Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 345-րդ հոդվածում լրացնել հետևյալ բովանդակությամբ 12.1-ին մաս․

«12.1.    Հսկիչ գնմամբ (գնումներով) ձեռք բերված և վերադարձված ապրանքների փաթեթավորմանը ներկայացվող պահանջների խախտման դեպքում (բացվել է փաթեթավորումը), երբ խախտումը կարող է հանգեցնել այդ ապրանքների սկզբնական փաթեթավորման վերականգնման և այդ տեսքով օտարման անհնարինության, հարկ վճարողին տրամադրվում է փոխհատուցում՝ այդ ապրանքների՝ հսկիչ գնմամբ ձեռք բերման արժեքի տասը տոկոսի չափով։ Սույն մասում նշված փոխհատուցումը տրամադրվում է հսկիչ գնումների ֆինանսական աղբյուրների միջոցների հաշվին՝ Կառավարության հաստատած կարգով և ժամկետներում։»։

 

Հոդված 2. Օրենսգրքի 391-րդ հոդվածում լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ մաս․

«8. Սույն գլխի կիրառության իմաստով՝ Օրենսգրքի 413-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նշված դեպքում դրոշմավորման պարտավորություն է կրում դրոշմապիտակներով կամ դրոշմանիշերով դրոշմավորման ենթակա՝ չդրոշմավորված, ինչպես նաև ապօրինի ձեռք բերված դրոշմապիտակներով կամ դրոշմանիշերով դրոշմավորված ապրանքների՝ օրենքով սահմանված՝ հրապարակային սակարկությունների կազմակերպիչը:»։

 

Հոդված 3. Օրենսգրքի 413-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում «դեպքում» բառից հետո լրացնել «։ Սույն կետում նշված՝ բռնագրավված ապրանքները ենթակա են օտարման օրենքով սահմանված՝ հրապարակային սակարկությունների միջոցով» բառերը։

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

  • Քննարկվել է

    28.12.2023 - 12.01.2024

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ

  • Գերատեսչություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4083

Տպել

Առաջարկներ`

Դավիթ Գլջյան

28.12.2023

Հազվագյուտ նախագծերից է, երբ իրականում հարկ վճարողի շահերից է բխում, բայց մեկ է, էլի թերի է լուծում նմանատիպ հսկիչ գնումների պատճառով առաջացած խնդիրները՝ կան գործունեության տեսակներ, երբ հարկ վճարողը գործում է պատվերի հիման վրա՝ արտադրում կամ ներմուծում /ՀՀ տարածքում ձեռք բերում/ է պատվիրված ապրանքը։ Հսկիչ գնում կատարող պեկ տեսուչը համարյա բոլոր դեպքերում, երբ կանխավճարի վրա "չի բռնում" հարկ վճարողին, առանց խղճի խայթ զգալու /ինչն օրենքով ունենալը կամ զգալը պարտադիր չէ/, պատվիրում է ապրանքը և գնելուց հետո նոր միայն ասում, որ սա հսկիչ գնում էր, շնորհավորում եմ, դուք տուգանվել եք կամ չեք տուգանվել։ Սակայն պատվիրված ապրանքը մնում է հարկ վճարողի մոտ և միգուցե տարիներով նա չկարողանա իրացնել այն։ Քանի որ "խիղճ" ասվածը հոգևոր երևույթ է, դրա ունենալու մասին օրենքում գրված չէ, իսկ նման հսկիչ գնումների ժամանակ հարկ վճարողը անարդարացի վնասներ է կրում, միգուցե նման դեպքերի համար էլ օրենքով մի բան ամրագրվեր։

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: