Հիշել նախագիծը

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 Ընթացիկ իրավիճակը, առկա խնդիրները, իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի (այսուհետ նաև՝ Օրենսգիրք) 157.15-րդ հոդվածով վարչական պատասխանատվություն է սահմանված Երևան քաղաքի վարչական սահմաններում կառուցապատողների կողմից շրջակա միջավայրի վրա շինարարական աշխատանքների ազդեցության նվազեցման, շինարարական աշխատանքների իրականացման ընթացքում փողոցների երթևեկության և հետիոտնի անցումների անվտանգության ապահովման, կառուցապատվող օբյեկտներում շինարարական հրապարակների տարանջատման ու սանիտարական վիճակի ապահովման պայմանները չապահովելու համար:

Նույն հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերով վարչական պատասխանատվություն է նախատեսված կառուցապատողի կողմից Երևան քաղաքի վարչական սահմաններում շինարարական աշխատանքների իրականացման ընթացքում սահմանված պահանջները, պայմանները չպահպանելու համար:

Հիշյալ պահանջները, պայմանները սահմանված են Երևան քաղաքի ավագանու 2012 թվականի մարտի 16-ի N 405-Ն որոշմամբ (այսուհետ նաև՝ Որոշում), որով կարգավորված են Երևան քաղաքի վարչական սահմաններում քաղաքաշինական գործունեության բնագավառում ի լրումն քաղաքաշինական նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերով սահմանված գործող նորմերի իրականացման ենթակա լրացուցիչ պայմանները:

Նույն որոշման հավելվածի 2-րդ կետի համաձայն՝ լրացուցիչ պայմանները` պարտադիր պահանջների և իրականացման ենթակա միջոցառումների համալիր է, որն ուղղված է Երևան քաղաքի շրջակա միջավայրի վրա շինարարական աշխատանքների ազդեցությունը նվազեցնելու, փողոցների երթևեկության և հետիոտն անցումների անվտանգությունն ապահովելու, ինչպես նաև կառուցապատվող օբյեկտներում շինարարական հրապարակների տարանջատման ու սանիտարական պատշաճ վիճակն ապահովելու ուղղությամբ իրականացվող աշխատանքների արդյունավետության բարձրացմանը:

Նույն որոշման հավելվածի 3-րդ և 4-րդ կետերի համաձայն՝ լրացուցիչ պայմանները տարածվում են այն անձանց վրա (կառուցապատողներ կամ քաղաքաշինական գործունեություն իրականացնելու իրավունք ունեցողներ, այսուհետ` Կառուցապատող), որոնց կողմից Երևան քաղաքի վարչական տարածքում գտնվող քաղաքաշինական գործունեության օբյեկտում կատարվող կամ կատարվելիք շինարարական աշխատանքների իրականացման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պահանջվում է շինարարության կամ քանդման թույլտվություն (այսուհետ` Կառուցապատվող օբյեկտ): Կառուցապատվող օբյեկտում քաղաքաշինական գործունեություն իրականացնելու իրավունք ունեցող անձինք պարտավոր են պահպանել սույն կարգով սահմանված լրացուցիչ պայմանները շինարարական աշխատանքների իրականացման բոլոր փուլերում:

Նույն որոշման հավելվածի 6-րդ կետի համաձայն՝ Լրացուցիչ պայմաններն են`

1) ճարտարապետաշինարարական նախագծում կառուցապատվող օբյեկտի շինարարական հրապարակի կազմակերպման ձևի ու պայմանների ներառումը,

2) շինարարական աշխատանքներն սկսելուց ոչ ավելի վաղ, քան մեկ ամիս առաջ կառուցապատվող օբյեկտի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համաձայնեցված` ճարտարապետաշինարարական նախագծով նախատեսված շինարարական հրապարակի կազմակերպումը,

3) կառուցապատվող օբյեկտին հարող տարածքում կամ դրան կից ճանապարհային երթևեկության մասնակիցների, ինչպես նաև այլ անձանց անվտանգության, իրավունքների և օրինական շահերի պաշտպանության նպատակով անհրաժեշտ իրազեկումն ու պայմանների ապահովումը,

4) կառուցապատվող օբյեկտի շինարարական հրապարակից դուրս ընդհանուր օգտագործման տարածքների աղտոտման ու աղբի կուտակումների բացառումը,

5) կառուցապատվող օբյեկտի շինարարական հրապարակում և հարակից ընդհանուր օգտագործման տարածքներում առկա ծառերի, թփերի և կանաչ տարածքների (կանաչ տնկարկներ, բուսածածկ տարածքներ, կանաչ տնկարկների կամ բուսածածկի համար նախատեսված հողաշերտեր) պաշտպանության և դրանց վրա շինարարական աշխատանքների ազդեցության նվազեցման միջոցառումների կազմակերպում:

Լրացուցիչ պայմանների կատարումն ապահովելու նպատակով Որոշմամբ սահմանված են Կառուցապատողի կողմից շինարարական գործունեության ընթացքում պարտադիր պահպանման և կատարման ենթակա գործողություններն ու միջոցառումները:

Չնայած այն հանգամանքին, որ հիշյալ պահանջների չապահովման համար ներկայումս գործող օրենսդրությամբ նախատեսված է պատասխանատվություն, այնուամենայնիվ, վերոնշյալ խումբ վարչական իրավախախտումները Երևան քաղաքում դեռևս խիստ մեծ թիվ են կազմում։ Ավելին, բազմաթիվ են դեպքերը, երբ նշված իրավախախտումները կատարելուց և վարչական տույժի ենթարկվելուց հետո համապատասխան սուբյեկտները շարունակում են վարչական իրավախախտում համարվող արարքների կատարումը, մի շարք դեպքերում վարչական իրավախախտում համարվող արարքները շարունակվում են նույնիսկ երկրորդ անգամ տույժի ենթարկվելուց հետո։

Նշված իրավիճակը, ի թիվս այլնի, հետևանք է նաև այն բանի, որ քննարկվող իրավախախտումների համար սահմանված վարչական տույժերն անհամարժեք են դրանց հանրային վտանգավորությանը։ Արդյունքում առաջանում է այնպիսի իրավիճակ, երբ համապատասխան սուբյեկտի կողմից այս խումբ իրավախախտումները կատարելու հետևանքով վերջինիս նկատմամբ նշանակվող տույժերը հաճախ էականորեն ավելի պակաս են այդ իրավախախտումների կատարման կամ շարունակման պայմաններում վերջիններիս կողմից ստացվող եկամուտներից, ինչպիսի պայմաններում քաղաքացիների ու իրավաբանական անձանց համար հաճախ վարչական իրավախախտում կատարելը, դրա համար նշանակված վարչական տույժը վճարելը, նույնիսկ՝ խախտման համար երկրորդ անգամ տույժի ենթարկվելն ավելի «շահավետ» են լինում, քան իրավախախտում կատարելուց խուսափելը և քաղաքաշինական համապատասխան նորմերի պահպանումը։

Գործող պրակտիկան ցույց է տալիս, որ վարչական իրավախախտում կատարելու զսպող մեխանիզմ հանդիսանում է հենց սահմանված վարչական տույժերի վերանայումն ու խստացումը, որը նպատակ ունի կանխելու կատարվող իրավախախտումներն ու դրանց հնարավոր վնասակար ազդեցությունները:

Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ շինարարական օբյեկտները դասակարգված են ըստ ռիսկայնության աստիճանների՝ ըստ որի՝ Հայաստանի Հանրապետությունում շինարարության օբյեկտները, ելնելով դրանց ծավալից, նշանակությունից, կարևորությունից ու բարդությունից, ինչպես նաև մարդկանց և շրջակա միջավայրի անվտանգությունից, ըստ ռիսկայնության աստիճանի դասակարգվում են հետևյալ հինգ կատեգորիաների՝

1) ցածր ռիսկայնության աստիճանի օբյեկտներ` I կատեգորիա.

2) միջին ռիսկայնության աստիճանի օբյեկտներ` II կատեգորիա.

3) միջինից բարձր ռիսկայնության աստիճանի օբյեկտներ` III կատեգորիա.

4) բարձր ռիսկայնության աստիճանի օբյեկտներ` IV կատեգորիա.

5) բարձրագույն ռիսկայնության աստիճանի օբյեկտներ` V կատեգորիա:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 157.15-րդ հոդվածում ներկայումս վարչական պատասխանատվություն սահմանող արարքները առանձնացված չեն ըստ հիշյալ ռիսկայնության աստիճանների օբյեկտների համար կատարվող իրավախախտումների, ինչը խնդրահարույց է և արդարացված չէ, քանի Հայաստանի Հանրապետությունում շինարարության օբյեկտները, ելնելով դրանց ծավալից, նշանակությունից, կարևորությունից ու բարդությունից, ինչպես նաև մարդկանց և շրջակա միջավայրի անվտանգությունից, տարբերակված և առանձնացված են, ուստի և դրանց հետ կապված պատասխանատվություն սահմանող արարքների շրջանակը և դրանց համար կիրառվող վարչական պատասխանատվության տեսակներն ու չափերը նույնպես պետք է առանձնացված լինեն:

Նկատի ունենալով նշվածը՝ Նախագծով առաջարկվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 157.15-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ պատասխանատվություն սահմանելով Կառուցապատողների կողմից քաղաքաշինական նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերով սահմանված նորմերի Երևան քաղաքում իրականացման լրացուցիչ պայմանները խախտելու համար՝ 1-ին մասով նախատեսված վարչական իրավախախտումների համար որպես վարչական տույժի տեսակ սահմանված տուգանքի չափը դարձնելով սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով:

Նախագծով առաջարկվում է առանձնացված պատասխանատվություն սահմանել 4-րդ կամ 5-րդ աստիճանի ռիսկայնության օբյեկտների համար շինարարական աշխատանքների իրականացման ընթացքում կառուցապատողների կողմից քաղաքաշինական նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերով սահմանված նորմերի Երևան քաղաքում իրականացման լրացուցիչ պայմանները խախտելու համար՝ տուգանքի չափը նախատեսելով՝ նվազագույն աշխատավարձի հազարհինգհարյուրապատիկից երկուհազարապատիկի չափով:

Նախագծով առաջարկվող կարգավորումների ընդունման արդյունքում ակնկալվում է բարձրացնել Կառուցապատողների զգոնությունը և պատասխանատվությունը կատարվող վարչական իրավախախտումների նկատմամբ, և առավել խիստ վարչական պատասխանատվության միջոցների կիրառմամբ հասնել Կառոււցապատողների կողմից հիշյալ պահանջների պահպանմանը, որոնք ուղղված են Երևան քաղաքի շրջակա միջավայրի վրա շինարարական աշխատանքների ազդեցությունը նվազեցնելու, փողոցների երթևեկության և հետիոտն անցումների անվտանգությունն ապահովելու, ինչպես նաև կառուցապատվող օբյեկտներում շինարարական հրապարակների տարանջատման ու սանիտարական պատշաճ վիճակն ապահովելու ուղղությամբ իրականացվող աշխատանքների արդյունավետության բարձրացմանը:

Նախագծով առավել խիստ վարչական պատասխանատվություն է սահմանվում նաև հիշյալ արարքների կրկին կատարման դեպքերի համար:  

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 180.2-րդ հոդվածով վարչական պատասխանատվություն է սահմանված մշակութային գործունեության իրականացման նպատակով հանրային բացօթյա վայրերի օգտագործման պայմանները, պահանջները և սահմանափակումները խախտելու համար, որի 2-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը կրկին կատարելը վարչական տույժի միջոց կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև ութհարյուրապատիկի չափով` խախտողի անձնական սեփականություն հանդիսացող այն առարկաների բռնագրավմամբ, որոնք հիշյալ խախտումները կատարելու գործիք են համարվել, կամ առանց դրանց բռնագրավման:

Այս առումով նկատի ունենալով այն հանգամանքը, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 23-րդ հոդվածով որպես վարչական տույժի տեսակ նախատեսված է  վարչական իրավախախտում կատարելու գործիք կամ անմիջական օբյեկտ հանդիսացող առարկայի բռնագրավումը, որը վերաբերվում է ինչպես իրավախախտում կատարող անձին, այնպես էլ երրորդ անձանց սեփականության իրավունքով պատկանող առարկաների բռնագրավմանը, Նախագծով առաջարկվում է կատարել համապատասխան փոփոխություն՝ նույն հոդվածի շրջանակներում հնարավորություն տալով առգրավելու իրավախախտում կատարած անձին կամ երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող այն առարկաները, որոնք հիշյալ իրավախախտումը կատարելու գործիք են հանդիսացել:

Միևնույն ժամանակ, նկատի ունենալով այն հանգամանքը, որ հիշյալ հոդվածով տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված է առգրավման իրավասություն, իսկ նույն օրենսգրքի 310-րդ հոդվածով կարգավորված են առգրավման և բռնագրավման կարգի հետ կապված հարաբերությունները՝ գործնականում առգրավման և բռնագրավման գործընթացի իրականացումը ապահովելու համար` Նախագծով առաջարկվում է հիշյալ հոդվածում լրացնել նաև 180.2-րդ հոդվածը:

Կարգավորման նպատակը, ակնկալվող արդյունքը.

Նախագծի նպատակն է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում կատարվող փոփոխությունների արդյունքում հասնել վարչական իրավախախտման հանգեցնող արարքների թվի նվազեցմանը և սահմանված պահանջների, պայմանների, կանոնների պահպանմանը:

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է Երևանի քաղաքապետարանի կողմից:

Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջացնի, միաժամանակ չի բերի պետական բյուջեի եկամուտների և ծախսերի փոփոխության:

Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի նախագծերը կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին.

Նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և/կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չկա:

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ բացակայում է:

 

 

 

  • Քննարկվել է

    30.01.2024 - 14.02.2024

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1076

Տպել