Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի օգոստոսի 19-ի N 1146-ն որոշման մեջ փոփոխություն ու լրացումներ կատարելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 268-ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 15-ի N 503-ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

______________________  2017 թվականի      N        -Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 19-Ի N 1146-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի N 268-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-Ի N 503-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի հաշվետվությունների ուսումնասիրության բաժինը միացման ձևով վերակազմակերպել` միացնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի հաշվապահության, աուդիտի և ոչ ֆինանսական ոլորտի մեթոդաբանության վարչությանը:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի հաշվապահության, աուդիտի և ոչ ֆինանսական ոլորտի մեթոդաբանության վարչությունը բաժանման ձևով վերակազմակերպել հանրային հատվածի հաշվապահական հաշվառման մեթոդաբանության և հաշվետվությունների մշտադիտարկման վարչության և ոչ ֆինանսական ոլորտի մեթոդաբանության բաժնի:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական ներքին ֆինանսական հսկողության և պետական գնումների մեթոդաբանության վարչությունը բաժանման ձևով վերակազմակերպել պետական գնումների գործընթացի համակարգման վարչության, հանրային ֆինանսների կառավարման մեթոդաբանության վարչության:

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարութան աշխատակազմի տեղեկատվական տեխնոլոգիաների ենթակառուցվածքների ներդրման, զարգացման և վիճակագրության վարչությունը վերանվանել տեղեկատվական տեխնոլոգիաների ենթակառուցվածքների ներդրման և զարգացման վարչություն:

5. Ստեղծել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարութան աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության և քաղաքացիական պաշտպանության բաժին:

6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի օգոստոսի 19-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 15-ի N 503-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 2-ի N 737-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումներ ստեղծելու և այդ ստորաբաժանումների կանոնադրություններն ու կառուցվածքները հաստատելու մասին» N 1146-Ն որոշման N 5 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները՝

1) 1-ին կետից հանել «՝ բացառությամբ աուդիտորական ծառայությունների» բառերը.

2) 7-րդ կետն «Ինկասացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի» բառերից հետո լրացնել «, «Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի» բառերով.

3) 8-րդ կետի 1-ին ենթակետն «ինկասացիոն ծառայությունների մատուցման գործունեություններ» բառերից հետո լրացնել «, աուդիտորական ծառայություններ» բառերով:

7. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 4-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի աուդիտորական գործունեության հսկողության տեսչություն ստեղծելու, տեսչության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 15-ի N 503-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 268-Ն որոշումը:

8. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 15-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 11-ի N 1460-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 503-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները՝

1) որոշման N 1 հավելվածի`

ա. 6-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4) հաշվապահական հաշվառման (այդ թվում` հանրային հատվածի կազմակերպությունների) և աուդիտորական գործունեության քաղաքականությունների ու մեթոդաբանության մշակումը և դրանց իրականացման աշխատանքների կատարման ապահովումը.»,

բ. 6-րդ կետի 7-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7) ստուգումների միջոցով պետական կառավարչական հիմնարկների և պետական ոչ առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության, ինչպես նաև համայնքներին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից տրամադրված նպատակային հատկացումների և օրենքով թույլատրված այլ աղբյուրներից ներգրավված փոխառու միջոցների օգտագործման նկատմամբ ֆինանսական վերահսկողության կազմակերպումը և իրականացումը.»,

գ. 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7. Նախարարությունն իր նպատակների և խնդիրների իրականացման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` ըստ ոլորտների իրականացնում է հետևյալ գործառույթները`

1) մակրոտնտեսական քաղաքականության ոլորտում`

ա. պետական պարտքի կայունության գնահատումը,

բ. Հայաստանի Հանրապետության կառավարության պարտքի ռազմավարության մշակումը,

գ. իր իրավասությունների սահմաններում մակրոտնտեսական և բյուջետային ծախսային քաղաքականությունների տեսանկյունից միջազգային ֆինանսատնտեսական հաստատությունների հետ համագործակցությունը,

դ. մակրոտնտեսական հիմնական նպատակային ցուցանիշների որոշումն ու սահմանումը, մակրոտնտեսական ծրագրավորումը, մակրոտնտեսական ուսումնասիրությունների և վերլուծությունների իրականացումը,

ե. ռազմավարական ծրագրի մշակման, տարեկան միջոցառումների ծրագրի ճշգրտման և վերանայման աշխատանքներին անմիջական մասնակցությունը.

2) բյուջետային եկամուտների քաղաքականության ոլորտում`

ա. հարկային, մաքսային և այլ եկամուտների գծով քաղաքականության մշակումը,

բ. հարկային, մաքսային և այլ եկամուտների վերլուծությունն ու գնահատումը,

գ. միջազգային հարկային, մաքսային և այլ եկամուտների բնագավառում համագործակցության ապահովումը, քաղաքականության մշակումը,

դ. Եվրասիական տնտեսական միության միասնական իրավապայմանագրային և օրենսդրական կարգավորումների մշակման աշխատանքների կատարումը.

3) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծի կազմման ոլորտում`

ա. առաջիկա տարվա բյուջետային գործընթացի աշխատանքների կազմակերպումը, այդ թվում` պետական և համայնքների բյուջեների կազմման համար անհրաժեշտ հաշվարկների կատարման մեթոդական ցուցումների և ուղեցույցների, բյուջետային ֆինանսավորման հայտերի, բյուջետային հիմնարկների պահպանման ծախսերի նախահաշիվների ձևերն ու դրանք ներկայացնելու կարգերի մշակումը և տրամադրումը պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմիններին,

բ. պետական կառավարման մարմիններից առաջիկա բյուջետային տարվա բյուջետային մուտքերի կանխատեսումների ու բյուջետային ֆինանսավորման հայտերի ստացումը, դրանց վերլուծությունը և առաջիկա տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մուտքերի ու ելքերի ֆինանսական ծրագրավորումը,

գ. առաջիկա տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մշակումը,

դ. առաջիկա տարվա Հայաստանի Հանրապետության կառավարության բյուջետային ուղերձի մշակումը (սահմանված կարգով՝ այլ պետական կառավարման մարմինների հետ համատեղ),

ե. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մշակումը և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման եռամսյակային համամասնությունների ծրագրավորումը,

զ. Հայաստանի Հանրապետության պետական և համայնքների բյուջեների միջև հարաբերությունների կարգավորումը,

է. առաջիկա տարվա Հայաստանի Հանրապետության համախմբված բյուջեի նախնական ցուցանիշների ծրագրավորումը,

ը. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսվող Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից, այլ կենտրոնացված ֆոնդերից Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումներով իրականացվող հատկացումների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված հատկացումների վերաբաշխումների կատարման ու նախորդ բյուջետային տարիների արդյունքներով առաջացած պարտքերի մարման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարություն առաջարկություններ ներկայացնելը,

թ. Հայաստանի Հանրապետության միջնաժամկետ ծախսային ծրագրերի մշակման աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը, այդ ծրագրերի կազմման մեթոդաբանության մշակումը,

ժ. բյուջետային հատկացումների վերաբաշխումների կատարման մեթոդաբանության մշակումը և ներդրումը,

ժա. պետական մարմինների` բյուջետային ծախսերի ֆինանսական ծրագրավորման գործընթացում ներգրավված աշխատողների մասնագիտական որակավորման մակարդակի բարձրացման նպատակով համապատասխան դասընթացների պարբերաբար կազմակերպման գործընթացի համակարգումը.

4) բյուջեների կատարման ոլորտում`

ա. Հայաստանի Հանրապետության և համայնքների դրամական միջոցների կառավարման ու ծախսերի ֆինանսավորման գործի կազմակերպումը,

բ. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական և համայնքների բյուջեների կատարման կազմակերպումը, ինչպես նաև համախմբված բյուջեի կատարման հետ կապված հարաբերությունների նորմատիվ կարգավորման մեթոդական ապահովումը,

գ. Հայաստանի Հանրապետության և համայնքների տնօրինության ներքո գտնվող դրամական միջոցների մուտքագրման ու դրանց հաշվին ծախսերի` լիազոր մարմնի գանձապետական միասնական հաշվով կատարման կազմակերպումը և կատարվող վճարումների նկատմամբ նախնական հսկողության իրականացումը,

դ. պետական հիմնարկների ֆինանսական գործունեության մասին հաշվետվություններ կազմելու, ներկայացնելու և ամփոփելու հետ կապված հարաբերությունների, ինչպես նաև բյուջետային հատվածում հաշվապահական հաշվառման քաղաքականության մշակումը,

ե. Հայաստանի Հանրապետության և համայնքների ֆինանսական հոսքերի սպասարկման կազմակերպումը, Հայաստանի Հանրապետության անունից պարտատոմսերի, մուրհակների, այլ վճարային արժեթղթերի թողարկումը, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից, այդ թվում՝ միջազգային ծրագրերի միջոցներից, վարկերի, փոխատվությունների, սուբսիդիաների, սուբվենցիաների, բյուջետային երաշխիքների տրամադրումը,

զ. պետական հիմնարկների արտաբյուջետային ֆոնդերով (հաշիվներով) գործառնությունների հաշվառումը,

է. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի, համայնքների բյուջեների և արտաբյուջետային միջոցներով գործառնությունների կատարման մասին ստացված ֆինանսական հաշվետվություններում արտացոլված տեղեկությունների արժանահավատության գնահատումը, ամփոփումը և դրանց հիման վրա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը կազմելն ու ներկայացնելը,

ը. Հայաստանի Հանրապետության պետական պարտքի կառավարումն ու սպասարկումը,

թ. օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրված ապրանքային վարկերի ու դրամաշնորհների դրամայնացման հաշվառումը և դրա հետ կապված գործառույթների համակարգումն ու հսկումը (մոնիթորինգ),

ժ. Հայաստանի Հանրապետության նկատմամբ առաջացած` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած պարտավորությունների սպասարկումը,

ժա. բյուջեների կատարումն ապահովող` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ միջոցառումների իրականացումը,

ժբ. օրենքով սահմանված շրջանակներում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից նախարարությանը և պետական կառավարման այլ մարմինների, ինչպես նաև օրենքով պետական կառավարման մարմիններին վերապահված իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով սահմանված բյուջետային հատկացումների և այլ ցուցանիշների համապատասխան վերաբաշխումների ու փոփոխությունների իրականացումն ու հաշվառումը.

5) գնումների գործընթացի կարգավորման և համակարգման ոլորտում`

ա. գնումներին վերաբերող իրավական ակտերի նախագծերի մշակման աշխատանքների համակարգումը և ընդունումը կամ դրանք հաստատման ներկայացնելը,

բ. գնումների գործընթացի մեթոդական ղեկավարման կազմակերպումը,

գ. պատվիրատուների գնումները համակարգողների մասնագիտական ուսուցման, շարունակական վերապատրաստման և որակավորման գնահատման համակարգի առկայության ապահովումը, ինչպես նաև գնումների որակավորված մասնագետների (անձանց) ցուցակի հրապարակումը,

դ. տեղեկագրի, այդ թվում՝ պետական գնումների մասին տարեկան հաշվետվության հրապարակման աշխատանքների կազմակերպումը,

ե. գնումների հետ կապված միջազգային կազմակերպությունների, օտարերկրյա պետությունների և Հայաստանի Հանրապետության պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցության համակարգումը,

զ. պետության համար պարտավորություններ առաջացնող գնման գործարքների հաշվառումը,

է. պետության կարիքների համար կնքված պայմանագրերի, ինչպես նաև պետության համար պարտավորություններ առաջացնող գնման գործընթացների գծով ընտրանքային կարգով մոնիթորինգի իրականացումը.

6) ներքին աուդիտի ոլորտում`

ա. ներքին աուդիտի համակարգի զարգացման և մեթոդաբանության կատարելագործման նպատակով պարբերաբար մշտադիտարկումներ (մոնիթորինգ) է իրականացնում «Ներքին աուդիտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, ներքին աուդիտի մեթոդաբանության, ներքին աուդիտի ստանդարտների և ներքին աուդիտորների վարքագծի կանոնների պահանջների կիրառման նկատմամբ,

բ. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովում է ներքին աուդիտի գործընթացի համակարգումը և ներդաշնակեցումը, ներքին աուդիտորների ուսուցման և շարունակական մասնագիտական վերապատրաստման համակարգի առկայությունը, ներքին աուդիտորի արհեստավարժության համապատասխան աստիճանը հաստատող որակավորման քննությունների կազմակերպման համակարգի առկայությունը, մինչև յուրաքանչյուր տարվա մայիսի 1-ը ներքին աուդիտի համակարգի մասին նախորդ տարվա հաշվետվության հրապարակումը, ներքին աուդիտորների` որակավորված անհատների և կազմակերպությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում ընդունելի` միջազգայնորեն ճանաչված աուդիտորի որակավորում ունեցող անձանց հաշվառումը և նրանց ցանկի հրապարակումը, Հայաստանի Հանրապետության և այլ երկրների ներքին աուդիտի ոլորտի հաստատությունների ու մարմինների հետ համագործակցությունը, կազմակերպությունների ներքին աուդիտի ստորաբաժանումների, ներքին աուդիտորների, ինչպես նաև ներքին աուդիտի ստորաբաժանումների կանոնակարգերի գրանցամատյանի ստեղծումը և վարումը.

7) հաշվապահական հաշվառման և աուդիտի կարգավորման ոլորտում`

ա. հաշվապահական հաշվառման (այդ թվում` հանրային հատվածի կազմակերպությունների) և աուդիտի քաղաքականության մշակումը,

բ. հաշվապահական հաշվառման հաշվային պլանի և դրա կիրառման հրահանգի մշակումն ու հաստատումը, ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին համապատասխան ցուցադրական ֆինանսական հաշվետվությունների մշակումն ու հրապարակումը,

գ. ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների, միջազգային ստանդարտների ուղեցույցների, աուդիտի միջազգային ստանդարտների, դրանց փոփոխությունների՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հայերեն թարգմանությունների ապահովումն ու հրապարակումը,

դ. հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառումը կարգավորող իրավական ակտերի, այդ թվում՝ ստանդարտների, հաշվային պլանի, ֆինանսական հաշվետվությունների օրինակելի փաթեթի, հաշվապահական հաշվառման քաղաքականության օրինակելի մոդելի, սկզբնական հաշվառման փաստաթղթերի ու գրանցամատյանների օրինակելի ձևերի և այլ իրավական ակտերի մշակումն ու հաստատումը,

ե. օտարերկրյա պետությունների համապատասխան կառույցների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հավատարմագրված հասարակական կազմակերպությունների կողմից Հաշվապահների միջազգային դաշնության կրթական ստանդարտներին համապատասխան կազմված ծրագրերով անցկացված քննությունների արդյունքում որակավորված աուդիտորներին աուդիտորի որակավորման վկայականի տրամադրումը, մասնագիտացված կառույցների հավատարմագրման գործընթացի իրականացումը,

զ. հաշվապահների (այդ թվում` հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահների) որակավորման կազմակերպումը և քննությունների անցկացումը,

է. հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահների ուսուցման և շարունակական մասնագիտական վերապատրաստման համակարգի ապահովումը,

ը. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ համատեղ` բանկերի հաշվապահական հաշվառման վարման կարգի սահմանումը,

թ. հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության նկատմամբ հանրային վերահսկողության իրականացումը.

8) էլեկտրոնային կառավարման ոլորտում` էլեկտրոնային կառավարման համակարգերի և ենթակառուցվածքների ներդրումը, արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողներին և ներքին շուկայում գործող տնտեսավարողներին էլեկտրոնային ծառայությունների մատուցումը, այլ երկրների, միությունների հետ տեղեկատվության փոխանակումը.

9) թանկարժեք մետաղներով ու քարերով գործառնությունների կարգավորման ոլորտում` թանկարժեք մետաղների և քարերի պետական պահուստների կառավարումը, ինչպես նաև թանկարժեք մետաղների և քարերի պետական պահուստների արդյունավետ կառավարման վերաբերյալ նորմատիվ իրավական ակտերի և մեթոդական փաստաթղթերի նախագծերի մշակումը, թանկարժեք մետաղներից պատրաստված ոսկերչական և այլ կենցաղային իրերի վրա անվանանիշի, հարգադրոշմի և տարբերանիշի դրոշմահետքի փորձաքննությունը, տարբերանիշերի պատվիրումը, տրամադրումը և հաշվառումը, անվանանիշերի պատվիրումը, տրամադրումը և հաշվառումը, «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությունում մուտքագրվող թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի և դրանցից պատրաստված իրերի փորձաքննությունը, որակական գնահատման ապահովումը և թանկարժեք մետաղների ստուգիչ տարալուծումները, ինչպես նաև թանկարժեք քարերի անվանման որոշումը և որակական գնահատման ապահովումը, թանկարժեք մետաղներ և թանկարժեք քարեր պարունակող, թանգարանային նմուշների ու արխիվային արժեքների փորձաքննությունը, պետական մարմինների և դատարանների կողմից ընդունված որոշումների հիման վրա կատարվող թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի ու դրանցից պատրաստված իրերի փորձաքննությունը, հարգորոշման և հարգադրոշմման համար օգտագործվող սարքավորումների փորձաքննությունը.

10) ֆինանսատնտեսական և վարկային շուկայի ոլորտում` Հայաստանի Հանրապետության կառավարությանը վերապահված լիազորությունների սահմաններում ֆինանսատնտեսական և վարկային միասնական պետական քաղաքականության մշակման ապահովումը, այդ թվում` ֆինանսական շուկայի վարկային և ոչ վարկային սեգմենտների զարգացման ծրագրերի մշակումը և այդ բնագավառում նոր գործիքների ու տեխնոլոգիաների ուսումնասիրությունն ու ներդրումը.

11) նախարարությանը վերապահված կառավարման ոլորտում լիցենզավորման գործընթացի քաղաքականության մշակումը.

12) վիճակախաղերի, շահումով խաղերի, խաղատների գործունեության կարգավորման ոլորտում` վիճակախաղային, խաղատնային և շահումով խաղերի գործունեությանը վերաբերող իրավական ակտերի մշակումը.

13) միջազգային համագործակցության ոլորտում`

ա. պետական պարտքի գնահատման, մակրոտնտեսական քաղաքականության ու բյուջետային ծախսային քաղաքականության տեսանկյունից միջազգային ֆինանսական կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների կողմից տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների ստացմանն ուղղված` պետական մարմինների գործողությունների համակարգումը, ինչպես նաև վարկային և դրամաշնորհային ծրագրերի ֆինանսական մոնիթորինգի իրականացումը,

բ. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով պետության կողմից ստանձնվող ֆինանսական պարտավորությունների մասին տեղեկանքների տրամադրումը.

14) պետական սեփականության կառավարման ոլորտում`

ա. բանկերի կանոնադրական կապիտալում պետական մասնակցության հաշվառումը, միջնաժամկետ հեռանկարում առևտրային կազմակերպություններում պետական մասնակցության դիմաց շահութաբաժինների գծով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մուտքերի ծրագրավորման գործընթացի համակարգումը, շահութաբաժինների հաշվարկման և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման նկատմամբ հսկողությունը,

բ. լուծարված առևտրային կազմակերպություններից պետական բաժնեմասի դիմաց ստացվող մնացորդային գույքի, ինչպես նաև լուծարված ոչ առևտրային կազմակերպություններից օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի օգտին ստացվող մնացորդային գույքի կազմում ընդգրկված գույքային իրավունքների (դեբիտորական պարտքերի, վճարային արժեթղթերի) կառավարումը (գանձումը, պահանջի իրավունքի փոխանցումը),

գ. Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորությամբ Հայաստանի Հանրապետության անունից առևտրային կազմակերպություններում մասնակցի (բաժնետիրոջ) լիազորությունների իրականացումը,

դ. մասնակցությունը պետական գույքի մասնավորեցման հայեցակարգի և ճյուղային քաղաքականության մշակմանը,

ե. պետական ոչ առևտրային կազմակերպությունների (որպես հանրային ակտիվների) կառավարման մեթոդաբանության և հաշվետվողականության մեխանիզմների մշակումը, այդ կազմակերպությունների գործունեության կենտրոնացված մոնիթորինգի իրականացումը, միասնական տեղեկատվական բազայի ստեղծումը և հրապարակումը, տարեկան գործունեության ֆինանսատնտեսական արդյունքների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարություն ամփոփ հաշվետվություն ներկայացնելը, պետական ոչ առևտրային կազմակերպությունների հետ (բացառությամբ դպրոցների) ընթացիկ բյուջետային տարում կնքված ֆինանսավորման մասին պայմանագրերի և նախորդ բյուջետային տարվա ընթացքում ստորագրված հանձնման-ընդունման ակտերի պատկերամուտի հրապարակումը.

15) պետության գույքային շահերի պաշտպանության ոլորտում`

ա. նախարարության կողմից` իր իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության անունից կնքված քաղաքացիաիրավական գործարքներից բխող պահանջներով դատարանում որպես հայցվոր հանդես գալը,

բ. պայմանագրային կամ այլ պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման հիմքով Հայաստանի Հանրապետությունից գումարի բռնագանձման պահանջով նախարարության, այլ պետական մարմնի կամ հիմնարկների դեմ հայցերով դատարանում որպես պատասխանող կամ երրորդ անձ ներգրավվելը, ինչպես նաև պետության այլ գույքային շահերի պաշտպանությունը,

գ. պետական մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, հետաքննության, նախաքննության մարմինների, դատախազության կամ դատարանի գործողությունների հետևանքով քաղաքացիներին, իրավաբանական անձանց պատճառված վնասի հատուցման պահանջներով ընդդեմ պետությանը ներկայացված հայցերով դատարանում որպես պատասխանող կամ երրորդ անձ հանդես գալը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կողմից հատուցման դեպքում (ներառյալ դատական ծախսերը) պետության հետադարձ պահանջները գնահատելը և ներկայացնելը,

դ. վարչական դատարան ներկայացվող՝ վարչական մարմինների դեմ հայցադիմումների հաշվառումը, ներկայացվող պահանջների ու վարչական մարմինների վիճարկվող վարքագծի վերլուծությունը,

ե. մի կողմից` Հայաստանի Հանրապետության, մյուս կողմից` քաղաքացիների կամ իրավաբանական անձանց միջև քաղաքացիաիրավական հարաբերություններից բխող փոխադարձ դրամական պարտավորությունների երկկողմանի կարգավորման նախաձեռնումը.

16) տեղեկատվական տեխնոլոգիաների անվտանգության ոլորտում՝ նախարարության տեղեկատվական տեխնոլոգիաների և համակարգերի անվտանգության ապահովման նպատակով համապատասխան միջոցառումների իրականացումը.

17) քաղաքացիական պաշտպանության և զորահավաքային նախապատրաստության ոլորտում՝ պլանների ու ծրագրերի մշակումը, հիմնական միջոցառումների իրականացումը, նախարարության համակարգի աշխատողների պաշտպանության և զորահավաքային ռեսուրսների հաշվառման, ինչպես նաև համակարգի կազմակերպությունների կայուն գործունեության կազմակերպումը.

18) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված այլ գործառույթներ:»,

դ. 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«9. Նախարարն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված խնդիրներն ու գործառույթները և պատասխանատու է լիազորված բնագավառներում քաղաքականության մշակման ու իրականացման, տիրող վիճակի գնահատման և վերլուծության, հեռանկարային զարգացման ապահովման համար:»,

ե. 11-րդ կետի 5-րդ և 6-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5) օրենքով սահմանված կարգով նշանակումներ է կատարում նախարարության քաղաքացիական ծառայության բարձրագույն պաշտոններում, գլխավոր պաշտոնների 1-ին ենթախմբի պաշտոններում, ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարի և ստորաբաժանման մյուս պաշտոններում, ինչպես նաև այդ պաշտոններն զբաղեցնող քաղաքացիական ծառայողների նկատմամբ կիրառում է խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ.

6) պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում իր խորհրդականներին, մամուլի քարտուղարին ու օգնականներին, նախարարության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարներին, եթե հիմնադրի որոշմամբ կամ պետական կազմակերպության կանոնադրությամբ այլ բան նախատեսված չէ, ինչպես նաև նրանց նկատմամբ կիրառում է խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ.»,

զ. 11-րդ կետի 10-րդ ենթակետը «ճանաչում» բառից հետո լրացնել «իր տեղակալների» բառերով,

է. 11-րդ կետի 21-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«21) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում առաջարկություն նախարարության աշխատակազմի ղեկավարին պաշտոնի նշանակելու և պաշտոնից ազատելու, ինչպես նաև նրա նկատմամբ խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ կիրառելու վերաբերյալ.»,

ը. 11-րդ կետը 21-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 22-րդ ենթակետով.

«22) նախարարության աշխատողներին և համակարգի զարգացման գործում ավանդ ունեցող անձանց ու կազմակերպություններին շնորհում է նախարարության պարգևներ, ինչպես նաև սահմանում է այդ պարգևների ձևերը, դրանց ներկայացման և շնորհման կարգը:»,

թ. 19-րդ կետի 4-րդ ենթակետում «աշխատողների» բառը փոխարինել «ղեկավարների» բառով,

ժ. 21-րդ կետում «սահմանման» բառը փոխարինել «կողմից սահմանված» բառերով,

ժա. 44-րդ կետում «որոշումներով» բառը փոխարինել «կողմից ընդունված իրավական ակտերով» բառերով.

2) որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

 

 

 

Հավելված 
ՀՀ կառավարության 2017 թվականի
թիվ     -Ն որոշման

 

 

 

 

«Հավելված N 2
ՀՀ կառավարության 2008 թվականի
մայիսի 15-ի N 503-Ն որոշման

 

 

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

 

I. Կառուցվածքային ստորաբաժանումներ

 

Վարչություններ

 

Բյուջետային ծախսերի ֆինանսական ծրագրավորման վարչություն

 

Բյուջետային գործընթացի կառավարման վարչություն

 

Մակրոտնտեսական քաղաքականության վարչություն

 

Բյուջեների կատարման հաշվետվությունների վարչություն

 

Գործառնական վարչություն

 

Ծախսերի ֆինանսավորման վարչություն

 

Պետական գնումների գործընթացի համակարգման վարչություն

 

Պետական բյուջեի նկատմամբ պարտավորությունների կառավարման վարչություն

 

Պետական պարտքի կառավարման վարչություն

 

Հանրային ֆինանսների կառավարման մեթոդաբանության վարչություն

 

Տեղեկատվական տեխնոլոգիաների անվտանգության վարչություն

 

Եկամուտների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության

վարչություն

 

Միջազգային համագործակցության վարչություն

 

Իրավաբանական վարչություն

 

Ներքին աուդիտի վարչություն

 

Հաշվապահական հաշվառման վարչություն

 

Տեղեկատվական տեխնոլոգիաների ենթակառուցվածքների ներդրման և

զարգացման վարչություն

 

Հանրային հատվածի հաշվապահական հաշվառման մեթոդաբանության և

հաշվետվությունների մշտադիտարկման վարչություն

 

Անձնակազմի կառավարման վարչություն

 

Գործերի կառավարման վարչություն

 

Քարտուղարություն

 

Բաժիններ

 

Առաջին բաժին

 

Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

 

Ֆինանսական շուկայի վերլուծության և զարգացման բաժին

 

Ոչ ֆինանսական ոլորտի մեթոդաբանության բաժին

 

Զորահավաքային նախապատրաստության և քաղաքացիական

պաշտպանության բաժին

 

II. Առանձնացված ստորաբաժանումներ

 

Լիցենզավորման գործակալություն

 

Գների ուսումնասիրության և վերլուծության գործակալություն

 

«Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան»

գործակալություն

 

Լիցենզավորման պայմանների և պահանջների հսկողության տեսչություն

 

Ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչություն»:

 

  • Քննարկվել է

    23.02.2017 - 15.03.2017

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Ֆինանսական, Տնտեսական

  • Նախարարություն

    Ֆինանսների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2557

Տպել