Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2404-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2404-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման վերաբերյալ

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

Հայաuտանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին հարող տարածքները կառուցապատելու կանոնակարգման միջոցառումների մասին» N 2404-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշման նախագծի (այսուհետ՝ նախագիծ) ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին թիվ 1902-Լ որոշման 1-ին հավելվածով նախատեսված ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միջոցառումների 57-րդ կետի կատարման անհրաժեշտությամբ, որը նպատակ ունի կանոնակարգել ճանապարհների պաշտպանական գոտիներում գտնվող տարածքների կառուցապատման հետ կապված հարցերը:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

Ներկայում ճանապարհների պաշտպանական գոտիներում գտնվող տարածքների կառուցապատման հետ կապված առկա են խնդիրներ, մասնավորապես՝  պայմանավորված բնակավայրերից դուրս տարածքներում ավտոճանապարհների կողային տեսանելիության պահանջների հետ, ճանապարհների մուտքերին և ելքերին ներկայացվող պահանջների, պաշտպանական գոտիներում հողերի նպատակային նշանակության և կառուցապատման իրականացման թույլտվություններում տեղ գտած թերությունների, ինչպես նաև ինքնակամ (անօրինական) կառուցված օբյեկտների կանոնակարգման հետ։

Միաժամանակ քիչ չեն դեպքերը, երբ ֆիզիկական և/կամ իրավաբանական անձիք դիմում են պետական ճանապարհային մարմնին՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, դեպի կառուցապատված տարածք մուտքի և ելքի թույլտվություն ստանալու խնդրանքով, մինչդեռ կառուցապատման փաստաթղթերը նախապես չեն համաձայնեցվել նախարարության հետ, որոնք սպառնում են ճանապարհային երթևեկության անվտանգությանը և կարող են ճանապարհատրանսպորտային պատահարների առաջացման պատճառ դառնալ։

Բացի այդ գործող որոշմամբ կառուցապատման առաջարկությունների փաստաթղթային փաթեթում անհրաժեշտ է ներառել նաև օբյեկտի մոտով անցնող ճանապարհահատվածի երթևեկության կազմակերպման սխեման, քանի որ դրանց բացակայությունը ճանապարհային երթևեկության անվտանգության տեսանկյունից խնդիրներ են առաջացնում և կարող են ՃՏՊ-ների պատճառ հանդիսանալ։

Նշենք նաև, որ նախկինում գործող Որոշման 8-րդ կետի 2-րդ պարբերության փոփոխության արդյունքում հանվել են քաղաքաշինական գործունեության իրականացման գործառույթները նախապես ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համաձայնեցման դրույթը և նշված է, որ Օրենքով սահմանված դեպքերում՝ քաղաքաշինական գործունեության իրականացման գործառույթները Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախաձեռնությամբ համաձայնեցվում են պետական կառավարման շահագրգիռ մարմինների հետ (ՀՀ կառավարության 2022 թվականի մարտի 10-ի  N 282-Ն որոշում), որը հակասում է «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքի  13-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջներին, որով նախատեսված է, որ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների պաշտպանական գոտիներում, առանց այդ ճանապարհները տնօրինողների և շահագրգիռ այլ մարմինների հետ համաձայնեցնելու, արգելվում են կառուցել շենքեր, կառույցներ, ինժեներական հաղորդակցումներ, կատարել լեռնահետազոտական և արդյունահանման աշխատանքներ, սակայն օրենքի նշված պահանջը ոչ միշտ է կատարվում, որի արդյունքում ճանապարհի հարող տարածքներում կառուցապատումը իրականացվում է ավտոմաբիլային ճանապարհների շինարարական նորոմերի և ստանդարտների կոպիտ խախտմամբ, ինչը խաթարում է ճանապարհային անվտանգությունը։

 

  1. Կարգավորման նպատակը և բնույթը.

Որոշման նախագծով առաջարկվում է.

  • համայնքի ղեկավարի կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտե, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարություն, ինչպես նաև օրենքով սահմանված դեպքերում շահագրգիռ այլ պետական մարմիններ (կազմակերպություններ) կառուցապատման առաջարկության համաձայնեցմանը ներկայացվող փաստաթղթերի փաթեթում ներառված իրավիճակային հատակագծում նախատեսել ինժեներական հաղորդակցուղիների առկայության վերաբերյալ տվյալներ, միջպետական և/կամ հանրապետական նշանակության ճանապարհների եզրից հաշված կառուցվող օբյեկտների հեռավորությունը, տրանսպորտային միջոցների մուտքը և ելքը դեպի կառուցվող օբյեկտների, ինչպես նաև օբյեկտների սպասարկման և շահագործման համար անհրաժեշտ ավտոմեքենաների կայանատեղերի կազմակերպման և ճանապարհի եզրից դրանց հեռավորության վերաբերյալ տեղեկատվության ներկայացում․
  • սահմանել իրավիճակային հատակագծում հողամասի և նախատեսվող օբյեկտի մոտով անցնող ճանապարհահատվածի(ների) երթևեկության կազմակերպման սխեմաի ներկայացման պահանջ․
  • քաղաքաշինական գործունեության օբյեկտների նախագծային փաստաթղթերի մշակման համար տրամադրվող ճարտարապետահատակագծային առաջադրանքներով ճանապարհային երթևեկության կազմակերպման կահավորանքի տեղադրումը կառուցապատողի միջոցներով իրականանցնելու պահանջ․
  • գործող որոշման 8-րդ կետի 2-րդ պարբերությունում ավելացնել Հայաստանի Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին հարող տարածքներում մինչև սույն որոշման կառուցապատման առաջարկությունների փաստաթղթղերի կազմելը համայնքի ղեկավարի կողմից քաղաքաշինական գործունեության իրականացման գործառույթները նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության և օրենքով նախատեսված պետական կառավարման այլ շահագրգիռ մարմինների հետ համաձայնեցնելու պահանջը․
  • սահմանել, որ Հայաստանի Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին հարող տարածքներում կառուցապատման արդյունքում անհրաժեշտ ճանապարհային երթևեկության կազմակերպման կահավորանքի տեղադրումը իրականացվում է կառուցապատողի միջոցների հաշվին։ Կահավորանքի հետ կապված աշխատանքների` սահմանված կարգով կազմված նախագծերը համաձայնեցնում են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և ՀՀ ներքին գործերի նախարարության հետ:
  • սահմանել, որ առանց  Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության, ինչպես նաև օրենքով սահմանված դեպքերում շահագրգիռ այլ մարմինների (կազմակերպությունների)  գրավոր համաձայնության Հայաստանի Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին հարող տարածքներում քաղաքաշինական նպատակներով հողօգտագործման և կառուցապատման համար տրված վարչական ակտերը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ճանաչվում են անվավեր։

 

4 Ակնկալվող արդյունքները.

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվող հիմնական արդյունքն է՝  ապահովել ճանապարհային երթևեկության անվտանգությունը, հստակեցնել և կանոնակարգել բնակավայրից դուրս գտնվող տարածքներում միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհներին հարող հատվածներում օբյեկտների կառուցապատման գործընթացը։

 

5 Նախագծի մշակման գործընթացում ներգրաված ինստիտուտները և անձինք.

 Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից:

 

6 Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների հատկացման, ինչպես նաև պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջացնում:

 7. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Նախագիծը բխում են ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին թիվ 1902-Լ որոշման 57-րդ կետի պահանջներից, այն է՝ ճանապարհների պաշտպանական գոտիներում գտնվող տարածքների կառուցապատման կանոնակարգում:

  • Քննարկվել է

    15.02.2024 - 15.03.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Ճանապարհային երթևեկության անվտանգություն

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 970

Տպել