Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ (ՎԱՎԵՐԱԳՐԵՐԻ) ՊԱՐՏԱԴԻՐ ՕՐԻՆԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
ՕՐԵՆՔԸ

«ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ (ՎԱՎԵՐԱԳՐԵՐԻ) ՊԱՐՏԱԴԻՐ ՕՐԻՆԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Փաստաթղթերի (վավերագրերի) պարտադիր օրինակի մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հոկտեմբերի 4-ի ՀՕ-186-Ն օրենքը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

«ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ (ՎԱՎԵՐԱԳՐԵՐԻ) ՊԱՐՏԱԴԻՐ ՕՐԻՆԱԿԻ ՄԱՍԻՆ»

 

                                        Գ Լ ՈՒ Խ 1.

                            ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

  1. Սույն օրենքը կարգավորում է փաստաթղթի պարտադիր օրինակ (այսուհետ՝ պարտադիր օրինակ) հանդիսացող նյութերի հատկացման, պահպանության և օգտագործման հետ կապված հարաբերությունները՝ ապահովելով ազգային գրադարանային ֆոնդի համալրումը, մշակութային ժառանգության պահպանումը և փոխանցումը սերունդներին:

 

Հոդված 2.

Պարտադիր օրինակի մասին օրենսդրությունը

 

  1. Պարտադիր օրինակի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը բաղկացած է սույն օրենքից, բնագավառը կարգավորող Հայաստանի Հանրապետության այլ օրենքներից և նորմատիվ իրավական ակտերից, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերից։
  2. Եթե Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

 

Հոդված 3.

Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

 

  1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

1) փաստաթուղթ՝ ելից տեղեկություն ունեցող` պահպանության, հանրային օգտագործման, ժամանակի և տարածության մեջ փոխանցման ենթակա տեքստային, պատկերային, տեսա- և (կամ) ձայնաշարային կամ համակցված նյութ պարունակող կրիչ.

2) փաստաթղթի ելից տեղեկություն՝ հեղինակի մասին տվյալների ամբողջական համալիր, վերնագիր (վերնախորագիր, ենթավերնագիր) տեղեկություն հրատարակության և հրատարակչության վերաբերյալ,  հեղինակային նշան (դասիչ՝ ՀՏԴ, ԳՄԴ), միջազգային ստանդարտ համարակալում, գծիկավոր ծածկագիր, տեղեկություն հեղինակային իրավունքի նշանի վերաբերյալ.

3) չհրատարակված փաստաթուղթ՝ փաստաթուղթ` նախատեսված սահմանափակ օգտագործման համար.

4) համակցված փաստաթուղթ` փաստաթուղթ` միաժամանակ ամրացված տարբեր նյութական կրիչներին, որն ամբողջական է իր բաղկացուցիչ մասերով.

5) պարտադիր օրինակ՝ փաստաթղթի օրինակ, որի պատրաստողը, սույն օրենքով սահմանված կարգով ու քանակով, անհատույց հատկացնում և առաքում է ստացողներին.

6) փաստաթուղթ պատրաստող՝ փաստաթղթի սեփականատեր կամ այլ օրինական տիրապետող իրավաբանական կամ ֆիզիկական անձ, որն իրականացնում է փաստաթղթի պատրաստումը.

7) պարտադիր օրինակ ստացող՝ սույն օրենքով սահմանված կարգով ու քանակով պարտադիր օրինակը ստացող «Հայաստանի ազգային գրադարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն և բաշխման կարգով նախատեսված այլ հաստատություններ.

8) անորակ պարտադիր օրինակ՝ պարտադիր օրինակ, որի տպագրական սխալը, մեխանիկական և (կամ) էլեկտրոնային տվյալների վնասվածքները կամ այլ թերություններն անհնար են դարձնում ամրագրված տեղեկության ընկալումը.

9) սահմանափակ քանակությամբ հրատարակված փաստաթուղթ` փաստաթուղթ, որը հրատարակվել է մինչև 99 օրինակ:

 

Հոդված 4. Օրենքի գործողության ոլորտը

  1. Սույն օրենքը տարածվում է՝

1) փաստաթուղթ պատրաստողի և պարտադիր օրինակ ստացողի վրա.

2) Հայաստանի Հանրապետությունում պատրաստված փաստաթղթերի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձանց պատվերով օտարերկրյա պետություններում պատրաստված և Հայաստանի Հանրապետությունում իրացվող փաստաթղթերի վրա:

  1. Սույն օրենքը չի տարածվում՝

 1) անձնական և ընտանեկան գաղտնիք պարունակող փաստաթղթերի.

   2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պետական, ծառայողական, վիճակագրական, առևտրային կամ բանկային գաղտնիք պարունակող փաստաթղթերի.

  3) 3 օրինակից պակաս ստեղծված փաստաթղթերի.

  4) արխիվային փաստաթղթերի (նյութերի).

  5) գործավարական և տեխնիկական փաստաթղթերի (ձևաթղթեր, հաշվետվությունների և հաշվառումների գրանցամատյաններ, ուղեցույցներ, շահագործման հրահանգներ և այլն).

  6) ռազմական բնույթի տեխնիկական փաստաթղթերի, ձևաթղթերի և հաշվապահական հաշվառման համար նախատեսված փաստաթղթերի վրա:

  1. Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուին պատկանողփաստաթղթերիհամալրման, հաշվառման, պահպանման և հանրային օգտագործման գործառույթները կարգավորվում են «Արխիվային գործի մասին», իսկ գրադարանային փաստաթղթերի հետ կապված հարաբերությունները` «Գրադարանների և գրադարանային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով։ 

 

            Հոդված 5. Սույն օրենքի նպատակը և խնդիրը

  1. Սույն օրենքի նպատակն է՝ ազգային մշակութային ժառանգության անքակտելի մաս կազմող փաստաթղթերի մշտական պահպանությունը և դրանց հասանելիության ապահովումը սերունդներին:
  2. Սույն օրենքի հիմնական խնդիրն է կարգավորել պարտադիր օրինակի հատկացումը, պահպանությունը, հաշվառումը և օգտագործումը:

 

Հոդված 6. Փաստաթղթերի տեսակները

  1. Պարտադիր օրինակ համարվող փաստաթղթերն են՝

1) ելից տվյալներ ունեցող, խմբագրահրատարակչական մշակման ենթարկված և պոլիգրաֆիական ինքնուրույն ձևավորմամբ պարբերական և ոչ պարբերական հրատարակությունները (տեքստային, նոտագրական, քարտեզագրական, պատկերահրատարակային և էլեկտրոնային).

2) տեսալսողական արտադրանք՝ լուսանկարչական, տեսաշարային, ձայնաշարային, տեսաձայնաշարային տարաբնույթ թողարկումներ (կինո-, տեսա-, ձայնա- և ֆոտոթողարկման նյութերը), որոնք ստեղծված և վերարտադրված են ցանկացած տեսակի նյութական կրիչի վրա.

    3) չհրատարակված փաստաթուղթ՝ գիտահետազոտական, փորձարարակոնստրուկտորական և տեխնոլոգիական աշխատանքների վերաբերյալ հաշվետվություններ, ատենախոսություններ, գիտական աշխատություններ, ալգորիթմներ և ծրագրեր:

  

Հոդված 7. Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված պետական մարմնի իրավասությունները

 

  1. Լիազորված պետական մարմինը`

1) մշակում և հաստատում է պարտադիր օրինակի՝ ըստ փաստաթղթի տեսակների պահպանության, օգտագործման, հատկացման և բաշխման կարգը, ապահովում դրանց կիրարկումը,

   2) սահմանում է փաստաթղթի ելից տեղեկություններ համարվող տվյալներն ու դրանց տրման կարգը,

   3) իրականացնում է օրենքով նախատեսված այլ լիազորություններ:

 

                                             Գ Լ ՈՒ Խ 2.

ՊԱՐՏԱԴԻՐ ՕՐԻՆԱԿԻ ՀԱՏԿԱՑՈՒՄԸ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

 

    Հոդված 8. Պարտադիր օրինակի հատկացումը

  1. Հայաստանի Հանրապետությունում տպագրված լրատվական միջոցների պարտադիր օրինակների հատկացումն իրականացվում է «Զանգվածային լրատվության միջոցների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
  2. Փաստաթուղթ պատրաստողը՝ սկսած առաջին խմբաքանակի պատրաստման պահից, իսկ այլ երկրներում պատրաստված (Հայաստանի Հանրապետության տարածքում օգտագործվող փաստաթղթի ելից տեղեկություն ունեցող) փաստաթղթի դեպքում՝ սկսած Հայաստանի Հանրապետության տարածքում իրացման պահից, 10-օրյա ժամկետում փոխանցում է «Հայաստանի ազգային գրադարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ 2-ից, իսկ սահմանափակ քանակությամբ հրատարակված փաստաթղթերի դեպքում՝ 1-ից ոչ պակաս պարտադիր օրինակ:

 

 

 

Հոդված 9. Պարտադիր օրինակի հատկացման ծախսերը

  1. Պարտադիր օրինակի հատկացման և առաքման ծախսերը ներառվում են փաստաթղթերի պատրաստման ինքնարժեքում:

 

      Հոդված 10. Պարտադիր օրինակի օգտագործման սահմանափակումները

  1. Պարտադիր օրինակի հավաքածուները չեն կարող օգտագործվել որպես պարտավորությունների կատարման ապահովման միջոց, ենթակա չեն փոխանակման և օտարման:

 

 

                                               Գ Լ Ո Ւ Խ 3.

ՊԱՐՏԱԴԻՐ ՕՐԻՆԱԿ ՍՏԱՑՈՂԻ ԵՎ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ ՊԱՏՐԱՍՏՈՂԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 11. Պարտադիր օրինակ ստացողի իրավունքներն ու պարտականությունները

  1. Պարտադիր օրինակ ստացողն իրավունք ունի՝

1) անորակ և (կամ) ոչ ամբողջական պարտադիր օրինակը ստանալուց հետո՝                   10-օրյա ժամկետում, դիմել պատրաստողին՝ այն նորով և (կամ) ամբողջական համակցված փաստաթղթով փոխարինելու համար:

  1. Պարտադիր օրինակ ստացողը պարտավոր է՝

1) իրականացնել պարտադիր օրինակի պահպանությունն ու օգտագործումը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված պետական մարմնի կողմից հաստատված կարգի.

2) ապահովել պարտադիր օրինակի մասին տեղեկության մատչելիությունը:

Հոդված 12. Փաստաթուղթ պատրաստողի իրավունքներն ու   պարտականությունները

  1. Փաստաթուղթ պատրաստողն իրավունք ունի՝

1) ստանալ փաստաթղթի ելից տեղեկությունը.

2) անվճար ստանալ «Հայաստանի ազգային գրադարան» ՊՈԱԿ-ում առկա ընթերցանության վերաբերյալ ուսումնասիրությունների և ընթերցողների պահանջարկի վերաբերյալ վիճակագրական տեղեկություն:

  1. Փաստաթուղթ պատրաստողը պարտավոր է՝

1) փոխարինել անորակ պարտադիր օրինակը` դրա մասին ստացողի դիմումը ստանալու օրվան հաջորդող մեկ ամսվա ընթացքում.

2) պարտադիր օրինակ հանդիսացող համակցված փաստաթուղթը հանձնել ամբողջական:

 

Հոդված 13. Պարտադիր օրինակի պատճենումը

  1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և կազմակերպությունների գրադարանային-տեղեկատվական սպասարկման կազմակերպման նպատակով պարտադիր օրինակի պատճենումը և բազմացումը կատարվում են «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների համաձայն։
  2. Չհրատարակվածփաստաթղթերի և տեսաձայնաշարային արտադրանքի պարտադիր օրինակի մշտական պահպանությունն ու օգտագործումն իրականացնող կազմակերպությունները համապատասխան գրադարանների և կազմակերպությունների հայտի (պահանջի) դեպքում վճարովի հիմունքներով ապահովում են դրանց պատճենումը՝ սույն հոդվածի առաջին մասի պահանջների համաձայն։

 

Հոդված 14. Պատասխանատվությունը սույն օրենքի խախտման համար

  1. Սույն օրենքի պահանջների խախտումն առաջացնում է պատասխանատվություն Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված կարգով:
  2. Ստացված պարտադիր օրինակի մատենագիտական նկարագրության, գրացուցակներում դրա ներառման, օգտագործման և պահպանության համար «Հայաստանի ազգային գրադարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը կրում է պարտավորություններ և պատասխանատու է համաձայն սույն օրենքի, «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և այլ օրենքների ու նորմատիվ իրավական ակտերի:

 

                                                 Գ Լ Ո Ւ Խ 4.

                                      ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 15. Սույն օրենքի ուժի մեջ մտնելը 

  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:»:

 

Հոդված 2. Սույն օրենքի ուժի մեջ մտնելը 

  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

   

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

 «ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության 2003 թվականի դեկտեմբերի 13-ի ՀՕ-14-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 13-րդ հոդվածի 1-ին մասում «, Հայաստանի ազգային գրադարան և Հայաստանի ազգային գրապալատ» բառերը փոխարինել «և Հայաստանի ազգային գրադարան պետական ոչ առևտրային կազմակերպություն» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    14.12.2017 - 31.12.2017

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Մշակութային

  • Նախարարություն

    Մշակույթի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1195

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ