Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8-Ի N 1409-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի սեպտեմբերի 8-ի N 1409-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» որոշման նախագծի վերաբերյալ

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը).

ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է  Վարչապետի մոտ 2023 թվականի հուլիսի 17-ին կայացած խորհրդակցության N Վ/150-2023 արձանագրության 3-րդ կետի 2.10-րդ ենթակետի հանձնարարականի կատարման նպատակով կազմակերպված քննարկումների արդյունքներով:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի սեպտեմբերի 8-ի «Ավտոտրանսպորտային միջոցների շուկաներին ներկայացվող պահանջները սահմանելու մասին» N 1409-Ն որոշման հավելվածի 18-րդ կետում սահմանված է պահանջ ավտոտրանսպորտային միջոցների շուկայի գործունեության հնարավորությունների ընդլայնման և տրանսպորտային միջոցների առուվաճառքի գործընթացը դյուրացնելու նպատակով շուկայի տարածքում Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքով և «Մաքսային կարգավորման մասին» օրենքով սահմանված դեպքերում և կարգով մաքսային գործառնությունների իրականացման վերաբերյալ դրույթ։

ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) համաձայն՝ ներմուծվող ապրանքները (այդ թվում՝ ավտոմեքենաները) գտնվում են մաքսային հսկողության տակ մինչև Օրենսգրքի 14-րդ հոդվածի 7-րդ կետով նախատեսված իրադարձությունների տեղի ունենալը (Միության ապրանքի կարգավիճակ ստանալը, Միության մաքսային տարածքից դուրս բերվելը և այլն)։ Որպես ընդհանուր կանոն՝ ներմուծվող ավտոմեքենաները ստանում են Միության ապրանքի կարգավիճակ և դրանց նկատմամբ ներմուծման պահից սկսված մաքսային հսկողությունը դադարում է «բացթողում ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով, կամ, որպես անձնական օգտագործման ապրանքներ ներմուծվելու դեպքում՝ ազատ շրջանառության համար բացթողնվելուց հետո։ Ներմուծումից մինչև բացթողման պահը, այսինքն՝ մաքսային հսկողության ներքո գտնվելու ամբողջ ժամանակահատվածում, այդ ավտոմեքենաների  նկատմամբ գործում են «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 191-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումները։ Մասնավորապես՝ «արգելվում է մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքներն ու տրանսպորտային միջոցներն առանց մաքսային մարմնի թույլտվության մասնակի կամ ամբողջությամբ հանձնելը, օտարելը կամ ոչնչացնելը, ինչպես նաև ապրանքների և տրանսպորտային միջոցների բեռնումը, բեռնաթափումը, փոխաբեռնումը, փաթեթների վնասվածքների վերացումը, փաթեթների բացումը, փաթեթավորումը, վերափաթեթավորումը կամ այդ ապրանքների կամ դրանց ուղեկցող փաթեթների վրա դրված նույնականացման միջոցները փոխելը»: Ընդ որում, ներմուծումից հետո մինչև այդ ավտոմեքենաների բացթողումը ավտոմեքենաները պետք է գտնվեն կամ Միության մաքսային տարածք դրանց ժամանման վայրի մաքսային հսկողության գոտու տարածքում, կամ ժամանակավոր պահպանման վայր հանդիսացող մաքսային հսկողության գոտու տարածքում։

«Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 189-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի համաձայն՝

«3․ Մաքսային հսկողության գոտու տարածքում առևտրային գործողության իրականացումը, ապրանքների, տրանսպորտային միջոցների տեղաշարժը, անձանց, ներառյալ այլ պետական մարմինների պաշտոնատար անձանց մուտք գործելը և դուրս գալը կարող է տեղի ունենալ միայն մաքսային մարմինների թույլտվությամբ և նրանց հսկողության ներքո, բացառությամբ Միության և ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերի:

  1. Մաքսային հսկողության գոտու տարածքում պետական մարմինների պաշտոնատար անձանց կողմից օրենքով իրենց վերապահված իրավասության սահմաններում գործողությունների իրականացումը կարող է տեղի ունենալ մաքսային մարմինների հետ փոխգործակցության միջոցով՝ մաքսային մարմինների հսկողության ներքո:»:

Վերոհիշյալ իրավակարգավորումներից բխում է, որ ավտոմեքենաները իրենց մաքսային հսկողության ներքո գտնվելու ժամանակահատվածում չեն կարող վաճառվել, իսկ ավտոշուկայի տարածքը չի կարող տեղակայված լինել մաքսային հսկողության գոտու տարածքում։ Ավտոմեքենաները ավտոշուկայի տարածքում կարող են տեղակայվել միայն դրանց նկատմամբ մաքսային հսկողությունը դադարելուց, այսինքն՝ դրանց բացթողումից հետո։

  1. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

2022 թվականի հուլիսի 17-ին կայացած՝ ՀՀ Արարատի մարզպետի աշխատակազմի 2022 թվականի գործունեության հաշվետվության մասին խորհրդակցության արձանագրություն 3-րդ կետի 2․13-րդ ենթակետի  հանձնարարականի համաձայն՝ ավտոշուկաներում մաքսային ձևակերպումներ իրականացնելու հարցը քննարկվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Ներքին գործերի նախարարության և Պետական եկամուտների կոմիտեի միջև, որի արդյունքում նպատակահարմար է համարվել հանել որոշմամբ նախատեսված մաքսային գործառնություններ ենթադրող դրույթները:

  1. Կարգավորման նպատակը և բնույթը.

ՀՀ կառավարության որոշման նախագծով նախատեսվում է վերանայել ավտոշուկաների տարածքում մաքսային գործառնություններ իրականացնելու գործող իրավական կարգավորումները՝ դրանք համապատասխանեցնելով մաքսային օրենսդրության պահանջներին։

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք.

Նա­­խագիծը մշակվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից։

6 Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Որոշման նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեի մուտքերի էական ավելացում և նվազում չի նախատեսվում։

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Ռազմավարական փաստաթղթերի հետ կապ չկա։

  • Քննարկվել է

    17.10.2023 - 01.11.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տրանսպորտ

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1334

Տպել