Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«Երևանի զարգացման 2023 թվականի ծրագրի իրականացման հաշվետվությունը հաստատելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծ

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«ԵՐԵՎԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»  ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ  ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Համաձայն «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 83-րդ հոդվածի 3-րդ մասի՝ Երևանի զարգացման ծրագրի իրականացման վերաբերյալ քաղաքապետը հաշվետվություն է ներկայացնում Երևան քաղաքի ավագանուն:

Երևանի զարգացման 2023 թվականի ծրագրի իրականացման հաշվետվությունը կազմվել է Երևանի քաղաքապետի 2023թ. մարտի 31-ի h. 716-Ա որոշմամբ ընդունված ձևաչափով։

Երևանի զարգացման 2023 թվականի ծրագրի իրականացման հաշվետվությունը հիմնականում բաղկացած է հետևյալ ենթաբաժիններից՝ «Ծրագրի կամ միջոցառման անվանում», «Նախատեսված աշխատանքների նկարագիր», «Աշխատանքների իրականացման գործընթաց», «Իրականացնող կազմակերպություն, կատարման ժամկետ» և «Նշումեր»։ Հաշվետվության կառուցվածքում առանձին ներկայացված են քաղաքային տնտեսության ոլորտները և Երևանի վարչական շրջանները։

Հաշվետվության մեջ մանրամասն ներկայացված են Երևանի զարգացման 2023 թվականի ծրագրով նախատեսված և իրականացված աշխատանքների վերաբերյալ ծավալային և քանակական տվյալներ։

Տրանսպորտի ոլորտում 2023 թվականին շահագործման են հանձնվել մայրաքաղաք ներկրված նոր, թվով 87 «ՄԱՆ» մակնիշի մեծ տեղատարողությամբ ավտոբուսներ, որով սպասարկվում է թվով 8 երթուղի: Շահագործման են հանձնվել նոր, թվով 150 «ԺՈՆԳ ԹՈՆԳ» մակնիշի միջին տեղատարողության ավտոբուսներ: Ընդհանուր առմամբ նշված մակնիշի ավտոբուսներով (361 հատ) սպասարկվում է թվով 31 երթուղի:

Վերգետնյա էլեկտրատրանսպորտով ուղևորների սպասարկման որակի և անվտանգության բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացմամբ պայմանավորված՝ ձեռք են բերվել թվով 15 չինական «ՅՈՒԹՈՆԳ» մակնիշի նոր տրոլեյբուսներ:

Միասնական տոմսային համակարգի ներդրման գործընթացի շրջանակում հասարակական տրանսպորտի շարժակազմերը և մետրոպոլիտենի անցարգելները համալրվել են վալիդատորներով և գործարկվել է էլեկտրոնային և թղթային տեսքով QR կոդ կրիչը: Աշխատանքները դեռևս շարունակվում:

Կոմունալ տնտեսության ոլորտում 2023 թվականին փաստացի փոխարինվել է 510 վերելակ, վերանորոգվել է 69754 քմ հարթ և 47922.64 քմ թեք տանիք, վերանորոգվել է բազմաբնակարան շենքերի 447 մուտք, կառուցվել և վերակառուցվել են նոր ջրագծեր: Ներկայումս շարունակվում է «ԵԱՍՄ» համայնքային հիմնարկի համար հատուկ նշանակության մեքենա մեխանիզմների ձեռքբերման գործընթացը:

Արտաքին լուսավորության ոլորտում 2023թ. ընթացքում իրականացվել է Երևան քաղաքի 2816 օբյեկտների 1792.07 կմ ընդհանուր երկարությամբ արտաքին լուսավորության ցանցի շահագործման, պահպանման և ընթացիկ նորոգման աշխատանքներ: Մասնավորապես՝ մի շարք փողոցներում, բակային տարածքներում և այգիներում իրականացվել են արդիականացման աշխատանքներ, գործող նատրիումական լուսատուները փոխարինվել են ԼԵԴ լուսատուներուվ, մոնտաժվել է 10733 հատ ԼԵԴ լուսատու, որի արդյունքում ապահովվում է ավելի որակյալ լուսավորություն և էլեկտրաէներգիայի խնայողություն: 1 ժամով ավելացվել է նաև արտաքին լուսավորության ցանցի միացման ռեժիմը:

ՄԱԿ-ի զարգացման Հայաստանյան գրասենյակի հետ համատեղ իրականացվող «Աջակցություն Հայաստանի համայնքներին կլիմայական «Խելացի» լուծումների ներդրման և իրականացման հարցում» ծրագրի շրջանակում 2023թ. ընթացքում արդիականացվել է Արցախի պողոտայի, Վաղարշյան, Հրաչյա Քոչար, Նաիրի Զարյան, Օրբելի փողոցների արտաքին լուսավորության ցանցը, գործող նատրիումական լուսատուները փոխարինվել են ԼԵԴ լուսատուներուվ, մոնտաժվել է 830 հատ ԼԵԴ լուսատու, որի արդյունքում ապահովվում է ավելի որակյալ լուսավորություն և էլեկտրաէներգիայի խնայողություն:

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ իրականացվող Երևանի քաղաքային լուսավորություն վարկային ծրագրերի շրջանակում 28 փողոցներից Թումանյան, Վարդանանց, Աճառյան, Խորենացի, Ամիրյան փողոցներում, Մյասնիկյան պողոտայում իրականացվել են աշխատանքներ: Աշխատանքները շարունակվում են իրականացվել:

Բնապահպանության ոլորտում իրականացվել է Երևանյան լճի և Հրազդանի կիրճի մաքրում վնասակար բուսականությունից, տարատեսակ աղբից ու թափոններից, հավաքվել և աղբավայր է տեղափոխվել է շուրջ 9900 խմ աղբ։ Աշխատանքների կատարման առաջին փուլն ավարտվել է, ընթացքի մեջ են երկրորդ փուլով նախատեսված աշխատանքները: Յուրաքանչյուր բնակչին բաժին ընկնող կանաչ մակերեսն ավելացել է 19,1145 հա-ով, որից ուրբան անտառ 16,6 հա, սիզամարգ 0,8991 հա, այգի 1,05 հա, պուրակ 0,5654 հա։ Իրականացված աշխատանքների արդյունքում Երևան քաղաքում ծաղկանոցների թիվը կրկնապատկվել է, որոշ վարչական շրջաններում եռապատկվել։ Ընդհանուր առմամբ նախագծվել է 17 ֆիտոնախագիծ, որից 2023թ. ընթացքում իրագործվել է 13-ը: 2023թ. ընթացքում ավարտվել են Արաբկիր վարչական շրջանում կանաչ տարածքների քարտեզագրման և գույքագրման աշխատանքները։

Վերամշակվող թափոնների տեսակավորման մասով հավաքագրվել է պլաստիկ մոտ 28 տոննա, ապակի մոտ 30 տոննա և ստվարաթուղթ 580 տոննա։ «Երևան, Վարշավա, Տիրանա մայրաքաղաքների համագործակցությունը վտանգավոր թափոնների կառավարման ընդհանուր մարտահրավերների շուրջ» ծրագրի շրջանակում նվիրաբերվել են շուրջ 1000 թափոնամաններ:

Վերանորոգման աշխատանքներ են իրականացվել թվով 22 կրթական, նախադպրոցական, արտադպրոցական, մարզական և մշակութային հաստատությունների շենքերում և բակային տարածքներում:

Վերանորոգվել են թվով 3 առողջապահական հիմնարկներ: Տեղադրվել են 9 գետնանցումների մոտ հաշմանդամներին հարմարեցված վերելակներ:

2023 թվականին կարևոր քայլեր են ձեռնարկվել «Կլիմայի փոփոխության ազդեցության մեղմանն ու հարմարվողականությանն ուղղված ծրագրերի» իրականացման գործընթացում: Տեղադրվել են արևային ֆոտովոլտային կայաններ Երևանի քաղաքապետարանի 2 վարչական շենքերի տանիքներին, Շենգավիթ վարչական շրջանի Եղիշե Թադևոսյան 11 հասցեում գտնվող համալիր մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցի տանիքին: «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի շրջանակում իրականացվել է Երևան համայնքի ենթակայության 6 մանկապարտեզների տանիքների վերակառուցման աշխատանքներ:

Կարևորագույն աշխատանքներից է «Տեղական բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության Երևանի 2023-2024թթ. գործողությունների ծրագրի իրականացումը, որի շրջանակում 2023 թվականի սեպտեմբերի 6-7-ը Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում տեղի ունեցած «Բաց կառավարման գործընկերություն» գլոբալ գագաթնաժողովում «Ոգեշնչող բարեփոխումներ» մրցանակաբաշխությանը Երևանի քաղաքապետարանն ավելի քան 100 տեղական իշխանություններից Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի մասնակիցների շարքում ճանաչվեց հաղթող:

  

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                      ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ

  • Քննարկվել է

    13.02.2024 - 28.02.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    Երևանի քաղաքապետարան

Հանրային քննարկում

28.02.2024 09:42

Հանրային քննարկումների ընթացքում 2023 թվականի փետրվարի 28-ին ժամը 11.00-ին Արգիշտիի փողոց հ.1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի 5-րդ հարկի բրիֆինգների դահլիճում տեղի կունենան հանրային բաց լսումներ:

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 660

Տպել

Առաջարկներ`

"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն

16.02.2024

Մովսես Արիստակեսյան 7. Մեզ անհասկանալի են թվում Ծրագրով նախատեսված Ինքնակամ կառույցների քանդում ծրագրով նախատեսված ծախսերը: Հարց է առաջանում, միթե չի կարելի այդ ծախսերն իրականացնել իրավախախտ կառուցապատողների հաշվին: Ինչու նրանց փոխարեն պետք է վճարեն Երևանի պարտաճանաչ հարկատուները: Կարծում ենք, որ այդ խնդրի լուծման ուղղությամբ պետք է համապատասխան պատասխանատվության միջոցներ նախատեսվեն գործող օրենսդրության մեջ և այդ ծախսերը հանել Բյուջեի նախագծից: Այդ գումարները կարելի է օգտագործել ավելի նպատակային, օրինակի համար մեր կողմից վերոհիշյալ կետերում նշված առաջարկությունների իրականացման համար: Հետևապես առաջարկում են այդ ծախսային հոդվածը հանել Բյուջեի նախագծից 8. Մեզ խիստ խնդրահարույց են թվում Աղբամուղերի սպասարկման և շինարարական աղբի տեղափոխման ծառայություններ ծրագրով նախատեսված և իրականացված ծախսերը՝ այն դեպքում, երբ Երևանի բազմաթիվ բազմահարկ բնակելի շենքերում արդեն փակվել են աղբամուղները և այդտեղ կուտակված ր լքված աղբ վաղուց չկա: Ընդ որում, Բյուջեում նախատեսվել են ևս 2 ծախսային ծրագրեր՝ ուղղված աղբահանությանը և սանիտարական մաքրմանը:

"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն

16.02.2024

Մովսես Արիստակեսյան 5. Շարունակում են մեզ անհասկանալի մնալ Ծրագրով նախատեսված Իրավախախտ շրջիկ առևտրի կետը կամ տրանսպորտային միջոցը հատուկ տարածք տեղափոխման և պահպանման ծառայություն ծրագրի շրջանակներում ծախսերը: Հարց է առաջանում, թե ինչու Երևանի քաղաքացիները պետք է վճարեն իրավախախտ անձանց փոխարեն: Կարծում ենք, որ այդ խնդրի լուծման ուղղությամբ պետք է համապատասխան պատասխանատվության միջոցներ նախատեսվեն գործող օրենսդրության մեջ և այդ ծախսերը հանել Բյուջեի նախագծից: Այդ գումարները կարելի է օգտագործել ավելի նպատակային, օրինակի համար մեր կողմից առաջարկված Երևանի Ե.Չարենցի անվան թիվ 67 դպրոցի հիմնանորոգման համար: 6. Նույն կարգով մեզ կրկին անհասկանալի են թվում Ծրագրով նախատեսված Ինքնակամ տեղադրված առևտրի, ծառայությունների մառուցման օբյեկտների ապամոնտաժման, տեղափոխման և պահպանման ծառայություններ ծրագրի շրջանակներում ծախսը: Կրկին հարց է առաջանում, թե ինչու Երևանի քաղաքացիները պետք է վճարեն իրավախախտ անձանց փոխարեն: Կարծում ենք, որ այդ խնդրի լուծման ուղղությամբ պետք է համապատասխան պատասխանատվության միջոցներ նախատեսվեն գործող օրենսդրության մեջ և այդ ծախսերը հանել Բյուջեի նախագծից: Այդ գումարները կարելի է օգտագործել ավելի նպատակային, օրինակի համար մեր կողմից առաջարկված Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի 89-99 շենքերի, դրանց տարածքում կառուցված մարզադաշտի և շրջապատող տարածքի վերանորոգման համար:

"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն

16.02.2024

Մովսես Արիստակեսյան 4. Անհասկանալի ու անվերահսկելի են հետևյալ միջոցառումների իրականացումը.  Երևանի մետրոպոլիտենի նոր կայարանի կառուցում` «Սասուցի Դավիթ» և «Զորավար Անդրանիկ» մետրոյի կայարանների միջև՝ (Քրիստափորի փողոցի մոտակայքում)  Խելացի Երևան ծրագրի միջոցառումները,  Բազմաբնակարան շենքերի կառավարման ոլորտում ուսուցումների կազմակերպում և խորհրդատվության տրամադրում  Ֆինանասական աջակցություն ստացած կազմակերպությունների աշխատանքները ուսումնասիրելու նպատակով մշտադիտարկում:  մեթոդական աջակցություն վարչական շրջանների ղեկավարների աշխատակազ-մերի երեխաների և սոցիալական պաշտ-պանության բաժիններին:  համագործակցությունների շրջանակում քաղաքապետարանի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների աշխատակիցների կարողությունների բարձրացում  և այլն:

Տեսնել ավելին