Հիշել նախագիծը

«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

 «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով 2022-2023 թվականներին մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողներին, ինչպես նաև ազգային անվտանգության մարմիններում (այդ թվում՝ պետական պահպանության ծառայությունում) զինվորական ծառայության պաշտոններ զբաղեցնողներին, ոստիկանության ծառայողներին, փրկարար ծառայության տնօրենի տեղակալներին, փրկարարական ծառայողներին, քրեակատարողական ծառայողներին և պրոբացիայի ծառայության ծառայողներին ատեստավորման արդյունքներով որակավորման համար հավելավճարներ նախատեսվեցին։ Համապատասխան օրենքների փոփոխությունների արդյունքում «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում առաջացել են նույնաբովանդակ դրույթների անհարկի կրկնություններ։ Դրանով պայմանավորված՝ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) առաջարկվում է նոր խմբագրությամբ շարադրել Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի բ․ ենթակետը, 7-րդ հոդվածի 6․1-ին մասը և 16-րդ հոդվածի 5․1-ին մասը։ Առաջարկվում է նաև ուժը կորցրած ճանաչել Օրենքի 7-րդ հոդվածի 6․2-րդ մասը և 16-րդ հոդվածի 5․2-րդ մասը, ինչպես նաև խմբագրական բնույթի փոփոխություն կատարել 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի ա․ ենթակետում։

Նախագծով առաջարկվում է փրկարար ծառայության տնօրենի տեղակալներին ատեստավորման արդյունքներով որակավորման համար տրվող հավելավճարի վերաբերյալ կարգավորումը հանել Օրենքի 16-րդ հոդվածից և սահմանել Օրենքի 9-րդ հոդվածում, քանի որ Օրենքի 16-րդ հոդվածով կարգավորվում են զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողների, արտաքին հետախուզության, քրեակատարողական, պրոբացիայի և փրկարար ծառայության ծառայողների վարձատրության հետ կապված հարաբերությունները, իսկ փրկարար ծառայության տնօրենի տեղակալները փրկարար ծառայության ծառայողներ չեն հանդիսանում։

Նախագծով առաջարկվում է նաև ուժը կորցրած ճանաչել Օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասը և 8-րդ հոդվածի 3․1-ին մասից հանել «, եթե դրանք չեն կարգավորվում սույն օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով» բառերը: Մասնավորաես Օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված է հետևյալը. «Առանձնակի ռիսկային և մասնագիտացում պահանջող պաշտոն զբաղեցնող անձանց դրույքաչափերը սահմանվում են սույն օրենքի 1-ին հավելվածով՝ հաշվի առնելով սույն օրենքի 13-րդ, 14-րդ, 14.4-րդ, 16.1-ին հոդվածներով և սույն մասով նախատեսված առանձնահատկությունները: Առանձնակի ռիսկային և մասնագիտացում պահանջող պաշտոններում, առանձնահատկություններով պայմանավորված, տրվում են հավելումներ: Սույն մասով սահմանված հավելումների վճարման չափերը, կարգը, ինչպես նաև առանձնակի ռիսկային և մասնագիտացում պահանջող պաշտոնների շրջանակը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, բացառությամբ սույն հոդվածով, 13-րդ և 14.4-րդ հոդվածներով սահմանված դեպքերի:»: Այս առումով հարկ է նշել, որ Օրենքի 13-րդ, 14-րդ, 14.4-րդ, 16.1-ին հոդվածներով պաշտոնային դրույքաչափերի սահմանման առանձնահատկություններ սահմանված չեն, այլ համապատասխան հոդվածներով մի խումբ պետական պաշտոն զբաղեցնող անձանց համար սահմանված են հավելումների վճարման պայմաններ: Բացի այդ, Կառավարության 2023 թվականի  մայիսի 25-ի N 792-Ն որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվել Կառավարության 2022 թվականի ապրիլի 7-ի «Առանձնակի ռիսկային և մասնագիտացում պահանջող պաշտոնների առանձնահատկություններով պայմանավորված տրվող հավելումների վճարման չափերը, կարգը, ինչպես նաև առանձնակի ռիսկային և մասնագիտացում պահանջող պաշտոնների շրջանակը սահմանելու մասին»  N 446-Ն որոշումը:

Օրենքի 20-րդ հոդվածում առաջարկվում է կատարել լրացում, որով պետական ծառայողների համար կսահմանվի երաշխիք առ այն, որ նրանց պետական ծառայության վերջին պաշտոնի համար սահմանված պաշտոնային դրույքաչափը որոշող գործակցի մակարդակը հաշվի կառնվի նաև այն դեպքերում, երբ պետական ծառայողը պաշտոնից ազատվելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում կզբաղեցնի պետական պաշտոն (պաշտոններ), որից հետո կվերադառնա պետական ծառայություն։

Աշխատանքային օրենսգրքի 213-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով սահմանված է, որ գործատուին ունեցած աշխատողի պարտքերը մարելու համար աշխատավարձից պահվում կամ գանձվում են` չաշխատած օրերի համար վճարված գումարը, եթե աշխատողն ազատվում է աշխատանքից մինչև այն աշխատանքային տարվա ավարտը, որի համար նրան տրամադրվել էր արձակուրդ: Հատկանշական է, որ վերը նշված հիմքով վերահաշվարկ կատարելու պարագայում «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ ճշտված հաշվարկի արդյունքում վերահաշվարկվում է (փոխվում է) աշխատանքից ազատված անձի սոցիալական վճարի պարտավորությունը, և փոփոխության արդյունքում առաջացած տարբերության չափով գործատուի համար առաջանում է լրացուցիչ պարտավորություն: Վերը նշված խնդրի լուծման նպատակով՝ Նախագծով առաջարկվում է լրացուցիչ արձակուրդային վճարները վճարել ոչ թե միանվագ, այլ արձակուրդի օրերին համամասնորեն։

«Հանրային ծառայության մասին» օրենքին համապատասխանությունը ապահովելու նպատակով առաջարկվում է նաև Օրենքի 24-րդ հոդվածի 4-րդ մասում «աշխատակազմի ղեկավարի» բառերը փոխարինել «գլխավոր քարտուղարի» բառերով։ Օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասից առաջարկվում է հանել քաղաքացիական ծառայողներին վերաբերող կարգավորումը, քանի «Քաղաքացիական ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-205-Ն օրենքի կարգավորումների համաձայն ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնող անձը ևս հանդիսանում է քաղաքացիական ծառայող և Օրենքի 28-րդ հոդվածի կարգավորումներն այևս կիրառելի չեն քաղաքացիական ծառայողների նկատմամբ։

 

  1. Կարգավորման նպատակը

Նախագծային կարգավորումներով շտկվում են Օրենքի բազմաթիվ փոփոխությունների արդյունքում որոշ դրույթներում առաջացած եզրութաբանական, շարահյուսական բնույթի սխալները, Օրենքի 9-րդ և 16-րդ հոդվածների բովանդակությունը համապատասխանեցվում է այդ հոդվածների վերնագրերին։

Նախագծով պետական ծառայողների համար սահմանվում է երաշխիք պետական ծառայությունում աշխատած տարիների համար բնականոն աճի միջոցով գործակցի մակարդակը պահպանել նաև այն դեպքերում, երբ պետական ծառայողը պաշտոնից ազատվելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում զբաղեցնում է պետական պաշտոն (պաշտոններ)։

Լրացուցիչ արձակուրդային վճարը (գործող օրենքով՝ միանվագ արձակուրդային վճարը) արձակուրդի օրերին համամասնորեն վճարելու կարգավորմամբ գործատուի համար աշխատանքից ազատվող պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձից հետգանձումներ կատարելու, սոցիալական վճարի վերահաշվարկ կատարելու և դրանով պայմանավորված վերահաշվարկի արդյունքում առաջացած տարբերության չափով գործատուի համար սոցիալական վճարի լրացուցիչ պարտավորություն առաջանալու դեպքերը կբացառվեն:

Օրենքի 24-րդ հոդվածի 4-րդ մասը համապատասխանեցվում է«Հանրային ծառայության մասին» օրենքին, իսկ Օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանեցվում է  «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքին։

 

3.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագծերի փաթեթը մշակվել է Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի կողմից:

 

4.Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում Օրենքից կհանվեն անհարկի կրկնություններ բովանդակող դրույթները, Օրենքում տարբեր հոդվածներում կիրառվող եզրույթները կհամապատասխանեցվեն, շարահյուսական բնույթի սխալները կշտվեն, ինչպես նաև 9-րդ և 16-րդ հոդվածների վերնագրերը կհամապատասխանեցվեն դրանց բովանդակությանը։

Նախագծով պետական ծառայողների համար կսահմանվի երաշխիք առ այն, որ նրանց պաշտոնային դրույքաչափը հաշվարկելիս 19-րդ հոդվածի 1.1-ին, 2-րդ և 3-րդ մասերով սահմանված դրույթները կգործեն նաև, եթե պետական ծառայողը պաշտոնից ազատվելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում զբաղեցնի պետական պաշտոն (պաշտոններ)։

Լրացուցիչ արձակուրդային վճարները արձակուրդի օրերին համամասնորեն վճարելու կարգավորմամբ գործատուի համար վերահաշվարկ կատարելու, պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձից հետգանձումներ կատարելու և առաջացած տարբերության չափով գործատուի համար սոցիալական վճարի լրացուցիչ պարտավորություն այլևս չի առաջանա:

 

 

           5.Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում։

 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Ներկայացվող նախագիծը չի բխում համապատասխան ռազմավարական փաստաթղթերից։

  • Քննարկվել է

    01.02.2024 - 16.02.2024

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Քաղաքացիական ծառայություն

  • Նախարարություն

    Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակ

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1100

Տպել

Առաջարկներ`

Ռաֆայել Շաքարյան

01.02.2024

1/ ,,Առանձնակի ռիսկայնության,, և ,,հատուկ մասնագիտացման համար,, տերմինները ստույգություն չեն պարունակում: 2/ Կարում են դրույքաչափերը պետք է որոշի կառավարությունը այլ կառավարության առաջարկով Ազգային ժողովը /ՀՀ-ն պառլամենտարական պետություն է: Հակառակ դեպքում կունենանք կոռուպցիոն ռիսկեր:

Տեսնել ավելին