Հիշել նախագիծը

Գտնվում է ՀՀ կառավարությունում

ՀԱԿԱՄԱՆՐԷԱՅԻՆ ԴԵՂԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ԵՎ 2023-2027 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱԿԱՄԱՆՐԷԱՅԻՆ ԴԵՂԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ԵՎ 2023-2027 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Ներկայում ամբողջ աշխարհում լուրջ հիմնախնդիր է հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության (այսուհետ՝ ՀՄԿ) զարգացումը: ՀՄԿ-ը անվանում են նաև «Լուռ համաճարակ», որի կանխարգելումը պահանջում է համատեղ գործողություններ պետական բոլոր ​​մակարդակներում և արդյունավետ աշխատանք «Մեկ առողջություն» գաղափարի շուրջ` հասարակության ակտիվ մասնակցությամբ:

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների ՀՄԿ խնդիրը պարզապես կանխատեսում չէ ապագայի համար, այլ` սպառնալիք աշխարհի յուրաքանչյուր տարածաշրջանի համար, որի հետևանքները կարող են բացասաբար ազդել ողջ մարդկության վրա:

Հակամանրէային (հակաբակտերիային, հակասնկային, հակավիրուսային, հակամակաբուծային) դեղերի հայտնագործումը մարդկության պատմության մեջ երբևէ արձանագրված առողջապահության կարևորագույն առաջընթացներից է, հակամանրէային դեղերը` կարևոր և արժեքավոր ռեսուրս են, սակայն դրանց ոչ պատշաճ օգտագործումը նպաստում է դրանց նկատմամբ կայուն մանրէների առաջացմանը:

ԱՀԿ-ի տվյալների համաձայն, եթե վարակների, ինչպես նաև ՀՄԿ զարգացման կանխարգելման, հակամանրէային դեղերի ռացիոնալ նշանակման և օգտագործման բարելավման ուղղությամբ պետական մակարդակով միջոցառումներ չձեռնարկվեն, հետևանքները կլինեն կործանարար: Մասնավորապես ՀՄԿ հետևանքով հնարավոր չի լինի ապահովել վարակիչ հիվանդությունների արդյունավետ բուժումը:

Ըստ միջազգային տվյալների (Review on Antimicrobial Resistance: Tackling a crisis for the health and wealth of nations. London: Review on Antimicrobial Resistance; 2014», https://www.thelancet.com/journals/lanpub/article/PIIS2468-2667(22)00225-0/fulltext, https://www.oecd.org/health/health-systems/AMR-Tackling-the-Burden-in-the-EU-OECD-ECDC-Briefing-Note-2019.pdf ), ՀՄԿ - ը մինչև 2050 թվականը պատճառ կհանդիսանա տարեկան 10 միլիոն մահվան դեպքերի, իսկ տնտեսական բեռը կկազմի 100 տրլ դոլար: Համաձայն ԱՀԿ-ի` եվրոպական տարածաշրջանի 28 երկրներում իրականացված տնտեսական հաշվարկի, հակամանրէային դեղերի ռացիոնալ կիրառման դեպքում 51%-ով նվազում է մահացությունը և տնտեսվում է 2.3 մլրդ եվրո, պատշաճ ձեռքերի հիգիենայի իրականացումը նվազեցնում է մահացությունը 43%-ով և տնտեսում է 2,97 մլրդ եվրո, իսկ ՀՄԿ խնդրի վերաբերյալ բնակչության իրազեկվածության բարձրացումը 2%-ով նվազեցնում է մահացությունը և տնտեսում է 60 մլն եվրո:

Գյուղատնտեսության և անասնաբուժության ոլորտներում հակամանրէային դեղերը կիրառվում են ոչ միայն բուժական նպատակներով, այլև վարակների կանխարգելման, իսկ որոշ երկրներում` նաև կենդանիների աճը խթանելու համար: Մանրէները, ներառյալ դրանց դեղակայուն ձևերը, կարող են կենդանիներից մարդկանց փոխանցվել ուղղակի կամ անուղղակի ճանապարհներով` տարածում գտնելով բնակչության շրջանում:

Աշխարհում հակամանրէային դեղերի օգտագործման 70%-ը ընկնում է գյուղատնտեսության ոլորտի վրա:

Շրջակա միջավայրն առանցքային դեր է խաղում ՀՄԿ զարգացման, փոխանցման և տարածման գործում: Մարդածին գործոնները մեծացնում են շրջակա միջավայրի կարևորությունը որպես մարդու վրա ՀՄԿ ազդեցության ուղի: Մեծ քանակությամբ հակաբակտերիային դեղերի արտանետումը շրջակա միջավայր պայմանավոված է հիմնականում կոյուղաջրերի ու կեղտաջրերի արտահոսքով և անասնաբուծական ֆերմաների գոմաղբով, որտեղ գյուղատնտեսական կենդանիներին կերակրում են հակաբակտերիային դեղեր պարունակող կերերով: Այդ արտանետումները կարող են պարունակել նաև կայուն ախտածին մանրէներ և դրանց գեները:

Հայաստանի Հանրապետությունում դեղերի որակի ու անվտանգության ապահովման միջոցառումների շրջանակներում արդեն իսկ իրականացվում են հակամանրէային դեղերի շրջանառության կանոնակարգմանն ուղղված միջոցառումներ, սակայն առողջապահության, անասնաբուժության և սննդի արտադրության ոլորտներում հակամանրէային դեղերի լայն կիրառումը պահանջում է միջգերատեսչական համագործակցություն:

2017 թվականի մայիսի 29-ին Հայաստանում մեկնարկել է Հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության պլանային ախտորոշիչ համաճարակաբանական հսկողության մեխանիզմների ապացուցման նպատակով հետազոտությունը (այսուհետ` Հետազոտություն), որի շրջանակներում «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության բազայի վրա ստեղծվել է հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության վերաբերյալ տվյալների ազգային Էլեկտրոնային բազա, իրականցվել է արյան թվով 2052 նմուշառում, հետազոտությունների արդյունքում թվով 102 մանրէների հայտնաբերմամբ: Հետազոտության արդյունքում պարզվել է, որ բուժառուների 63,8 % -ը (որից 80%` երեխաների շրջանում) մինչ արյան նմուշառումը ստացել են հակաբակտերիալ դեղ: Ըստ տարիքային խմբերի` 35%-ը` 0-1 ամսական (դրական արդյունք` 1,7%), 10,7 %-ը` 1-12 ամսական (դրական արդյունք 4,6%), 21,4 % -ը` 1-5 տարեկան (դրական արդյունք 3,9%), 12,3%-ը` 6-17 տարեկան (դրական արդյունք 3,2%), 13,5%-ը` 18-64 տարեկան (դրական արդյունք 12,0%), 7,1 %-ը` 64 տարեկան և բարձր (դրական արդյունք 15,2%) բուժառուները:

Առողջապահության նախարարի հրամաններով հաստատվել են մի շարք ուղեցույցներ, վարման կարգեր, մեթոդական ցուցումներ, որոնցում ներառված են հակամանրէային դեղերի պատշաճ օգտագործման հստակ կանոնակարգումներ, ինչպես նաև Առողջապահության նախարարի 2016 թվականի դեկտեմբերի 30-ի N 3906 - Ա հրամանով հաստատվել են. ՀՄԴ-ների նկատմամբ մանրէների զգայունության որոշմամբ զբաղվող եվրոպական կոմիտեի (European Committee on Antimicrobial Susceptibility Testing (EUCAST)) (այսուհետ՝ ԷՈՒՔԱՍՏ) հրահանգներին համապատասխանեցված «Հակամանրէային դեղերի նկատմամբ մանրէների զգայունության որոշում սկավառակա-դիֆուզիոն մեթոդով մեթոդական ցուցումները, «Հակամանրէային դեղերի նկատմամբ մանրէների զգայունության գնահատման փորձագիտական կանոնները» և «Մանրէների կողմից հակամանրէային դեղերի նկատմամբ կլինիկական ու համաճարակաբանական նշանակություն ունեցող կայունության մեխանիզմների որոշման» մեթոդական ուղեցույցը (EUCAST):
ՀՀ կառավարության 2019 թվականի օգոստոսի 15-ի N 1080-Ն որոշման համաձայն բոլոր համակարգային ազդեցությամբ հակավարակային, այդ թվում՝ հակաբակտերիային, հակասնկային, հակամիկոբակտերիային և հակավիրուսային դեղերը ենթակա են բացթողման միայն դեղատոմսով: Չնայած դրան COVID 19 համավարակով պայմանավորված զգալի աճել էին հակամանրէային դեղերի ոչ նպատակային նշանակումները, ինչպես նաև դեղատներից այդ դեղերն առանց դեղատոմսի ձեռք բերելը:

2020 թվականի հուլիս-սեպտեմբեր ամիսներին հավաքագրվել են դեղատներում տրամադրված հակամանրէային դեղերի վերաբերյալ տվյալները` ԱՀԿ էթիկայի հանձնաժողովի կողմից հաստատված ծրագրի համաձայն, որի արդյունքում պարզվել է, որ բաց թողնված դեղերի մեջ առաջատարը ազիթրոմիցին պարունակող դեղերն են (26,6%), որոնց հաջորդում են ամօքսիցիլինի և քլավուլանաթթվի համակցությունները (17,2%), ցեֆտրիաքսոնը (12,7%), ամօքսիցիլինը (9,3%), լևոֆլօքսացինը (6,1%) և ցիպրոֆլօքսացինը (5,5%), ընդ որում ներքին ընդունման դեղաձևերի մեջ առաջատարը ազիթրոմիցինն է, իսկ ներարկման դեղաձևերի մեջ՝ ցեֆտրիաքսոնը:

 

2. Առաջարկվող կագավորումների բնույթը

ՀՄԿ և հակամանրէային դեղերի սպառման քաղաքականության զարգացման և ներդրման գործընթացում սերտ համագործակցություն է պահանջվում այնպիսի բնագավառների միջև, ինչպիսիք են հանրային առողջապահությունը, կլինիկական բժշկությունը, համաճարակաբանությունը, մանրէաբանությունը, վարակի կանխարգելումը և հսկողությունը, դեղագիտությունը, անասնաբուժությունը, անասնաբուծությունը, ձկնաբուծությունը, շրջակա միջավայրը, կրթությունը և այլն: Ուստի անհրաժեշտ է ներդնել միջոլորտային համագործակցություն` ապահովելով տարբեր գերատեսչությունների համատեղ և արդյունավետ աշխատանքը «Մեկ առողջություն» գաղափարի շուրջ:

Անհրաժեշտուն է առաջացել միջոցառումների իրականացման գործընթացում ռազմավարական նպատակների, պետական կառավարման համակարգի մարմինների՝ օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում իրականացվելիք միջոցառումների, այդ թվում միջգերատեսչական ձևաչափով իրականացվելիք միջոցառումների նկարագրերի, դրանց իրականացման ժամկետների, պատասխանատուների և այլ անհրաժեշտ տեղեկատվության և լիազորությունների սահմանում։

Համագործակցություն համապատասխան միջազգային կառույցների հետ գիտատեխնիկական, տվյալների հավաքագրման, իրազեկման ոլորտներում լավագույն փորձի կիրարկման գործընթացում։ Արդյունավետ օրենսդրական, գործադիր, վարչական և/կամ այլ միջոցների և համապատասխան այլ մարմինների հետ համագործակցում հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության զարգացման կանխման և նվազեցման համապատասխան քաղաքականության մշակման գործում։ Հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության որոշման նպատակով ազգային հետազոտությունների և գիտահետազոտական ծրագրերի համակարգմանն ուղղված միջոցառումների պլանավորում և անցկացում։

 

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Առողջապահության, Էկոնոմիկայի նախարարության, Սննդամթերքի անվտանգության տեսչության աշխատակիցների կողմից` ԱՀԿ-ի, ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության միջազգային փորձագետների տեխնիկական աջակցությամբ:

 

4. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է նվազագույնի հասցնել հակամանրէային դեղերի ոչ նպատակային կիրառումը ինչպես մարդկանց, այնպես էլ կենդանիների շրջանում, զարգացնել լաբորատոր հետազոտությունների կարողությունները առողջապահության, սննդամթերքի անվտանգության, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի ոլորտներում, ինչպես նաև իրականացնել այլ միջոցառումներ` ուղղված ՀՄԿ կանխախարգելմանն ու հսկողությանը:

 

5. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխություններ

Նախագծի ընդունումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի առաջացնում:

 

6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման հավելված 1-ի «Առողջապահության նախարարություն» բաժնի 8.1-ին կետ:

  • Քննարկվել է

    21.07.2023 - 05.08.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Առողջապահություն

  • Նախարարություն

    Առողջապահության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2339

Տպել