտոակտիվի հետ փոխանակում.
  • կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձ՝ սույն օրենքով սահմանված կարգով կրիպտոակտիվներով որևէ ծառայության (ծառայությունների) մատուցման լիցենզիա ունեցող անձ.
  • կրիպտոակտիվների պահառություն՝ կրիպտոակտիվների կամ դրանց հասանելիություն ապահովող միջոցների (այդ թվում՝ եթե դրանք արտահայտված են գաղտնաբառերի տեսքով) պահպանության, դրանց նկատմամբ սեփականության և այլ գույքային իրավունքների հաշվառման կամ գրանցման գործունեություն: Կրիպոտակտիվների պահառությունը ներառում է նաև կրիպտոակտիվների պահառուի կողմից բացված կրիպտոակտիվների հաշիվներում կրիպտոակտիվների, դրանց նկատմամբ սեփականության և այլ գույքային իրավունքների փոխանցումը (բացառությամբ, եթե դա ներառում է ապակենտրոնացված գրանցամատյանում առկա մի հաշվից կամ հասցեից մյուս հաշվին կամ հասցեին կրիպտոակտիվների փոխանցում) .
  • կրիպտոակտիվների պահառու՝ կրիպտոակտիվների պահառության ծառայության լիցենզիա (թույլտվություն) ունեցող անձ.
  • կրիպտոակտիվների առևտրային հարթակ՝ բազմակողմ հարթակ, որի միջոցով ապահովվում կամ կազմակերպվում է երրորդ անձանց կրիպտոակտիվների առուվաճառքի առաջարկների հանդիպումը և դրանց հիման վրա գործարքների կնքումը հարթակում՝ սահմանված կանոնների համաձայն.
  • իր հաշվին կրիպտոակտիվների առուվաճառքի իրականացում` իր հաշվին կրիպտոակտիվների առուվաճառքի իրականացում որևէ կրիպտոակտիվի իրացվելիության ապահովման (այդ թվում՝ երկկողմանի գնանշումներ իրականացնելու միջոցով) կամ հաճախորդի հանձնարարականները կատարելու նպատակով: Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով կարող են սահմանվել սույն կետով նախատեսված գործունեության նպատակները գնահատելու չափանիշներ.
  • կրիպտոակտիվներով գործարքների կատարման հանձնարարականների ընդունում և հաղորդում՝ հաճախորդներից կրիպտոակտիվների առուվաճառքի հանձնարարականների ընդունում և երրորդ անձին հաղորդում առուվաճառքի գործարքների կնքման (կատարման) նպատակով.
  • կրիպտոակտիվների տեղաբաշխում՝ կրիպտոակտիվների առաջին վաճառքը ներդրողին: Տեղաբաշխումը կարող է իրականացնել կրիպտոակտիվներ թողարկողը կամ սույն օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված ծառայությունը մատուցելու իրավունք ունեցող անձը (տեղաբաշխողը).
  • տեղաբաշխող՝ անձ, որը տեղաբաշխման նպատակով թողարկողից կրիպտոակտիվներ է ձեռք բերում և տեղաբաշխման նպատակով թողարկողի կրիպտոակտիվներ է առաջարկում կամ վաճառում.
  • կրիպտոակտիվների հետ կապված խորհրդատվության տրամադրում՝ կրիպտոակտիվներով գործարքների կամ կրիպտոակտիվներով ծառայությունների հետ կապված անհատական խորհրդատվության տրամադրում հաճախորդին.
  • կրիպտոակտիվների փաթեթի կառավարում՝ իր տիրապետմանը հանձնված հաճախորդին պատկանող և հաճախորդին օգտին կամ հաճախորդի կողմից նշված երրորդ անձանց օգտին (շահառու) իր անունից կրիպտոակտիվների, կրիպտոակտիվներում ներդրում կատարելու համար նախատեսված դրամական միջոցների կառավարում՝ հաճախորդի կողմից տրված ցուցումների համաձայն.
  • կրիպտոակտիվների փոխանցում՝ հաճախորդի հաշվին ապակենտրոնացված գրանցամատյանում առկա մի հաշվից կամ հասցեից մյուս հաշվին կամ հասցեին կրիպտոակտիվների փոխանցում.
  • առաջարկի փաստաթուղթ՝ թողարկողի և առաջարկվող կրիպտոակտիվների վերաբերյալ սույն օրենքով և դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով սահմանված տեղեկություններ պարունակող փաստաթուղթ, որի հիման վրա իրականացվում է կրիպտոակտիվների հրապարակային առաջարկը կամ թույլտվությունը կրիպտոակտիվների առևտրային հարթակում առևտրին.
  • պահուստային ակտիվներ՝ ակտիվների համախումբ, որը նախատեսված է ակտիվին կցված թոքենի արժեքը կայուն պահելու և հաճախորդի պահանջով ակտիվին կցված թոքենի հետգնումն (մարումն) իրականացնելու համար.
  • հաճախորդ՝ անձ, որն օգտվում է կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի ծառայություններից, կամ որը դիմել է կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձին այդ ծառայությունից օգտվելու նպատակով.
  • պրոֆեսիոնալ հաճախորդ՝ ինքնուրույն ներդրումային որոշումներ իրականացնելու և դրանցից բխող ռիսկերը գնահատելու համար համապատասխան փորձ և գիտելիք ունեցող հաճախորդ, մասնավորապես.

    ա) ներդրումային ընկերությունները, օտարերկրյա ներդրումային ընկերությունների մասնաճյուղերը, բանկերը, կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձինք, վարկային կազմակերպությունները, ապահովագրական ընկերությունները, ներդրումային, կենսաթոշակային ֆոնդերը և ներդրումային ֆոնդի կառավարիչները, ինչպես նաև օտարերկրյա պետությունում գրանցված այն իրավաբանական անձինք, որոնք, տվյալ պետության օրենսդրության համաձայն, իրավունք ունեն իրականացնելու սույն ենթակետով սահմանված որևէ անձի գործունեություն.

     բ) Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանի Հանրապետության համայնքները, Կենտրոնական բանկը, օտարերկրյա պետությունները, օտարերկրյա պետությունների տեղական ինքնակառավարման մարմինները, օտարերկրյա պետությունների կենտրոնական բանկերը.

     գ) միջազգային ֆինանսական կազմակերպությունները, այդ թվում՝ Արժույթի միջազգային հիմնադրամը, Եվրոպական կենտրոնական բանկը, Եվրոպական ներդրումային բանկը.

     դ) այն իրավաբանական անձը, որը բավարարում է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով սահմանված չափանիշներին՝ հիմք ընդունելով տվյալ անձի՝ ֆինանսական բնագավառում ունեցած գիտելիքն ու փորձը, նման գիտելիք ու փորձ ունեցող մասնագետներ վարձելու ունակությունը, իր զուտ ակտիվների մեծությունը կամ իր կառավարման ներքո գտնվող ակտիվների մեծությունը և նման այլ չափանիշներ.

     ե) այն անձը, որը բավարարում է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով սահմանված չափանիշներին՝ հիմք ընդունելով տվյալ անձի՝ ֆինանսական բնագավառում ունեցած գիտելիքն ու փորձը, նման գիտելիք ու փորձ ունեցող մասնագետներ վարձելու ունակությունը, իր զուտ ակտիվների մեծությունը կամ իր կառավարման ներքո գտնվող ակտիվների մեծությունը և նման այլ չափանիշներ, և իր նախաձեռնությամբ կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի կողմից համարվել է պրոֆեսիոնալ հաճախորդ.

  • որակավորված ներդրող՝ ներդրող, որը բավարարում է պրոֆեսիոնալ հաճախորդ համարվելու չափանիշներին և պահանջներին.
  • արժեթուղթ՝ ըստ «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում կիրառվող նշանակության:
  1. Սույն օրենքում օգտագործվող այլ հասկացությունները կիրառվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իմաստով, եթե սույն օրենքի դրույթներից չի բխում դրանց օգտագործման այլ իմաստ:

 

 

 

ԲԱԺԻՆ 2

ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿԸ ԵՎ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԸ

 

ԳԼՈՒԽ 2

ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿԸ ԵՎ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՀԱՐԹԱԿՆԵՐՈՒՄ ԱՌԵՎՏՐԻՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 4․            Սույն բաժնի կիրառման շրջանակը

  1. Սույն բաժինը չի տարածվում
  • անհատույց առաջարկվող կրիպտոակտիվների հրապարակային առաջարկի վրա․
  • այն կրիպտոակտիվների հրապարակային առաջարկի վրա, որոնք ավտոմատ կերպով ստեղծվում են որպես պարգևատրում ապակենտրոնացված գրանցամատյանի պահպանման կամ գործարքների վավերացման համար․
  • այն սպառողական թոքենների հրապարակային առաջարկի վրա, որոնք ձեռքբերողն իրավունք ունի օգտագործել գոյություն ունեցող որևէ ապրանքը կամ ծառայությունը ձեռքբերելու կամ դրանցից օգտվելու համար․
  • այն կրիպտոակտիվների հրապարակային առաջարկի վրա, որոնք ձեռքբերողն իրավունք ունի օգտագործել միայն թողարկողի հետ պայմանագրային հարաբերության մեջ գտնվող ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անձանց խմբի կողմից առաջարկվող ապրանքներից կամ ծառայություններից օգտվելու  համար։
  1. Սույն հոդվածի 1-ին մասի իմաստով կրիպտոակտիվները չեն համարվում անհատույց առաջարկվող, եթե կրիպտոակտիվներ ձեռքբերողը տվյալ կրիպտոակտիվի դիմաց պարտավորվում է անձնական տեղեկություն տրամադրել թողարկողին, կամ թողարկողը կրիպտոակտիվներ ձեռքբերողից ստանում է որևէ վճար, դրամական կամ ոչ դրամական փոխհատուցում տվյալ կրիպտոակտիվի փոխանցման դիմաց:
  2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված 1-ին, 3-րդ և 4-րդ կետերով նախատեսված բացառությունները չեն կիրառվում, երբ թողարկողը հաղորդակցության որևէ եղանակով հայտնում է տվյալ կրիպտոակտիվների՝ առևտրային հարթակում առևտրին թույլտվություն հայցելու իր մտադրության մասին։
  3. Եթե կրիպտոակտիվների հրապարակային առաջարկն իրականացվում է թողարկողից տարբեր այլ անձի կողմից, ապա սույն բաժնի դրույթները, որոնք վերաբերում են թողարկողին, տարածվում են տվյալ անձի վրա, եթե սույն բաժնով այլ բան սահմանված չէ։
  4. Սույն բաժինը տարածվում է ակտիվին կցված թոքենների հրապարակային առաջարկը կամ առևտրային հարթակում առևտրին թույլտվությունը կարգավորող հարաբերությունների վրա՝ սույն օրենքի 59-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով։

 

Հոդված 5․            Կրիպտոակտիվների հրապարակային առաջարկը

  1. Անձը կարող է Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացնել կրիպտոակտիվների հրապարակային առաջարկ, եթե բավարարում է հետևյալ պահանջներին․
  • հանդիսանում է իրավաբանական անձ․
  • սույն բաժնով սահմանված կարգով հրապարակել է առաջարկի փաստաթուղթը․
  • բավարարում է կրիպտոակտիվներ թողարկողների համար սույն օրենքի 11-րդ հոդվածով սահմանված պահանջներին։
  1. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված պահանջը չի տարածվում կրիպտոակտիվների այն հրապարակային առաջարկների վրա, երբ
  • առաջարկն ուղղված է մինչև 150 ֆիզիկական կամ իրավաբանական անձի (կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց կամ կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցելու թույլտվություն ունեցող սույն օրենքի 18-րդ հոդվածով սահմանված կազմակերպությունների կողմից կրիպտոակտիվների ձեռքբերման դեպքում հաշվի են առնվում այն անձանց թիվը, ում համար (հաշվին) ձեռք են բերվում կրիպտոակտիվները)․
  • առաջարկվողկրիպտոակտիվների ընդհանուր արժեքը թողարկման կամ վաճառքի գնով 12 ամսվա ընթացքում (առաջարկի հրապարակման օրվանից) չի գերազանցում Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված մեծությունը․
  • առաջարկն ուղղված է բացառապես որակավորված ներդրողներին, և առաջարկից հետո տվյալ կրիպտոակտիվները կարող են ձեռքբերվել միայն որակավորված ներդրողների կողմից:
  1. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված բացառությունները չեն կիրառվում, երբ թողարկողը հաղորդակցության որևէ եղանակով հայտնի է դարձնում տվյալ կրիպտոակտիվների՝ առևտրային հարթակում առևտրին թույլտվություն հայցելու իր մտադրության մասին։
  2. Նույն կրիպտոակտիվների յուրաքանչյուր հաջորդող հրապարակային առաջարկը համարվում է առանձին հրապարակային առաջարկ, որի նկատմամբ կիրառվում են սույն բաժնով նախատեսված դրույթները։
  3. Սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված հաջորդող հրապարակային առաջարկի (առաջարկների) համար առաջարկի փաստաթուղթ չի կազմվում, եթե առաջարկի փաստաթուղթն արդեն իսկ հրապարակվել է սույն բաժնին համապատասխան, և թողարկողի իրավասու կառավարման մարմինը (խորհուրդ (տնօրենների խորհուրդ, դիտորդ խորհուրդ) կամ գործադիր մարմին (կոլեգիալ գործադիր մարմին՝ վարչություն, տնօրինություն և (կամ) միանձնյա գործադիր մարմին՝ տնօրեն, գլխավոր տնօրեն, գործադիր մարմնի լիազորությունները այլ անձի պատվիրակվելու դեպքում` կառավարող ընկերություն կամ կառավարիչ) տվյալ փաստաթուղթն օգտագործելու վերաբերյալ գրավոր համաձայնություն է տվել։
  4. Այն դեպքում, երբ կրիպտոակտիվների հրապարակային առաջարկի նկատմամբ կիրառվում են սույն օրենքի 4-րդ հոդվածով և սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված բացառությունները, սակայն առաջարկի փաստաթուղթը կամավոր կազմվում է, այդ դեպքում առաջարկի փաստաթղթի նկատմամբ կիրառվում են սույն բաժնով սահմանված պահանջները։
  5. Օտարերկրյա թողարկողիկրիպտոակտիվների հրապարակային առաջարկը կարող է իրականացվել միայն սույն օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված անձի կողմից, որը թողարկողի հետ կնքել է կրիպտոակտիվների տեղաբաշխման ծառայությունների մատուցման պայմանագիր:

 

Հոդված 6․            Կրիպտոակտիվների՝ առևտրային հարթակում առևտրին թույլտվությունը

  1. Անձը կարող է հայցել կրիպտոակտիվների՝ առևտրային հարթակում առևտրին թույլտվություն, եթե բավարարում է հետևյալ պահանջներին․
  • հանդիսանում է իրավաբանական անձ.
  • սույն օրենքով սահմանված կարգով հրապարակել է առաջարկի փաստաթուղթը,
  • բավարարում է կրիպտոակտիվների՝ առևտրային հարթակում առևտրին թույլտվություն հայցող անձանց համար սույն օրենքի 11-րդ հոդվածով սահմանված պահանջներին։
  1. Այն դեպքում, երբ կրիպտոակտիվները հարթակի օպերատորի նախաձեռնությամբ են թույլատրվում առևտրային հարթակում առևտրին, և առաջարկի փաստաթուղթը սույն օրենքի 9-րդ հոդվածի համաձայն հրապարակված չէ (հրապարակման պահանջ նախատեսված լինելու դեպքում), հարթակի օպերատորը պետք է բավարարի սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջներին։
  2. Կրիպտոակտիվների՝ առևտրային հարթակում առևտրին թույլտվություն հայցող անձի և հարթակի օպերատորի միջև կնքված գրավոր համաձայնությամբ կարող է որոշվել, որ հարթակի օպերատորը պետք է բավարարի սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով սահմանված պահանջներին։
  3. Սույն հոդվածի 3-րդ մասում նշված գրավոր համաձայնությունը պետք է պարունակի հստակ դրույթ այն մասին, որ կրիպտոակտիվների՝ առևտրային հարթակում առևտրին թույլտվություն հայցող անձը պարտավոր է հարթակի օպերատորին տրամադրել բոլոր անհրաժեշտ տեղեկությունները՝ սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով սահմանված պահանջներին բավարարելու համար:
  4. Սույն հոդվածի 2-4-րդ մասերը չեն կիրառվում, եթե
  • կրիպտոակտիվներն արդեն իսկ թույլատրված են որևէ Հայաստանի Հանրապետության առևտրային հարթակում առևտրին, և
  • առաջարկի փաստաթուղթը կազմվել և թարմացվել է՝ սույն օրենքի համապատասխանաբար 13-րդ և 14-րդ հոդվածների համաձայն, և թողարկողի (հարթակի օպերատորի) իրավասու կառավարման մարմինն առաջարկի փաստաթուղթը օգտագործելու վերաբերյալ գրավոր համաձայնություն է տվել։

 

Հոդված 7․            Գովազդի նկատմամբ պահանջները

  1. Կրիպտոակտիվների հրապարակային առաջարկին կամ առևտրային հարթակում առևտրին թույլտվությանն առնչվող ցանկացած տեղեկություն, որը գրավոր կամ բանավոր կերպով, այդ թվում՝ տարբեր տեսակի տեղեկատվական միջոցներով հրապարակվել է գովազդային նպատակներով (այսուհետ՝ գովազդ) պետք է բավարարի հետևյալ պահանջներին.
  • արժանահավատ է, հստակ և չի պարունակում ապակողմնորոշիչ տեղեկություն.
  • հստակ ընկալվում է որպես գովազդ.
  • համապատասխանում է առաջարկի փաստաթղթում ներառված տեղեկություններին, այն դեպքում, երբ սույն օրենքով նախատեսված է առաջարկի փաստաթղթի հրապարակման պահանջ.
  • սույն օրենքով առաջարկի փաստաթղթի հրապարակման պահանջ նախատեսված լինելու դեպքում ներառում է դրույթ այն մասին, որ առաջարկի փաստաթուղթը հրապարակվել է՝ հստակ նշելով հրապարակման աղբյուրը՝ թողարկողի (կրիպտոակտիվների՝ առևտրի հարթակում առևտրին թույլտվություն հայցող անձի) կամ հարթակի օպերատորի (սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքում) ինտերնետային կայքը, հեռախոսը և այն անձի էլեկտրոնային փոստը, որի հետ կարելի է կապ հաստատել․
  • ներառում է հեշտ ընթեռնելի (աչքի ընկնող, առավել մեծ) տառաչափով, տառատեսակով և տեսանելի ձևով նշում հետևյալ բովանդակությամբ. «Կրիպտոակտիվների հրապարակային առաջարկին կամ առևտրային հարթակում առևտրին թույլտվությանը վերաբերող գովազդը գրանցված չէ Կենտրոնական բանկի կողմից։ Գովազդում ներառված տեղեկությունների բովանդակության համար պատասխանատու է թողարկողը (կրիպտոակտիվների՝ առևտրային հարթակում առևտրին թույլտվության համար գովազդը կազմելու և հրապարակելու դեպքում նշվում է առևտրային հարթակում առևտրին թույլտվություն հայցող անձի անվանումը) կամ հարթակի օպերատորը (սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքում)։»։
  1. Սույն հոդվածով սահմանված գովազդի նկատմամբ պահանջները չեն տարածվում սույն օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կրիպտոակտիվների հրապարակային առաջարկների վրա։
  2. Սույն օրենքով առաջարկի փաստաթղթի հրապարակման պահանջի դեպքում, գովազդը չպետք է հրապարակվի ավելի շուտ, քան առաջարկի փաստաթղթի հրապարակումն է։ Սույն պահանջը չպետք է սահմանափակի թողարկողի (կրիպտոակտիվների՝ առևտրային հարթակում առևտրին թույլտվություն հայցող անձի) կամ հարթակի օպերատորի (սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքում)  կողմից ապագայում առաջարկվող կրիպտոակտիվների նկատմամբ պոտենցիալ ձեռքբերողների հետաքրքրությունը գնահատելու համար անհրաժեշտ գործողությունների իրականացումը։
  3. Կենտրոնական բանկը կարող է իր նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով պահանջել իրեն ներկայացնել կրիպտոակտիվների հրապարակային առաջարկին կամ առևտրային հարթակում առևտրին թույլտվությանն առնչվող գովազդի համար օգտագործվող ցանկացած փաստաթուղթ կամ հայտարարություն՝ սույն օրենքով և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջների համապատասխանությունը ստուգելու նպատակով:
  4. Կենտրոնական բանկը կարող է սահմանել կրիպտոակտիվների հրապարակային առաջարկին կամ առևտրային հարթակում առևտրին թույլտվությանն առնչվող գովազդի նկատմամբ այլ պահանջներ։

Հոդված 8․            Առաջարկի փաստաթղթի և գովազդի մասին ծանուցումը

  1. Թողարկողը (կրիպտոակտիվների՝ առևտրի հարթակում առևտրին թույլտվություն հայցող անձը) կամ հարթակի օպերատորը (սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքում) առաջարկի փաստաթղթի հրապարակումից առնվազն 20 աշխատանքային օր (ակտիվին կցված թոքենների առաջարկի փատաթղթի դեպքում 30 աշխատանքային օր) առաջ Կենտրոնական բանկ է ներկայացնում առաջարկի փաստաթուղթը։
  2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված առաջարկի փաստաթղթի հետ միասին Կենտրոնական բանկ է ներկայացվում հիմնավորում այն մասին, թե ինչու առաջարկի փաստաթղթով առաջարկվող (առևտրային հարթակում առևտրին թույլատրվող) կրիպտոակտիվը չի համարվում․
  • սույն օրենքի կարգավորման առարկայից դուրս համարվող կրիպտոակտիվ՝ համաձայն սույն օրենքի 1-ին հոդվածի 3-6-րդ և 8-րդ մասերի․
  • ակտիվին կցված թոքեն (ակտիվին կցված թոքենից տարբեր կրիպտոակտիվ թողարկելու դեպքում)։
  1. Թողարկողը (կրիպտոակտիվների՝ առևտրային հարթակում առևտրին թույլտվություն հայցող անձը) կամ հարթակի օպերատորը (սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքում) սույն օրենքի 7-րդ հոդվածով սահմանված գովազդը ներկայացնում է Կենտրոնական բանկ նման պահանջ ստանալուց առնվազն 1 աշխատանքային օրվա ընթացքում։
  2. Սույն հոդվածի 1-ին և 3-րդ մասերի համաձայն Կենտրոնական բանկ ներկայացված առաջարկի փաստաթուղթը և գովազդը չեն գրանցվում Կենտրոնական բանկի կողմից։
  3. Ֆինանսական կայունության ապահովման և կրիպտոակտիվներ ձեռքբերողների շահերի պաշտպանության նպատակով, ինչպես նաև սույն օրենքով սահմանված բովանդակությամբ առաջարկի փաստաթուղթը կազմած չլինելու դեպքում Կենտրոնական բանկն իրավունք ունի պահանջել թողարկողից (կրիպտոակտիվների՝ առևտրային հարթակում առևտրին թույլտվություն հայցող անձից) կամ հարթակի օպերատորից փոփոխել կամ լրացումներ կատարել առաջարկի փաստաթղթում կամ գովազդում։ Եթե Կենտրոնական բանկի պահանջը ներկայացվել է սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետում, ապա առաջարկի փաստաթղթի՝ նույն հոդվածով նախատեսված Կենտրոնական բանկին տեղեկացնելու ժամկետը կարող է կասեցվել, իսկ եթե Կենտրոնական բանկի պահանջը ներկայացվել է կրիպտոակտիվների հրապարակային առաջարկի կամ առևտրային հարթակում շրջանառության ընթացքում,  ապա Կենտրոնական բանկը կարող է կասեցնել կրիպտոակտիվների հրապարակային առաջարկը կամ առևտրային հարթակում թույլտվությունը։

 

Հոդված 9․            Առաջարկի փաստաթղթի և գովազդի հրապարակումը

  1. Թողարկողը (կրիպտոակտիվների՝ առևտրային հարթակում առևտրին թույլտվություն հայցող անձը) կամ հարթակի օպերատորը (սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքում) իր ինտերնետային կայքում հրապարակում է առաջարկի փաստաթուղթը և գովազդը (առկայության դեպքում) կրիպտոակտիվների հրապարակային առաջարկը սկսելուց կամ կրիպտոակտիվների՝ առևտրային հարթակում առևտրին թույլտվություն ստանալուց առնվազն 3 աշխատանքային օր առաջ։
  2. Առաջարկի փաստաթուղթը և գովազդը (առկայության դեպքում) պետք է հասանելի լինեն թողարկողի (կրիպտոակտիվների՝ առևտրային հարթակում առևտրին թույլտվություն հայցող անձի) կամ հարթակի օպերատորի (սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքում) ինտերնետային կայքում այնքան ժամանակ, քանի դեռ տվյալ կրիպտոակտիվները շրջանառությունից չեն հանվել։
  3. Հրապարակված առաջարկի փաստաթղթի և գովազդի ձևը և բովանդակությունը հրապարակման ողջ ժամանակահատվածի ընթացքում պետք է համապատասխանեն Կենտրոնական բանկ ներկայացված առաջարկի փաստաթղթի և գովազդի ձևին և բովանդակությանը։ 
  4. Կենտրոնական բանկը կարող է իր նորմատիվ իրավական ակտերով սահմանել առաջարկի փաստաթղթի և գովազդի հրապարակման նկատմամբ լրացուցիչ պահանջներ:

 

Հոդված 10․          Կրիպտոակտիվների հրապարակային առաջարկի արդյունքների մասին հրապարակումը

  1. Առաջարկի փաստաթղթում կրիպտոակտիվների հրապարակային առաջարկի համար վերջնաժամկետ սահմանված լինելու դեպքում թողարկողը պարտավոր է կրիպտոակտիվների հրապարակային առաջարկի ավարտից հետո՝ 20 աշխատանքային օրվա ընթացքում, իր ինտերնետային կայքում հրապարակել կրիպտոակտիվների հրապարակային առաջարկի արդյունքների մասին հաշվետվություն՝ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված ձևով և կարգով։
  2. Առաջարկի փաստաթղթում կրիպտոակտիվների հրապարակային առաջարկի համար վերջնաժամկետ սահմանված չլինելու դեպքում թողարկողը պարտավոր է պարբերաբար՝ առնվազն ամսական կտրվածքով, իր ինտերնետային կայքում հրապարակել շրջանառության մեջ գտնվող կրիպտոակտիվների քանակի մասին տեղեկություն։
  3. Առաջարկի փաստաթղթում կրիպտոակտիվների հրապարակային առաջարկի համար վերջնաժամկետ սահմանված լինելու դեպքում թողարկողը պետք է ունենա արդյունավետ ընթացակարգեր՝ կրիպտոակտիվների հրապարակային առաջարկի միջոցով հավաքագրված դրամական միջոցների և կրիպտոակտիվների՝ հրապարակային առաջարկի ընթացքում պահպանության համար։ Այս նպատակով թողարկողը պետք է առնվազն ապահովի, որ հրապարակային առաջարկի միջոցով հավաքագրված դրամական միջոցները պահվեն Հայաստանի Հանրապետության որևէ առևտրային բանկում (բանկերում), իսկ կրիպտոակտիվները պահառության հանձնվեն սույն օրենքով սահմանված կրիպտոակտիվների պահառություն իրականացնելու իրավունք ունեցող որևէ անձին (անձանց)։
  4. Առաջարկի փաստաթղթում կրիպտոակտիվների հրապարակային առաջարկի համար վերջնաժամկետ սահմանված չլինելու դեպքում թողարկողը պետք է բավարարի սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջին մինչև սույն օրենքի 15-րդ հոդվածով սահմանված՝ կրիպտոակտիվների ձեռքբերման պայմանագրից՝ կրիպտոակտիվներ ձեռքբերողի կողմից հրաժարվելու իրավունքի իրականացման վերջնաժամկետի ավարտը։

 

Հոդված 11․           Կրիպտոակտիվներ թողարկողի և կրիպտոակտիվների՝ առևտրային հարթակում առևտրին թույլտվություն հայցող անձի իրավունքներն ու պարտականությունները

  1. Սույն օրենքով սահմանված կարգով առաջարկի փաստաթղթի և առաջարկի թարմացված փաստաթղթի (առկայության դեպքում) հրապարակումից հետո միայն․
  • թողարկողները կարող են իրականացնել տվյալ կրիպտոակտիվների հրապարակային առաջարկ․
  • կրիպտոակտիվների՝ առևտրային հարթակում առևտրին թույլտվություն հայցող անձինք կարող են հայցել տվյալ կրիպտոակտիվների՝ առևտրային հարթակում առևտրին թույլտվություն։
  1. Թողարկողները և կրիպտոակտիվների՝ առևտրային հարթակում առևտրին թույլտվություն հայցող անձինք, որոնք սույն օրենքով սահմանված կարգով հրապարակել են առաջարկի փաստաթուղթ կամ առաջարկի թարմացված փաստաթուղթ, պարտավոր չեն հրապարակել լրացուցիչ տեղեկություններ՝ կրիպտոակտիվների հրապարակային առաջարկի կամ կրիպտոակտիվների՝ առևտրային հարթակում առևտրին թույլտվության վերաբերյալ։
  2. Թողարկողները և կրիպտոակտիվների՝ առևտրային հարթակում առևտրին թույլտվություն հայցող անձինք պարտավոր են․
  • գործել ազնիվ, արդար և պրոֆեսիոնալ մակարդակով․
  • կրիպտոակտիվներ ձեռքբերողների նկատմամբ ցուցաբերել արդար, հստակ և ոչ ապակողմնորոշող վերաբերմունք․
  • բացահայտել, ինչպես նաև ողջամիտ քայլեր ձեռնարկել շահերի հնարավոր բախումները հայտնաբերելու, կանխարգելելու (դրա անհնարինության դեպքում նվազեցնելու) և բացահայտելու համար.
  • մշտապես ապահովել իրենց բոլորը համակարգերի տեղեկատվական անվտանգությունը։
  1. Թողարկողները և կրիպտոակտիվների՝ առևտրային հարթակում առևտրին թույլտվություն հայցող անձինք պարտավոր են կրիպտոակտիվներ ձեռբերող բոլոր անձանց նկատմամբ ցուցաբերել հավասար վերաբերմունք, եթե կրիպտոակտիվներ ձեռբերող որևէ անձի նկատմամբ տարբերակված վերաբերմունքը և դրա հիմնավորումը չեն բացահայտվել առաջարկի փաստաթղթում, գովազդում (սույն օրենքով հրապարակման պահանջ նախատեսված լինելու դեպքում) կամ այլ պաշտոնական հրապարակման մեջ։
  2. Կրիպտոակտիվների հրապարակային առաջարկի չեղյալ համարելու դեպքում թողարկողը պետք է ապահովի, որ կրիպտոակտիվներ ձեռքբերողներին ամբողջությամբ հետ վերադարձվեն այդ անձանցից հավաքագրված միջոցները (դրամական միջոցները, կրիպտոակտիվները) հրապարակային առաջարկի չեղյալ համարվելու օրվանից 25 օրվա ընթացքում։
  3. Կենտրոնական բանկը կարող է ընդունել ուղեցույցներ սույն հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով նախատեսված պահանջների մանրամասն բովանդակության վերաբերյալ։

Հոդված 12․          Առաջարկի փաստաթղթում ներառված տեղեկությունների համար պատասխանատվությունը

  1. Եթե սույն բաժնով սահմանված առաջարկի փաստաթղթում կամ առաջարկի թարմացված փաստաթղթում, այդ թվում՝ դրանց թարգմանության մեջ ներառվել է (են) ոչ ամբողջական (էական փաստ է բաց թողնվել), ոչ ճշգրիտ, ոչ հստակ կամ ապակողմնորոշող տեղեկություն (տեղեկություններ), ապա թողարկողը (կրիպտոակտիվների՝ առևտրային հարթակում առևտրին թույլտվություն հայցող անձը կամ հարթակի օպերատորը (սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքում)) և իր կառավարման մարմինները) պատասխանատու են սույն մասով նախատեսված թերությունների արդյունքում կրիպտոակտիվներ ձեռբերողների կրած վնասների համար։ 
  2. Ցանկացած համաձայնություն, որը բացառում կամ սահմանափակում է սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պատասխանատվությունը, առոչինչ է։
  3. Այն դեպքում, երբ առաջարկի փաստաթուղթը կամ գովազդը սույն օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն կազմվել է հարթակի օպերատորի կողմից, կրիպտոակտիվների՝ առևտրային հարթակում առևտրին թույլտվություն հայցող անձը վնաս կրած կրիպտոակտիվներ ձեռբերող անձանց առջև նույնպես պատասխանատվություն է կրում, եթե սույն օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն հարթակի օպերատորին իր կողմից տրամադրված տեղեկությունները եղել են ոչ ամբողջական, ոչ ճշգրիտ, ոչ հստակ կամ ապակողմնորոշող։
  4. Կրիպտոակտիվներ ձեքբերողը պարտավոր է ներկայացնել ապացույցներ, որոնք կհիմնավորեն, որ թողարկողը (կրիպտոակտիվների՝ առևտրային հարթակում առևտրին թույլտվություն հայցող անձը) կամ հարթակի օպերատորը (սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքում) տրամադրել են ոչ ամբողջական, ոչ ճշգրիտ, ոչ հստակ կամ ապակողմնորոշող տեղեկություններ, և տվյալ տեղեկությունների օգտագործումն ազդեցություն է ունեցել կրիպտոակտիվներ ձեռքբերողի՝ կրիպտոակտիվ գնելու, վաճառելու կամ փոխանակելու որոշման վրա։
  5. Թողարկողը (կրիպտոակտիվների՝ առևտրային հարթակում առևտրին թույլտվություն հայցող անձը կամ հարթակի օպերատորը (սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքում)) և տվյալ անձանց կառավարման մարմինները պատասխանատվություն չեն կրում կրիպտոակտիվներ ձեռքբերողների առջև առաջարկի փաստաթղթի ամփոփաթերթում, այդ թվում՝ դրա թարգմանության մեջ ներառված տեղեկությունների հիման վրա որոշման հետևանքով կրած վնասի համար, բացառությամբ, եթե ամփոփաթերթը ոչ ամբողջական, ապակողմնորոշող, սխալ է կամ չի համապատասխանում առաջարկի փաստաթղթի մյուս մասերին։

 

Հոդված 13․          Առաջարկի փաստաթղթի ձևն ու բովանդակությունը 

  1. Առաջարկի փաստաթղթի ձևի և բովանդակության նկատմամբ պահանջները սահմանվում են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով։ Կենտրոնական բանկը կարող է սահմանել առաջարկի փաստաթղթի ձևի և բովանդակության նկատմամբ տարբերակված պահանջներ՝ կախված առաջարկվող կրիպտոակտիվների տեսակից։
  2. Առաջարկի փաստաթուղթը չպետք է ներառի կրիպտոակտիվների ապագա արժեքի մասին որևէ հայտարարություն կամ հավաստում, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դրույթների։
  3. Առաջարկի փաստաթուղթը պետք է պարունակի հստակ դրույթ՝ համաձայն որի
  • կրիպտոակտիվները կարող են մասնակի կամ ամբողջությամբ կորցնել իրենց արժեքը․
  • կրիպտոակտիվները կարող են երբեմն իրացվելի չլինել․
  • սպառողական թոքենների դեպքում դրանք կարող են չապահովել ապրանքը կամ ծառայությունը ձեռքբերելու կամ դրանցից օգտվելու՝ առաջարկի փաստաթղթով նախատեսված իրավունքները։
  1. Ամփոփաթերթը պետք է պարունակի նախազգուշական դրույթ առ այն, որ
  • ամփոփաթերթը համարվում է առաջարկի փաստաթղթի ներածական համառոտ նկարագրություն․
  • առաջարկվող կրիպտոակտիվների ձեռքբերման վերաբերյալ որոշումը պետք է հիմնված լինի ամբողջական առաջարկի փաստաթղթի և ոչ թե միայն ամփոփաթերթի վրա։
  1. Առաջարկի փաստաթուղթը հրապարակվում է հեշտ ընթեռնելի տառաչափով, տառատեսակով և հայերենով: Առաջարկի փաստաթղթի՝ հայերենով հրապարակման պահանջը չի սահմանափակում առաջարկի փաստաթղթի հրապարակումը հայերենի հետ մեկտեղ այլ լեզուներով: Եթե հայերենի հետ մեկտեղ այլ լեզուներով հրապարակված առաջարկի փաստաթղթերի միջև առկա է իմաստային անհամապատասխանություն, կամ դրանք կարող են մեկնաբանվել տարբեր իմաստներով, ապա գերակայում է հայերենով հրապարակված փաստաթուղթը:

 

Հոդված 14․          Առաջարկի փաստաթղթի և գովազդի թարմացումները

  1. Կրիպտոակտիվների հրապարակային առաջարկի ողջ ընթացքում կամ այնքան ժամանակ, քանի դեռ կրիպտոակտիվների՝ առևտրային հարթակում առևտրին թույլտվությունը չի դադարեցվել, իսկ ակտիվին կցված թոքենների դեպքում՝ դրանց շրջանառության ողջ ընթացքում առաջարկի փաստաթղթում կամ գովազդում ներառվող տեղեկությունների էական փոփոխության, նոր էական հանգամանք կամ փաստ ի հայտ գալու կամ էական անճշտություն, թերություն հայտնաբերելու դեպքում թողարկողը (կրիպտոակտիվների՝ առևտրային հարթակում առևտրին թույլտվություն հայցող անձը) կամ հարթակի օպերատորը (սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքում) պարտավոր է անհապաղ թարմացնել իր կողմից հրապարակված առաջարկի փաստաթուղթը և առկայության դեպքում գովազդը։
  2. Առաջարկի թարմացված փաստաթղթի (առկայության դեպքում՝ նաև թարմացված գովազդի) ձևն ու բովանդակությունը պետք է համապատասխանեն սույն օրենքի 9-րդ հոդվածի համաձայն հրապարակված առաջարկի փաստաթղթի և գովազդի ձևին ու բովանդակությանը։
  3. Թողարկողը (կրիպտոակտիվների՝ առևտրային հարթակում առևտրին թույլտվություն հայցող անձը) կամ հարթակի օպերատորը (սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքում) առաջարկի թարմացված փաստաթուղթը (առկայության դեպքում՝ նաև թարմացված գովազդը) դրա թարմացումների իրականացման հիմնավորումների հետ միասին պետք է ներկայացնի Կենտրոնական բանկ դրա հրապարակումից առնվազն 7 աշխատանքային օր առաջ (ակտիվին կցված թոքենի դեպքում՝ առնվազն 20 աշխատանքային օր առաջ)։
  4. Թողարկողը (կրիպտոակտիվների՝ առևտրային հարթակում առևտրին թույլտվություն հայցող անձը) կամ հարթակի օպերատորը (սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքում) առաջարկի թարմացված փաստաթուղթը (առկայության դեպքում՝ նաև թարմացված գովազդը) դրա թարմացումների իրականացման հիմնավորումների հետ միասին հրապարակում է՝ սույն օրենքի 9-րդ հոդվածի համաձայն։
  5. Առաջարկի թարմացված փաստաթղթերը (առկայության դեպքում՝ նաև թարմացված գովազդները) պետք է հրապարակվեն ժամանակագրական կարգով և հասանելի լինեն թողարկողի (կրիպտոակտիվների՝ առևտրային հարթակում առևտրին թույլտվություն հայցող անձի) կամ հարթակի օպերատորի (սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքում) ինտերնետային կայքում այնքան ժամանակ, քանի դեռ տվյալ կրիպտոակտիվները շրջանառությունից չեն հանվել։ Առաջարկի թարմացված փաստաթղթի (առկայության դեպքում՝ նաև թարմացված գովազդի) վերջնական (գործող) տարբերակը պետք է ունենա «գործում է» կարգավիճակ։
  6. Առաջարկի փաստաթղթի (առաջարկի թարմացված փատաթղթի), իսկ առկայության դեպքում՝ նաև գովազդի (թարմացված գովազդի) հին տարբերակները պետք է հասանելի լինեն թողարկողի (կրիպտոակտիվների՝ առևտրային հարթակում առևտրին թույլտվություն հայցող անձի) կամ հարթակի օպերատորի (սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքում) ինտերնետային կայքում դրանց հրապարակման օրվանից առնվազն 10 տարի։ Առաջարկի փաստաթղթի (առաջարկի թարմացված փատաթղթի), իսկ առկայության դեպքում՝ նաև գովազդի (թարմացված գովազդի) հին տարբերակները պետք  է պարունակեն հեշտ ընթեռնելի (աչքի ընկնող, առավել մեծ) տառաչափով, տառատեսակով և տեսանելի ձևով նախազգուշական դրույթ առ այն, որ տվյալ տարբերակներն այլևս չեն գործում (ուժի մեջ չեն)՝ միաժամանակ ներառելով հղում առաջարկի թարմացված փաստաթղթի  (թարմացված գովազդի) վերջնական (գործող) տարբերակներին։
  7. Ակտիվին կցված թոքենների առաջարկի փաստաթղթում ներառվող տեղեկությունների՝ սույն հոդվածի 1-ին մասով սահմանված էական փոփոխություն, նոր էական հանգամանք կամ փաստ են համարվում առնվազն․
  • ակտիվին կցված թոքենների թողարկողի կառավարման համակարգի և ռիսկերի կառավարման կառուցակարգի փոփոխությունները․
  • պահուստային ակտիվների և դրանց պահառուի փոփոխությունները․
  • ձեռքբերողների՝ ակտիվին կցված թոքենով ամրագրված իրավունքների փոփոխությունները․
  • ակտիվին կցված թոքենների թողարկման և մարման մեխանիզմի փոփոխությունները․
  • երրորդ անձանց հետ պայմանագրային հարաբերությունների փոփոխությունները, որոնք կապված են պահուստային ակտիվների ներդրումների հետ․
  • դիմում-բողոքների քննության կարգի և պայմանների փոփոխությունները․
  • Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ փոփոխություններ։
  1. Ակտիվին կցված թոքենների առաջարկի փաստաթղթի թարմացման դեպքում Կենտրոնական բանկն ակտիվին կցված թոքենների թողարկողի նկատմամբ կարող է սահմանել հետևյալ պահանջները․
  • ձեռքբերողների շահերի պաշտպանության լրացուցիչ մեխանիզմներ ներդնել այն դեպքում, երբ առաջարկի փաստաթղթում թարմացվող փոփոխությունը, նոր էական հանգամանքը կամ փաստը կարող է էական ազդեցություն ունենալ ակտիվին կցված թոքենի գնի, կայունության կամ ռիսկայնության կամ պահուստային ակտիվների վրա, կամ
  • քայլեր ձեռնարկել՝ կրիպտոակտիվների շուկայի անաղարտության կամ ֆինանսական կայունության հետ կապված ռիսկերը նվազեցնելու համար։

 

  1. Կենտրոնական բանկը կարող է իր նորմատիվ իրավական ակտերով սահմանել առաջարկի փաստաթղթի և գովազդի թարմացումների նկատմամբ լրացուցիչ պահանջներ, ընդունել  ուղեցույցներ սույն հոդվածի 8-րդ մասով նախատեսված պահանջների մանրամասն բովանդակության վերաբերյալ:

 

Հոդված 15․          Կրիպտոակտիվների ձեռքբերման պայմանագրից հրաժարվելու իրավունքը (մտածելու ժամանակը)

  1. Կենտրոնական բանկի իրավական ակտերով սահմանված կարգով ոչ պրոֆեսիոնալ համարվող կրիպտոակտիվներ ձեռքբերողները պետք է ունենան մտածելու ժամանակ, որի ընթացքում կարող են հրաժարվել թողարկողի կամ տեղաբաշխողի հետ կնքված՝ կրիպտոակտիվների ձեռքբերման պայմանագրից՝ առանց որևէ իրավական հետևանքների (այդ թվում՝ տուգանքների) և չեղյալ համարելու պատճառների բացահայտման պարտավորության։
  2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված մտածելու ժամանակը սկսվում է թողարկողի կամ տեղաբաշխողի և ոչ պրոֆեսիոնալ համարվող կրիպտոակտիվներ ձեռքբերողի միջև կրիպտոակտիվների ձեռքբերման պայմանագրի կնքման պահից և տևում է 4 օր։
  3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն՝ կրիպտոակտիվների ձեռքբերման պայմանագրից հրաժարվելու դեպքում կրիպտոակտիվներ ձեռքբերողից հավաքագրված միջոցները թողարկողի կամ տեղաբաշխողի կողմից անհապաղ պետք է հետ վերադարձվեն կրիպտոակտիվներ ձեռքբերողին։ Կրիպտոակտիվներ ձեռքբերողների կողմից կրիպտոակտիվների ձեռքբերման դիմաց միջոցների փոխանցման, ինչպես նաև կրիպտոակտիվների ձեռքբերման պայմանագրից հրաժարվելու դեպքում տվյալ միջոցների հետվերադարձի եղանակները պետք է նույնը լինեն, եթե այլ բան նախատեսված չէ կրիպտոակտիվներ ձեռքբերողների գրավոր համաձայնությամբ։
  4. Կրիպտոակտիվների ձեռքբերման պայմանագրից հրաժարվելու իրավունքը չի կիրառվում կրիպտոակտիվների հրապարակային առաջարկի վերջնաժամկետից հետո, եթե առաջարկի փաստաթղթում կրիպտոակտիվների հրապարակային առաջարկի համար սահմանված է վերջնաժամկետ։  
  5. Կրիպտոակտիվների ձեռքբերման պայմանագրից հրաժարվելու իրավունքը չի կիրառվում, եթե կրիպտոակտիվները թույլատրվել են առևտրային հարթակում առևտրին նախքան ոչ պրոֆեսիոնալ համարվող կրիպտոակտիվներ ձեռքբերողի կողմից տվյալ կրիպտոակտիվների ձեռքբերումը։


 

ԲԱԺԻՆ 3

ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐՈՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ԳԼՈՒԽ 3

ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐՈՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԻՆՔ

 

Հոդված 16․          Կրիպտոակտիվներով ծառայությունները

  1. Սույն օրենքի իմաստով կրիպտոակտիվներով ծառայություններ են համարվում անձի կողմից՝
  • կրիպտոակտիվների առևտրային հարթակի գործարկումը.
  • կրիպտոակտիվների պահառությունը.
  • իր հաշվին կրիպտոակտիվների առուվաճառքի իրականացումը.
  • հաճախորդի հաշվին կրիպտոակտիվների առուվաճառքի իրականացումը.
  • կրիպտոակտիվներով գործարքների կատարման հանձնարարականների ընդունումը և հաղորդումը.
  • կրիպտոակտիվների տեղաբաշխումը.
  • կրիպտոակտիվների փաթեթի կառավարումը.
  • կրիպտոակտիվների հետ կապված խորհրդատվության տրամադրումը.
  • կրիպտոակտիվների փոխանցումը.
  • ակտիվին կցված թոքենների թողարկումը:

Հոդված 17․          Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձինք

  1. Արգելվում է կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցումն առանց սույն օրենքով և դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով տրված լիցենզիայի, բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերի:
  2. Կրիպտոակտիվներով ծառայություն մատուցող անձը սույն օրենքով և դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով Կենտրոնական բանկի կողմից կրիպտոակտիվներով Հայաստանի Հանրապետության տարածքում ծառայությունների մատուցման լիցենզիա ստացած բաժնետիրական կամ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն է, որի գործունեությունը կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցումն է։
  3. Սույն օրենքով կամ դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց համար սահմանված նորմերը տարածվում են նաև օտարերկրյա՝ կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց` Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծված մասնաճյուղերի վրա, բացառությամբ այն դեպքերի, երբ այլ բան է սահմանված սույն օրենքով կամ դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով, կամ իրավական նորմի էությունից ակնհայտորեն բխում է, որ խոսքը չի կարող վերաբերել օտարերկրյա՝ կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց` Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծած մասնաճյուղին:
  4. Կրիպտոակտիվներով ծառայություններ կարող են մատուցել նաև սույն օրենքի 18-րդ հոդվածով սահմանված անձինք:
  5. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց արգելվում է իրականացնել սույն գլխով չնախատեսված որևէ այլ գործունեություն:
  6. Կենտրոնական բանկն իրավունք ունի իր նորմատիվ իրավական ակտերով կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց թույլատրելու այլ գործունեության այնպիսի տեսակներ, որոնք սերտորեն առնչվում են սույն օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ծառայությունների մատուցմանը, ինչպես նաև սահմանել դրանց իրականացման համար լրացուցիչ պահանջներ:
  7. Կենտրոնական բանկն իրավունք ունի իր նորմատիվ իրավական ակտերով սահմանելու սույն բաժնով սահմանված պահանջներից բացառություններ, երբ սույն օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 9-րդ ծառայությունները մատուցվում են սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված կրիպտոակտիվներով, և այդ կրիպտոակտիվները թույլատրված չեն կրիպտոակտիվների առևտրային հարթակում առևտրին:
  8. «Կրիպտոակտիվներով ծառայություններ», «կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձ» բառակապակցություններն ու բառերը, դրանց հոլովաձևերը, օտար լեզվով այդ բառերի հայերեն տառադարձությունը, թարգմանությունները կամ դրանց զուգորդություններն իրենց անվանման մեջ կարող են օգտագործել միայն սույն օրենքով սահմանված կարգով կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցելու իրավունք ունեցող անձինք, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանց օգտագործման իմաստից ակնհայտորեն բխում է, որ խոսքը կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցմանը չի վերաբերում:

Հոդված 18․         Կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցումը բանկերի, ներդրումային ընկերությունների, վճարահաշվարկային կազմակերպությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների, կարգավորվող շուկայի օպերատորի և կենտրոնական դեպոզիտարիայի կողմից

  1. Սույն օրենքով և դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով թույլտվություն ստանալու դեպքում կրիպտոակտիվներով ծառայություններ կարող են մատուցել հետևյալ անձինք.
  • բանկը կարող է մատուցել սույն օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված բոլոր ծառայությունները.
  • ներդրումային ընկերությունը կարող է մատուցել սույն օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով սահմանված ծառայությունները.
  • ներդրումային ֆոնդի կառավարիչը կարող է մատուցել սույն օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կամ 8-րդ կետերով սահմանված ծառայությունները.
  • կարգավորվող շուկայի օպերատորը կարող է մատուցել սույն օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված ծառայությունը.
  • Կենտրոնական դեպոզիտարիան կարող է մատուցել սույն օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված ծառայությունը:
  1. Սույն օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված անձը կարող է մատուցել սույն օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կամ 9-րդ կետերով սահմանված ծառայություններն առանց սույն օրենքով սահմանված լիցենզիա կամ թույլտվություն ստանալու, պայմանով, որ դրանք մատուցվում են բացառապես իր կողմից թողարկված էլեկտրոնային փողի թոքեններով:
  2. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց համար սույն օրենքի 32-րդ, 33-րդ, 36-րդ, 38-րդ, 39-րդ, 40-րդ, 41-րդ, 43-րդ, 44-րդ, 45-րդ, 46-րդ, 75-80-րդ հոդվածներով և 9-10 գլուխներով սահմանված դրույթները տարածվում են սույն հոդվածի 1-ին մասով սահմանված անձանց վրա տվյալ անձանց կողմից մատուցվող ծառայություններին վերաբերող մասերով։
  3. Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով կարող է սահմանել գործունեության լրացուցիչ պահանջներ սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված անձանց համար, որոնք մատուցում են կրիպտոակտիվներով ծառայություններ, այդ թվում՝ վերջիններիս կառուցվածքում կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցման կազմակերպական և ֆինանսական առանձնացվածությունն ապահովելու նպատակով:

            

ԳԼՈՒԽ 4 

ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐՈՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԱՆՑ

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ

 

Հոդված 19․          Կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցման լիցենզիան, գրանցման և թույլտվության մասին որոշումները

 

  1. Կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցման լիցենզիան տրվում է անժամկետ:
  2. Լիցենզիան կամ դրանով նախատեսված իրավունքները չեն կարող գրավադրվել, փոխանցվել կամ այլ կերպ օտարվել:
  3. Կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցման լիցենզիան պարունակում է կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի լրիվ ֆիրմային անվանումը և գրանցման համարը, լիցենզիայով թույլատրվող կրիպտոակտիվներով ծառայությունների տեսակները, լիցենզիայի տրամադրման ամսաթիվը և համարը:
  4. Լիցենզիայի միասնական ձևը սահմանվում է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով:
  5. Լիցենզիան տրվում է մեկ կամ մի քանի տեսակի կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցման համար:
  6. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը կարող է մատուցել միայն կրիպտոակտիվներով այն ծառայությունը (ծառայությունները), որի (որոնց) համար ստացել է լիցենզիա: Գործող կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը պետք է լիցենզիա ստանա օրենքով նախատեսված կրիպտոակտիվներով ծառայություններից յուրաքանչյուր այլ տեսակով ծառայություն մատուցելու համար։
  7. Կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցման լիցենզիա ստանալու համար կարող է դիմել միայն Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցված իրավաբանական անձը։
  8. Լիցենզիայի նկատմամբ սույն հոդվածի 1-6-րդ մասերով նախատեսված դրույթները տարածվում են նաև սույն գլխով նախատեսված մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցման, ինչպես նաև թույլտվության մասին որոշումների վրա։
  9. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց լիցենզավորման, Հայաստանի Հանրապետության տարածքում գործող և օտարերկրյա կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցման, ինչպես նաև սույն օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված անձանց կողմից կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցման թույլտվության կարգը սահմանվում է բացառապես սույն օրենքով և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով: Այլ օրենքներով այլ դրույթներ սահմանված լինելու դեպքում գործում են սույն օրենքի դրույթները:

Հոդված 20․         Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի լիցենզավորումը

  1. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի լիցենզավորման համար իրավաբանական անձը (այսուհետ՝ դիմորդը) Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված ձևով և բովանդակությամբ Կենտրոնական բանկ է ներկայացնում հետևյալ տեղեկությունները և փաստաթղթերը.
  • լիցենզավորման դիմումը.
  • դիմորդի անվանումը, կապի պաշտոնական տվյալները (հեռախոսահամար(ներ)ը, էլեկտրոնային փոստը և կապի այլ միջոցներ), պաշտոնական ինտերնետային կայքը․
  • դիմորդի պետական գրանցման վկայականի պատճենը.
  • դիմորդի գործարար ծրագիրը.
  • դիմորդի՝ իրավասու կառավարման համապատասխան մարմնի կողմից հաստատված կանոնադրությունը.
  • դիմորդի ֆիրմային անվանումը․
  • դիմորդի կանոնների նախագծերը.
  • դիմորդի իրավասու մարմնի որոշումը դիմորդի ղեկավարներ նշանակելու մասին.
  • ղեկավարների գրանցման համար դիմումը և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ փաստաթղթերը.
  • դիմորդի կազմում նշանակալից մասնակցություն ունեցող անձանց վերաբերյալ սույն օրենքով Կենտրոնական բանկի կողմից ընդունված նորմատիվ իրավական ակտերով սահմանված տեղեկանքը, սույն օրենքի 28-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված հայտարարությունը կամ դիմորդի կազմում  անուղղակի նշանակալից մասնակցություն ունեցող անձանց վերաբերյալ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված փաստաթղթերը և տեղեկությունները, նշանակալից մասնակցության ձեռքբերման համար օգտագործված միջոցների ծագման օրինականությունը բացահայտող բավարար և ամբողջական հիմնավորումներ (փաստաթղթեր, տեղեկություններ և այլն), ինչպես նաև Կենտրոնական բանկի կողմից ընդունված նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ տեղեկություններն ու փաստաթղթերը.
  • ընդհանուր կապիտալի պահանջի բավարարումը հիմնավորող փաստաթղթերը.
  • դիմորդի գործունեության տարածքը Կենտրոնական բանկի սահմանած չափանիշներին համապատասխանելումասին  հայտարարությունը.
  • դիմորդի՝ Կենտրոնական բանկի սահմանած տեղեկատվական անվտանգության ապահովման չափանիշներին համապատասխանելումասին  հայտարարությունը.
  • «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով վճարված պետական տուրքի վճարման անդորրագիրը.
  • Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ փաստաթղթեր:
  1. Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով կարող է սահմանել սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված փաստաթղթերի և տեղեկությունների բովանդակության նկատմամբ մանրամասն պահանջներ։
  2. Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով կարող է սահմանել սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված որոշ փաստաթղթերի և տեղեկությունների ներկայացման բացառություններ՝ ոչ ռեզիդենտ նշանակալից մասնակիցների և ղեկավարների համար, եթե նման փաստաթղթերի կամ տեղեկությունների ներկայացման հնարավորությունը սահմանափակված է տվյալ երկրի օրենսդրությամբ, կամ դրանք կիրառելի չեն տվյալ անձի նկատմամբ:
  3. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող գործող անձը կրիպտոակտիվներով լրացուցիչ (ևս մեկ կամ ավել) ծառայության մատուցման լիցենզիա ստանալու համար Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված ձևով և բովանդակությամբ Կենտրոնական բանկ է ներկայացնում հետևյալ տեղեկությունները և փաստաթղթերը.
    • կրիպտոակտիվներով լրացուցիչ ծառայություն մատուցելու լիցենզիայի դիմումը.
    • կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի կանոնադրության մեջ, գործունեության կանոններում և գործարար ծրագրում կատարված փոփոխությունները.
    • Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ տեղեկություններ:
  4. Կենտրոնական բանկը կարող է պահանջել լրացուցիչ տեղեկություններ, որոնք անհրաժեշտ են սույն հոդվածի 1-ին և 4-րդ մասերում նշված տեղեկությունների հավաստիությունը գնահատելու համար: Այս դեպքում լիցենզիայի դիմումի քննության՝ սույն հոդվածի 8-րդ մասով սահմանված երկամսյա (մեկամսյա) ժամկետը կարող է կասեցվել առավելագույնը 20 աշխատանքային օրով: Նույն դիմումի քննության ընթացքում երկրորդ և հաջորդ անգամ Կենտրոնական բանկի կողմից լրացուցիչ տեղեկություններ պահանջելու դեպքում լիցենզիայի դիմումի քննության ժամկետը չի կասեցվում:
  5. Եթե սույն հոդվածով սահմանված դիմումը քննելու ընթացքում դիմումով և դրան կից ներկայացված փաստաթղթերով պահանջվող տեղեկություններում տեղի են ունեցել փոփոխություններ, ապա դիմորդը պարտավոր է ներկայացնել նաև փոփոխված տեղեկությունները մինչև Կենտրոնական բանկի կողմից լիցենզիա տրամադրելու կամ լիցենզիայի տրամադրումը մերժելու մասին որոշման կայացումը: Այդ դեպքում դիմումը ներկայացված է համարվում փոփոխված տեղեկությունները և փաստաթղթերը Կենտրոնական բանկի կողմից ստանալու պահից:
  6. Կենտրոնական բանկը որոշում է ընդունում դիմորդին լիցենզիա տրամադրելու մասին, եթե ներկայացված փաստաթղթերը և տեղեկությունները համապատասխանում են սույն օրենքին, այլ օրենքներին և իրավական ակտերին, և առկա չեն լիցենզիայի տրամադրումը մերժելու` սույն օրենքով սահմանված հիմքերը:
  7. Կենտրոնական բանկը լիցենզավորում է դիմորդին կամ մերժում է լիցենզավորումը դիմորդի կողմից դիմումը ներկայացնելու պահից երկու ամսվա ընթացքում: Կրիպտոակտիվներով լրացուցիչ ծառայությունների մատուցման լիցենզիայի տրամադրման վերաբերյալ որոշումը Կենտրոնական բանկը կայացնում է լիցենզիայի դիմումն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:
  8. Կենտրոնական բանկը պարտավոր է լիցենզիայի տրամադրման կամ լիցենզիայի տրամադրումը մերժելումասին որոշումն ընդունելուց հետո՝  հինգ աշխատանքային օրվա ընթացքում, լիցենզիան կամ լիցենզիայի տրամադրումը մերժելու մասին որոշումը հանձնել դիմորդին:  
  9. Կենտրոնական բանկը կարող է մերժել դիմորդի լիցենզավորումը կամ կրիպտոակտիվներով լրացուցիչ ծառայություն մատուցելու լիցենզիայի տրամադրումը, եթե
    • ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն օրենքին, դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերին, ներկայացվել են կեղծ կամ թերի փաստաթղթեր, կամ ներկայացված փաստաթղթերում արտացոլվել են ոչ արժանահավատ տեղեկություններ.
    • ղեկավարները չեն բավարարում սույն օրենքով և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջներին.
    • ներկայացված կանոնադրությունը հակասում է օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջներին.
    • ներկայացված գործունեության կանոնները չեն համապատասխանում սույն օրենքով և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջներին.
    • ներկայացված գործարար ծրագիրը չի համապատասխանում սույն օրենքով և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջներին.
    • Կենտրոնական բանկի հիմնավորված կարծիքով գործարար ծրագիրն անիրատեսական է, կամ գործելով գործարար ծրագրին համապատասխան` դիմորդը չի կարող բնականոն մատուցել կրիպտոակտիվներով ծառայություններ կամ կարող է խաթարել կրիպտոակտիվների շուկայի անաղարտությունը կամ ֆիանանսական կայունությունը.
    • դիմորդի նշանակալից մասնակիցները չեն բավարարում սույն օրենքով և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջներին կամ առկա են սույն օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հիմքերից որևէ մեկը.
    • Կենտրոնական բանկի ուղեցույցով հիմնավորված կարծիքով դիմորդի նշանակալից մասնակիցների կամ նրանց հետ փոխկապակցված անձանց գործունեությունը, ֆինանսական վիճակը, բացասական հեղինակությունը կամ ֆինանսական ոլորտում փորձառության բացակայությունը կարող է վտանգել հաճախորդների շահերը կամ խոչընդոտել դիմորդի կողմից կրիպտոակտիվներով ծառայությունների բնականոն մատուցմանը կամ Կենտրոնական բանկի կողմից պատշաճ վերահսկողության իրականացմանը.
    • ընդհանուր կապիտալը չի Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված ընդհանուր կապիտալի նվազագույն չափի պահանջի բավարարումը հիմնավորված չէ.
    • կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցման համար նախատեսված տարածքը չի համապատասխանում Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջներին․
    • դիմորդը չի համապատասխանում Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված՝ տեղեկատվական անվտանգության ապահովման չափանիշներին.
    • դիմորդը չի բավարարում սույն օրենքով և այլ իրավական ակտերով կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցման համար սահմանված այլ պահանջներին:
  10. Կենտրոնական բանկը կարող է ընդունել  ուղեցույց սույն հոդվածի 10-րդ մասի 7-րդ կետով նախատեսված անաղարտության մանրամասն բովանդակության վերաբերյալ։

Հոդված 21․          Օտարերկրյա կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի կողմից Հայաստանի Հանրապետությունում կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցումը

 

Օտարերկրյա կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը կարող է Հայաստանի Հանրապետության տարածքում մատուցել կրիպտոակտիվներով ծառայություններ բացառապես Հայաստանի Հանրապետության տարածքում դուստր ընկերության կամ մասնաճյուղի ստեղծման միջոցով:

 

Հոդված 22․         Օտարերկրյա կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի` Հայաստանի Հանրապետության տարածքում մասնաճյուղի և ներկայացուցչության գրանցումը

  1. Օտարերկրյա կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձինք կարող են Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծել մասնաճյուղ կամ ներկայացուցչություն՝ այն գրանցելով Կենտրոնական բանկում սույն օրենքով և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով:
  2. Օտարերկրյա կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի` Հայաստանի Հանրապետության տարածքում մասնաճյուղի գրանցման համար օտարերկրյա կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված ձևով և բովանդակությամբ Կենտրոնական բանկ է ներկայացնում հետևյալ տեղեկությունները և փաստաթղթերը՝
  • մասնաճյուղ գրանցելու վերաբերյալ դիմումը.
  • Հայաստանի Հանրապետությունում մասնաճյուղ ստեղծելու վերաբերյալ օտարերկրյա կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի իրավասու կառավարման մարմնի որոշումը կամ դրա արձանագրությունից քաղվածք.
  • Հայաստանի Հանրապետությունում մասնաճյուղ ստեղծելուն թույլտվություն տալու կամ չառարկելու մասին համապատասխան օտարերկրյա պետության իրավասու մարմնի որոշումը կամ այլ փաստաթուղթ.
  • համապատասխան օտարերկրյա պետության իրավասու մարմնի տված տեղեկանքն այն մասին, որ օտարերկրյա կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձն ունի կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցման թույլտվություն և կրիպտոակտիվներով ծառայություններ է մատուցում տվյալ պետության օրենսդրության համաձայն.
  • մասնաճյուղի գործարար ծրագիրը.
  • կառավարման համապատասխան մարմնի կողմից հաստատված մասնաճյուղի կանոնադրությունը.
  • մասնաճյուղի գործունեության կանոնների նախագծերը.
  • օտարերկրյա կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի գրանցման երկրի օրենսդրության համաձայն` կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի գրանցման վկայականի, կանոնադրության կամ այլ հիմնադիր փաստաթղթերի և կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցման լիցենզիայի նոտարական կարգով վավերացված պատճենները հայերեն լեզվով.
  • օտարերկրյա կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի վերջին երեք տարիների միջազգային հաշվապահական հաշվառման ստանդարտներին համապատասխան կազմված ֆինանսական հաշվետվությունները և դրանց վերաբերյալ անկախ աուդիտորական եզրակացությունները.
  • օտարերկրյա կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի կառավարման համապատասխան մարմնի որոշումը՝ կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի մասնաճյուղի ղեկավարներ նշանակելու մասին.
  • ղեկավարների գրանցման համար օտարերկյա կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի դիմումը և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ փաստաթղթերը.
  • օտարերկրյա կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի կազմում նշանակալից մասնակցություն ունեցող անձանց վերաբերյալ տեղեկանքը.
  • օտարերկրյա կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի մասնաճյուղի գործունեության տարածքը Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված չափանիշներին համապատասխանելու մասին հայտարարությունը.
  • օտարերկրյա կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի մասնաճյուղի՝ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված տեղեկատվական անվտանգության ապահովման չափանիշներին համապատասխանելու մասին հայտարարությունը.
  • «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով վճարված պետական տուրքի վճարման անդորրագիրը.
  • Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ փաստաթղթեր:
  1. Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով կարող է սահմանել լրացուցիչ պայմաններ օտարերկրյա կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի մասնաճյուղերի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցելու համար: Այդ պայմանները պետք է միևնույնը լինեն բոլոր օտարերկրյա կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր մասնաճյուղերի համար:
  2. Օտարերկրյա կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի` Հայաստանի Հանրապետության տարածքում մասնաճյուղը կրիպտոակտիվներով լրացուցիչ (ևս մեկ կամ ավել) ծառայության մատուցելու թույլտվություն ստանալու համար Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված ձևով և բովանդակությամբ Կենտրոնական բանկ է ներկայացնում հետևյալ տեղեկությունները և փաստաթղթերը.
  • կրիպտոակտիվներով լրացուցիչ ծառայություն մատուցելու թույլտվության դիմումը.
  • կանոնադրության մեջ, գործունեության կանոններում և գործարար ծրագրում կատարված փոփոխությունները.
  • Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ տեղեկություններ:
  1. Օտարերկրյա կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը կարող է Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծել ներկայացուցչություն՝ այն գրանցելով Կենտրոնական բանկում սույն օրենքով և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով:
  2. Օտարերկրյա կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի` Հայաստանի Հանրապետության տարածքում ներկայացուցչության գրանցման համար օտարերկրյա կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված ձևով և բովանդակությամբ պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը՝
    • ներկայացուցչություն գրանցելու վերաբերյալ դիմումը.
    • Հայաստանի Հանրապետությունում ներկայացուցչություն ստեղծելու վերաբերյալ օտարերկրյա կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի կառավարման համապատասխան մարմնի որոշումը.
    • Հայաստանի Հանրապետությունում ներկայացուցչություն ստեղծելուն թույլտվություն տալու կամ չառարկելու մասին համապատասխան օտարերկրյա պետության իրավասու մարմնի որոշումը կամ այլ փաստաթուղթ.
    • համապատասխան օտարերկրյա պետության իրավասու մարմնի տված տեղեկանքն այն մասին, որ օտարերկրյա կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձն ունի կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցման թույլտվություն և կրիպտոակտիվներով ծառայություններ է մատուցում տվյալ պետության օրենսդրության համաձայն.
    • կառավարման համապատասխան մարմնի կողմից հաստատված ներկայացուցչության կանոնադրությունը.
    • օտարերկրյա կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի գրանցման երկրի օրենսդրության համաձայն` կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի գրանցման վկայականի, կանոնադրության կամ այլ հիմնադիր փաստաթղթերի և կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցման լիցենզիայի նոտարական կարգով վավերացված պատճենները հայերեն լեզվով.
    • օտարերկրյա կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի վերջին երեք տարիների միջազգային հաշվապահական հաշվառման ստանդարտներին համապատասխան կազմված ֆինանսական հաշվետվությունները և դրանց վերաբերյալ անկախ աուդիտորական եզրակացությունները.
    • օտարերկրյա կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի կազմում նշանակալից մասնակցություն ունեցող անձանց վերաբերյալ տեղեկանք.
    • Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ փաստաթղթեր:
  3. Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով կարող է սահմանել սույն հոդվածի 2-րդ, 4-րդ և 6-րդ մասերով նախատեսված փաստաթղթերի և տեղեկությունների բովանդակության նկատմամբ մանրամասն պահանջներ։
  4. Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով սահմանված դեպքերում կարող է սահմանել սույն հոդվածի 2-րդ, 4-րդ և 6-րդ մասերում նշված որոշ փաստաթղթերի ներկայացման բացառություններ, եթե նման փաստաթղթերի կամ տեղեկությունների ներկայացման հնարավորությունը սահմանափակված է տվյալ երկրի օրենսդրությամբ, կամ դրանք կիրառելի չեն տվյալ անձի նկատմամբ:
  5. Կենտրոնական բանկը կարող է պահանջել լրացուցիչ տեղեկություններ, որոնք անհրաժեշտ են սույն հոդվածի 2-րդ, 4-րդ և 6-րդ մասերում նշված տեղեկությունների հավաստիությունը գնահատելու համար: Այս դեպքում գրանցման դիմումի քննության՝ սույն հոդվածի 12-րդ մասով սահմանված երկամսյա ժամկետը կարող է կասեցվել առավելագույնը 20 աշխատանքային օրով: Նույն դիմումի քննության ընթացքում երկրորդ և հաջորդ անգամ Կենտրոնական բանկի կողմից լրացուցիչ տեղեկություններ պահանջելու դեպքում գրանցման դիմումի քննության ժամկետը չի կասեցվում:
  6. Եթե դիմումը քննելու ընթացքում դիմումով և դրան կից ներկայացված փաստաթղթերով պահանջվող տեղեկություններում տեղի են ունեցել փոփոխություններ, ապա դիմում ներկայացրած անձը պարտավոր է ներկայացնել նաև փոփոխված տեղեկությունները: Այս դեպքում դիմումը ներկայացված է համարվում փոփոխված տեղեկությունները և փաստաթղթերը Կենտրոնական բանկի կողմից ստանալու պահից:
  7. Կենտրոնական բանկը որոշում է ընդունում օտարերկրյա կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի մասնաճյուղի կամ ներկայացուցչության գրանցման կամ մասնաճյուղի կողմից լրացուցիչ ծառայության մատուցման թույլտվության մասին, եթե ներկայացված փաստաթղթերը և տեղեկությունները համապատասխանում են սույն օրենքին, այլ օրենքներին և իրավական ակտերին, և առկա չեն օտարերկրյա կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի մասնաճյուղի կամ ներկայացուցչության գրանցման` սույն օրենքով սահմանված մերժման հիմքերը:
  8. Կենտրոնական բանկը գրանցում է օտարերկրյա կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի մասնաճյուղը կամ ներկայացուցչությունը կամ մերժում է օտարերկրյա կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի մասնաճյուղի կամ ներկայացուցչության գրանցումն օտարերկրյա կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի կողմից դիմումը ներկայացնելու պահից երկու ամսվա ընթացքում:
  9. Կենտրոնական բանկը պարտավոր է օտարերկրյա կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի մասնաճյուղի կամ ներկայացուցչության գրանցման մասին որոշումն ընդունելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, գրանցման վկայականը հանձնել օտարերկրյա կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձին:
  10. Կենտրոնական բանկն օտարերկրյա կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի մասնաճյուղի կամ ներկայացուցչության գրանցման մասին որոշումն ընդունելուց հետո` հինգ աշխատանքային օրվա ընթացքում, այդ մասին ծանուցում է իրավաբանական անձանց գրանցումն իրականացնող պետական լիազորված մարմնին:
  11. Կենտրոնական բանկը կարող է մերժել օտարերկրյա կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի մասնաճյուղի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցման կամ կրիպտոակտիվներով լրացուցիչ ծառայություն մատուցելու թույլտվության դիմումը, եթե
    • ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն օրենքին, դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերին, ներկայացվել են կեղծ կամ թերի փաստաթղթեր կամ ներկայացված փաստաթղթերում արտացոլվել են ոչ արժանահավատ տեղեկություններ.
    • օտարերկրյա կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի մասնաճյուղի ղեկավարները չեն բավարարում սույն օրենքով սահմանված պահանջները,
    • ներկայացված կանոնադրությունը հակասում է օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջներին.
    • ներկայացված գործունեության կանոնները չեն համապատասխանում սույն օրենքով և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջներին.
    • ներկայացված գործարար ծրագիրը չի համապատասխանում սույն օրենքով և Կենտրոնական բանկի ընդունած նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջներին.
    • Կենտրոնական բանկի հիմնավորված կարծիքով գործարար ծրագիրն անիրատեսական է, կամ գործելով գործարար ծրագրին համապատասխան՝ օտարերկրյա կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի մասնաճյուղը չի կարող բնականոն մատուցել կրիպտոակտիվներով ծառայություններ կամ կարող է խաթարել կրիպտոակտիվների շուկայի անաղարտությունը կամ ֆիանանսական կայունությունը.

 

  • Կենտրոնական բանկի հիմնավորված կարծիքով օտարերկրյա կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի նշանակալից մասնակիցների կամ նրանց հետ փոխկապակցված անձանց գործունեությունը, ֆինանսական վիճակը, բացասական հեղինակությունը կամ ֆինանսական ոլորտում փորձառության բացակայությունը կարող է վտանգել հաճախորդների շահերը կամ իրավունքները կամ խոչընդոտել օտարերկրյա կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի մասնաճյուղի կողմից կրիպտոակտիվներով ծառայությունների բնականոն մատուցմանը կամ Կենտրոնական բանկի կողմից պատշաճ վերահսկողության իրականացմանը.
  • տվյալ պետությունը (այդ թվում՝ պետության օրենսդրությունը) Կենտրոնական բանկին հնարավորություն չի ընձեռում վերստուգել կամ օրենքով սահմանված կարգով վերահսկողություն իրականացնել օտարերկրյա կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի մասնաճյուղի նկատմամբ.
  • Կենտրոնական բանկի հիմնավորված կարծիքով ծրագրվում է շրջանառել հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցներ․
  • օտարերկրյա կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի մասնաճյուղի տարածքը չի համապատասխանում Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջներին.
  • օտարերկրյա կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը չի համապատասխանում Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված՝ տեղեկատվական անվտանգության ապահովման չափանիշներին.
  • օտարերկրյա կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը կամ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող մասնաճյուղը չի բավարարում սույն օրենքով և այլ իրավական ակտերով կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցման համար սահմանված այլ պահանջներին:
  1. Կենտրոնական բանկը կարող է մերժել օտարերկրյա կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի ներկայացուցչության` Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցումը, եթե
  • ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն օրենքին, դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերին, ներկայացվել են կեղծ կամ թերի փաստաթղթեր, կամ ներկայացված փաստաթղթերում արտացոլվել են ոչ արժանահավատ տեղեկություններ.
  • օտարերկրյա կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի ներկայացուցչության կանոնադրությունը հակասում է օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջներին.
  • Կենտրոնական բանկի հիմնավորված կարծիքով ծրագրվում է օժանդակել հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցների շրջանառությանը:

 

 

Հոդված 23․         Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի և օտարերկրյա կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի  գործարար ծրագիրը

 

  1. Գործունեության ընթացքում կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը, օտարերկրյա կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով, ձևով և ժամկետներում Կենտրոնական բանկ է ներկայացնում գրանցման կամ լիցենզավորման ընթացքում ներկայացված գործարար ծրագրի իրականացման վերաբերյալ հաշվետվություն:
  2. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը կամ օտարերկրյա կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը պարտավոր է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով, ձևով և ժամկետներում Կենտրոնական բանկ ներկայացնել երեք տարվա գործունեության գործարար ծրագիրը և դրանում կատարվող փոփոխությունները:

 

Հոդված 24․         Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի լիցենզիան, օտարերկրյա կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի մասնաճյուղի և ներկայացուցչության գրանցումն ուժը կորցրած ճանաչելը և օտարերկրյա կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի մասնաճյուղի և ներկայացուցչության գործունեության ժամանակավոր դադարեցումը

  1. Լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվում Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ: Լիցենզիան կարող է ուժը կորցրած ճանաչվել ամբողջությամբ կամ ըստ կրիպտոակտիվներով ծառայությունների առանձին տեսակների: Ըստ կրիպտոակտիվներով ծառայությունների առանձին տեսակների լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու դեպքում կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը զրկվում է կրիպտոակտիվներով տվյալ տեսակի  ծառայություն մատուցելու իրավունքից, բացառությամբ այն գործարքների, որոնք ուղղված են կրիպտոակտիվներով տվյալ  ծառայության մատուցման կապակցությամբ նրա ստանձնած պարտավորությունների կատարմանը, միջոցների իրացմանը և դրանց վերջնական բաշխմանը:
  2. Լիցենզիան կարող է ուժը կորցրած ճանաչվել, եթե

1) կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը լիցենզիա ստանալուց հետո 12 ամիս անընդմեջ չի մատուցել կրիպտոակտիվներով ծառայություններ.

2) կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը լիցենզիա ստանալու համար դիմելիս Կենտրոնական բանկ է ներկայացրել ապակողմնորոշիչ կամ ոչ արժանահավատ տեղեկություններ կամ կեղծ փաստաթղթեր.

3) կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը  հրապարակել կամ Կենտրոնական բանկ է ներկայացրել ապակողմնորոշիչ, ոչ արժանահավատ տեղեկություններ կամ կեղծ փաստաթղթեր.

4) կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը կամ նրա ղեկավարները թույլ են տվել սույն օրենքի, այլ օրենքների, դրանց հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերի, ինչպես նաև կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի ներքին իրավական ակտերի պահանջների պարբերական (երկու և ավելի) կամ էական խախտումներ.

5) կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը  չի իրականացրել Կենտրոնական բանկի կողմից սույն օրենքի համաձայն տրված հանձնարարականները` սահմանված ժամկետում կամ չափով.

6) խախտվել են սույն օրենքով և դրա հիման վրա Կենտրոնական բանկի ընդունած նորմատիվ իրավական ակտերով սահմանված տնտեսական նորմատիվները՝ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված չափով․

7) կրիպտոակտիվներով ծառայաություններ մատուցող անձի կողմից թողարկված բոլոր ակտիվին կցված թոքենների՝ սույն օրենքի 68-րդ հոդվածով սահմանված մարման ծրագրի համաձայն մարման դեպքում։ 

8) լիցենզիան ստանալուց հետո ի հայտ է եկել սույն օրենքով սահմանված լիցենզիայի տրամադրումը մերժելու հիմքերից որևէ մեկը:

  1. Լիցենզիան կարող է ամբողջությամբ կամ ըստ առանձին կրիպտոակտիվներով ծառայությունների տեսակների ուժը կորցրած ճանաչվել կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի դիմումի հիման վրա պայմանով, որ կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի հաճախորդների շահերը բավարար չափով պաշտպանված են:
  2. Կենտրոնական բանկը կարող է մերժել լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու` սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դիմումը, եթե առկա են բավարար հիմքեր եզրակացնելու, որ լիցենզիայի ուժը կորցրած ճանաչելը կարող է վտանգել հաճախորդների շահերը:
  3. Կենտրոնական բանկի խորհուրդը սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դիմումը ստանալու պահից` մեկ ամսվա ընթացքում, որոշում է կայացնում լիցենզիան ամբողջությամբ կամ ըստ առանձին կրիպտոակտիվներով ծառայությունների տեսակների ուժը կորցրած ճանաչելու կամ դիմումը մերժելու վերաբերյալ:
  4. Մինչև սույն հոդվածի 2-րդ մասի հիման վրա լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ որոշումը կայացնելը Կենտրոնական բանկը կարող է կարգադրել կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձին սահմանված ժամկետի ընթացքում վերացնել լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու համար հիմք հանդիսացող խախտումները:
  5. Կենտրոնական բանկի խորհուրդը լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին որոշմամբ կարող է հանձնարարել կրիպտոակտիվներով ծառայություն մատուցող անձին հաճախորդների նկատմամբ պարտավորությունները փոխանցել կրիպտոակտիվներով ծառայություն մատուցող այլ անձի, եթե առկա է վերջինիս և հաճախորդների համաձայնությունը։
  6. Լիցենզիան ամբողջությամբ ուժը կորցրած ճանաչվելու դեպքում այն պետք է եռօրյա ժամկետում վերադարձվի Կենտրոնական բանկ:
  7. Լիցենզիան ամբողջությամբ ուժը կորցրած ճանաչելու որոշման ուժի մեջ մտնելու օրվանից կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը զրկվում է կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցելու իրավունքից, բացառությամբ այն գործարքների, որոնք ուղղված են նրա ստանձնած պարտավորությունների կատարմանը, միջոցների իրացմանը և դրանց վերջնական բաշխմանը: Լիցենզիան ամբողջությամբ ուժը կորցրած ճանաչելու մասին Կենտրոնական բանկի որոշումն ուժի մեջ մտնելու պահից կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը  ենթակա է լուծարման` օրենքով սահմանված կարգով:
  8. Սույն հոդվածով սահմանված հիմքերով լիցենզիան ուժը կորցրած ճանաչելումասին Կենտրոնական բանկի որոշումն անմիջապես հրապարակվում է: Նշված որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, եթե որոշմամբ այլ ժամկետ չի սահմանված:
  9. Լիցենզիան ուժը կորցրած ճանաչելումասին Կենտրոնական բանկի խորհրդի որոշման պատճենն այն ընդունվելուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, տրամադրվում է կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձին: Լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին Կենտրոնական բանկի խորհրդի որոշման բողոքարկումը դատարանում չի կասեցնում այդ որոշման գործողությունը գործի ողջ դատական քննության ընթացքում:
  10. Կենտրոնական բանկի խորհուրդը կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի լիցենզիան ոչ որպես պատժամիջոց ուժը կորցրած է ճանաչում կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցող անձի լուծարման սույն օրենքով սահմանված ձևով վերակազմակերպման, սնանկացման և օրենքով սահմանված այլ հիմքերով:
  11. Լիցենզիայի ուժը կորցրած ճանաչելու համար սույն հոդվածով սահմանված դրույթները տարածվում են օտարերկրյա կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծված մասնաճյուղի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու ընթացակարգի վրա: Ընդ որում՝ օտարերկրյա կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծված մասնաճյուղի գրանցումն ուժը կորցրած է ճանաչվում նաև այն դեպքում, երբ օտարերկրյա կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձն իր գրանցման կամ հիմնական գործունեության վայրի երկրում զրկվել է կրիպտոակտիվներով այն ծառայությունը մատուցելու իրավունքից, որն օտարերկրյա կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծված մասնաճյուղը մատուցում է Հայաստանի Հանրապետության տարածքում:
  12. Կենտրոնական բանկը օտրաերկրյա կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի ներկայացուցչության գրանցումն ուժը կորցրած է ճանաչում, եթե գրանցումն ուժի մեջ մտնելուց հետո ի հայտ է եկել սույն օրենքով սահմանված՝ օտարերկրյա կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի ներկայացուցչության գրանցումը մերժելու հիմքերից որևէ մեկը: Ընդ որում՝ օտարերկրյա կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծված ներկայացուցչության գրանցումն ուժը կորցրած է ճանաչվում նաև այն դեպքում, երբ օտարերկրյա կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձն իր գրանցման կամ հիմնական գործունեության վայրի երկրում զրկվել է կրիպտոակտիվներով այն ծառայությունը մատուցելու իրավունքից, որի համար օտարերկրյա կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծված ներկայացությունը Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացնում է գործունեություն:
  13. Օտարերկրյա կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծված ներկայացուցչության գրանցումն ուժը կորցրած ճանաչելու, ինչպես նաև օտարերկրյա կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծված մասնաճյուղի և ներկայացուցչության գործունեության ժամանակավոր դադարեցման կարգը, պայմանները սահմանում է Կենտրոնական բանկի խորհուրդը: Կենտրոնական բանկը կարող է թույլ չտալ օտարերկրյա կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծված ներկայացուցչության գրանցումն ուժը կորցրած ճանաչել կամ մասնաճյուղի կամ ներկայացուցչության գործունեությունը ժամանակավորապես դադարեցնել, եթե դա կարող է վտանգել հաճախորդների շահերը:
 

Հոդված 25․         Հայաստանի Հանրապետության տարածքում գործող կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի մասնաճյուղի և ներկայացուցչության գրանցումը

  1. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը կարող է Հայաստանի Հանրապետության տարածքում հիմնել մասնաճյուղ և ներկայացուցչություն այն գրանցելով Կենտրոնական բանկում սույն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով:
  2. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի մասնաճյուղը կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի` իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող և կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի գտնվելու վայրից դուրս գտնվող առանձնացված ստորաբաժանում է, որը գործում է կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի տված լիազորությունների սահմաններում և նրա անունից կրիպտոակտիվներով ծառայություններ է մատուցում: Մասնաճյուղը կարող է մատուցել կրիպտոակտիվներով միայն այն ծառայությունները, որոնց մատուցման համար կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը ստացել է լիցենզիա:
  3. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի ներկայացուցչությունը կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի` իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող և կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի գտնվելու վայրից դուրս գտնվող առանձնացված ստորաբաժանում է, որը ներկայացնում է կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձին, ուսումնասիրում է կրիպտոակտիվների շուկան, կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի անունից կնքում է պայմանագրեր, իրականացնում է համանման այլ գործառույթներ: Ներկայացուցչությունը կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցելու իրավունք չունի:
  4. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի` Հայաստանի Հանրապետության տարածքում մասնաճյուղի գրանցման համար կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված ձևով ու բովանդակությամբ Կենտրոնական բանկ է ներկայացնում հետևյալ տեղեկությունները և փաստաթղթերը.
    • մասնաճյուղ գրանցելու վերաբերյալ կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի միջնորդագիրը.
    • Հայաստանի Հանրապետությունում մասնաճյուղ ստեղծելու վերաբերյալ կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի իրավասու կառավարման մարմնի որոշումը կամ դրա արձանագրությունից քաղվածք.
    • մասնաճյուղի գործարար ծրագիրը.
    • կառավարման համապատասխան մարմնի կողմից հաստատված մասնաճյուղի կանոնադրությունը.
    • մասնաճյուղի տարածքը Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված չափանիշներին համապատասխանելու մասին հայտարարությունը.
    • մասնաճյուղի գործունեությունը Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված տեղեկատվական անվտանգության չափանիշներին համապատասխանելու մասին հայտարարությունը․
    • Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ փաստաթղթեր:
  5. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի` Հայաստանի Հանրապետության տարածքում ներկայացուցչության գրանցման համար կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված ձևով ու բովանդակությամբ Կենտրոնական բանկ է ներկայացնում հետևյալ տեղեկությունները և փաստաթղթերը՝
  • ներկայացուցչություն գրանցելու վերաբերյալ կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի միջնորդագիրը.
  • Հայաստանի Հանրապետությունում ներկայացուցչություն ստեղծելու վերաբերյալ կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի կառավարման համապատասխան մարմնի որոշումը կամ դրա արձանագրությունից քաղվածք.
  • ներկայացուցչության կանոնադրությունը.
  • Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ փաստաթղթեր:
  1. Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով կարող է սահմանել սույն հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով նախատեսված փաստաթղթերի և տեղեկությունների բովանդակության նկատմամբ մանրամասն պահանջներ:
  2. Կենտրոնական բանկը կարող է պահանջել լրացուցիչ տեղեկություններ, որոնք անհրաժեշտ են սույն հոդվածի 4-րդ և 5-րդ մասերում նշված տեղեկությունների հավաստիությունը գնահատելու համար: Այս դեպքում գրանցման միջնորդագրի քննության՝ սույն հոդվածի 10-րդ մասով սահմանված երկամսյա ժամկետը կարող է կասեցվել, ընդ որում՝ կասեցման ժամկետը չի կարող գերազանցել 20 աշխատանքային օրը: Նույն միջնորդագրի քննության ընթացքում երկրորդ և հաջորդ անգամ Կենտրոնական բանկի կողմից լրացուցիչ տեղեկություններ պահանջելու դեպքում գրանցման դիմումի քննության ժամկետը չի կասեցվում:
  3. Եթե սույն հոդվածով նախատեսված միջնորդագիրը քննելու ընթացքում դիմումով և դրան կից ներկայացված փաստաթղթերով պահանջվող տեղեկություններում տեղի են ունեցել փոփոխություններ, ապա դիմում ներկայացրած անձը պարտավոր է ներկայացնել նաև փոփոխված տեղեկությունները մինչև Կենտրոնական բանկի կողմից գրանցելու կամ գրանցումը մերժելու մասին որոշման կայացումը: Այդ դեպքում միջնորդագիրը ներկայացված է համարվում փոփոխված տեղեկությունները և փաստաթղթերը Կենտրոնական բանկի կողմից ստանալու պահից:
  4. Կենտրոնական բանկը որոշում է ընդունում կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի մասնաճյուղի կամ ներկայացուցչության գրանցման մասին, եթե ներկայացված փաստաթղթերը և տեղեկությունները համապատասխանում են սույն օրենքին, այլ օրենքներին և իրավական ակտերին, և առկա չեն կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի մասնաճյուղի կամ ներկայացուցչության գրանցման` սույն օրենքով սահմանված մերժման հիմքերը:
  5. Կենտրոնական բանկը գրանցում է կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի մասնաճյուղը կամ ներկայացուցչությունը կամ մերժում է կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի մասնաճյուղի կամ ներկայացուցչության գրանցման միջնորդագիրը կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի կողմից միջնորդագիրը ներկայացնելու պահից երկու ամսվա ընթացքում:
  6. Կենտրոնական բանկը պարտավոր է կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի մասնաճյուղի կամ ներկայացուցչության գրանցման մասին որոշումն ընդունելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, գրանցման վկայականը հանձնել կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձին:
  7. Կենտրոնական բանկը մասնաճյուղի կամ ներկայացուցչության գրանցման մասին որոշումն ընդունելուց հետո` հինգ աշխատանքային օրվա ընթացքում, այդ մասին ծանուցում է իրավաբանական անձանց գրանցումն իրականացնող պետական լիազորված մարմնին՝ վերջինիս կողմից մասնաճյուղի կամ ներկայացուցչության գրանցման մասին համապատասխան գրառում կատարելու համար:
  8. Կենտրոնական բանկը կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի մասնաճյուղի գրանցումն ուժը կորցրած է ճանաչում, եթե մասնաճյուղը 12 ամսվա ընթացքում չի մատուցել կրիպտոակտիվներով ծառայություններ։ Կենտրոնական բանկը կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի  մասնաճյուղի կամ ներկայացուցչության գրանցումն ուժը կորցրած է ճանաչում, եթե գրանցումն ուժի մեջ մտնելուց հետո ի հայտ է եկել սույն օրենքով սահմանված՝ կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի  մասնաճյուղի կամ ներկայացուցչության գրանցումը մերժելու հիմքերից որևէ մեկը:
  9. Մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումն ուժը կորցրած ճանաչելու, ինչպես նաև գործունեության ժամանակավոր դադարեցման կարգը, պայմանները սահմանում է Կենտրոնական բանկի խորհուրդը: Կենտրոնական բանկը կարող է թույլ չտալ մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումն ուժը կորցրած ճանաչել կամ գործունեությունը ժամանակավորապես դադարեցնել, եթե դա կարող է վտանգել հաճախորդների շահերը:
  10. Կենտրոնական բանկը կարող է մերժել կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում մասնաճյուղի գրանցման միջնորդագիրը, եթե
  • ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն օրենքին, դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերին, ներկայացված փաստաթղթերը և տեղեկությունները թերի են, ոչ արժանահավատ կամ կեղծ.
  • կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի մասնաճյուղի ղեկավարները չեն համապատասխանում սույն օրենքով սահմանված պահանջներին.
  • կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի մասնաճյուղի կանոնադրությունը հակասում է օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջներին.
  • մասնաճյուղի գործարար ծրագիրը չի համապատասխանում սույն օրենքով և դրա հիման վրա Կենտրոնական բանկի ընդունած նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջներին.
  • Կենտրոնական բանկի հիմնավորված կարծիքով մասնաճյուղի գործարար ծրագիրն անիրատեսական է, կամ գործելով գործարար ծրագրին համապատասխան` կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի մասնաճյուղը չի կարող բնականոն մատուցել կրիպտոակտիվներով ծառայություններ․
  • մասնաճյուղի գրանցման փաստաթղթերը Կենտրոնական բանկ ներկայացնելու պահին նախորդող մեկ տարվա ընթացքում կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը խախտել է տնտեսական նորմատիվները, կամ Կենտրոնական բանկի հիմնավորված կարծիքով մասնաճյուղի բացումը կհանգեցնի կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի ֆինանսական վիճակի վատթարացմանը.
  • կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի մասնաճյուղի տարածքը չի համապատասխանում Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջներին
  • կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի մասնաճյուղը չի համապատասխանաում Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված տեղեկատվական անվտանգության չափանիշներին:
  1. Կենտրոնական բանկը կարող է մերժել Հայաստանի Հանրապետության տարածքում գործող կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում ներկայացուցչության գրանցման միջնորդագիրը, եթե
    • ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն օրենքին, դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերին, ներկայացված փաստաթղթերը և տեղեկությունները թերի են, ոչ արժանահավատ կամ կեղծ.
    • Կենտրոնական բանկի հիմնավորված կարծիքով ներկայացուցչության բացումը կհանգեցնի կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի ֆինանսական վիճակի վատթարացմանը․

 

Հոդված 26․         Հայաստանի Հանրապետության տարածքում գործող կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի` Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս մասնաճյուղ և ներկայացուցչություն ստեղծելը

  1. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս մասնաճյուղեր և ներկայացուցչություններ ստեղծելիս պետք է ստանա Կենտրոնական բանկի նախնական համաձայնությունը՝ ներկայացնելով Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված ձևով և բովանդակությամբ հետևյալ տեղեկությունները և փաստաթղթերը՝
  • Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս մասնաճյուղ կամ ներկայացուցչություն ստեղծելու նախնական համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդագիրը.
  • մասնաճյուղի գործարար ծրագիրը.
  • Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ փաստաթղթեր:
  1. Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով կարող է սահմանել սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված փաստաթղթերի և տեղեկությունների բովանդակության նկատմամբ մանրամասն պահանջներ։
  2. Կենտրոնական բանկը որոշում է ընդունում կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի՝ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս մասնաճյուղի կամ ներկայացուցչության ստեղծմանը նախնական համաձայնություն տալու մասին, եթե ներկայացված փաստաթղթերը և տեղեկությունները համապատասխանում են սույն օրենքին, այլ օրենքներին և իրավական ակտերին, և առկա չեն կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի՝ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս մասնաճյուղի կամ ներկայացուցչության ստեղծման համաձայնությունը մերժելու` սույն օրենքով սահմանված հիմքերը:
  3. Կենտրոնական բանկը տալիս է կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի՝ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս մասնաճյուղ կամ ներկայացուցչություն ստեղծելու իր համաձայնությունը կամ մերժում է կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի՝ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս մասնաճյուղ կամ ներկայացուցչություն ստեղծելու միջնորդագիրը կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի կողմից միջնորդագիրը Կենտրոնական բանկ ներկայացնելու պահից երկու ամսվա ընթացքում։
  4. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը համապատասխան երկրի օրենսդրությամբ սահմանված կարգով այլ երկրում մասնաճյուղ կամ ներկայացուցչություն գրանցելուց (լիցենզավորելուց, արտոնագրվելուց) հետո պարտավոր է 10-օրյա ժամկետում հաշվառել այն Կենտրոնական բանկում՝ ներկայացնելով գրանցման (լիցենզավորման, արտոնագրման) փաստը վկայող փաստաթուղթ:
  5. Կենտրոնական բանկը կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի՝ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս մասնաճյուղի կամ ներկայացուցչության հաշվառումից հետո` հինգ աշխատանքային օրվա ընթացքում,, այդ մասին ծանուցում է իրավաբանական անձանց գրանցումն իրականացնող պետական լիազորված մարմնին՝ վերջինիս կողմից կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի մասնաճյուղի կամ ներկայացուցչության գրանցման մասին համապատասխան գրառում կատարելու համար:
  6. Կենտրոնական բանկը կարող է մերժել կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի՝ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս մասնաճյուղի կամ ներկայացուցչության ստեղծման համաձայնության տրամադրումը, եթե․
    • ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն օրենքին, դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերին, ներկայացվել են կեղծ կամ թերի փաստաթղթեր, կամ ներկայացված փաստաթղթերում արտացոլվել են ոչ արժանահավատ տեղեկություններ.
    • Կենտրոնական բանկի հիմնավորված կարծիքով մասնաճյուղի կամ ներկայացուցչության բացումը կհանգեցնի կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի ֆինանսական վիճակի վատթարացմանը.
    • Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս մասնաճյուղ կամ ներկայացուցչություն ստեղծելու դեպքում Կենտրոնական բանկի հիմնավորված կարծիքով օտարերկրյա կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի գրանցման պետության իրավասու մարմինը պատշաճ և միջազգային չափանիշներին համապատասխան վերահսկողություն չի իրականացնում տվյալ պետությունում գրանցված կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի գործունեության նկատմամբ, կամ տվյալ պետությունը (այդ թվում՝ պետության օրենսդրությունը) Կենտրոնական բանկին հնարավորություն չի ընձեռում վերստուգել կամ պատշաճ վերահսկողություն իրականացնել ստեղծվելիք մասնաճյուղի կամ ներկայացուցչության նկատմամբ.
    • Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս մասնաճյուղ կամ ներկայացուցչություն ստեղծելու դեպքում կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը չի ապացուցում տվյալ երկրում մասնաճյուղ կամ ներկայացուցչություն բացելու անհրաժեշտությունը, կամ Կենտրոնական բանկի հիմնավորված կարծիքով ծրագրվում է շրջանառել հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցներ կամ օժանդակել դրանց շրջանառմանը.
    • մասնաճյուղի գործարար ծրագիրը չի համապատասխանում սույն օրենքով և սույն օրենքի հիման վրա Կենտրոնական բանկի ընդունած նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջներին.
    • Կենտրոնական բանկի հիմնավորված կարծիքով գործարար ծրագիրն անիրատեսական է, կամ գործելով ծրագրին համապատասխան` կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի մասնաճյուղը չի կարող բնականոն մատուցել կրիպտոակտիվներով ծառայություններ.
    • մասնաճյուղ կամ ներկայացուցչություն ստեղծելու վերաբերյալ նախնական համաձայնություն ստանալու փաստաթղթերը Կենտրոնական բանկ ներկայացնելու պահին նախորդող մեկ տարվա ընթացքում կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը խախտել է տնտեսական նորմատիվներից թեկուզև մեկը, կամ Կենտրոնական բանկի հիմնավորված կարծիքով մասնաճյուղի կամ ներկայացուցչության բացումը կհանգեցնի կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի ֆինանսական վիճակի վատթարացմանը:

Հոդված 27․         Բանկերի, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների, կարգավորվող շուկայի օպերատորի և կենտրոնական դեպոզիտարիայի կողմից կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցման թույլտվությունը

  1. Բանկերը, ներդրումային ընկերությունները, ներդրումային ֆոնդի կառավարիչները, կարգավորվող շուկայի օպերատորը և Կենտրոնական դեպոզիտարիան սույն օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ծառայությունների մատուցման թույլտվություն ստանալու համար Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված ձևով և կարգով Կենտրոնական բանկ են ներկայացնում հետևյալ տեղեկությունները և փաստաթղթերը`
  • կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցման թույլտվություն ստանալու միջնորդագիրը.
  • կանոնադրության մեջ, գործունեության կանոններում և գործարար ծրագրում կատարված փոփոխությունները, որոնք վերաբերում են կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցմանը.
  • Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ տեղեկություններ:
  1. Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով կարող է սահմանել սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված փաստաթղթերի և տեղեկությունների բովանդակության նկատմամբ մանրամասն պահանջներ։
  2. Կենտրոնական բանկը կարող է պահանջել լրացուցիչ տեղեկություններ և փաստաթղթեր, որոնք անհրաժեշտ են սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված փաստաթղթերի և տեղեկությունների հավաստիությունը գնահատելու համար: Այս դեպքում թույլտվություն ստանալու համար միջնորդագրի քննության՝ սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված մեկամսյա ժամկետը կարող է կասեցվել, ընդ որում՝ կասեցման ժամկետը չի կարող գերազանցել 20 աշխատանքային օրը: Նույն դիմումի քննության ընթացքում երկրորդ և հաջորդ անգամ Կենտրոնական բանկի կողմից լրացուցիչ տեղեկություններ պահանջելու դեպքում թույլտվություն ստանալու համար միջնորդագրի քննության ժամկետը չի կասեցվում:
  3. Եթե միջնորդագիրը քննելու ընթացքում միջնորդագրով կամ դրան կից ներկայացված փաստաթղթերով պահանջվող տեղեկություններում տեղի են ունեցել փոփոխություններ, ապա դիմողը պարտավոր է ներկայացնել նաև փոփոխված տեղեկությունները մինչև Կենտրոնական բանկի կողմից թույլտվությունը տրամադրելու կամ մերժելու մասին որոշման կայացումը: Այդ դեպքում միջնորագիրը ներկայացված է համարվում փոփոխված տեղեկությունները և փաստաթղթերը Կենտրոնական բանկի կողմից ստանալու պահից:
  4. Կենտրոնական բանկը որոշում է ընդունում սույն կետով նշված անձանց՝ կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցման թույլտվություն տրամադրելումասին, եթե ներկայացված փաստաթղթերը և տեղեկությունները համապատասխանում են սույն օրենքին, այլ օրենքներին և իրավական ակտերին, և առկա չեն կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցման թույլտվության տրամադրումը մերժելու` սույն օրենքով սահմանված հիմքերը:
  5. Կենտրոնական բանկը որոշում է կայացնումսույն հոդվածի 1-ին մասով սահմանված անձանց կողմից կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցման թույլտվություն ստանալու միջնորդագրի բավարարման կամ բավարարումը մերժելու մասին միջնորդագիրը ներկայացնելու պահից մեկ ամսվա ընթացքում:
  6. Կենտրոնական բանկը պարտավոր է սույն հոդվածով սահմանված թույլտվության տրամադրմանմասին որոշումն ընդունելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, տվյալ որոշումը տրամադրել սույն հոդվածի 1-ին մասով սահմանված անձանց:
  7. Կենտրոնական բանկը կարող է մերժել սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված անձանց կողմից կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցման թույլտվություն ստանալու միջնորդագիրը, եթե
    • ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն օրենքին, դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերին, ներկայացվել են կեղծ կամ թերի փաստաթղթեր, կամ ներկայացված փաստաթղթերում արտացոլվել են ոչ արժանահավատ տեղեկություններ.
    • Կենտրոնական բանկի հիմնավորված կարծիքով կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցումը կհանգեցնի տվյալ անձի ֆինանսական վիճակի վատթարացմանը.
    • կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցման հետ կապված գործարար ծրագրում կատարված փոփոխությունները չեն համապատասխանում սույն օրենքով և սույն օրենքի հիման վրա Կենտրոնական բանկի ընդունած նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջներին.
    • Կենտրոնական բանկի հիմնավորված կարծիքով կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցման հետ կապված գործարար ծրագրում կատարված փոփոխությունները անիրատեսական են, կամ գործելով տվյալ գործարար ծրագրին համապատասխան սույն հոդվածի 1-ին մասով սահմանված անձը չի կարող բնականոն մատուցել կրիպտոակտիվներով ծառայություններ:
  8. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված անձանց կողմից մատուցվող կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցման թույլտվության՝ Կենտրոնական բանկի կողմից դադարեցման վրա տարածվում են լիցենզիայի ուժը կորցրած ճանաչելու համար սույն օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հիմքերը։
  9. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված անձանց կողմից մատուցվող կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցման թույլտվությունը դադարեցնելու, ներառյալ՝ ժամանակավոր դադարեցնելու կարգը, պայմանները սահմանում է Կենտրոնական բանկը: Կենտրոնական բանկը կարող է թույլ չտալ դադարեցնել (ներառյալ՝ ժամանակավորապես դադարեցնել) սույն մասով նախատեսված թույլտվությունը, եթե տվյալ թույլտվության դադարեցումը կարող է վտանգել հաճախորդների շահերը:

 

Գ Լ ՈՒ Խ  5

ՆՇԱՆԱԿԱԼԻՑ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 28․         Նշանակալից մասնակցության ձեռքբերման նախնական համաձայնությունը

  1. Անձը (նրա հետ փոխկապակցված անձը), որն ունի մտադրություն ձեռք բերել գործող կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի կազմում նշանակալից մասնակցություն կամ ավելացնել իր մասնակցությունն այնպես, որ կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի կանոնադրական կապիտալում նրա` ձայնի իրավունք տվող մասնակցությունը կազմի առնվազն 20, 50 կամ 75 տոկոս, պետք է ստանա Կենտրոնական բանկի խորհրդի նախնական համաձայնությունը:
  2. Եթե անձը ձեռք է բերում նշանակալից մասնակցություն կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի կազմում կամ ավելացնում է իր` ձայնի իրավունք տվող մասնակցությունը սույն հոդվածի 1-ին մասում նշված սահմանաչափերից ավել՝ ցանկացած այլ իրադարձության կամ գործարքի (այդ թվում` ժառանգության հիմքով մասնակցության փոխանցման) արդյունքում, որի մասին անձը տեղյակ չէր և չէր կարող տեղյակ լինել, ապա նա պարտավոր է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով տեղեկացնել Կենտրոնական բանկին կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի կազմում նշանակալից մասնակցության ձեռքբերման կամ մասնակցությունն ավելացնելու մասին տեղեկանալու պահից` 10 օրվա ընթացքում:
  3. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի կազմում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու մտադրություն ունեցող անձը Կենտրոնական բանկ է ներկայացնում նշանակալից մասնակցության ձեռքբերման նախնական համաձայնություն ստանալու դիմում: Նշանակալից մասնակցության ձեռքբերման նախնական համաձայնության դիմումում ներառվող և կից ներկայացվող տեղեկությունների ու փաստաթղթերի ցանկը, դրանց ներկայացման ձևը, կարգը և պայմանները սահմանվում են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով:
  4. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի կազմում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու նախնական համաձայնությունն ստանալու համար կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի միջնորդությամբ անձը Կենտրոնական բանկ է ներկայացնում նաև հայտարարություն այն մասին, որ իր մասնակցության միջոցով որևէ այլ անձ կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի կազմում անուղղակի նշանակալից մասնակցություն ունեցող անձի կարգավիճակ ձեռք չի բերում, հակառակ դեպքում այդ անձը պարտավոր է ներկայացնել նաև անուղղակի նշանակալից մասնակցություն ձեռք բերող անձանց վերաբերյալ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված փաստաթղթերը և տեղեկությունները: Անուղղակի նշանակալից մասնակցի կարգավիճակ ձեռք բերելու համար սույն հոդվածով սահմանված կարգով պահանջվում է Կենտրոնական բանկի խորհրդի նախնական համաձայնությունը:
  5. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի կազմում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու նախնական համաձայնությունը ստանալու համար կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի միջնորդությամբ անձը Կենտրոնական բանկ պետք է ներկայացնի նաև նշանակալից մասնակցության ձեռքբերման համար օգտագործվող միջոցների ծագման օրինականությունը բացահայտող բավարար և ամբողջական հիմնավորումներ (փաստաթղթեր, տեղեկություններ և այլն):
  6. Կենտրոնական բանկը կարող է պահանջել լրացուցիչ տեղեկություններ և փաստաթղթեր՝ սույն հոդվածով նախատեսված տեղեկությունների և փաստաթղթերի հավաստիությունը պարզելու նպատակով:
  7. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի կազմում նշանակալից մասնակցություն ունեցող անձը պարտավոր է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով տեղեկացնել Կենտրոնական բանկին իր կողմից ձեռք բերված բաժնետոմսերի (բաժնեմասերի) օտարման մասին, եթե՝
  • բաժնետոմսերի (բաժնեմասերի) օտարման արդյունքում կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի կազմում անձի` ձայնի իրավունք տվող մասնակցությունը նվազում է 10, 20, 50 կամ 75 տոկոսից.
  • բաժնետոմսերի (բաժնեմասերի) օտարման արդյունքում կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի կազմում անձի` ձայնի իրավունք տվող մասնակցությունը նվազում է 10 և ավելի տոկոսով:

Սույն մասով սահմանված տեղեկացման պահանջը գործում է նաև այն դեպքում, երբ անձը կնքում է այնպիսի գործարք, որի արդյունքում նա դադարում է հսկել կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձին:

  1. Կենտրոնական բանկը սույն օրենքով և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով պահանջվող փաստաթղթերը և տեղեկությունները ստանալուց հետո` մեկ ամսվա ընթացքում, որոշում է ընդունում նշանակալից մասնակցության ձեռքբերման նախնական համաձայնություն տալու կամ տրամադրումը մերժելու մասին։
  2. Կենտրոնական բանկը սույն հոդվածի 8-րդ մասով սահմանված նախնական համաձայնություն տալու մասին որոշմամբ սահմանում է նաև ժամկետ, որի ընթացքում գործում է այդ համաձայնությունը: Այդ ժամկետը չի կարող գերազանցել 6 ամիսը: Անձը պարտավոր է անհապաղ տեղեկացնել Կենտրոնական բանկին նշված ժամկետում կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի կազմում նշանակալից մասնակցության ձեռքբերման, մասնակցության ավելացման կամ կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի նկատմամբ հսկողության ձեռքբերման գործարքի կնքման մասին:
  3. Օֆշորային տարածքներում մշտական բնակության վայր ունեցող կամ գործունեություն ծավալող ֆիզիկական անձինք, ինչպես նաև այդ տարածքներում ստեղծված կամ գրանցված իրավաբանական, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող անձինք կամ սույն մասով սահմանված անձանց հետ փոխկապակցված անձինք մեկ կամ մի քանի գործարքների հետևանքով կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի կանոնադրական կապիտալում մասնակցություն (անկախ մասնակցության չափից) կարող են ձեռք բերել բացառապես սույն գլխով սահմանված կարգով՝ Կենտրոնական բանկի նախնական համաձայնությամբ: Օֆշորային տարածքների ցանկը սահմանում է Կենտրոնական բանկի խորհուրդը:

       Սույն մասով սահմանված անձանց կամ նրանց հետ փոխկապակցված անձանց մասնակցությամբ ստեղծված իրավաբանական անձինք կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի կանոնադրական կապիտալում մասնակցություն (անկախ դրա չափից) կարող են ձեռք բերել բացառապես սույն հոդվածով սահմանված կարգով՝ Կենտրոնական բանկի նախնական համաձայնությամբ:

 

Հոդված 29․         Նշանակալից մասնակցության ձեռքբերման նախնական համաձայնության մերժումը

  1. Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է մերժել կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի կազմում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու համաձայնության տրամադրումը, եթե
  • նշանակալից մասնակցություն ձեռք բերող անձը հրաժարվում է ներկայացնել կամ սահմանված ժամկետում չի ներկայացնում սույն օրենքի 28-րդ հոդվածով սահմանված տեղեկությունները և փաստաթղթերը.
  • Կենտրոնական բանկ ներկայացված փաստաթղթերը և տեղեկությունները չեն համապատասխանում օրենքով, նորմատիվ իրավական այլ ակտերով սահմանված պահանջներին, կամ դրանք կեղծ են, ապակողմնորոշիչ կամ ոչ լիարժեք.
  • նշանակալից մասնակցություն ձեռք բերող ֆիզիկական անձը դատապարտվել է դիտավորությամբ կատարված հանցագործության համար և ունի չմարված դատվածություն.
  • նշանակալից մասնակցություն ձեռք բերող անձը չի կարող հիմնավորել մասնակցության ձեռքբերման համար օգտագործվող միջոցների օրինականությունը.
  • նշանակալից մասնակցություն ձեռք բերող անձն օրենքով սահմանված կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
  • նշանակալից մասնակցություն ձեռք բերող անձն օրինական ուժի մեջ մտած դատավճռով զրկվել է ֆինանսական, տնտեսական, իրավական ոլորտներում պաշտոններ զբաղեցնելու իրավունքից՝ դրա մասին դատավճռում ուղղակի նշված լինելու դեպքում.
  • նշանակալից մասնակցություն ձեռք բերող անձը ճանաչվել է սնանկ և ունի չմարված (չներված) պարտավորություններ.
  • տվյալ գործարքն ուղղված է, հանգեցնում է կամ կարող է հանգեցնել կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցման ոլորտում ազատ մրցակցության սահմանափակմանը.
  • նշանակալից մասնակցություն ձեռք բերող անձը կամ նրա հետ փոխկապակցված անձը Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված ուղեցույցով հիմնավորված՝ Կենտրոնական բանկի խորհրդի կարծիքով բավարար հիմք է տալիս կասկածելու, որ տվյալ անձի՝ որպես կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի կառավարման բարձրագույն մարմնի որոշումների կայացման ժամանակ ձայնի իրավունք ունեցողի գործողությունները կարող են հանգեցնել կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի սնանկացմանը կամ ֆինանսական վիճակի վատթարացմանը կամ հեղինակության և գործարար համբավի վարկաբեկմանը.
  • նշանակալից մասնակցություն ձեռք բերող անձի կամ նրա հետ փոխկապակցված անձի գործունեությունը կամ կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի հետ փոխհարաբերությունների բնույթը Կենտրոնական բանկի հիմնավորված կարծիքով կարող է խոչընդոտել Կենտրոնական բանկի կողմից բավարար վերահսկողության իրականացմանը, կամ տվյալ անձի վերաբերյալ Կենտրոնական բանկի կողմից տեղեկությունների ձեռքբերման հնարավորությունը սահմանափակված է նրա ազգային օրենսդրությամբ, եթե տվյալ անձն օտարերկրյա անձ է․
    1. Նշանակալից մասնակցության ձեռքբերման համաձայնության տրամադրման մերժման մասին Կենտրոնական բանկի որոշումը պետք է լինի հիմնավորված:
    2. Կենտրոնական բանկը պարտավոր է մերժման մասին որոշումն ընդունելուց հետո յոթնօրյա ժամկետում, դրա մասին ծանուցել նշանակալից մասնակցության ձեռքբերման նախնական համաձայնություն ստանալու դիմում ներկայացրած անձին կամ նրա ներկայացուցչին:
    3. Սույն օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված տեղեկացումը ստանալու դեպքում, ինչպես նաև նույն մասով նախատեսված այն դեպքերում, երբ Կենտրոնական բանկն է հայտնաբերում անձի կողմից կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի կազմում նշանակալից մասնակցության ձեռքբերման փաստը, Կենտրոնական բանկը կարող է առաջարկել (իսկ առաջարկությունը չկատարելու դեպքում դատական կարգով պահանջել), որ անձը, որի միջոցով և անունից իրականացվում է նշանակալից մասնակցությունը, ողջամիտ ժամկետում օտարի կամ այլ կերպ դադարեցնի իր մասնակցությունը կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցող անձի կազմում:

Հոդված 30․         Նշանակալից մասնակցության ձեռքբերման նախնական համաձայնության գործողության դադարեցումը

  1. Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է դադարեցնել կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի կազմում նշանակալից մասնակցության նախնական համաձայնության գործողությունը, եթե անձի կողմից սույն օրենքով սահմանված կարգով կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի կազմում նշանակալից մասնակցություն ձեռք բերելուց հետո ի հայտ է եկել սույն օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հիմքերից որևէ մեկը:
  2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքերում Կենտրոնական բանկը կարող է պահանջել նշանակալից մասնակցից (իսկ առաջարկությունը չկատարելու դեպքում` դատական կարգով պահանջել նրանից), որ սույն հոդվածի 1-ին մասում նշված նշանակալից մասնակիցը ողջամիտ ժամկետում օտարի կամ այլ կերպ դադարեցնի իր մասնակցությունը կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի կազմում:

Հոդված 31․          Նշանակալից մասնակցության ապօրինի ձեռքբերման իրավական հետևանքները

  1. Սույն օրենքով սահմանված պահանջների խախտմամբ կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի կազմում նշանակալից մասնակցության ձեռքբերման գործարքն առ ոչինչ է:
  2. Սույն օրենքով սահմանված պահանջների խախտմամբ նշանակալից մասնակցություն ձեռք բերելու դեպքում նշանակալից մասնակցություն ունեցող անձը չի օգտվում մասնակցության ուժով իրեն վերապահված ձայնի, շահութաբաժիններ ստանալու և առանց ընտրության խորհրդի կազմում ընդգրկվելու կամ դրանում իր ներկայացուցչին նշանակելու իրավունքից, իսկ ձեռք բերված բաժնետոմսերը հաշվի չեն առնվում ձայների հաշվարկման ժամանակ:
  3. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքերում Կենտրոնական բանկը կարող է առաջարկել անձին (իսկ առաջարկությունը չկատարելու դեպքում` դատական կարգով պահանջել նրանից), որ նա ողջամիտ ժամկետում օտարի կամ այլ կերպ դադարեցնի իր մասնակցությունը կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի կազմում:
  4. Սույն հոդվածի պահանջները պարտադիր են կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի, կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի մասնակիցների ռեեստրը վարող անձի, ինչպես նաև ցանկացած անձի համար, որը կազմակերպում է տվյալ բաժնետոմսերով (բաժնեմասերով) ամրագրված ձայնի իրավունքների իրականացումը:

 

ԳԼՈՒԽ 6

ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐՈՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

Հոդված 32․         Ընդհանուր պահանջները

  1. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը ծառայությունները մատուցելիս պարտավոր է.
  • գործել ազնիվ, արդար և պրոֆեսիոնալ մակարդակով՝ ի շահ հաճախորդի․
  • հաճախորդին բացահայտել կրիպտոակտիվներով գործարքների հետ կապված ռիսկերը.
  • հաճախորդի պահանջով նրան տրամադրել իր նշանակալից մասնակիցների, ղեկավարների, ինչպես նաև ղեկավարների լիազորությունների և պատասխանատվության ոլորտների վերաբերյալ տեղեկություն, ինչպես նաև ցանկացած այլ տեղեկություն, որը ենթակա է հրապարակման սույն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով.
  • վարել գրանցումներ կատարված գործարքների, ստացված և կատարված հանձնարարականների վերաբերյալ՝ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով:
  1. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը պետք է ունենա ինտերնետային կայք, որտեղ պետք է հրապարակի մատուցվող ծառայությունների սակագները, միջանկյալ և տարեկան ֆինանսական հաշվետվությունները և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ տեղեկություններ:
  2. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի կողմից հաճախորդին տրամադրվող տեղեկությունը (այդ թվում՝ երբ տեղեկությունը տրամադրվում է գովազդային նպատակներով կամ վերաբերում է կրիպտոակտիվների իրական կամ ենթադրյալ առավելություններին) պետք է լինի արժանահավատ, հստակ և ոչ ապակողմնորոշիչ:
  3. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը, որը մատուցում է սույն օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կամ 7-րդ կամ 8-րդ կետով սահմանված ծառայությունը, պարտավոր է հաճախորդի պահանջով վերջինիս էլեկտրոնային եղանակով տրամադրել այն կրիպտոակտիվների առաջարկի ամփոփ փաստաթղթերը կամ առաջարկողի կայքում դրանց համապատասխան հղումները (առկայության դեպքում), որոնցով մատուցում կամ մատուցելու է ծառայությունները:
  4. Կենտրոնական բանկը կարող է սահմանել կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի գործունեության տարածքի նկատմամբ և տեղեկատվական անվտանգության ապահովման չափանիշներ։
  5. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց գործունեության ռիսկայնությունը զսպելու նպատակով Կենտրոնական բանկը կարող է նախատեսել սահմանափակումներ կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց կողմից կրիպտոակտիվներով ծառայությունների առանձին տեսակների մատուցման համար կամ սահմանել դրանց մատուցման հատուկ կարգ:
  6. Կենտրոնական բանկը կարող է սահմանել կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց կողմից հրապարակվող տեղեկությունների կազմին և հրապարակման կարգին ներկայացվող նվազագույն պահանջներ։
  7. Կենտրոնական բանկը կարող է սահմանել կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց գործունեության նկատմամբ այլ մանրամասն չափանիշներ կամ պահանջներ:

Հոդված 33․         Կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցման պայմանագիրը

  1. Կրիպտոակտիվներով ծառայությունները կարող են մատուցվել միայն կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի և հաճախորդի միջև կնքված գրավոր պայմանագրի հիման վրա: Կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցման պայմանագրի գրավոր ձևը չպահպանելը հանգեցնում է դրա անվավերության: Նման պայմանագիրը առոչինչ է։
  2. Պայմանագրի գրավոր ձևը համարվում է պահպանված նաև այն դեպքում, երբ կրիպտոակտիվներով ծառայությունները մատուցվում են հրապարակային օֆերտայի կանոններով:
  3. Սույն հոդվածի 1-ին մասը չի սահմանափակում գրավոր ձևով կնքված կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցման պայմանագրի կատարմանն ուղղված գործարքների կնքումը բանավոր ձևով` կողմերի համաձայնությամբ:
  4. Հաճախորդն իրավունք ունի միակողմանիորեն լուծել կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցման պայմանագիրը: Պայմանագիրը լուծելուց հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում, կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը պարտավոր է հաճախորդին կամ նրա ներկայացուցչին փոխանցել հաճախորդին պատկանող կրիպտոակտիվները ու դրամական միջոցները: Սույն մասով սահմանված իրավունքը չի կարող սահմանափակվել պայմանագրով:
  5. Կենտրոնական բանկն իրավունք ունի իր նորմատիվ իրավական ակտերով սահմանելու կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցման պայմանագրերին ներկայացվող պարտադիր պահանջներ:
  6. Սույն հոդվածի 1-4-րդ մասերը չեն տարածվում սույն օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետով սահմանված ծառայության մատուցման վրա:

Հոդված 34․         Ղեկավարների և աշխատակիցների նկատմամբ պահանջները

  1. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի ղեկավարներն են կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի տնօրենների (դիտորդ) խորհրդի նախագահը և անդամները, գործադիր մարմնի ղեկավարը և անդամները, ներքին աուդիտի ղեկավարը և անդամները, գլխավոր հաշվապահը և նրա տեղակալը, տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, ինչպես նաև Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով ղեկավար ճանաչված այլ անձինք։
  2. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի՝ Կենտրոնական բանկի կողմից գրանցման ենթակա ղեկավարների ցանկը, ղեկավարների գրանցման, գրանցումը մերժելու և գրանցումից հանելու կարգը սահմանվում է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով։
  3. Անձը կարող է Կենտրոնական բանկի կողմից գրանցման ենթակա ղեկավարի պարտականություններն իրականացնել առանց Կենտրոնական բանկում գրանցվելու՝ Կենտրոնական բանկի իրավական ակտերով սահմանված ժամանակաշրջանի ընթացքում, դեպքերում և կարգով:
  4. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի ղեկավար չի կարող լինել այն անձը, որը
  • օրենքով սահմանված կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմա                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                     նափակ գործունակ.
  • դիտավորությամբ կատարված հանցագործության համար ունի օրենքով սահմանված կարգով չմարված կամ չհանված դատվածություն.
  • դատավճռով զրկված է ֆինանսական, տնտեսական, իրավական ոլորտներում պաշտոններ զբաղեցնելու իրավունքից՝ դրա մասին դատավճռում ուղղակի նշված լինելու դեպքում.
  • ճանաչված է սնանկ կամ ունի չմարված (չներված) պարտավորություններ.
  • անցյալում կատարել այնպիսի արարք (գործողություն կամ անգործություն), որը Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված ուղեցույցով հիմնավորված՝ Կենտրոնական բանկի կարծիքով հիմք է տալիս եզրակացնելու, որ տվյալ անձը՝ որպես կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի ղեկավար, չի կարող պատշաճ կերպով կառավարել կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի գործունեության համապատասխան ոլորտը, կամ նրա գործողությունները կարող են հանգեցնել կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի սնանկացմանը կամ ֆինանսական վիճակի վատթարացմանը կամ հեղինակության և գործարար համբավի վարկաբեկմանը:
  1. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի ղեկավարները և աշխատակիցներն իրենց պարտականությունների կատարման ընթացքում պարտավոր են գործել բարեխիղճ՝ ելնելով բացառապես կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի և նրա հաճախորդների շահերից:

Հոդված 35․         Ներքին աուդիտը

  1. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը պարտավոր է ունենալ համապատասխան ներքին հսկողության համակարգ, որը կներառի կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի կառավարման և գործունեության բոլոր մակարդակները:
  2. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը պարտավոր է ունենալ ներքին աուդիտի անկախ ստորաբաժանում (այսուհետ` ներքին աուդիտ), նշանակել համապատասխան անկախ աշխատակիցներ կամ ներքին աուդիտի գործառույթները պայմանագրով պատվիրակել անկախ աուդիտորին: Ներքին աուդիտի ղեկավարը պետք է բավարարի կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի ղեկավարների նկատմամբ սույն օրենքով սահմանված պահանջները: Ներքին աուդիտոր չի կարող լինել կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի կառավարման մարմնի անդամը, այլ ղեկավարը և աշխատակիցը, ինչպես նաև կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի, դրա ղեկավարների կամ այլ աշխատակիցների հետ փոխկապակցված անձը:
  3. Ներքին աուդիտորները նշանակվում են կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի իրավասու կառավարման մարմնի կողմից: Իրավասու կառավարման մարմինն է կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի մասնակիցների (բաժնետերերի) ընդհանուր ժողովը, իսկ եթե ընկերությունը ձևավորել է տնօրենների խորհուրդ, ապա տնօրենների խորհուրդը: Ներքին աուդիտի ստորաբաժանումը կարող է ներառել մեկ կամ ավելի անձ:
  4. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի ներքին աուդիտն անկախ է իր իրավասություններն իրականացնելիս և հաշվետու է կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի իրավասու կառավարման մարմնին:
  5. Ներքին աուդիտորն ընկերության կողմից հաստատված կանոնակարգի համաձայն՝
    • հսկողություն է իրականացնում կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի ընթացիկ գործունեության և ռիսկերի նկատմամբ.
    • ստուգում է կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի գործունեության համապատասխանությունն օրենքով, դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով, կարգավորվող շուկայի կանոններով, ընկերության գործունեության կանոններով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջներին.
    • տալիս է եզրակացություններ և ներկայացնում առաջարկություններ իրավասու կառավարման մարմնի ներկայացրած և այլ հարցերի վերաբերյալ:
  6. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի գործադիր մարմինը պարտավոր է ապահովել բավարար պայմաններ ներքին աուդիտորի իրավասությունների արդյունավետ իրականացման համար:
  7. Ներքին աուդիտորը պարտավոր է հայտնել կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի գործադիր մարմնին, տնօրենների խորհրդին, համապատասխան կարգավորվող շուկայի օպերատորին և Կենտրոնական բանկին կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի կողմից օրենքով, այլ իրավական ակտերով սահմանված պահանջների ցանկացած խախտման, ինչպես նաև հաճախորդների շահերին հասցված ցանկացած էական վնասի մասին` դրանց հայտնաբերման պահից` 5 աշխատանքային օրվա ընթացքում:
  8. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի կազմում վերստուգիչ հանձնաժողով չի ստեղծվում:

Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով կարող է սահմանել սույն  հոդվածով սահմանված պահանջներից բացառություններ՝ հաշվի առնելով  կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի կողմից մատուցվող ծառայության (ծառայությունների) տեսակը (տեսակները), դրանց մատուցման բնույթն ու ռիսկայնությունը։

Հոդված 36․         Գործունեության ներքին կանոններ

  1. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը պարտավոր է հաստատել իր գործունեությունը կարգավորող ներքին կանոններ և կանոնակարգեր (այսուհետ՝ նաև գործունեության կանոններ):
  2. Գործունեության կանոնները պետք է ներառեն՝
  • կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի և իր բաժնետերերի կամ մասնակիցների (իրեն կամ իր բաժնետերերին (մասնակիցներին) հսկող անձանց, կառավարման մարմինների, աշխատողների կամ հաճախորդների) միջև, ինչպես նաև իր հաճախորդների միջև շահերի բախումների հայտնաբերման, կանխարգելման (դրա անհնարինության դեպքում նվազեցման) և բացահայտման միջոցներն ու ընթացակարգերը.
  • կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցման մանրամասն կանոնները.
  • ներքին աուդիտի գործունեության կանոնները
  • գործարար անընդհատության ծրագիրը.
  • տեղեկատվական անվտանգության միջոցառումների նկարագրությունը.
  • հաճախորդների միջոցների (կրիպտոակտիվների և դրամական միջոցների) առանձնացված հաշվառումն ապահովելու միջոցառումների նկարագրությունը.
  • Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ ընթացակարգեր:
  1. Կենտրոնական բանկը կարող է իր նորմատիվ իրավական ակտերով սահմանել կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի գործունեության կանոնների բովանդակության նկատմամբ մանրամասն պահանջներ:
  2. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը պարտավոր է գործունեության կանոններում կատարված փոփոխությունների մասին Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով և ժամկետներում տեղեկացնել Կենտրոնական բանկին:

Հոդված 37․         Իրական շահառուները            

Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձինք, օտարերկրյա կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց մասնաճյուղերը պարտավոր են «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված չափանիշներով կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի, օտարերկրյա կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի մասնաճյուղի իրական շահառու հանդիսացող անձանց վերաբերյալ տեղեկություններ ներկայացնել Կենտրոնական բանկ՝ սույն օրենքով և Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխան։

Հոդված 38․        Հաճախորդների միջոցների հաշվառման և պաշտպանության նկատմամբ պահանջները

 

  1. Սույն հոդվածով նախատեսված հաճախորդի միջոցները հաճախորդի և կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի միջև կնքված գրավոր պայմանագրի հիման վրա կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի տիրապետմանը կամ փաթեթի կառավարմանը հանձնված հաճախորդին պատկանող կրիպտոակտիվները կամ դրանց հասանելիությունն ապահովող միջոցները կամ դրամական միջոցներն են, այդ թվում` դրանց կառավարման արդյունքում առաջացած շահույթն է:
  2. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը պարտավոր է միջոցներ ձեռնարկել հաճախորդների միջոցների և իրավունքների պաշտպանությունն ապահովելու համար, այդ թվում՝ կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի լուծարման, սնանկացման կամ անվճարունակության դեպքում:
  3. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի հաճախորդի միջոցները չեն կարող բռնագանձվել կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի պարտքերի դիմաց: Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի լուծարման, սնանկացման կամ անվճարունակության դեպքում հաճախորդի միջոցները առանձնացվում են կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի գույքից և վերադարձվում են հաճախորդին՝ նրա առաջին իսկ պահանջով:
  4. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը չի կարող իր հաճախորդի միջոցներն օգտագործել ի շահ իրեն:
  5. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձն իրավունք ունի գրավադրելու հաճախորդի միջոցներն իր անունից միայն վերջինիս հետ կնքված գրավոր համաձայնության հիման վրա:
  6. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձինք պարտավոր են վարել առանձնացված հաշվառում յուրաքանչյուր հաճախորդի, ինչպես նաև իրենց և իրենց հաճախորդների միջոցների համար: Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձինք, որոնք հաճախորդների միջոցները պահպանում են այլ անձանց մոտ, պետք է ձեռնարկեն բոլոր ողջամիտ միջոցներն ու քայլերը՝ իրենց և իրենց հաճախորդների միջոցների՝ տվյալ անձանց կողմից առանձնացված հաշվառումն ապահովելու համար։
  7. Կենտրոնական բանկը կարող է իր նորմատիվ իրավական ակտերով սահմանել այլ կանոններ՝ հաճախորդի` սույն հոդվածով նախատեսված իրավունքների պաշտպանությունն ապահովելու համար:

 

 

Հոդված 39․         Կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցման հետ կապված շահերի բախման սահմանափակման վերաբերյալ պահանջները

  1. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձինք պետք է ունենան և կիրառեն արդյունավետ քաղաքականություն, ներքին կանոններ և ընթացակարգեր՝ հետևյալ անձանց միջև հնարավոր շահերի բախումները հայտնաբերելու, կանխելու (դրա անհնարինության դեպքում նվազեցնելու) և բացահայտելու համար.
    • կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի և իր մասնակիցների, իրեն կամ իր մասնակիցներին հսկող անձանց, կառավարման մարմինների, աշխատողների կամ հաճախորդների միջև․
    • իր հաճախորդների միջև։
  2. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձինք իրենց ինտերնետային կայքում պետք է հրապարակեն սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ընթացակարգերը և դրանց վերաբերյալ քաղաքականությունը։
  3. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձինք պետք է առնվազն տարին մեկ անգամ վերանայեն շահերի բախման վերաբերյալ իրենց քաղաքականությունը և ընթացակարգերը և ձեռնարկեն բոլոր անհրաժեշտ միջոցները՝ թերությունները վերացնելու համար:
  4. Կենտրոնական բանկը կարող է սահմանել սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված քաղաքականության և ընթացակարգերի նկատմամբ մանրամասն պահանջները։

 

 

Հոդված 40․         Հաճախորդներից ստացված բողոք-պահանջների ընդունման, քննության և որոշումների կայացման ընթացակարգերի նկատմամբ պահանջները

  1. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձինք պետք է ունենան արդյունավետ և թափանցիկ ընթացակարգեր՝ հաճախորդների բողոք-պահանջների ընդունման, դրանց՝ արագ, արդար և հետևողական քննության և որոշումների կայացման համար:
  2. Հաճախորդների բողոք-պահանջները ներկայացումը, ընդունումը և քննումը պետք է լինի անվճար:
  3. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձինք հաճախորդների բողոք-պահանջները քննելիս պետք է լինեն արդար և որոշում կայացնեն ողջամիտ ժամկետում։
  4. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձինք սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված որոշումը կայացնելուց հետո անհապաղ պետք է տեղեկացնեն այդ մասին բողոք-պահանջը ներկայացրած հաճախորդին։
  5. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձինք ժամանակագրական կարգով գրանցում և առնվազն 7 տարի պահպանում են հաճախորդների կողմից ստացված բոլոր բողոք-պահանջները և դրանց ուղղությամբ ձեռնարկված միջոցառումները:
  6. Կենտրոնական բանկը կարող է սահմանել կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց հաճախորդների բողոք-պահանջների ընդունման, քննության և որոշումների կայացման ընթացակարգերի նկատմամբ մանրամասն պահանջներ։

Հոդված 41․          Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց հաշվետվությունները

  1. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձինք պարտավոր են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով, ձևով և ժամկետներում կազմել և Կենտրոնական բանկ ներկայացնել հաշվետվություններ:
  2. Կենտրոնական բանկն իրավունք ունի սահմանելու հաշվետվությունների առանձին ձևեր և ներկայացման առանձին կարգ՝ կախված անձի կողմից մատուցվող կրիպտոակտիվներով ծառայությունների տեսակից:
  3. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձինք պարտավոր են ֆինանսական տարվա ավարտից հետո` չորսամսյա ժամկետում, առնվազն իրենց ինտերնետային կայքում հրապարակել աուդիտորական եզրակացությունը, տարեկան ֆինանսական հաշվետվությունները, իսկ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը՝ իրենց եռամսյակային ֆինանսական հաշվետվությունները:
  4. Հրապարակման ենթակա հաշվետվությունները պետք է հասանելի լինեն կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի գտնվելու վայրում, նրա մասնաճյուղերում և ներկայացուցչություններում:

 

Հոդված 42․         Ֆինանսատնտեսական գործունեության տարեկան արտաքին աուդիտը

  1. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց ֆինանսատնտեսական գործունեությունը յուրաքանչյուր տարի պետք է ենթարկվի արտաքին աուդիտորական ստուգման՝ արտաքին աուդիտն իրականացնող անձի կողմից: Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով կարող է սահմանել կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց ֆինանսատնտեսական գործունեության արտաքին աուդիտն իրականացնող անձին ներկայացվող այն չափանիշները, որոնց համապատասխանելու դեպքում արտաքին աուդիտն իրականացնող անձը կարող է աուդիտորական ծառայություն մատուցել կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց:
  2. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի արտաքին աուդիտն իրականացնող անձի հետ կնքվող պայմանագրում, բացի աուդիտորական եզրակացություն կազմելու պարտավորության ամրագրումից, պետք է նախատեսվի նաև աուդիտորական հաշվետվության (նամակ կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի ղեկավարությանը) կազմում:
  3. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձն արտաքին աուդիտն իրականացնող անձի հետ կնքվող պայմանագրում պետք է նախատեսի նաև աուդիտն իրականացնող անձի կողմից եզրակացության ներկայացում՝
  • սույն օրենքով և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի տնտեսական նորմատիվների պահանջներին համապատասխանության մասին.
  • կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի ներքին աուդիտի գործունեության, ներքին հսկողության համակարգի՝ սույն օրենքով և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխանության մասին.
  • Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունների ամբողջականության ու արժանահավատության մասին:
  1. Արտաքին աուդիտն իրականացնող անձի եզրակացությունը և հաշվետվությունը կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի կողմից Կենտրոնական բանկ պետք է ներկայացվեն մինչև տվյալ ֆինանսական տարվան հաջորդող տարվա մայիսի 1-ը:
  2. Կենտրոնական բանկի պահանջով արտաքին աուդիտն իրականացնող անձը պարտավոր է Կենտրոնական բանկ ներկայացնել կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի աուդիտի վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերը, նույնիսկ եթե դրանք պարունակում են ծառայողական տեղեկություններ, առևտրային, բանկային կամ այլ գաղտնիք: Սույն մասով սահմանված պարտավորությունների չկատարման համար աուդիտն իրականացնող անձը կրում է օրենքով սահմանված պատասխանատվություն:
  3. Կենտրոնական բանկի և կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի համատեղ նորմատիվ իրավական ակտերով կարող են արտաքին աուդիտն իրականացնող անձի համար սահմանվել աուդիտին և աուդիտորական եզրակացության ձևին և բովանդակությանը վերաբերող առավել մանրամասն պահանջներ:
  4. Կենտրոնական բանկը կարող է պահանջել արտաքին աուդիտն իրականացնող անձից լրացուցիչ բացատրություններ և պարզաբանումներ իր եզրակացության և հաշվետվության վերաբերյալ:
  5. Եթե աուդիտորական եզրակացությունը և (կամ) հաշվետվությունը կազմվել են սույն օրենքով, այլ օրենքներով և իրավական ակտերով սահմանված պահանջների խախտմամբ, կամ աուդիտը չի իրականացվել օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով, ապա Կենտրոնական բանկը կարող է չընդունել այն և պահանջել կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի հաշվին այլ արտաքին աուդիտն իրականացնող անձի կողմից նոր աուդիտ:

Հոդված 43․         Գործառույթների պատվիրակումը

  1. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձն իր կողմից մատուցվող ծառայությունների, ինչպես նաև իր գործունեության բնականոն ընթացքն ապահովող այլ (օժանդակ) գործառույթների կատարումն ամբողջությամբ կամ մասամբ կարող է որոշակի ժամկետով կամ անժամկետ պատվիրակել այլ անձանց (այսուհետ՝ կոնտրագենտ):
  2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված գործառույթները (բացառությամբ՝ օժանդակ գործառույթների) կարող են պատվիրակվել միայն այն դեպքում, եթե պատվիրակման արդյունքում էականորեն կբարձրանա կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի ռեսուրսների օգտագործման արդյունավետությունը, կնվազի տվյալ գործառնության գծով ծախսատարությունը, ինչպես նաև կբարձրանա մատուցվող ծառայության որակը:
  3. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված այն գործառույթները (բացառությամբ՝ օժանդակ գործառույթների), որոնք կարող են իրականացվել բացառապես որոշակի լիցենզիայի կամ հատուկ այլ թույլտվության առկայության պարագայում, կարող են պատվիրակվել միայն համապատասխան լիցենզիա (թույլտվություն) ունեցող անձի:
  4. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված գործառույթների (բացառությամբ՝ օժանդակ գործառույթների) պատվիրակման համար կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը պետք է ստանա Կենտրոնական բանկի նախնական համաձայնությունը: Կենտրոնական բանկի նախնական համաձայնության տրամադրման կարգը, պայմանները և ժամկետները, ինչպես նաև համաձայնության մերժման հիմքերը սահմանվում են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով:
  5. Գործառույթների պատվիրակումը պետք է բավարարի հետևյալ պայմաններին.
  • կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը վերջնական պատասխանատվություն է կրում պատվիրակված գործառույթների պատշաճ կերպով և բարեխղճորեն իրականացման համար.
  • պատվիրակման դեպքում չպետք է ստեղծվի այնպիսի իրավիճակ, որի դեպքում կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը փաստացի չի իրականացնում կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցումը.
  • պատվիրակումը չի փոխում կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի և իր հաճախորդների միջև հարաբերությունների բնույթը, ինչպես նաև չի խոչընդոտում կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի կողմից իր հաճախորդների նկատմամբ պարտականությունների պատշաճ կատարումը.
  • կոնտրագենտն անհրաժեշտության դեպքում համագործակցում է Կենտրոնական բանկի հետ և չի խոչընդոտում վերջինիս կողմից վերահսկողական գործառությունների կատարումը, այդ թվում՝ իր մոտ ստուգումներ անցկացնելու միջոցով.
  • կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձն ունի ուղիղ հասանելիություն պատվիրակվող գործառույթների հետ կապված ամբողջ տեղեկատվությանը.
  • կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները պատվիրակված գործառույթների կատարման արդյունավետությունը գնահատելու և պատվիրակման արդյունքում առկա և հնարավոր ռիսկերը պատշաճ կառավարելու համար:
  1. Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով կարող է սահմանել սույն հոդվածի 5-րդ մասի 4-րդ կետով սահմանված պայմանից բացառություն որոշ գործառույթների պատվիրակման համար:
  2. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի կողմից գործառույթների պատվիրակումը պետք է իրականացվի պատվիրակման գրավոր պայմանագրի հիման վրա, որ պետք է առնվազն ներառի.
  • պատվիրակվող գործառույթների կոնկրետ շրջանակը.
  • կոնտրագենտի պատասխանատվությունը պատվիրակված գործառույթների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար.
  • կոնտրագենտին պատվիրակված գործառույթների իրականացման նկատմամբ կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի կողմից հսկողության կարգը և պայմանները.
  • պայմանագրի փոփոխման և լուծման կարգը:
  1. Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով կարող է սահմանել լրացուցիչ պահանջներ սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված պատվիրակման պայմանագրում ներառվող պայմանների նկատմամբ:
  2. Կենտրոնական բանկը կարող է որոշակի ժամկետով կամ անժամկետ սահմանափակել սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված գործառույթների պատվիրակումը, եթե պատվիրակումը վտանգում է կամ կարող է վտանգել կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի, կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի հաճախորդների շահերը կամ կարող է խոչընդոտել Կենտրոնական բանկի կողմից արդյունավետ վերահսկողության իրականացմանը:

 

 

 

 

ԳԼՈՒԽ 7

ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐՈՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ

Հոդված 44․         Հիմնական տնտեսական նորմատիվները  

  1. Կենտրոնական բանկը կարող է սահմանել կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանցհետևյալ հիմնական տնտեսական նորմատիվները.
  • ընդհանուր կապիտալի նվազագույն չափը (չափերը).
  • կապիտալի համարժեքության նորմատիվը (նորմատիվները).
  • իրացվելիության նորմատիվը (նորմատիվները).
  • մեկ փոխառուի, խոշոր փոխառուների գծով ռիսկի առավելագույն չափը (չափերը).
  • մեկ պարտատիրոջ, բոլոր պարտատերերի գծով ռիսկի առավելագույն չափը (չափերը).
  • արտարժույթի տնօրինման նորմատիվը (նորմատիվները)։
    1. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց գործունեության ռիսկայնությունը զսպելու կամ կրիպտոակտիվների շուկայի կայունությունն ապահովելու նպատակով Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով կարող են սահմանվել կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց գործունեության այլ տնտեսական նորմատիվներ, այդ թվում` ժամանակավոր գործողության: Ընդ որում, Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով նախատեսված դեպքերում առանձին տնտեսական նորմատիվներ կարող են չտարածվել նոր ստեղծված կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց  վրա` ստեղծման պահից մեկ տարվա ընթացքում, կամ նրանց համար կարող են սահմանվել այլ տնտեսական նորմատիվներ կամ դրանց նվազագույն չափեր:
    2. Հիմնական տնտեսական նորմատիվների սահմանաչափերը, հաշվարկման կարգը, հաշվարկում մասնակցող ու հաշվարկից նվազեցվող տարրերի կազմն ու հաշվարկում մասնակցող տարրերի սահմանաչափերը սահմանում է Կենտրոնական բանկը:
    3. Հիմնական տնտեսական նորմատիվները պարտադիր են և պետք է նույնը լինեն կրիպտոակտիվներով նույն տեսակի ծառայության համար։ Կրիպտոակտիվներով մեկից ավելի տեսակի ծառայությունների մատուցման դեպքում կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի նկատմամբ կիրառվում է դրանցից յուրաքանչյուրի համար սահմանված հիմնական տնտեսական նորմատիվի այն սահմանաչափը, որն առավել խիստ է:
    4. Կենտրոնական բանկն ակտիվին կցված թոքենի թողարկման ծառայություն մատուցող անձից կարող է պահանջել Կենտրոնական բանկի կողմից սահմանված կարգով իրականացնել բոլոր էական ռիսկերի (վարկային, իրացվելիության, գործառնական, շուկայական, երկրի և այլ ռիսկերի) գծով սթրես-թեստավորում՝ ակտիվին կցված թոքենի թողարկման ծառայություն իրականացնող անձի գործունեության կամ  նրա կողմից թողարկված թոքենների կամ դրանց պահուստային ակտիվների առանձին պորտֆելի վրա տվյալ ռիսկերի փոփոխությունների ազդեցությունը գնահատելու համար։ Սթրես-թեսթավորման արդյունքների հիման վրա Կենտրոնական բանկն ակտիվին կցված թոքենի թողարկման ծառայություն մատուցող անձի նկատմամբ կարող է սահմանել ընդհանուր կապիտալի ավելի բարձր՝ սահմանված նվազագույն չափից մինչև 30 տոկոս ավել սահմանաչափ, այդ թվում՝ ժամանակավոր գործողության։ Սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված սթրես-թեսթավորում իրականացնելու  Կենտրոնական բանկի պահանջը կարող է առաջանալ այն դեպքերում, երբ Կենտրոնական բանկի գնահատականով ռիսկերը կանխատեսվածից բարձ են՝ կապված
  • ներքին հսկողության համակարգի գնահատման հետ․
  • պահուստային ակտիվների որակի և անկայունության հետ․
  • ակտիվին կցված թոքենների ձեռքբերողների մարման իրավունքի հետ․
  • պահուստային ակտիվների ներդրումային քաղաքականության հետ․
  • այն շուկաների հետ, որտեղ շրջանառվում են ակտիվին կցված թոքենները․
  • Կենտրոնական բանկի կողմից սահմանված այլ գործոնների հետ։

Հոդված 45․         Ընդհանուր կապիտալի նվազագույն չափը

  1. Կենտրոնական բանկը կարող է վերանայել կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի ընդհանուր կապիտալի նվազագույն չափերը, բայց ոչ հաճախ, քան տարին մեկ անգամ:
  2. Կենտրոնական բանկը կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի ընդհանուր կապիտալի նվազագույն չափերը վերանայելիս սահմանում է նաև այն ժամկետը, որի ընթացքում կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը պարտավոր է լրացնել ընդհանուր կապիտալի նվազագույն վերանայված չափերը, ընդ որում` տվյալ ժամկետը չի կարող մեկ տարուց պակաս լինել:
  3. Կենտրոնական բանկը կարող է սահմանել նոր ստեղծվող կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի ընդհանուր կապիտալի այլ նվազագույն չափ` որոշակի գումարի ձևով: Կենտրոնական բանկը կարող է վերանայել նոր ստեղծվող կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի ընդհանուր կապիտալի նվազագույն չափը, բայց ոչ հաճախ, քան տարին մեկ անգամ: Կենտրոնական բանկի կողմից նոր ստեղծվող կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի համար սահմանվող ընդհանուր կապիտալի նվազագույն չափի նորմատիվն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

 

Հոդված 46․         Տնտեսական նորմատիվների իրավական ուժի մեջ մտնելը

  1. Կենտրոնական բանկի կողմից հիմնական տնտեսական նորմատիվների ռեժիմը խստացնելու դեպքում հիմնական տնտեսական նորմատիվներն ուժի մեջ են մտնում ընդունման պահից վեց ամիս հետո, եթե օրենքն այլ բան չի սահմանում:
  2. Կենտրոնական բանկի կողմից հիմնական տնտեսական նորմատիվների ռեժիմը մեղմացնելու դեպքում այդ նորմատիվներն ուժի մեջ են մտնում Կենտրոնական բանկի կողմից սահմանված պահից:

ԳԼՈՒԽ 8

ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐՈՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԱՆՑ

ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԼՈՒԾԱՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 47․         Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի վերակազմակերպումը

  1. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը կարող է վերակազմակերպվել բացառապես մեկ այլ կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի հետ միացման կամ վերակազմավորման միջոցով:
  2. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի վերակազմակերպումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, սույն օրենքով և այլ օրենքներով սահմանված կարգով:
  3. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը կարող է միանալ միայն մեկ այլ կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի:

Հոդված 48․        Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի միացման կարգը

  1. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի կամ մի քանի կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց՝ մեկ այլ կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի միանալու դեպքում միացող կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձինք կնքում են միացման պայմանագիր՝ ստանալով Կենտրոնական բանկի նախնական համաձայնությունը:
  2. Միացման պայմանագրի կնքման համաձայնություն ստանալու համար կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը (անձինք) Կենտրոնական բանկի սահմանած կարգով, ձևով և ժամկետներում Կենտրոնական բանկ է ներկայացնում՝
    • միացմանը նախնական համաձայնություն ստանալու մասին դիմում.
    • վերակազմակերպվող կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց կառավարման համապատասխան մարմինների որոշումը միացման մասին.
    • գործարքի էական պայմանները.
    • միացման արդյունքում պահպանվող ընկերության առաջիկա երեք տարիների գործարար ծրագիրը.
    • տեղեկություններ այն անձանց մասին, որոնք պահպանվող ընկերությունում ձեռք են բերելու նշանակալից մասնակցություն: Ընդ որում, միացմանը նախնական համաձայնություն ստանալու մասին դիմումի հետ մեկտեղ պահպանվող ընկերությունը պետք է սույն օրենքով և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով ներկայացնի նաև իր կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու նախնական համաձայնություն ստանալու մասին նշանակալից մասնակցություն ձեռք բերող անձի և նրա հետ փոխկապակցված անձի դիմումը և այլ պահանջվող փաստաթղթեր.
    • Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ տեղեկություններ:
  3. Կենտրոնական բանկի խորհուրդը սույն հոդվածի 2-րդ մասում նշված անհրաժեշտ փաստաթղթերը և տեղեկություններն ստանալու պահից մեկամսյա ժամկետում կայացնում է սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված համաձայնություն տալու կամ չտալու մասին որոշում:
  4. Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է համաձայնություն չտալ միացման պայմանագրի կնքմանը, եթե՝
    • կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի (անձանց) միացումը կամ ներկայացված փաստաթղթերը հակասում են օրենքներին կամ այլ իրավական ակտերին.
    • պահանջվող փաստաթղթերը չեն ներկայացվել պատշաճ կարգով, ներկայացված փաստաթղթերը կամ տեղեկությունները թերի են, ոչ արժանահավատ կամ կեղծ.
    • Կենտրոնական բանկի հիմնավոր կարծիքով միացման արդյունքում պահպանվող կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի ֆինանսական վիճակն էականորեն կվտանգվի, կամ նրա կողմից կխախտվեն սույն օրենքով կամ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջները.
    • Կենտրոնական բանկի հիմնավոր կարծիքով միացման արդյունքում կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը կամ կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող տվյալ անձի կազմում նշանակալից մասնակցություն ունեցող անձը կամ նրա հետ փոխկապակցված անձը կրիպտոակտիվների շուկայում ձեռք կբերի գերիշխող կամ մենաշնորհային դիրք.
    • Կենտրոնական բանկի հիմնավոր կարծիքով միացման արդյունքում կողմերից որևէ մեկի հաճախորդների շահերը կվտանգվեն:
  5. Միացման վերաբերյալ Կենտրոնական բանկի նախնական համաձայնությունը ստանալու պահից մեկամսյա ժամկետում պահպանվող կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը Կենտրոնական բանկ է ներկայացնում լիցենզիայի վերաձևակերպման հայտ:

Հոդված 49․         Միացման մասին ծանուցումը

Պահպանվող կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի լիցենզիայի՝ Կենտրոնական բանկի կողմից վերաձևակերպմանը հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում պահպանվող կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը պարտավոր է Կենտրոնական բանկի սահմանած կարգով այդ մասին հայտարարություն հրապարակել իր ինտերնետային կայքում:

 

 

Հոդված 50․         Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի լուծարումը մասնակիցների ընդհանուր ժողովի որոշմամբ (ինքնալուծարում)

  1. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի մասնակիցների ընդհանուր ժողովն իրավունք ունի որոշում կայացնելու կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի լուծարման մասին, եթե կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը կատարել է կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցման պայմանագրերից բխող բոլոր պարտավորությունները, և կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը ունի բավարար միջոցներ բոլոր այլ պարտատերերի պահանջները բավարարելու համար:
  2. Ընդհանուր ժողովի որոշմամբ կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի լուծարման դեպքում ընդհանուր ժողովի կողմից ընդունվում է որոշում՝ նախնական համաձայնություն ստանալու համար Կենտրոնական բանկին դիմելու մասին: Այդ որոշման հիման վրա կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը Կենտրոնական բանկ է ներկայացնում լուծարման նախնական համաձայնություն ստանալու դիմում՝ դրան կցելով լուծարումը հիմնավորող փաստաթղթեր և տեղեկություններ, որոնց ցանկը սահմանվում է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով:
  3. Կենտրոնական բանկի խորհուրդը 90-օրյա ժամկետում քննարկում է կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի լուծարման նախնական համաձայնություն ստանալու դիմումը և որոշում է ընդունում դիմումը բավարարելու կամ մերժելու մասին:
  4. Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է մերժել կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի լուծարման նախնական համաձայնություն ստանալու դիմումը, եթե Կենտրոնական բանկի խորհրդի հիմնավոր կարծիքով լուծարումը կարող է վտանգել կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի հաճախորդների իրավունքները և օրինական շահերը, կամ կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը չի կարողանա պատշաճ կերպով կատարել իր պարտավորությունները:
  5. Կենտրոնական բանկի խորհրդի կողմից կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձին լուծարման նախնական համաձայնություն տալու դեպքում կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը միջոցներ է ձեռնարկում իր հաճախորդների հետ կնքված կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցման պայմանագրերից բխող իր բոլոր պարտավորությունները պատշաճ կերպով կատարելու ուղղությամբ:
  6. Հաճախորդների հետ կնքված կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցման պայմանագրերից բխող իր բոլոր պարտավորությունները պատշաճ կերպով կատարելուց հետո միայն ընդհանուր ժողովը կարող է լուծարման մասին որոշում ընդունել:
  7. Լուծարման մասին որոշման ընդունումից հետո կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը եռօրյա ժամկետում Կենտրոնական բանկ է ներկայացնում լուծարման թույլտվություն ստանալու դիմում՝ դրան կցելով լուծարումը հիմնավորող փաստաթղթեր և տեղեկություններ, որոնց ցանկը սահմանվում է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով:
  8. Կենտրոնական բանկի խորհուրդը 30-օրյա ժամկետում քննում է կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի լուծարման թույլտվություն ստանալու դիմումը և որոշում է կայացնում դիմումը բավարարելու կամ մերժելու մասին:
  9. Կենտրոնական բանկի խորհուրդն իրավունք ունի մերժելու լուծարման թույլտվություն ստանալու դիմումը, եթե առկա են կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցումից բխող պարտավորություններ, կամ կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձն ի վիճակի չի լինի բավարարել իր այլ պարտատերերի պահանջները:
  10. Կենտրոնական բանկի խորհուրդը լուծարման թույլտվություն տալու դեպքում ընդունում է նաև կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցման լիցենզիան ամբողջությամբ ուժը կորցրած ճանաչելու մասին որոշում:

 

ԳԼՈՒԽ 9

ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐՈՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

Հոդված 51․          Կրիպտոակտիվների առևտրային հարթակի նկատմամբ պահանջները

  1. Հարթակի օպերատորը պետք է սահմանի, կիրառի և հրապարակի գործունեության կանոններ, որոնք պետք է առնվազն ներառեն․
  • կրիպտոակտիվների՝ առևտրային հարթակում առևտրին թույլտվության (սույն հոդվածում նաև՝ առևտրային հարթակ), թույլտվության կասեցման և դադարեցման կարգն ու պայմանները․
  • կրիպտոակտիվի տեսակները, որոնք կարող են թույլատրվել կրիպտոակտիվների առևտրային հարթակում առևտրին ․
  • կրիպտոակտիվների՝ առևտրային հարթակում առևտրին թույլտվությունը պահպանելու պայմանները, ներառյալ՝ իրացվելիության նվազագույն չափանիշները և տեղեկությունների պարբերական բացահայտման պահանջները․
  • հաճախորդների՝ առևտրային հարթակում առևտրին մասնակցելու թույլտվության տրամադրման, թույլտվության կասեցման և դադարեցման, ինչպես նաև կրիպտոակտիվների առևտրային հարթակում գործարքներ կնքելու կարգն ու պայմանները,
  • սակագները, ներառյալ՝ առևտրային հարթակում հաճախորդների մասնակցելու թույլտվության տրամդրման, ինչպես նաև կրիպտոակտիվների՝ առևտրային հարթակում առևտրին թույլտվության տրամադրման և թույլտվության պահպանման համար.
  • առևտրային հարթակում կնքված գործարքների վերջնահաշվարկի ապահովման կարգն ու պայմանները:
  1. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված գործունեության կանոնները պետք է լինեն ոչ խտրական, այդ թվում՝ նույն տեսակի հաճախորդների համար պետք է սահմանեն նույն պահանջները։
  2. Նախքան կրիպտոակտիվների՝ առևտրային հարթակում առևտրին թույլտվությունը հարթակի օպերատորը պետք է հավաստիանա, որ կրիպտոակտիվները համապատասխանում են առևտրային հարթակի գործունեության կանոններին: Կրիպտոակտիվների՝ առևտրային հարթակի կանոններին համապատասխանությունը գնահատելիս հարթակի օպերատորը պետք է հավաստիանա նաև, որ օգտագործվող տեխնիկական համակարգերը հուսալի են և ապօրինի կամ խարդախ գործողությունների իրականացման հնարավորությունը հնարավորինս բացառված է՝ հաշվի առնելով նաև կրիպտոակտիվների թողարկողի փորձը, գործունեության պատմությունը և համբավը։
  3. Կրիպտոակտիվների առևտրային հարթակի կանոնները պետք է արգելեն այնպիսի կրիպտոակտիվների՝ առևտրային հարթակում առևտրին թույլտվությունը, որոնք իրենց բնույթով ապահովում են գործարքի կողմի անանունությունը, բացառությամբ եթե հարթակի օպերատորը կարող է բացահայտել այդ կրիպտոակտիվները ձեռքբերողներին և նրանց կրգործարքների պատմությունը:
  4. Հարթակի օպերատորին արգելվում էիր հարթակում առևտրին թույլատրված կրիպտոակտիվներով իր հաշվին առուվաճառք իրականացնել, այդ թվում՝ սույն օրենքով սահմանված կարգով իր հաշվին կրիպտոակտիվների առուվաճառքի ծառայություն մատուցելու թույլտվություն ունենալու դեպքում։
  5. Հարթակի օպերատորը պետք է ունենա արդյունավետ համակարգեր և ընթացակարգեր, որոնք ապահովում են, որ իր առևտրային համակարգը․
  • լինի տեխնիկապես կայուն․
  • ունենա անհրաժեշտ կարողություններ՝ բավարարելու  հաճախորդների պատվերների և հաղորդագրությունների խոշոր ծավալները.

արտակարգ դեպքերում ապահովի կրիպտոակտիվների առևտրային հարթակի բնականոն գործունեությունը, ընդ որում՝ արտակարգ դեպքն այն իրավիճակն է, երբ տեղի է ունենում կրիպտոակտիվների շուկայի ծավալուն ցնցում, ճգնաժամ, կամ ի հայտ է գալիս դրա ակնհայտ սպառնալիք, որոնք արտահայտվում են`

ա․ կրիպտոակտիվների սովորական գների համատարած և շուկայի կանոնավոր գործունեությունը վտանգող կտրուկ և նշանակալից տատանումներով կամ դրանց ակնհայտ սպառնալիքով, կամ

բ․ կրիպտոակտիվներով իրականացվող գործարքների անվտանգ գործողության նշանակալից խափանմամբ կամ դրա ակնհայտ սպառնալիքով:

 

  • մերժի այն պատվերները, որոնք գերազանցում են հարթակի օպերատորի կողմից նախապես որոշված ծավալային և գնային շեմերը կամ ակնհայտորեն սխալ են.
  • ունենա գործունեության անընդհատության կանոններ՝ առևտրային համակարգի ձախողումների դեպքում ծառայությունների մատուցման շարունակականությունն ապահովելու համար․
  • կանխարգելի կամ հայտնաբերի շուկայի չարաշահումները:
  1. Հարթակի օպերատորը պարտավոր է Կենտրոնական բանկի կողմից սահմանված կարգով տեղեկացնել Կենտրոնական բանկին իր առևտրային հարթակում իրականացված շուկայի չարաշահումների կամ շուկայի չարաշահումների վերաբերյալ իր ունեցած ցանկացած հիմնավոր կասկածի մասին։
  2. Հարթակի օպերատորը պարտավոր է առևտրի ողջ ընթացքում բացահայտել իր առևտրային հարթակում գնանշվող կրիպտոակտիվների առքի և վաճառքի գները, ներառյալ՝ տվյալ գնանշումներին համապատասխանող առքի և վաճառքի պատվերների քանակն ու ընդհանուր ծավալը:
  3. Հարթակի օպերատորը պարտավոր է բացահայտել իր առևտրային հարթակում կրիպտոակտիվներով կնքված գործարքների գինը, ծավալը և ժամը իրական ժամանակին հնարավորինս մոտ ռեժիմում:
  4. Սույն հոդվածի 8-րդ և 9-րդ մասերով սահմանված տեղեկությունները բացահայտվում են հանրությանը ոչ խտրական ձևով, ընդ որում՝ տեղեկությունների բացահայտման համար կարող է գանձվել խելամիտ վճար: Եթե սույն հոդվածի 8-րդ և 9-րդ մասերի համաձայն տեղեկությունների բացահայտման պահից անցել է 15 րոպե, ապա այդ տեղեկությունների բացահայտման համար վճար չի կարող գանձվել, ներառյալ՝ ավտոմատացված համակարգի կողմից մշակման ենթակա ձևով հրապարակման դեպքում։ Հարթակի օպերատորը պետք է ապահովի սույն հոդվածի 8-րդ և 9-րդ մասերով սահմանված տեղեկությունների հասանելիությունն իր ինտերնետային կայքում առնվազն երկու տարի:
  5. Հարթակի օպերատորը պարտավոր է ապահովել ապակենտրոնացված գրանցամատյանում գործարքի վերջնահաշվարկը գործարքի կնքումից 24 ժամվա ընթացքում, իսկ ապակենտրոնացված գրանցամատյանից դուրս վերջնահաշվարկի դեպքում՝ մինչև գործարքի կնքման օրվա ավարտը:
  6. Հարթակի օպերատորը պարտավոր է ապահովել, որ իր առևտրային հարթակի կողմից մատուցվող ծառայությունների սակագները լինեն թափանցիկ, արդար և ոչ խտրական, և չստեղծեն խթաններ այնպիսի պատվերներ մուտքագրելու, փոփոխելու, չեղարկելու կամ այնպիսի գործարքներ կնքելու համար, որոնց նպատակն է խափանել կրիպտոակտիվների առևտրի բնականոն ընթացքը կամ իրականացնել շուկայի չարաշահումներ:
  7. Հարթակի օպերատորը պարտավոր է առնվազն 7 տարի պահպանել իր առևտրային հարթակում գնանշվող կրիպտոակտիվների առքի ու վաճառքի պատվերների վերաբերյալ տեղեկությունները։ Պատվերների վերաբերյալ տեղեկությունները մշտապես պետք է հասանելի լինեն Կենտրոնական բանկին և հնարավորություն ընձեռեն վերծանել յուրաքանչյուր պատվերի մանրամասները՝ առևտրային հարթակի գործունեության նկատմամբ պատշաճ վերահսկողություն իրականացնելու համար։ Պատվերների վերաբերյալ սույն մասով նախատեսված տեղեկությունները պետք է պարունակեն տեղեկություններ նաև պատվերի հիման վրա իրականցված գործարքների մասին։ Սույն մասով սահմանված պատվերների վերաբերյալ տեղեկությունների բովանդակության և ձևի նկատմամբ մանրամասն պահանջները սահմանվում են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով։
  8. Սույն հոդվածի 1-ին, 8-րդ և 9-րդ մասերով սահմանված տեղեկությունների հրապարակման կարգի, այդ թվում՝ հրապարակվող տեղեկությունների բովանդակության և ձևի նկատմամբ պահանջները, ինչպես նաև 6-րդ մասով նախատեսված համակարգերի և ընթացակարգերի վերաբերյալ մանրամասն պահանջները կարող են սահմանվել Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով։

Հոդված 52․         Կրիպտոակտիվների պահառության նկատմամբ պահանջները

  1. Կրիպտոակտիվների պահառուն կրիպտոակտիվների պահառությունն իրականացնում է հաճախորդների համար առանձին կրիպտոակտիվների հաշիվներ բացելու և վարելու միջոցով:
  2. Կրիպտոակտիվների հաշիվը կրիպտոակտիվների պահառուի կողմից վարվող էլեկտրոնային գրառումների ամբողջություն է հաշվետիրոջ, հաշվետիրոջ հաշվում հաշվառվող կրիպտոակտիվների, այդ կրիպտոակտիվների նկատմամբ իրավունքների և այդ իրավունքների սահմանափակումների, կրիպտոակտիվների հաշվառման ընդունման և գրառումների կատարման ժամկետների և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ տեղեկությունների վերաբերյալ:
  3. Կրիպտոակտիվների պահառուն պարտավոր է ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ հաճախորդների հանձնարարականների հիման վրա փոխանցումները կրիպտոակտիվների հաշիվներում հնարավորինս արագ գրանցելու համար: Կրիպտոակտիվների հաշիվներում պետք է գրանցվեն նաև հաճախորդներին պատկանող կրիպտոակտիվների կամ դրանց հետ կապված իրավունքների ցանկացած փոփոխության հիմքերը: Կրիպտոակտիվների պահառուն պարտավոր է անմիջապես գրանցել սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված իրավունքների փոփոխությունները և նոր ծագած իրավունքները հաճախորդի կրիպտոակտիվների հաշվում։
  4. Կրիպտոակտիվների պահառուն պարտավոր է իրեն և իր հաճախորդներին պատկանող կրիպտոակտիվները պահել ապակենտրոնացված գրանցամատյանում բացված տարբեր հաշիվներում (հասցեներում) կամ այլ կրիպտոակտիվների պահառուի մոտ բացված տարբեր հաշիվներում։ Կրիպտոակտիվների պահառուն պարտավոր է երաշխավորել հաճախորդի սեփականության իրավունքն իր կողմից բացված և վարվող կրիպտոակտիվների հաշիվներում պահվող հաճախորդին պատկանող կրիպտոակտիվների նկատմամբ:
  5. Կրիպտոակտիվների պահառուն պետք է ունենա կրիպտոակտիվների պահառության իրականացման ընթացակարգեր, որոնք ուղղված են խաբեության, կիբերհարձակումների, անփութության կամ իր ներքին հաշավառման կամ տեղեկատվական և տեխնոլոգիական համակարգերի հետ կապված խնդիրների հետևանքով հաճախորդներին պատկանող կրիպտոակտիվների կամ դրանց հասանելիություն ապահովող միջոցների կամ դրանց նկատմամբ իրավունքների կորստի ռիսկի նվազեցմանը:
  6. Սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված ընթացակարգերի համառոտ տարբերակը պետք է էլեկտրոնային ձևով տրամադրվի հաճախորդին՝ վերջինիս պահանջով:
  7. Կրիպտոակտիվների պահառուն հնարավորության դեպքում պետք է ապահովի հաճախորդների կողմից իրենց պատկանող կրիպտոակտիվներով ամրագրված իրավունքների իրացումը: Եթե որևէ իրադարձության, այդ թվում՝ կրիպտոակտիվների հիմքում ընկած ԱԳՏ-ի փոփոխությունների արդյունքում հաճախորդներին պատկանող կրիպտոակտիվներից բխող կամ դրանցով ամրագրված իրավունքները փոփոխվում են, կամ ծագում են նոր իրավունքներ կամ ստեղծվում են նոր կրիպտոակտիվներ, ապա այդ նոր իրավունքները կամ կրիպտոակտիվները պատկանում են հաճախորդներին, եթե այլ բան սահմանված չէ կրիպտոակտիվների պահառության պայմանագրով:
  8. Կրիպտոակտիվների պահառուն պարտավոր է ցանկացած պահին հաճախորդի պահանջով, սակայն ոչ պակաս, քան եռամսյակը մեկ անգամ, էլեկտրոնային ձևով հաճախորդին տրամադրել հաշվետվություն հաճախորդին պատկանող կրիպտոակտիվների հաշիվների, ժամանակահատվածի սկզբում և վերջում հաշիվներում առկա կրիպտոակտիվների մնացորդների, կրիպտոակտիվներով կատարված փոխանցումների կամ գործարքների մասին, ինչպես նաև պահառության հետ կապված այլ հանգամանքների վերաբերյալ:
  9. Կրիպտոակտիվների պահառուն պարտավոր է հնարավորինս արագ հաճախորդին տրամադրել ցանկացած տեղեկություն՝ կապված հաճախորդին պատկանող կրիպտոակտիվներով այն գործառնությունների հետ, որոնք պահանջում են հաճախորդի կողմից որևէ գործողություն (հավանություն կամ պատասխան):
  10. Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով կարող է սահմանել սույն հոդվածի 8-րդ մասով սահմանված հաշվետվության ձևի և բովանդակության նկատմամբ մանրամասն պահանջներ:
  11. Կրիպտոակտիվների պահառուն պարտավոր է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները հաճախորդներին պատկանող կրիպտոակտիվները կամ դրանց հասանելիություն ապահովող միջոցները հաճախորդի պահանջով կամ սույն օրենքով և դրա հիման վրա ընդունված իրավական ակտերով նախատեսված դեպքերում հաճախորդներին հնարավորինս արագ վերադարձնելու նպատակով:
  12. Կրիպտոակտիվների պահառուն հաճախորդներին պատկանող կրիպտոակտիվների կամ դրանց հասանելիություն ապահովող միջոցների՝ իր հետ կապված գործոններով պայմանավորված (այդ թվում՝ տեղեկատվական անվտանգության կամ ներքին հսկողության համակարգերի խափանմամբ) կորստի դեպքում պարտավորություն է կրում հաճախորդների առաջ՝ կրիպտոակտիվների կամ դրանց հասանելիություն ապահովող միջոցների կորստի պահին կրիպտոակտիվների շուկայական արժեքի չափով: Սույն մասի իմաստով կրիպտոակտիվների պահառուի հետ կապված գործոններ չեն համարվում այն գործոնները, որոնք անկախ են կրիպտոակտիվների պահառության ծառայության մատուցումից, և կրիպտոակտիվների պահառուն չունի որևէ վերահսկողություն դրանց նկատմամբ, այդ թվում՝ կրիպտոակտիվների հիմքում ընկած ԱԳՏ-ի կամ թողարկողի հետ կապված գործոնները:
  13. Եթե կրիպտոակտիվների պահառուն հաճախորդներին պատկանող կրիպտոակտիվները պահելու համար օգտվում է այլ կրիպտոակտիվների պահառուի ծառայություններից, ապա կրիպտոակտիվների պահառուն պարտավոր է այդ մասին նախապես տեղեկացնել իր հաճախորդներին:
  14. Կենտրոնական բանկն իրավունք ունի իր նորմատիվ իրավական ակտերով կրիպտոակտիվների պահառուների համար սահմանել կրիպտոակտիվների հաշիվների բացման և վարման, կրիպտոակտիվներին հասանելիություն տվող միջոցների պահպանման լրացուցիչ պահանջներ:

 

Հոդված 53․         Իր հաշվին կրիպտոակտիվների առուվաճառքի իրականացման նկատմամբ պահանջները

  1. Իր հաշվին կրիպտոակտիվների առուվաճառք իրականացնող անձը պարտավոր է սահմանել հաճախորդների վերաբերյալ ոչ խտրական չափանիշներ, ինչպես  նաև հաճախորդների հետ գործարքների կնքման ոչ խտրական կարգը և պայմանները։
  2. Իր հաշվին կրիպտոակտիվների առուվաճառք իրականացնող անձը պարտավոր է կրիպտոակտիվների առուվաճառք իրականացնելու դեպքում հրապարակել կրիպտոակտիվների գները և կրիպտոակտիվն այլ կրիպտոակտիվով փոխանակման դեպքում՝ այլ կրիպտոակտիվների փոխանակման դրույքները կամ կրիպտոակտիվների գների և փոխանակման դրույքների որոշման մեթոդաբանությունը, ինչպես նաև կրիպտոակտիվների առուվաճառքի կամ փոխանակման առավելագույն ծավալները, բացառությամբ, եթե տվյալ անձը կրիպտոակտիվների առևտրային հարթակում որևէ կրիպտոակտիվի շուկա ստեղծող է (ապահովում է որևէ կրիպտոակտիվի իրացվելիությունը):
  3. Իր հաշվին կրիպտոակտիվների առուվաճառք իրականացնող անձը պարտավոր է հաճախորդի հանձնարարականը կատարել այն գնով կամ փոխանակման դրույքով, որոնք հրապարակված են եղել իր հաշվին կրիպտոակտիվների առուվաճառք իրականացնող անձի կողմից հաճախորդի հանձնարարականի հաստատման պահին: Իր հաշվին կրիպտոակտիվների առուվաճառք իրականացնող անձը պարտավոր է հաճախորդին տեղեկացնել այն պայմանների մասին, որոնց դեպքում հաճախորդի հանձնարարականը համարվում է հաստատված:

 

Հոդված 54․         Հաճախորդի հաշվին կրիպտոակտիվների առուվաճառքի իրականացման նկատմամբ պահանջները

  1. Հաճախորդի հաշվին կրիպտոակտիվների առուվաճառք իրականացնող անձը պարտավոր է հաճախորդի հանձնարարականները կատարել հաճախորդի համար հնարավոր լավագույն պայմաններով՝ հաշվի առնելով գործարքի ծավալը, գինը (փոխանակման դրույքը), կատարման ծախսերը, ժամկետը, գործարքի վերջնահաշվարկի իրականացման հնարավորությունը, կրիպտոակտիվների պահառության պայմանները և հանձնարարականի այլ էական պայմաններից բխող առանձնահատկությունները, որոնք կարող են սահմանվել Կենտրոնական բանկի կողմից:
  2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված պահանջը չի կիրառվում, երբ գործարքը կատարվում է հաճախորդի կողմից նշված պայմաններով:
  3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված պահանջը բավարարելու համար հաճախորդի հաշվին կրիպտոակտիվների առուվաճառք իրականացնող անձը պետք է ունենա հանձնարարականների կատարման ընթացակարգեր, որոնք պետք է նախատեսեն հաճախորդների հանձնարարականների հնարավորինս արագ և արդար կատարման պահանջ և արգելեն  կրիպտոակտիվների առուվաճառք իրականացնող անձի աշխատակիցների կողմից հաճախորդի վերաբերյալ տեղեկության օգտագործումը հաճախորդի հանձնարարականը կատարելու հետ չկապված այլ նպատակներով:
  4. Հաճախորդի հաշվին կրիպտոակտիվների առուվաճառք իրականացնող անձը պետք է հաճախորդներին տեղեկություն տրամադրի սույն հոդվածով սահմանված հանձնարարականների կատարման ընթացակարգերի և դրանում կատարված էական փոփոխությունների և լրացումների վերաբերյալ, որոնք պետք է հասկանալի և մանրամասն ձևով սահմանեն հանձնարարականների կատարման ընթացքը և պայմանները: Հաճախորդի հաշվին կրիպտոակտիվների առուվաճառք իրականացնող անձը պարտավոր է ստանալ հաճախորդի համաձայնությունը  հանձնարարականների կատարման ընթացակարգերի վերաբերյալ:
  5. Հաճախորդի հաշվին կրիպտոակտիվների առուվաճառք իրականացնող անձը հաճախորդի կամ Կենտրոնական բանկի պահանջով պարտավոր է ներկայացնել հիմնավորումներ առ այն, որ հաճախորդի հանձնարարականները կատարվել են հանձնարարականների կատարման ընթացակարգերին համապատասխան։
  6. Եթե հանձնարարականների կատարման ընթացակարգերով նախատեսվում է կրիպտոակտիվների առևտրային հարթակից դուրս գործարքների կատարման հնարավորություն, ապա հաճախորդի հաշվին կրիպտոակտիվների առուվաճառք իրականացնող անձը պարտավոր է այդ հնարավորության մասին տեղեկացնել հաճախորդին և մինչև հաճախորդի հանձնարարականը կրիպտոակտիվների առևտրային հարթակից դուրս կատարելը պարտավոր է ստանալ հաճախորդի գրավոր համաձայնությունը։
  7. Հաճախորդի հաշվին կրիպտոակտիվների առուվաճառք իրականացնող անձը Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով և պարբերականությամբ պարտավոր է գնահատել հանձնարարականների կատարման ընթացակարգերի արդյունավետությունը և անհրաժեշտության դեպքում կատարել համապատասխան փոփոխություններ: 

Հոդված 55․         Կրիպտոակտիվներով գործարքների կատարման հանձնարարականների ընդունման և հաղորդման նկատմամբ պահանջները

  1. Կրիպտոակտիվներով գործարքների կատարման հանձնարարականների ընդունման և հաղորդման ծառայություն մատուցող անձը պարտավոր է ունենալ այնպիսի ներքին գործընթացներ և ընթացակարգեր, որոնք ապահովում են հաճախորդների հանձնարարականների արագ և ճշգրիտ հաղորդումը կրիպտոակտիվների առևտրային հարթակին կամ կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող այլ անձանց։
  2. Կրիպտոակտիվներով գործարքների կատարման հանձնարարականների ընդունման և հաղորդման ծառայություն մատուցող անձանց արգելվում է ստանալ դրամական կամ ոչ դրամական օգուտ կամ վարձատրություն որևէ կրիպտոակտիվների առևտրային հարթակի կամ կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի կողմից՝ վերջիններիս հաճախորդների հանձնարարականները հաղորդելու դիմաց:
  3. Կրիպտոակտիվներով գործարքների կատարման հանձնարարականների ընդունման և հաղորդման ծառայություն մատուցող անձանց և դրանց աշխատակիցներին արգելվում է օգտագործել հաճախորդների հանձնարարականների հետ կապված տեղեկությունը հաճախորդների հանձնարարականների հետ չկապված այլ նպատակներով:

 

Հոդված 56․         Կրիպտոակտիվների տեղաբաշխման նկատմամբ պահանջները

  1. Տեղաբաշխողը մինչև ծառայությունների մատուցման պայմանագիր կնքելը պարտավոր է կրիպտոակտիվների թողարկողին, առևտրային հարթակում առևտրին թույլտվություն հայցող անձին տրամադրել հետևյալ տեղեկությունը.
  • կրիպտոակտիվների տեղաբաշխման տեսակը, այդ թվում՝ երաշխավորված տեղաբաշխման դեպքում տեղաբաշխման երաշխավորված ծավալի նվազագույն մեծությունը.
  • տեղաբաշխման ծառայության սակագները.
  • կրիպտոակտիվների տեղաբաշխման հնարավոր գինը (փոխանակման դեպքում՝ այլ կրիպտոակտիվներով փոխանակման դրույքը), առանձնահատուկ պայմանները (առկայության դեպքում) և ժամկետը:
  1. Տեղաբաշխողը մինչև կրիպտոակտիվների տեղաբաշխումը պարտավոր է ստանալ կրիպտոակտիվների թողարկողի կամ 4-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված անձի համաձայնությունը սույն հոդվածի 1-ին մասով սահմանված տեղեկության վերաբերյալ:
  2. Տեղաբաշխողը պարտավոր է ընդունել և կիրառել արդյունավետ ընթացակարգեր՝ հնարավոր շահերի բախումները հայտնաբերելու, կանխելու (դրա անհնարինության դեպքում նվազեցնելու) և բացահայտելու համար հետևյալ դեպքերում.
  • տեղաբաշխողը կրիպտոակտիվները տեղաբաշխում է իր այլ հաճախորդների միջև.
  • տեղաբաշխման առաջարկվող գինը (փոխանակման դրույքը) գերագնահատվել կամ թերագնահատվել է.
  • տեղաբաշխողը կրիպտոակտիվների թողարկողից ստացել է դրամական կամ ոչ դրամական օգուտներ (բացի ծառայության դիմաց վճարից):

Հոդված 57․         Կրիպտոակտիվների փաթեթի կառավարման և կրիպտոակտիվների հետ կապված խորհրդատվության տրամադրման նկատմամբ պահանջները

  1. Կրիպտորակտիվների փաթեթի կառավարման կամ կրիպտոակտիվների հետ կապված խորհրդատվության տրամադրման ծառայություններ մատուցող անձը պարտավոր է գնահատել կրիպտոակտիվներով ծառայությունների կամ կրիպտոակտիվների համապատասխանությունը հաճախորդին՝ հաշվի առնելով կրիպտոակտիվների (կրիպտոակտիվներում ներդրումների) հետ կապված հաճախորդի գիտելիքներն ու փորձը, ներդրումային նպատակները, ներառյալ՝ ռիսկեր ստանձնելու ցանկությունը, ինչպես նաև նրա ֆինանսական վիճակը, այդ թվում՝ կորուստներ կրելու կարողությունը։ Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով կարող է սահմանել սույն մասով նախատեսված գնահատման իրականացման կարգի նկատմամբ մանրամասն պահանջներ։ 
  2. Կրիպտորակտիվների փաթեթի կառավարման կամ կրիպտոակտիվների հետ կապված խորհրդատվության տրամադրման ծառայություններ մատուցող անձը հաճախորդից պահանջում է անհրաժեշտ տեղեկությունները, որոնք հնարավորություն կտան կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձին հաճախորդին առաջարկել այնպիսի կրիպտոակտիվներ կամ կրիպտոակտիվներով ծառայություններ, որոնք առավելագույնս համապատասխանում են հաճախորդին` հաշվի առնելով սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված չափանիշները: Կրիպտորակտիվների փաթեթի կառավարման կամ կրիպտոակտիվների հետ կապված խորհրդատվության տրամադրման ծառայություններ մատուցող անձը պարտավոր է ունենալ ներքին կանոններ և ընթացակարգեր՝ հաճախորդներին կրիպտոակտիվների կամ կրիպտոակտիվներով ծառայությունների համապատասխանությունը գնահատելու  վերաբերյալ։  Կրիպտորակտիվների փաթեթի կառավարման կամ կրիպտոակտիվների հետ կապված խորհրդատվության տրամադրման ծառայություններ մատուցող անձը պարտավոր  է ձեռնարկել ողջամիտ քայլեր հաճախորդներից հավաքագրված տեղեկությունների արժանահավատությունը ապահովելու նպատակով։ Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով կարող է սահմանել սույն մասով սահմանված տեղեկությունների բովանդակության նկատմամբ մանրամասն պահանջներ։
  3. Եթե հաճախորդը չի տրամադրում կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի կողմից սույն հոդվածի 2-րդ մասով պահանջվող տեղեկությունները, կամ եթե կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը համարում է, որ կրիպտոակտիվներով ծառայությունները կամ կրիպտոակտիվները չեն համապատասխանում հաճախորդին, կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը պարտավոր է հրաժարվել տվյալ հաճախորդին ծառայություններ մատուցելուց։
  4. Կրիպտոակտիվներով ծառայություններին կամ կրիպտոակտիվներին հաճախորդի համապատասխանությունն առաջին անգամ գնահատելուց հետո կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը պարբերաբար՝ առնվազն երկու տարին մեկ անգամ, պարտավոր է վերանայել սույն հոդվածի 1-ի մասի համաձայն իրականացված գնահատումը, եթե կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը շարունակում է կրիպտորակտիվների փաթեթի կառավարման կամ կրիպտոակտիվների հետ կապված խորհրդատվության տրամադրման ծառայություններ մատուցել տվյալ հաճախորդին։
  5. Կրիպտորակտիվների փաթեթի կառավարման կամ կրիպտոակտիվների հետ կապված խորհրդատվության տրամադրման ծառայություններ մատուցող անձը կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցման շրջանակներում որոշումները պարտավոր է կայացնել հաճախորդի լավագույն շահերից ելնելով։
  6. Սույն հոդվածի 5-րդ մասով նշված հաճախորդի լավագույն շահերից ելնելով որոշում կայացնելու համար կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը․
  • պարտավոր է գնահատել շուկայում առկա կրիպտոակտիվների բավարար և բազմազան շրջանակ, որը կապահովի հաճախորդի ներդրումային նպատակների պատշաճ կատարումը, և չպետք է սահմանափակվի իր կողմից կրիպտոակտիվներով ծառայություների մատուցման շրջանակում առաջարկվող կրիպտոակտիվներով կամ կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի, նրա հետ փոխկապակցված անձանց կամ այն անձանց կողմից թողարկված կրիպտոակտիվներով, որոնց հետ կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձն ունի այնպիսի հարաբերություններ, որոնք կարող են խոչընդոտել կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի կողմից անկախ որոշումների կայացմանը,
  • պարտավոր է երրորդ անձանցից, այդ թվում՝ թողարկողից, առևտրային հարթակում առևտրին թույլտվություն հայցող անձից մերժել որևէ դրամական կամ ոչ դրամական փոխհատուցում կամ օգուտ (բացառությամբ սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված դեպքի)՝ հաճախորդին կրիպտոակտիվների փաթեթի կառավարման կամ կրիպտոկտիվների հետ կապված խորհրդատվության տրամադրման ծառայություններ մատուցելու համար։
  1. Կրիպտոակտիվների փաթեթի կառավարման կամ կրիպտոակտիվների հետ կապված խորհրդատվության տրամադրման ծառայություններ մատուցող անձը կարող է ընդունել այնպիսի փոքր դրամական կամ ոչ դրամական փոխհատուցում կամ օգուտ, որոնք կարող են բարձրացնել հաճախորդին մատուցվող կրիպտոակտիվներով ծառայությունների որակը, և իրենց մասշտաբով և բնույթովչեն կարող խաթարել կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի կողմից ազնիվ, արդար և պրոֆեսիոնալ մակարդակով և իր հաճախորդի լավագույն շահերից գործելու պարտավորության կատարումը, եթե այդ փոխհատուցման (օգուտի) մասին հստակ բացահայտվել է հաճախորդին։
  2. Կրիպտորակտիվների փաթեթի կառավարման կամ կրիպտոակտիվների հետ կապված խորհրդատվության տրամադրման ծառայություններ մատուցող անձը պետք է հաճախորդներին տրամադրի տեղեկություններ բոլոր միջնորդավճարների կամ այլ վճարների, ներառյալ՝ դրանց վճարման եղանակների ու պայմանների, ինչպես նաև խորհրդատվության ծառայության շրջանակում առաջարկվող կրիպտոակտիվների արժեքի (եթե կիրառելի է) մասին։
  3. Եթե կրիպտորակտիվների փաթեթի կառավարման կամ կրիպտոակտիվների հետ կապված խորհրդատվության տրամադրման ծառայություններ մատուցող անձը հստակ չի սահմանում սույն հոդվածի 7-րդ և 8-րդ մասերով նշված վճարները, փոխհատուցումները կամ օգուտները,դրանց բնույթն ու մեծությունը, ապա նախքան կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցումը դրանց հաշվարկման մեթոդաբանությունը պետք է հասկանալի և ճշգրիտ բացահայտվի հաճախորդին ։
  4. Կրիպտորակտիվների փաթեթի կառավարման կամ կրիպտոակտիվների հետ կապված խորհրդատվության տրամադրման ծառայություններ մատուցող անձը պետք է իր հաճախորդներին առնվազն տեղեկացնի, որ
  • կրիպտոակտիվների արժեքը կարող է տատանվել․
  • կրիպտոակտիվները կարող են մասնակի կամ ամբողջությամբ կորցնել իրենց արժեքը․
  • Հայաստանի Հանրապետության բանկերի կողմից թողարկված ակտիվին կցված թոքենները երաշխավորված չեն Հայաստանի Հանրապետության ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից։
  1. Կրիպտոակտիվների հետ կապված խորհրդատվության տրամադրման ծառայություններ մատուցող անձը հաճախորդին խորհրդատվություն տրամադրելիս խորհրդատվությանը կից ներկայացնում է նաև կրիպտոակտիվներով ծառայությունների կամ կրիպտոակտիվների՝ հաճախորդին համապատասխանության գնահատման վերաբերյալ հաշվետվություն, որը պետք է առնվազն ներառի սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված գնահատման արդյունքերը, ինչպես նաև հստակ ներկայացնի, թե ինչպես է տրամադրվող խորհրդատվությունը համապատասխանում հաճախորդի ցանկություններին, նպատակներին և այլ առանձնահատկություններին։ Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով կարող է սահմանել կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի կողմից հաճախորդին տրամադրվող խորհրդատվության և դրան կից ներկայացվող հաշվետվության տրամադրման պարբերականության, ձևի և բովանդակության նկատմամբ մանրամասն պահանջներ։
  2. Կրիպտոակտիվների փաթեթի կառավարման ծառայություններ մատուցող անձը պետք է իր հաճախորդներին տրամադրի մատուցված ծառայությունների վերաբերյալ պարբերական հաշվետվություններ։ Սույն մասով նախատեսված հաշվետվությունները պետք է պարունակեն առնվազն հաշվետու ժամանակաշրջանում կրիպտոակտիվների փաթեթի կառավարման շրջանակներում կնքված գործարքների և իրականացված գործողությունների մասին տեղեկությունները, կրիպտոակտիվների փաթեթի կատարողականը (փաթեթի եկամտաբերությունը հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում), սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված գնահատման արդյունքները, մատուցվող ծառայությյան շրջանակում իրականացված գործողությունների համապատասխանությունը հաճախորդի ցանկություններին, նպատակներին և այլ առանձնահատկություններին։ Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով կարող է սահմանել սույն հոդվածով նախատեսված պարբերական հաշվետվությունների տրամադրման պարբերականության,  ձևի և բովանդակության նկատմամբ մանրամասն պահանջներ։
  3. Սույն հոդվածի 12-րդ մասով նախատեսված հաշվետվությունները հաճախորդին տրամադրվում են առնվազն եռամսյակային կտրվածքով, բացառությամբ այն դեպքերի, երբ հաճախորդն ունի առցանց համակարգին հասանելիություն, որտեղ մշտապես առկա են և թարմացվում են հաճախորդի ներդրումային փաթեթի գնահատումները և սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված գնահատման վերաբերյալ տեղեկությունները, և կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը կարող է  ապացուցել, որ հաճախորդը համապատասխան եռամսյակի ընթացքում առնվազն մեկ անգամ մուտք է գործել տվյալ առցանց համակարգ։

 

Հոդված 58․        Կրիպտոակտիվների փոխանցման նկատմամբ պահանջները

  1. Կրիպտոակտիվների փոխանցման ծառայություն մատուցող անձը պարտավոր է ունենալ անհրաժեշտ համակարգեր և ընթացակարգեր՝ հաճախորդների կրիպտոակտիվների անվտանգ, արագ և արդյունավետ փոխանցումն ապահովելու համար։
  2. Կրիպտոակտիվների փոխանցման ծառայություն մատուցող անձը նախքան հաճախորդների կրիպտոակտիվների փոխանցումը պարտավոր է հաճախորդներին տրամադրել կրիպտոակտիվների փոխանցման եղանակի և օգտագործվող անվտանգության համակարգերի վերաբերյալ, ինչպես նաև Կենտրոնական բանկի իրավական ակտերով նախատեսված այլ տեղեկություններ։

 

ԳԼՈՒԽ 10

ԱԿՏԻՎԻՆ ԿՑՎԱԾ ԹՈՔԵՆՆԵՐԻ ԹՈՂԱՐԿՈՒՄՆ ՈՒ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 59․         Ակտիվին կցված թոքենի թողարկողները և թողարկման ընդհանուր պահանջները

  1. Ակտիվին կցված թոքեններ (այսուհետ՝ սույն գլխում նաև թոքեն) կարող են թողարկել միայն․
  • սույն օրենքի 3-րդ բաժնով սահմանված կարգով ակտիվին կցված թոքենների թողարկման ծառայության մատուցման համար լիցենզիա ստացած անձինք․
  • բանկերը՝ սույն օրենքի 27-րդ հոդվածով սահմանված կարգով համապատասխան թույլտվություն ստանալու դեպքում․
  • «Վճարահաշվարկային համակարգի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով էլեկտրոնային փողի թողարկման իրավունք ունեցող վճարահաշվարկային կազմակերպությունները՝ միայն որպես էլեկտրոնային փողի թողարկող:
  1. Թոքենների և դրանց թողարկողի վրա չեն տարածվում կրիպտոակտիվների և դրանց թողարկողի նկատմամբ սույն օրենքի 5-րդ, 6-րդ, 10-րդ հոդվածներով, 11-րդ հոդվածի 2-րդ մասով և 15-րդ հոդվածով նախատեսված դրույթները։
  2. Թոքենի հրապարակային առաջարկ կարող է իրականացնել կամ առևտրային հարթակում առևտրին թույլտվություն կարող է հայցել միայն թողարկողը։
  3. Սույն բաժինը տարածվում է էլեկտրոնային փողի թոքենի հրապարակային առաջարկը կամ առևտրային հարթակում առևտրին թույլտվությունը կարգավորող հարաբերությունների վրա՝ սույն օրենքի 68-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով։

Հոդված 60․         Ակտիվին կցված թոքեններ ձեռքբերողներին տրամադրվող տեղեկությունները

  1. Թողարկողն իր ինտերնետային կայքի տեսանելի հատվածում պարտավոր է բացահայտել իր կողմից թողարկած շրջանառության մեջ գտնվող թոքենների քանակը և պահուստային ակտիվների արժեքն ու կառուցվածքը։ Սույն մասով նախատեսված տեղեկությունները պետք է թարմացվեն առնվազն ամսական կտրվածքով:
  2. Թողարկողն իր ինտերնետային կայքի տեսանելի հատվածում պարտավոր է բացահայտել սույն օրենքի 61-րդ հոդվածով սահմանված պահուստային ակտիվների վերաբերյալ աուդիտորական եզրակացության հակիրճ ամփոփագիրը, ինչպես նաև աուդիտորական եզրակացության ամբողջական տարբերակը (բացառությամբ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված դեպքերում) այն հասանելի դառնալուց անմիջապես հետո։
  3. Թողարկողը պարտավոր է հնարավոր սեղմ ժամկետում, հստակ, ճշգրիտ և թափանցիկ ձևով իր ինտերնետային կայքի տեսանելի հատվածում բացահայտել ցանկացած փաստ կամ հանգամանք, որն ունի կամ կարող է ունենալ էական ազդեցություն թոքենի գնի կամ պահուստային ակտիվների արժեքի կամ կառուցվածքի վրա, բացառությամբ սույն օրենքի 71-րդ հոդվածով սահմանված դեպքերի։

 

Հոդված 61․          Պահուստային ակտիվներ ձևավորելու պահանջը

  1. Թողարկողը պարտավոր է ձևավորել պահուստային ակտիվներ թողարկված թոքենների արժեքը կցված ակտիվների նկատմամբ կայուն պահելու նպատակով:
  2. Պահուստային ակտիվները պետք է ձևավորվեն և կառավարվեն այնպես, որ նվազեցնեն ակտիվի կամ ակտիվների (որոնց կցված են թոքենները) հետ կապված ռիսկերը, ինչպես նաև թոքենները մարելու հետ կապված իրացվելիության ռիսկերը:
  3. Երկու և ավելի տեսակի թոքեններ թողարկողը պարտավոր է ձևավորել և պահել առանձին պահուստային ակտիվներ յուրաքանչյուր տեսակի թոքենի համար:
  4. Թոքենների թողարկման կամ մարման դեպքում պահուստային ակտիվները պետք է համապատասխանաբար ավելացվեն կամ նվազեցվեն համարժեք չափով:
  5. Պահուստային ակտիվների ընդհանուր շուկայական արժեքը պետք է լինի ոչ պակաս, քան թողարկված, բայց չմարված թոքենների ընդհանուր արժեքն է: Պահուստային ակտիվների ընդհանուր շուկայական արժեքի հաշվարկման կարգը սահմանվում է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով:
  6. Թողարկողը պարտավոր է ունենալ թոքենների արժեքը կայուն պահելու քաղաքականություն կամ ներքին կանոնները, որոնք պետք է ներառեն առնվազն հետևյալը.
  • ակտիվը կամ ակտիվների խմբի կառուցվածքը, որին կցվել են թոքենները.
  • պահուստային ակտիվների կառուցվածքը, այդ թվում՝ ակտիվների տեսակները և դրանց կշիռները.
  • ռիսկերի, այդ թվում՝ պահուստային ակտիվների վարկային, շուկայական, իրացվելիության ռիսկերի մանրամասն նկարագրությունը.
  • թոքենների թողարկման և հետգնման (մարման) և դրանց համապատասխան պահուստային ակտիվների ավելացման և նվազեցման ընթացակարգը.
  • պահուստային ակտիվների ներդրումային քաղաքականությունը.
  • թողարկված, բայց չմարված թոքենների ձեռքբերման և պահուստային ակտիվների հաշվին դրանց մարման գործընթացինկարագրությունը,
  1. Թողարկողի պահուստային ակտիվների համապատասխանությունը սույն օրենքի և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջներին գնահատվում աուդիտ իրականացնող անձի կողմից տարին մեկ անգամ՝ սկսած թոքենների առաջարկի փաստաթղթի հրապարակման պահից: Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով կարող է սահմանել պահուստային ակտիվների աուդիտ իրականացնող անձին ներկայացվող այն չափանիշները, որոնց համապատասխանելու դեպքում աուդիտն իրականացնող անձը կարող է աուդիտորական ծառայություն մատուցել թողարկողին:
  2. Թողարկողը պարտավոր է Կենտրոնական բանկին ներկայացնել սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված աուդիտի եզրակացությունը այնստանալուց անմիջապես հետո:

Հոդված 62․         Պահուստային ակտիվների ներդրումը

  1. Թողարկողը պարտավոր է պահուստային ակտիվները ներդնել միայն բարձր իրացվելիություն և հուսալիություն ունեցող ակտիվներում, այդ թվում՝
  • Հայաստանի Հանրապետության պետական արժեթղթերում.
  • ՀՀ բանկերում` որպես բանկային ավանդ կամ բանկային հաշիվ.
  • Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ ակտիվներում։
  1. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված բարձր իրացվեիություն և հուսալիություն ունեցող լրացուցիչ ակտիվների ցանկը, ինչպես նաև սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ակտիվների կամ դրանց թողարկողների (բանկերի) նկատմամբ նվազագույն չափանիշներն ու պայմանները, թույլատրելի նվազագույն կամ առավելագույն ներդրումային սահմանաչափերը սահմանվում են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով։
  2. Պահուստային ակտիվների ներդրումից առաջացած օգուտը (շահույթը) կամ վնասը (կորուստը) կրում է թողարկողը։

 

Հոդված 63․         Պահուստային ակտիվների պահպանությունը

  1. Պահուստային ակտիվները թոքենների թողարկումից ոչ ուշ, քան 5 օրվա ընթացքում, գրավոր պայմանագրի հիման վրա պետք է պահվեն թողարկողի հետ չփոխկապակցված հետևյալ անձանց մոտ.
  • արժեթղթերի դեպքում՝ «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքով սահմանված կարգով արժեթղթերի պահառության ծառայություն մատուցող անձանց մոտ.
  • դրամական միջոցների դեպքում՝ բանկերում.
  • Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ ակտիվների դեպքում՝ օրենքով սահմանված կարգով այդ ակտիվները պահելու իրավունք ունեցող անձանց մոտ:
  1. Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում նշված անձն այլ ակտիվների պահառության համար ստուգում է դրանց նկատմամբ թողարկողի սեփականության իրավունքը, և վարում է գրառումներ այն ակտիվների վերաբերյալ, որոնց նկատմամբ թողարկողի սեփականության իրավունքը հաստատված է: Սույն մասով նախատեսված սեփականության իրավունքը ստուգվում է թողարկողի կողմից ներկայացված փաստաթղթերի և տեղեկատվության, և հնարավորության դեպքում, այլ այդ թվում՝ երրորդ անձանցից ստացված ապացույցների հիման վրա:
  2. Թողարկողը պարտավոր է ունենալ պահուստային ակտիվների պահպանության քաղաքականություն և ընթացակարգեր, որոնք.
  • կբացառեն պահուստային ակտիվների գրավադրումը կամ օգտագործումը որպես թողարկողի այլ պարտավորությունների ապահովման միջոց.
  • կապահովեն, որպեսզի պահուստային ակտիվները պահպանվեն սույն հոդվածով և Կենտրոնական բանկի իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխան.
  • կապահովեն, որպեսզի պահուստային ակտիվները պահվեն այնպիսի անձանց մոտ, որոնք ունեն անհրաժեշտ կարողություններ պահուստային ակտիվների պահպանությունը հնարավորինս արդյունավետ և բարեխղճորեն իրականացնելու համար.
  • կապահովեն թողարկողի անխափան հասանելիությունը պահուստային ակտիվներին՝ թոքենների հետգնումը (մարումը) պատշաճ իրականացնելու նպատակով:
  1. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված պայմանագրի գործողության ընթացքում թողարկողի և նույն մասով սահմանված անձանց միջև փոխկապակցվածությանը հանգեցնող հանգամանքների ի հայտ գալու դեպքում թողարկողը պարտավոր է վեց ամսվա ընթացքում վերացնել դրանք:
  2. Պահուստային ակտիվները պետք է պահվեն և հաշվառվեն թողարկողի ակտիվներից, ինչպես նաև նույն անձի կողմից թողարկված այլ թոքենների պահուստային ակտիվներից առանձին: Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով կարող է սահմանել պահուստային ակտիվների առանձնացված պահպանումն ու հաշվառումն ապահովելու պահանջներ:
  3. Պահուստային ակտիվները չեն կարող գրավադրվել կամ համարվել այլ պարտավորությունների ապահովման միջոց կամ բռնագանձվել թոքենների թողարկողի կամ սույն հոդվածի 1-ին մասով սահմանված անձանց պարտավորությունների դիմաց:
  4. Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով կարող է սահմանել պահուստային ակտիվների պահպանության նկատմամբ լրացուցիչ պահանջներ, այդ թվում՝ սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պայմանագրի նկատմամբ պահանջներ և նույն մասով սահմանված անձանց չափանիշներ:

Հոդված 64․         Թոքենների մարման իրավունքը

  1. Ակտիվին կցված թոքեններ ձեռքբերողը մշտապես իրավունք ունի իր թոքենները մարելու պահանջ ներկայացնել թողարկողին։
  2. Եթե թողարկողն ի վիճակի չէ կատարել պահուստային ակտիվների վերականգման կամ մարման ծրագրերի հետ կապված իր պարտավորությունները սույն օրենքի 66-րդ և 67-րդ հոդվածներին համապատասխան, ապա ակտիվին կցված թոքեններ ձեռքբերողները ձեռք են բերում պահանջի իրավունք պահուստային ակտիվների նկատմամբ։ 
  3. Ակտիվին կցված թոքենի սեփականատիրոջ պահանջով թողարկողը պարտավոր է մարել նրան պատկանող թոքենը այն ակտիվների շուկայական արժեքին համարժեք դրամական միջոցներով (բացառությամբ էլեկտրոնային փողի), որոնց կցված է թոքենը։
  4. Թողարկողը պետք է սահմանի և կիրառի քաղաքականություն և ընթացակարգեր ակտիվին կցված թոքեններ ձեռքբերողների թոքենների մարման իրավունքի իրականացման վերաբերյալ, որն առնվազն պետք է սահմանի․
  • մարման իրավունքի իրականացման պայմանները, ներառյալ՝ մարման իրավունքի առաջացման շեմը (սահմանաչափը), մարման իրավունքից օգտվելու համար սահմանված թույլատրելի ժամանակաշրջանն ու իրականացման ժամկետները,
  • մարման իրավունքի իրականացման մեխանիզմներն ու ընթացակարգերը, այդ թվում՝ արտակարգ դեպքերում և վերականգնման ծրագրի իրականացման շրջանակներում․
  • թոքենների և պահուստային ակտիվների գնահատման սկզբունքները․
  • մարվող թոքենների վերջնահաշվարկի պայմանները․
  • միջոցները, որոնք թողարկողները պետք է ձեռնարկեն պահուստային ակտիվների աճն ու նվազեցումն արդյունավետ կառավարելու համարը, որոնք նաև բացասական ազդեցություն չեն ունենա պահուստային ակտիվների շուկայի վրա։
  1. Թոքենների մարման դիմաց որևէ վճար չի գանձվում, բացառությամբ սույն օրենքի 68-րդ հոդվածով սահմանված դեպքի։

 

Հոդված 65․         Եկամուտ վճարելու արգելքը

  1. Թողարկողը չի կարող թոքենի դիմաց եկամուտ վճարել ձեռքբերողներին։
  2. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը թոքենների հետ կապված ծառայություններ մատուցելիս չի կարող եկամուտ վճարել (առաջարկել) թոքեն ձեռքբերողին:
  3. Ցանկացած փոխհատուցում կամ օգուտ, որը տրամադրվում է ակտիվին կցված թոքեններ ձեռքբերողին՝ թոքենը ձեռքբերելու և որոշակի ժամանակահատված պահելու համար, սույն հոդվածի իմաստով համարվում է եկամուտ։ Թողակողի կամ երրորդ անձի կողմից ցանկացած տեսակի վճար, զեղչ կամ այլ փոխհատուցում, որն ուղղակիորեն կապված է թոքենի կամ թողարկողի կամ երրորդ անձի կողմից այլ ակտիվը զեղչված գնով ձեռքբերելու հետ, սույն հոդվածի իմաստով համարվում է եկամուտ։

 

 

Հոդված 66․         Պահուստային ակտիվների վերականգնման ծրագիրը

  1. Թողարկողը պարտավոր է սահմանել և կիրառել վերականգման ծրագիր, որը կներառի պահուստային ակտիվների վերաբերյալ սույն օրենքով սահմանված պահանջները խախտելու դեպքում տվյալ խախտումները վերացնելու համար ձեռնարկվող միջոցները։ Վերականգնման ծրագիրը պետք է նաև պարունակի թոքենների հետ կապված թողարկողի ծառայությունների շարունակականության ապահովման միջոցները, թողարկողի գործունեության ընդհատման համար էական ռիսկեր առաջացնող իրադարձությունների ի հայտ գալու դեպքում թողարկողի պարտավորությունների կատարմանը և գործունեության հնարավորինս սեղմ ժամկետում վերականգնմանն ուղղված քայլերը, ինչպես նաև թոքենների մարման համար գանձվող վճարները, թոքենների առավելագույն ծավալը (որը կարող է մարվել), թոքենների մարման կասեցման կարգն ու պայմանները։
  2. Վերականգման ծրագիրը ներկայացվում է Կենտրոնական բանկ թոքենների առաջարկի փաստաթղթի հրապարակման օրվանից 6 ամսվա ընթացքում։ Կենտրոնական բանկը կարող է պահանջել թողարկողից թարմացնել վերականգման ծրագիրը, եթե դա անհրաժեշտ է ծրագրի պատշաճ կիրառումն ապահովելու համար։ Կենտրոնական բանկի կողմից սույն մասով նախատեսված պահանջը ստանալու օրվանից 40 օրվա ընթացքում թողարկողը պարտավոր է թարմացնել վերականգման ծրագիրը և ներկայացնել Կենտրոնական բանկ։
  3. Թողարկողը պարտավոր է պարբերաբար՝ առնվազն տարին մեկ անգամ, վերանայել վերականգման ծրագիրը։
  4. Այն դեպքերում, երբ թողարկողը չի բավարարում պահուստային ակտիվների նկատմամբ սույն օրենքով կիրառվող պահանջներին, կամ թողարկողի ֆինանսական վիճակի արագ վատթարացմամբ պայմանավորված թողարկողը կարող է մոտ ապագայում չբավարարել այդ պահանջներին, Կենտրոնական բանկը կարող է պահանջել թողարկողից․
  • իրականացնել վերականգման ծրագրով նախատեսված մեկ կամ ավելի միջոցառումներ՝ պահուստային ակտիվների համար սույն օրենքով սահմանված պահանջները բավարարելու համար,
  • վերանայել վերականգման ծրագիրը, եթե վերականգման ծրագրի կազմման հիմքում ընկած ենթադրվող իրավիճակները չեն համապատասխանում փաստացի իրավիճակներին,
  • իրականացնել սույն մասի 2-րդ կետի համաձայն վերանայված վերականգման ծրագրով սահմանված գործողություններ Կենտրոնական բանկի կողմից սահմանված ժամկետներում։
  1. Սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքերում Կենտրոնական բանկն իրավունք ունի ժամանակավոր կասեցնել թոքենների մարումը։
  2. Կենտրոնական բանկը կարող է սահմանել վերականգնման ծրագրի բովանդակության և ձևի, ինչպես նաև Կենտրոնական բանկ ներկայացման կարգի նկատմամբ մանրամասն պահանջներ։

 

Հոդված 67․         Թոքենների մարումների ծրագիրը

  1. Թոքենների մարման բնականոն գործընթացի ապահովման նպատակով թողարկողը պարտավոր է յուրաքանչյուր թոքենի համար սահմանել մարումների ծրագիր:
  2. Եթե Կենտրոնական բանկի հիմնավոր կարծիքով թողարկողն ի վիճակի չէ (կամ առկա է ողջամիտ կասկած, որ ի վիճակի չի լինի) իրականացնել թոքենների մարման հետ կապված իր պարտավորությունները (ներառյալ՝ սնանկության, անվճարունակության կամ լուծարման դեպքերում), ապա Կենտրոնական բանկը կարող է կարգադրել թողարկողին կիրառել սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված մարումների ծրագիրը։
  3. Մարումների ծրագիրը պետք է ներառի դրույթներ և ընթացակարգեր, որոնք կապահովեն թոքենների բոլոր ձեռքբերողների նկատմամբ հավասար վերաբերմունքը, և կապահովեն, որ մնացորդային պահուստային ակտիվների իրացումից ստացված գումարը ժամանակին վճարվի ձեռքբերողներին։
  4. Մարումների ծրագիրը պետք է ապահովի մարումների բնականոն ընթացքի համար էական համարվող և թողարկողի կամ երրորդ անձանց կողմից իրականցվող գործընթացների շարունակականությունը։
  5. Մարումների ծրագիրը ներկայացվում է Կենտրոնական բանկ թոքենների առաջարկի փաստաթղթի հրապարակման օրվանից 6 ամսվա ընթացքում։ Կենտրոնական բանկը կարող է պահանջել թողարկողից թարմացնել մարումների ծրագիրը, եթե դա անհրաժեշտ է ծրագրի պատշաճ կիրառումն ապահովելու համար։ Կենտրոնական բանկի կողմից սույն մասով նախատեսված պահանջը ստանալու օրվանից 40 օրվա ընթացքում թողարկողը պարտավոր է թարմացնել մարումների ծրագիրը և ներկայացնել Կենտրոնական բանկ։
  6. Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով կարող է սահմանել․
  • մարումների ծրագրի, այդ թվում՝ դրա թարմացումների բովանդակության և ձևի և Կենտրոնական բանկ ներկայացման կարգի նկատմամբ մանրամասն պահանջներ՝ հաշվի առնելով թոքենների քանակը, բարդությունը, բնույթն ու թողարկողի բիզնես մոդելը․
  • թոքենների մարումների համար հիմք հանդիսացող դեպքերը (իրադարձությունները)։

Հոդված 68․        Էլեկտրոնային փողի թոքենների թողարկողները և դրանց թողարկման առանձնահատուկ պահանջները

  1. Էլեկտրոնային փողի թոքեններ կարող են թողարկել միայն․
  • բանկերը․
  • «Վճարահաշվարկային համակարգի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով էլեկտրոնային փողի թողարկման իրավունք ունեցող վճարահաշվարկային կազմակերպությունները:
  1. Էլեկտրոնային փողի թողարկողի վրա չեն տարածվում ակտիվին կցված թոքենների և դրանց թողարկողի նկատմամբ կիրառվող սույն օրենքի 59-րդ հոդվածի 1-ին մասով, 60-64-րդ, 66-րդ հոդվածներով նախատեսված դրույթները։
  2. Էլեկտրոնային փողի թոքեն ձեռքբերողի պահանջով թողարկողը պարտավոր է մարել նրան պատկանող էլեկտրոնային փողի թոքենը դրա անվանական արժեքին համարժեք դրամական միջոցներով (բացառությամբ էլեկտրոնային փողով)։

 

ԲԱԺԻՆ 4. ՇՈՒԿԱՅԻ ՉԱՐԱՇԱՀՈՒՄՆԵՐԻ ԱՐԳԵԼՈՒՄԸ

ԳԼՈՒԽ 11. ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՉԱՐԱՇԱՀՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄԸ ԵՎ ԱՐԳԵԼՈՒՄԸ

Հոդված 69․         Շուկայի չարաշահմանը վերաբերող դրույթների կիրառումը

  1. Կրիպտոակտիվների շուկայի չարաշահումն արգելվում է:
  2. Սույն օրենքի իմաստով շուկայի չարաշահում են համարվում ներքին տեղեկությունների անբարեխիղճ օգտագործումը և գնային չարաշահումները:
  3. Եթե այլ բան նախատեսված չէ սույն գլխով, ապա սույն գլխի դրույթները տարածվում են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող կրիպտոակտիվների առևտրային հարթակում առևտրին թույլատրված ցանկացած կրիպտոակտիվի, ինչպես նաև այն կրիպտոակտիվների և դրանց հետ կապված հարաբերությունների վրա, որոնց համար հայցվում է թույլտվություն կրիպտոակտիվների առևտրային հարթակում առևտրին:
  4. Սույն գլխի դրույթները տարածվում են ցանկացած անձի կողմից սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կրիպտոակտիվների հետ կապված ցանկացած գործարքի, հանձնարարականի կամ այլ հարաբերության վրա, նույնիսկ եթե դրանք տեղի են ունենում կրիպտոակտիվների առևտրային հարթակից դուրս:

 

Հոդված 70․         Ներքին տեղեկությունները

  1. Ներքին (ինսայդերական) տեղեկություն է համարվում ցանկացած չհրապարակված որոշակի տեղեկություն, որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն վերաբերում է մեկ կամ մի քանի կրիպտոակտիվներին կամ դրանց թողարկողներին կամ կիրպտոակտիվների առևտրային հարթակում առևտրին թույլտվություն հայցող անձանց, և որի հրապարակումը կարող է էական ազդեցություն ունենալ նշված կրիպտոակտիվների գների (փոխանակման դրույքների) վրա:
  2. Կիրպտոակտիվների հետ կապված հանձնարարականներ կատարող անձանց համար ներքին տեղեկություն է համարվում նաև հաճախորդի կողմից տրամադրված չհրապարակված որոշակի տեղեկությունը, որը կապված է հաճախորդի կողմից տրված հանձնարարականներ հետ և ուղղակիորեն կամ անուղղակիորեն վերաբերում է մեկ կամ մի քանի կրիպտոակտիվներին կամ դրանց թողարկողներին կամ կիրպտոակտիվների առևտրային հարթակում առևտրին թույլտվություն հայցող անձանց, և որի հրապարակումը կարող է էական ազդեցություն ունենալ նշված կրիպտոակտիվների գների (փոխանակման դրույքների) վրա:
  3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերում նշված որոշակի տեղեկությունը տեղի ունեցած, տեղի ունեցող կամ ի հայտ գալու իրական հավանականություն ունեցող փաստի կամ իրադարձության վերաբերյալ տեղեկությունն է, որը բավարար է կրիպտոակտիվներին գների (փոխանակման դրույքների) վրա նշված փաստերի կամ իրադարձությունների հնարավոր ազդեցության մասին հիմնավորված եզրակացություն կազմելու համար: Ընդ որում, սույն մասով սահմանված փաստի կամ իրադարձության մաս կազմող կամ դրանց առաջացմանը հանգեցնող միջանկյալ գործընթացների կամ գործոնների վերաբերյալ տեղեկությունը նույնպես համարվում է ներքին տեղեկություն, եթե բավարարում է սույն հոդվածով սահմանված չափանիշներին:
  4. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերում նշված տեղեկությունը, որը հրապարակվելու դեպքում կունենար էական ազդեցություն կրիպտոակտիվի գնի (փոխանակման դրույքի) վրա, այն էական տեղեկությունն է, որը ողջամիտ ձեռքբերողը կկարևորեր տվյալ կրիպտոակտիվի առուվաճառքի վերաբերյալ որոշում կայացնելիս:

Հոդված 71․          Ներքին տեղեկությունների բացահայտումը

  1. Կրիպտոակտիվների թողարկողը կամ կիրպտոակտիվների առևտրային հարթակում առևտրին թույլտվություն հայցող անձը պարտավոր է անհապաղ բացահայտել ուղղակիորեն իրեն վերաբերող ներքին տեղեկությունները, բացառությամբ օրենքով պահպանվող տեղեկությունների: Ներքին տեղեկությունները և դրանց փոփոխությունները կամ լրացումները պետք է բացահայտվեն այնպիսի եղանակով, որը կապահովի դրա արագ հասանելիությունը և հանրության կողմից այդ տեղեկությունների ամբողջական, ճշգրիտ և ժամանակին գնահատումը:
  2. Կրիպտոակտիվների թողարկողին կամ կիրպտոակտիվների առևտրային հարթակում առևտրին թույլտվություն հայցող անձին արգելվում է սույն հոդվածի 1-ին մասով սահմանված հրապարակման ենթակա ներքին տեղեկությունները միավորել իր որևէ գովազդի հետ:
  3. Կրիպտոակտիվների թողարկողը կամ կիրպտոակտիվների առևտրային հարթակում առևտրին թույլտվություն հայցող անձը պարտավոր է սույն հոդվածի 1-ին մասով սահմանված հրապարակման ենթակա ներքին տեղեկությունները հրապարակել իր ինտերնետային կայքում առնվազն 5 տարի ժամկետով:
  4. Կրիպտոակտիվների թողարկողը կամ կիրպտոակտիվների առևտրային հարթակում առևտրին թույլտվություն հայցող անձը կարող է իր պատասխանատվությամբ հետաձգել ներքին տեղեկությունների բացահայտումը, եթե.
  • ներքին տեղեկությունների բացահայտումը կարող է էապես վնասել իր օրինական շահերը,
  • հետաձգումը չի հանգեցնի հանրության ապակողմնորոշմանը, և
  • իր կողմից կապահովվի ներքին տեղեկությունների գաղտնիությունը:
  1. Կենտրոնական բանկի պահանջով կրիպտոակտիվների թողարկողը կամ կիրպտոակտիվների առևտրային հարթակում առևտրին թույլտվություն հայցող անձը ներքին տեղեկությունների բացահայտումը հետաձգելու դեպքում պարտավոր է Կենտրոնական բանկին տեղեկացնել այդ մասին և ներկայացնել հիմնավորումներ սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված պայմաններին բավարարելու մասին:
  2. Կենտրոնական բանկը կարող է իր նորմատիվ իրավական ակտերով սահմանել ներքին տեղեկությունների բացահայտման ձևի և կարգի նկատմամբ մանրամասն պահանջներ, ինչպես նաև այն իրավիճակների նկարագրությունը, որոնց դեպքում ներքին տեղեկությունների բացահայտումը կարող է վնասել կրիպտոակտիվների թողարկողի կամ կիրպտոակտիվների առևտրային հարթակում առևտրին թույլտվություն հայցող անձի օրինական շահերը, ինչպես նաև ներքին տեղեկությունների գաղտնիության պահպանման նկատմամբ պահանջները:
  3. Կրիպտոակտիվների թողարկողը կամ կիրպտոակտիվների առևտրային հարթակում առևտրին թույլտվություն հայցող անձը պարտավոր է սահմանել ներքին տեղեկությունների գաղտնիության պահպանման և դրանց բացահայտման գործընթացը կարգավորող, ինչպես նաև իր ղեկավար անձանց, այլ աշխատակիցների և նշանակալից մասնակիցների կողմից իր կողմից թողարկված կրիպտոակտիվներով (այն կրիպտոակտիվներով, որոնց համար հայցվում է կիրպտոակտիվների առևտրային հարթակում առևտրին թույլտվություն) գործարքներ կնքելու գործընթացը կարգավորող ներքին կանոններ:
  4. Սույն հոդվածի 7-րդ մասում սահմանված ներքին կանոններ սահմանելու պարտականությունը տարածվում է նաև այլ անձանց վրա, որոնք իրենց գործառույթների իրականացման, պարտականությունների կատարման կամ ծառայությունների մատուցման կապակցությամբ տիրապետում են ներքին տեղեկությունների:
  5. Սույն հոդվածի 7-8-րդ մասերում նշված անձինք պարտավոր են սույն հոդվածով սահմանված ներքին կանոնները Կենտրոնական բանկի պահանջով ներկայացնել Կենտրոնական բանկ՝ այդ պահանջն ստանալու պահից` 5 աշխատանքային օրվա ընթացքում:

Հոդված 72․         Ներքին տեղեկությունների անբարեխիղճ օգտագործման արգելումը

  1. Սույն գլխի իմաստով ինսայդեր է համարվում յուրաքանչյուր անձ, որը կրիպտոակտիվների թողարկողի կամ կիրպտոակտիվների առևտրային հարթակում առևտրին թույլտվություն հայցող անձի կապիտալում իր մասնակցության, կառավարման որևէ մարմնում իր անդամության, պաշտոնի կամ այլ պարտականությունների կատարման կամ ծառայությունների մատուցման կապակցությամբ տիրապետում է ներքին տեղեկությունների:
  2. Եթե սույն հոդվածի 1-ին մասում նշված անձն իրավաբանական անձ է, ապա ֆիզիկական անձը, որը մասնակցում է նշված իրավաբանական անձի համար գործարքների կնքման վերաբերյալ որոշումների կայացման գործընթացին, նույնպես հանդիսանում է ինսայդեր:
  3. Ինսայդեր է համարվում նաև ներքին տեղեկության տիրապետող, այդ թվում՝ հանցագործության արդյունքում ձեռք բերված ներքին տեղեկություն տիրապետող ցանկացած այլ անձ, որը ողջամիտ ուշադրություն գործադրելու դեպքում կարող էր տեղյակ լինել, որ այդ տեղեկությունը հանդիսանում է ներքին տեղեկություն:
  4. Յուրաքանչյուր անձ, որը ծանոթանում է ներքին տեղեկությանը, որի աղբյուրն ակնհայտորեն մեկ կամ ավելի ինսայդեր է, նույնպես համարվում է ինսայդեր:
  5. Ներքին տեղեկությունների անբարեխիղճ օգտագործումն առկա է, եթե ինսայդերը՝
  • ներքին տեղեկությունների հիման վրա իր կամ այլ անձի հաշվին ուղղակիորեն կամ անուղղակիորեն գնում կամ վաճառում է կամ փորձում է գնել կամ վաճառել կրիպտոակտիվ, կամ չեղարկում կամ փոփոխում է կրիպտոակտիվի առուվաճառքի հանձնարարականն ինսայդեր դառնալուց հետո.
  • բացահայտում է ներքին տեղեկությունը երրորդ անձանց, բացառությամբ այն դեպքերի, երբ նման բացահայտումը կապված է ընթացիկ գործառույթների իրականացման կամ պաշտոնական պարտականությունների կատարման հետ.
  • ներքին տեղեկության հիման վրա խորհուրդ է տալիս կամ այլ կերպ ուղղորդում է երրորդ անձանց գնել կամ վաճառել կրիպտոակտիվ կամ չեղարկել կամ փոփոխել կրիպտոակտիվի առուվաճառքի հանձնարարականը:
  1. Ներքին տեղեկությունների անբարեխիղճ օգտագործում է համարվում նաև այն դեպքը, երբ անձն իր կամ այլ անձի հաշվին կրիպտոակտիվի առուվաճառքի հանձնարարականն ինսայդեր դառնալուց հետո չեղարկում կամ փոփոխում է:

Հոդված 73․         Գնային չարաշահումները

  1. Սույն օրենքի իմաստով գնային չարաշահում է համարվում՝
  • այնպիսի գործարքների կնքումը կամ դրանց կնքման պատվեր տալը, որը հանգեցնում է կամ կարող է հանգեցնել շուկայում կրիպտոակտիվի գնի (փոխանակման դրույքի), դրա նկատմամբ պահանջարկի կամ առաջարկի ծավալի վերաբերյալ սխալ կամ ապակողմնորոշիչ պատկերի ստեղծմանը կամ ազդակների հաղորդմանը.
  • այնպիսի գործարքների կնքումը կամ դրանց կնքման պատվեր տալը, որը հանգեցնում է կրիպտոակտիվի գնի (փոխանակման դրույքի) ոչ օրինաչափ շեղումների կամ կրիպտոակտիվի գնի (փոխանակման դրույքի) արհեստական մակարդակի սահմանմանը.
  • այնպիսի գործարքների կնքումը կամ դրանց կնքման պատվեր տալը, որն իրականացվում է կեղծ, անբարեխիղճ կամ թյուրիմացություն առաջացնող և (կամ) ապակողմնորոշիչ մեխանիզմների գործադրմամբ.
  • այնպիսի տեղեկությունների տարածումը, որոնք սխալ կամ ապակողմնորոշիչ ազդակներ են հաղորդում շուկայի մասնակիցներին կրիպտոակտիվների գների (փոխանակման դրույքների) վերաբերյալ, այդ թվում՝ տվյալ կրիպտոակտիվի գնի (փոխանակման դրույքի) մասին խեղաթյուրված տեղեկությունների տարածումը, եթե այդ տեղեկությունները տարածող անձը գիտեր կամ ողջամտորեն կարող էր իմանալ դրանց՝ իրականությանը չհամապատասխանելու փաստի մասին.
  • սույն մասի 1-4-րդ կետերում նշված գործողություններ չհանդիսացող, սակայն նույնաբնույթ գործողությունները:
  1. Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով կարող է սահմանել՝
  • սույն հոդվածի 1-ին մասում նշված գնային չարաշահման դեպքերի առկայության չափանիշները և դրանց արձանագրման համար հիմք հանդիսացող հանգամանքների առավել մանրամասն նկարագրությունը.
  • այն դեպքերը, երբ սույն հոդվածի 1-ին մասում նշված կամ դրանց նման գործողությունները գնային չարաշահում չեն համարվում:

Հոդված 74․         Կրիպտոակտիվների շուկայի չարաշահումների հայտնաբերումը և կանխարգելումը

  1. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող ցանկացած անձ, որը ներգրավված է կրիպտոակտիվների առուվաճառքի հետ կապված հարաբերություններում, պետք է ունենա և կիրառի անհրաժեշտ ընթացակարգեր շուկայի չարաշահման դեպքերը հայտնաբերելու և կանխարգելելու համար:
  2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող ցանկացած անձը պարտավոր է անհապաղ տեղեկացնել Կենտրոնական բանկին տեղի ունեցած, տեղի ունեցող կամ ապագայում տեղի ունենանալու մեծ հավանականություն ունեցող շուկայի չարաշահման վերաբերյալ իր ունեցած ցանկացած հիմնավոր կասկածի մասին՝ բանավոր, գրավոր կամ էլեկտրոնային եղանակով: Բանավոր կերպով տեղեկացնելու դեպքում Կենտրոնական բանկի պահանջով կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը պարտավոր է ոչ ուշ, քան բանավոր տեղեկացմանը հաջորդող օրվա ավարտը բանավոր հաղորդած տեղեկատվությունը ներկայացնել գրավոր ձևով:
  3. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված կասկածը պետք է հիմնավորվի ապացույցներով:
  4. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը որևէ անձի նկատմամբ սույն հոդվածի 2-րդ մասում նշված կասկածները Կենտրոնական բանկին հաղորդելիս պարտավոր է ապահովել կասկածների վերաբերյալ Կենտրոնական բանկ տեղեկություններ ներկայացնելու փաստի գաղտնիությունը:
  5. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված կասկածի վերաբերյալ տեղեկացումը պետք է պարունակի՝
  • կասկածելի գործարքի, հանձնարարականի կամ այլ գործողության կամ տեղեկության (այդ թվում՝ եթե այն կապված է ԱԳՏ-ի կամ փոխհամաձայնության մեխանիզմի հետ) նկարագրությունը.
  • կասկածի հիմնավորումը.
  • գործարքի կողմերի ինքնությունը պարզելու միջոցները.
  • կասկածը հայտնողի գործունեության վերաբերյալ տեղեկություններ.
  • կասկած հայտնող անձի կարծիքով էական համարվող այլ տեղեկություններ:
  1. Եթե սույն հոդվածի 5-րդ մասում նշված ողջ տեղեկատվությունը հասանելի չէ կասկածը հայտնող անձի համար, ապա կասկածի վերաբերյալ տեղեկացումը պետք է պարունակի առնվազն կասկածի հիմնավորումը: Սույն հոդվածի 5-րդ մասում նշված մնացած տեղեկությունները պետք է Կենտրոնական բանկ ներկայացվեն դրանց հասանելի դառնալուց անմիջապես հետո:

 

ԲԱԺԻՆ 5. ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ԳԼՈՒԽ 12

ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔԱԳՐՈՒՄԸ

Հոդված 75․         Ծառայողական տեղեկությունը

  1. Սույն օրենքի իմաստով՝ ծառայողական տեղեկություն է համարվում հաճախորդին սպասարկելու կապակցությամբ կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձին հաճախորդի՝ հայտնի դարձած հաշիվների վերաբերյալ որևէ տեղեկությունը, հաճախորդի հանձնարարությամբ կամ հօգուտ հաճախորդի կատարված գործառնությունների վերաբերյալ տեղեկությունը, ինչպես նաև հաճախորդի առևտրային կամ ծառայողական գաղտնիքը, գործունեության ցանկացած ծրագրի կամ մշակման, գյուտի կամ արդյունաբերական դիզայնի մասին տեղեկությունը և նրա վերաբերյալ ցանկացած այլ տեղեկություն, որը հաճախորդը մտադիր է եղել գաղտնի պահել, և կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը տեղյակ է եղել կամ պետք է տեղյակ լիներ այդ մտադրության մասին:
  2. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց նկատմամբ վերահսկողության իրականացման կապակցությամբ նրանց հաճախորդների վերաբերյալ Կենտրոնական բանկին տրամադրված սույն հոդվածի 1-ին մասով սահմանված տեղեկությունը համարվում է ծառայողական տեղեկություն:

Հոդված 76․         Ծառայողական տեղեկության հրապարակումը

  1. Ծառայողական տեղեկությունների հրապարակումն այն անձի, պետական մարմնի կամ պաշտոնատար անձի կողմից, որին այդ տեղեկությունները վստահված են եղել, հայտնի են դարձել նրա ծառայության կամ աշխատանքի կապակցությամբ կամ տրամադրվել են սույն օրենքով սահմանված կարգով, արգելվում է, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի: Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը, նրա ղեկավարը կամ ծառայողը պարտավոր են մերժել ծառայողական տեղեկության տրամադրման ցանկացած միջնորդություն կամ պահանջ, եթե այն չի ներկայացվել սույն օրենքի դրույթներին համապատասխան:

Ծառայողական տեղեկության հրապարակում է համարվում այդ տեղեկությունը (կամ դրա ցանկացած կրիչը) բանավոր կամ գրավոր ձևով զանգվածային լրատվության միջոցներով կամ այլ կերպ հրապարակելը, երրորդ անձին հայտնի դարձնելը կամ տարածելը, երրորդ անձանց նման տեղեկություններ հայթայթելու հնարավորություն ուղղակիորեն կամ անուղղակիորեն ընձեռելը (թույլատրելը, չխոչընդոտելը կամ այդ տեղեկության պահպանման կարգի խախտման հետևանքով դրա հրապարակումը հնարավոր դարձնելը):

  1. Ծառայողական տեղեկության հրապարակում չի համարվում և սույն հոդվածի 1-ին մասով չի արգելվում՝

1) կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձին իրավաբանական, հաշվապահական, այլ խորհրդատվական կամ ներկայացուցչական ծառայություններ մատուցող կամ նրա համար որոշակի աշխատանքներ կատարող անձանց և կազմակերպություններին տվյալ կրիպտոակտիվներով  ծառայություններ մատուցող անձի կողմից ծառայողական տեղեկություն հայտնելը կամ տրամադրելը, եթե դա անհրաժեշտ է այդ ծառայությունները մատուցելու կամ աշխատանքները կատարելու համար, և եթե այդ անձինք և կազմակերպությունները գրավոր պարտավորություն են տվել պահպանել տեղեկությունը և ձեռնպահ մնալ այն հրապարակելուց.

2) կրիպտոակտիվներով  ծառայություններ մատուցող անձի հաճախորդի կողմից կամ վերջինիս գրավոր կամ դատարանում տրված բանավոր թույլտվությամբ միայն իրեն վերաբերող տեղեկությունների հրապարակումը.

3) կրիպտոակտիվներով  ծառայություններ մատուցող անձանց նկատմամբ վերահսկողության իրականացման ընթացքում Կենտրոնական բանկին ծառայողական տեղեկությունների տրամադրումը: Կենտրոնական բանկն իրավունք ունի կրիպտոակտիվներով  ծառայություններ մատուցող անձանց վերահսկողության ընթացքում ստանալու և ծանոթանալու կրիպտոակտիվներով  ծառայություններ մատուցող անձանց հաճախորդներին վերաբերող տեղեկություններին, եթե այդ տեղեկություններն անհրաժեշտ են վարկային և այլ ներդրումների, այլ ակտիվների գնահատման կամ վերահսկողության սույն օրենքով սահմանված այլ նպատակների համար.

4) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի, «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան ծառայողական տեղեկությունների տրամադրումը․

5) Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությանը, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեին, Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեին, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը, Մրցակցության պաշտպանության հանձնաժողովին, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին և Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը Կենտրոնական դեպոզիտարիայի և կրիպտոակտիվների պահառություն իրականացնող այլ անձանց կողմից հաճախորդի բացած կրիպտոակտիվների հաշիվների կամ ապակենտրոնացված գրանցամատյանում բացված հաշիվների (հասցեների) ցանկի, տեսակի և կարգավիճակի վերաբերյալ ծառայողական տեղեկությունների տրամադրումը․

6) ներդրումային ֆոնդի կառավարման կամ դրա ակտիվների պահառության ընթացքում ներդրումային ֆոնդի կամ դրա մասնակցի և նրան պատկանող ֆոնդի կրիպտոակտիվների վերաբերյալ հայտնի դարձած տեղեկությունների փոխանակումը տվյալ ներդրումային ֆոնդի, կառավարչի և պահառուի միջև․.

8) օրենքով սահմանված դեպքերում աուդիտ իրականացնող անձի կողմից աուդիտի իրականացման ընթացքում ստացած տեղեկությունների կամ փաստաթղթերի տրամադրումը Կենտրոնական բանկին.

9) օրենքով և միջազգային պայմանագրով, համագործակցության պայմանագրով սահմանված կարգով ծառայողական տեղեկությունների տրամադրումը օտարերկրյա պետության իրավասու մարմիններին.

10) «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքով սահմանված դեպքերում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին տեղեկությունների տրամադրումը:

  1. Սույն հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված տեղեկությունների տրամադրմանկարգըսահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։ Պահառուները սույն հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված տեղեկությունները տրամադրում են տվյալների էլեկտրոնային տեղեկատվական համակարգին հասանելիություն տալու միջոցով, իսկ այդ համակարգից տեղեկություններ ստանալու անհնարինության կամ համակարգ չմուտքագրված տեղեկություններ ստանալու անհրաժեշտության դեպքում՝ համապատասխան մարմնից ստացված հարցմանը գրավոր պատասխան ներկայացնելու միջոցով։ Տեղեկությունները տրամադրվում են անվճար, բացառությամբ թղթային ձևով տրամադրված տեղեկությունների, որոնց համար հատուցման կարգը և չափը նախատեսվում են տեղեկությունների տրամադրման կարգը սահմանող՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ։

Հոդված 77․         Ծառայողական տեղեկությունները պահպանելու պարտականությունը

  1. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձինք պարտավոր են ծառայողական տեղեկությունները պահպանել սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերին համապատասխան:
  2. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի ղեկավարներին, ծառայողներին, նախկինում ղեկավար կամ ծառայող հանդիսացող անձանց, ինչպես նաև այն անձանց ու կազմակերպություններին, որոնք կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձին ծառայություններ (աշխատանքներ) են մատուցում կամ մատուցել են նախկինում, արգելվում է ծառայության կամ աշխատանքի կապակցությամբ իրենց վստահված կամ հայտնի դարձած ծառայողական տեղեկություն հրապարակելը, ինչպես նաև իրենց անձնական կամ երրորդ անձանց շահերից ելնելով՝ դրանք օգտագործելը, երրորդ անձանց կողմից այդպիսի օգտագործման հնարավորություն ուղղակիորեն կամ անուղղակիորեն ընձեռելը (թույլատրել, չխոչընդոտել կամ այդ տեղեկության պահպանման կարգի խախտման հետևանքով դրա հրապարակումը հնարավոր դարձնելը):
  3. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձինք պարտավոր են տեխնիկական այնպիսի միջոցներ ձեռնարկել և կազմակերպչական այնպիսի կանոններ սահմանել, որոնք անհրաժեշտ են ծառայողական տեղեկությունները պատշաճ պահպանելու համար:

 

Հոդված 78․         Ծառայողական տեղեկությունների տրամադրումը

  1. Ծառայողական տեղեկությունների տրամադրումը սույն օրենքով սահմանված դեպքերում և հիմքերով պետական մարմիններին, պաշտոնատար անձանց ու քաղաքացիներին այդ տեղեկությունները բանավոր կամ գրավոր ձևով հաղորդելն է:
  2. Այն անձը (բացառությամբ կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի), որին ծառայողական տեղեկությունները վստահված են եղել կամ հայտնի են դարձել իր ծառայության կամ աշխատանքի կապակցությամբ, իրավունք չունի դրանք այլ անձանց տրամադրելու: Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց նկատմամբ վերահսկողության իրականացման կապակցությամբ նրանց հաճախորդներին վերաբերող Կենտրոնական բանկին հայտնի դարձած ծառայողական տեղեկությունների տրամադրումը կարող է իրականացվել միայն սույն հոդվածի 1-ին մասին համապատասխան:
  3. Կենտրոնական բանկի կողմից օտարերկրյա պետության իրավասու մարմիններին ծառայողական տեղեկությունների տրամադրումն իրականացվում է օրենքով սահմանված նպատակներով և կարգով:

Հոդված 79․         Ծառայողական տեղեկությունների տրամադրումը դատարանի որոշմամբ

  1. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը քաղաքացիական գործերով պահանջվող ծառայողական տեղեկությունները տրամադրում է միայն դատարանի կողմից՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ընդունված որոշման հիման վրա, որի մեջ պետք է նշվեն նաև անձը և նրան վերաբերող այն տեղեկությունները, որոնք ենթակա են տրամադրման:
  2. Քրեական վարույթներով ծառայողական տեղեկությունների տրամադրումը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով:

2.1. «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում ծառայողական տեղեկությունները տրամադրվում են իրավասու մարմնին՝ դատարանի որոշման հիման վրա:

  1. Արգելվում է սույն հոդվածի 1-ին մասով սահմանված որոշման հիման վրա այդ որոշման մեջ չնշված այլ անձանց վերաբերյալ ծառայողական տեղեկությունների տրամադրումը:

 

Հոդված 80․        Ծառայողական տեղեկությունների տրամադրումը հաճախորդի ժառանգներին (իրավահաջորդներին)

Կրիպտոակտիվներով  ծառայություններ մատուցող անձի կողմից ծառայողական տեղեկությունների տրամադրումը հաճախորդի ժառանգներին (իրավահաջորդներին) իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:

Հոդված 81․         Կենտրոնական բանկի միջազգային համագործակցությունը և համագործակցությունն անձանց հետ 

  1. Կենտրոնական բանկն կրիպտոակտիվների շուկայի ոլորտում իր խնդիրների իրագործման և օրենքով սահմանված իրավասությունների իրականացման նպատակով համագործակցում է օտարերկրյա պետության իրավասու մարմինների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների հետ միջազգային պայմանագրեր կամ համագործակցության պայմանագրեր կնքելու միջոցով, իսկ դրանց բացակայության դեպքում՝ միջազգային պրակտիկայում ընդունված կարգով:
  2. Կենտրոնական բանկը սեփական նախաձեռնությամբ կամ հարցման հիման վրա օրենքով սահմանված կարգով փոխանակում է տեղեկություններ (ներառյալ՝ փաստաթղթեր), այդ թվում՝ օրենքով սահմանված գաղտնիք պարունակող (բացառությամբ «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական և ծառայողական գաղտնիքի) տեղեկություններ օտարերկրյա պետության իրավասու մարմինների հետ, որոնք միջազգային պայմանագրից կամ համագործակցության պայմանագրից բխող պարտականությունների հիման վրա ապահովում են տեղեկությունների համարժեք գաղտնիություն և այդ տեղեկություններն օգտագործում են կրիպտոակտիվների շուկայի կարգավորման, վերահսկողության, կրիպտոակտիվների շուկայում չարաշահումների դեմ պայքարի կամ կրիպտոակտիվներ ձեռքբերողների շահերի պաշտպանության բնագավառում միջազգային համագործակցության նպատակով:
  3. Կենտրոնական բանկը կարող է բացահայտել օտարերկրյա պետության իրավասու մարմիններից գաղտնիք պարունակող հարցումների ստացման փաստը, ինչպես նաև տեղեկությունների ստացման փաստը և դրանց բովանդակությունը՝

1) սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված նպատակներով կամ

2) համապատասխան հարցումն ուղարկած, տեղեկատվությունը հայցած օտարերկրյա իրավասու մարմնի համաձայնությամբ:

  1. Կենտրոնական բանկը կարող է օտարերկրյա պետության իրավասու մարմիններին տրամադրել օրենքով սահմանված գաղտնիք պարունակող տեղեկություններ (բացառությամբ «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական և ծառայողական գաղտնիքի), պայմանով, որ պետք է կիրառվեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված գաղտնիության պահպանման պահանջները, եթե դրանք ավելի խիստ են, քան համագործակցող օտարերկրյա պետության օրենքներով և իրավական ակտերով սահմանված գաղտնիության պահպանման պահանջները:
  2. Կենտրոնական բանկը մերժում է օտարերկրյա պետության իրավասու մարմիններին տեղեկատվության տրամադրումը, եթե՝

1) դա կարող է բացասաբար ազդել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, անվտանգության ու հասարակական կարգի վրա.

2) նման տվյալները հանդիսանում են պետական կամ ծառայողական գաղտնիք.

3) դա կհանգեցնի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված պահանջների խախտմանը.

4) Կենտրոնական բանկի հիմնավոր կարծիքով այն չի օգտագործվելու սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված նպատակներով.

5) հարցման մեջ նշված անձի նկատմամբ նույն հանգամանքներով Հայաստանի Հանրապետությունում քրեական հետապնդում է հարուցվել, կամ եթե նույն անձը նույն հանգամանքներով ենթարկվել է պատասխանատվության Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով, քանի դեռ հարցում կատարող օտարերկրյա պետության իրավասու մարմինը չի հավաստիացրել, որ խնդրարկվող տեղեկատվությունն անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության օրենքով կիրառված պատասխանատվության միջոցներից այլ պատասխանատվություն կիրառելու համար:

  1. Տեղեկատվության տրամադրման մերժման դեպքում Կենտրոնական բանկը պետք է այդ մասին գրավոր կարգով տեղեկացնի հարցում կատարող մարմնին և ներկայացնի մերժման հիմքերը:
  2. Տեղեկատվության փոխանակում իրականացնելու նպատակով Կենտրոնական բանկը կարող է համագործակցության պայմանագրեր կամ այլ համաձայնագրեր կնքել օտարերկրյա պետության իրավասու մարմինների հետ:
  3. Կրիպտոակտիվների շուկայի չարաշահումները կանխելու կամ քննելու, ինչպես նաև միջազգային պայմանագրով կամ համագործակցության պայմանագրով նախատեսված դեպքերում փոխանակման ենթակա տեղեկությունները (այդ թվում` փաստաթղթերի և(կամ) դրանց պատճենները) ձեռք բերելու անհրաժեշտության դեպքում Կենտրոնական բանկը համագործակցում է ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ, որոնք Կենտրոնական բանկի գրավոր դիմումի հիման վրա տրամադրում են անհրաժեշտ տեղեկություններ և փաստաթղթեր:

 

ԲԱԺԻՆ 6

ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ

Գ Լ ՈՒ Խ  13

ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

 

Հոդված 82․         Վերահսկողության իրականացման և պատասխանատվության միջոցներ կիրառելու իրավասության ընդհանուր հիմքերը

  1. Կրիպտոակտիվների շուկան կարգավորող իրավական ակտերի, այդ թվում՝  կրիպտոակտիվներով ծառայություն մատուցող անձանց ներքին իրավական ակտերի պահանջների կատարման և պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում և պատասխանատվության միջոցները կիրառում է Կենտրոնական բանկը՝ սույն օրենքով, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, այլ օրենքներով և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով:
  2. Կենտրոնական բանկն իր իրավասությունների շրջանակներում վերահսկում է Հայաստանի Հանրապետության տարածքում կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց, օտարերկրյա՝ կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց մասնաճյուղերին, սույն օրենքով կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցելու թույլտվություն ունեցող անձանց,  կրիպտոակտիվների հրապարակային առաջարկ իրականացնող անձանց, կրիպտոակտիվների՝ առևտրային հարթակում առևտրին թույլտվություն հայցող անձանց, կրիպտոակտիվների՝ առևտրային հարթակում առևտրին թույլատրված կրիպտոակտիվների թողարկողներին և դրանց  նշանակալից մասնակցություն ունեցող անձանց, ղեկավարներին և կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցող անձանց անունից կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց:

Հոդված 83․        Կիրառվող պատասխանատվության միջոցները և այլ իրավասությունները 

  1. Որևէ անձի կողմից կրիպտոակտիվների շուկան կարգավորող իրավական ակտերի այդ թվում՝ կրիպտոակտիվներով ծառայություն մատուցող անձանց ներքին իրավական ակտերի պահանջները խախտելու համար Կենտրոնական բանկն իրավասու է կիրառելու հետևյալ պատասխանատվության միջոցները՝
    • նախազգուշացում․
    • տուգանք․
    • ղեկավարին գրանցումից հանում.
    • լիցենզիայի ուժը կորցրած ճանաչում.
    • թույլտվության կամ գրանցման դադարեցում՝ սույն օրենքով նախատեսված դեպքերում:
  2. Կենտրոնական բանկն իրավունք ունի յուրաքանչյուր խախտման համար միաժամանակ կիրառել սույն օրենքով նախատեսված մեկից ավելի պատասխանատվության միջոցներ, ինչպես նաև տալ հանձնարարական՝ խախտումը վերացնելու և/կամ ապագայում նման խախտումը կանխելուն ուղղված միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ։
  3. Սույն օրենքի 72-րդ հոդվածի 5-րդ և 73-րդ հոդվածի 1-ին մասերով նախատեսված գործողությունների կատարման հետևանքով 69-րդ հոդվածի 1-ին մասը խախտած իրավաբանական և ֆիզիկական անձանց նկատմամբ առաջացնում է սույն օրենքով նախատեսված պատասխանատվություն, եթե այդ գործողությունները իրենց բնույթով քրեական պատասխանատվություն չեն առաջացնում գործող օրենքին համապատասխան:
  4. Պատասխանատվության միջոց կիրառելիս Կենտրոնական բանկը հաշվի է առնում.
  • խախտման բնույթը (դիտավորության առկայությունը, անզգուշությունը կամ անփութությունը).
  • խախտմամբ այլ անձանց հասցված վնասի առկայությունը և դրա չափը.
  • անհիմն հարստացման աստիճանը՝ հաշվի առնելով այլ անձանց տրված հատուցումները.
  • խախտման արդյունքում ստացված եկամտի կամ խուսափած վնասի չափը.
  • նախկինում նույն անձի կողմից նույն կամ որևէ այլ խախտում թույլ տալը և դրա համար պատասխանատվության ենթարկվելը, ինչպես նաև նախկին պատասխանատվության չափն ու բնույթը.
  • նույն և այլ անձանց կողմից նման խախտումները հետագայում բացառելու անհրաժեշտության աստիճանը:
  1. Կրիպտոակտիվների շուկան կարգավորող իրավական ակտերի պահանջների պահպանման այդ թվում՝ կրիպտոակտիներով ծառայություն մատուցող անձանց ներքին իրավական ակտերի պահանջների կատարման և պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնելիս տվյալ անձի կամ ֆինանսական համակարգի ֆինանսական կայունության կամ սույն օրենքի նպատակներից ելնելով Կենտրոնական բանկն իրավունք ունի իր հիմնավոր կարծիքով.
  • կասեցնել որոշակի կրիպտոակտիվներով կամ կրիպտոակտիվներով որոշակի ծառայությունների մատուցումը, բայց ոչ ավելի, քան 6 ամիս ժամկետով,
  • կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց, կրիպտոակտիվների հրապարակային առաջարկ իրականացնող անձանց, կրիպտոակտիվների՝ առևտրային հարթակում առևտրին թույլտվություն հայցող անձանց հանձնարարել փոփոխություններ կատարել առաջարկի փաստաթղթում կամ գովազդում, այդ թվում՝ կասեցնել կամ դադարեցնել գովազդը, բայց ոչ ավելի, քան 6 ամիս ժամկետով,

 

  • կասեցնել կրիպտոակտիվների հրապարակային առաջարկը, տեղաբաշխումը կամ կրիպտոակտիվների առևտրին թույլտվությունը, կամ պահանջել կրիպտոակտիվներով ծառայություն մատուցող անձից կրիպտոակտիվների՝ առևտրային հարթակում կասեցնել կրիպտոակտիվներով առևտուրը, բայց ոչ ավելի, քան 6 ամսիս ժամկետով,
  • դադարեցնել կրիպտոակտիվների հրապարակային առաջարկը, տեղաբաշխումը կամ կրիպտոակտիվների առևտրին թույլտվությունը կամ կրիպտոակտիվների առևտրային հարթակում կրիպտոակտիվների առևտուրը,
  • պահանջել կրիպտոակտիվների թողարկողից (հրապարակային առաջարկն անող անձից, կրիպտոակտիվի՝ առևտրային հարթակում թույլտվություն հայցող անձից) բացահայտելու առաջարկվող կամ հարթակում առևտրին թույլատրվող կրիպտոակտիվների մասին ողջ էական տեղեկատվությունը,
  • պահանջել կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձից իրականացնել իր կողմից ստեղծված ԱԳՏ-ների, փոխհամաձայնության մեխանիզմների, գործարքների և գործառույթների՝ ինքնաշխատ եղանակով իրականացման նպատակով ստեղծված ծրագրային լուծումների (սմարթ պայմանագրերի), տեղեկատվական և տեխնոլոգիական այլ համակարգերի կամ ալգորիթմների անկախ աուդիտ՝ նշված ոլորտներում աուդիտ իրականացնելու համապատասխան փորձառություն ունեցող անձի կողմից: Աուդիտն իրականացնող անձի եզրակացությունը կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը պարտավոր է ներկայացնել Կենտրոնական բանկ աուդիտի ավարտից հետո՝ 10 օրվա ընթացքում: Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով կարող է սահմանել սույն մասով նախատեսված աուդիտն իրականացնող անձին ներկայացվող այն չափանիշները, որոնց համապատասխանելու դեպքում աուդիտն իրականացնող անձը կարող է տեղեկատվական և տեխնոլոգիական համակարգերի հետ կապված աուդիտորական ծառայություն մատուցել կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձին:

Հոդված 84․         Նախազգուշացումը

  1. Որևէ անձի կողմից կրիպտոակտիվների շուկան կարգավորող իրավական ակտերի պահանջների խախտման դեպքում Կենտրոնական բանկի նախագահն իր որոշմամբ իրավասու է տալու նախազգուշացում:
  2. Նախազգուշացում տալու որոշումն ուժի մեջ է մտնում դրա հասցեատիրոջ գործունեության վայրում մուտքագրվելու, հանձնվելու կամ նրանց նշած գտնվելու կամ բնակվելու վայր ուղարկելու, հասցեատիրոջ նշած կամ հրապարակած պաշտոնական էլեկտրոնային հասցեին ուղարկելու կամ պատշաճ այլ կարգով նրանց իրազեկելու պահից և ենթակա է պարտադիր կատարման նախազգուշացվող անձի կողմից:

Հոդված 85․        Տուգանքի կիրառումը 

  1. Որևէ անձի կողմից կրիպտոակտիվների շուկան կարգավորող այդ թվում՝ կրիպտոակտիներով ծառայություն մատուցող անձանց ներքին իրավական ակտերի պահանջների,  ինչպես նաև հանձնարարականի չկատարման դեպքում Կենտրոնական բանկի նախագահն իր որոշմամբ իրավասու է կիրառելու սույն հոդվածով նախատեսված տուգանքները:
  2. Եթե կրիպտոակտիվների շուկան կարգավորող իրավական ակտերով առանձին խախտումների համար ավելի մեծ չափի տուգանք սահմանված չէ, ապա նշանակվում է տուգանք խախտման արդյունքում ստացված շահույթի կամ խուսափած վնասի (եթե հնարավոր է որոշել խախտման արդյունքում ստացված շահույթի կամ խուսափած վնասի չափը) մինչև 300 տոկոսի չափով։ Եթե հնարավոր չէ որոշել խախտման արդյունքում ստացված շահույթի կամ խուսափած վնասի չափը, ապա կիրառվում է տուգանք՝
  • Իրավաբանական անձանց համար՝ ստացված տարեկան հասույթի (եկամուտի) 15 տոկոսի չափով՝ հիմք ընդունելով տվյալ անձի՝ աուդիտորական եզրակացությամբ վերջին տարվա հրապարակված ֆինանսական տարեկան հաշվետվությունները,
  • Ֆիզիկական անձանց համար՝ նվազագույն աշխատավարձի մինչև քսան հազարապատիկի չափով։
  1. Կենտրոնական բանկի խորհուրդն իր որոշմամբ իրավասու է սահմանել տուգանքի չափի հաշվարկման մեթոդաբանությունը և տուգանքի վճարման տարաժամկետման կարգը:

Հոդված 86․         Լիցենզիան ուժը կորցրած ճանաչելը

Կենտրոնական բանկի կողմից սույն օրենքի համաձայն լիցենզավորվող անձանց գործունեության լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվում Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ՝ սույն օրենքով նախատեսված դեպքերում:

Հոդված 87․         Ղեկավարին գրանցումից հանելը

Կենտրոնական բանկի նախագահը իր որոշմամբ կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի ղեկավարներին հանում է Կենտրոնական բանկում գրանցումից սույն օրենքով, կրիպտոակտիվների ոլորտը կարգավորող այլ օրենքներով, դրանց հիման վրա ընդունված այլ նորմատիվ իրավական ակտերով նախատեսված դեպքերում: 

Հոդված 88․        Լրացուցիչ պատասխանատվությունը 

Սույն գլխով նախատեսված պատասխանատվությունը կիրառվում է օրենքով սահմանված պատասխանատվության ցանկացած այլ ձևի (քրեական, վարչական, քաղաքացիական կամ այլ) հետ մեկտեղ՝ որպես հիմնական կամ լրացուցիչ պատասխանատվություն:

ԳԼՈՒԽ 13 ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 89․        Քաղաքացիական պատասխանատվությունը տեղեկությունների խեղաթյուրման  և գնային չարաշահումների համար 

  1. Յուրաքանչյուր Յուրաքանչյուր անձ, որը սույն օրենքով, կրիպտոակտիվների ոլորտը կարգավորող այլ օրենքներով, դրանց հիման վրա ընդունված այլ նորմատիվ իրավական ակտերով նախատեսված և ներկայացված որևէ դիմումում, առաջարկի փաստաթղթում, հաշվետվությունում կամ նման այլ փաստաթղթում, դրանցում ներառվող կամ դրանց կից ներկայացվող փաստաթղթերում ներառված որևէ դրույթում (հայտարարության կամ տեղեկության մեջ) էական փաստ է խեղաթյուրում (բաց թողնում) կամ այլ կերպ դարձնում ապակողմնորոշիչ, պատասխանատվություն է կրում ցանկացած անձին պատճառված վնասների համար, որը, չիմանալով տվյալ տեղեկատվության խեղաթյուրված կամ ապակողմնորոշիչ լինելու մասին և դրա վրա հիմնվելով, կրիպտոակտիվ է գնել կամ վաճառել տվյալ տեղեկատվության ազդեցության արդյունքում ձևավորված գնով:
  2. Կրիպտոակտիվներ ձեռքբերողի իրական վնասների հատուցման հարցը որոշելու նպատակով կրիպտոակտիվներ ձեռքբերողի մոլորությունը համարվում է սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված գործողությունները կատարած անձի մեղքով առաջացած, եթե վերջինս չապացուցի, որ գործելով բարեխղճորեն, նա տեղյակ չէր այդ տեղեկատվության խեղաթյուրման կամ բացթողման մասին:
  3. Յուրաքանչյուր անձ, որը սույն օրենքի համաձայն պաշտպանված համարվող տեղեկություն է հրապարակում կամ չի կատարում նման տեղեկության պահպանման պարտականությունը, պատասխանատվություն է կրում հաճախորդին նման խախտմամբ պատճառված վնասի համար: Ընդ որում, կրիպտոակտիվների հետ կապված ծառայություն մատուցող անձանց կողմից պաշտպանված տեղեկությունների պատշաճ պահպանության համար ձեռնարկված անհրաժեշտ տեխնիկական միջոցների կամ սահմանված կազմակերպչական կանոնների անբավարարությունն ինքնին սույն մասով սահմանված գույքային պատասխանատվության հիմք լինել չի կարող:
  4. Յուրաքանչյուր անձ, որն ուղղակի կամ անուղղակի դիտավորությամբ սույն օրենքի 86-րդ հոդվածով արգելված գործողություններ կամ գործարքներ է կատարել, համապարտ պատասխանատվություն է կրում ցանկացած անձի հասցրած վնասի համար, որը տվյալ գործողության կամ գործարքի հետևանքով խեղաթյուրված գնով կրիպտոակտիվ է գնել կամ վաճառել:

Հոդված 90․         Ղեկավարների քաղաքացիական պատասխանատվությունը

  1. Թողարկողների, կրիպտոակտիվների հրապարակային առաջարկ իրականացնող թողարկողից տարբեր այլ անձանց, կրիպտոակտիվների՝ առևտրային հարթակում առևտրին թույլտվություն հայցող անձանց (սույն հոդվածի իմաստով այսուհետ՝ Թողարկող) ղեկավարները պարտավոր են իրենց իրավունքներն ու պաշտոնեական պարտականություններն իրականացնելիս գործել բարեխղճորեն և բավարար ուշադրությամբ, որը կգործադրվեր համարժեք պաշտոն զբաղեցնող անձի կողմից համարժեք հանգամանքներում սեփական գործը ղեկավարելիս, ինչպես նաև այնպիսի որոշումներ կայացնել, որոնք իրենց կարծիքով բխում են նախ և առաջ կրիպտոակտիվ թողարկողի և կրիպտոակտիվներ ձեռքբերողների շահերից:
  2. Թողարկողների ղեկավարները (եթե այդ մարմինը որոշումներ է ընդունում քվեարկությամբ) քվեարկելով որևէ որոշման կողմ՝ ի խախտումն սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պարտականությունների, որոշում կայացնելով կամ գրավոր խորհուրդ տալով՝ ի խախտումն սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պարտականությունների, համապարտ պատասխանատվություն են կրում (նման որոշման օգտին քվեարկած կամ նման որոշում կայացրած կամ խորհուրդ տված այլ անձանց հետ) Թողարկողին այդ որոշմամբ կամ խորհրդով պատճառած վնասների համար, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի:
  3. Այդ վնասի հատուցումը դատական կարգով կարող է պահանջել Թողարկողը, իսկ եթե վերջինս հրաժարվում է վնասների հատուցում պահանջելուց, ապա թողարկողի կողմից առաջարկած կրիպտոակտիվ ձեռքբերողը:
  4. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված ղեկավար անձը (սույն մասում այսուհետ՝ պատասխանատու անձ) ազատվում է նույն մասով սահմանված պատասխանատվությունից, եթե՝
  • պատասխանատու անձը (բացառությամբ որոշումը միանձնյա կայացրած անձի՝ իր որոշման մասով և խորհրդատուի՝ իր տված խորհրդի մասով)՝

ա. իր պաշտոնեական պարտականությունների շրջանակում հրաժարվել է տվյալ որոշման պահանջների կատարումից,

բ. որոշման ընդունման օրվան հաջորդող 3 օրվա ընթացքում այդ մասին գրավոր տեղեկացրել է Կենտրոնական բանկին ու Թողարկողի խորհրդի (նման այլ մարմնի) անդամներին՝ հայտարարելով, որ պատասխանատվություն չի ստանձնում որոշման կամ դրա համապատասխան մասի հետևանքների համար.

  • ապացուցում է, որ նման որոշումը կամ խորհուրդը պարտադրված է օրենքով կամ իրավական այլ ակտերով.
  • ապացուցում է, որ որոշմանը կողմ քվեարկելիս, որոշումը կայացնելիս, խորհուրդ տալիս կամ իր պաշտոնեական այլ պարտականությունները կատարելիս չի իմացել, որ այն կարող էր վնաս պատճառել, և հիմնվել է այնպիսի տեղեկատվության, մասնագիտական կարծիքի, հաշվետվությունների կամ ձեռնարկների (փաստաթղթերի) վրա, որոնք պատրաստվել կամ առաջարկվել են՝

ա. Թողարկողի մեկ կամ ավելի պաշտոնատար անձանց կամ աշխատակիցների կողմից` իրենց պաշտոնեական պարտականությունների շրջանակներում,

բ. Թողարկողի աշխատակցի կամ պայմանագրով ծառայություններ մատուցող իրավախորհրդատուի, հաշվապահի, աուդիտորի, ֆինանսական հարցերով խորհրդատուի կամ այլ մասնագիտական կարծիք տալու իրավունք ունեցող անձի կողմից, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերի:

  1. Պատասխանատու անձը սույն հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետի հիմքով պատասխանատվությունից չի ազատվում, եթե ապացուցվի, որ՝
  • նա տեղյակ էր սույն հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով նախատեսված փաստաթղթերում տեղ գտած այնպիսի սխալի կամ անբարեխղճության մասին, որի հետևանքով առաջացել է վնասը.
  • նրա պաշտոնն ու տվյալ առարկայի իմացությունը թույլ էին տալիս ողջամիտ ուսումնասիրության արդյունքում բացահայտել սխալը կամ անբարեխղճությունը կամ վնասի անխուսափելիությունը, և նա բարեխիղճ ուսումնասիրություն չի իրականացրել:

Հոդված 91․          Հսկող անձանց քաղաքացիական պատասխանատվությունը

  1. Յուրաքանչյուր անձ, որը բաժնետոմսերի սեփականության, պայմանագրի կամ համաձայնության ուժով (միջոցով) կամ այլ կերպ (ինքնուրույն կամ այլ անձանց հետ համատեղ) ուղղակիորեն կամ անուղղակիորեն հսկում է (հսկող անձ) սույն օրենքի համաձայն քաղաքացիական պատասխանատվություն կրող որևէ անձի (հսկվող անձ), նրա հետ համապարտ պատասխանատվություն է կրում այն անձանց նկատմամբ, որոնց նկատմամբ պատասխանատվություն է կրում հսկվող անձը, բացառությամբ այն դեպքերի, երբ հսկող անձը գործել է բարեխղճորեն և տեղյակ չի եղել այդ խախտման փաստին, իսկ տեղեկանալու դեպքում անմիջապես հայտնել է Կենտրոնական բանկին և հնարավորության սահմաններում միջոցներ ձեռնարկել խախտումը կամ դրա ընթացքը կանխելու համար:
  2. Անձը պատասխանատվություն չի կրում սույն հոդվածի հիմքով քաղաքացիական պատասխանատվություն կրող որևէ անձի գործատուն լինելու հանգամանքով, բացառությամբ հսկող անձանց, որոնք պատասխանատվություն են կրում սույն հոդվածի 1-ին մասի համաձայն:

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    30.05.2024 - 15.06.2024

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Ֆինանսական, Տնտեսական, Կոռուպցիայի դեմ պայքար, Դատական ակտերի հարկադիր կատարում, Քաղաքացիական և առևտրային օրենսդրություն

  • Նախարարություն

    ՀՀ կենտրոնական բանկ

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 9155

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Առաջարկներ`

Areg Gasparyan

15.06.2024

Եթե նպատակն է նվազեցնել անօրինական գործունեությունը, ակնհայտ է, որ կրիպտոակտիվների կառավարումը և նման օրենսդրական նախագծերը որևէ շոշափելի արդյունք չեն տալու, քանի որ կրիպտո տեխնոլոգիաները կենտրոնացված չեն և հեշտությամբ կարողեն օգտագործվել ցանկացած տեղից ուղակի կիրառելով որոշակի ծրագրային ապահովումներ կամ միջնորդներ։ Օրինակ, եթե նպատակներից մեկն է պայքարել տելեգրամյան ալիքներով տարածվող անօրինական գործունեությունը, որի հիմնական ֆինանսական միջոցը կրիպտոարժույթն է, ապա կարծում եմ, որևէ օրենսդրական փոփոխություն շոշափելի արդյունք չի գրանցելու և դրա լուծումն է համապատասխան կառույցների ծավալուն աշխատանքը, քանի որ կրիպտոի գաղափարն է անկառավարելի լինելը։ Ես կողմեմ օրենսդրական բարելավմանը որից ցանկացած մարդու համար կրիպտոն կլինի հեշտ և հարմար հասանելի և դա մարդու անձնական ազատության և գախտնիության իրավունքն է իսկ անօրինականության դիմաց պետք է այլ կերպ պայքարել։ Թղտից պատ կառուցելով չես պաշտպանի քո տունը։

Էդուարդ Ավետիսյան

15.06.2024

Նախագծով առաջարկվում է կրիպտոարժույթների փոխանակում իրականացնել բացառապես անկանխիկ եղանակով, որը առաջացնում է հավելյալ միջնորդներ, միջնորդավճարներ, վստահության օղակներ և հաճախորդների ավելի դանդաղ սպասարկում։ Մի կողմ դնելով այն, որ ներկայումս ՀՀ-ում որևէ բանկ չի սպասարկում կրիպտոարժույթներին առնչվող կազմակերպություններ, անգամ եթե բանկերը սկսեն մատուցել տվյալ ծառայությունը, որոշ դեպքեր կան, որտեղ կանխիկով փոխանակումը կենսական է մնում։ Օրինակ` կրիպտոարժույթների փոխանակումը ՌԴ-ից և Իրանից եկած զբոսաշրջիկների համար, ովքեր կարճ ժամանակով են գտնվում ՀՀ-ում, չունեն ՀՀ բանկային հաշիվ կամ առհասարակ զրկված են միջազգային բանկային և քարտային ծառայություններից։ Նրանց` կրիպտոարժույթի փոխանակում իրականացնելու միակ միջոցը կանխիկն է, որը պետք է շարունակի գործել։

Էդուարդ Ավետիսյան

14.06.2024

Օրենքն այս տեսքով չի կարող կարգավորել ամբողջ ոլորտը, քանի որ այն դիտարկում է կրիպտոն որպես ռիսկ, որը պետք է անհապաղ զսպել: Օրինագիծը բացարձակապես անտեսում է կրիպտոակտիվների տեխնոլոգիական ասպեկտն ու խրթին կարգավորումներով դժվարացնում և որոշ դեպքերում անհնար է դարձնում տեղական կազմակերպությունների աշխատանքը։ Բացի այդ սույն օրենսդրությունը անհետաքրքիր է դարձնում երկիրը` միջազգային կրիպտո կազմակերպությունների և բորսաների համար։ Հարկավոր է ոլորտում հաջողություն գրանցած այլ երկրների օրինակով պարզ և բիզնեսի համար հարմար օրենսդրական պայմաններ ստեղծել։

Տեսնել ավելին