Հիշել նախագիծը

«ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

2023 թվականի ______ N__-Ն

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Մաքսային կարգավորման մասին» օրենքի 300-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Սահմանել մաքսային մարմինների և լիազորված տնտեսական օպերատորների փոխգործակցության կարգը՝ համաձայն հավելվածի։
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                ՎԱՐՉԱՊԵՏ                                                       Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության «____» __________ ____

N____-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են մաքսային մարմինների և լիազորված տնտեսական օպերատորների (այսուհետ՝ օպերատոր) փոխգործակցության հետ կապված հարաբերությունները։

2. «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 300-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան իրավաբանական անձին լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ներառման մասին վկայականի տրամադրումից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) և օպերատորի միջև կնքվում է համագործակցության հուշագիր (պայմանագիր)՝ սույն կարգի օրինակելի ձևին համապատասխան:

3. Սույն կարգի 2-րդ կետում նշված համագործակցության հուշագիրը (պայմանագիրը) կնքվում է լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակ ունեցող իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի և Կոմիտեի ղեկավարի կամ վերջինիս կողմից լիազորված անձի անունից:

4. Առաջին տեսակի և երրորդ տեսակի վկայականներով գործունեություն իրականացնող օպերատորները, օպերատորի և Կոմիտեի միջև կնքվող համագործակցության հուշագրով (պայմանագրով) սահմանված ժամկետներում, Կոմիտե են ներկայացնում՝

1) իրավաբանական անձի ղեկավար և այլ անձնակազմից այն պաշտոնատար անձանց տվյալները (զբաղեցրած պաշտոնը, անունը, ազգանունը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն), որոնք լիազորված են մաքսային գործառնությունների իրականացման և Կոմիտեի հետ համագործակցության համար.

2) օպերատորի կողմից տրանսպորտային միջոցների նկատմամբ կիրառվող նույնականացման միջոցների լուսանկարները և նույնականացման միջոցների բնութագրերը (առկայության դեպքում).

3) օպերատորի տրանսպորտային միջոցների վերաբերյալ տեղեկությունները (առկայության դեպքում):

5. Երկրորդ տեսակի և երրորդ տեսակի վկայականներով գործունեություն իրականացնող օպերատորները, օպերատորի և Կոմիտեի միջև կնքվող համագործակցության հուշագրով (պայմանագրով) սահմանված ժամկետներում, Կոմիտե են ներկայացնում՝

1) սույն կարգի 4-րդ կետում նշված տեղեկությունները.

2) օպերատորին պատկանող՝ մաքսային հսկողության գոտի հանդիսացող տարածքներ և շինություններ մուտքի իրավունք ունեցող՝ իրավաբանական անձի աշխատակիցների և այդպիսի մուտքի կարգի վերաբերյալ տեղեկություններ.

3) օպերատորի կողմից կիրառվող նույնականացման միջոցների վերաբերյալ տեղեկություններ:

6. Օպերատորների և Կոմիտեի միջև արդյունավետ փոխգործակցության ապահովման նպատակով օպերատորի և Կոմիտեի միջև կնքվող համագործակցության հուշագրով (պայմանագրով) սահմանված ժամկետներում Կոմիտեն օպերատորին է տրամադրում փոխգործակցության համար պատասխանատու՝ Կոմիտեի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման պաշտոնատար անձի (անձանց) վերաբերյալ տեղեկությունները (զբաղեցրած պաշտոնը, անունը, ազգանունը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն):

7. Կոմիտեի և օպերատորի՝ փոխգործակցության համար որպես պատասխանատու նշանակված պաշտոնատար անձանց վերաբերող՝ սույն կարգով նախատեսված տեղեկությունների փոփոխությունների դեպքում, այդպիսի փոփոխությունների վերաբերյալ տեղեկությունները օպերատորի և Կոմիտեի միջև կնքվող համագործակցության հուշագրով (պայմանագրով) սահմանված ժամկետներում փոխանակվում են Կոմիտեի և օպերատորի կողմից:

8. Մաքսային գործառնությունների առաջնահերթ կարգով իրականացմանն ուղղված հատուկ պարզեցված ընթացակարգի կիրառման նպատակներով Կոմիտեի մաքսային գործառնությունների իրականացման իրավասություն ունեցող ստորաբաժանումներում կարող է գործել առանձին ուղի (պատուհան):

9. Օպերատորների նկատմամբ հատուկ պարզեցված ընթացակարգերի կիրառմանն ուղղված գործառնությունների արդյունավետ իրականացման նպատակով օպերատորների տրանսպորտային միջոցների վրա օպերատորի կողմից փակցվում է «ԼԻԱԶՈՐՎԱԾ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՕՊԵՐԱՏՈՐ» գրառումը՝ կանաչ ֆոնի վրա 20սմ բարձրությամբ և 2 սմ լայնությամբ սպիտակ տառերով:

10. Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսդրությամբ նախատեսված հատուկ պարզեցված ընթացակարգերի չօգտագործման դեպքում օպերատորը մաքսային մարմինների միասնական ավտոմատացված տեղեկատվական համակարգի միջոցով, իսկ մինչև նշված համակարգում համապատասխան փոփոխությունների իրականացումը՝ էլեկտրոնային եղանակով կամ անհաղթահարելի ուժի ազդեցության առկայության դեպքում՝ թղթային եղանակով, ծանուցում է Կոմիտեին, որի դեպքում տվյալ մաքսային գործառնություններն իրականացվում են մաքսային օրենսդրությամբ նախատեսված ընդհանուր կարգով:

11. Եվրասիական տնտեսական միության և Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրության նորմերի վերաբերյալ իրազեկումների տրամադրման նպատակով օպերատորների և Կոմիտեի միջև փոխգործակցության նպատակով օպերատորի անձնակազմից և Կոմիտեի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումից նշանակվում են պատասխանատու անձինք, որոնց վերաբերյալ տեղեկությունները փոխանակվում են օպերատորի և Կոմիտեի միջև՝ իրավաբանական անձին լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ներառման վկայականի տրամադրումից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում:

12. Մաքսային գործառնությունների կատարելագործմանն առնչվող փորձնական ծրագրերի իրականացման դեպքում այդպիսի փորձնական ծրագրերի իրականացման ժամկետների և նկարագրության վերաբերյալ Կոմիտեն ծանուցում է օպերատորին:

13. Օպերատորների ապրանքների հաշվառման համակարգին մաքսային մարմինների հասանելիության ապահովման հետ փոխկապակցված՝ հատուկ պարզեցված ընթացակարգերի կիրառման դեպքում օպերատորները ապրանքների հաշվառման համակարգին մաքսային մարմինների հասանելիության կարգի և այդպիսի հասանելիության ապահովման տեղեկությունների վերաբերյալ ծանուցում են Կոմիտեին:

14. Սույն կարգի 13-րդ կետով նախատեսված տեղեկություններն արտացոլվում են օպերատորների և Կոմիտեի միջև կնքվող համագործակցության հուշագրով (պայմանագրով)։  

  • Քննարկվել է

    08.09.2023 - 23.09.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1511

Տպել