Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մայիսի 17-ի N 591-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 17-Ի N 591-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման  անհրաժեշտությունը

 

Կառավարության 2007 թվականի մայիսի 17-ի N 591-Ն որոշումը վերաբերում է օզոնային շերտը քայքայող նյութերի և հիդրոֆտորածխածինների (ֆտորացված գազեր) անհատական չափաքանակի տրամադրման փուլում ծագող հասարակական հարաբերություններին: Գործող իրավակարգավորումների համաձայն՝  ոլորտում իրականացվող տնտեսական գործունեությունը անհատական չափաքանակների տրամադրմամբ վերաբերում է բացառապես օզոնային շերտը քայքայող նյութերի ներմուծմանը, արտահանմանը և տարանցիկ փոխադրմանը: Անհատական չափաքանակի տրամադրումն իրականացվում է սահմանված ընթացակարգով, ըստ որի՝ տնտեսավարողները պետական լիազոր մարմին ներկայացնում են հայտ:

Ֆտորացված գազերի չափաքանակների տրամադրման գործընթացը պետք է սկսի գործել 2024 թվականի հունվարի 1-ից՝ համաձայն Հայաստանի կողմից սույն ոլորտում ստանձնած միջազգային պարտավորությունների: Պարտավորությունները բխում են «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրության Կիգալիի փոփոխությունից, որը Հայաստանը վավերացրել է 2019 թվականին և հետևողականորեն իրականացնում է դրանք ըստ սահմանված ժամանակացույցի:

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

 

Նախագծով նախատեսվում է սահմանված ձևաչափերում (հայտ և հայտի հիման վրա տրամադրվող չափաքանակ ըստ համարակալման) փոփոխությունների իրականացում՝ ապահովելու 2024 թվականի հունվարի 1-ից հիդրոֆտորածխածինների համար նախատեսվող անհատական չափաքանակների տրամադրման իրավական գործընթացը: Նախագծի իրավակարգավորումներով նախատեսվում է առնվազն 2000 օրինակ տպաքանակ ունեցող հայալեզու օրաթերթում պետական լիազոր մարմնի կողմից չափաքանակների վերաբերյալ տեղեկությունների հրապարակման պահանջի վերացում, նկատի ունենալով այն, որ դրույթի պահանջը կորցրել է արդիականությունը. ներկայում ամբողջ գործընթացի վերաբերյալ տեղեկատվությունը զետեղվում է պետական լիազոր մարմնի պաշտոնական կայքէջում, և ժամանակակից համացանցային գործիքների կիրառումն այս առումով բարձրացրել է ոլորտի կառավարման արդյունավետությունը, այդ թվում՝ տեղեկատվության օպերատիվ հրապարակայնացումը և տարածումը: Բացի այս, պետական լիազոր մարմինը նոր իրավակարգավորումներով դադարեցնում է որոշ գործող ձևաչափերով տեղեկատվության հավաքագրումը տնտեսավարողներից, քանի որ մեկ ձևաչափով դրանց տրամադրումը տնտեսավարողների կողմից բավարար է անհրաժեշտ տեղեկատվության տիրապետման և վիճակագրության վարման համար, ինչպես նաև արդեն գործող «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքով էլեկտրոնային համակարգի գործարկմամբ ապահովվել է տեղեկատվության անհրաժեշտ մյուս մասի տրամադրումը պետական լիազոր մարմնին:

 

Բացի այս, նկատի ունենալով ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի Oզոնի քարտուղարության պահանջը, ըստ որի՝ երկրները հիդրոֆտորածխածինների օգտագործման վերաբերյալ քարտուղարություն հաշվետվություն ներկայացնելիս այն պետք է ներկայացնեն մետրիկ տոննա CO2 համարժեքով (երկրի համար սահմանված հիմնամակարդակը արտահայտված է մետրիկ տոննա CO2 համարժեքով), նախագիծը սահմանված ձևաչափերում նախատեսում է համապատասխան փոփոխություններ: Նկատի ունենալով, որ հիդրոֆտորածխածինների խառնուրդների մասով վերը հիշատակված հիմնավորմամբ հայտադիմումներում արտահայտված չափաքանակները, ինչպես նաև պետության կողմից տրամադրվող չափաքանակները նույնպես պետք է արտահայտված լինեն մետրիկ տոննա CO2 համարժեքով, հիդրոֆտորածխածինների խառնուրդների առանձին ձևաչափերի նախատեսման անհրաժեշտությունը վերանում է: Օզոնային շերտը քայքայող նյութերի խառնուրդների ներմուծումն Հայաստանի Հանրապետություն արգելված է 2015 թվականից:

 

Հաշվի առնելով, որ հիդրոֆտորածխածինների հիմնամակարդակի որոշումը ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի Oզոնի քարտուղարության կողմից տեղի է ունեցել սույն թվականի հուլիս ամսին, անհրաժեշտություն է ծագել  անհատական չափաքանակների սահմանման հիմնական փուլում չափաքանակ ստանալու համար հայտը լիազոր պետական մարմին ներկայացնելու ժամկետը երկարաձգել մինչև 2023 թվականի նոյեմբերի 30-ը:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները

 

Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը

 

Նախագծի ընդունմամբ կապահովվի գործող ոլորտային ներպետական օրենսդրության և միջազգային պարտավորությունների, մասնավորապես՝ 2019 թվականին Հայաստանի կողմից վավերացված «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրության Կիգալիի փոփոխությամբ ստանձնած պարտավորությունների կատարումը և նոր ծագող հասարակական հարաբերությունների իրավակարգավորումը:

 

  1. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

Նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարությունների

Նախագիծը ռազմավարական փաստաթղթերի հետ առնչություն չունի։

 

 

 

  • Քննարկվել է

    19.09.2023 - 04.10.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ, Բնապահպանություն, Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Շրջակա միջավայրի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2067

Տպել