Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԵՎ ԳՈՐԾՈՂ ԱՂԲԱՎԱՅՐԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ, ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԵՎ ՓԱԿՄԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՅՈՒԹՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ  ԵՎ ԳՈՐԾՈՂ ԱՂԲԱՎԱՅՐԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ, ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ՈՒ ՓԱԿՄԱՆ  ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ  ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 1. ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ

Իրավական ակտի ընդունումը պայմանավորված է 2021 թվականի ապրիլի 1-ի «Աղբահանության համակարգի ռազմավարությունը և ռազմավարության կիրարկումն ապահովող 2021-2023 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության N464-Լ որոշման հավելվածով հաստատված ռազմավարության կիրարկումն ապահովող 2.1 և 2.2 միջոցառումների կատարմամբ, ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումների ու ՀՀ և Եվրոպական միության և Ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների միջև կնքված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզի դրույթներով ստանձնած ՀՀ պարտավորություններով, ինչպես նաև մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա աղբավայրերի վնասակար ազդեցությունների նվազեցման նպատակով։

2. ԸՆԹԱՑԻԿ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

Հանրապետության բնակավայրերում տարիների ընթացքում ստեղծվել կամ տարերայնորեն ձևավորվել են բազմաթիվ աղբանոցներ, որոնք զբաղեցնում են զգալի տարածքներ և առաջացնում են լուրջ բնապահպանական և սանիտարական խնդիրներ: Հանրապետությունում առկա գործող աղբի հեռացման վայրերը՝ աղբանոցները, չեն համապատասխանում միջազգային կամ որևէ քաղաքաշինական, բնապահպանական և սանիտարահիգիենիկ չափանիշներին և հանդիսանում են բացառապես աղբի կուտակման վայր: Դրանք հիմնականում չեն համապատասխանում հիգիենիկ և սանիտարական ստանդարտներին և շահագործվում են չհամակարգված: Մասնավորապես, ցանկապատված չեն, ինչի պատճառով տարածք կարող են մուտք գործել անօթևանները և կենդանիները, բացակայում է տեղադրվող աղբի հաշվառման համակարգը, բացակայում են աղբատար մեքենաների լվացման և ախտահանման սարքավորումները, տեղադրված թափոնները չեն ծածկվում հողով, ինչի հետևանքով տեղի է ունենում ինքնաբռնկում, ինչը հանգեցնում է օդի, ջրի և հողի աղտոտմանը, մասնավորապես դիօքսիններով, որոնց բացասական ազդեցությունը մարդկանց առողջության վրա ակնհայտ է: Բացակայում է ստորգետնյա ջրերի և արտանետվող գազերի վերահսկողությունը:

Հրատապ խնդիր է դարձել հանրապետության տարածքում առկա բնապահպանական, քաղաքաշինական և սանիտարական նորմերին չհամապատասխանող, մարդու առողջության և շրջակա միջավայրի բացասական ազդեցություն ունեցող աղբավայրերի բարեկարգման և արդյունավետ շահագործման գործընթացները։ Մասնավորապես վերջին երկու տարում անընդմեջ  աղետային իրավիճակ է ստեղծվում մի շարք աղբանոցներում, որտեղ ԱԻՆ-ի, ՏԿԵՆ-ի, մարպետարանների ու համայնքների ջանքերի շնորհիվ փորձեր են կատարվում մարել առաջացող կրակները, որոնց հետևանքով մի շարք բնակավայրերի  օդը աղտոտվում է, ծխի հետևանքով բնակիչները բազմիցս դիմում են տարբեր ատյաններ։

3. ՏՎՅԱԼ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՀՀ Կառավարության 2021-2026թթ. Ծրագրի կետ 6.6 բաժնի 3-րդ կետով ամրագրված է Բնակչության համար հարմարավետ և էկոլոգիապես անվտանգ պայմանների ապահովման, մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա կենցաղային կոշտ թափոնների բացասական (վտանգավոր) ներգործության նվազեցման վերաբերյալ դրույթը։ 

ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 1-ի թիվ 464-Լ որոշմամբ հաստատվել է «Աղբահանության համակարգի ռազմավարությունը և ռազմավարության կիրարկումն ապահովող 2021-2023 թվականների միջոցառումների ծրագիրը», որով ամրագրվել է, որպես ռազմավարության կիրարկման արդյունք՝ գործող աղբանոցների բարեկարգումը և այն աղբանոցների փակումը, որոնց արդիականացումը կդիտվի ոչ նպատակահարմար: Իսկ հեռանկարային զարգացումների տեսանկյունից՝ կստեղծվեն սահմանափակ թվով տարածաշրջանային ԵՄ չափանիշներին համապատասխան աղբավայրեր։

Այդ կապակցությամբ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ «Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի շրջանակներում ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան համայնքում արդեն իսկ կառուցվել է հանրապետությունում առաջին սանիտարական աղբավայրը, Ակունք և Մարտունի բնակավայրերում փոխաբեռնման կայանները, մշակվել են բոլոր բնակավայրերի համար աղբահանության սխեմաները և ներկայումս իրականացվում են անհրաժեշտ մեքենասարքավորումների գնման գործընթացները։ Համակարգը և աղբավայրի շահագրոծումը նախատեսվում է ներդնել 2024 թվականին։

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ նախատեսվում է Երևան քաղաքում կառուցել ԵՄ չափանիշներին համապատասխան սանիտարական աղբավայր, փակել Երևանի գործող աղբավայրը։

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ նախատեսվում է «ՀՀ 8 մարզերի կոշտ թափոնների կառավարման ինտեգրված համակարգի ներդրում» ծրագրի  իրականացումը, որի շրջանակներում նախատեսվում է գոտիավորել  ՀՀ տարածքը՝ կոշտ թափոնների կառավարման մասով, ստեղծել ինստիտուցիոնալ և կառավարման արդյունավետ համակարգ, այնուհետև ըստ գոտիների իրականացնել կապիտալ ծրագրեր, այդ թվում՝ սանիտարական աղբավայրերի, աղբի տեսակավորման կայանների և հնարավոր վերամշակման գործարանների տեղակայմամբ՝ ապահովելով անհրաժեշտ լոգիստիկան։ Ներկայումս ընթացքում է նախնական ուսումնասիրությունների փուլը։

4. ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԲՆՈՒՅԹԸ

Հաշվի առնելով, որ ՎԶԵԲ-ի աջակցությամբ մեկնարկած «ՀՀ 8 մարզերի կոշտ թափոնների կառավարման ինտեգրված համակարգի ներդրում» ծրագրի  շրջանակներում նախատեսվող սանիտարական աղբավայրերի կառուցման աշխատանքները, ինչպես նաև Երևանում նախատեսվող սանիտարական աղբավայրի կառուցման գործընթացները դեռ բավականին ժամանակ կտանեն, ուստի խիստ անհրաժեշտություն է դարձել գործող աղբանոցների բարեկարգման գործընթացները։

Նախագծով առաջարկվում է էկոլոգիապես անվտանգ պայմանների ապահովման, մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա աղբավայրերի բացասական և վտանգավոր ներգործության նվազեցման ու չեզոքացման  նպատակով սահմանել գործող աղբանոցների շահագործման, բարեկարգման և փակման /հաշվի առնելով, որ համայնքների միավորման գործընթացներից հետո՝ մի շարք աղբանոցներ ենթակա են փակման/  համար նվազագույն նորմերը։ Հարկ է նշել, որ հաշվի առնելով, որ ԵՄ կարգավորումներով աղբավայրերի ստեղծման,շահագործման ու փակման նորմերն ու պահանջները բավականին խիստ են ու ֆինանսական մեծ միջոցներ են պահանջում, առաջարկվում է  սահմանել շրջակա միջավայրին և մարդու առողջության վրա նվազագույն բացասական ազդեցությունների մասով նորմերն ու պահանջները: Մասնավորապես՝

Նախագծով ամրագրվում են թե ինչպիսի աղբ չի թույլատրվում տեղադրել կոշտ կենցաղային թափոնների աղբավայրում, աղբավայրի տարածքում աղբի այրման արգելքը, հակահրդեհային միջոցների ձեռարկման պահանջները։

Որպես նվազագույն նորմ ու պահանջ՝ սահմանվում են աղբավայրի տարածքի սահմանազատումը ցանկապատով, մուտքերի կահավորումը, շահագործման ընթացքում  աղբի պարբերաբար խտացման/տոփանման, խոնավացման և հողի շերտով մեկուսացման գործընթացները։ Աղբավայրի տարածքում ջրի և ախտանիչ նյութերի առկայության պարտադիր պահանջը, աղբավայր տեղադրվող աղբի հաշվառման համակարգի ներդնումը, աղբավայրի շահագործման պլանի մշակումը,․ աղբի ընդունման գրանցամատյանի վարումը, ինչպես նաև փակման ենթակա աղբավայրերի փակման նվազագույն նորմերը պահանջները, այդ թվում՝ հողածածկման և հանքային ու դրենաժային  շերտերի կիրառմամբ։ 

5. ՆԱԽԱԳԾԻ ՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐԸ ԵՎ ԱՆՁԻՆՔ

 Սույն որոշման նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների  նախարարության կողմից:

6. ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔԸ

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ապահովել էկոլոգիապես անվտանգ պայմաններ, նվազեցնել կամ չեզոքացնել  մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա աղբավայրերի բացասական և վտանգավոր ազդեցությունները՝ դեպի մթնոլորտ արտանետումների և կեղտաջրերի ստորերկրյա ջրերի ներթափանցման նվազեցում և (կամ) բացառում:

7. ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ և ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐՈՒՄ ԵՎ ԾԱԽՍԵՐՈՒՄ ՍՊԱՍՎԵԼԻՔ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 Նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:

8. ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԸՆԴՈՒՆՎԵԼԻՔ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԸ ԿԱՄ ԴՐԱՆՑ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Որոշման նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և/կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չկա:

9. ԿԱՊԸ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԵՏ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ 2050, ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021-2026ԹԹ. ԾՐԱԳԻՐ, ՈԼՈՐՏԱՅԻՆ և/ԿԱՄ ԱՅԼ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Որոշման նախագիծը բխում է

- ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումներ, 105 կետ,

- ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության ծրագրի 6.6 բաժնի 3-րդ մաս/ Բնակչության համար հարմարավետ և էկոլոգիապես անվտանգ պայմանների ապահովման, մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա կենցաղային կոշտ թափոնների բացասական (վտանգավոր) ներգործության նվազեցում./

 - ՀՀ կառավարության  2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026 թթ գործունեության միջոցառումների ծրագրի ՏԿԵՆ բաժնի 5.2 միջոցառում /Նոր սանիտարական աղբավայրի կառուցում, փակման ենթակա աղբավայրերի փակում և գործող աղբանոցների բարեկարգում/,

- ՀՀ կառավարության 2021թ ապրիլի 1-ի թիվ 464-Լ որոշմամբ հաստատված աղբահանության ոլորտի ռազմավարության 55-րդ կետ և ռազմավարության կիրարկումն ապահովող միջոցառումների ծրագրի 2.1 և 2.2 կետեր՝ «Գործող աղբանոցների բարեկարգման և շահագործման համար քաղաքաշինական, բնապահպանական և սանիտարական նվազագույն նորմերի սահմանում», «Աղբավայրերի փակման նվազագույն նորմերի սահմանում»։

  • Քննարկվել է

    20.11.2023 - 05.12.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1010

Տպել

Առաջարկներ`

Թաթուլ Ստեփանյան

26.11.2023

Սույն նախագծի հարգելի հեղինակներ, չեմ կիսում ձեր այն դիրքորոշումը, թե էկոլոգիապես անվտանգ պայմանների ապահովումն ու մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա բացասական և վտանգավոր ներգործության նվազեցումը վերաբերում են ձեր նախարարությանը, եթե այն դիտարկվում է աղբավայրում։ Սրանք ՀՀ օրենսդրությամբ վերապահված են առողջապահության և շրջական միջավայրի նախարարություններին, ինչը ենթադրում է, որ դուք չպիտի լինեիք սույն նախագծի հեղինակները, կամ պետք է, որ Կառավարության որոշմամբ ստեղծված լիներ միջգերատեսչական հանձնախումբ։ Այնուամենայնիվ, եթե պնդում եք ձեր տեսակետը և ակնկալում եք, որ սույն նախագծը ստանա ՀՀ կառավարության որոշման կարգավիճակ, ապա առաջարկում եմ որոշ կետերի վերախմբագրում։ Ուրեմն ՝ << 31. Աղբավայրի շահագործումն իրականացվում է ստորև ներկայացվող սխեմայով նկարագրված գործողություններին համապատասխան>>։ Այստեղ յուրաքանչյուր պայման ենթակա է լրացուցիչ պարզաբանման, որոշակիության սկզբունքի համաձայն՝ օրինակ․ ինչպես և ինչով պետք է թափոնների շերտերի հարթեցվեն ու տոփանվեն, ձեռքո՞վ, թե որևէ մեքենայացված եղանակով։ Ձեռքով այլ գործընթաց է, որը ենթադրում է մանրամասն նկարագրություն, թե ո՞վ, ի՞նչ նյութով, ի՞նչ հաստության շերտով, ի՞նչ ժամանակահատվածում և այլն, մեքենայացված գործընթացը ենթադրում է այլ գործողություններ։ Կամ մեկ այլ պահանջ՝ աղբավայրից դուրս եկող մեքենաների անիվների մաքրում, ինչպե՞ս, ո՞վ, ի՞նչ նյութերով, ի՞նչ պարբերականությամբ և կամ մեկ այլ՝ աղբավայրի սանիտարական գոտու մաքրության ապահովման ձևակերպած պահանջը, որը նույնպես ենթադրում է մանրամանսն նկարագրություն։

Թաթուլ Ստեփանյան

22.11.2023

<<2. Սույն նվազագույն նորմերը սահմանվում են էկոլոգիապես անվտանգ պայմանների ապահովման, մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա աղբավայրերի բացասական և վտանգավոր ներգործության նվազեցման ու չեզոքացման նպատակով։>> Խնդրում եմ տեղեկացրեք, թե որքանով է այս նպատակը համապատասխանում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կանոնադրական լիազորություններին։

Տեսնել ավելին