Հիշել նախագիծը

Մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի, ինչպես նաև տույժերի, տոկոսների՝ անհուսալի ճանաչման հիմքերով դադարեցված պարտավորությունները հաշվառելու և հաշվառումից հանելու կարգը, պարտավորությունների դադարեցման հանգամանքները հաստատող փաստաթղթերի ցանկը, անձնական օգտագործման ապրանքների ներմուծման համար մաքսատուրքերի, հարկերի, մաքսային գործառնությունների կատարման համար գանձվող պետական տուրքի, ինչպես նաև տույժերի գումարների՝ մաքսային մարմինների կողմից բռնագանձման համար անհնար լինելու հանգամանքով պայմանավորված անհուսալի ճանաչման հիմքերը և դուրսգրման կարգը սահմանելու մասին

ՆԱԽԱԳԻԾ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2023 թվականի ______ N__-Ն

ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ, ՀԱՐԿԵՐԻ, ՀԱՏՈՒԿ, ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ ԵՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՏՈՒՅԺԵՐԻ, ՏՈԿՈՍՆԵՐԻ՝ ԱՆՀՈՒՍԱԼԻ ՃԱՆԱՉՄԱՆ ՀԻՄՔԵՐՈՎ ԴԱԴԱՐԵՑՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՇՎԱՌԵԼՈՒ ԵՎ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ, ԱՆՁՆԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԵՐԻ, ՀԱՐԿԵՐԻ, ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԳԱՆՁՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՏՈՒՅԺԵՐԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ՝ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՆԱՐ ԼԻՆԵԼՈՒ ՀԱՆԳԱՄԱՆՔՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՀՈՒՍԱԼԻ ՃԱՆԱՉՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ԵՎ ԴՈՒՐՍԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Մաքսային կարգավորման մասին» օրենքի 62-րդ հոդվածի 4-րդ մասին և 175-րդ հոդվածի 10-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել՝ մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի, ինչպես նաև տույժերի, տոկոսների՝ անհուսալի ճանաչման հիմքերով դադարեցված պարտավորությունները հաշվառելու և հաշվառումից հանելու կարգը, պարտավորությունների դադարեցման հանգամանքները հաստատող փաստաթղթերի ցանկը, անձնական օգտագործման ապրանքների ներմուծման համար մաքսատուրքերի, հարկերի, մաքսային գործառնությունների կատարման համար գանձվող պետական տուրքի, ինչպես նաև տույժերի գումարների՝ մաքսային մարմինների կողմից բռնագանձման համար անհնար լինելու հանգամանքով պայմանավորված անհուսալի ճանաչման հիմքերը և դուրսգրման կարգը՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 ՎԱՐՉԱՊԵՏ                              Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

Հավելված
ՀՀ կառավարության «____» __________ ____
N____-Ն որոշման

 

ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ, ՀԱՐԿԵՐԻ, ՀԱՏՈՒԿ, ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ ԵՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՏՈՒՅԺԵՐԻ, ՏՈԿՈՍՆԵՐԻ՝ ԱՆՀՈՒՍԱԼԻ ՃԱՆԱՉՄԱՆ ՀԻՄՔԵՐՈՎ ԴԱԴԱՐԵՑՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՇՎԱՌԵԼՈՒ ԵՎ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ, ԱՆՁՆԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԵՐԻ, ՀԱՐԿԵՐԻ, ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԳԱՆՁՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՏՈՒՅԺԵՐԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ՝ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՆԱՐ ԼԻՆԵԼՈՒ ՀԱՆԳԱՄԱՆՔՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՀՈՒՍԱԼԻ ՃԱՆԱՉՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ԵՎ ԴՈՒՐՍԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ

1. Սույն կարգով կարգավորվում են մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի, ինչպես նաև տույժերի, տոկոսների՝ անհուսալի ճանաչման հիմքերով դադարեցված պարտավորությունների, ինչպես նաև անձնական օգտագործման ապրանքների ներմուծման համար մաքսատուրքերի, հարկերի, մաքսային գործառնությունների կատարման համար գանձվող պետական տուրքի, տույժերի գումարների՝ մաքսային մարմինների կողմից բռնագանձման համար անհնար լինելու հանգամանքով պայմանավորված անհուսալի ճանաչված պարտավորությունների (այսուհետ՝ Դադարեցված պարտավորություններ) հաշվառման և հաշվառումից հանելու (դուրսգրման) հետ կապված հարաբերությունները։
2. Անձնական օգտագործման ապրանքների ներմուծման համար մաքսատուրքերի, հարկերի, մաքսային գործառնությունների կատարման համար գանձվող պետական տուրքի, ինչպես նաև տույժերի գումարների՝ բռնագանձման համար անհնար լինելու հանգամանքով պայմանավորված անհուսալի ճանաչման հիմքեր են հանդիսանում «Մաքսային կարգավորման մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 62-րդ հոդվածի 1-ին մասի 2-ից 4-րդ կետերով սահմանված հիմքերը։
3. Դադարեցված պարտավորությունները հաշվառվում են այն մաքսային մարմնում, որն ընդունել է այն մաքսային հայտարարագիրը կամ դրան փոխարինող այլ փաստաթուղթը, որի հիման վրա ծագել են այդպիսի պարտավորությունները։
4. Դադարեցված պարտավորությունները հաշվառվում են էլեկտրոնային եղանակով՝ «Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» էլեկտրոնային հարթակում կիրառվող համապատասխան համակարգի միջոցով՝ առանձնացված կարգով՝ ըստ վճարողների՝ սույն կարգի 3-րդ կետում նշված մաքսային մարմնի կողմից համապատասխան տեղեկատվության մուտքագրման միջոցով։
5. Դադարեցված պարտավորությունները հաշվառվում են Օրենքի 62-րդ հոդվածով նախատեսված հիմքերի՝ մաքսային մարմնին հայտնի դառնալու օրը։
6. Սույն կարգի 4-րդ կետին համապատասխան՝ Դադարեցված պարտավորությունների հաշվառման ժամանակ մաքսային մարմնի կողմից ըստ վճարողներիի՝ էլեկտրոնային համակարգում նշվում են հետևյալ տեղեկությունները՝
1) անհուսալի համարվող պարտավորության չափը՝ ըստ վճարների տեսակների․
2) պարտավորության առաջացման ամիսը, ամսաթիվը, տարեթիվը․
3) պարտավորության հաշվառման՝ Օրենքով սահմանված հիմքը․
4) պարտավորության անհուսալի ճանաչման հիմքի վերաբերյալ տեղեկատվության՝ մաքսային մարմնին հայտնի դառնալու ամիսը, ամսաթիվը, տարեթիվը․
5) հաշվառման իրականացման ամիսը, ամսաթիվը, տարեթիվը։
7. Դադարեցված պարտավորությունները հաշվառումից հանվում են Օրենքի 62-րդ հոդվածով սահմանված հիմքերով՝ «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրի հավելվածով հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքով և Օրենքով նախատեսված՝ այդպիսի պարտավորությունների բռնագանձման բոլոր միջոցների իրականացման արդյունքում պարտավորությունների գանձման անհնարին լինելու դեպքում։
8. Դադարեցված պարտավորությունները հաշվառումից հանվում են սույն կարգի 3-րդ կետում նշված մաքսային մարմնի կողմից սույն կարգի 14-րդ կետով նախատեսված ժամկետում էլեկտրոնային համակարգում համապատասխան նշում կատարելուց հետո՝ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի ղեկավարի կողմից կայացվող որոշմամբ՝ համաձայն Ձևի։
9. Դադարեցված պարտավորությունների հաշվառումից հանման վերաբերյալ կայացվող որոշման մեջ պետք է նշվեն պարտավորությունների հաշվառումից հանման հիմքը և տվյալ հիմքը հաստատող տեղեկությունները, իսկ այդպիսի որոշմանը պետք է կցվի Դադարեցված պարտավորությունների հաշվառումից հանման համապատասխան հանգամանքը հաստատող փաստաթուղթը (փաստաթղթերը) կամ սույն կարգի 14-րդ կետով նախատեսված տեղեկատվությունը։
10. Օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքով պարտավորությունների՝ բռնագանձման համար անհուսալի ճանաչման հիմքով այդպիսի պարտավորությունների հաշվառումից հանման համար՝ հաշվառումից հանելու հանգամանքը հաստատող փաստաթուղթ է հանդիսանում համապատասխան լուծարային հանձնաժողովի կողմից կազմված լուծարային հաշվեկշռին կամ դատարանի կողմից կայացված դատական ակտին համապատասխան՝ այդպիսի պարտավորությունների վճարումը հաստատող փաստաթղթերը կամ էլեկտրոնային եղանակով վճարման դեպքում՝ վճարման վերաբերյալ տեղեկատվությունը, կամ կազմակերպության լուծարման արդյունքում ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով պարտատերերի պահանջների կատարումն անհնարին լինելու արդյունքում դատարանի կողմից կայացված դատական ակտի հիման վրա պարտավորությունների կատարման համար բավարար միջոցների բացակայության արդյունքում կազմակերպության լուծարման պետական գրանցումը հաստատող փաստաթուղթը։
11. Օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով պարտավորությունների՝ բռնագանձման համար անհուսալի ճանաչման հիմքով այդպիսի պարտավորությունների հաշվառումից հանման համար՝ հաշվառումից հանելու հանգամանքը հաստատող փաստաթուղթ է հանդիսանում սնանկության գործի շրջանակներում պարտապանին սնանկ ճանաչելու վերաբերյալ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը։
12. Օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված հիմքով պարտավորությունների՝ բռնագանձման համար անհուսալի ճանաչման հիմքով այդպիսի պարտավորությունների հաշվառումից հանման համար՝ հաշվառումից հանելու հանգամանքը հաստատող փաստաթուղթ է հանդիսանում անձի մահվան պետական գրանցման փաստաթուղթը կամ անձին մահացած կամ անհայտ բացակայող ճանաչելու մասին դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռը՝ նշված փաստաթղթերի հետ միաժամանակ տվյալ անձի որևէ ժառանգ չունենալու կամ ժառանգի (ժառանգների) ժառանգությունից հրաժարվելու վերաբերյալ նոտարի կողմից վավերացված փաստաթղթի առկայության դեպքում։
13. Սույն կարգի 12-րդ կետում նշված դեպքում ֆիզիկական անձին մահացած կամ անհայտ բացակայող ճանաչելու մասին դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված դեպքերում վերացման արդյունքում, դադարեցված և հաշվառումից հանված պարտավորությունները նույն չափով ծագում են տվյալ անձի համար՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի վերացման վերաբերյալ համապատասխան վճիռը մաքսային մարմնի կողմից ստանալու օրվանից։
14. Օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված հիմքով պարտավորությունների՝ բռնագանձման համար անհուսալի ճանաչման հիմքով այդպիսի պարտավորությունները հաշվառումից հանվում են Օրենքի նշված կետով նախատեսված ժամկետի ավարտի օրվան հաջորդող օրը։
15. Սույն կարգի 10-ից 12-րդ կետերով նախատեսված դեպքում պարտավորությունները հաշվառումից հանվում են նույն կետերով նախատեսված փաստաթղթերի՝ մաքսային մարմնի կողմից ստացման օրվանից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում։


Ձև

ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀՈՒՍԱԼԻ ՃԱՆԱՉՄԱՆ ՀԻՄՔՈՎ ԴԱԴԱՐԵՑՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«___________»/«_______________»
(ամսաթիվ) (գրանցման համար)

 

1. Այն անձի վերաբերյալ տեղեկություններ (անվանում, հասցե (բնակության վայր), հարկ վճարողի հաշվառման համար, ֆիզիկական անձի դեպքում՝ անունը, ազգանունը, հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները, առկայության դեպքում՝ հարկ վճարողի հաշվառման համարը), որի համար ծագել են բռնագանձման համար անհուսալի ճանաչման հիմքով դադարեցված պարտավորությունները
_________________________________________________________________________________
2. Բռնագանձման համար անհուսալի ճանաչման հիմքով դադարեցված պարտավորության տեսակը, չափը, մաքսային փաստաթղթի գրանցման համարը 1)________________________________________________________________________________
2)________________________________________________________________________________
………………..
3. Բռնագանձման համար անհուսալի ճանաչման հիմքով դադարեցված պարտավորության հաշվառումից հանելու հիմքը
_________________________________________________________________________________

4․Բռնագանձման համար անհուսալի ճանաչման հիմքով դադարեցված պարտավորության հաշվառումից հանելու ամսաթիվը
_________________________________________________________________________________

Պետական եկամուտների կոմիտեի ղեկավար կամ նրա կողմից լիազորված անձ՝
______________________________ ___________________
(անուն, ազգանուն) (ստորագրություն)

Կից՝ բռնագանձման համար անհուսալի ճանաչման հիմքով դադարեցված պարտավորությունների հաշվառումից հանման հանգամանքը հաստատող փաստաթուղթը, տեղեկատվությունը։

  • Քննարկվել է

    10.08.2023 - 25.08.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1398

Տպել