Հիշել նախագիծը

«Կոնյակի սպիրտի արտահանման աջակցության ծրագիրը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԿՈՆՅԱԿԻ ՍՊԻՐՏԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

1Անհրաժեշտությունը։ «Կոնյակի սպիրտի արտահանման աջակցության ծրագիրը հաստատելու մասին» Կառավարության որոշման (այսուհետ՝ Որոշում) նախագծի ընդունումը պայմա­նավորված է տնտեսավարողների մոտ առկա կոնյակի սպիրտների մնացորդների իրացվելիության հետ կապված ռիսկերը մեղմելու և ընթացիկ տարվա խաղողի մթերումների կազմակերպման համար անհրաժեշտ պայմաններ ապահովելու նպատակով աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտությամբ։

2Ընթացիկ իրավիճակը և խնդիրները։ «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ կետի աղյուսակի 4-րդ բաժնի 1.2-րդ տողում նշված՝ «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220820 ծածկագրին դասվող կոնյակի և բրենդիի սպիրտներ արտադրողների կողմից 100 հազար լիտրը (100-տոկոսանոց սպիրտի հաշվարկով) գերազանցելուց հետո այլ խմբաքանակների իրացում» ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք ձեռք բերելու համար տնտեսավարող սուբյեկտները վճարում են «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 20.1-ին հոդվածի 1-ին մասի աղյուսակի 5.1-ին կետի 2-րդ պարբերությունով սահմանված լրացուցիչ 100 դրամ պետական տուրք։

Կառավարության 2020 թվականի օգոստոսի 13-ի N 1355-Լ որոշման հիման վրա 2020 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 30-ը տնտեսավարողներին ցուցաբերվել է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 20.1-ին հոդվածի 1-ին մասի աղյուսակի 5.1-ին կետի 2-րդ պարբերությունով սահմանված լրացուցիչ 100 դրամ պետական տուրքի չափով օժանդակություն, որը զգալիորեն նպաստել է արտահանվող կոնյակի սպիրտների մրցունակության ապահովմանը և իրացման ծավալների ավելացմանը։

2019 թվականին կոնյակի սպիրտի արտահանումը կազմել է 14.5 մլն լիտր (100 տոկոսանոց սպիրտի հաշվարկով), այնուհետև տարբեր գործոններով պայմանավորված արտահանման ծավալները սկսել են նվազել և 2020-2022 թվականների ընթացքում արտահանումը կազմել է 17․1 մլն լիտր։ 2023 թվականի երկրորդ կիսամյակից սկսած արտահանման ծավալներն զգալիորեն ավելացել են և օպերատիվ տվյալներով 2023 թվականի 11 ամիսների արտահանման ծավալը կազմել է շուրջ 10.2 մլն լիտր։

2020-2023 թվականներին կազմակերպությունների կողմից մթերված խաղողից արտադրված կոնյակի սպիրտների ծավալները գնահատվում են շուրջ 50․0 մլն բացարձակ լիտր։ Նկատի ունենալով, որ կոնյակի սպիրտը պետք է իրացվի առնվազն 3 տարի հնացումից հետո, ապա 2023 թվականին կարող էր իրացվել մինչև 2019 թվականը և որոշ չափով նաև 2020 թվականին (2020 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին հնացման դրված) արտադրված կոնյակի սպիրտները, հետևաբար տնտեսավարողների մոտ 2020-2023 թվականներին մթերված խաղողից արտադրված սպիրտների մնացորդները գնահատվում են շուրջ 30․0 մլն լիտր։

Մյուս կողմից այսօրվա դրությամբ կոնյակի սպիրտի շուկայում ձևավորված վաճառքի գինը կազմում է 4․5 ԱՄՆ դոլար, իսկ 120 դրամով մթերված խաղողից արտադրված կոնյակի սպիրտի ինքնարժեքը կազմում է շուրջ 1670 դրամ (հումքի արժեք՝ 11կգx120 դրամ+վերամշակման և թորման ծախսեր՝ 160 դրամ+3 տարի հնացման ժամանակ առաջացող շուրջ 12․9 % բնական կորուստներ` 190 դրամ) կամ 4․18 ԱՄՆ դոլար` առանց մթերումների նպատակով ներգրավված վարկերի սպասարկման ծախսերի, հետևաբար տնտեսավարողների մոտ առկա կոնյակի սպիրտների մնացորդների իրացման աջակցության նպատակով անհրաժեշտություն է առաջացել բարձրացնել դրանց մրցունակությունը և վերը նշված աջակցությունը մասնակիորեն շարունակել մինչև 2024 թվականի դեկտեմբերի 30-ը, որպեսզի տնտեսավարողները կարողանան իրացնել կոնյակի սպիրտի մնացորդները և մինչև 2024 թվականի խաղողի մթերումների սկսելը ունենան արտադրանքի պահման ազատ տարողություններ։

3․ Կարգավորման նպատակը և բնույթը։ Որոշման նախագծով առաջարկվում է նախագծի ընդունումից հետո մինչև 2024 թվականի դեկտեմբերի 30-ը կոնյակի սպիրտներ արտահանող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին տրամադրել աջակցություն՝ «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220820890 ծածկագրին դասվող կոնյակի և բրենդիի սպիրտներ արտադրողի կողմից 100 հազար (100 տոկոսանոց սպիրտի հաշվարկով) լիտրը գերազանցելուց հետո այլ խմբաքանակների իրացման իրավունքի ձեռքբերման համար տնտեսավարող սուբյեկտի կողմից վճարված Պետական տուրքի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 20.1-ին հոդվածի 1-ին մասի աղյուսակի 5.1-ին կետի 3-րդ պարբերությամբ սահմանված լրացուցիչ 100 դրամ պետական տուրքի չափով։

Ընդ որում աջակցությունը չի տրամադրվում՝

  • ներքին շուկայում իրացված կոնյակի սպիրտների խմբաքանակների համար,
  • արտահանված այն խմբաքանակների համար, որոնք չունեն միջազգային հավատարմագրում ունեցող փորձարկման լաբորատորիայի կողմից տրամադրված ածխածնի, ջրածնի և թթվածնի իզոտոպային բաղադրության ու խաղողի հումքով արտադրված լինելու մասին փորձաքննության դրական եզրակացություն։

Նախատեսվում է, որ արտահանվող խմբաքանակների նմուշառումը և դրանց լաբորատոր փորձաքննության արդյունքների ներկայացումը կկատարվի միջազգային հավատարմագիր ունեցող «Էս-ՋԻ-Էս Ինսպեքշն սերվիսիս լիմիթիեդ» ընկերության հայաստանյան մասնաճյուղի (SGS) կողմից՝ տնտեսավարողների միջոցների հաշվին։

Այդ նպատակով SGS կազմակերպությունից ստացված ծառայությունների մատուցման նախնական գնառաջարկից ելնելով գնահատվում է, որ արտահանվող մեկ խմբաքանակի (շուրջ 17․0 հազար բացարձակ լիտր տարողությամբ մեկ ավտոցիստերն) համար ստացվող 1700․0 հազար դրամ աջակցությունից շուրջ 700․0 հազար դրամը ծախսվելու է նմուշառման և լաբորատոր փորձաքննության վրա և  աջակցության չափը կազմելու է շուրջ 1000․0 հազար դրամ կամ մեկ բացարձակ լիտրի հաշվով շուրջ 59 դրամ, որը որոշակիորեն կավելանա եթե տնտեսավարողի կողմից մեկ ամսվա ընթացքում արտահանվի մի քանի խմբաքանակ և փորձաքննության ներկայացվի դրանց միջին նմուշը։

4Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք։ Սույն Որոշման նախագիծը մշակվել է Էկոնոմիկայի նախարարության կողմից: Որոշման նախագծի մշակմանն այլ ինստիտուտներ և անձինք չեն մասնակցել:

5Ակնկալվող արդյունքը։ Սույն Որոշման նախագծի ընդունման արդյունքում տնտեսավարողներին կտրամադրվի պետական աջակցություն արտահանված յուրաքանչյուր լիտր բարձրորակ կոնյակի սպիրտների համար 100 դրամի չափով, որը վերջիններիս հնարավորություն կտա նվազեցնելու թողարկվող արտադրանքի ինքնարժեքը, իրացման շուկաներում ներկայացնելու ավելի մրցունակ գներով արտադրանք, ավելացնելու իրացման ծավալները, ինչպես նաև ապահովելու 2024 թվականի խաղողի մթերումների գործընթացը։

Ընդհանուր առմամբ ակնկալվում է, որ աջակցության տրամադրման դեպքում կարտահանվի շուրջ 7․0 մլն լիտր կոնյակի սպիրտ, որի արդյունքում  կունենանք շուրջ 80.0 հազար տոննա խաղողի մթերման համար անհրաժեշտ լրացուցիչ ազատ տարողություններ։

6 Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ- Սույն որոշման նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի «9.4 Ագրոպարենային արտադրանքի իրացման և արտահանման խթանում» միջոցառման «Հումքի մթերման գործընթացին, կոնյակի ու կոնյակի սպիրտի արտահանմանն աջակցություն, ինչպես նաև գինեգործության ու կոնյակագործության արտադրության խթանման արդյունքում առաջիկա 5 տարիներին հումքի մթերման և թողարկվող արտադրանքի ծավալների ավելացում մինչև 50 %-ով» ակնկալվող արդյունքից (հղում՝  https://www.arlis.am/Annexes/6/2021_N1902hav.1.pdf,  226-րդ էջ)։

7 Ներկայացվող հարցի կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Սույն Որոշման նախագծի ընդունման դեպքում անհրաժեշտություն է առաջանալու այդ նպատակով պետական բյուջեում նախատեսել շուրջ 700.0 մլն դրամ։

  • Քննարկվել է

    25.01.2024 - 09.02.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1465

Տպել