Հիշել նախագիծը

ՀԾԿՀ 25.12.2019թ. №516-Ն, №517-Ն, №522-Ն և №523-Ն որոշումների մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին որոշումների նախագծեր

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №516-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Հայաս­տանի Հանրա­պե­տության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №517-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №522-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություն կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №523-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» որոշումների նախագծերի վերաբերյալ  

1. Ընթացիկ իրավիճակը, խնդիրները և անհրաժեշտությունը

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №516-Ն որոշմամբ հաստատված ՀՀ էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի առևտրային կանոնների համաձայն (այսուհետ՝ ԷՄՇ կանոններ)՝ արտառոց իրավիճակներում էլեկտրական էներգիայի վաճառքն իրականացվում է հանձնաժողովի կողմից սահմանված հաշվեկշռման ծառայություն մատուցող արտադրողի համար սահմանած առավելագույն գնով, բացառությամբ այն կայանների, որոնց համար հանձնաժողովը սահմանել է սակագին։ Մինչդեռ, 2024 թվականի ապրիլի 21-ին «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ-ի կողմից հայտարարված արտառոց իրավիճակի արդյունքում ԷՄՇ մասնակիցներին փաստացի մատուցված ծառայությունների և փաստացի առաքված (գնված) էլեկտրական էներգիայի (հզորության) արժեքների վերաբերյալ հաշվարկների կատարման ընթացքում ի հայտ են եկել իրավական հստակեցում պահանջող ձևակերպումներ։

ԷՄՇ կանոններում կատարված փոփոխություններով 05.01.2022թ.-ից ներդրվել է այնպիսի կարգավորում, երբ ԷՄՇ առևտրի մասնակիցը կարող է միևնույն ժամանակ ունենալ ՀՊԿԻ, ՀՊԿԽ, ՀՊԿԼ կամ ՀՊԿՄ կարգավիճակներից միայն մեկը և կարող է միաժամանակ ընդգրկված լինել միայն մեկ ՀՊԿԽ կարգավիճակ ունեցող ԷՄՇ առևտրի հաշվեկշռման խմբում։ Սակայն, գործնականում ի հայտ են եկել մի շարք դեպքեր, երբ նույն Հաշվառման կետում ԷՄՇ տվյալ մասնակիցը միաժամանակ հանդես է գալիս և որպես սպառող, և որպես արտադրող, ինչի դեպքում անհրաժեշտություն է առաջանում շուկայի կառավարման ծրագրում (ՇԿԾ) գրանցել և սպառման, և արտադրության ուղղություններն առանձին պրոֆիլներով: Ուստի, հաշվի առնելով վերոնշյալը, կարգավորման համապատասխան մեխանիզմ է ներդրվել այն արտադրողների համար, որոնք միաժամանակ հանդես են գալիս նաև երաշխավորված մատակարարի սպառողներ, ինչպես նաև մատակարարի հաշվեկշռման խմբում ներառված արտադրողների համար, որոնց միևնույն հաշվառման կետում սպառման և արտադրության ուղղությունները ենթակա են գրանցման առանձին պրոֆիլներով։

ԷՄՇ կանոնների 11-րդ գլխով սահմանված է ԷՄՇ առևտրի մասնակցի հաշվեկշռման պատասխանատվության կարգավիճակի փոփոխման և դադարեցման ընթացակարգը, որը գործող կարգավորումներով կարող է փոխվել միայն ԷՄՇ առևտրի մասնակցի նախաձեռնությամբ։ Մինչդեռ, ԷՄՇ կանոնների փոփոխությունների նախագծով ԷՄՇ առևտրի մասնակցի՝ առևտրին մասնակցության սահմանաչափը լրանալու դեպքում վերջինիս կողմից շուկայի կարգավորվող և օր առաջ բաղադրիչներում նոր հայտեր տալու, իսկ չկարգավորվող բաղադրիչում նոր գործարքներ կնքելու իրավունքն այդ պահից ոչ ավելի, քան 14 աշխատանքային օրով ՇԿԾ-ի միջոցով կասեցվում է մինչև բանկային երաշխիքի համալրումը։ ԷՄՇ առևտրի մասնակցի կողմից բանկային երաշխիքը չհամալրվելու դեպքում վերջինիս հաշվեկշռման պատասխանատվության կարգավիճակը ենթակա է փոփոխման շուկայի օպերատորի կողմից։ Ուստի, ԷՄՇ կանոնների փոփոխությունների նախագծով նախատեսվել է նաև ԷՄՇ առևտրի մասնակցի հաշվեկշռման պատասխանատվության կարգավիճակի փոփոխությունը շուկայի օպերատորի նախաձեռնությամբ իրականացնելու վերաբերյալ դրույթ։

Բացի այդ, գործող իրավակարգավորումներով առկա էին տարընկալումներ մատակարարի կողմից իր հաշվեկշռման խումբ սպառողի ընդգրկման և վերջինիս ՇԿԾ-ում գրանցման ընթացակարգի հետ կապված։ Հստակ կարգավորված չէր նաև մատակարարի սպառողի հետ կնքված մատակարարման պայմանագրի լուծման հիմքեր առաջանալու դեպքերում՝ վերջինիս իր հաշվեկշռման խմբից հանելու գործընթացի իրականացման ընթացակարգը։ Ուստի, անհրաժեշտություն է առաջացել հիշյալ իրավահարաբերությունները հստակեցնելու նպատակով՝ ԷՄՇ կանոնները լրացնել համապատասխան կարգավորումներով։

ԷՄՇ կանոններում փոփոխությունների նախագծով հստակեցվել է ուղիղ պայմանագրերի շուկայի կարգավորվող բաղադրիչում (ԿՈՒՊ բաղադրիչ) ԷՄՇ մասնակիցների՝ առևտրին մասնակցության դրույթը։ Գործող կանոններով հաղորդման կամ բաշխման ցանցին մեկ տարուց պակաս միացած հաշվառման կետի (կետերի) դեպքում ԿՈՒՊ բաղադրիչում էլեկտրական էներգիայի գնման հայտ ներկայացնելիս ԷՄՇ մասնակիցները պետք է ներկայացնեն միացման դիմումին կից ներկայացված փաստաթղթերում ու միացման պայմանագրում նշված՝ կանխատեսվող էլեկտրական էներգիայի սպառման ծավալների մասին ամսական տվյալները։ Գործնականում ԷՄՇ մասնակիցների կողմից իրենց հաշվեկշման պատասխանատվության խմբում ընդգրկված հաշվառման կետերի մասով ԿՈՒՊ բաղադրիչում էլեկտրական էներգիայի գնման հայտ ներկայացնելիս հիմք են ընդունվել վերջիններիս սպառման համակարգերի էլեկտրական ցանցին միացման ակտիվ հզորությունները։ Մինչդեռ, իրականում որոշ սպառողներ ունեցել են անհամեմատ քիչ սպառում, քան վերջիններիս սպառման համակարգերի ամրագրված հզորությունն է կամ ընդհանրապես չեն սպառել էլեկտրական էներգիա։ Ուստի, ԷՄՇ կանոններում փոփոխությունների նախագծով ԿՈՒՊ բաղադրիչում ԷՄՇ մասնակցի գնման հայտում հաղորդման կամ բաշխման ցանցին մեկ տարուց պակաս միացած հաշվառման կետի (կետերի) մասով կարգավորում է սահմանվել ԷՄՇ մուտքի առաջին և երկրորդ ամիսների համար՝ դրանց հաջորդող ամիսներին հիմք ընդունելով վերջիններիս փաստացի սպառումը։

Միևնույն ժամանակ, խմբագրվել և լավարկվել են ԷՄՇ կանոնների 30-րդ գլխով սահմանված ԷՄՇ մասնակիցների վճարումների երաշխավորման մեխանիզմները։ Նախատեսվել են դրույթներ ԷՄՇ առևտրի մասնակցի առևտրին մասնակցության սահմանաչափի լրանալու, ԷՄՇ առևտրի մասնակցի կողմից բանկային երաշխիքը չհամալրվելու դեպքերում  շուկայի օպերատորի կողմից կիրառվող գործողությունների վերաբերյալ, այդ թվում՝ ԷՄՇ առևտրի մասնակցի՝  առևտրին մասնակցության սահմանաչափը լրանալու դեպքում վերջինիս կողմից ԷՄՇ հատվածներում և բաղադրիչներում հայտեր տալու և գործարքներ կնքելու իրավունքը ՇԿԾ-ի միջոցով կասեցնելու ընթացակարգի մասով։

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №517-Ն որոշմամբ հաստատված ՀՀ էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի առևտրային կանոններում (այսուհետ՝ ԷՄԱ կանոններ) ներկայացված փոփոխությունների նախագծով առաջարկվում է ներդնել մատակարարման խմբի ինստիտուտը, որի պարագայում, այն դեպքում երբ սպառողի սպառման համակարգից սնվող որևէ ենթասպառողի հաշվառքի սարքը չի համապատասխանում հանձնաժողովի  2019 թվականի դեկտեմբերի 25-ի №523-Ն որոշմամբ հաստատված ՀՀ էլեկտրաէներգետիկական շուկայի բաշխման ցանցային կանոններով (այսուհետ՝ ԷԲՑ կանոններ) սահմանված պահանջներին և ներառված չէ բաշխողի էլեկտրական էներգիայի հաշվառման և վերահսկման ավտոմատացված համակարգում (ԲԷԱՀ), ապա նման բոլոր ենթասպառողներին և համապատասխան սպառողին հնարավորություն է տրվել ձևավորել խումբ (մատակարարման խումբ) և խմբի համար ընտրելով միասնական մատակարար՝ հանդես գալ էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայում, ինչը գործող կարգավորումներով նախատեսված չէ։

   Բացի այդ, գործող կարգավորումներով մատակարարի հաշվեկշռման խմբում սպառող ընդգրկելու գործընթացի մասին էլեկտրաէներգետիկական շուկայի օպերատորը տեղեկացվում էր միայն գործընթացի վերջում, երբ բաշխողի կողմից շուկայի օպերատորի համար ապահովվում էր սպառողի միացման, առևտրային հաշվառքի սարքերի նույնականացման և նախկին սպառման ծավալների մասին տվյալների հասանելիությունը ԲԷԱՀ-ում։ ԷՄԱ կանոններում փոփոխությունների նախագծով նախատեսվել է սպառողին մատակարարի հաշվեկշռման խմբում ընդգրկելու հնարավորության պարզման նպատակով նախ դիրքորոշում ստանալ շուկայի օպերատորից, ապա վերջինիս դրական դիրքորոշումն ստանալուց հետո նոր միայն կնքել մատակարարման պայմանագիր։

Կարգավորումներ են նախատեսվել նաև մատակարարման պայմանագրի լուծման դեպքում սպառողին մատակարարի հաշվեկշռման խմբից հանելու հարաբերությունների հստակեցման մասով, որի դեպքում գործընթացն սկսելու համար դարձյալ նախատեսվում է ստանալ շուկայի օպերատորի դիրքորոշումը։ 

Գործող ԷԲՑ կանոններով բաշխողի կողմից ԷՄՇ մասնակցի էլեկտրամատակարարման դադարեցման վերաբերյալ կարգավորում նախատեսված չէ, մինչդեռ բաշխման ցանցին միացած յուրաքանչյուր սպառողի, այդ թվում՝ ԷՄՇ մասնակցի էլեկտրամատակարարումը դադարեցվում և վերականգնվում է բաշխողի կողմից (հաղորդման ցանցին միացած ԷՄՇ մասնակցի կամ սպառողի էլեկտրամատակարարումը դադարեցվում է հաղորդողի հետ համատեղ)։ Ուստի, անհրաժեշտություն է առաջացել կատարել համապատասխան փոփոխություններ ԷԲՑ կանոններում՝ նախատեսելով ԷՄՇ մասնակցի կողմից գրավոր պահանջի և առաջարկվող ժամկետի ներկայացման պարագայում վերջինիս էլեկտրամատակարարումը բաշխողի կողմից դադարեցնելու իրավական հիմք, ինչպես նաև իրավական հիմքեր՝ ԷՄՇ կանոններով նախատեսված վճարումները չկատարելու և ԷՄՇ կանոններով նախատեսված բանկային երաշխիքը չհամալրելու դեպքում շուկայի օպերատորի կողմից գրավոր պահանջի և առաջարկվող ժամկետի ներկայացման պարագայում ԷՄՇ մասնակցի էլեկտրամատակարարումը դադարեցնելու համար։ Միաժամանակ, նախատեսվել են նաև ԷՄՇ մասնակցի էլեկտրամատակարարումը վերականգնելու հետ կապված կարգավորումներ։

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №522-Ն որոշմամբ հաստատված ՀՀ էլեկտրաէներգետիկական շուկայի հաղորդման ցանցային կանոններում (այսուհետ՝ ԷՀՑ կանոններ) ներկայացված փոփոխությունների նախագծով  ԷՄՇ մասնակցի էլեկտրամատակարարման դադարեցման և վերականգնման հետ կապված հարաբերությունները  նախատեսվում է կարգավորել ԷԲՑ կանոններով սահմանված՝ վերը նշված փոփոխությունների շրջանակում։ Միաժամանակ, գործող ԷՀՑ կանոններով սահմանված է, որ միացման տեղեկանք ստանալու համար դիմող անձը հաղորդողին վճարում է ծառայության վճար, որը վերադարձի ենթակա է միայն ԷՀՑ կանոնների 201-րդ կետի համաձայն դիմումի մերժման դեպքում։ Մինչդեռ, ԷՀՑ կանոնների 201-րդ կետով նախատեսված է ոչ թե դիմումի մերժման, այլ դիմումի վերադարձման դեպք։ Ուստի, անհրաժեշտություն է առաջացել հստակեցնել միացման տեղեկանք ստանալու համար դիմող անձի կողմից վճարվող ծառայության վճարի վերադարձմանն առնչվող կարգավորումը։

 Միաժամանակ, էլեկտրաէներգետիկական շուկայի գործարկման արդյունքում ի հայտ եկած և շուկայում ընթացող առևտրի ընթացքում ծագած տեխնիկական բնույթի խնդիրների լուծման նպատակով անհրաժեշտություն է առաջացել իրականացնել խմբագրական բնույթի փոփոխություններ, մասնավորապես փոփոխություններ առանձին գործառնությունների իրականացման ժամկետներում, ԷՄՇ մասնակցի վիրտուալ քարտում և սպառողի հաշվառման քարտում պարունակվող տեղեկատվության մեջ և այլ փոփոխություններ ու լրացումներ։

 2. Կարգավորման նպատակը և բնույթը

Էլեկտրաէներգետիկական շուկայի գործարկման արդյունքում ի հայտ եկած և շուկայում ընթացող առևտրի ընթացքում ծագած խնդիրներն ու հնարավոր ռիսկերը չեզոքացնելու նպատակով նախատեսվել են փոփոխություններ և լրացումներ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №516-Ն, 517-Ն, №522-Ն և №523-Ն որոշումներով հաստատված՝ էլեկտրաէներգետիկական մեծածախ և մանրածախ շուկաների առևտրային և հաղորդման ու բաշխման ցանցային կանոններում։ Մասնավորապես, ներկայացված նախագծերով նախատեսվել են՝

  • իրավակարգավորումներ արտառոց իրավիճակներում փաստացի առաքված (գնված) էլեկտրական էներգիայի (հզորության) արժեքների հաշվարկների իրականացման վերաբերյալ,
  • կարգավորման համապատասխան մեխանիզմ այն դեպքերի համար, երբ նույն հաշվառման կետում ԷՄՇ տվյալ մասնակիցը միաժամանակ հանդես է գալիս և որպես սպառող, և որպես արտադրող, ինչի պարագայում անհրաժեշտ է ՇԿԾ-ում գրանցել և սպառման, և արտադրության ուղղություններն առանձին պրոֆիլներով,
  • շուկայի օպերատորի նախաձեռնությամբ ԷՄՇ առևտրի մասնակցի հաշվեկշռման պատասխանատվության կարգավիճակի փոփոխման և դադարեցման ընթացակարգ,
  • իրավակարգավորումներ մատակարարի կողմից իր հաշվեկշռման խումբ սպառողի ընդգրկման և վերջինիս ՇԿԾ-ում գրանցման ընթացակարգի, ինչպես նաև մատակարարի սպառողի հետ կնքված մատակարարման պայմանագրի լուծման հիմքեր առաջանալու դեպքերում՝ վերջինիս մատակարարի հաշվեկշռման խմբից հանելու գործընթացի իրականացման հետ կապված,
  • իրավակարգավորումներ հաղորդման կամ բաշխման ցանցին մեկ տարուց պակաս միացած հաշվառման կետի (կետերի) մասով ԿՈՒՊ բաղադրիչում ԷՄՇ մասնակցի կողմից ներկայացվող գնման հայտերի վերաբերյալ,
  • դրույթներ ԷՄՇ առևտրի մասնակցի առևտրին մասնակցության սահմանաչափի լրանալու, ԷՄՇ առևտրի մասնակցի կողմից բանկային երաշխիքը չհամալրվելու դեպքերում շուկայի օպերատորի կողմից իրականացվող գործողությունների վերաբերյալ, այդ թվում՝ ԷՄՇ առևտրի մասնակցի՝ առևտրին մասնակցության սահմանաչափը լրանալու դեպքում վերջինիս կողմից ԷՄՇ հատվածներում և բաղադրիչներում հայտեր տալու և գործարքներ կնքելու իրավունքն ՇԿԾ-ի միջոցով կասեցնելու ընթացակարգի վերաբերյալ,
  • սպառողի սպառման համակարգից սնվող որևէ ենթասպառողի հաշվառքի սարքի՝ ԷՄԱ կանոնների 56-րդ կետի 2-րդ ենթակետում նշված պահանջներին չհամապատասխանելու դեպքում՝ հիշյալ ենթասպառողների և համապատասխան սպառողի կողմից մատակարարման խումբ ձևավորելու և միասնական մատակարար ընտրելու միջոցով էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայում հանդես գալու հետ կապված իրավակարգավորումներ,
  • սպառողի և մատակարարի միջև կնքված մատակարարման պայմանագրի լուծմանը և մատակարարի հաշվեկշռման խմբից երաշխավորված մատակարարի հաշվեկշռման խումբ սպառողների տեղափոխմանն առնչվող իրավակարգավորումներ,
  • ԷՄՇ մասնակցի կողմից գրավոր պահանջի և առաջարկվող ժամկետի ներկայացման պարագայում վերջինիս էլեկտրամատակարարումը բաշխողի կողմից դադարեցնելու իրավական կարգավորում,
  • ԷՄՇ կանոններով նախատեսված վճարումները չկատարելու և ԷՄՇ կանոններով նախատեսված բանկային երաշխիքը չհամալրելու դեպքում շուկայի օպերատորի կողմից գրավոր պահանջի և առաջարկվող ժամկետի ներկայացման պարագայում ԷՄՇ մասնակցի էլեկտրամատակարարումը դադարեցնելու իրավական կարգավորում,
  • միացման տեղեկանք ստանալու համար դիմող անձի կողմից վճարվող ծառայության վճարի վերադարձմանն առնչվող կարգավորում,
  • առանձին գործառնությունների իրականացման ժամկետներում, ԷՄՇ մասնակցի վիրտուալ քարտում և Սպառողի հաշվառման քարտում պարունակվող տեղեկատվության մեջ փոփոխություններ,
  • խմբագրական բնույթի այլ փոփոխություններ։

 3. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագծերը մշակվել են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից։

 4. Ակնկալվող արդյունքը

Նախագծերի ընդունման արդյունքում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №516Ն, 517-Ն, №522-Ն և №523-Ն որոշումներով հաստատված՝ էլեկտրաէներգետիկական մեծածախ և մանրածախ շուկաների առևտրային կանոններում, հաղորդման և բաշխման ցանցային կանոններում կհստակեցվեն արտառոց իրավիճակներում փաստացի առաքված (գնված) էլեկտրական էներգիայի (հզորության) արժեքների հաշվարկների իրականացման իրավահարաբերությունները, ԷՄՇ մասնակցի նույն հաշվառման կետում միաժամանակ և որպես սպառող, և որպես արտադրող հանդես գալու դեպքում ՇԿԾ-ում երկու ուղղություններն առանձին պրոֆիլներով գրանցման հետ կապված իրավակարգավորումները, հաղորդման կամ բաշխման ցանցին մեկ տարուց պակաս միացած հաշվառման կետի (կետերի) մասով ԿՈՒՊ բաղադրիչում ԷՄՇ մասնակցի կողմից ներկայացվող գնման հայտերը, ԷՄՇ մասնակիցների վճարումների երաշխավորման մեխանիզմները, մատակարարի և սպառողի միջև կնքված մատակարարման պայմանագրի լուծմանն առնչվող իրավակարգավորումները, կսահմանվեն ԷՄՇ մասնակցի կողմից գրավոր պահանջի ներկայացման պարագայում վերջինիս էլեկտրամատակարարումը բաշխողի կողմից դադարեցնելու, շուկայի օպերատորի կողմից գրավոր պահանջի պարագայում ԷՄՇ մասնակցի էլեկտրամատակարարումը դադարեցնելու հետ կապված կարգավորումներ, առանձին գործառնությունների իրականացման համար կնախատեսվեն այլ ժամկետներ, ինչպես նաև կհստակեցվի ԷՄՇ մասնակցի վիրտուալ քարտում և սպառողի հաշվառման քարտում պարունակվող տեղեկատվությունը և միացման տեղեկանք ստանալու համար դիմող անձի կողմից վճարվող ծառայության վճարի վերադարձմանն առնչվող կարգավորումը։ 

  • Քննարկվել է

    27.05.2024 - 12.06.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էներգետիկա (էլեկտրաէներգետիկական, ջերմամատակարարման, գազամատակարարման համակարգեր)

  • Նախարարություն

    ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 789

Տպել