Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

Գիտական կադրերի ատեստավորման կարգը, գիտական պետական կազմակերպություններում գիտական և ճարտարագիտատեխնիկական պաշտոնները և դրանց գնահատման նվազագույն չափանիշները հաստատելու մասին

 

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

«ԳԻՏԱԿԱՆ ԿԱԴՐԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ԳԻՏԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՃԱՐՏԱՐԱԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

ՄԱՍԻՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Գիտական կադրերի ատեստավորման կարգը, գիտական պետական կազմակերպություններում գիտական և ճարտարագիտատեխնիկական պաշտոնները և դրանց գնահատման նվազագույն չափանիշները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը բխում է «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքի 17-րդ հոդվածից, որն ամրագրում է գիտական աշխատողի ատեստավորման գործընթացը և գիտական պետական կազմակերպություններում գիտական և ճարտարագիտատեխնիկական պաշտոնները և դրանց գնահատման նվազագույն չափանիշները: Վերջիններիս նպատակն է գնահատել գիտական աշխատողի մասնագիտական պատրաստվածության աստիճանը և նրա կողմից ստացված գիտական արդյունքները, ինչպես նաև պարզել գիտական աշխատողի մասնագիտական որակի համապատասխանությունը իր զբաղեցրած պաշտոնին: Նախագծի ընդունումը բխում է նաև ՀՀ ԱԺ 2021 թվականի օգոստոսի 26-ի N ԱԺՈ-002-Ն որոշմամբ հավանության արժանացած՝ ՀՀ կառավարության հնգամյա ծրագրի՝ Գիտության բաժնի՝ «Գիտության ոլորտում պետական ֆինանսավորման արդյունավետության բարձրացում» նպատակից և ՀՀ վարչապետի 2023 թվականի հունիսի 27-ի N 693-Ա որոշմամբ հաստատված՝ «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ 2023 թվականի մայիսի 3-ի ՀՕ-155-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների 3-րդ կետից:

Ներկայումս գործում է ՀՀ կառավարության 2001 թվականի հոկտեմբերի 3-ի N 935 որոշմամբ հաստատված՝ ՀՀ գիտական կազմակերպություններում գիտական կադրերի որակավորման կարգը և գնահատման չափանիշները: Անհրաժեշտություն է առաջացել ուժը կորցրած ճանաչել գործող կարգը և հաստատել գիտական աշխատողների արդյունավետության նվազագույն նոր պայմաններ՝ ըստ գիտական պաշտոնների տարակարգերի՝ հաշվի առնելով գիտական և գիտատեխնիկական գործունեության բնագավառի իրավահարաբերությունների բարելավման և արդիականացման նպատակները, ինչպես նաև գիտության ոլորտում տեղի ունեցած և շարունակական բարեփոխումները, մասնավորապես, 2022 թվականի հունվարի 1-ից ՀՀ պետական բյուջեի գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերում ընդգրկված և նշված տարեթվից առավելագույնը մեկ տարի առաջ որակավորում անցած գիտական կադրերի աշխատավարձի աստիճանական ավելացումը՝ հասցնելով այն հանրապետության մասշտաբով պետական համակարգում համեմատելի և համադրելի արժեքների (համաձայն ՀՀ կառավարության 2021 թվականի մայիսի 13-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի նոյեմբերի 17-ի N 1121 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 747-Լ որոշման):

Գիտական աշխատողների արդյունավետության նվազագույն նոր պայմանների հաստատումը հիմք է հանդիսանալու 2024 թվականին համապետական ատեստավորման ծրագրի հաստատման համար, որն էլ իր հերթին հիմք է հանդիսանալու արդյունավետության բարձր պահանջներին համապատասխանող գիտական աշխատողների տարակարգման և, ըստ գիտական աշխատողների պաշտոնների անվանացանկի, գիտական պետական կազմակերպություններին հատկացվող ֆինանսավորման վերանայման համար: 

«Գիտական կադրերի ատեստավորման կարգը, գիտական պետական կազմակերպություններում գիտական և ճարտարագիտատեխնիկական պաշտոնները և դրանց գնահատման նվազագույն չափանիշները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով առաջարկվում են ՀՀ գիտական պետական կազմակերպություններում գիտական աշխատողների ատեստավորման գնահատման նոր նվազագույն չափանիշներ, որոնք մեծապես պայմանավորված են գիտական և գիտատեխնիկական գործունեության ժամանակակից մեթոդների ներդրումով: Այդ չափանիշներն այն քանակական և որակական նվազագույն պահանջներն են, որոնք ներկայացվում են տվյալ տարակարգը հայցող գիտական աշխատողներին: Ներդրված նոր մոտեցման համաձայն՝ որակավորման գնահատման չափանիշները սահմանելիս հաշվի է առնվում նաև գիտական պետական կազմակերպությունում  գիտական աշխատողների տարակարգի համար սահմանվող հավելյալ պաշտոնեական պարտականությունները, որոնք առաջարկվում են տվյալ գիտական կազմակերպության գիտական խորհրդի կողմից (երկուսից ավելի բնագավառներում գործունեություն ծավալող կազմակերպությունների պարագայում` նշյալ պարտականությունները կարող են առաջարկվել համապատասխան գիտական խորհուրդների կողմից, եթե նման գիտական խորհուրդների գոյությունը նախատեսված է կազմակերպության կանոնադրությամբ) և հաստատվում են այդ կազմակեպության ղեկավարի կողմից:

Միջազգային գործընկերության աշխարհագրության ընդլայնման նպատակով որպես նոր չափանիշ գիտաշխատողի, ավագ գիտաշխատողի, առաջատար գիտաշխատողի, գլխավոր գիտաշխատողի, գիտական խմբի ղեկավարի և գիտական ստորաբաժանման ղեկավարի  տարակարգերի համար պահանջվում է նաև միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում հրատարակված գիտական աշխատությունների առկայություն, ինչպես նաև թվարկված տարակարգերից առաջատար և գլխավոր գիտաշխատողների համար նաև 50 000 և 100 000 ԱՄՆ դոլար կամ դրան համարժեք ընդհանուր ֆինանսական ծավալի՝ ՀՀ կամ միջազգային գիտահետազոտական կամ փորձակոնստրուկտորական ծրագրերի ղեկավար կամ նախատեսված լինելու պարագայում՝ համաղեկավար և այլն: Ինչպես նաև որպես առաջատար և գլխավոր գիտաշխատող տարակարգերի պահանջներ սահմանված են ոլորտի միջազգային գործընկերների հետ ակտիվ գործնական կապեր և համագործակցություն ունենալու, միջազգային ճանաչում ունեցող փորձագետ հանդիսանալու, իր կազմակերպության միջազգային գործընկերության աշխարհագրության ընդլայնմանն ուղղված աշխատանքներ կատարելու, ինչպես նաև  միջազգայն հետազոտական տիրույթում կազմակերպության դիրքերի ամրապնդմանն ուղղված աշխատանքներ իրականացնելու պարտավորություններ:

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Հաշվի առնելով գիտական և գիտատեխնիկական գործունեության բնագավառի իրավահարաբերությունների բարելավման և արդիականացման նպատակները, ինչպես նաև գիտության ոլորտում տեղի ունեցած բարեփոխումները՝ անհրաժեշտություն է առաջացել հաստատել գիտական աշխատողների արդյունավետության նվազագույն նոր պայմանները՝ ըստ տարակարգերի, որոնք հիմք են հանդիսանալու 2024 թվականին համապետական ատեստավորման ծրագրի հաստատման համար: Վերջինս իր հերթին հիմք է հանդիսանալու արդյունավետության բարձր պահանջներին համապատասխանող գիտական աշխատողների տարակարգման և, ըստ գիտական աշխատողների պաշտոնների անվանացանկի, գիտական կազմակերպություններին հատկացվող ֆինանսավորման վերանայման համար:

Առաջարկվող փոփոխությունների և լրացումների ծավալը մեծ է, ինչի պատճառով էլ գործող որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու փոխարեն առաջարկվում է ընդունել նոր որոշում:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

«Գիտական կադրերի ատեստավորման կարգը, գիտական պետական կազմակերպություններում գիտական և ճարտարագիտատեխնիկական պաշտոնները և դրանց գնահատման նվազագույն չափանիշները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը մշակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեի կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

«Գիտական կադրերի ատեստավորման կարգը, գիտական պետական կազմակերպություններում գիտական և ճարտարագիտատեխնիկական պաշտոնները և դրանց գնահատման նվազագույն չափանիշները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը հնարավոր կդարձնի ոլորտը կանոնակարգող իրավական ակտերի համապատասխանեցումը գիտության զարգացման արդի վիճակին և միջազգային չափանիշներին, կապահովի ՀՀ գիտության ոլորտի առաջընթացը և դինամիկ զարգացումը, ինչպես նաև սահմանված կլինի գիտական արդյունքի որակի ավելի բարձր նշաձող, հստակ կուրվագծվի մասնագիտական աճի ուղին գիտության ոլորտում, ինչը կմոտիվացնի արդյունավետ աշխատող գիտնականներին և կխթանի ոլորտ մուտք գործած երիտասարդ գիտաշխատողների աշխատանքի արդյունավետությանը, որն էլ իր հերթին կնպաստի գիտության ոլորտում պետական ֆինանսավորման արդյունավետության բարձրացմանը:

  1. ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվող փոփոխությունների մասին

«Գիտական կադրերի ատեստավորման կարգը, գիտական պետական կազմակերպություններում գիտական և ճարտարագիտատեխնիկական պաշտոնները և դրանց գնահատման նվազագույն չափանիշները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  1. Կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի նախագծերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

«Գիտական կադրերի ատեստավորման կարգը, գիտական պետական կազմակերպություններում գիտական և ճարտարագիտատեխնիկական պաշտոնները և դրանց գնահատման նվազագույն չափանիշները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

«Գիտական կադրերի ատեստավորման կարգը, գիտական պետական կազմակերպություններում գիտական և ճարտարագիտատեխնիկական պաշտոնները և դրանց գնահատման նվազագույն չափանիշները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը բխում է ՀՀ ԱԺ 2021 թվականի օգոստոսի 26-ի N ԱԺՈ-002-Ն որոշմամբ հավանության արժանացած՝ ՀՀ կառավարության հնգամյա ծրագրի՝ Գիտության բաժնի՝ «Գիտության ոլորտում պետական ֆինանսավորման արդյունավետության բարձրացում» նպատակից և ՀՀ վարչապետի 2023 թվականի հունիսի 27-ի N 693-Ա որոշմամբ հաստատված՝ «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ 2023 թվականի մայիսի 3-ի ՀՕ-155-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների 3-րդ կետից:

 

  • Քննարկվել է

    25.07.2023 - 11.08.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Գերատեսչություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

  • Կարգավիճակ

  • Հանրային հարցման ամսաթիվ

    11.08.2023

  • Հանրային հարցման հասցե

    ք. Երևան, Օրբելի եղբայրների 22

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 11560

Տպել

Առաջարկներ`

Ակադեմիկոս Ի.Վ.Եղիազարովի անվան ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտ

10.08.2023

Ակադեմիկոս Ի.Վ.Եղիազարովի անվան ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկկայի ինստիտուտի գիտական խորհուրդը 2023թ. օգոստոսի 10-ին քննարկելով ներկայացված նախագիծը /կարծիքը սահմանված կարգով ուղարկված է/ առաջարկում է այն հանել հետագա քննարկումից, քանի որ այն չի բխում հանրապետությունում գիտության զարգացման պահանջներից, հակասում է ՀՀ սահմանադրությանը, պարունակում է Մարդու իրավունքներին հակասող դրույթներ: ՋՀՀԻ գիտխորհրդի նախագահի տեղակալ, տ.գ.դ., պրոֆեսոր Ա.Ա.Սարուխանյան

Աննա Մակարյան

10.08.2023

Բոլորիս հայտնի է, որ նախագծում ներկայացված շտեմարաններում ընդգրկված պարբերականներում հոդվածները տպագրվելուց հետո բավական ժամանակ կարող է անցնել մինչև տեղի ունենա վերջիններիս ինդեքսավորումը շտեմարաններում։ Առաջարկում եմ ատեստավորման ժամանակ որպես քանակ հաշվել նաև դեռևս չինդեքսավորված հոդվածները, որոնք արդեն տպագրվել են, սակայն դեռևս ինդեքսվորված չեն, ինչպես նաև տպագրության վերցրած և խմբագրության կողմից տեղեկանք տրամադրված լինելը ևս փաստի հոդվածի առկայության մասին։ (Այս մասով առհասարակ նախագծում անդրադարձ չկա):

Աննա Մակարյան

10.08.2023

Առաջարկում եմ հասարակական գիտությունների առջև դրված հոդվածների տպագրման քանակները վերանայել, մասնավորապես տարբերակել բնագիտությունից, տեխնիակական, ճարտարագիտական, տեխնոլոգիական, բժշկական և գյուղատնտեսական գիտություններից, քանի որ Գիտպետկոմի մրցույթներում ևս պահանջները հասարակական և հայագիտական գիտությությունների համար միևնույնն ես, և այն տարբերվում է մնացածներից, իսկ այս նախագծում հասարակագիտությունը հավասարեցված է բնագիտության և մյուս գիտությունների հետ։

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: