Հիշել նախագիծը

«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ  

ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության 1996 թվականի մարտի 4-ի ՀՕ-42 օրենքի  (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածի`

  1. 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

3. Բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրեր` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների կամ այլ աղբյուրների հաշվին իրականացվող ծրագրեր, որոնք ուղղված են բնակչության առողջության պահպանմանը կամ բարելավմանը կամ հիվանդությունների կանխարգելմանը կամ բնակչության բժշկական օգնության և սպասարկման կազմակերպմանը կամ դեղորայքային ապահովմանը կամ հիգիենիկ և հակահամաճարակային անվտանգության ապահովմանը կամ  բուժաշխատողների շարունակական մասնագիտական զարգացման կազմակերպմանը կամ վերը թվարկված ծրագրերից որևէ մեկի օժանդակմանը: Պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերը պետական բյուջեի նախագծի կազմում Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներկայացնում է Ազգային ժողով: Պետությունը բյուջետային նպատակային ֆինանսավորման միջոցով ապահովում է առողջապահության բնագավառի պահպանումը և զարգացումը, որի ծավալները որոշվում են բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերին համապատասխան:

  1. 3-րդ մասից հետո ավելացնել հետևյալ բովանդակությամբ նոր 3.1 մասով`

 «3.1. Անվճար հիմնական բժշկական ծառայություն` սույն օրենքով սահմանված անվճար հիմնական բժշկական ծառայությունների ցանկին համապատասխան անձին անվճար բժշկական օգնության և սպասարկման մատուցում` Հայաստանի Հանրապետության տարածքում»:

  1. 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

4. Արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում`  բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի շրջանակներում անձին տրամադրված բժշկական օգնության և սպասարկման, դեղերի և (կամ) բժշկական պարագաների դիմաց մասնակի կամ ամբողջությամբ փոխհատուցում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին::

 

Հոդված 2. Օրենքը 2.1-րդ հոդվածից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 2.2-րդ հոդվածով`

Հոդված 2.2. Լաբորատոր գործունեություն

  1. Հիվանդությունների ախտորոշման և դրանց առաջացման պատճառների բացահայտնման նպատակով իրականացվում է լաբորատոր գործունեություն:
  2. Համընդհանուր լաբորատոր ցանցի համակարգը, բաղադրիչները, համընդհանուր լաբորատոր ցանցում ընդգրկված յուրաքանչյուր մակարդակի լաբորատորիաների գործառույթները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

 

          Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 Հոդված 4. Առողջության պահպանման իրավունքը

 

  1. Յուրաքանչյուր ոք ունի առողջության պահպանման իրավունք:
  2. Յուրաքանչյուր ոք` սույն օրենքով և այլ օրենքներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված կարգով ունի բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք:
  3. Յուրաքանչյուր ոք` սույն հոդվածի 2-րդ մասին համապատասխան իրավունք ունի բժշկական օգնություն և սպասարկում ստանալ անվճար կամ արտոնյալ պայմաններով` առողջության պահպանման և բարելավման ծրագրերի շրջանակներում:
  4. Յուրաքանչյուր ոք իրավունք ունի առողջության պահպանման և բարելավման ծրագրերի շրջանակներից դուրս բժշկական օգնություն և սպասարկում ստանալ բժշկական ապահովագրական հատուցումների, անձնական վճարումների, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրների հաշվին:
  5. Այլ պետություններում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների բժշկական օգնությունը և սպասարկումը իրականացվում է տվյալ պետության օրենսդրության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի համաձայն::

 

Հոդված 4. Օրենքը 4-րդ հոդվածից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 4.1-րդ հոդվածով`

«Հոդված 4.1. Հայաստանի Հանրապետությունում անվճար հիմնական բժշկական ծառայությունների ցանկը և մատուցման կարգը

«1. Հայաստանի Հանրապետությունում անվճար հիմնական բժշկական ծառայություններն են`

1) Հայաստանի Հանրապետության տարածքում վարակիչ (ինֆեկցիոն) հիվանդությունների բռնկումների (համաճարակ) ժամանակ բժշկական օգնությունն ու սպասարկումը,

2) Հայաստանի Հանրապետության տարածքում ռազմական գործողությունների արդյունքում տուժած անձանց բժշկական օգնությունն ու սպասարկումը,

3) Հայաստանի Հանրապետության տարածքում ճառագայթային զանգվածային ախտահարումների ժամանակ տուժած անձանց բժշկական օգնությունն ու սպասարկումը,

4) Հայաստանի Հանրապետության տարածքում արտակարգ իրավիճակներում տուժած անձանց բժշկական օգնությունն ու սպասարկումը,

5) Հայաստանի Հանրապետության տարածքում քիմիական զանգվածային թունավորումների ժամանակ տուժած անձանց բժշկական օգնությունն ու սպասարկումը,

6) իմունիզացիայի ազգային օրացույցի շրջանակներում իրականացվող իմունային կանխարգելումը:

2. Անվճար հիմնական բժշկական ծառայությունների մատուցումն իրականացվում է բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից` անկախ դրանց կազմակերպական-իրավական տեսակից և սեփականության ձևից, պետական բյուջեի միջոցների հաշվին` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված չափաքանակների շրջանակներում:


3. Անվճար հիմնական բժշկական ծառայությունների մատուցման ընթացակարգերը և չափաքանակները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 5. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի գ) կետում, 10-րդ հոդվածում, 19.4-րդ հոդվածի 8-րդ մասում, 25-րդ հոդվածի 2-րդ և 5-րդ մասերում «առողջապահական պետական նպատակային ծրագրեր» բառերը փոխարինել «բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրեր» բառերով` համապատասխան հոլովաձևերով, իսկ  18-րդ հոդվածի 2-րդ մասի ա) կետում «առողջապահական պետական նպատակային» բառերը փոխարինել «բնակչության առողջության պահպանման և բարելավման» բառերով:

 

Հոդված 6. Ուժը կորցրած ճանաչել Օրենքի 11-րդ և 14-րդ հոդվածները:

 

Հոդված 7. Օրենքը 10-րդ հոդվածից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 10.1-րդ հոդվածով`

«Հոդված 10.1. Մարդու կյանքին սպառնացող իրավիճակներում անհետաձգելի բժշկական օգնություն և սպասարկում ստանալու անձի իրավունքը

Մարդու կյանքին սպառնացող իրավիճակներում յուրաքանչյուր անձ բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի շրջանակներում իրավունք ունի ստանալ անվճար կամ արտոնյալ պայմաններով անհետաձգելի բժշկական օգնություն և սպասարկում:»:

 

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

  • Քննարկվել է

    05.12.2017 - 20.12.2017

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Առողջապահություն

  • Նախարարություն

    Առողջապահության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1007

Տպել