Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ և ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ և ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» և «ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ և ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

1Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

Ոստիկանության բարեփոխումների ռազմավարության՝ ոստիկանությունում ծառայության գրավչությանը, կադրերի պատրաստմանը և մասնագիտական զարգացմանը վերաբերող հատվածում շեշտադրում է կատարվել այն մասին, որ պետք լրջորեն վերանայել ոստիկանության կադրերի պատրաստման, կարողությունների շարունակական զարգացման ու բարոյահոգեբանական պատրաստման, ոստիկանության ծառայողի բարեվարքության ու հակակոռուպցիոն կրթություն ստանալու հարցերը՝ նպատակ ունենալով ոստիկանությունում ներգրավել հանցագործությունների նկատմամբ անհանդուրժողական, իրավունքների պաշտպանությանը զգայուն և հասարակության անվտանգության հարցերով մտահոգ, բարեվարք ու հարգարժան հանրային ծառայող ոստիկաններ։ Միևնույն ժամանակ ոստիկանի նոր կերպարի կերտման համար առանձնահատուկ կարևոր է լինելու ոստիկանության գործի պրոֆեսիոնալների պատրաստման, ինչպես նաև փորձառու ծառայողների արժևորումն ու նրանց կողմից նորեկների համար մենթորության ու առաջնորդության ինստիտուցիոնալ ընթացակարգի ներդրումը։ Այս առումով կարևոր է լինելու Ոստիկանության կրթահամալիրի կրթական ծրագրերի կազմակերպման ու բովանդակային վերանայման հարցերին լրջագույն անդրադարձը՝ ապահովելով մարդու իրավունքների պաշտպանության վրա հիմնված մոտեցում ու միջազգային չափանիշներ։ Ծառայությունը պետք է առավել բաց, հասանելի ու գրավիչ դառնա պոտենցիալ կադրերի համար՝ խրախուսելով կիրթ, պատրաստված, օտար լեզուների տիրապետող ու ժամանակակից ոստիկան ծառայողների՝ արժանիքների վրա հիմնված առաջխաղացումը։ Նոր իմիջով ու վարվելակերպով կադրերի և բարելավված հաղորդակցության կարողությունների միջոցով հնարավոր է կարճ ժամանակահատվածում փոխել ոստիկանության նկատմամբ հանրության վերաբերմունքը։

Այս տեսանկյունից նույն տրամաբանությամբ՝ կարևորվում են նաև փրկարար ծառայության և ճգնաժամային կառավարման ոլորտի աշխատակիցների պատրաստման, վերապատրաստման որակի բարելավման և կատարելագործման հարցերը:

Մինչև ներքին գործերի նախարարության ձևավորումը, ՀՀ ոստիկանության ենթակայությամբ գործել է «ՀՀ ոստիկանության կրթահամալիր» ՊՈԱԿ-ը, իսկ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ենթակայությամբ՝ «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» ՊՈԱԿ-ը: 

Ներքին գործերի նախարարության ձևավորումից հետո վերոնշյալ երկու ՊՈԱԿ-ները Կառավարության համապատասխան որոշումներով հանձնվել են ներքին գործերի նախարարության ենթակայությանը: 

«ՀՀ ներքին գործերի նախարարության կրթահամալիր» ՊՈԱԿ-ին վերաբերող օրենսդրական դրույթները նախատեսված են «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքով, իսկ «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» ՊՈԱԿ-ին վերաբերող օրենսդրական դրույթները՝ «Փրկրարար ծառայության մասին» ՀՀ օրենքով:

Հաջորդիվ նախատեսվում է նշված երկու ուսումնական հաստատությունների վերակազմակերպման արդյունքում ձևավորել ՆԳՆ ենթակայությամբ գործող մեկ միասնական ուսումնական հաստատություն, ինչը թույլ կտա ձևավորել նոր ուսումնական հաստատության կառավարման միասնական արդյունավետ մոդել, ապահովել ուսումնական գործընթացի կազմակերպման միասնական մեթոդաբանություն և դրա շնորհիվ նորաստեղծ գերատեսչական ուսումնական հաստատության խնդիրներն ու գործունեությունը ներդաշնակեցնել ներքին գործերի նախարարության կողմից վարվող քաղաքականությանը, մասնավորապես ՆԳՆ ենթակայության տակ գտնվող ծառայությունների կադրային պահանջարկը բավարարելուն:

Կրթական գործընթացների բարելավմանն ուղղված իրավաստեղծ աշխատանքներն իրականացվելու են մի քանի փուլերով: Հաշվի առնելով վերոշարադրվածը, առաջին փուլում լուծվելու են՝

  1. միասնական ուսումնական հաստատության ձևավորման ինստիտուցիոնալ չափանիշները,
  2. ՆԳՆ համակարգում անկախ, ՆԳՆ համակարգի բոլոր ստորաբաժանումների և միավորների աշխատանքի արդյունավետության բարձրացմանն ուղղված՝ կադրերի պատրաստման, վերապատրաստման նպատակով ուսումնական միավորի ձևավորման հարցը,
  3. ուսումնական հաստատության մենեջմենտի և արդյունավետ կառավարման հետ կապված հարցերը,
  4. ուսուցման գործընթացում գերատեսչական նպատակների շեշտադրման հարցերը,
  5. ավանդաբար կրթական գործընթացների համար պատասխանատու ուսումնական միավորներին բնութագրական, բուհի կառավարման մարմինների ձևավորման հարցերը՝ միաժամանակ պահպանելով առանձին ուսումնական ստորաբաժանումներում համապատասխանաբար ոստիկանական և փրկրարար ծառայության ու ճգնաժամային կառավարման կադրերի պատրաստման համար ներգրավված ոստիկանական և փրկարար պաշտոնների սահմանումը: Մասնավորապես, բուհի կառավարման մարմինները ձևավորվելու են քաղաքացիական բուհերին բնութագրական սխեմայով և իրավակարգավորումների հիման վրա՝ պահպանելով կանոնադրական որոշ առանձնահատկություններ: Զուգահեռ, հաշվի առնելով բուհի գերատեսչական նպատակներից բխող՝ շարային կարգապահության հարցերը՝ կրթահամալիրի ուսումնական ստորաբաժանումների անձնակազմը ունենալու են համապատասխանաբար ոստիկանական և փրկրարար ծառայության պաշտոններ:

Այդ նպատակներով անհրաժեշտ է համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարել «Ոստիկանությունում ծառայության մասին», «Փրկրարար ծառայության մասին» և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքների այն հոդվածներում, որոնք վերաբերում են ուսումնական հաստատությունների գործունեությանը, կառավարմանը, իրականացվող կրթական ծրագրերին, աշխատողների և սովորողների իրավական կարգավիճակին:

Օրենսդրական փաթեթի ընդունումից հետո, հաջորդ փուլերում շեշտադրումը կատարվելու է կրթության բովանդակության վրա, և դրա հետ կապված հարցերը կարգավորվելու են ինչպես օրենսդրական, այնպես էլ՝ ենթաօրենսդրական իրավունքի մակարդակում:

Ինչպես նշվել է, էապես կարևորվում են նորաստեղծ կրթահամալիրում անկախ կառավարման մարմինների ձևավորման հարցերը: Խոսքը վերաբերում է ընթացիկ կառավարումն իրականացնող ռեկտորի և կոլեգիալ կառավարման պատասխանատու՝ խորհրդի ձևավորմանը: Հատկանշական է, որ կոլեգիալ կառավարման մարմնում ուսումնական նպատակների և գերատեսչական շահերի միջև սիներգիան ապահովելու համար ներգրավվելու են ոլորտը համակարգող փոխնախարարը, ոստիկանության պետը, փրկարար ծառայության պետը, կրթահամալիրի կողմից ներկայացվող պրոֆեսորադասախոսական և ուսանողական կազմի ներկայացուցիչները: Կառավարման գործընթացում ռեկտորի և խորհրդի համադրումը հնարավորություն կտա ապահովել ոստիկանական և փրկարար ու ճգնաժամային կառավարման ոլորտի մասնագետների պատրաստման գործընթացի բարելավման հարցում իրական շահառուների կարիքները:

Անկախ այն հանգամանքից, որ ոստիկանության և փրկարար ծառայողների պատրաստման գործընթացում շեշտադրումը կատարվելու է բազային կուրսի վրա հիմնված շարունակական կրթական մոդելի վրա, այնուամենայնիվ, ոստիկանական և փրկարար ծառայության որոշ պաշտոններում, դրանց առանձնահատկություններից ելնելով (տեղեկատվական տեխնոլոգիաներ, ֆինանսական, տնտեսագիտական, սոցիոլոգիական և այլն), հնարավոր է լինելու ապահովել բարձրագույն կրթություն ունեցող անձանց մուտքը ոստիկանության կամ փրկարար ծառայության համակարգ համապատասխան վերապատրաստման ծրագրերի միջոցով:

2Առաջարկվող կարգավորման բնույթը.

Նախագծերով նախատեսվում է ՆԳՆ ենթակայութամբ գործող նոր ուսումնական հաստատության կարգավիճակը և ուսումնական գործընթացի կազմակերպման ընդհանուր պայմանները սահմանել «Ոստիկանությունում ծառայության մասին» և «Փրկրարար ծառայության մասին» օրենքներով, իսկ «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքում սահմանել բլանկետային նորմեր, որոնք թույլ կտան ենթաօրենսդրական մակարդակում կարգավորել ՆԳՆ միասնական ուսումնական հաստատության կոլեգիալ և միանձնյա կառավարում իրականացնող սուբյեկտների ձևավորման և գործունեության առանձնահատկությունները:

Մասնավորապես, «Ոստիկանությունում ծառայության մասին» և «Փրկրարար ծառայության մասին» օրենքներով նախատեսվում է սահմանել, որ ՆԳՆ ենթակայությամբ գործող ուսումնական հաստատությունն ունենալու է ՊՈԱԿ-ի կազմակերպաիրավական ձև: Օրենսդրական փոփոխությունների այս փուլից հետո, ուսումնական հաստատության կանոնադրությամբ կսահմանվի, որ կառավարման գործադիր մարմինը լինելու է ռեկտորը: Վերջինս ընտրվելու է կառավարման խորհրդի կողմից, որի կազմում ընդգրկվելու են ինչպես ՆԳՆ, այնպես էլ՝ ուսումնական հաստատության ներկայացուցիչներ: Նոր ուսումնական հաստատության ռեկտորի ընտրության նման ընթացակարգը համահունչ է բարձրագույն կրթության կազմակերպաման ոլորտում գործադրի կողմից ընդունելի քաղաքականությանը: Բացի այդ, ռեկտորը և ուսումնական հաստատության ընդհանուր վարչակազմը չեն հանդիսանալու ոստիկանության ծառայող կամ փրկարար ծառայող, ինչն ապահովելու է կառավարման անկախությունն ու արդյունավետությունը:

Նոր ուսումնական հաստատության կազմում գործելու են երկու առանձին ուսումնական ստորաբաժանումներ, որոնք բազային կուրսի հիման վրա իրականացնելու են ոստիկանական և փրկարար ու ճգնաժամային կառավարման կրթական ծրագրերը՝ շարունակական կրթության մոդելով:

Ըստ այդմ՝ «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքում նախատեսվում է սահմանել ոստիկանական կրթական ծրագրերի մակարդակները, դրանք իրականացնող ստորաբաժանման աշխատողների և սովորողների կարգավիճակը, իսկ «Փրկրարար ծառայության մասին» ՀՀ օրենքում նախատեսվում է սահմանել փրկարար ու ճգնաժամային կառավարման կրթական ծրագրերի մակարդակները, դրանք իրականացնող ստորաբաժանման աշխատողների և սովորողների կարգավիճակը:

Նախագծերով նախատեսվել են նաև եզրափակիչ դրույթներ, որոնք միտված են նրան, որ նախագծերի ընդունումից հետո հնարավոր լինի ապահովել նոր ուսումնական հաստատության ձևավորման աստիճանական ընթացքը, ինչպես նաև չվտանգել «ՀՀ ներքին գործերի նախարարության կրթահամալիր» ՊՈԱԿ-ի և «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» ՊՈԱԿ-ի կողմից արդեն իսկ ընթացող կրթական ծրագրերի իրականացումը:

Միևնույն ժամանակ օրենսդրական նախագծերի անցումային դրույթներում նախատեսվել են սոցիալական երաշխիքներ ներկայիս «ՀՀ ներքին գործերի նախարարության կրթահամալիր» ՊՈԱԿ-ի և «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» ՊՈԱԿ-ի այն աշխատողների համար, որոնք կնշանակվեն ոչ ոստիկանական և փրկարարական հաստիքների: Մասնավորապես, նախատեսվել է, որ նորաստեղծ ուսումնական հաստատության ռեկտորը նրանց կարող է նշանակել ՆԳՆ կրթահամալիրի՝ ոստիկանական և փրկարարական չհանդիսացող հաստիքներում՝ հարցազրույցի արդյունքներով:

Նախագծերի անցումային դրույթներով սահմանվել է նաև, որ նշված անձինք նշանակվելու օրվանից հետո՝ հինգ տարվա ընթացքում, օգտվում են «Պետական կենսաթոշակների մասին» օրենքով սահմանված երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունքից, բայց ոչ ավելի, քան իրենց երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունքի ձեռք բերման տարիքի հասնելը: Այս դեպքում համապատասխան պաշտոն զբաղեցրած ժամանակահատվածը համարվելու է զինվորական ծառայության ստաժ: Պետական կենսաթոշակ ստանալու պահից տվյալ աշխատողի աշխատավարձի հաշվարկն իրականացվելու է Լիազոր մարմնի ուսումնական հաստատության կառավարման խորհրդի կողմից տվյալ պաշտոնի համար  սահմանված կարգով։ Նախկինում հաշվարկվող հավելումները և լրավճարներն այլևս չեն հաշվարկվելու:

Իսկ վարչակազմի ներկայացուցիչները և այն մյուս անձինք, ովքեր նշանակվելու պահին հասել են երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունքի տարիքին, ՆԳՆ կրթահամալիրի՝ ոստիկանական և փրկարարական չհանդիսացող հաստիքներում նշանակվելու դեպքում պահպանելու են իրենց աշխատավարձը (հիմնական աշխատավարձը, հավելումները, լրավճարները), եթե այն բարձր է տվյալ պաշտոնի համար Լիազոր մարմնի ուսումնական հաստատության կառավարման խորհրդի կողմից սահմանված աշխատավարձից։

3. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագծերի ընդունումը չի բխում ռազմավարական փաստաթղթերից։

4 Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Նախագծերիր ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների և ծախսերի մասով փոփոխություններ չեն առաջանա։

5 Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

ՀՀ ներքին գործերի նախարարություն

6 Ակնկալվող արդյունքը․

Նախագծերի ընդունմամբ ակնկալվում է ստեղծել անհրաժեշտ օրենսդրական հիմքերը ՆԳՆ ենթակայությամբ գործող միասնական ուսուսումնական հաստատության ստեղծման համար, ինչը թույլ կտա ձևավորել նոր ուսումնական հաստատության կառավարման միասնական արդյունավետ մոդել, ապահովել ուսումնական գործընթացի կազմակերպման միասնական մեթոդաբանություն և դրա շնորհիվ նորաստեղծ գերատեսչական ուսումնական հաստատության խնդիրներն ու գործունեությունը ներդաշնակեցնել ներքին գործերի նախարարության կողմից վարվող քաղաքականությանը, մասնավորապես՝ ՆԳՆ ենթակայության տակ գտնվող ծառայությունների կադրային պահանջարկը բավարարելուն:

Անդրադառնալով նորաստեղծ ուսումնական հաստատության նախատեսվող կառուցվածքին, հարկ է նշել, որ ուսումնական հաստատության ընթացիկ ղեկավարումն իրականացնելու է կրթահամալիրի պետը՝ ռեկտորը, իսկ կոլեգիալ կառավարումը՝ խորհուրդը: Բացի վերոնշյալ մարմիններից, ուսումնագիտական հարցերի կանոնակարգման նպատակով գործելու է նաև գիտական խորհուրդը:

Ուսումնական հաստատության առջև դրված խնդիրներն արդյունավետ լուծելու նպատակով նախատեսվում է ունենալ երեք պրոռեկտորի հաստիք, որոնք համակարգելու են՝

  1. Կրթական քաղաքականությունը և կրթության որակի մշտադիտարկումը,
  2. Հետազոտությունները և զարգացումը,
  3. Մարդկային ռեսուրսների կառավարումն ու վարչական աշխատանքները:

Նախատեսվում է ձևավորել հետևյալ համակրթահամալիրային ստորաբաժանումները՝

  1. Կրթական ծրագրերի մշակման և շարունակական կրթության ապահովման,
  2. Ոստիկանական և փրկարարական ոլորտում պրակտիկայի վերլուծության և կրթության զարգացման,
  3. Կրթության որակի ապահովման,
  4. Միջազգային համագործակցության և հանրային կապերի,
  5. Տեղեկատվական տեխնոլոգիաների,
  6. Իրավական ապահովման,
  7. Տնտեսական և լոգիստիկայի, գնումների և ֆինանսական համակարգման,
  8. Կարիերայի,
  9. Քարտուղարություն,
  10. Ծառայության:

Ինչ վերաբերում է ոլորտային ուսումնական ստորաբաժանումներին, ապա կարևորելով բազային կուրսի վրա հիմնված շարունակական կրթության մոդելը և կրթական ծրագրերի էական առանձնահատկությունները՝ յուրաքանչյուր ուսումնական ստորաբաժանման (ոստիկանական և փրկարարական) կառուցվածքում ձևավորվելու են բազային և սպայական կրթության դեպարտամենտները, ղեկավար կազմի պատրաստման դեպարտամենտները և վերապատրաստման կենտրոնները: Ոստիկանական և փրկարարական ուսումնական ստորաբաժանումների կազմում ստեղծվելու են նաև համապատասխան պրոֆիլի ամբիոններ (կրթաճյուղեր), որոնց միջոցով էլ իրականացվելու են հիմնական և լրացուցիչ կրթական ծրագրերը:

Նախագծերի ընդունումից հետո անհրաժեշտ կլինի ընդունել նաև դրանցից բխող ենթաօրենսդրական ակտերը, մասնավորապես՝ ՀՀ կառավարության որոշումները ներկայումս գործող երկու ուսումնական հաստատությունների վերակազմակերպման, նոր ուսումնական հաստատության կանոնադրությունը հաստատելու մասին, ՆԳ նախարարի հրամանները ուսումնական հաստատության պրոֆեսորադասախոսական անձնակազմին ներկայացվող պահանջները սահմանելու մասին, ուսումնական հաստատության հաստիքացուցակը և կառուցվածքը սահմանելու մասին, կառավարման խորհրդի անհատական կազմը հաստատելու մասին, ուսումնական հաստատությունում դիմորդների ընդունելության կարգը սահմանելու մասին, դիմորդների ընտրության մանդատային և ընդունող հանձնաժողովների գործունեության կարգը սահմանելու մասին:

Նոր ուսումնական հաստատության ստեղծումից հետո այն կշարունակի իրականացնել արդեն սկսված կրթական ծրագրերով սովորողների ուսուցումը՝ ապահովելով նրանց կրթության իրավունքի լիարժեք իրականացումը: Դրա հետ մեկտեղ նախատեսվում է մշակել նոր ուսումնական հաստատության խնդիրներից բխող՝ ՆԳՆ ոստիկանության և փրկրարար ծառայության ու ճգնաժամային կառավարման ոլորտի կադրային պահանջարկի բավարարմանը միտված նոր կրթական ծրագրերով պետական կրթական չափորոշիչներ, որոնց ընդունումից հետո կներդրվի շարունակական կրթության համակարգը, որի պայմաններում ՆԳՆ ուսումնական հաստատությունում բարձրագույն մասնագիտական կրթություն ստանալու համար (որոշակի վերապահումներով) անհրաժեշտ պայմաններ են լինելու միջին մասնագիտական կրթություն սատացած լինելն ու ծառայության որոշակի ստաժը, իսկ միջին մասնագիտական կրթություն ստանալու համար անհրաժեշտ պայմաններ են լինելու նախնական մասնագիտական կրթություն սատացած լինելն ու ծառայության որոշակի ստաժը:

 

Ներքին գործերի նախարարություն

  • Քննարկվել է

    05.04.2024 - 20.04.2024

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Ներքին գործերի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1204

Տպել

Առաջարկներ`

Կարեն Գրիգորյան

18.04.2024

Լավ կլիներ ՀՀ ՆԳՆ կրթահամալիր դիմելու դեպքում տարիքային շեմը ոչ թե լիներ մինչև 35 տարեկանը, այլ մինչը 40-ը:

Նարեկ Սիմոնյան

15.04.2024

Առաջարկում եմ քաղաքացիական անձանց ոստիկանություն ընդունվելու համար նախատեսված տարիքայի շեմը 35-ից դարձնել 40:

Տեսնել ավելին