Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ԱՐԵՎՄՏԱՀԱՅԵՐԵՆԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ, ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ԿԱՆՈՆԱՐԿՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

«ԱՐԵՎՄՏԱՀԱՅԵՐԵՆԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ, ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ԿԱՆՈՆԱՐԿՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Արևմտահայերենի պահպանման, զարգացման ու կանոնարկման խնդիրն այսօր լեզվապահպանության, թերևս, ամենասուր խնդիրն է և պահանջում է Հայաստանի Հանրապետության պետական մարմինների, կրթական ու գիտական հաստատությունների և Սփյուռքի համահայկական, լեզվագիտական, հայագիտական, կրթական կառույցների համատեղ, նպատակասլաց գործունեություն: Ցեղասպանության հետևանքով հայերենի այս լեզվաճյուղը   զրկվեց միասնական ու բնականոն զարգացման հնարավորությունից:  Եղեռնի զոհ դարձան նաև արևմտահայերենի գրական ու բարբառային տարբերակները, հայերեն խոսքը վտարվեց Արևմտյան Հայաստանից և հայտնվեց աշխարհի տարբեր երկրներում՝ դառնալով ազգապահպանության կարևորագույն երաշխիքը:  

Զանազան գործոնների, այդ թվում՝ գիտության և նորագույն տեխնոլոգիաների սրընթաց զարգացման և համաշխարհայնացման գործընթացների ազդեցությամբ արևմտահայերենը, աստիճանաբար նահանջում է Սփյուռքի հայկական շատ համայնքներում ու կյանքի բոլոր ոլորտներում: Տարբեր լեզվամշակութային միջավայրերում հայտնված արևմտահայերենը շարունակում է կորցնել միասնականությունը՝ ձեռքբերելով բառապաշարային ու հնչյունաքերականական բազմազանություն: Փակվել կամ փակման սպառնալիքի տակ են արևմտահայերենով կրթություն իրականացնող բազմաթիվ դպրոցներ: Օրեցօր սահմանափակվում են հայերենի գործածության շրջանակները, որն ամենից շուտ դրսևորվում է ներ­համայնքային շփումներում և հայկական ընտանիքներում: Սփյուռքահայ համայնքներում փակվում են լրատվամիջոցներ՝ կայուն ընթերցողների քանակի նվազման պատճառով: Պատահական չէ, որ 2010 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կող­մից այն դասվել է «վտանգված լեզուների» շարքին:

Արևմտահայերենի պահպանման, լեզվաճյուղի կանոնարկման ուղղությամբ կատարված աշխատանքները  Հայաստանում և Սփյուռքում բավարար համարվել չեն կարող: Արևմտահայերենի ներկա մտահոգիչ վիճակը պահանջում է, հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետությունն աջակցում է իր սահմաններից դուրս բնակվող հայերի շրջանում հայոց լեզվի պահպանմանն ու տարածմանն աջակցության» սահմանադրական դրույթը, մշակել արևմտահայերենի պահպանման, զարգացման և կանոնարկման ռազմավարություն և իրականացնել միջոցառումների ծրագիր:

 

  1. 2. Առաջարկվող կարգավորման բնույթը

Արևմտահայերենի պահպանման, զարգացման և տարածման խնդիրների լուծումը պահանջում է ՀՀ պետական համապատասխան մարմինների, հայաստանյան և սփյուռքյան կառույցների ու կազմակերպությունների, կրթամշակութային հաստատությունների, լրատվամիջոցների, բարերարների, մասնագետների ջանքերի համատեղում: Խնդրի կարգավորումը պահանջում է միջոցառումների լայն և շարունակակն ծրագհրի իրականացում, այդ թվում՝  Հայերենի բարձրագույն խորհրդում արևմտահայերենի արդի վիճակի ուսումնասիրման և լեզվական բոլոր մակարդակների կանոնարկման, Հայաստանի և Սփյուռքի՝ հայոց լեզվի երկու ճյուղերի մերձեցման  խնդիրներով զբաղվող մասնագետներից բաղկացած հանձնախմբի գործունեություն, արևմտահայերենի միասնական քերականության ձեռնարկների ստեղծում, բացատրական, թարգմանչական, ուղղախոսական, ուղղագրական բառարանների, սփյուռքի կրթօջախների գործածվող դասագրքերի վերանայում, ժամանակակից մանկավարժության պահանջներին համապատասխան նոր ծրագրերի, դասագրքերի, այդ թվում՝ էլեկտրոնային դասագրքերի, հեռավար, հեռացանցային, բջջային հեռախոսային, ինտերակտիվ-խաղային ուսուցման ծրագրերի, ինքնուսույցների, զրուցարանների ստեղծում: Արևմտահայերենի մասնագետ կադրերի և ուսուցիչների պատրաստումն ու վերապատրաստումը իրականացվելու են   համապետական ծրագրով, ապահովվում է ամտահայերենի ամբիոնների գործունեությունը և ստեղծվում են նոր բաժիններ, Հայաստանի միջին և ավագ դպրոցներում կազմակերպվելու է արևմտահայերենի ուսուցում, իրականացվելու են լեզվաճյուղին նվիրված համահայկական օլիմպիադաներ, շարադրություններ, ասմունքի մրցույթներ: Համայնքների հետ համատեղ աշխատանքներ կիրականացվեն Սփյուռքում արևմտահայերենի մեկօրյա դպրոցների, դասընթացների ստեղծման,  սփյուռքահայ երիտասարդների համար ամառային ու ձմեռային ճամբարների կազմակերպման ուղղությամբ: Նոր հեռուստահաղորդումներ, ֆիլմեր, թատերական ներկայացումներ, մանկական, գեղարվեստական գրականություն կստեղծվի: Աշխատանքներ կիրականացվեն արևմտահայերենի թվային գործիքների՝ տառատեսակների, ստեղնաշարերի,  կատարելագործում վիրտուալ հաղորդակցության, քննարկումների  հարթակների, բջջային հեռախոսի արևմտահայերենի հավելվածների ստեղծման ուղղոեւթյամբ:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ ի դեմս ՀՀ սփյուռքի և ՀՀ կրթության և գիտության նախարարությունների, ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի և Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտների, սփյուռքի հայ համայնքները, համահայկական կառույցներն ու կազմակերպությունները, հայաստանյան և սփյուռքյան գիտահետազոտական հիմնարկները, բուհերը, ֆիզիկական և իրավաբանական այլ անձինք, ինչպես նաև միջազգային կազմակերպություններ:

  1. Ակնկալվող արդյունքը

Ռազմավարական ծրագրի իրականացումը կնպաստի արևմտահայերենի միասնականության ապահովմանը, կստեղծվի միասնական քերականություն, կընդլայնվի արևմտահայերենի գործածությունն ու տարածածությունը, կաճի արևմտահայերենի լեզվակիրների թիվը:

  • Քննարկվել է

    23.01.2018 - 13.02.2018

  • Տեսակ

    Արձանագրային որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

Հանրային քննարկում

23.01.2018 12:00

Վազգեն Սարգսյան 3

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 9820

Տպել