Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀԱՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ

 

1․ Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 18-րդ հոդվածի 4-դ մասը սահմանում է, որ համայնքում մեկից ավելի ընտրական տեղամաս կազմավորվելու դեպքում լիազոր մարմինը քվեարկությանը նախորդող իններորդ օրվանից քվեարկության նախորդ օրը ներառյալ ընտրողներին ծանուցում է քվեարկության օրվա, իրենց ընտրական տեղամասի համարի, տեղամասային կենտրոնի հասցեի և ժամանակի մասին՝ նպատակ ունենալով իրազեկել ընտրողներին ընտրությանը մասնակցելու համար անհրաժեշտ տեղեկատվության մասին։ Միաժամանակ ծանուցման կարգը սահմանելու որոշումը թողնված է լիազոր մարմնին։

Համարելով, որ իրազեկման այդ պահին առկա տարբերակներից անհատական փոստային ծանուցումը ամենաարդյունավետն է՝ լիազոր մարմինը ընտրել էր ընտրողներին իրազեկելու այդ տարբերակը։ Այսպիսով, մինչ այժմ ընտրողների ծանուցումները նշված դրույթի շրջանակներում իրականացվել են անհատական թղթային ծանուցմամբ «Հայփոստ» ՓԲԸ-ի միջոցով։ Նշված եղանակով իրազեկումը արդարացված համարելու համար անհրաժեշտ է համոզված լինել, որ ընտրված եղանակը ընտրողներին ընտրության մասին համապատասխան տեղեկությունները տրամադրելու ամենաարդյունավետ եղանակն է։ Մինչդեռ պրակտիկան ցույց է տալիս, որ նման եղանակով իրականացվող ծանուցումներն անարդյունավետ են և չեն ծառայում իրենց նպատակին։ Մասնավորապես, մեծամասամբ այդ ծանուցումները հետ են ստացվում՝ հասցեատերերի տեղափոխված լինելու հիմքով կամ «Չպահանջված» նշումով։ Չնայած դրան՝ հարցումները փաստում են, որ նույնիսկ փաստացի չծանուցված ընտրողները մեծամասամբ, ընտրություններին մասնակցելու նախկին փորձը հաշվի առնելով, գիտեն իրենց ընտրատեղամասը և այլ մանրամասներ կամ համապատասխան տեղեկատվությունը փնտրում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում։ Այսինքն՝ ընտրողների ցուցակները և ընտրությունների մասին այլ տեղեկատվությունը հասանելի դարձնելու ձևաչափի փոփոխությունը չի կարող էականորեն ազդել ընտրություններին մասնակցության վրա, ընդհակառակը՝ գործող կարգի փոփոխությունը կնպաստի տեղեկատվության առավել մատչելիությանը և թափանցիկությանը։

Արդյունքում, փոստային եղանակով ծանուցումներ ուղարկելը փաստացի չի նպաստում ընտրողների՝ իրենց ընտրական իրավունքների և ընտրության անցկացման մանրամասների մասին տեղեկացվածության մակարդակի բարձրացմանը կամ ընտրողների՝ ընտրական գործընթացին առավել ակտիվ կերպով ներգրավմանը։ Վարչարարությունը պարզեցնելու ու ավելի թափանցիկ դարձնելու տեսանկյունից ժամանակակից պայմաններում առավել նպատակահարմար է օգտագործել ընտրողներին իրազեկելու այլ միջոցներ։

Որպես այլընտրանք մի շարք երկրներում (ԱՄՆ մի շարք նահանգներ, Մեծ Բրիտանիա, Նիդերլանդներ և այլն) տարածված է էլեկտրոնային տարբեր միջոցների համակցությամբ ընտրողներին ծանուցելու կամ ընդհանրապես չծանուցելու և այլ միջոցներով համապատասխան տեղեկատվությունը հասանելի դարձնելու պրակտիկան: Միջազգային փորձը փաստում է, որ ժամանակակից իրականության պայմաններում փոստային առաքումներով ծանուցումները տարածված չեն և արդյունավետ միջոց չեն համարվում, քանի որ հաճախ առձեռն փոստային առաքումները անհնարին են կամ հուսալի չեն։

Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին կոնվենցիայի 25-րդ հոդվածը սահմանում է յուրաքանչյուր քաղաքացու ընտրություններին մասնակցություն ունենալու իրավունքը։ ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը հոդված 25-ի վերաբերյալ հրապարակած ընդհանուր մեկնաբանություններում սահմանում է, որ պետությունները պետք է արդյունավետ միջոցներ ձեռնարկեն՝ ապահովելու, որ ընտրելու իրավունք ունեցող բոլոր անձինք կարողանան օգտվել այդ իրավունքից։ Պետության կողմից ընտրելու իրավունք ունեցող բոլոր անձանց ընտրելու իրավունքից օգտվելը ապահովելու հստակ կարգ սահմանված չէ և բացակայում է պարտադիր պահանջը, որ իրավունքի ապահովման արդյունավետ միջոցները պետք է ներառեն անհատական կարգով թղթային ծանուցումներ ուղարկելը։ Այսպիսով, ներպետական օրենսդրությամբ փոստային եղանակով թղթային անհատական ծանուցումներ ուղարկելու կարգը իրազեկման այլ եղանակով փոխարինելը չի կարող հանդիսանալ խոչընդոտ ընտրական իրավունքի արդյունավետ իրացման համար և չի կարող խաթարել ընտրելու իրավունքի բուն էությունը։   

Հաշվի առնելով վերոգրյալ խնդիրները և նպատակ ունենալով երաշխավորել ընտրողների ցուցակների հասանելիությունը և ընտրական ամբողջ գործընթացի թափանցիկությունը՝ անհրաժեշտություն է առաջացել համապատասխան փոփոխություն կատարել «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում՝ նախատեսելով ընտրողների ցուցակները և համապատասխան տեղեկությունները հրապարակելը և հանրամատչելի դարձնելը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական համացանցային կայքի միջոցով։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական համացանցային կայքում ցուցակների հրապարակումը նպատակահարմար է նաև հաշվի առնելով կայքի օգտագործման արդեն իսկ առկա փորձառությունը։ Մասնավորապես՝ ընտրություններից հետո ընտրողների ցուցակները հրապարակվում են կայքում, ինչպես նաև կայքում առկա է որոնման հնարավորություն, ինչը թույլ է տալիս անձնական տվյալները հավաքելու արդյունքում տեղեկություն ստանալ անձի ընտրատեղամասի մասին։ Ընտրություններից առաջ ընտրողների ցուցակները նույն կայքում հրապարակելը գործընթացը առավել թափանցիկ և մատչելի դարձնելու լրացուցիչ երաշխիք է։

2․ Առաջարկվող կարգավորման բնույթը

«Հայաստանի Հանրապետության  ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) նախատեսվում է «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում կատարել համապատասխան փոփոխություն, այն է՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքի միջոցով մինչև քվեարկությունը ընտրողների ցուցակի տեղադրում, որում պետք է պարունակվի տեղեկատվություն քվեարկության օրվա և ժամանակի, ընտրողների ընտրական տեղամասի համարի, տեղամասային կենտրոնի հասցեի մասին՝ երաշխավորելու նպատակով ընտրությանը մասնակցելու համար անհրաժեշտ տեղեկատվության հասանելիությունը։

3․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

 Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից։

4․ Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունումը հնարավորություն կտա ընտրողներին հանրամատչելի, հրապարակայնորեն հասանելի եղանակով ծանոթանալ ընտրության անցկացմանը վերաբերող տեղեկություններին, այդ թվում՝ ընտրատեղամասին, որտեղ պետք է քվեարկեն՝ առավել արդյունավետ կերպով ապահովելով ընտրողների՝ ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված ընտրական իրավունքի իրացումը։

5․ Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Նախագծի ընդունմամբ ՀՀ պետական բյուջեի եկամուտների փոփոխություններ չեն նախատեսվում, իսկ ծախսերի մասով նախատեսվում է նվազում։

6․ Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի նախագծերը կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին.

Նախագծի ընդունմամբ անհրաժեշտություն չի առաջանալու կատարել փոփոխություններ այլ իրավական ակտերում:

7Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ:

Նախագծի ընդունումը ուղղակիորեն չի բխում ռազմավարական փաստաթղթերից:

 

ՀՀ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

  • Քննարկվել է

    18.12.2023 - 02.01.2024

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Տեղեկատվության ազատություն ապահովման, Միգրացիա և քաղաքացիություն

  • Նախարարություն

    Ներքին գործերի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1007

Տպել