Հիշել նախագիծը

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծ

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
  2. «Թափոնների մասին» օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ շրջակա միջավայրի վրա թափոնների ներգործությունը որոշելու և կանխատեսելու, դրանց բացասական հետևանքները ժամանակին բացահայտելու և կանխարգելելու նպատակով թափոնների հեռացման վայրերը (այդ թվում՝ աղբավայրերը) շահագործողներն ու տնօրինողները իրականացնում են պարբերական մոնիթորինգ։ Եվրոպական խորհրդի 1999 թվականի ապրիլի 26–ի «Աղբավայրերի մասին» 1999/31/ԵՀ հրահանգի դրույթներին համապատասխան մշակվել և Կառավարության 2023 թվականի նոյեմբերի 30-ի N 2105-Ն որոշմամբ հաստատվել է աղբավայրերի մոնիթորինգի իրականացման կարգը, ինչի համաձայն աղբավայրի շահագործման ընթացքում և փակումից հետո պետք է իրականացնել աղբավայրից վնասակար նյութերի արտահոսքերի, արտանետումների, ինչպես նաև հարակից տարածքի հողերի մոնիթորինգ։ Կառավարության 2023 թվականի նոյեմբերի 30-ի N 2105-Ն որոշմամբ սահմանված աղբավայրերի մոնիթորինգի իրականացման կարգերը վերաբերում են աղբավայրերը շահագործողներին (այդ թվում՝ աղբավայրը շահագործող և միաժամանակ նաև տնօրինող հանդիսացողներին), իսկ աղբավայրի շահագործման ժամկետը լրանալու կամ այլ պատճառով աղբավայրի շահագործումը դադարեցնելու պարագայում (շահագործողների բացակայության դեպքում) նաև տվյալ աղբավայրը տնօրինողներին։

Աղբավայրը շահագործողների կողմից աղբավայրերի մոնիթորինգի իրականացման կարգը խախտելու համար «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ ՎԻՎ օրենսգիրք)  43.2-րդ հոդվածով նախատեսված է վարչական տուգանքի կիրառում (սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրապատիկի չափով, իսկ մեկ տարվա ընթացքում նույն խախտումը կրկին կատարելու դեպքում՝ նախատեսվող տուգանքի կրկնապատիկ չափով)։ Աղբավայրը շահագործողների և տնօրինողների կողմից օրենսդրությամբ սահմանված պարտավորությունների կատարումն անտեսելը թույլ չտալու համար անհրաժեշտություն է առաջացել՝ ՎԻՎ օրենսգրքի 43.2-րդ հոդվածով վարչական տուգանքի կիրառում նախատեսել նաև աղբավայրը տնօրինողների նկատմամբ, ինչպես նաև խստացնել աղբավայրը շահագործողների կողմից մոնիթորինգի իրականացման կարգը խախտելու համար նախատեսված վարչական պատասխանատվության միջոցները։

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Հաշվի առնելով «Թափոնների մասին» օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջները՝ առաջարկվում է նոր խմբագրությամբ շարադրել ՎԻՎ օրենսգրքի  43.2-րդ հոդվածը՝ աղբավայրի մոնիթորինգի իրականացման կարգը խախտելու համար վարչական պատասխանատվության միջոց սահմանելով աղբավայրը շահագործողների, այդ թվում՝ աղբավայրը շահագործող և միաժամանակ նաև տնօրինող հանդիսացողների նկատմամբ,  ինչպես նաև աղբավայրը տնօրինողների նկատմամբ, իսկ աղբավայրը շահագործողների համար ՎԻՎ օրենսգրքի  43.2-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված տուգանքի չափերը ավելացնել՝ հաշվի առնելով աղբավայրերի անվերահսկելի օգտագործման վտանգները, ինչպես նաև սահմանվող տուգանքի չափերը ՎԻՎ օրենսգրքի  43.1-ին հոդվածով սահմանված տուգանքներին համադրելի դարձնելու անհրաժեշտությունը ։

 «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո ուժի մեջ մտնելու ժամկետ սահմանելու նպատակը՝ աղբավայրը շահագործողների բացակայության դեպքում աղբավայրը տնօրինողներին մոնիթորինգի իրականացման անհրաժեշտ ռեսուրսներն ապահովելու համար ժամանակ տրամադրելն է։

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է, որ կկանխվի ապօրինի աղբավայրերի շահագործումը, աղբավայրը տնօրինողները առավել հետևողական կլինեն աղբավայրերի պատշաճ շահագործման, աղբավայրի վնասակար ազդեցության մոնիթորինգի (մշտադիտարկման) և լիազոր մարմիններին մոնիթորինգի տվյալների ներկայացման հարցում, իսկ ստացված տվյալների հիման վրա իրականացվող միջոցառումների շնորհիվ կնվազեցվի շրջակա միջավայրի վրա աղբավայրի վնասակար ազդեցությունը։

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։

5.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից:

  1. 6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագիծն առնչվում է Հայաստանի Հանրապետության Կառավարության 2021-2026թթ. ծրագրի 4.10 բաժնի միջոցառումների 8-րդ կետի հետ։

 

 

  • Քննարկվել է

    25.01.2024 - 10.02.2024

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Բնապահպանություն

  • Նախարարություն

    Շրջակա միջավայրի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1026

Տպել