Հիշել նախագիծը

««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների, զինհաշմանդամների, զինվորական կենսաթոշակառուների սոցիալական իրավունքների հետ կապված հարցերը, զինծառայողների սոցիալական վիճակի բարելավումը և զինծառայողների սոցիալական երաշխիքների ընդլայնումը Կառավարության գործունեության համար առաջնահերթություն են:

«Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի մասին» Կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշման 1.3-րդ՝ պաշտպանության ոլորտ. զինված ուժերի բարեփոխումներ բաժնում արձանագրված է հետևյալը. «Կառավարության ուշադրության կենտրոնում մշտապես եղել և լինելու է զինծառայողների և նրանց ընտանիքների սոցիալական պաշտպանության բարձրացումը, ուստի Կառավարությունը մեծացնելու է զինծառայողների նյութական և սոցիալական ապահովման երաշխիքները, կատարելագործելու է զինծառայության գրավչության և զինծառայողի հեղինակության բարձրացման մեխանիզմները։ Զինծառայողների աշխատավարձերի և այլ վճարների բարձրացումը, բնակարանային ապահովման ուղղությամբ Կառավարության ծրագրերը, պատերազմի հետևանքներն իրենց վրա կրող զինծառայողների սոցիալական և առողջապահական ծրագրերը նոր թափ են ստանալու»:

Հաշվի առնելով պաշտպանության նախարարությունում պայմանագրային զինծառայողների ծառայության բնույթը՝ վերջիններս հաճախ նույնիսկ առանց իրենց կամահայտնության տեղափոխվում են ծառայության այլ վայր, որը հաճախ նրանց մշտական բնակության վայրից էականորեն ավելի հեռու է լինում: Մասնավորապես, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 42-րդ հոդվածը թույլատրում է, որպես ընդհանուր կանոն, ըստ էության ցանկացած ժամանակ զինծառայողին փոխադրել ծառայության այլ վայր՝ առանց իր համաձայնության:

Վերոգրյալից բխում է, որ պաշտպանության նախարարությունում պայմանագրային զինծառայողի իրավական կարգավիճակը ենթադրում է նաև ցանկացած պահի ծառայության այլ վայր տեղափոխվելու հավանականություն և իրական հնարավորություն, իսկ անձի ծառայության վայրն առանց վերջինիս համաձայնության փոխելու և դրա արդյունքում վերջինիս իրավունքների սահմանափակման դիմաց անհրաժեշտ է ապահովել բավարար սոցիալական երաշխիքներ:

Օրենքի 65-րդ հոդվածի 1-ին մասը, կարգավորելով զինծառայողների բնակարանային ապահովության հարաբերությունները, անդրադարձ չի կատարում այն հարցին, թե զինծառայող համարվող կոնկրետ որ շրջանակի պաշտոնատար անձանց նկատմամբ է կիրառելի նշված նորմը, ինչը հանգեցնում է Օրենքի քննարկվող նորմին ոչ բավարար իրավական որոշակիությանը և դրա մեկնաբանման ու կիրառման հետ կապված խնդիրներ է առաջացնում իրավակիրառ պրակտիկայում:

Վերոգրյալով պայմանավորված՝ առկա է Օրենքի 65-րդ հոդվածում լրացում կատարելու և նշված հոդվածի 1-ին մասով նախատեսվող իրավունքներից օգտվող զինծառայողների շրջանակի հստակեցման անհրաժեշտություն:

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծով առաջարկվում է հստակեցնել Օրենքի 65-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգավորումը՝ շեշտադրելով, որ ծառայողական բնակարանով ապահովվելու կամ ամսական դրամական հատուցում ստանալու իրավունքից նշված հոդվածով սահմանված դեպքերում օգտվում են պաշտպանության նախարարության պայմանագրային զինծառայողները:

 

  1. 3. Նախագծի ընդունմամբ ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է հաղթահարել Օրենքի 65-րդ հոդվածի 1-ին մասում առկա ներքին անհստակությունը, ապահովել զինծառայողների համար նախատեսված սոցիալական երաշխիքի իրացման համար անհրաժեշտ իրավական հիմքեր և հստակեցնել ծառայողական բնակարանով ապահովվելու կամ ամսական դրամական հատուցում ստանալու իրավունք ունեցող զինծառայողների շրջանակը:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության կողմից:

 

  1. Օրենքի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.

Նախագծի ընդունման կապակցությամբ առկա է Կառավարության 2023 թվականի հուլիսի 20-ի N 1219-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն:

Նախագծի ընդունմամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշման Հավելված 1-ով հաստատված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը վերաբերող հատվածի 20-րդ նպատակից:

  • Քննարկվել է

    12.10.2023 - 27.10.2023

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն, Հանրային ծառայություն, Քաղաքացիական ծառայություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1590

Տպել