ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԲՈՒՍԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

1․Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«Բուսաբուծության աջակցության ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի հանրապետության ինքնաբավության մակարդակի բարձրացման, գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածությունների ավելացման և արտադրողականության բարձրացման անհրաժեշտությամբ։

 

2Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

Համաձայն ՀՀ Վիճակագրական կոմիտեի հրապարակումների վերջին տարիներին հանրապետությունում հացահատիկային, հատիկաընդեղեն, բանջարաբոստանային մշակաբույսերի և կարտոֆիլի ցանքատարածությունների նվազում է արձանագրվում, մասնավորապես 2023 թվականին 2020 թվականի համեմատ հատիկաընդեղեն մշակաբույսերի ցանքատարածությունները նվազել են շուրջ 577 հա-ով, կարտոֆիլինը՝ 2026 հա-ով, բանջարային մշակաբույսերը՝ 3526 հա-ով։ Գարնանացան գարու ցանքատարածությունները 2020 թվականի համեմատ 2023 թվականին նվազել են 10210 հա-ով, գարնանացան ցորենինը՝ շուրջ 180 հա-ով, իսկ բազմամյա խոտաբույսերի ընթացիկ տարվա ցանքը 2020 թվականի համեմատ նվազել է շուրջ 567 հա-ով։ Հարկ է նշել, որ առվույտը և կորնգանը հանդիսանում են արժեքավոր կերային մշակաբույսեր և դրանց արտադրության ծավալների մեծացումը կնպաստի անասնաբուծության ճյուղի զարգացմանը։

Ցանքատարածությունների շարունակական նվազումը հիմնականում մշակության ցածր տնտեսական արդյունավետության հետևանք է, որն էլ պայմանավորված է ցածր միջին բերքատվությամբ և ստացված արտադրանքի բարձր ինքնարժեքով։ Գյուղատնտեսական մշակաբույսերի միջին բերքատվությունը պայմանավորված է կոմպլեքս գործոններով, այդ թվում՝ ագրոտեխնիկական պահանջվող միջոցառումների իրականացմամբ, միաժամանակ մեծ ազդեցություն ունի մշակության արդյունավետ, ռեսուրսախնայող տեխնոլոգիաների կիրառումը։

Ներկա իրավիճակում գյուղատնտեսական հիմնական մշակաբույսերի մշակության ընթացքում սահմանված ագրոտեխնիկական միջոցառումները պատշաճ կերպով չեն իրականացվում, չեն կիրառվում մշակության նորագույն տեխնոլոգիաներ, որի հիմնական պատճառը պահանջվող ֆինանսական միջոցների բացակայությունն է և անհրաժեշտ գիտելիքների պակասը։ Ուստի անհրաժեշտ է պահանջված ագրոտեխնիկական միջոցառումների իրականացման և արդյունավետ տեխնոլոգիաների ներդրման նպատակով բուսաբուծությամբ զբաղվող տնտեսավարողների համար ապահովել ֆինանսական միջոցների հասանելիությունը, ինչպես նաև տրամադրել մասնագիտական խորհրդատվություն։

Արարատյան հարթավայրում կլիմայի փոփոխության և սակավաջրության վտանգի պայմաններում գյուղատնտեսական մշակաբույսերի, այդ թվում՝ լոլիկի և կարտոֆիլի մշակության ընթացքում արդիական ոռոգման համակարգերի կիրառումը անհրաժեշտություն է, փոխարենը հացահատիկային մշակաբույսերի մշակության ընթացքում անձևացման ոռոգման համակարգերի կիրառումը նպատակահարմար չէ, հաշվի առնելով, որ բույսերի մոտ այն հանգեցնում է սնկային հիվանդությունների զարգացմանը։ Հաշվի առնելով վերոգրյալը, որակյալ և կայուն բերքի ապահովման, ինչպես նաև ռեսուրսների խնայողության նպատակով անհրաժեշտ է ապահովել հնարավորություններ տնտեսավարողների համար միաժամանակ և՛ ոռոգման արդիական համակարգերի ներդրմանն, և՛ գյուղատնտեսական մշակաբույսերի մշակության իրականացմանն ուղղված աջակցություններից օգտվելու համար։

Հանրապետությունում գյուղատնտեսական մշակաբույսերի համախառն արտադրանքի նվազումը սպառնում է պարենային անվտանգությանը, ինչպես նաև արտահանման ծավալների ավելացմանը և ներմուծման ծավալների կրճատմանը։ Միաժամանակ, գյուղատնտեսական տարբեր մշակաբույսերի ցանքատարածությունների վերլուծությունը ըստ տարիների վկայում է, որ հանրապետությունում բուսաբուծության ոլորտում գյուղատնտեսական տարբեր մշակաբույսերի ցանքատարածությունների նվազման կանխումը կամ նույն  ցուցանիշի պահպանումը հնարավոր է ոլորտում պետական աջակցության մեխանիզմների կիրառման միջոցով։

 

 

3Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը.

Հանրապետության գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունը նպատակաուղղված է պարենային անվտանգության ապահովմանը, չօգտագործվող գյուղատնտեսական նշանակության հողերի նպատակային օգտագործմանը, բուսաբուծության ճյուղի զարգացմանը, ըստ գոտիների հիմնավորված, նպատակային և արդյունավետ մշակության իրականացմանը, համախառն արտադրանքի ծավալների ավելացմանը, արտահանման ծավալների աճին և տնտեսավարողների եկամուտների ավելացմանը։

 

4Կարգավորման նպատակը և բնույթը.

Կարգավորման նպատակն է բարձրացնել պարենային անվտանգության մակարդակը՝ հացահատիկային (աշնանացան և գարնանացան ցորեն, գարնանացան գարի, վարսակ, հաճար, եգիպտացորեն) և հատիկաընդեղեն (ոլոռ, լոբի, ոսպ, սիսեռ) մշակաբույսերի, կարտոֆիլի, լոլիկի և բազմամյա խոտաբույսերի (առվույտ, կորնգան) ցանքատարածությունների ընդլայնման միջոցով, ընդ որում նախատեսել վերոնշյալ մշակաբույսերի մշակությունը ըստ ՀՀ մարզերի։

 

Ծրագրի շահառու կարող է հանդիսանալ մինչև 100 հա մակերեսով (բացառությամբ տնամերձ հողատարածքների) աղյուսակում ներառված մշակաբույսերի մշակություն իրականացնող տնտեսավարողը, ընդ որում, ծրագրի շրջանակում յուրաքանչյուր շահառուի կողմից մշակվող ցանքատարածությունների հանրագումարը չի կարող գերազանցել 100 հա-ը, իսկ միևնույն հողամասի նկատմամբ համասեփականատերերի առկայության դեպքում ծրագրից կարող է օգտվել համասեփականատերերից միայն մեկը։

Արտադրողականության բարձրացման նպատակով նախատեսվում է ոռոգման արդիական համակարգերի կիրառման (միայն Հայաստանի Հանրապետության Արարատի, Արմավիրի մարզերում լոլիկի, կարտոֆիլի, առվույտի մշակության դեպքում և Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքում` լոլիկի մշակության դեպքում), հավաստագրված սերմերով (տնկանյութով) կամ դրանց սածիլներով ցանքի կամ տնկման իրականացման դեպքում ըստ մշակաբույսերի և դրանց մշակության մակերեսի փոխհատուցել  մեկ հեկտարի հաշվով կատարվող մշակության ծախսերի մինչև 30 տոկոսը։

Ծրագիրը կիրականացվի 2024-2025 թվականներին՝ հետևյալ հիմնական պայմաններով՝

  • ծրագրի շրջանակներում խթանվում է N 1 աղյուսակում նշված մշակաբույսերի տեսակների մշակությունը, որը պետք է իրականացվի N 1 աղյուսակում սահմանված Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզի (համայնքի) տարածքում, ընդ որում 2024 թվականին ծրագրի շահառու հանդիսացած անձը 2025 թվականին ևս կարող է հանդիսանալ ծրագրի շահառու, սակայն ցանքաշրջանառության իրականացման համար միևնույն շահառուի կողմից միևնույն հողատարածքում 2024 թվականին հացահատիկային, հատիկաընդեղեն մշակաբույսերից որևէ մեկը, եգիպտացորեն, կարտոֆիլ և լոլիկ մշակելու դեպքում 2025 թվականին պարտադիր պետք է կատարվի հերթափոխ (հաստատվում է համայնքի ղեկավարի տեղեկանքով)` N 1 աղյուսակում նշված մեկ այլ խմբի կամ տեսակի մշակաբույսով:
  • յուրաքանչյուր շահառու Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզում կարող է իրականացնել մի քանի տեսակի մշակաբույսերի ցանք,
  • գարնանացան հացահատիկային մշակաբույսերի և բազմամյա խոտաբույսերի ցանքը պարտադիր պետք է կատարվի մինչև տվյալ տարվա հունիսի 1-ը (բացառությամբ եգիպտացորենի, որի ցանքը Արարատի և Արմավիրի մարզերում պետք է իրականացվի մինչև տվյալ տարվա ապրիլի 30-ը), հատիկաընդեղեն մշակաբույսերինը՝ մինչև տվյալ տարվա հունիսի 10-ը, իսկ աշնանացան ցորենինը՝ մինչև տվյալ տարվա նոյեմբերի 15-ը։
  • անհրաժեշտության դեպքում, ծրագրի պայմանների և պահանջների վերաբերյալ շահառուներին նախարարության կողմից կարող է տրամադրվել անվճար խորհրդատվություն, միաժամանակ ըստ մշակաբույսերի անհրաժեշտ ագրոտեխնիկական միջոցառումների մասին խորհրդատվություն ներկայացված է NN 2, 3, 4, 5, 6 և 7 աղյուսակներում.
  • յուրաքանչյուր տարի յուրաքանչյուր շահառուին տրամադրվող փոխհատուցման գումարի առավելագույն հանրագումարը չի կարող գերազանցել 20,0 մլն ՀՀ դրամ գումարը (հաշվի առնելով Ծրագրով սահմանված մեկ հեկտարի հաշվով առավելագույն փոխհատուցման գումարը՝ 200 000 ՀՀ դրամ),
  • ծրագրի շրջանակներում թույլտարվում է խառը ցանքերի իրականացումը, ընդ որւմ փոխհատուցումը տրամադրվում է հացահատիկային մշակաբույսերի համար նախատեսված փոխհատուցվող գումարի հաշվով,
  • ծրագրի շահառուները նույն հողամասի վրա գյուղատնտեսական մշակաբույսերի մշակության նպատակով կարող են օգտվել նաև պետական աջակցության ծրագրի շրջանակներում ոռոգման արդիական համակարգերի ներդրման համար նախատեսված աջակցությունից, սակայն միևնույն հողատարածքում միևնույն մշակաբույսի մշակության համար չեն կարող օգտվել պետական աջակցության այլ ծրագրերից։

Փոխհատուցումը կտրամադրվի հետևյալ սահմանաչափերով՝

  • հացահատիկային մշակաբույսերի մշակության յուրաքանչյուր 1 հեկտար մակերեսի համար՝ 100000 ՀՀ դրամ, բացառությամբ՝ եգիպտացորենի համար՝ 180000 ՀՀ դրամ
  • հատիկաընդեղեն մշակաբույսերի մշակության յուրաքանչյուր 1 հեկտար մակերեսի մշակության համար՝ 150 000 ՀՀ դրամ,
  • լոլիկի մշակության յուրաքանչյուր 1 հեկտար մակերեսի համար՝ 200 000 ՀՀ դրամ,
  • կարտոֆիլի մշակության յուրաքանչյուր 1 հեկտար մակերեսի մշակության համար՝ 170 000 ՀՀ դրամ,
  • առվույտի մշակության յուրաքանչյուր 1 հեկտար մակերեսի մշակության համար՝ 100 000 ՀՀ դրամ, իսկ կորնգանի համար` 70 000 ՀՀ դրամ։

 

5Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Սույն նախագիծը մշակվել է Էկոնոմիկայի նախարարության կողմից:

 

6Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունման արդյունքում կբարձրանա հանրապետության պարենային ինքնաբավության մակարդակը, հացահատիկային և հատիկաընդեղեն մշակաբույսերի ցանքատարածությունները կավելանան 56000 հեկտարով (աշնանացան հացահատիկային մշակաբույսերը՝ 30 000 հեկտարով, գարնանացան հացահատիկային մշակաբույսերը` 20 000 հեկտարով, որից եգիպտացորենը` 2000 հեկտարով, հատիկաընդեղեն մշակաբույսերը` 4000 հեկտարով), լոլիկինը՝ 2000 հեկտարով, կարտոֆիլինը՝ 2600 հեկտարով, բազմամյա խոտաբույսերինը` 4000 (առվույտը` 2600 հեկտարով, իսկ կորնգանը` 1400 հեկտարով) հեկտարով, կբարձրանա արտադրողականությունը, ինչպես նաև կավելանան արտահանման ծավալները։

 

7Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ:

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարության «բարելավել պարենային անվտանգությունը և սնուցումը» առաջնահերթությունում կարևորվում է պարենամթերքի տեղական արտադրության ծավալների ավելացումը։

 

  • Քննարկվել է

    06.02.2024 - 26.02.2024

  • Տեսակ

    Հրաման Որոշում

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1781

Տպել