Հիշել նախագիծը

Գտնվում է ՀՀ կառավարությունում

ԷԿՈՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԶԵՆՔԸ ՊԱՀԵԼՈՒ ԵՎ ԿՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«___»  «__________________» 2024 թվականի N ___ - Ն

 

 

ԷԿՈՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԶԵՆՔԸ ՊԱՀԵԼՈՒ ԵՎ ԿՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

 

Հիմք ընդունելով «Էկոպարեկային ծառայության մասին» օրենքի 30-րդ հոդվածի 4-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Սահմանել էկոպարեկային ծառայողի ծառայողական զենքը պահելու և կրելու կարգը՝ համաձայն հավելվածի:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2024 թվականի

  ______________ ___-ի N __-Ն որոշման

 

 

Կ Ա Ր Գ

 

ԷԿՈՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԶԵՆՔԸ ՊԱՀԵԼՈՒ ԵՎ ԿՐԵԼՈՒ

 

 

  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

  1. Սույն կարգով կարգավորվում են էկոպարեկային ծառայության (այսուհետ` Ծառայություն) ծառայողների (այսուհետ` Ծառայող) ծառայողական զենքը (այսուհետ` զենք) պահելու և կրելու հետ կապված հարաբերությունները:
  2. Ծառայողին պահելու և կրելու իրավունքով հատկացվում է Ծառայության սպառազինության մեջ ընդգրկված հաշվեցուցակային զենք:
  3. Ծառայողին հատկացվող զենքի հետ միասին տրվում են համապատասխան հարմարանքներ` զենքը բացահայտ կամ քողարկված կրելու համար, ինչպես նաև` զենքի խնամքի համար նախատեսված պարագաներ:
  4. Ծառայողին պահելու և կրելու իրավունքով զենք հատկացվում է նրան պաշտոնի նշանակելու պահից:
  5. Ծառայողին պահելու և կրելու իրավունքով զենք հատկացնելու իրավունքը վերապահվում է Ծառայության պետին:
  6. Պահելու և կրելու իրավունքով հատկացված զենքը Ծառայողի կողմից գործադրվում է «Էկոպարեկային ծառայության մասին» օրենքով սահմանված դեպքերում և կարգով:

 

 

  1. ԶԵՆՔԸ ՊԱՀԵԼՈՒ ԵՎ ԿՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

  1. Պահելու և կրելու իրավունքով զենք ստացած Ծառայողը պարտավոր է սարքին, անվտանգ և մաքուր պահել ստացած զենքը:
  2. Զենքի կորուստը բացառելու նպատակով այն պետք է համապատասխան ամրակապով հուսալիորեն ամրացված լինի Ծառայողի համազգեստին:
  3. Արգելվում է Ծառայողի կողմից զենք կրելն առանց համապատասխան հարմարանքների (ատրճանակի պատյան, ամրակապ, ինքնաձիգի գոտի և այլն):
  4. Զենքը Ծառայողի բնակության վայրում պետք է պահվի փականով ամրացված պահարանում կամ արկղում` միջոցներ ձեռնարկելով զենքին այլ անձանց հասանելիությունը բացառելու համար:
  5. Քաղաքացիական հագուստ կրող Ծառայողը զենքը կրում է քողարկված:
  6. Ծառայողին արգելվում է մերկացնել զենքը, փոխանցել այլ անձանց կամ թողնել առանց հսկողության` բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի:
  7. Ծառայողի` զենքով ծառայողական գործուղման մեկնելու դեպքում գործուղման վկայականում նշվում են զենքի տեսակը, համարը, արտադրության տարեթիվը, փամփուշտների թիվը և հաստատվում Ծառայության կնիքով:
  8. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս Ծառայողը զենքով գործուղվում է միջպետական պայմանագրերով սահմանված դեպքերում և կարգով:
  9. Հայաստանի Հանրապետության տարածքում գործուղման դեպքում` ժամանման վայրում զենքն անվտանգ պահելու հնարավորության բացակայության դեպքում գործուղված Ծառայողը զենքն ի պահ է հանձնում մոտակա ոստիկանության բաժնի հերթապահ մաս:
  10. Ծառայողին հատկացված զենքի, դրա տեխնիկական վիճակի, ինչպես նաև հատուկ պարագաների առկայության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է`

1) Ծառայողի անմիջական ղեկավարի կողմից` յուրաքանչյուր շաբաթը մեկ անգամ` Ծառայողի ծառայության մեջ գտնվելու ժամանակ.

2) տվյալ ստորաբաժանման ղեկավարի կողմից` յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ.

3) տվյալ ստորաբաժանման սպառազինության համար պատասխանատու անձի (այսուհետ՝ Հերթափոխի տեսուչ) կողմից` տարեկան մեկ անգամ։

  1. Այլ ստորաբաժանում տեղափոխվելու, ծառայությունից ազատվելու դեպքերում Ծառայողը պարտավոր է զենքը հանձնել Հերթափոխի տեսուչին։
  2. Ծառայողը ստացիոնար բուժման, ուսման կամ արձակուրդ մեկնելիս, ինչպես նաև զենքը պահելու համար հուսալի պայմանների չապահովման դեպքում զենքը ժամանակավորապես ի պահ է հանձնում Հերթափոխի տեսուչին։
  3. Ծառայողը, ստորաբաժանման ղեկավարի կարգադրությամբ, պարտավոր է զենքը հանձնել, եթե`

1) Ծառայողի կողմից խախտվել են սույն կարգով նախատեսված զենքը պահելու և կրելու պայմանները.

2) Ծառայողի ժամանակավորապես ծառայողական պարտականությունների դադարեցման դեպքում.

3) Ծառայողն ազատվել է Ծառայությունում ծառայությունից.

4) Ծառայողին արգելվել է զենք կրել` բժշկական եզրակացությամբ:

  1. Հերթափոխի տեսուչին հանձնած զենքի վերաբերյալ համապատասխան գրառում է կատարվում զենքի հանձնման և ընդունման մատյանում:
  2. Զենքը գործադրելու, ինչպես նաև զենքը փչացնելու դեպքերում Ծառայողն անմիջապես զեկուցում է վերադասության կարգով և ղեկավարվում տրված ցուցումներով, իսկ զենքը կորցնելու դեպքում՝ նաև հայտնում է այդ մասին ոստիկանությանը։

 

  • Քննարկվել է

    01.02.2024 - 16.02.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անվտանգություն, Բնապահպանություն

  • Նախարարություն

    Շրջակա միջավայրի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 900

Տպել